Տեղի է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
19:20 - 26 սեպտեմբերի, 2024

Տեղի է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի անդրանիկ նիստը։ Այս մասին տեղեկացնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
 
Խորհրդի անդամներ են ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, մարզպետները, Երևանը և մարզերը ներկայացնող՝ ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 40 անձ, խորհրդի քարտուղարությունն իրականացնում է նախարարի օգնականը։
 
«Առաջին նիստի օրակարգում ընդգրկված էր 3 հարց՝ Հասարակական խորհրդի գործունեության նպատակի և անդամների լիազորությունների, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց քաղաքացիություն ստանալու ընթացակարգի և ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ։
 
ՏԿԵ նախարար, խորհրդի նախագահ Գնել Սանոսյանը ողջունել է անդամներին և շնորհակալություն հայտնել խորհրդի կազմում ընդգրկվելու համար։ Նախարարը ներկայացրել է խորհուրդը ստեղծելու հիմնական նպատակը, խոսել անդամների լիազորությունների և դերի մասին։
 
«Հասարակական խորհրդի կազմում ընդգրկված են ակտիվ մարդիկ, որոնք մշտապես կապի մեջ են համայնքապետների, մարզպետների, Երևանի պարագայում՝ վարչական շրջանների ղեկավարների հետ։ Շփվում են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ և իրենց խնդիրների լուծման ուղղությամբ որոշակի ջանքեր գործադրում։ Խորհրդի անդամները 2 հիմնական դերակատարում ունեն՝ տեղում առկա խնդիրները հավաքել և ներկայացնել, այնուհետև տարբեր գերատեսչությունների մեր գործընկերների հետ փորձենք լուծումներ գտնել այդ խնդիրներին, և արդեն լուծումների մասին տեղում դուք իրազեկեք, որպեսզի թյուրըմբռնումներ չլինեն, տեղահանված անձանց շրջանում բարձրանա պետական ծրագրերի մասին իրազեկվածությունը»,- իր խոսքում մասնավորապես ընդգծել է նախարար Սանոսյանը։
 
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիության տրամադրման գործընթացը պարզեցվել է, և վարույթը 90 օրվա փոխարեն ներկայումս տևում է միջինում երկու ամիս։
 
«Անչափահասները չեն դիմելու քաղաքացիության, քանի որ նրանց ծնողներին ՀՀ քաղաքացիության շնորհումից հետո զուտ անձնագրերի փոփոխությամբ է հարցը լուծվում։ Գործընթացը սահուն ու պատշաճ կազմակերպելու նպատակով ԼՂ-ից բռնի տեղահանվածների դիմումներն ընդունում են ծառայության մարզային բոլոր ստորաբաժանումները»,- նշել է Արմեն Ղազարյանը։
 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը զեկուցել է բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքի մասին, նշել, որ ծրագիր իրականացվում է երեք բաղադրիչով և առաջին փուլի շահառուներն են 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, ինչպես նաև զոհվածների ընտանիքները և այն ընտանիքները, որոնք ունեն առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամ:
 
«Երկրորդ բաղադրիչով իրականացվում է անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում, իսկ երրորդով՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրի տրամադրումն»,- իր խոսքում ասել է Գայանե Ղարագյոզյանը։
 
Խորհրդի անդամները զեկուցվող հարցերի վերաբերյալ հայտնել են իրենց տեսակետները և առաջարկները։
 
Ծավալվել է հարց ու պատասխան։ Հնչել են հարցեր Հայաստան տեղափոխված ազգաբնակչության բնակապահովման շահառու դառնալու, տեղահանված ուսանողների կրթության վարձավճարի փոխհատուցման, բռնի տեղահանվածների թոշակավորման գործընթացի և այլ թեմաների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել