Հակոբ Արշակյանը Բելգիայի Սենատի նախագահին ներկայացրել է ԼՂ դեմ Ադրբեջանի հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը
22:13 - 23 հոկտեմբերի, 2023

Հակոբ Արշակյանը Բելգիայի Սենատի նախագահին ներկայացրել է ԼՂ դեմ Ադրբեջանի հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով գտնվում է Լուանդայում: Պատվիրակության կազմում են նաև պատգամավորներ Ծովինար Վարդանյանը և Արսեն Թորոսյանը:

Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Բելգիայի Սենատի նախագահ Ստեֆանի Դ'Օզի հետ:

ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը, որը հանգեցրել է ԼՂ հայ բնակչության էթնիկ զտման:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ տարվող ագրեսիվ քաղաքականությանը, որի հետևանքով օկուպացվել է Հայաստանի շուրջ 150 քառակուսի կմ տարածք:

Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից 2021 թվականի մայիսի 27-ին ընդունված «Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի վերաբերյալ՝ ի կատարումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության» բանաձևի համար:

ԱԺ փոխխոսնակը նաև երախտագիտություն  է հայտնել բելգիացի բժիշկներին՝ սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով այրված քաղաքացիներին ցուցաբերած օգնության, ինչպես նաև մի շարք քաղաքացիների բուժումը Բելգիայում կազմակերպելու համար:

Բելգիայի Սենատի նախագահ Ստեֆանի Դ'Օզը նշել է, որ բոլոր մարտահրավերների հաղթահարման ճանապարհին Բելգիան կանգնած է Հայաստանի կողքին, և դրա մասին են վկայում Բելգիայի Սենատի կողմից ընդունված երեք հայտարարությունները, ինչպես նաև տարվող աշխատանքները չորրորդ հայտարարության վրա, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պահպանմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել