Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Ուկրաինան ի դեմս Հայաստանի տեսնում է կարևոր գործընկերոջ. տեղի ունեցավ հայ- ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը

Ուկրաինան ի դեմս Հայաստանի տեսնում է կարևոր գործընկերոջ. տեղի ունեցավ հայ- ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը

Երևանում սեպտեմբերի 14-ին մեկնարկեց տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստը։ Միջկառավարական հանձնաժողովի նիստի բացմանը ՀՀ էկոնոմիկայի նախարար, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Վահան Քերոբյանը ողջունեց իր գործընկերոջ՝ Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Մարինա Լազեբնայի գլխավորած պատվիրակությանը, շնորհակալություն հայտնեց վերջին երկու օրերին կատարած աշխատանքի համար` հույս հայտնելով, որ միջկառավարական հանձնաժողովի գործադրած ջանքերը լավ հիմքեր կստեղծեն հայ-ուկրաինական առևտրատնտեսական հարաբերությունների խորացման գործում: «Կարծում եմ՝ մենք լավ նախադրյալներ ենք ստեղծել երկկողմ հարաբերությունների զարգացման տեմպերը էապես բարելավելու համար»,- հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարը: Քերոբյանի խոսքով՝ թե՛ հայկական և թե՛ ուկրաինական կողմերը համաձայնել են, որ հայ-ուկրաինական հարաբերությունները շատ մեծ և չիրացված ներուժ ունեն, օրինակ, տուրիզմի ոլորտում, և արժե, որ հայ և ուկրաինացի տուրօպերատորները փոխայցեր կատարեն՝ ուսումնասիրություններ իրականացնելու և քաղաքացիների համար զբոսաշրջության նոր փաթեթներ կազմելու նպատակով: «Եվ ես կարծում եմ, որ մենք պետք է այս կետը ավելի մանրամասնորեն ներառենք մեր արձանագրության մեջ և այնպես անենք, որպեսզի այդ հանդիպումները տեղի ունենան մինչև մեր հաջորդ հանդիպումը»,- ասաց էկոնոմիկայի նախարարը: Երկրորդ կարևոր կետը, որ ներառվելու է հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրության մեջ, հայ-ուկրաինական բիզնես ֆորում կազմակերպելու հարցն է: Վահան Քերոբյանը վստահ է, որ այդ հանդիպումների արդյունքում ծնվելու են նոր բիզնես գաղափարներ, նոր նախաձեռնություններ և համատեղ նախագծեր: Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հույս հայտնեց, որ մինչև հաջորդ հանդիպումը, որը տեղի կունենա 2022 թ. մայիսին, երկու կողմերը ցույց կտան հարաբերությունների զարգացման մեծ ներուժը: Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մարինա Լազեբնան, ողջունելով նիստի մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով հայկական կողմին ջերմ ընդունելության համար, ընդգծեց, որ ստորագրված արձանագրությունը շատ լավ ճանապարհային քարտեզ է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար: «Կորոնավիրուսի հարուցած գլոբալ ճգնաժամից հետո՝ այս տարվա առաջին կիսամյակում մենք տեսնում ենք դրական դինամիկա մեր առևտրատնտեսական հարաբերություններում, և այս տեսանկյունից, անշուշտ, շատ կարևոր է ապահովել ուկրաինա-հայկական հարաբերությունների երկարաժամկետ զարգացումը մեր երկրների համար առանցքային ոլորտներում: Ուկրաինան միշտ էլ ի դեմս Հայաստանի տեսել է կարևոր գործընկերոջ Հարավային Կովկասում, և այսօր ես կուզեի մատնանշել բոլոր այն կարևոր ոլորտները և ուղիղ գործընկերային հարաբերությունների կառուցումը, նոր շուկաների բացումը, համագործակցությունը ինչպես մեր երկրների կառավարությունների, այնպես էլ գործարարների միջև փոխշահավետ պայմանների հիման վրա»,- նշեց Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարարը: Մարինա Լազեբնայի խոսքով՝ վերջին անգամ հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովը հավաքվել է 8 տարի առաջ, և այս ընթացքում այնպիսի հնարավորություններ են ի հայտ եկել երկկողմ առևտրաշրջանառության աճը ապահովելու համար, որոնք չի կարելի ձեռքից բաց թողնել: Ուկրաինացի նախարարի խոսքով՝ այդ հնարավորությունները ստեղծվել են, մասնավորապես, արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, դեղագործական, ինֆորմացիոն-կոմունիկացիոն և էներգետիկ ոլորտներում: «Առևտրային հարաբերություններում մեր խնդիրն է ոչ միայն ավելացնել առևտրաշրջանառությունը, վերականգնել մինչճգնաժամյան մակարդակը, այլև որակապես ընդլայնել անվանակարգային ապրանքները»,- հայտարարեց Մարինա Լազեբնան: Հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցում էին նաև Հայաստանի և Ուկրաինայի պետական մարմինների պաշտոնյաներ, Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուլեբան: Նիստի ավարտին հանձնաժողովի համանախագահները կստորագրեն միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրությունը, որից հետո ճեպազրույց կունենան ԶԼՄ ներկայացուցիչների հետ։
12:37 - 14 սեպտեմբերի, 2021
ՀՀ-ն շահագրգռված է ընդլայնել և խորացնել Սլովակիայի հետ համագործակցությունը. Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ-ն շահագրգռված է ընդլայնել և խորացնել Սլովակիայի հետ համագործակցությունը. Էկոնոմիկայի նախարարություն

Սեպտեմբերի 14-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկը: Այցը նպատակաուղղված է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, դրանց որակական նոր լիցք հաղորդելուն: Հայ-սլովակյան հարաբերություններն ավանդաբար կրում են բարեկամական և գործընկերային բնույթ: ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ Սլովակիան Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից է, և Հայաստանը շահագրգռված է՝ ընդլայնելու և խորացնելու Սլովակիայի հետ համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր այլ բնագավառներում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերով: Հայաստանի և Սլովակիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993թ. հունվարի 14-ին: Սլովակիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը (նստավայրը՝ Վիեննա) 2019թ. դեկտեմբերի 17-ին իր հավատարմագրերն է հանձնել Սլովակիայի Հանրապետության նախագահ Զուզանա Չապուտովային: 2019թ. նոյեմբերի 15-ին Սլովակիայում ՀՀ պատվավոր հյուպատոս է նշանակվել Բագրատ Հակոբյանը: 2019թ. Սլովակիան որոշում կայացրեց Երևանում Սլովակիայի ռեզիդենտ դեսպանություն հիմնելու վերաբերյալ, որի բացումը տեղի ունեցավ 2020թ․ փետրվարի 24-ին՝ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի մասնակցությամբ։ ՀՀ-ում Սլովակիայի Հանրապետության դեսպանն է Միրոսլավ Հաչեկը: Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Սլովակիան վավերացրել է 2019թ. հունիսի 4-ին: 2018թ. նոյեմբերի 21-ին Երևանում Հայաստանի և Սլովակիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև անց են կացվել քաղաքական խորհրդակցություններ: Հայաստանի և Սլովակիայի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2020թ. կազմել է 17,669.0 հազար ԱՄՆ դոլար: ՀՀ-ից Սլովակիայի Հանրապետություն ապրանքների արտահանումը 2020թ. կազմել է 8312,8 հազ. ԱՄՆ դոլար, ներմուծումը՝ 9356,2 հազ. ԱՄՆ դոլար: Սլովակիան տնտեսության և բիզնեսի տեսանկյունից Հայաստանը դիտարկվում է որպես հանգույց (hub)՝ դեպի Կենտրոնական Ասիայի շուկաները: Երկու երկրների ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում փոխգործակցություն է հաստատվել ՀՀ Արմավիրի մարզի և Սլովակիայի Հանրապետության Տռնավայի երկրամասի միջև: Երևանն ու Բրատիսլավան ունեն եղբայրացման մասին համաձայնագիր: Սլովակիայի խորհրդարանում գործում է Հայաստանի և Վրաստանի հետ բարեկամական խումբ՝ բաղկացած տարբեր խմբակցություններ ներկայացնող 11 պատգամավորից: Սլովակիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում պահպանում է ԵՄ կողմից որդեգրված դիրքորոշումը՝ հակամարտության խաղաղ կարգավորումն իրականացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: 2004թ. նոյեմբերի 30-ին Սլովակիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև է ընդունել։ Սլովակիան համահեղինակել է ՀՀ կողմից 2013թ., 2015թ. և 2018թ. Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում առաջադրած և հեղինակած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը: Բարձրաստիճան հանդիպումներ և փոխայցելություններ 2020թ. փետրվարին Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակն այցելել է Հայաստան: 2019թ. հունվարին Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի և Սլովակիայի վարչապետ Պ. Պելլեգրինի միջև: ՀՀ ԱԳ նախարար Զ. Մնացականյանը և Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Մ. Լայչակը հանդիպել են 2018թ. սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի, 2018թ. դեկտեմբերին՝ ԵԱՀԿ նախարարական խորհրդի, 2019թ. փետրվարին՝ Մյունխենի անվտանգության խորհրդի, 2019թ. սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի, 2019թ. դեկտեմբերին՝ ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում:
14:06 - 13 սեպտեմբերի, 2021
Հայաստանում կստեղծվի բենզալցակայանների նոր ցանց |armenpress.am|

Հայաստանում կստեղծվի բենզալցակայանների նոր ցանց |armenpress.am|

armenpress.am: Էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է  60 միլիոն դոլարանոց ներդրումային ծրագիր կյանքի կոչել, որի արդյունքում Հայաստանում կստեղծվի բենզալցակայանների նոր ցանց:  Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Հենց հիմա քննարկում ենք մի խոշոր ներդրումային ծրագիր մոտ 60 միլիոն դոլար արժողությամբ, որի արդյունքում նոր որակի և ստանդարտների բենզալցակայանների ցանց կստեղծվի: Ներդրողներն օտարերկրյա են, իսկ վառելիքը կներկրվի ՌԴ-ից և Վրաստանից»,- ասաց Քերոբյանը: Անդրադառնալով հեղուկ վառելիքի շուկայում գնաճին ՝ Քերոբյանն ասել է, որ դա շատ անհանգստացնող հարց է, և ամեն ինչ անում են, որպեսզի հեղուկ վառելիքի գները նվազեն: «Հեղուկ վառելիքի շուկայի հետ կապված խնդրին ծանոթ եմ: Գիտեմ, որ որոշակի գների նվազեցում կա: Այսինքն` որոշ գազալցակայաններում արդեն գինը բավականին իջել է` 280 դրամից իջել է 240 դրամ:  Բնականաբար, մեր աշխատանքները ուղղված են նրան, որպեսզի հայկական ընկերություններին ծանոթացենք այնպիսի օտարերկրյա մատակարար ընկերությունների հետ, ովքեր կկարողանան Հայաստանին առաջարկել ավելի մատչելի գներ»,- եզրափակեց Քերոբյանը:
16:47 - 27 օգոստոսի, 2021
Կապան-Գորիս ճանապարհի փակ լինելու պատճառով իրանական բեռնատարներն ունեն Երևան հասնելու հետ կապված խնդիր |armenpress.am|

Կապան-Գորիս ճանապարհի փակ լինելու պատճառով իրանական բեռնատարներն ունեն Երևան հասնելու հետ կապված խնդիր |armenpress.am|

armenpress.am: Էկոնոմիկային նախարար Վահան Քերոբյանը խիստ մտահոգիչ է համարում Կապան-Գորիս միջպետական ճանապարհին ստեղված իրավիճակը: Լրագրողների հետ զրույցում Քերոբյանը ասաց, որ պրոֆեսիոնալ պաշտոնյաները ամբողջությամբ ընդգրկված են հարցին լուծում տալու համար: «Անտրամաբանական է, որ մենք բոլորս նետվենք ինչ-որ հարցի լուծման համար, որով զբաղվում են պրոֆեսիոնալ պատասխանատուները: Կարծում եմ, որ հարցը շուտով լուծում կստանա»,-  ասաց Քերոբյանը: Նրա խոսքով` Իրանական  մեքենաները Հայաստան մտնելու հետ կապված խնդիր չունեն, ունեն խնդիր Երևան հասնելու հետ կապված: «Խնդիրը լուծվում է շրջանցող ճանապարհով, որն, իհարկե, հարմարեցված չէ բեռնատար մեքենաների համար, բայց այդ ճանապարհը գործում է, և բեռնատար մեքենաները անցնում են: Կրկնում եմ, շատ մտահոգված ենք և շատ անհանգստացած ենք այդ ճանապարհի փակմամբ և ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ ճանապարհը բացվի»,- եզրափակեց Քերոբյանը:
12:41 - 27 օգոստոսի, 2021
Վահան Քերոբյանը և Մուհամետգելդի Այազովը քննարկել են փոխադարձ առևտրաշրջանառության ակտիվացման հարցեր

Վահան Քերոբյանը և Մուհամետգելդի Այազովը քննարկել են փոխադարձ առևտրաշրջանառության ակտիվացման հարցեր

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օգոստոսի 20-ին ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Ողջունելով դեսպանին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցությունն անցյալում եղել է բավականին բարձր մակարդակի,  սակայն անհրաժեշտ է ակտիվացնել այն՝ լիարժեք օգտագործելով երկու երկրներում առկա ներուժը։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ շնորհավորելով նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Նա նշել է, որ նաև հանդիպել է Թուրքմենստանում Հայաստանի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ռուբեն Խարազյանի հետ և համոզված է, որ վերջինիս նշանակումը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև առկա հարաբերություններին։ Երկուստեք ընդգծվել է, որ բավականին արդյունավետ համագործակցություն կա երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև․ դեսպանը նշել է, որ հայկական ընկերություններն ակտիվորեն մասնակցում են Թուրքմենստանում կազմակերպվող ցուցահանդեսներին և գործարար համաժողովներին։  Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր փոխադարձ առևտրաշրջանառության ակտիվացման վերաբերյալ։ Կողմերը համակարծիք են եղել, որ համագործակցության լայն հնարավորություններ կան հատկապես թեթև արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում։ Նախարարն առաջարկել է դիտարկել նոր առևտրային գործարքներ իրականացնելու հնարավորությունները և հայկական կողմին տրամադրել թուրքմենական կողմին հետաքրքրող ապրանքների և ծառայությունների ցանկը։ Շնորհակալություն հայտնելով հետաքրքիր գաղափարի համար՝ դեսպանն, իր հերթին, առաջարկել է կազմակերպել հանդիպում ոլորտի փորձագետների համար երկու կողմերի փոխնախարարների գլխավորությամբ։ Մուհամետգելդի Այազովն անդրադարձել է Հայաստանի և Թուրքմենստանի գյուղատնտեսական համալսարանների համագործակցությանը՝ նշելով, որ երկու երկրների մասնագետների կողմից անցկացվող դասընթացները գիտելիքների փոխանցման և փորձի փոխանակման լավ աղբյուր են։   Հանդիպման ընթացքում քննարկվել է առաջիկայում հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի նիստը օնլայն ռեժիմով անցկացնելու հարցը։  Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առևտրում ապրանքափոխանակման մեխանիզմի կիրառման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
12:24 - 21 օգոստոսի, 2021
Կառավարությունը հանձնառել է ամեն տարի ստեղծել առնվազն 7% լրացուցիչ տնտեսական աճ․ Վահան Քերոբյան |hetq.am|

Կառավարությունը հանձնառել է ամեն տարի ստեղծել առնվազն 7% լրացուցիչ տնտեսական աճ․ Վահան Քերոբյան |hetq.am|

hetq.am: Կառավարությունը հանձնառել է ամեն տարի ստեղծել առնվազն 7 % լրացուցիչ տնտեսական աճ։ Թիրախը պետք է լինի 9% տնտեսական աճը։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Կառավարության ծրագիրը լի է թվային ցուցանիշներով, և էդ առումով ավելի մեծ պատիվ է լինել մի թիմի կազմում, որը հանձն է առել այսպիսի ծրագիր իրագործել»,- նշեց նախարարը։ Լրագրողի հարցին, թե տարածաշրջանի տրանսպորտային ուղիների ապաշրջափակումն ու հնարավոր տնտեսական ազդեցություններն արդյոք ներառվա՞ծ են ծրագրում, Քերոբյանը պատասխանեց․ «Ներառված չեն, բայց մենք հույս ունենք, որ դրանց տեղի ունենալը էապես կհեշտացնի մեր ծրագրի իրականացումը։ Գործընթացի առաջխաղացմանը զուգընթաց պետք է անենք էնպես, որ մեր տնտեսությունը շարունակի մնալ մրցունակ և հնարավոր ապաշրջափակման պարագայում ունենալ միայն տնտեսական օգուտներ, և տնտեսությունը չտուժի դրանից»։ Խոսելով ներդրումների մասին՝ նախարարը նշեց, որ ներդրումների համար ամենահավանական թեկնածուները տեղացիները և սփյուռքահայերն են, որից հետո միայն օտարերկյա ներդրողները։  Անդրադառնալով նաև էկոնոմիկայի փոխնախարարների աշխատանքից ազատմանը՝ Վահան Քերոբյանը հայտնեց, որ Աննա Հակոբյանն անձնական հարցերից ելնելով է՝ ստիպված դուրս եկել աշխատանքից։ «Նրա փոխարեն փոխնախարար է նշանակվել Ռաֆայել Գևորգյանը, որը 10 տարվա խորհրդատվական աշխատանքի փորձ ունի»,- ասաց Քերոբյանը։
17:37 - 18 օգոստոսի, 2021
«Expo 2020 Dubai». հայկական արտադրողները համաշխարհային խոշորագույն ընկերությունների հետ նույն հարթակում կհայտնվեն

«Expo 2020 Dubai». հայկական արտադրողները համաշխարհային խոշորագույն ընկերությունների հետ նույն հարթակում կհայտնվեն

2021 թ․հոկտեմբերի 1–ից 2022 թ․ մարտի 31–ը Դուբայում կայանալիք «Expo 2020 Dubai»-ի շրջանակում կանցկացվի «Արտադրված է Հայաստանում» (Made in Armenia) քառօրյա ցուցահանդեսը, որին կարող են մասնակցել հայկական ընկերություններն ու արտադրողները։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ այս ցուցահանդեսը հնարավորություն կտա  ոչ միայն հայկական ապրանքներն ու ծառայությունները ներկայացնել համաշխարհային շուկայում, այլև ստեղծել նոր ամուր բիզնես կապեր, հանդիպել օտարերկրյա պոտենցիալ գործընկերների ու ներդրողների հետ։ Էքսպոյի ընթացքում մասնակից ընկերությունների ներկայացուցիչները հնարավորություն կունենան մասնակցելու կազմակերպիչների կողմից անցկացվող վորքշոփերի, որոնց շրջանակում հրավիրյալ մասնագետները մանրամասն կծանոթացնեն ԱՄԷ-ի և Պարսից ծոցի համագործակցության երկրների շուկաներ մուտք գործելու գաղտնիքներին ու ուղիներին։ Գործարար կապեր ձեռք բերելու և բիզնես շփումների իրականացման լավագույն հարթակներից մեկն էլ B2B պորտալն է, որում գրանցվելով՝ հայկական ընկերությունները կհայտնվեն համաշխարհային խոշորագույն ընկերությունների հետ նույն հարթակում։  Նախարարության վստահեցմամբ, հայկական ընկերությունների համար գործարար աշխարհին ներկայանալու ևս մեկ հնարավորություն է արտահանման կատալոգը/ամսագիրը․ դրանում ներառված կլինեն Էքսպոյի մասնակից հայկական ընկերությունների գործունեության, ոլորտի, արտադրատեսակների մասին տեղեկություններ։ Կատալոգը հասանելի կլինի «EXPO 2020 Dubai»-ի մասնակից 190–ից ավելի երկրների գործարարներին։ Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգումն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։ ՀՀ վարչապետի որոշմամբ՝  «Դուբայ ԷՔՍՊՈ - 2020»-ին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգման նպատակով գլխավոր հանձնակատարն է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։ «EXPO 2020 Dubai»-ի հայաստանյան կազմակերպչական թիմը մասնակից ընկերությունների համար կկազմակերպի նաև բիզնես հանդիպումներ, որոնք կարող են անցկացվել «Արտադրված է Հայաստանում» էքսպոյի տարածքում հատուկ դրա համար առանձնացված հատվածում։ Շուրջ 2880 մ2 զբաղեցնող ցուցահանդեսային տարածքում իրենց ապրանքներն ու ծառայությունները կարող են ներկայացնել հետևյալ ոլորտներում գործող հայկական ընկերությունները՝ Սննդամթերք և խմիչք (գինի), Թեթև արդյունաբերություն, Թանկարժեք զարդեր (ոսկերչություն), ՏՏ և բարձր տեխնոլոգիաներ Տուրիզմ Կրեատիվ, մեդիա, կինոարտադրություն Այլ Համաշխարհային էքսպոն աշխարհի ամենահին ցուցահանդեսային միջոցառումներից մեկն է։ Այն անցկացվում է յուրաքանչյուր 5 տարին մեկ․ որևէ խոշոր քաղաք  6 ամիս շարունակ հյուրընկալում է աշխարհի բոլոր երկրներին, որոնք ներկայանում են իրենց ամենագրավիչ կողմերով։ «ԷՔՍՊՈ 2020 ԴՈՒԲԱՅ»–ին մասնակցում է 192 երկիր, ինչը մինչ այժմ կազմակերպված էքսպոների մեջ ռեկորդային ցուցանիշ է։ Կազմակերպիչներն ակնկալում են 25 մլն տեղացի և արտասահմանյան այցելուներ։
14:40 - 16 օգոստոսի, 2021
Էկոնոմիկայի նախարարն այցելել է կանաչ տեխնոլոգիաներ կիրառող շինարարական ընկերություն

Էկոնոմիկայի նախարարն այցելել է կանաչ տեխնոլոգիաներ կիրառող շինարարական ընկերություն

 ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի հետ օգոստոսի 9-ին այցելել է «Արտկոն» ՓԲԸ՝ ծանոթանալու ընկերության գործունեությանը։ Ընկերությունը գործում է մոդուլային շինարարության ոլորտում և կիրառում է միջազգային փորձի վրա հիմնված առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք նվազագույնի են հասցնում բնապահպանական ռիսկերը։  «Արտկոն» ՓԲԸ փոխտնօրեն և բաժնետեր Թերեզա Կարապետյանի և ընկերության խորհրդի անդամ, փոխտնօրեն Արտյոմ Թադևոսյանի ուղեկցությամբ Վահան Քերոբյանը և Նարեկ Տերյանը շրջել են ընկերության տարածքով, ծանոթացել գործարանի աշխատանքի ընթացքին և հեռանկարային հնարավորություններին։ «Այնուհետև, նախարարին է ներկայացվել ընկերության կողմից նախաձեռնած, իր գաղափարով և լուծումներով յուրահատուկ,  շինարարությունում կանաչ տեխնոլոգիաների կիրառման ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում ստեղծել շինարարական hանգույց (կլաստեր)։ Վերջինս նոր հնարավորություններ կընձեռի ոլորտի պրոֆեսիոնալներին շինարարական կանաչ տեխնոլոգիաների կիրառման հարցում։ Մասնավորապես, մեկ վայրում հասանելի կլինեն շինարարական-նորարարական տեխնոլոգիական բազմաթիվ լուծումներ և ոլորտի պրոֆեսիոնալներին կառաջարկվեն շինարարական նախագծերի արդյունավետ իրականացման մի շարք հնարավորություններ։ Միմյանց փոխլրացնող և աջակցող ծառայությունների ու տեխնոլոգիական լուծումների համադրման արդյունքում կբարելավվեն շինարարական աշխատանքների չափանիշները, ինչը կնպաստի ոլորտում տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանը»,-նշված է հաղորդագրության մեջ։ Խոսելով առաջիկա նախաձեռնությունների մասին՝ ընկերության ղեկավարությունը նշել է, որ դրանց իրականացման հարցում առանցքային է պետության հետ երկարաժամկետ համագործակցությունը։ Մասնավորապես, քննարկվել են կառավարության նոր ծրագրով նախատեսված հիվանդանոցների, դպրոցների, մանկապարտեզների և ինդուստրիալ պարկերի կառուցման աշխատանքներում ընկերության մասնակցության հնարավորությունները՝ շինարարական աշխատանքների օպտիմալացման և արդյունավետության բարձրացման նպատակով։ Նախարար Վահան Քերոբյանն էլ իր հերթին ներկայացրել է կառավարության մի շարք նախագծեր, որոնց իրականացման աշխատանքներին, հետաքրքրության դեպքում, ընկերությունը կարող է մասնակցել։ Կողմերը քննարկել են  համագործակցության և համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները, այդ թվում՝ ընկերության կողմից արտադրվող մոդուլային սառնարանների հնարավոր կիրառումը գյուղատնտեսության մեջ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկացմամբ՝ նմանատիպ համագործակցության շրջանակում հնարավոր կլինի կրճատել ինչպես շինարարական աշխատանքների տևողությունը, այնպես էլ անհրաժեշտ ռեսուրսները։ Ողջունելով ընկերության նորարարական գաղափարները և պատրաստակամությունը մասնակցել կառավարության ծրագրերի իրականացմանը՝ Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում հնարավոր օժանդակություն ցուցաբերել համատեղ նախագծերի իրականացման ողջ ճանապարհին։ Նա նաև հավելել է, որ, ընկերության կողմից շինարարական աշխատանքների իրականացման դեպքում, պետությունը կաջակցի անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման հարցում։  
20:42 - 09 օգոստոսի, 2021
Մինչև տարվա վերջ բոլորին բերելու ենք հարկային դաշտ, այդ թվում՝ անհատ տաքսիստներին. Վահան Քերոբյան |tert.am|

Մինչև տարվա վերջ բոլորին բերելու ենք հարկային դաշտ, այդ թվում՝ անհատ տաքսիստներին. Վահան Քերոբյան |tert.am|

tert.am: Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին, որոնք առաջացել են երաշտի պատճառով, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ պարբերաբար լինում է գյուղական համայնքներում և հանդիպում գյուղացիների հետ։Նախարարի խոսքով գյուղատնտեսական խնդիրների առումով ամենախնդրահարույցը Շիրակի և Արմավիրի մարզեր են։ «Խնդիրների ֆունդամենտալ լուծումը պետք է լինի ջրի ռեֆորմի իրականացումը, նոր ծրագրեր կան այդ խնդիրների լուծման համար, որոնք փորձում ենք իրականացնել»,– նշեց նա։Հարցին՝ արդյոք Կառավարության ընդունած որոշումով, որով հարկային դաշտ են բերվելու Էլեկտրոնային ծառայությունները, չի բերի ծառայությունների թանկացման, Քերոբյանը նշեց.«Խոսքը գնում է ԱԱՀ-ի մասին, իսկ այն ճիշտ հաշվարկելու դեպքում չի առաջացնի ծառայությունների գնի աճի։ Մինչև տարվա վերջ պատրաստվում ենք բոլորին մտցնել վերահսկողության դաշտ, այդ թվում՝ անհատ տաքսիստներին։ Արդեն քննարկումներ ենք ունեցել տաքսի ծառայությունների ոլորտի հարկման վերաբերյալ։ Մենք տաքսի ծառայությունների որակի բարձրացման խնդիր ունենք, և եթե արդյունքում որակի և գնի համաչափ բարձրացում տեղի ունենա, դրան շատ նորմալ կնայենք»,– ասաց նախարարը։
13:31 - 06 օգոստոսի, 2021
Արագածոտնում կկառուցվի լեռնադահուկային համալիր. ներդրումը կկազմի 30 մլրդ դրամ   |armenpress.am|

Արագածոտնում կկառուցվի լեռնադահուկային համալիր. ներդրումը կկազմի 30 մլրդ դրամ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հավանություն տվեց «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրին։ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը նշեց, որ ընկերությունը Արագածոտնի մարզի Ապարան համայնքի 2080 հեկտար հողամասում նախատեսում է կառուցել լեռնադահուկային համալիր: «Ներդրվելու է 30 մլրդ դրամ։ 15 մլրդ դրամը կներդնի ընկերությունը, ևս 15-ը կներգրավվի այլ մասնավոր ընկերությունների կողմից։ Կառուցման ընթացքում ներգրավված կլինի շինարարության ոլորտի շուրջ 250 աշխատող, իսկ ծրագիրն իրականացնելուց հետո կստեղծվի 1500 հիմնական աշխատատեղ։ Համալիրը տարեկան նախատեսում է սպասարկել 500 հազար զբոսաշրջիկի, այդ թվում՝ հարևան պետություններից՝ Վրաստանից, Իրանից, Ռուսաստանից»,- ասաց Քերոբյանը՝ ավելացնելով, որ համալիրում գործելու է նաև խաղատուն։ Նախարարի պաշտոնակատարը հիշեցրեց, որ խաղատները Հայաստանում գոյություն ունեն հիմնականում զբոսաշրջային վայրերում՝ Ջերմուկում, Ծաղկաձորում, Սևանում ու այս տրամաբանության մեջ ամբողջությամբ տեղավորվում է ևս մի քաղաքում խաղատուն ունենալու թույլտվությունը։  Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը խաղատներով առանձնապես հետաքրքրված չէ, սակայն դրանց գովազդ նկատել է միայն Ծաղկաձոր տանող ճանապարհին: «Հիմա, օրինակ, Երևանում երկու ներդրող ունի հավակնություն, որ 80 ու ավելի միլիոն դոլար ներդրում են անում ու ակնկալում են ստանալ խաղատուն կառուցելու թույլտվություն: Կարող է հարց ծագել՝ այդ ինչպե՞ս է, որ բուքմեյքերական ընկերություններին թույլ չենք տալիս, բայց ներդրում անողին թույլ ենք տալիս, դա ունի շատ կոնկրետ պատճառ. Երևանի բավականին բանուկ հատվածներում խաղատները պիտի լինեն վերնահարկում, և փողոցից խաղատունը մուտք չունենա, մենք սա պետք է ամրագրենք կանոններով», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն էլ ասաց, թե պետք չէ միայն խաղատան վրա ուշադրություն դարձնել, սակայն ավելացրեց, որ ինքը չի ցանկանում, որպեսզի մարզն այդ համբավը ձեռք բերի:  Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ամեն որոշման հետ  այսպիսի  սարսափի մթնոլորտ ստեղծել («Վա՜յ, էս ինչ են անում, էս ինչ են կառուցում, թող ոչ մի բան չկառուցվի) ճիշտ բան չէ։ Հիմա կխորանանք ու կգանք այն եզրակացության, որ հերթական ահասարսուռ դավադրությունն է տեղի ունենում Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ, հետևաբար, քվեարկությունից առաջ մտածեք՝ ինչի օգտին եք քվեարկում, որովհետև պատմությունը, հնարավոր է, ձեզ չների»:
13:27 - 29 հուլիսի, 2021
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացքը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացքը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող զարգացման ծրագրերի ընթացքը: Խորհրդակցության սկզբում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Խոսքը գյուղացիական տնտեսություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն միտված ծրագրերի մասին է, որոնց բովանդակության հիմքում այդ տնտեսությունների զարգացումն է: Կփորձենք հասկանալ, թե ինչքանով են ծրագրերն աշխատում և ինչ պիտի անենք, որպեսզի դրանք հասցեական, հասանելի, արդունավետ դարձնենք՝ գյուղատնտեսության ոլորտի զարգացման իմաստով»: Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրերի ընթացքի վերաբերյալ: Մասնավորապես, փոխնախարարը զեկուցել է, որ պտուղ-բանջարեղենային պահածոների և մրգահյութերի արտադրությունն ընթացիկ տարում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 59 տոկոսով: Արդեն իսկ արտահանվել է 116 հազար 930 տոննա պտուղ- բանջարեղեն: Այս ցուցանիշը 2020-ի նույն ժամանակշրջանում պակաս է եղել 2 անգամ: Արման Խոջոյանը տեղեկացրել է, որ ընդհանուր առմամբ, գյուղատնտեսության ոլորտում գործում է զարգացման 14 ծրագիր, որոնց թվում են՝ լիզինգի, այգեգործության և ոռոգման, ապահովագրության, տոհմային անասնաբուծության/անասնապահության, հումքի մթերման, արտադրության և արտահանման, գինեգործության, սուբսիդավորվող վարկերի տրամադրման, աշնանացան ու գարնանացան ցորենի մշակման և այլն: Անդրադառնալով լիզինգի ծրագրին՝ փոխնախախարը նշել է, որ դրա կիրառումը լրացուցիչ ֆինանսական գործիք է նաև ֆինանսական շուկայում: «Լիզինգի գործիքը տրամադրվում է գյուղատնտեսական տեխնիկայի և ագրովերամշակման սարքավորումների համար: Ծրագրի մեկնարկը և իրականացումը գնահատում ենք բավականին լավ, ցուցանիշները մեզ բավարարում են: Նաև ուրախալի է, որ լիզինգի գործիքի հաջող կիրառումը հնարավորություն է տալիս ստեղծել մասնագիտական ասոցիացիաներ, որոնց հետ համագործակցելով և օրենսդրական բարեփոխումների միջոցով կարողանում ենք ավելի նպատակային դարձնել ծրագիրը»,- ասել է Խոջոյանը՝ ավելացնելով, որ այս ծրագրով վերամշակման սարքավորումների համար նախատեսված սահմանաչափը 450 մլն դրամից բարձրացվել է մինչև 1մլրդ դրամի: Ներկայումս աշխատանքներ են տարվում նաև լիզինգի ծրագրում արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման գործիքը ևս ներառելու ուղղությամբ, ինչը կնպաստի արտադրական ծախսերի ինքնարժեքի նվազեցմանը, մրցունակության բարձրացմանը: Փոխնախարարը հավելել է, որ միջազգային ծրագրերի շրջանակում ևս ընթացիկ տարում գյուղացիական տնտեսություններին արդեն իսկ տրամադրվել է 100 միավոր գյուղտեխնիկա. ակնկալվում է, որ մինչև տարեվերջ այդ թիվը կավելանա ևս 200 միավորով: Անդրադառնալով ինտենսիվ այգերծործության զարգացմանն ուղղված ծրագրին՝ փոխնախարարը նշել է, որ ընթացիկ տարում նույնպես գործընթացը գոհացնող է: 2020 թվականին ծրագրի շրջանակում հանրապետությունում հիմնվել է 518,6 հեկտար այգի, իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 350,7 հեկտար: Խոջոյանի խոսքով՝ արդյունքները դրական դինամիկա են ապահովում: Ըստ նրա՝ նախորդ տարի այս ծրագրում իրականացված փոփոխությունները հնարավորություն են տվել այգիներում կառուցել նաև ջրավազաններ, ինչը թույլ կտա տնտեսվարողներին կուտակել ջուրը և ըստ անհրաժեշտության մատակարարել: Ծրագրում ավելացվել է ևս մեկ բաղադրիչ. խոսքը վերաբերում է բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանմանը: Այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2022 թվականից:Նշվել է, որ ինտենսիվ ընթացքի մեջ է նաև գյուղապահովության ծրագիրը: Նախորդ տարվա համեմատ ընթացիկ տարում արդեն իսկ ապահովագրության պայմանագրերի թիվն ավելի է 3 անգամ։ Ապահովագրվող մշակաբույսերն են՝ հիմնականում հացահատիկը, ծիրանը և խնձորը։ Ընթացիկ տարում ծրագրում կներառվեն նաև նոր մշակաբույսեր:Էկոնոմիկայի փոխնախարարն անդրադարձել է տավարաբուծության և ոչխարաբուծության, խելացի անասնաշենքերի կառուցման ծրագրերի ընթացքին: Տեղեկացվել է, որ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող և Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում այս պահին 6 մարզի 19 համայնքում ընթանում են արոտավայրերի ջրարբիացման համակարգերի ներդրման աշխատանքները: Այս տարի ևս 10 համայնքում կմեկնարկեն նման աշխատանքներ: Նաև 50 համայնքում կկառուցվեն համայնքային կենդանիների հավաքատեղիներ:Անդրադարձ է կատարվել նաև աշնանացան ցորենի, գարնանացան մշակաբույսերի արտադրության խթանմանն ուղղված ծրագրերի ընթացքին:Արման Խոջոյանը զեկուցել է խաղողի և այլ գյումթերքների մթերման գործընթացի կազմակերպմանն ուղղված աշխատանքների մասին: Նշվել է, որ արդեն իսկ հանդիպումներ են ունեցել խոշոր մթերողների հետ և քննարկել առկա խնդիրները, դրանց լուծման քայլերն ու պետության կողմից վարկավորման ծավալները: Փոխնախարարը հավաստիացրել է, որ մթերման պրոցեսը կիրականացվի կանոնակարգված և առանց խնդիրների:Քննարկվել են նաև գինու, կոնյակի արտահանմանն ոլորտում տեղի ունեցող զարգացումներն ու առկա խնդիրների լուծման քայլերը:Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևորել է գյուղոլորտի արտադրողականության բարձրացումն ու ընդգծել այդ ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետության ապահովման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ ուշադրությամբ հետևել ծրագրերի շահառուների կողմից իրականացվող նախագծերի ընթացքին՝ գնահատելու դրանց արդյունավետությունը և ծրագրերը լավարկելու հնարավորությունները:
17:30 - 23 հուլիսի, 2021
Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ներդրումների աջակցման կենտրոնի կողմից ուղեկցվող ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրները

Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ներդրումների աջակցման կենտրոնի կողմից ուղեկցվող ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրները

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Էկոնոմիկայի նախարարության Ներդրումների աջակցման կենտրոնի կողմից ուղեկցվող ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրները: Խորհրդակցությանը մասնակցել են կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև ներդրումային ծրագրերն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները:  Այս մասին հայտնել է Վարչապետի աշխատակազմը: Խորհրդակցության սկզբում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Այսօրվա քննարկումն իրականացնում ենք հետևյալ նպատակով: Մենք կքննարկենք ներդրումային ծրագրերի իրականացման ճանապարհին առկա դժվարությունները: Ըստ էության, մի սեղանի շուրջ են հավաքված ներդրողները և այն մարմինների ներկայացուցիչները, որոնք առնչվում են նրանց խնդիրների հետ, պետք է լուծեն կամ չեն կարողանում լուծել այդ խնդիրները: Մեզ համար կարևոր է այս քննարկումների արդյունքում տեղեկանալ խնդիրների առաջացման պատճառների, դրանց օբյեկտիվության կամ սուբյեկտիվության մասին և փորձել հասկանալ, թե ինչո՞ւ կան այդ խնդիրները, որոնց մասին գործարարները բարձրաձայնում են»: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քննարկման նպատակն է լսել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են ծրագրերի կյանքի կոչմանն ու առաջ մղմանը և գտնել համապատասխան լուծումներ: Առաջին ներդրումային ծրագիրը, որը ներկայացվել է քննարկման, վերաբերում էր Երևանի Ազատության պողոտայի սկզբնամասում նոր բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցմանը: Ներդրումային ծրագիրը գնահատվում է 10 մլն դոլար, որի շրջանակում նախատեսվում է ստեղծել 220 աշխատատեղ: Ծրագրի իրականացման հետ կապված խնդիրն առնչվում է կառուցապատվող տարածքում պատմամշակութային ջրանցքի առկայությանը:  Հարցի առնչությամբ պարզաբանումներ են ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:Լսելով պատասխանատուների ներկայացրած պարզաբանումները՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է 10-օրյա ժամկետում ներդրողին ներկայացնել պատմամշակութային ջրանցքի պահպանության հետ կապված բոլոր պահանաջներն ու չափորոշիչները, ինչպես նաև կառավարության նախկին որոշումներից մեկում կատարել փոփոխություններ, որոնք միտված կլինեն քաղաքաշինական ծրագրերի դյուրացմանը: «Տնտեսվարողը պետք է ստանա հարցի պատասխանը, թե ինչն է պետք պահպանել և ինչպես»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը: Հաջորդ ներդրումային ծրագիրը վերաբերել է Արարատի մարզի Լուսառատ համայնքում զբոսաշրջային-մշակութային համալրիրի կառուցմանը: Ծրագիրը գնահատվում է 14 մլն դոլար, որի շրջանակում նախատեսվում է ստեղծել 50 մշտական և 500 ժամանակավոր աշխատատեղ: Ներդրողը տեղեկացրել է, որ համալիրում նախատեսում է կառուցել գինեգործարան, գինետուն, պրոֆեսիոնալ բեմահարթակ՝ ժամանակակից տեխնիկական միջոցներով, պատկերասրահ: Ծրագրի իրականացման հետ կապված խնդիրն այն է, որ համալիրը նախատեսվում է կառուցել Հին Արտաշատի տարածքում: ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը նշել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել՝ արդյոք նշված տարածքում առկա է հնագիտական նյութ, թե՝ ոչ: Ավետսիյանի խոսքով՝ ուսումնասիրությունների համար անհրաժեշտ է առնվազն երկու ամիս ժամանակ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Հին Արտաշատի տարածքում, որտեղ առկա է հնագիտական նյութ, նման ծրագրի իրականացումը: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է տնտեսվարողի ֆինանսավորմամբ առաջիկայում սկսել պեղումների գործընթացը և եթե պարզվի, որ տարածքում առկա է հնագիտական նյութ, ապա մարզպետարանը կառաջարկի ներդրումային ծրագիրն իրականացնելու այլ տարածք՝ նույն համայնքում: Ներդրողը համաձայնել է առաջարկին և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել հնագիտական աշխատանքային խմբի հետ:   Հաջորդ ներդրումային ծրագիրը վերաբերել է Երևանի մանկական երկաթուղու այգու արդիականացմանը: Ծրագիրը գնահատվում է 160 մլն դոլար, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել այգու միջազգային չափանիշներին համապատասխան վերակառուցում: Նախագիծը քննարկվել է Երևանի քաղաքապետարանում: Դրա նախնական տարբերակի հետ կապված եղել են առարկություններ: Լսելով ներդրողի և Երևանի քաղաքապետի դիտարկումները՝ վարչապետի պաշտոնակատարն առաջարկել է շարունակել ծրագրի բարելավման ուղղությամբ աշխատանքները և մշակել փոխադարձ ընդունելի նախագիծ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այգին պետք է պահպանի իր նշանակությունը՝ բարելավելով ենթակառուցվածքներն ու տեղի բնապահպանական վիճակը:    Հաջորդիվ ներկայացվել է «Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագիրը, որով նախատեսվում է իրականացնել 32 մլն դոլարի ներդրում, ստեղծել 400-ից ավելի նոր աշխատատեղ: Ծրագիրն ուղղված է Հին Խնձորեսկ և Հին Գորիս տեղանքների պատմամշակութային արժեքների վերականագնմանն ու պահպանմանը: Տնտեսվարողը նշել է, որ ծրագրի առաջընթացին խոչընդոտում է համապատասխան տարածքներում ապօրինի կառույցների առկայությունը: Խնդրի վերաբերյալ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները ևս ներկայացրել են անհրաժեշտ պարզաբանումներ: Վարչապետի պաշտոնակատարն անթույլատրելի է համարել ապօրինի կառույցների պատճառով ներդրումային ծրագրի իրականացմանը խոչընդոտելը և ընդգծել, որ կառավարությունը խնդրին կտա համապատասխան լուծում: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Արագած լեռան վրա լեռնադահուկային համալիրի կառուցմանը, Կապանում միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոցային համալիրի հիմնմանը, Սատանի կամուրջին հարակից տարածքում զբոսաշրջային ենակառուցվածքների զարգացմանը, Երևանում չեխական «Գրանդ Բոհեմիա» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցմանը, ինչպես նաև արդյունաբերության ու էներգետիկայի ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: Վարչապետի պաշտոնակատարը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ և ընդգծել, որ ներդրումային դաշտի բարելավման, ներդրումների խթանման ու ներգրավման հարցը կառավարության առաջնահերթություններից մեկն է և բոլոր ներդրողների հետ աշխատանքը կրելու է մշտական բնույթ:    
21:33 - 21 հուլիսի, 2021