Հակոբ Արշակյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորն է, ԱԺ փոխնախագահ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարարը։

Ծնվել է 1985թ. ապրիլի 16-ին Երեւանում:

2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2009թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտավորում) եւ տեխնոլոգիա» բաժինը (բակալավրիատ): 2011թ.՝ նույն բաժնի մագիստրատուրան:

2010-2014թթ. աշխատել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համակարգերի ճարտարագետ: 2014-2017թթ.՝ «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային (Հնդկաստան, Ռուսաստան եւ ԱՊՀ, Արաբական երկրներ, Աֆրիկա) ղեկավար:

2018թ. հունվար-մայիս՝ «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն: 2018թ. մայիս-հոկտեմբեր՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ: 2018-2019թթ.՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, 2019-2021թթ.՝ ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար:

2008-2012թթ. եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության հիմնադիր անդամ: 2012թ.՝ «ՀԻՄԱ» ՀԿ նախագահ: 2014թ. եղել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ:

2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2019 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 4-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

ԱԺ փոխխոսնակը Հնդկաստանի պատվիրակության պատգամավորներին է ներկայացրել ՀՀ-ի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը

ԱԺ փոխխոսնակը Հնդկաստանի պատվիրակության պատգամավորներին է ներկայացրել ՀՀ-ի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը

Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Հնդկաստանի պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը բազմակողմ հարաբերությունների ամրապնդումն ու խորացումն է Հնդկաստանի հետ, որն աշխարհի խոշորագույն և ամենադինամիկ զարգացող ժողովրդավար պետություններից մեկն է։ Փոխխոսնակը կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, որը մշտապես գտնվել է բարձր մակարդակի վրա, և առանցքային դեր է խաղում մեր պետությունների միջև համագործակցության զարգացման գործում: «Ազգային ժողովում գործող Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը, որը ես պատիվ ունեմ ղեկավարելու, ավանդաբար ամենամեծ խմբերից մեկն է: Ես լիահույս եմ Հայաստանի հետ բարեկամության խմբի ստեղծմանը նաև Հնդկաստանի խորհրդարանում, ինչը հիանալի հնարավորություն կընձեռի ակտիվ համագործակցության համար»,- նշել է Հակոբ Արշակյանը: «Հայաստանը շահագրգռված է բարեկամ Հնդկաստանի հետ տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացմամբ, այդ թվում՝ պաշտպանության, մշակույթի, գիտության և կրթության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարևորությունը: Հնդկաստանի պատվիրակության պատգամավորներն ընդգծել են, որ Հայաստանը Հնդկաստանի համար առանցքային գործընկեր է՝ նշելով, որ կողմերի հարաբերություններն այսօր արտացոլում են հնդիկ և հայ ժողովուրդների դարավոր բարեկամությունը: Հնդիկ պատգամավորները նշել են, որ Մադրասում և Կալկաթայում են գտնվում հայկական եկեղեցիներ և կրթօջախներ: Առաջին հայկական տպագրությունն իրականացվել է Հնդկաստանում, նույնիսկ հնդկական առաջին ձայնային սկավառակի ձայնագրությունն իրագործվել է հայազգի դասական երգչուհու կատարմամբ: Կողմերը կարևորել են նաև Հնդկաստանի ԱԳ նախարարի՝ պատմության մեջ առաջին անգամ այցն անկախ Հայաստան: Հնդկաստանի պատվիրակության պատգամավորները շնորհակալություն են հայտնել 4000-ից ավելի հնդիկ ուսանողների համար Հայաստանում կրթության հնարավորության կապակցությամբ: Պատգամավորները պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել հարաբերությունների զարգացման համար: Հայկական պատվիրակության կազմում են պատգամավորներ Ծովինար Վարդանյանը և Արսեն Թորոսյանը: 
16:34 - 27 հոկտեմբերի, 2023
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Ինդոնեզիայի պատվիրակության ղեկավարին

Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Ինդոնեզիայի պատվիրակության ղեկավարին

Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Ինդոնեզիայի պատվիրակության ղեկավար Ֆադլի Զոնի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունից։ Հանդիպմանը կողմերը քննարկել են Ինդոնեզիայի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարը: Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունը, որը հիանալի հնարավորություն է ընձեռում տարածաշրջանի երկրների հետ առավել ակտիվ գործընկերություն զարգացնելու համար: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակը կարեւորել է նաեւ կրթական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունների զարգացումը: Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանն ընդգծել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության կարեւորությունը: «Ինչպես գիտենք, արդյունավետ համագործակցության զարգացման նպատակով այս տարի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դարձել է ԱՍԵԱՆ (ASEAN) Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդ, ինչը նաեւ համագործակցության նոր հորիզոններ կբացի ԱՍԵԱՆ (ASEAN) երկրներում»,- կարեւորել է ԱԺ փոխխոսնակը: Ինդոնեզիայի պատվիրակության ղեկավարն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին եւ նշել, որ Հայաստանն ունի հարուստ մշակութային ժառանգություն Ինդոնեզիայում, այդ թվում՝ Սուրաբայա քաղաքի Սուրբ Գեւորգ եկեղեցին: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հաճախակի դարձնել փոխայցերը՝ հարաբերությունների զարգացման նպատակով: ԱԺ պատվիրակության կազմում են պատգամավորներ Ծովինար Վարդանյանը եւ Արսեն Թորոսյանը:
17:13 - 26 հոկտեմբերի, 2023
Հակոբ Արշակյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում ՄԹ պատվիրակության ղեկավար Քարեն Բրեդլիի գլխավորած պատվիրակությանը

Հակոբ Արշակյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում ՄԹ պատվիրակության ղեկավար Քարեն Բրեդլիի գլխավորած պատվիրակությանը

Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավար Քարեն Բրեդլիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնեցին Հայաստանի Ազգային ժողովի լրատվական ծառայությունից։ ԱԺ փոխխոսնակն ընդգծել է Հայաստանի եւ Միացյալ Թագավորության հետ երկկողմ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը: «Մենք մեծապես կարեւորում ենք մեր երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցությունը եւ ընդգծում երկու երկրների միջեւ միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնման եւ ամրապնդման անհրաժեշտությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալը: Հակոբ Արշակյանը կարեւորել է Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի ձեռքբերումը, որի հանդիսավոր բացումը տեղի կունենա շուտով: Հանդիպման ընթացքում հանգամանալից ներկայացվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, խոսվել Ադրբեջանի հարձակման հետեւանքով էթնիկ զտման ենթարկված եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հարյուր հազարից ավելի հայերի խնդիրների եւ նրանց պատշաճ աջակցության ցուցաբերման մասին: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ տարվող ագրեսիվ քաղաքականությանը, որի հետեւանքով օկուպացվել է Հայաստանի շուրջ 150 քառակուսի կմ տարածք: «Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ եւ այս հարցում ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը»,- նշել է ԱԺ նախագահի տեղակալը: Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարեւորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային իրավիճակին, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ համագործակցությանը վերաբերվող մի շարք հարցեր: Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակության կազմում են նաեւ պատգամավորներ Ծովինար Վարդանյանը եւ Արսեն Թորոսյանը:  
10:39 - 25 հոկտեմբերի, 2023
Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ և ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը. Հակոբ Արշակյանը` Քարեն Բրեդլիին

Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ և ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը. Հակոբ Արշակյանը` Քարեն Բրեդլիին

Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավար Քարեն Բրեդլիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: ԱԺ փոխխոսնակն ընդգծել է Հայաստանի և Միացյալ Թագավորության հետ երկկողմ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը: «Մենք մեծապես կարևորում ենք մեր երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցությունը և ընդգծում երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնման և ամրապնդման անհրաժեշտությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալը: Հակոբ Արշակյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի ձեռքբերումը, որի հանդիսավոր բացումը տեղի կունենա շուտով: Հանդիպման ընթացքում հանգամանալից ներկայացվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, խոսվել Ադրբեջանի հարձակման հետևանքով էթնիկ զտման ենթարկված և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հարյուր հազարից ավելի հայերի խնդիրների և նրանց պատշաճ աջակցության ցուցաբերման մասին: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ տարվող ագրեսիվ քաղաքականությանը, որի հետևանքով օկուպացվել է Հայաստանի շուրջ 150 քառակուսի կմ տարածք: «Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ և այս հարցում ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը»,- նշել է ԱԺ նախագահի տեղակալը: Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարևորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային իրավիճակին, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերվող մի շարք հարցեր: Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակության կազմում են նաև պատգամավորներ Ծովինար Վարդանյանը և Արսեն Թորոսյանը:
23:04 - 24 հոկտեմբերի, 2023
Հակոբ Արշակյանը Բելգիայի Սենատի նախագահին ներկայացրել է ԼՂ դեմ Ադրբեջանի հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը

Հակոբ Արշակյանը Բելգիայի Սենատի նախագահին ներկայացրել է ԼՂ դեմ Ադրբեջանի հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով գտնվում է Լուանդայում: Պատվիրակության կազմում են նաև պատգամավորներ Ծովինար Վարդանյանը և Արսեն Թորոսյանը: Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Բելգիայի Սենատի նախագահ Ստեֆանի Դ'Օզի հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը, որը հանգեցրել է ԼՂ հայ բնակչության էթնիկ զտման: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ տարվող ագրեսիվ քաղաքականությանը, որի հետևանքով օկուպացվել է Հայաստանի շուրջ 150 քառակուսի կմ տարածք: Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից 2021 թվականի մայիսի 27-ին ընդունված «Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի վերաբերյալ՝ ի կատարումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության» բանաձևի համար: ԱԺ փոխխոսնակը նաև երախտագիտություն  է հայտնել բելգիացի բժիշկներին՝ սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով այրված քաղաքացիներին ցուցաբերած օգնության, ինչպես նաև մի շարք քաղաքացիների բուժումը Բելգիայում կազմակերպելու համար: Բելգիայի Սենատի նախագահ Ստեֆանի Դ'Օզը նշել է, որ բոլոր մարտահրավերների հաղթահարման ճանապարհին Բելգիան կանգնած է Հայաստանի կողքին, և դրա մասին են վկայում Բելգիայի Սենատի կողմից ընդունված երեք հայտարարությունները, ինչպես նաև տարվող աշխատանքները չորրորդ հայտարարության վրա, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պահպանմանը։
22:13 - 23 հոկտեմբերի, 2023
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Չեխիայում

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Չեխիայում

 ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամ Հասմիկ Հակոբյանը, եռօրյա աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում է: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, հոկտեմբերի 9-ին Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Չեխիայի Հանրապետության Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Դրահոշին եւ խորհրդարանի Սենատի կրթության, գիտության, մշակույթի, մարդու իրավունքների եւ միջնորդագրերի հանձնաժողովի նախագահ Յիրժի Ռուժիչկային: «Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ Չեխիան Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկն է Եվրոպայում: Նա գոհունակությամբ արձանագրել է Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը եւ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն հայտնել: Հանդիպման ընթացքում հանգամանալից ներկայացվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, քննարկվել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ տարվող ագրեսիվ քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին պատշաճ աջակցության ցուցաբերումը: Քննարկվել է նաեւ տարածաշրջանում տեւական խաղաղության հասնելու անհրաժեշտությունը: Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Դրահոշը կարեւորել է միջխորհրդարանական շփումների ակտիվացումն ու ՀՀ ԱԺ պատվիրակության այցը Չեխիա: Նա նշել է, որ Չեխիայի Հանրապետությունն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, սկզբունքների պահպանմանը եւ մերժում տարածքային ամբողջականության որեւէ խախտում: Սենատի առաջին փոխնախագահը նաեւ նշել է, որ աջակցում է ՀՀ վերջին տարիների ժողովրդավարական բարեփոխումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաեւ Չեխիայի Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Սկոպեչեկին: Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Չեխիայի հետ դինամիկ զարգացող բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ վստահության եւ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Երկկողմ օրակարգում նա անչափ կարեւորել է միջխորհրդարանական համագործակցությունը եւ միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնումն ու ամրապնդումը: Կողմերը խոսել են տարածաշրջանում տիրող իրավիճակից եւ Լեռնային Ղարաբաղի  հայ բնակչության նկատմամբ  էթնիկ զտումների քաղաքականությունից:  Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Սկոպեչեկը նշել է, որ հետեւում է տարածաշրջանում տիրող իրավիճակին՝ հավելելով, որ Չեխիայի Հանրապետությունը միշտ աջակից է հակամարտությունների խաղաղ լուծմանը: Նշվում է, որ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդայի եւ խմբի անդամների հետ հանդիպմանն էլ մեծապես կարեւորվել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ օրակարգի առաջմղման գործում: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը բարձր է գնահատել բարեկամական խմբերի դերը, որոնք կարեւոր օղակ են երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ: Հանդիպմանը քննարկվել են սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած հերթական լայնածավալ հարձակման մանրամասներն ու հետեւանքները: Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ բանաձեւերի ընդունումը եւ համոզմունք հայտնել, որ չեխ գործընկերները կշարունակեն աջակցել հայ ժողովրդին եւ կնպաստեն ռազմագերիների վերադարձին: Բարեկամական խմբի անդամները մտահոգություն են հայտնել տարածաշրջանում առկա մարտահրավերների վերաբերյալ, նշել, որ այսօր առավել քան երբեւէ պետք է մտածել հետագա համագործակցության մասին, որը կտարածվի բոլոր ուղղություններով:
22:23 - 10 հոկտեմբերի, 2023
Չեխիայի Սենատի նախագահն աջակցություն է հայտնել ՀՀ տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և ժողովրդավարությանը

Չեխիայի Սենատի նախագահն աջակցություն է հայտնել ՀՀ տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և ժողովրդավարությանը

Չեխիայի Հանրապետության Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Դրահոշի հրավերով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 8-10-ն աշխատանքային այցով գտնվում է Պրահայում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Հոկտեմբերի 9-ին Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը: ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը, որը հանգեցրել է ԼՂ հայ բնակչության էթնիկ զտման: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ տարվող ագրեսիվ քաղաքականությանը, որի հետևանքով օկուպացվել է Հայաստանի շուրջ 150 քառակուսի կմ տարածք: «Խաղաղության օրակարգը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի. մենք որդեգրել ենք խաղաղության և ժողովրդավարության ուղին, հաստատակամ ենք մեր ընտրության մեջ և ակնկալում ենք միջազգային գործընկերների աջակցությունը»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը: Անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին պատշաճ աջակցության ցուցաբերման և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ աշխատանքներին: Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Չեխիայի կառավարությանը՝ ցուցաբերած հումանիտար օգնության համար: Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը ողջունել է օրերս Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները: Սենատի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և ժողովրդավարությանը: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամ Հասմիկ Հակոբյանը:
22:35 - 09 հոկտեմբերի, 2023
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և պատգամավոր Հայկ Ցիրունյանը թերի են լրացրել իրենց հայտարարագրերը |hetq.am|

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և պատգամավոր Հայկ Ցիրունյանը թերի են լրացրել իրենց հայտարարագրերը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Ցիրունյանը թերի են լրացրել իրենց հայտարարագիրը։ Հայտարարագրերի մասին օրենքի նպատակն է իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման միջոցով կոռուպցիայի և չարաշահումների դեմ պայքարի գործուն մեխանիզմների ստեղծումը, ինչպես նաև հայտարարագիր ներկայացնողների գույքի և եկամուտների առաջացման նկատմամբ հասարակության վստահության ապահովումն է: Իսկ հայտարարագիրը թերի լրացնելու, ունեցվածքը թաքցնելու դեպքում պաշտոնյաները ենթարկվում են պատասխանատվության՝ սույն օրենքով սահմանված կարգով։ Հայտարարագրերը թերի լրացրած պատգամավորները  Հակոբ Արշակյանը 2021-ի հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով, իսկ օգոստոսի 4-ին ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ։ Մինչ ԱԺ-ն նա եղել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների (այժմ՝ԲՏԱ) նախարարի առաջին տեղակալ, այնուհետև՝ նախարար։  Հակոբ Արշակյանը 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիր է ներկայացրել 2023-ի մայիսի 11-ին։ Նա իր հայտարարագրում չի նշել, որ 2016-ի հուլիսի 11-ից «Ռեալ էլեքշնս» ժողովրդավարության աջակցության ՀԿ-ի ղեկավարն է։ Այս տեղեկությունը իր նախորդ հայտարարագրերում նույնպես բացակայում է։ Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տվյալների՝ այս ՀԿ-ն գրանցված է Հակոբ Արշակյանի բնակության հասցեով։ «Հանրային ծառայության մասին» օրենքի 42-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ հայտարարագրի «Անդամակցությունը ոչ առևտրային կազմակերպություններին և ներկայացվածությունը դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում» բաժնում պետք է նշվի ոչ առևտրային կազմակերպության անվանումը, որին հայտարարատու պաշտոնատար անձն անդամակցում է կամ ներկայացված է դրա կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում։  «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետում նշված է․ «Սահմանադրության 95-րդ հոդվածին համապատասխան՝ պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն՝ առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից»։ Այսպիսով, վերոնշյալ օրենքի համաձայն, Հակոբ Արշակյանը՝ որպես ԱԺ նախագահի տեղակալ, չի կարող զբաղեցնել «Ռեալ էլեքշնս» ժողովրդավարության աջակցության ՀԿ-ի նախագահի պաշտոնը։ Հակոբ Արշակյանին հարցմամբ խնդրեցինք մեկնաբանել, թե ինչու չի հայտարարագրել «Ռեալ էլեքշնս» ժողովրդավարության աջակցության ՀԿ-ի նախագահի պաշտոնը։  ««Ռեալ էլեքշնս» ժողովրդավարության աջակցության ՀԿ-ի մասին իմ հայտարարագրում տեղեկության բացակայությունը կրում է բացառապես տեխնիկական բնույթ։ Հանդիսանալով ՀԿ նախագահ, կազմակերպությունից երբևէ եկամուտ չեմ ստացել, ավելին, ստեղծված օրվանից մինչ օրս այն գործունեություն չի ծավալել։ Այս մասին կնշվի հաջորդ՝ 2023թ․ հայտարարագրում»,- պատասխանեց Հակոբ Արշակյանը։ Հակոբ Արշակյանի այն պնդումը, թե կազմակերպությունը ստեղծման օրվանից մինչ օրս գործունեությունը չի ծավալել, չի համապատասխանում իրականությանը, քանի որ, ըստ Վանաձոր և Գյումրի քաղաքների 2016 թվականի ավագանու ընտրությունների վերջնական զեկույցի, «Ռեալ էլեքշնս» կազմակերպության դիտորդները ներկա են եղել ընտրական տեղամասերում։  «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ կազմակեպությունը իր գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները պետք է ներկայացնի գործադիր մարմնի հաստատմանը՝ ապահովելով այդ հաշվետվությունների հրապարակայնությունը։  ՀԿ-ների հաշվետվությունները կարելի է գտնել հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում՝ azdarar.am-ում և ՊԵԿ-ի ոչ առևտրային կազմակերպությունների հաշվետվությունների բաժնում։ «Ռեալ էլեքշնս» ժողովրդավարության աջակցության ՀԿ-ի վերաբերյալ այս երկու աղբյուրներում ոչինչ չգտնվեց։  Հայկ Ցիրունյանի հայտարարագրի մասին՝ hetq.am-ում
11:05 - 12 սեպտեմբերի, 2023
Հռոմի ստատուտը ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ. Արշակյանը՝ Վորոբյովին

Հռոմի ստատուտը ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ. Արշակյանը՝ Վորոբյովին

ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստի ընթացքում ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հնչեցրած մտահոգությանն ի պատասխան` Հակոբ Արշակյանը հայտնել է, որ Հռոմի ստատուտի ընդունման հարցն ակտիվ քննարկման փուլում է ՀՀ եւ ՌԴ ԱԳՆ փորձագիտական շրջանակներում, եւ այն ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ ծառայելու է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոտնձգությունները կանխարգելելուն: ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԱԺ փոխխոսնակը համոզմունք է հայտնել, որ հարցին անպայման կգտնվի իրավական լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի եւ Ռուսաստանի համար: ԱԺ փոխխոսնակը նաեւ ընդգծել է, որ ստատուտի վավերացման գործընթացը սկսվել է շատ ավելի վաղ, քան Միջազգային դատարանի կողմից ՌԴ նախագահի նկատմամբ կայացված որոշումը: Տվյալ հանգամանքը փաստում է, որ գործընթացը ոչ մի կերպ չէր կարող եւ չի կարող ուղղված լինել Ռուսաստանի դեմ: Հիշեցնենք, որ ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ, համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը հայտարարել էր, որ Հայաստանի Ազգային ժողովը պետք է ուսումնասիրի երկրի՝ Հռոմի ստատուտին միանալու հետևանքները և գնահատի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների համար ռիսկերը։
16:21 - 21 հուլիսի, 2023
Հայաստանը կարեւորում եւ բարձր է գնահատում բարեկամական ջերմ հարաբերությունները Հնդկաստանի հետ. Հակոբ Արշակյան

Հայաստանը կարեւորում եւ բարձր է գնահատում բարեկամական ջերմ հարաբերությունները Հնդկաստանի հետ. Հակոբ Արշակյան

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը, բարեկամական խմբի անդամ Ծովինար Վարդանյանը եւ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հուլիսի 11-ին հանդիպել են Հնդկաստանի Լոք Սաբհայի պատգամավոր, Կալինգայի Արդյունաբերական տեխնոլոգիայի համալսարանի հիմնադիր, պրոֆեսոր Աչուտա Սամանտայի եւ աշխատակազմի ղեկավար դոկտոր Վարուն Սուտրայի հետ: Այս մասին հայտնել են Հայաստանի Ազգային ժողովից։   Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում եւ բարձր է գնահատում բարեկամական ջերմ հարաբերությունները Հնդկաստանի հետ: «Մեր պետությունների միջեւ հարաբերությունների կարեւոր օղակներից է միջխորհրդարանական համագործակցությունը, որը մշտապես եղել է բարձր մակարդակի վրա: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում գործում է Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը, որը պատիվ ունեմ ես ղեկավարելու»,- նշել է Հակոբ Արշակյանը: Նա տեղեկացրել է, որ վերջերս պատգամավոր Ծովինար Վարդանյանի հետ մասնակցել է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում կայացած «Ռաիսինա երկխոսություն» («Raisina Dialogue») 8-րդ միջազգային համաժողովին: «Տպավորված եմ այցից, որի շրջանակում նաեւ հանդիպել եմ Հնդկաստանի խորհրդարանի Լոք Սաբհայի հարգարժան խոսնակ Օմ Բիրլայի հետ: Այցի ընթացքում տեղի են ունեցել նաեւ մի շարք արդյունավետ եւ կառուցողական հանդիպումներ: Պետք է ասեմ, որ այցը բովանդակալից էր, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,- ասել է բարեկամական խմբի ղեկավարը` հավելելով, որ Հայաստանը խորապես շահագրգռված է Հնդկաստանի հետ խորացնելու հարաբերությունները տարբեր ոլորտներում: Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ պրոֆեսոր Աչուտա Սամանտայի այցը նույնպես, ի թիվս բազում ծրագրերի, կնպաստի երկու երկրների միջեւ կրթության ոլորտում նորանոր միջբուհական միջոցառումների եւ ծրագրերի իրականացմանը: ԱԺ նախագահի տեղակալի խոսքով Հայաստանն ու Հնդկաստանն արդյունավետորեն համագործակցում են կրթության ոլորտում: Հնդիկ ուսանողներն ուսանում են Երեւանի պետական բժշկական համալսարանում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, Հայաստանի ագրարային համալսարանում: Հնդկաստանի Կալինգայի արդյունաբերական տեխնոլոգիայի (KIIT) եւ սոցիալական գիտության (KISS) համալսարանի հիմնադիր պրոֆեսոր Աչուտա Սամանտան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ փոխգործակցության կարեւորությունը, որն ուղղված է հայ եւ հնդիկ ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը: Հակոբ Արշակյանը ներկայացրել է 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքները, ստեղծված իրավիճակը Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում: Նա խոսել է Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիվ գործողությունների, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մասին` նշելով, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարեւանների նկատմամբ եւ Հայաստանի կառավարությունը տարածաշրջանում խաղաղ օրակարգի քաղաքականություն է որդեգրել: Պրոֆեսոր Աչուտա Սամանտան ներկայացրել է մասնագիտական ուսուցման առաջադեմ կենտրոնների` Կալինգայի արդյունաբերական տեխնոլոգիայի եւ Սոցիալական գիտությունների համալսարանների գործունեությունը: ՀՀ ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի անդամ, պատգամավոր Ծովինար Վարդանյանը, տեղեկացնելով, որ վերջերս մասնակցել է Բուբանեսվարում կայացած G20 համաժողովի շրջանակում անցկացվող Y20 երիտասարդական համաժողովին, շնորհակալություն է հայտնել պրոֆեսոր Աչուտա Սամանտային ընձեռված հնարավորության համար: Նա նշել է, որ երկու պետությունների միջեւ կրթական ոլորտում համագործակցության ընդլայնման համար առկա են մեծ հնարավորություններ: «Համաժողովի ընթացքում հանդիպել եմ բազմաթիվ նշանավոր անձանց, տեսել եմ ձեր կատարած անգնահատելի աշխատանքը, որը ոգեշնչում է բոլորին: Ձեր նվիրվածությունն  աշխատանքին եւ այն բոլոր բարին, որ անում եք բացառիկ համեստությամբ կարիքավորների համար, անգնահատելի է»,- նշել է Ծովինար Վարդանյանը: Նա հույս է հայտնել, որ այս այցը հնարավորություն կտա գտնելու ամուր կամուրջներ, որոնք կծառայեն երկու երկրներին: «Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ բարեկամական հարաբերությունները սկիզբ են առել քաղաքակրթության սկզբից: Երկու երկրներն էլ անցել են շատ դժվար ժամանակներ: Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին, եւ այդ հարաբերությունները զարգանում են մեծ ակտիվությամբ: Հայաստանն այսօր դեռ գտնվում է իր անվտանգության խնդիրների լուծման գործընթացում: Ինչպես գիտեք, մեր կառավարության հիմնական նպատակը տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելն է, եւ չնայած բոլոր դժվարություններին` մենք հավատարիմ ենք խաղաղության օրակարգին: Այսօր, առավել քան երբեւէ, կարեւոր է մեր միջազգային գործընկերների աջակցությունն այս գործընթացում»,- ասել է պատգամավորը` հավելելով, որ պատիվ ունի մեծ պատասխանատվությամբ ընդունելու KIIT եւ KISS համալսարանների միջազգային խորհրդատվական խորհրդի անդամ դառնալու առաջարկը: Ծովինար Վարդանյանը շնորհակալություն է հայտնել հայ ուսանողներին KIIT-ում լիարժեք կրթաթոշակով սովորելու ընձեռված հնարավորության համար:
16:21 - 11 հուլիսի, 2023
Համագործակցության խորացման խթանիչ քայլ կարող է լինել ՀՀ և ԵՄ միջև մուտքի արտոնագրերի ազատականացումը. Հակոբ Արշակյան

Համագործակցության խորացման խթանիչ քայլ կարող է լինել ՀՀ և ԵՄ միջև մուտքի արտոնագրերի ազատականացումը. Հակոբ Արշակյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 20-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենին: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և հանձնաժողովի անդամ Տաթևիկ Գասպարյանը: «Ողջունելի է ձեր այցը Հայաստան՝ հատկապես հաշվի առնելով մեր երկրի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանը»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը՝ ներկայացնելով Լաչինի միջանցքում առկա իրավիճակը: «Միջանցքը շարունակում է մնալ արգելափակված, և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումն ու Եվրոպայի խորհրդի կոչերը չեն իրագործվում Ադրբեջանի կողմից»,- նշել է ԱԺ փոխնախագահը: Հակոբ Արշակյանը բարձրաձայնել է նաև Ադրբեջանում հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց հարցը: ԱԺ փոխնախագահի խոսքով Ադրբեջանը չի դադարեցնում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունները, ագրեսիվ հռետորաբանությունը: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող մի շարք հարցերի շուրջ բանաձևերի, զեկույցների, հայտարարությունների ընդունման գործում ձեր ունեցած դերակատարության համար»,- նշել է Հակոբ Արշակյանը։ Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին` ԱԺ նախագահի տեղակալը փաստել է. «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև հարաբերությունները բազմաշերտ են, համագործակցության շրջանակը տպավորիչ է: Այն ներառում է ակտիվ քաղաքական երկխոսությունը, տնտեսական և ներդրումային ծրագրերից բխող նախաձեռնությունների կյանքի կոչումը: ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին աջակցող առաջնային գործընկերը»:   «Չնայած վերջին տարիներին բոլորիս առջև ծառացած մարտահրավերներին` մեզ հաջողվել է ապահովել ՀՀ-ԵՄ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դրական դինամիկան, ընդլայնել իրավապայմանագրային դաշտը` ստորագրելով մի շարք համաձայնագրեր ավիացիայի, միգրացիայի և այլ ոլորտներում»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը և հավելել` դրանք պետք է կյանքի կոչվեն։ ԱԺ փոխնախագահը կարևորել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման որոշումը և ընդգծել, որ այն մեծ ներդրում կարող է ունենալ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում։ Հակոբ Արշակյանի դիտարկմամբ՝ ԵՄ-ի հետ համագործակցության խորացման, Հայաստանի տնտեսության դիմակայունության բարձրացման տեսանկյունից խթանիչ քայլ կարող է լինել Հայաստանի և ԵՄ միջև մուտքի արտոնագրերի ազատականացումը: Առաջին անգամ Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին մեր երկիր հրավերի համար: Հյուրը և կարևորել է ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնումը: Անդրադառնալով ԼՂ-ում առկա իրավիճակին` Բերտ-Յան Ռուիսենը դատապարտել է Ադրբեջանի կողմից միջազգային դատարանի որոշման անտեսումը: Արման Եղոյանը կարևորել է ԵՄ կողմից Ադրբեջանի դեմ թիրախային պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը: Բերտ-Յան Ռուիսենը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամրապնդման հարցում միջազգային տարբեր ձևաչափերով աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել:
18:09 - 20 հունիսի, 2023
Հակոբ Արշակյանն ընդունել է հյուրանոցային և ավիացիայի ոլորտների օտարերկրյա խոշոր գործարարների

Հակոբ Արշակյանն ընդունել է հյուրանոցային և ավիացիայի ոլորտների օտարերկրյա խոշոր գործարարների

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 15-ին ընդունել է Sunrise Resorts and Cruises, SkyMax Holidays-ի հիմնադիր և նախագահ Հոսամ Էլ Շաերին, Skymax Holidays-ի գլխավոր տնօրեն Ամր Ազաբին և ISR Air ավիաընկերության տնօրեն Յոսի Յոսեֆին:    Հակոբ Արշակյանը ողջունել է հյուրերին և կարևորել նրանց այցը Հայաստան: Զրուցակիցները քննարկել են մեր երկրում նոր հյուրանոցային համալիրների, բնակելի թաղամասերի և դրանց կից ենթակառուցվածքների կառուցման հնարավորությունները: Այս համատեքստում հաշվի է առնվել մեր երկիր այցելող զբոսաշրջիկների ու Հայաստան տեղափոխվող օտարերկրացիների ավելացող հոսքը: Հյուրերը նշել են, որ մեր երկրում ներդրումներ կատարելու հարցում մեծ է Հայաստանի տնտեսական գրավչությունը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Վերջինս խոսել է Հայաստանում հյուրանոցների ծանրաբեռնվածությունից, կարևորել ոլորտում ներդրումներ իրականացնելու հարցում հյուրերի հետաքրքրությունը:
11:19 - 16 հունիսի, 2023
Հակոբ Արշակյանը պաշտոնաթող 3 նախագահների՝ Արցախի մասով ելույթներից ձայնագրություններ հրապարակեց ԱԺ-ում
 |1lurer.am|

Հակոբ Արշակյանը պաշտոնաթող 3 նախագահների՝ Արցախի մասով ելույթներից ձայնագրություններ հրապարակեց ԱԺ-ում |1lurer.am|

1lurer.am: ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը պաշտոնաթող 3 նախագահների՝ Արցախի մասով ելույթներից հատվածներ հրապարակեց Ազգային ժողովում: ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ըստ ձայնագրության, ասում է. «Մենք 1 անգամ չէ՝ հայտարարել ենք և շարունակում ենք հայտարարել, որ այդ տարածքների նկատմամբ վերահսկողության իմաստը զուտ ռազմական է, և պատերազմի ավարտից հետո, թշնամական գործողությունների դադարեցման պարագայում այդ տարածքները կվերադարձվեն»: Ձայնագրության հրապարակումից հետո Հակոբ Արշակյանը հիշեցրեց՝ Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ Արցախի նախագահն էր, և խոսքը 7 շրջանների մասին էր՝ ըստ էության: «Սրանք այն տարածքներն են, որոնք ընդդիմության ներկայացուցիչները և ենթադրաբար անձամբ Ռոբերտ Քոչարյանը, որն իրենց առաջնորդում է, կոչում է հայրենիք»: Հաջորդիվ Հակոբ Արշակյանը միացրեց 2008 թվականի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից մի հատված, որի շրջանակում ՀՀ 1-ին նախագահն ասում է. «Կհրապարակեմ 10 տարի թաքցված այնպիսի մի փաստ, մի մեծագույն դավադրություն Հայաստանի Հանրապետության հանդեպ, որը խոսակցությունների առարկա եղել է, շշուկներ եղել են այս հարցի մասին, բայց իշխանությունները նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի բերանով մշտապես հերքել են այս փաստը: Չկա և վերջ: Դա Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման հարցն է: Այսօր այդ դավադրությունը բացահայտված է: «Հայկական ժամանակ» թերթում տպագրված է այն պայմանագիրը, որ Ռոբերտ Քոչարյանը, Վարդան Օսկանյանը, պաշտպանության նախարար, այն ժամանակվա անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը պատրաստվում էին ստորագրել Ադրբեջանի հետ: Փաստաթուղթը վավերական է, գոյություն ունի»: Ձայնագրության հրապարակումից հետո Հակոբ Արշակյանը դիմեց ընդդիմադիրներին. «Մի հարց եմ ուզում տալ ընդդիմադիրներին. Ղարաբաղը հայրենի՞ք է, իսկ Մեղրին՝ ո՞չ; Այդ ինչպե՞ս էր կարելի Մեղրիի շրջանը փոխանակել Ղարաբաղի հետ: Եվ ո՞րն է ձեր հայրենիքը»: Հաջորդիվ Հակոբ Արշակյանը հրապարակեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ձայնագրությունը, որում վերջինս, ի պատասխան լրագրողի դիտարկմանը, թե ինչպես ճանաչի աշխարհը ԼՂ անկախությունը, եթե Հայաստանն ինքը չի ճանաչում այն, ասում է. «Մենք դա չենք անում, և մենք ասում ենք, որ դա փոխզիջում է: Եվ փոխզիջում է նաև այն, որ հիմա Հայաստանը հայտարարում է, որ համաձայն է ԼՂ տարածքում կրկնակի հանրաքվե անել, այսինքն՝ երկրորդ անգամ հանրաքվե անցկացնելուն»:
13:30 - 25 մայիսի, 2023
Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի ոչ մի հարևանից, այդ թվում` Ադրբեջանից․ ԱԺ փոխնախագահ
 |armenpress.am|

Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի ոչ մի հարևանից, այդ թվում` Ադրբեջանից․ ԱԺ փոխնախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի ոչ մի հարևանից, այդ թվում՝ Ադրբեջանից։ Lրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։ «Հայաստանը հանդես է գալիս այն դիրքից, որ մենք որևէ տարածքային պահանջ չունենք ոչ մի հարևանից, այդ թվում նաև Ադրբեջանից։ Դա նշանակում է, որ մենք անհրաժեշտություն ունենք ճշգրտել պետական սահմանները և այն տարածքները, որոնք մեր պետություններին են պատկանում։ Խնդիրը խաղաղության պայմանագրի տրամաբանության մոտեցումների մասին է, խնդիրը սկզբունքների ճշգրտման մեջ է։ Թվերի մասին խոսելիս` խոսում ենք կոնկրետության մասին»,-  նշեց Արշակյանը։ ԱԺ նախագահի տեղակալի դիտարկմամբ՝ այս համատեքստում Լեռնային Ղարաբաղի հարցը այս մոտեցումների մեջ ընկալվում է այնպես, որ արցախահայության իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ պետք է ստեղծվի միջազգային ձևաչափ, և երկխոսության մեջ պետք է մտնեն Ստեփանակերտն ու Բաքուն։ «Երբ Արցախի ժողովուրդը խոսում է իր իրավունքների և անվտանգության մասին, նշանակում է՝ ներկա է բանակցային սեղանի շուրջ, և մեր ամբողջ բանակցային տրամաբանությունը այս առումով փոխվել է  այն ժամանակ, երբ նա բացակայել է բանակցային սեղանից։ Այն պահից, երբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` որպես Հայաստանի նախագահ, սկսեց բանակցել ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի անունից, անուղղակի պարզվեց, որ Հայաստանը տարածքային վեճ ունի Ադրբեջանի հետ։ Հիմա մենք ասում ենք, որ տարածքային վեճ չունենք Ադրբեջանի հետ։   Այսինքն, փոխադարձաբար ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, և դրանից հետո ստեղծվում են միջազգային մեխանիզմներ, որոնք պատասխանատու են Արցախի և Ադրբեջանի երկխոսության և արցախահայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների համակարգման համար»,-եզրափակեց Արշակյանը։
14:44 - 24 մայիսի, 2023
Կոչ ենք անում միջազգային հանրությանը հստակ քայլերի միջոցով դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները. ՀՀ ԱԺ փոխնախագահը՝ Սիրիայի դեսպանին

Կոչ ենք անում միջազգային հանրությանը հստակ քայլերի միջոցով դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները. ՀՀ ԱԺ փոխնախագահը՝ Սիրիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 14-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամ Ռուստամ Բաքոյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը: Ինչպես տեղեկացնում են Ազգային ժողովից, Հակոբ Արշակյանի խոսքով Հայաստանը բարձր է գնահատում Սիրիայի իշխանությունների եւ ժողովրդի եղբայրական վերաբերմունքը սիրիահայության հանդեպ. Սիրիայի վերաբերմունքը որոշիչ դերակատարություն է ունեցել Ցեղասպանությունից փրկված հայերին աջակցելու հարցում: Այս համատեքստում ԱԺ նախագահի տեղակալը բարձր է գնահատել Նորա Արիսյանի ջանքերը, որոնց շնորհիվ Սիրիայի դասագրքերում ներառվել է Հայոց ցեղասպանության թեման: ԱԺ փոխխոսնակը եւս մեկ անգամ աջակցության եւ կարեկցանքի խոսքեր է ուղղել դեսպանին եւ վերջին ավերիչ երկրաշարժից հետո ծանր հումանիտար իրավիճակում հայտնված Սիրիայի ժողովրդին: Հակոբ Արշակյանը դեսպանին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրադրության մասին, խոսել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ստեղծված ծանր հումանիտար իրավիճակից ու հավելել, որ նման քայլով Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարությամբ ստանձնած միջազգային պարտավորությունները: «Ադրբեջանը չի դադարում մաքսիմալիստական, ռազմատենչ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: Ադրբեջանի նախագահ Ալիեւն արդեն իսկ սկսել է հնչեցնել տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Նման քաղաքականության դրսեւորումն են ապրիլի 11-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված գործողությունները»,- նշել է ԱԺ նախագահի տեղակալն ու մանրամասնել Սյունիքի Տեղ համայնքում Ադրբեջանի հերթական ագրեսիան: «Պետք է փաստել, որ ուժի կիրառումը եւ ուժի կիրառման սպառնալիքն Ադրբեջանի քաղաքականության անբաժանելի մասն են եւ նպատակ ունեն էականորեն ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում եւ խաթարել միջնորդ գործընկերների՝ խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը: Կոչ ենք անում միջազգային հանրությանը եւ տարածաշրջանում խաղաղությամբ ու կայունությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներին հասցեական հայտարարությունների եւ հստակ քայլերի միջոցով դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները եւ կանխել վերջինիս կողմից իրավիճակի հետագա էսկալացիան»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը: Դեսպանը երախտագիտություն է հայտնել Հայաստանին եւ հայ ժողովրդին դժվարին պահերին մշտապես Սիրիայի բարեկամ ժողովրդի կողքին լինելու եւ օժանդակելու համար: Այս համատեքստում նա ընդգծել է վերջին ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանի կառավարության աջակցությունը: Նրա գնահատմամբ անցած 30 տարիների ընթացքում հայ-սիրիական հարաբերություններն ակտիվ զարգացել են թե՛ խորհրդարանական, թե՛ միջազգային հարթակներում աշխատանքի տեսանկյունից: Հակոբ Արշակյանի խնդրանքով դեսպանը մանրամասներ է ներկայացրել հետպատերազմական Սիրիայում տիրող իրավիճակի ու խնդիրների մասին: Ռուստամ Բաքոյանը խոսել է 2014 թվականին ցեղասպանության ենթարկված եզդիների իրավունքների պաշտպանությունից, այս հարցում կարեւորել Սիրիայի կառավարության աջակցությունը: Ալխաս Ղազարյանը, ողջունելով դեսպանին, ընդգծել է հայ-սիրիական բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը եւ համագործակցության պատրաստակամություն հայտնել: Կողմերն ընդգծել են, որ հայ-սիրիական հարաբերությունները բնորոշվում են երկու ժողովուրդների միջեւ պատմական սերտ առնչություններով, փոխադարձ համակրանքով եւ փոխաջակցության վրա հիմնված միջպետական համագործակցությամբ: Այս համատեքստում ընդգծվել է օրենսդիր մարմինների գործունեությունը, պատգամավորական բարեկամական խմբերի աշխատանքը:
18:08 - 14 ապրիլի, 2023
ՀՀ ԱԺ փոխնախագահը Մոլդովայի դեսպանի հետ հանդիպմանը կոչ է արել նպատակաուղղված և արդյունավետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների դեմ

ՀՀ ԱԺ փոխնախագահը Մոլդովայի դեսպանի հետ հանդիպմանը կոչ է արել նպատակաուղղված և արդյունավետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների դեմ

 ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 14-ին ընդունել է Հայաստանում Մոլդովայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վալերիու Քիվերիին: Ինչպես տեղեկանում ենք Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Հայաստան-Մոլդովա բարեկամական խմբի ղեկավար Արփինե Դավոյանը եւ խմբի անդամ Վիգեն Խաչատրյանը: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Հակոբ Արշակյանը շնորհավորել է Վալերիու Քիվերիին դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնել, որ վերջինս իր գործունեությամբ կնպաստի հայ-մոլդովական հարաբերությունների զարգացմանը: Խոսելով միջխորհրդարանական համագործակցությունից` Հակոբ Արշակյանը կարեւորել է բարեկամական խմբերի սերտ աշխատանքը: Անդրադառնալով երկու ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերություններին` ԱԺ փոխնախագահն ընդգծել է Քիշնեւի հայկական երկու եկեղեցիների, կիրակնօրյա դպրոցի եւ Մոլդովայում ապրող եւ ստեղծագործող տասներկու հազարանոց հայ համայնքի առկայությունը: Հակոբ Արշակյանը դեսպանի ուշադրությունը հրավիրել է տարածաշրջանային անվտանգությանն ու առկա սպառնալիքներին: «Ցավոք, Լաչինի միջանցքում իրավիճակը մնում է նույնը: Միջանցքով ազատ տեղաշարժը պետք է հնարավորինս շուտ վերականգնվի: Լաչինի միջանցքի արգելափակումը միջազգային իրավունքի եւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է եւ էկզիստենցիալ սպառնալիք Լեռնային Ղարաբաղի հայերի համար»,- նշել է ԱԺ փոխնախագահը եւ հավելել, որ ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինի տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ ապրիլի 11-ին սադրանք են իրականացրել եւ կրակ բացել Հայաստանի ԶՈՒ զինծառայողների եւ դիրքերի ուղղությամբ: Նշվել է, որ ՀՀ զինված ուժերի զինծառայողները դիմել են պատասխան գործողությունների եւ պաշտպանել ՀՀ ինքնիշխան տարածքը: Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ հայ զինծառայողների թվում կա չորս զոհ եւ վեց վիրավոր: «Ուժի կիրառումը եւ ուժի կիրառման սպառնալիքն Ադրբեջանի պետական քաղաքականության անբաժանելի մասն են, որի նպատակն է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում եւ խաթարել խաղաղ բանակցությունները շարունակելու միջնորդ գործընկերների ջանքերը»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը եւ կոչ արել միջազգային հանրությանը` ներառյալ բոլոր գործընկերներին, որոնք շահագրգռված են տարածաշրջանում կայունությամբ եւ խաղաղությամբ, նպատակաուղղված եւ արդյունավետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների դեմ եւ կանխել իրավիճակի հետագա սրումը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը նշել է, որ տեղեկացված է տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակի մասին: «Այս պահին աշխարհի ուշադրության առանցքում Ուկրաինան է, սակայն չպետք է անտեսել նաեւ այս տարածաշրջանում առկա իրավիճակը»,- ընդգծել է Վալերիու Քիվերին: Նա եւս կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության խորացումը` նշելով, որ տարբեր ոլորտներում առկա է համագործակցության մեծ ներուժ: Հայաստան-Մոլդովա բարեկամական խմբի ղեկավար Արփինե Դավոյանը եւ խմբի անդամ Վիգեն Խաչատրյանն անդրադարձել են երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ արդյունավետ եւ սերտ համագործակցության կարեւորությանը:
16:59 - 14 ապրիլի, 2023