Aravot.am-ը երեկ կեսգիշերին գրել է, որ ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի կինը՝ Անի Գևորգյանը: Նրա պաշտպան Մուշեղ Ալեքսանյանը հաստատել է, որ ինքն է ներկայացնում Սիմոնյանի կնոջ շահերը:
Հարցին՝ դա ասֆալտի տենդերի հե՞տ է կապված՝ Ալեքսանյանը պատասխանել է. «Չէ, ընդհանրապես ըտենց բանի հետ կապված չի: Կապված է իր նախկին աշխատավայրի հետ, որը ծրագրավորման ընկերություն է, ընդհանրապես շինարարության հետ կապ չունի»:
ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը, թեմայի վերաբերյալ Panorama.am-ի հարցերին ի պատասխան, ասել է․ «Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին տեղեկատվություն չի տրամադրվում»։
Նշենք, որ Անի Գևորգյանը «Սիներջի» ընկերությունում բիզնեսի զարգացման տնօրեն է եղել: Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» մասնակցել է Էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին։
Հիշեցնենք, որ առերևույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող երկու քրեական վարույթներով երեկ ձերբակալվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը և ևս 6 անձ:
Ըստ ՔԿ-ի՝ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը 2022-23 թվականների ընթացքում ծրագրով սահմանված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացրած շահառուների ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, այլ ընդհակառակը՝ զեկուցագրեր է ներկայացրել, որ շահառուների կատարած աշխատանքը համապատասխանում է սահմանված չափորոշիչներին։ Այս ամենի հետևանքով այդ քաղաքացիներին անհիմն փոխհատուցվել է մոտ 238,5 մլն դրամ:
comment.count (0)