Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, սոցիոլոգ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու։

Ծնվել է 1981թ․ Վրաստանում։ Ավարտել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետը։ 2004թ․-ից դասավանդում է նույն ֆակուլտետում։ Դասավանդում է նաև ԵՊԼՀ-ում։2003-2019 թթ. աշխատել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ում որպես հանրակրթությունում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման ծրագրի մասնագետ, այնուհետ՝ ղեկավար, բարձրագույն կրթության ծրագրերի ղեկավար, 2017-ից՝ ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ։ 2012 թվականին եղել է ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգը մշակող աշխատանքային խմբի անդամ։

2012-2015թթ․՝ Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի սոցիալական չափայնության և հարատև կրթության աշխատանքային խմբի հայաստանյան ներկայացուցիչ։ 2013 թվականից ներգրավված է «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության հետազոտական ծրագրերում։ 2016 թվականից Սոցիոլոգիայի միջազգային ընկերակցության անդամ է։ 

2019թ․ փետրվարի 15-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է նախարարի տեղակալ։

Դասագրքերը պետք է տան պետականակենտրոն ուղերձներ. վարչապետին է ներկայացվել ԿԳՄՍ նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Դասագրքերը պետք է տան պետականակենտրոն ուղերձներ. վարչապետին է ներկայացվել ԿԳՄՍ նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 4-ին այցելել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ գերատեսչության 2023 թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները, առաջնահերթություններն ու գերակայությունները՝ անդրադառնալով նաև նախատեսվող բարեփոխումներին։ Զեկուցվել է, որ նախորդ տարվա ընթացքում ընդունվել են ռազմավարական ոլորտային կարևոր փաստաթղթեր՝ ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի իրականացման գործողությունների ծրագիրը, մշակույթի և սպորտի ոլորտների զարգացման ռազմավարությունները: Ստեղծվել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, որի հիմնական նպատակը բարձրագույն կրթության և գիտության ինտեգրումն է: Հանրակրթության ոլորտում 2023 թ. աշխատանքներն իրականացվել են երեք հիմնական ուղղություններով՝ բովանդակության կատարելագործում, մանկավարժների մասնագիտական զարգացում, ենթակառուցվածքների բարելավում։ Նշվել է, որ նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշիչը ներդրվել է 190 հաստատություններում. վերապատրաստվել են շուրջ 1500 մանկավարժներ, ներդրվել է տարակարգի շնորհման համակարգը: Նախադպրոցական համակարգում ամբողջությամբ ներդրվել է համընդհանուր ներառական կրթությունը, ներկայումս մանկապարտեզ է հաճախում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1255 երեխա՝ 2022 թ. 229 երեխայի փոխարեն: Նրանց կրթության ապահովման համար անհրաժեշտ միջոցները տրամադրվել են պետական բյուջեից, սեպտեմբերից այս խմբին միացել են նաև զինծառայողների երեխաները: «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն է կատարվել, համաձայն որի՝ մինչև 2024 թ. հունիսի 1-ը բոլոր գործող տնօրենները պետք է հավաստագրվեն, այլապես չեն կարողանա պաշտոնավարել: 2023 թ. հավաստագրմանը մասնակցել է 263 անձ։ Հանրակրթության պետական նոր չափորոշիչի ներդրման աշխատանքներն իրականացվել են հանրապետության բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում: Նոր մոտեցմամբ են իրականացվել դասագրքերի ստեղծումն ու տպագրումը, ինչը էապես փոխել է դասագրքերի որակը՝ միաժամանակ ընդլայնելով մասնակցության հնարավորությունները: Դասագրքերի ստեղծման նոր համակարգն ազդեցություն է ունեցել գնի վրա. միջինում մեկ դասագրքի հաշվարկով տարրական դպրոցում՝ 1044 դրամից 742 դրամ, միջին դպրոցում՝ 1722 դրամից 1249 դրամ։ Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ կրթական քաղաքականությունն ամենակարևոր քաղաքականությունն է, որը մշակում և վարում է Կառավարությունը: «Մենք պետք է վստահ լինենք, որ մեր դասագրքերն այդ ուղերձները տալիս են: Պետք է այդ ուղերձները, որոնք տրվում են, լինեն պետականակենտրոն, պետության մասին պետք է լինեն, պետության պատմություն պետք է դա լինի, և գրականությունն էլ պետք է լինի այդպիսին: Այդտեղ էլ շատ մեծ ամպլիտուդ կա, և պետք է շատ ուշադիր լինել: Եվ մենք, առանց սեթևեթելու, պետք է դա ասենք և ասում ենք՝ պետք է լինի պետականակենտրոն բովանդակություն: Դպրոցը պետական ինստիտուտ է, և ամեն ինչը պետք է համապատասխանի դրան, բացարձակապես ամեն ինչը»: Ուսուցիչների մասնագիտական զարգացման և խրախուսման շրջանակում շարունակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորումը. 2023 թվականին կամավոր ատեստավորմանը մասնակցել է մոտ 4200 ուսուցիչ: Ընդհանուր առմամբ, գործընթացի ներդրման երեք տարիների ընթացքում ատեստավորվել է 3830 ուսուցիչ, որոնք վարձատրվում են բարձրացված՝ 200.000 դրամ դրույքաչափով, և ըստ ցուցաբերած արդյունքների, ստանում հավելավճար՝ 30-50 %: Առաջին անգամ իրականացվել է նաև արտադպրոցական մանկավարժների կամավոր ատեստավորումը, որի արդյունքում ատեստավորված 44 մասնագետներն ստանում են լրավճար: Խոսելով ատեստավորման գործընթացի կարևորության մասին՝ վարչապետը նշել է. «Գիտելիքի և բովանդակության խորքն է շատ կարևոր: Կներեք, «զուբրիդ» արած տեքստն ուրիշ է, տեքստին տիրապետելն ուրիշ է: Ի՞նչն է խնդիրը: Հասկանո՞ւմ եք, երբ կրթության ոլորտի մարդիկ ասում են՝ գիտեք ինչ, եկեք այս 3 հարցին պատասխանեմ, այն 50 հարցը թեմայի հետ կապ չունի, գուցե ճիշտ է, բայց ինչ-որ բան կա, մեզ համար դիսկոնֆորտ կա, որովհետև մենք ուզում ենք գիտելիքի խորքն իմանալ: Մենք աշակերտի համար ենք դա անում: Աշակերտներ կան, հույս ունենք, որ կշատանան այդ աշակերտները, որոնք այդ շրջանակի մեջ չեն, իրենք ընկալում են և այնպիսի հարցեր են տալիս: Ես կարծում եմ, որ դա մեծ ողբերգություն է և մեծ դեմոտիվացիա է աշակերտի համար, եթե ինքը հարց է տալիս ուսուցչին և հասկանում է, որ ուսուցիչը բացարձակապես գաղափար չունի իր տված հարցի հետ: Ոչ ոք ամեն ինչ չի կարող իմանալ, բայց դասի ընթացքում մտքի աշխատանք պետք է տեղի ունենա, և այն, ինչ չգիտես, պետք է նաև դա իմանաս, թե ոնց հարաբերվես: Եվ այստեղ գիտելիքի խորքի խնդիր կա»: Նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ավելի վաղ կարծել է, թե դասվարներից ոչ ոք թեստային աշխատանքից չի կտրվի. «Փաստը ցույց տվեց, որ չէ, 1-4-րդ դասարանների դասվարներ կան, որ կտրվում են: Այդտեղ մտածում ես՝ առարկայի ծրագրի ի՞նչ հարցեր պետք է տրվեն, որ բարդ լինի ուսուցչին պատասխանել»: Արձագանքելով՝ վարչապետը հավելել է. «Հասկանո՞ւմ եք դա ինչ է նշանակում: Մեր տարրական դպրոցի ուսուցիչն ատեստավորումից կտրվում է: Իմ խնդիրը ոչ ուսուցիչն է, ոչ կտրվելը, իմ խնդիրը երեխան է: Ի՞նչ ենք անում, երեխայի ապագայի վրա ի՞նչ ազդեցություն ենք ունենում նման անպատասխանատվությամբ»: Նախարարի խոսքով՝ փաստը մնում է փաստ, որ կամավոր ատեստավորումը ախտորոշում է ուսուցիչների հետ կապված խնդիրները, որքան էլ դա դուր չգա: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ատեստավորմանը չմասնակցելու դիմադրությունը նաև հենց դրանով է պայմանավորված: Միաժամանակ նշվել է, որ ուսուցիչների խրախուսման մյուս համակարգը տարակարգն է: Նախորդ տարի 101 ուսուցիչների շնորհվել է տարակարգ. առաջին անգամ ունենք նաև 4-րդ աստիճանի տարակարգ ստացած ուսուցիչներ, որոնց աշխատավարձը 50%-ով բարձրացել է։ Ի պատասխան վարչապետի հարցին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, կամավոր ատեստավորման գործընթացի շրջանակում ստուգվում է ուսուցիչների՝ առարկայի իմացության մակարդակը: «Այսինքն՝ դա բացառապես տվյալ առարկայի իմացությունը ստուգող թեստ է: Բայց բացի դրանից, որպեսզի համարենք, որ ուսուցիչը լավ ուսուցիչ է, պետք է հասկանանք, թե ինչքանով է ճիշտ պլանավորում դասը, ինչ մանկավարժական մեթոդներ է կիրառում, ինչպես է հետադարձ կապ ապահովում երեխաների հետ դասարանում: Տարակարգը կարծես երկրորդ կտորն է ծածկում: Դրա համար մենք ինչո՞ւ փոխեցինք կարգը: Նախկինում, որպեսզի տարակարգ տային, ուզում էին ուսուցչի ստացած շնորհակալագրերը, պատվոգրերը, ինչ-որ փաստաթղթային բաներ, կամ հոդվածներ, որոնք երբեմն տպագրվում էին ինչ-որ անհասկանալի ամսագրերում: Մենք հիմա ուսուցիչներից ուզում ենք իրենց անցկացրած դասերի տեսագրությունը, որ տեսնենք, թե ինչպես է ուսուցիչը դաս անցկացնում, ինչքանով է տեխնոլոգիաներ կիրառում, ինչքանով է երեխաներին ընդգրկում դասի մեջ, արդյոք կենտրոնանում է մեկ-երկուսի վրա, թե ամբողջ դասարանը մասնակցում է: Ուզում ենք իր դասի պլանները, այսինքն՝ օրինակ, ֆիզիկայից պիտի թեման բացատրի, ինչպես է պլանավորել, ինչ հերթականությամբ, ինչ տրամաբանությամբ»,- մանրամասներ է ներկայացրել Ժաննա Անդրեասյանը: Արձագանքելով՝ վարչապետը նշել է. «Մենք տարակարգ ստանալու բովանդակությունը, ըստ էության, փոխել ենք: Այսինքն՝ մանկավարժական մեթոդների և դասավարման պրոցեսի հետ ենք կապել և տեսանյութերով դա ստուգելի է, թե ոնց են ստանում տարակարգ»: 2023 թ. ներդրվել է ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանն ուղղված երկու այլ ծրագիր ևս՝ բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների 25% հավելավճարի տրամադրումը, որի շրջանակում շուրջ 8420 ուսուցչի աշխատավարձը բարձրացել է 1 ուսուցչի հաշվով միջինում 32 000 դրամով և մինչև 100 սովորող ունեցող գյուղական դպրոցների ուսուցիչների խրախուսում, որի շրջանակում գյուղական մինչև 100 սովորող ունեցող դպրոցներում դասավանդող 3987 ուսուցչից 2975 ուսուցչի աշխատավարձի ավելացում է եղել 0,5 դրույքի չափով՝ միջինում 1 ուսուցչի հաշվով 71 700 դրամից դարձել է 115 300 դրամ: Հանրակրթական դպրոցների կառավարման նոր համակարգը ներդրվել է 170 դպրոցում, որոնց տնօրենների պաշտոնավարման ժամկետը լրացել է 2023 թ.։ Կառավարման նոր համակարգի անցած դպրոցներում կրթության բովանդակային և վարչատնտեսական գործառույթների կառավարումն առանձնացված է: Սեպտեմբերից դպրոցներում ներդրվել է ֆինանսավորման նոր մոդել, որի համաձայն նախկինում գործող երեխա-թվով ֆինանսավորումից անցում է կատարվել դասարան-թվով ֆինանսավորման, ինչն, ըստ պատասխանատուների, թույլ է տալիս առավել լավ պլանավորել ուսումնական գործընթացը։ Նոր ֆինանսավորմամբ նպատակային տողեր են առանձնացված նաև միջավայրի մատչելիության, խելամիտ հարմարեցումների, լաբորատոր նյութերի և այլնի համար։ Ֆինանսավորման նոր մոդելով ուսուցչի 22 ժամ դրույքաչափը նոր չափորոշիչի ներդրվող դասարաններում հաշվարկում է տարրական դպրոցում 18 ժամ, միջին և ավագ դպրոցներում՝ 20 ժամ։ Մարզերում գործող դպրոցների տարրական դասարանների բոլոր սովորողները` 135 hազար աշակերտներ, օգտվում են «Դպրոցական սնունդ» ծրագրից; Նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում 2025 թ.-ից Երևանի դպրոցներում ևս ծրագիրը ներդնելու ուղղությամբ։ Շարունակվել է Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի իրականացումը։ Հաստատվել է ծրագրում ընդգրկված 293 դպրոցների ցանկը, դպրոցների մեծ մասի շինարարությունը կմեկնարկի 2024 թ. տարեսկզբին։ 2023 թ. ավարտվել են 29 դպրոցների և 114 մանկապարտեզների շինարարական աշխատանքները: Նոր կառուցված 29 դպրոցի մարզադահլիճի և 24 դպրոցի համար հատկացվել է գույք։ ԲՏՃՄ լաբորատորիաներով են համալրվել Արմավիրի մարզի 88 դպրոցներ և բոլոր նորակառույց դպրոցները: Վարչապետը նշել է, որ պետք է մոնիթորինգ իրականացվի բոլոր ծրագրերի արդյունքները գնահատելու համար: «Ծրագիր ընդունեցինք, պետք է մոնիթորինգ անենք, վերադառնանք բացարձակապես բոլոր ծրագրերին: Կառավարության նիստում էլ ասացի, մենք ֆինանսավորում ենք, այդ փողը ինչի՞ համար ենք տալիս: Փողը որոշակի քաղաքական նպատակի տրանսպորտային միջոց է, մենք ուզում ենք այդ նպատակը հասցնել տեղ: Պետք է գնանք, տեսնենք մեր նպատակը տեղ հասե՞լ է, թե տեղ չի հասել: Ի վերջո, ո՞րն է մեր նպատակը: Մեր նպատակն աշակերտն է, աշակերտին դրանից լա՞վ է, թե՞ վատ: Եթե պարզվի, որ աշակերտին դրանից լավ է, իսկ լավն ու վատը որոշվում է չափորոշիչով: Դա էլ է լավ, որ մենք գիտենք, թե ինչն է լավ, ինչն է վատ: Այսինքն՝ եթե գնում ենք տեսնում լավ է, շարունակենք, եթե տեսնում ենք լավ չէ, մտածենք, թե ինչ անենք»: Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտում Կառավարության կողմից հաստատվել և ԱԺ քննարկմանն է ներկայացվել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը հնարավորություն կտա բարձրացնելու մասնագիտական կրթության որակը։ 13 ուսումնական հաստատությունում ընթանում են շինարարական աշխատանքներ, 7 հաստատություններ համալրվել են նոր գույքով։ Գերակա մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության բարձրացման նպատակով վերանայվել է կրթաթոշակային քաղաքականությունը. գյուղատնտեսության, արդյունաբերության և շինարարության ուղղություններով սովորող ուսանողներին հատկացվել է 50 հազար դրամ կրթաթոշակ, որն ուղղակի ազդեցություն է ունեցել ընդունելության ցուցանիշների վրա: Շեշտվել է, որ գիտության և բարձրագույն կրթության ոլորտում ամենակարևոր աշխատանքն «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի հաստատումն ու «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի ստեղծումն է: Ժամանակակից արվեստի և գրահրատարակչության բնագավառում հաշվետու տարում ներդրվել է թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելը, որը պիլոտային ռեժիմով կիրականացվի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում: Հաստատվել է թատերահամերգային կազմակերպությունների ստեղծագործական անձնակազմի մասնագիտական որակավորման քննություններ անցկացնելու օրինակելի կանոնակարգը՝ սահմանվել են ելույթավճարների սկզբունքները: Օպերային թատրոնում արդեն իսկ կիրառվող ելույթավճարների նոր մոդելի արդյունքում նվագախմբի երաժշտի միջին ամսական աշխատավարձը կազմում է 333 000 դրամ, որից ելույթավճարը՝ 103 000 դրամ, աշխատավարձը՝ 230 000 դրամ: Աշխատավարձերն Օպերային թատրոնում նախորդ տարի աճել են 40 տոկոսով: Փոփոխություն է կատարվել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքում, որի արդյունքում կիրառվելու է ներդրումների մասնակի վերադարձի (cash rebate) համակարգը։ Կինոյի ոլորտի և կինոյի արտադրության զարգացմանը մեծապես նպաստել է նաև ճանաչված և հեղինակավոր կինոարտադրողների հետ համագործակցությունը: Մասնավորապես, հուշագիր է ստորագրվել «Փիփլ օֆ Ար» ընկերության հետ, համագործակցություն է նախանշվում նաև «Նեթֆլիքս»-ի հետ։ «Ամերիկացին» լիամետրաժ կինոնկարն ընդգրկվել է «Օսկարի» շորտ լիստում (ռեժիսոր՝ Միքայել Գուրջյան)։ 2023 թվականին 9 թատերահամերգային կազմակերպության հատկացվել է 507 մլն 977 հազար դրամ՝ գույքի և նյութատեխնիկական բազայի բարելավման նպատակով: Մշակույթի ապակենտրոնացման և մարզերի մշակութային կյանքի ակտիվացման նպատակով անցկացվել են փառատոներ (ՖեստիՎառ, Սայաթ-Նովա, Զարկ ֆեստ), մշակութային տարբեր միջոցառումներ սահմանամերձ շրջաններում, միջհամայնքային համատեղ նախաձեռնություններ, արտերկրի արվեստագետների համերգներ մարզերում: 2023-ին իրականացվել է 18 կրթական-մշակութային նախագիծ, որում ընդգրկված են եղել 550 դպրոց, 21000 աշակերտ, իրականացվել է ներառական 5 ծրագիր՝ 1800 մասնակցով: Ներսես Շնորհալու մահվան 850-րդ (գիտաժողով, ցուցադրություն և հանդիսավոր համերգներ, այդ թվում՝ Հունաստանում, Վատիկանում) տարելիցը և Հայ կինոյի 100-ամյակը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական տարեթվերի ցանկում։ Անցկացվել են Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված խաչատրյանական ծրագիրը (65 համերգ, 12 երկրում, ցուցահանդեսներ և գիտաժողովներ), Հայ կինոյի 100-ամյակին նվիրված ծրագիրը (17-ից ավելի միջոցառում): 2024 թ. կարևոր հոբելյանական միջոցառումներից են` Շառլ Ազնավուրի, Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանները, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս տարվա հոբելյանական ցանկերում: Մշակութային ժառանգության ոլորտում ընդունվել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի և հարակից մի շարք այլ օրենքների փոփոխության փաթեթը։ Ազգային ժողով է ներկայացվել «Թանգարանների մասին օրենքի» նախագիծը: Թանգարաններում ներդրվել է տոմսերի նոր սակագնային փաթեթ, մինչև 12 տարեկան երեխաների համար սահմանվել է անվճար մուտք: Դպրոցական բաժանորդային ծրագրից 2023թ. ընդհանուր առմամբ օգտվել է 205 707 աշակերտ: Մշակութային արժեքների արտահանումը կազմակերպվում է գործարկված ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am): Ստեղծվել է «Արտաշատ Մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցը, ներդրման առաջին փուլում է նախարարության ենթակայության թանգարանների միասնական էլեկտրոնային տոմսային համակարգը: Վերականգնվել է ՀՀ թանգարանային ֆոնդի համալրման նպատակով բյուջետային միջոցների տրամադրումը՝ 44 մլն 320 հազար դրամ, հագեցվել է «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի, նախարարության ենթակայության գրադարանների ու թանգարանների նյութատեխնիկական բազան: Վերանորոգվել են Մինաս Ավետիսյանի և Գևորգ Գրիգորյանի (ՋՈՏՏՈՅԻ) թանգարանները, մեկնարկել են Հ․ Թումանյանի թանգարանի վերանորոգման աշխատանքները: 14-ով համալրվել է ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկը: Իրականացվել են 11 ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության դրամաշնորհային ծրագրեր 50 համայնքներում և Ջավախքում: 2023 թ. իրականացվել են 8 հուշարձանի վերականգնման աշխատանքներ, մշակվել են հուշարձանների տարածքներում տեղեկատվական կենտրոնների նախագծային փաստաթղթերը, որոնցից 3-ը 2024 թ. կտեղադրվեն: Նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել պատմամշակութային արժեք ներկայացնող 36 կառույցի, հաստատվել է 82 պահպանական գոտու նախագիծ, տրվել է 55 հուշարձանի հնագիտական ուսումնասիրության թույլտվություն, պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում վերականգնվել կամ վերականգնման ընթացքում է 10 հուշարձան: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում են գրանցվել «Գյումրիի դարբնության ավանդույթը», Կոմիտասի ստեղծագործությունների հավաքածուն, հավանության է արժանացել «Տաթևի և Տաթևի Անապատ վանական համալիրները և Որոտանի հովտի հարակից տարածքները» հուշարձանին ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու վերաբերյալ ՀՀ ներկայացրած հայտը: Շարունակվել է համագործակցությունը ՄԱԿ-ի, Եվրոպական միության, Եվրոպայի Խորհրդի, ԱՊՀ, ԵԱՏՄ, Ֆրանկոֆոնիայի և այլ կառույցների շրջանակում. հիշարժան են մշակույթի ոլորտում «Ստեղծագործ Եվրոպա», կրթության ոլորտում «Էրազմուս+» և գիտության ոլորտում «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրերը ԵՄ հետ։ Հաստատվել է Եվրոպայի Միության կողմից «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» բյուջետային աջակցության ծրագիրը (32 մլն եվրո): Զեկուցվել է, որ 2023-2024 ուսումնական տարում ՀՀ բուհերում սովորող օտարերկրյա ու սփյուռքահայ ուսանողների ընդհանուր թիվն աճել է 8.4%- ով՝ կազմելով 8333 ուսանող, որից 4229-ը՝ սփյուռքահայ (այդ թվում՝ պետպատվերով սովորող 330 սփյուռքահայեր): ՀՀ քոլեջներում, ուսումնարաններում սովորում է 563 օտարերկրյա քաղաքացի, որից 532-ը` սփյուռքահայ (2% աճ): Մշակվել է ՀՀ բուհեր օտարերկրյա քաղաքացիների փաստաթղթերի ընդունելության և հաշվառման էլեկտրոնային հարթակը, որի շահագործումը նախատեսվում է 2024-2025 ուստարում: Լրամշակվում է 2011 թվականից գործող օտարերկրացիների ընդունելության կարգը: ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ օտարերկրյա պետություններում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման ծրագիրն իրականացվել է 13 պետությունների 15 գիտակրթական հաստատություններում, որոնցից 2-ը ծրագրում ընդգրկվել են 2023-ին (Թրակիայի Դեմոկրիտ համալսարան (Հունաստան), Սինալոայի համալսարանի (Մեքսիկա)): Հաստատվել է «Համագործակցության ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման հայեցակարգը»: Կազմակերպվել է սփյուռքի կրթօջախների ուսուցիչների կարողությունների հզորացում ծրագիրը, որն անցկացվել է 7 ծրագրային ուղղություններով՝ 120 ժամ տևողությամբ: 23 երկրի 220 կրթօջախի տրամադրվել է 38570 կտոր ուսումնական նյութ, որից 21970-ը՝ 57%-ը Վրաստանին: Ձևավորվել է սփյուռքի դպրոցների ուսումնական նյութերի էլեկտրոնային շտեմարանը՝ https://lib.armedu.am/category/67, որն աստիճանաբար համալրվում է նոր դասագրքերով և նյութերով։ 2023 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ երիտասարդության ոլորտում ընդհանուր իրականացվել է 25 ծրագիր` 2 մլրդ 190 մլն դրամի: Մեկնարկել են «Երիտասարդության մասին» օրենքի և երիտասարդության ազգային ինդեքսի մշակման աշխատանքները: Գավառը ճանաչվել է 2024թ. երիտասարդական մայրաքաղաք: Պետական միջոցներով ստեղծվել են երկու երիտասարդական կենտրոններ՝ Տավուշի մարզի Դիլիջան և Արագածոտնի մարզի Ապարան համայնքներում: Իրականացվել են կարողությունների զարգացման 9 ծրագրեր: 2023 թ. «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շահառու է դարձել ևս 733 ընտանիք, որոնք պետական սուբսիդավորմամբ ձեռք են բերել բնակարան, որից 179-ը՝ Երևանից, 554-ը՝ մարզերից։ Ընդհանուր առմամբ, 2010 թ. ծրագրի մեկնարկից ի վեր շահառուների ընդհանուր թիվը կազմել է 8140։ 2023-ին 35 մարզական ֆեդերացիաներին Կառավարության կողմից հատկացվել է 1 մլրդ 755 մլն 300 հազար դրամ: Ֆեդերացիաներն անցկացրել են 98 ՀՀ առաջնություն, մասնակցել են 213 միջազգային մրցաշարերի, այդ թվում՝ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների, կազմակերպել են 169 ուսումնամարզական հավաքներ (տարբեր տարիքային խմբերով): Նախորդ տարվա ընթացքում տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, համաշխարհային ունիվերսիադայում, եվրոպական, ԱՊՀ, Ֆրանկոֆոնյան խաղերում ՀՀ հավաքականների մարզիկները նվաճել են 445 մեդալ (որից 25-ը կանայք), այդ թվում՝ 125 ոսկե, 127 արծաթե և 193 բրոնզե: «Փարիզ 2024» ամառային օլիմպիական խաղերին լավագույնս նախապատրաստվելու նպատակով 2023 թվականին սպորտային նպաստ է ստացել 94 մարզիկ, 72 անձնական մարզիչ, 32 գլխավոր և ավագ մարզիչ, 13 բժիշկ և մերսող: ՀՀ կառավարության տարբեր ծրագրերով 2023թ. 64 մարզիկ և մարզիչ ստանում են մինչև 500.000 դրամ, 24 մարզիկ և մարզիչ՝ 500.000-1 մլն դրամ, 2 մարզիկ՝ 1 մլն-ից ավելի ամսական նպաստ և անվանական թոշակ: 70 մարզիկ ստացել է տարեվերջյան մինչև 500.000 դրամ միանվագ պարգևատրում, 45 մարզիկ՝ մինչև 1 մլն դրամ, 91 մարզիկ՝ 1 մլն դրամից ավելի: Տարվա արդյունքներով ձեքբերումների և նվաճումների համար 1 մարզիկ ստացել է ընդհանուր 18 մլն դրամ: 2023 թ. 10 լավագույն մարզիկները պարգևատրվել են՝ յուրաքանչյուրը 5 մլն դրամով: 2023 թվականին ամսական պատվովճար են ստացել տարբեր տարիներին բարձր արդյունքներ ցուցաբերած 79 մարզիկներ: Տարեվերջյան միանվագ պարգևատրում են ստացել 15 մարզաձևից 205 մարզիկ, նրանց մարզիչները և մեծահասակների հավաքականների բժիշկները: 2022 թվականին բարձր արդյունքներ ցուցաբերած ՀՀ հավաքականների 130 մարզիկներին, նրանց անձնական 112 և հավաքականների 40 մարզիչներին նշանակվել է անվանական թոշակ՝ 2023թ. հունվարի 1-ից: Նախորդ տարվա ընթացքում ՀՀ-ում անցկացվել են 5 խոշոր մրցաշարեր. ապրիլի 15-23-ը ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել են 40 երկրի 600 մասնակիցներ (Հայաստանի հավաքականը նվաճել է 13 մեդալ՝ 4 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե): Ապրիլի 23-ից մինչև մայիսի 4-ը Երևանում տեղի է ունեցել բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել են 39 երկրի 350 մասնակիցներ (երիտասարդների Հայաստանի հավաքականը նվաճել է 13 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե): Նոյեմբերի 10-12-ն անցկացվել է սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը, որին մասնակցել են 71 երկրի 700 մասնակիցներ (Հայաստանի հավաքականը նվաճել է 10 մեդալ՝ 5 արծաթ, 5 բրոնզ): Նոյեմբերի 12-ին՝ սպորտային պարերի աշխարհի երիտասարդների լատինամերիկյան առաջնությունը, որին մասնակցել են 33 երկրի 120 մասնակցել: Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 5-ն անցկացվել է բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը, որին մասնակցել են 52 երկրի 450 բռնցքամարտիկներ (Հայաստանի հավաքականը նվաճել է 10 մեդալ՝ 4 ոսկե, 5 արծաթե, 1 բրոնզե): ՀՀ Կառավարության որոշմամբ՝ 61 մարզական կազմակերպություններին հատկացվել է 29 անվանում մարզական գույք: Շարունակվել է Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցումը, ինչպես նաև Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոցի, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի մարզական համալիրի կառուցման աշխատանքները: Ավարտվել է Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի վերանորոգումը, Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են: Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2024 թվականին: Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզադահլիճներում իրականացվում են ուժեղացման աշխատանքներ: Հաշվետու տարում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող 5 մարզական մասսայական միջոցառում՝ սիրողական խճուղային հեծանվավազքի, խճուղավազքի, լողի, սեղանի թենիսի, դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարերը, որոնց մասնակցել է 6496 մարդ: Իրականացվել են նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև բանակային խաղերը, այլ մարզական մասսայական միջոցառումներ: Ընդհանուր առմամբ նախարարության կողմից իրականացված մարզական մասսայական միջոցառումներին 2023 թվականին մասնակցել է 40228 մարդ: Ամփոփելով՝ վարչապետն անդրադարձել է Սփյուռքի դպրոցներին անհրաժեշտ դասագրքերի տրամադրմանը և ընդգծել, որ ըստ անհրաժեշտության Կառավարությունը պատրաստ է ավելացնել ֆինանսական հատկացումներն այդ ուղղությամբ՝ առկա կարիքները բավարարելու նպատակով: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարբեր քաղաքներում և բնակավայրերում երիտասարդական կենտրոնների հիմնման աշխատանքները և նշել, որ ծրագիրը պետք է կրի շարունակական բնույթ: Վարչապետը՝ խոսելով մարզային և քաղաքային գրադարանների մասին, նշել է, որ անհրաժեշտ է դրանց կառավարումն արտապատվիրակել ոլորտում փորձ ունեցող լավագույն ընկերություններին՝ վերջիններս շրջանում անցկացնելով համապատասխան մրցույթ: «Ինչ-որ առումով դրանք պետք է դառնան ինտելեկտուալ ժամանցի կենտրոններ: Մեր խնդիրն է՝ ապրեցնել այդ գրադարանները»,- շեշտել է Կառավարության ղեկավարը: Վարչապետը կարևորել է նաև պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության ուղղությամբ հետևողական աշխատանքները, ընդգծել թանգարանների արդյունավետ գործունեության, վերջիններիս սեփական եկամուտների ավելացման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյոք Կառավարությունն իր կողմից անհրաժեշտ աշխատանքներ է տանում Փարիզի օլիմպիական խաղերի նախապատրաստության ուղղությամբ. փոխնախարար Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ պետությունն իր կողմից կատարում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ մարզիկների նախապատրաստական աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար: Վարչապետը, կարևորելով մարզերում մարզական կենտրոնների խրախուսումը, անհրաժեշտ է համարել մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ ապահովել ֆիթնես կենտրոնների գործունեությունը և մշակել դրանց կառավարման նոր մոդել:
12:19 - 05 հունվարի, 2024
Հաստատվել է գիտական աստիճանի համար հավելավճարի տրամադրման նոր կարգը․ չափը կմնա նույնը

Հաստատվել է գիտական աստիճանի համար հավելավճարի տրամադրման նոր կարգը․ չափը կմնա նույնը

Այսուհետ հավելավճար կստանան գիտական աստիճան ունեցող այն գիտաշխատողները, որոնք ներգրավված են պետական ֆինանսավորման բազային ծրագրերում և աշխատում են աշխատաժամանակի ամբողջական ծանրաբեռնվածությամբ։ Հ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման չափը և կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը քննարկվեց և ընդունվեց ՀՀ կառավարության 2024թ․ հունվարի 4-ի նիստի ժամանակ։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների մեջ կարևոր տեղ է գրավում այնպիսի ցուցանիշ, ինչպիսին փաստացի գիտաշխատողների լրիվ զբաղվածության համարժեքն է մեկ միլիոն բնակչի հաշվով, և սա ցույց է տալիս գիտաշխատողների այն համամասնությունը, որոնք ունեն լրիվ զբաղվածություն և այդ զբաղվածությամբ զբաղվում են գիտական գործունեությամբ․ «Պետք է ասեմ, որ Հայաստանում այս ցուցանիշը բավական ցածր է։ Մենք ընդհանուր առմամբ ունենք 2455 նման գիտաշխատող, որը մեկ միլիոն բնակչի հաշվարկով կազմում է մոտ 830, և այս ցուցանիշով բավական զիջում ենք մյուս երկրներին, այդ թվում՝ տարածաշրջանի։ Հետևաբար անհրաժեշտ է, որ մեր քաղաքականության գործիքները խրախուսեն գիտաշխատողների՝ լրիվ զբաղվածությամբ գիտական գործունեությամբ զբաղվելը»։ 2008 թվականից գործող որոշմամբ գիտաշխատողները պետական ֆինանսավորման ծրագրերում ներգրավված լինելու պարագայում իրենց գիտական աստիճանի համար ստանում էին հավելավճար՝ գիտությունների թեկնածուները՝ 25 000 դրամի չափով, գիտությունների դոկտորները՝ 50 000 դրամի չափով։ Հավելավճարը հատկացվում էր գիտնականին, եթե նա պետական ֆինանսավորման ծրագրերում ներգրավված էր առնվազն նվազագույն աշխատավարձի ու դրանից բարձր վարձատրության պայմաններում։ Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ գիտնականների աշխատավարձերի բարձրացման ֆոնին նախկինում հաստատված կարգը վերածվել է առանց նախապայմանի հավելավճար տրամադրելու գործիքի, քանի որ մեծամասնությունը հաղթահարում է սահմանված նվազագույն աշխատավարձի շեմը․  «Հետևաբար այս փոփոխություններն ենք նախաձեռնել, որով կանոնակարգում ենք գիտական աստիճանի համար հատկացվող հավելավճարի տրամադրման պայմանները՝ հավելավճարի չափը պահպանելով նույնը։ Կարգի ընդունումից հետո հավելավճար կստանան միայն այն գիտական աշխատողները, որոնք ունեն գիտական աստիճան, ներգրավված են պետական ֆինանսավորման բազային ծրագրերում և աշխատում են աշխատաժամանակի առնվազն նորմալ ծանրաբեռնվածությամբ, այսինքն՝ ամբողջական ծանրաբեռնվածությամբ»,- մանրամասնեց նախարարը՝ նշելով, որ հավելավճարի տրամադրման այս գործիքը կդառնա գիտության ոլորտում նորմալ ծանրաբեռնվածությամբ աշխատանքի անցնելու հավելյալ խթան, և սա կարևոր է, որ գիտական գործունեությունը դիտարկվի իբրև պրոֆեսիոնալ ու հիմնական զբաղմունք։ «Մեր դիտարկումներով այս պահին բազային ֆինանսավորման ծրագրերում ներգրավված, գիտական աստիճան ունեցող 2162 անձանցից 778-ը այս պայմանների բավարարման խնդիր կունենա, և դրանով իսկ մենք կխրախուսենք, որ նրանք ևս անցում կատարեն ամբողջական ծանրաբեռնվածությամբ աշխատանքի»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Այս որոշմամբ նրանց խնդրում ենք, որ ավելի ակտիվ զբաղվեն գիտությամբ, մանավանդ որ կարծում ենք, որ դրա համար, չեմ ասում իդեալական, բայց որոշակի պայմաններ ստեղծել ենք։ Վերջերս ԳԱԱ-ում խոսում էինք, թե ինչքան գիտական սարքեր ենք ձեռք բերել, ձեռք բերելու։ 2024թ․-ին մի քանի միլիարդ դրամի գիտական սարքերի ձեռքբերում է նախատեսված, բայց այդ սարքերը պետք է մեր հարգարժան գիտնականների միջոցով օգտագործվեն, մինչև նաև նոր սերունդ կաճի, և նոր սերունդը նույնպես այդ հնարավորությունը կունենա։ Կարծում եմ՝ արդարացված և ճիշտ որոշում է»։ ԿԳՄՍ նախարարն էլ հիշեցրեց, որ ընդամենը մի քանի նիստ առաջ հաստատվել է նաև գիտնականների ատեստավորման նոր կարգը, որը սինխրոնացված է այս մոտեցումների հետ․ «Այսինքն՝ այնտեղ էլ մենք այնպիսի խթաններ էինք դրել, որոնք պետք է գիտաշխատողներին խրախուսեն էլ ավելի ինտենսիվ գիտական գործունեություն վարել, ընդ որում՝ միջազգային առումով մրցունակ գիտական արտադրանքի մասին է խոսքը, և այս հավելավճարների քաղաքականությունն էլ գալիս է կապվելու ատեստավորման այդ նույն տրամաբանության հետ»։
13:32 - 04 հունվարի, 2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների սիրելի՛ ներկայացուցիչներ, 2023 թվականը բարդ ու դժվարին ճանապարհ էր՝ լի բազում մարտահրավերներով, նոր փորձություններով, ցավալի կորուստներով: Սակայն, այդուհանդերձ, պետք է արձանագրել` բոլոր բարդությունները ևս մեկ անգամ եկան ապացուցելու, որ ամենաօրհասական պահերին անգամ մենք կարողանում ենք համախումբ ուժերով լուծումներ գտնել, լինել միասնական, հաղթահարել ճգնաժամերը և դրա արդյունքում տարվա ավարտին ավելի կայացած և ավելի ամուր ենք՝ որպես պետություն և հասարակություն։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգման ոլորտներում արձանագրված հաջողությունները միասնական աշխատանքի և համատեղ ջանքերի արդյունք են։ Իսկ դրանք բազմաթիվ են․ կառուցվում, վերակառուցվում և նորոգվում են բազմաթիվ դպրոցներ ու մանկապարտեզներ՝ ապահովելով անվտանգ և արդի պայմաններ մեր երեխաների ուսումնառության համար, վերափոխվում են կրթական ծրագրերը և մասնագիտական զարգացման համակարգերը՝ ապահովելու որակյալ կրթություն, աջակցելու և արժանապատիվ պայմաններ երաշխավորելու մանկավարժների և դասախոսների համար, մեր գիտնականները հաջողություններ են արձանագրում իրենց աշխատանքում՝ սերտացնելով կապերը միջազգային գործընկերների հետ, հետազոտություններն իրականացնելով արդիական սարքավորումներով հագեցած պայմաններում։ Անցնող տարում բազմաթիվ մշակութային և մարզական միջոցառումներ են իրականացվել մարզերում՝ ունենալով հազարավոր մասնակիցներ, բացվել են նոր երիտասարդական կենտրոններ՝ ապահովելով ինտելեկտուալ ժամանցի և ոչ ֆորմալ կրթության հնարավորությունները տարբեր բնակավայրերում։ Տասնյակ հուշարձաններ ամրակայվել և վերականգնվել են։ Մշակույթի ոլորտի զարգացման, պատմական ժառանգության պահպանման ուղղությամբ պետության ուշադրությունը տարեցտարի ավելանալու և ավելի տեսանելի է դառնալու։ Ողջ տարվա ընթացքում ապրել ենք սպորտային հաղթանակների և մեծ նվաճումների բերկրանքն ու ոգևորությունը, որի համար շնորհակալ ենք մեր մարզիկներին և մարզիչներին։ Մեր պետությունը համառություն և վստահություն ունեցավ նաև միջազգային մի քանի խոշոր մրցաշարեր պատվով անցկացնելու Հայաստանում՝ արժանանալով մարզաշխարհի բարձր գնահատանքին ու հիացմունքին: Այս քաղաքականությունը լինելու է շարունակական։ Անցնող տարում մեզ համար առաջնային դարձավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության և մասնագիտական գործունեության շարունակականության ապահովման խնդիրը։ ՀՀ բոլոր կրթական հաստատություններն առաջին իսկ օրից սիրով բացեցին իրենց դռները սարսափելի դժվարությունների միջով անցած մեր ուսուցիչների, աշակերտների և ուսանողների առջև։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մանկավարժներին ու սովորողներին դժվարին օրերին պետության կողքին լինելու, միմյանց աջակցելու, չհուսահատվելու, զուգահեռ նաև պետական քաղաքականությամբ նախատեսված ծրագրերին մասնակցության ուժ գտնելու և աշխատանքը բնականոն հունով շարունակելու համառ կամքի համար: ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ամեն կերպ աջակցելու, նրանց իրավունքները պատշաճ իրացնելու բոլոր ջանքերը և պետական հոգածությունը շարունակվելու են նաև 2024-ին: Հարգելի՛ հայրենակիցներ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների սիրելի՛ ներկայացուցիչներ, 2024 թվականը թող լինի պետականաշինության գործում յուրաքանչյուրիս դերի հստակ գիտակցման և արժևորման, ստեղծագործ մտքի, արարումների և մեծ նվաճումների տարի: Միացյալ և համատեղ ուժերով մենք կարող ենք ավելին: Ուժ, կամք և համառություն բոլորիս: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։
10:51 - 30 դեկտեմբերի, 2023
ԿԳՄՍՆ-ն «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի շուրջ դիտարկումներն ու դրանց հեղինակի արձագանքը կուղարկի անկախ կարծիքի
 |armenpress.am|

ԿԳՄՍՆ-ն «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի շուրջ դիտարկումներն ու դրանց հեղինակի արձագանքը կուղարկի անկախ կարծիքի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ հնչած կարծիքները, դասագրքի հեղինակի կողմից այդ կարծիքների վերաբերյալ արձագանքը կփաստաթղթավորվեն ու կուղարկվեն երրորդ՝ անկախ կարծիքի։  Այս մասին տարեվերջյան ասուլիսում հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարն ընդգծեց, որ «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի հարցով հանդիպում է ունեցել այն մասնագետների հետ, որոնք թեմայի վերաբերյալ ասելիք են ունեցել:  «Ունենալու ենք մի աղյուսակ, որտեղ լինելու են դասագրքի վերաբերյալ հնչած բոլոր դիտարկումները, այդ դիտարկումներին դասագրքի հեղինակի արձագանքը: Ունենք պայմանավորվածություն, որ այդ ամփոփաթերթը հասանելի կդառնա բոլորին,  որպեսզի բոլորը տեսնեն, թե հեղինակն ինչպես է արձագանքել առկա դիտարկումներին: Նախարարությունն այդ ամբողջական փաստաթուղթը կուղարկի երրորդ՝ անկախ կարծիքի, որպեսզի ունենա մասնագիտական վերջնական եզրակացություն արվելիք փոփոխությունների և դրանց նպատակահարմարության մասին»,- մանրամասնեց Անդրեասյանը:  Անդրադառնալով ռուսերեն դասագրքերին՝  նա նշեց, որ ՀՀ հանրակրթական դպրոցներին տրամադրվելիք ռուսերեն դասագրքերի փորձաքննությունն ավարտվել է, գրքերը բաշխվել են դպրոցներին։ «Փորձաքննությունն ունի շատ պարզ նպատակ. դպրոցներ մուտք գործող ցանկացած նյութ պետք է փորձաքննված լինի․ դա ստանդարտ ընթացակարգ է: Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարվանից մենք նոր չափորոշիչը ներդնում ենք ՀՀ դպրոցներում՝ այն դասագրքերը, որոնք ուղարկված էին ՌԴ-ից, բնականաբար, պետք է անցնեին փորձաքննություն՝ հասկանալու համար, թե որքանով են համապատասխանում այդ չափորոշչին։ Օրինակ, ո՞ր թեմաներին են անդրադառնում, ո՞ր թեմաներն են բաց մնում և ինչպիսի՞ այլ ուսումնական նյութեր են պետք այդ աշխատանքներն ամբողջությամբ կազմակերպելու համար»,-ասաց նա՝ ընդգծելով՝ դա վերաբերում է միայն ռուսերենով ուսուցման դասարանների դասագրքերին: Անդրեասյանն ասաց նաև, որ ռուսական կողմին բազմիցս ասել են, որ ավելի ինստիտուցիոնալ մեխանիզմ կլինի այն, որ ոչ թե ՌԴ-ից որոշակի խմբաքանակի գրքեր բաշխվեն ՀՀ դպրոցներին, այլ ռուսերենով ուսուցման դասարանների համար ապահովվի ՀՀ դպրոցների դասագրքերով ուսուցումը՝ ռուսերենով։ «Համապատասխան աշխատանքային խմբերը պետք է աշխատեն այդ ուղղությամբ, որպեսզի այսպիսի հարցեր չառաջանան: Որովհետև պարզ է, որ չափորոշիչային խնդիրներ առաջանալու են, որովհետև մեր և ՌԴ-ի չափորոշիչը նույնը չէ, և դրանք առաջ են բերելու հարցեր»,- նշեց Անդրեասյանը: Նախարարը մանրամասնեց, որ դպրոց մտնող բոլոր դասագրքերի հեղինակների հետ անընդհատ կապի մեջ լինելու աշխատանքային պայմանավորվածություն ունեն։ Նրա խոսքով՝ ցանկացած դասագրքի հետ կապված բարձրաձայնվող խնդիրները հավաքագրվում են, ներկայացվելու է անհրաժեշտ լրամշակումների ծավալ, որոնք արդեն երկրորդ կիսամյակից պետք է արված լինեն: «Բոլոր դասագրքերի մասով աշխատանքներ արվում են, և շուտով լրամշակումներ կլինեն»,- եզրափակեց նախարարը:
13:47 - 27 դեկտեմբերի, 2023
Մենք հարգում ենք եկեղեցու դիրքորոշումը, բայց համակարծիք չենք ու համամիտ չենք, կրթության կազմակերպումը պետության գործն է. ԿԳՄՍ նախարար
 |tert.am|

Մենք հարգում ենք եկեղեցու դիրքորոշումը, բայց համակարծիք չենք ու համամիտ չենք, կրթության կազմակերպումը պետության գործն է. ԿԳՄՍ նախարար |tert.am|

tert.am: Ես որևէ դիրքորոշում և կարծիք երբևէ չեմ արտահայտում եկեղեցու մասին, որովհետև, առաջին հերթին, կարծում եմ, որ բոլորովին դրա անհրաժեշտությունը չկա: Այս մասին այսօր, տարեվերջյան ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Եկեղեցին ունի իր դիրքորոշումը, դա նոր չի: Ես բազմիցս նախարարության դիրքրոշումը հայտնել եմ, մենք հարգում ենք եկեղեցու դիրքորոշումը, բայց համակարծիք չենք ու համամիտ չենք, կրթության կազմակերպումը պետության գործն է: Պետությունը հաշվի է առնում մասնագիտական կարծիքները և կազմակերպում մանկավարժական այն մոտեցմամբ, որը տալիս է արդյունք, մնացյալ ամենը, իհարկե լսվում է հաշվի առնվում, բայց բոլորովին պարտադիր չի, որ դա ազդի պետական քաղաքականության վրա: Եկեղեցին գրավոր նամակ է ուղարկել, գրավոր նամակը ինչպես մյուս բոլոր դիտարկումները, որոնք պիտի արտացոլվեն իմ նշած փաստաթղթում, կլինեն այդտեղ, իհարկե»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
13:20 - 27 դեկտեմբերի, 2023
Արցախցի շուրջ 400 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներում. 2800 ուսանող սովորում է ՀՀ բուհերում և քոլեջներում. Անդրեասյան
 |news.am|

Արցախցի շուրջ 400 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներում. 2800 ուսանող սովորում է ՀՀ բուհերում և քոլեջներում. Անդրեասյան |news.am|

news.am: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 17 հազար երեխաներ սովորում են Հայաստանի դպրոցներում. Նրանց համար ապահովվում են անհրաժեշտ դասագրքեր, գրենական պիտույքներ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տարեվերջյան մամուլի ասուլիսում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով, շատ արագ հաստատվել է արցախցի ուսանողների կրթաթոշակի կարգը, որը հնարավորություն է տվել ԼՂ-ի բուհերում եւ քոլեջներում սովորող ուսանողներին իրենց կրթությունը շարունակել ՀՀ ուսհաստատություններում եւ կրթաթոշակի միջոցով իրենց ուսման վարձը փոխհատուցել. «Ավելի քան 1800 ուսանողներ մեր բուհերում են իրենց կրթությունը շարունակում եւ շուրջ 1000 ուսանողներ՝ քոլեջներում: Բացի այդ մենք ունեինք ուսանողներ, որ ԼՂ-ից էին, բայց մեր ուսումնական հաստատությունների ուսանող էին: Նրանց ուսման վարձը վճարվում էր կամ ԼՂ իշխանությունների կողմից, կամ իրենց ընտանիքների, որոնք նույնպես տեղահանվել էին: Մեր վերջին որոշումը վերաբերում էր այս խմբի ուսման վարձի փոխհատուցմանը: Այս ծրագրի շահառու է դարձել արդեն իսկ 900 մարդ, գումարները փոխանցված են բուհերին, քոլեջներին»,-ասաց Անդրեասյանը: Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչներին, նախարարն ասաց. «Շուրջ 400 ուսուցիչներ, որը բռնի տեղահանված ուսուցիչների 1/3-ն է, արդեն աշխատում է ՀՀ կրթական համակարգում։ Նրանցից ավելի քան 200–ը գործուղվել են մարզեր և նրանց աշխավարձի 30 %-ի չափով հավելավճար է տրամադրվում։ Իսկ որոշ մարզերում (Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի մի քանի համայնքներում ) բացի հավելավճարից, գործուղված ուսուցիչները ստանում են նաև ամսական 50.000 դրամ գումար: Ավելի քան 200 ուսուցիչ այս համակարգից օգտվել է»,–ասաց նախարարը։
13:15 - 27 դեկտեմբերի, 2023
Գիտնականները կատեստավորվեն գնահատման նոր մեխանիզմներով
 |armenpress.am|

Գիտնականները կատեստավորվեն գնահատման նոր մեխանիզմներով |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հաստատեց գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները։ Համապատասխան նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Ինչպես գիտեք, էապես ավելացել է գիտության ոլորտի ֆինանսավորումը, և առաջնահերթ խնդիր է նաև դրա որակի և արդյունավետության մասին մտածելը։ Ֆինանսավորման ավելացման կարևոր ուղղություն է գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացումը, որը մեկնարկել է 2022 թվականի հունվարի 1-ից, և դրա արդյունքում արդեն իսկ էական բարձրացում է գրանցվել՝ միջինում 174 տոկոսով 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ։ Ընդ որում, վարձատրության բարձրացումը իրականացվում է ատեստավորման գործընթացի արդյունքում, որի նպատակն է գնահատել գիտական աշխատողի մասնագիտական պատրաստվածության աստիճանը և նրա ստացած գիտական արդյունքները, ինչպես նաև պարզել գիտական աշխատողի մասնագիտական որակի համապատասխանությունն իր զբաղեցրած պաշտոնին։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ ատեստավորման գործընթացը կարգավորվում էր 2001 թվականի կառավարության որոշմամբ, որը բավական հնացած էր և լիարժեքորեն չէր համապատասխանում ոլորտում իրականացվող բարեփոխումներին և ոլորտի աշխատակիցներից պետության ակնկալիքներին, ինչպես նաև չէր սահմանում կատարողականի նվազագույն քանակական չափանիշներ»,- ասաց Անդրեասյանը։ Ըստ նախարարի՝ ներկայացվող նախագծով կառավարությունը կարող է հաստատել գիտական պաշտոնների տարակարգերը, դրանցից յուրաքանչյուրի համար արդյունավետության նվազագույն պահանջները, որոնք խարսխված են գիտական կադրերի պատրաստման մեջ գիտնականների ներգրավվածության, միջազգային հեղինակավոր պարբերականներում հրապարակումների որակի և քանակի, միջազգային դրամաշնորհային ծրագրերում ներգրավվածության և դրանց ղեկավարման պայմանների վրա։ «Այսպիսով՝ դրանք ամբողջությամբ համահունչ են մի կողմից գիտության և բուհական կրթության համադրման քաղաքականությանը, մյուս կողմից՝ գիտության միջազգայնացման քաղաքականությանը, ինչպես նաև գիտության ոլորտում պետության և մասնավոր գործակցության խթանմանը, որովհետև այդ դրամաշնորհային ծրագրերում ներգրավվածության պահանջներից է նաև, որ այնտեղ չլինի միայն ֆինանսավորման պետության մասնաբաժին, այլ նաև հաշվի առնվի այլ ֆինանսավորման առկայությունը։ Արդյունավետության պահանջներից բացի, կարգով նկարագրվում են նաև տարակարգի համար պաշտոնեական պարտականությունները՝ այդպիսով նաև սահմանելով ակնկալիքների այն շրջանակը, որը պետությունը և հասարակությունը կարող է ունենալ գիտական պաշտոնների յուրաքանչյուր տարակարգից»,- ասաց Անդրեասյանը։ Նրա խոսքով՝ գիտական աշխատողների արդյունավետության նոր պայմանների հաստատումը հիմք է դառնալու 2024 թվականին համապետական ատեստավորման ծրագրի իրականացման հաստատման համար։ «Ամբողջական ատեստավորումը այս մեխանիզմով կիրականացվի 2026 թվականին, որովհետև նախորդ ատեստավորումը 2021 թվականին է եղել, և հնգամյա շրջափուլը կավարտվի այդ ժամկետում։ Դա արդեն կհանդիսանա հիմք արդյունավետության բարձր պահանջներին համապատասխանող գիտական աշխատողների տարակարգման և արդեն իսկ այդ ֆինանսավորման վերանայման համար»,- նշեց Անդրեասյանը։ Նախարարը հայտնեց, որ նախագծով սահմանվել են նաև պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողների պաշտոններ, որոնց կարող են հավակնել տարիքային կենսաթոշակի իրավունք ստացած և այդ պաշտոններին համապատասխանող աշխատողներն՝ իրենց կամքով։ «Սա հնարավորություն է ընձեռում ավելի բարձր պաշտոններում գտնվող և նախորդող տարիներին ձեռքբերումներ ունեցող կադրերի համար, որոնք կուզեն ավելի հանգիստ պայմաններում շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը ։ Սա շատ նման է եվրոպական և ամերիկյան գիտակրթական համակարգերում այսպես կոչված «emeritus professor»-ների կարգավիճակին, երբ վաստակաշատ պրոֆեսորները իրենց աշխատավարձի որոշակի մասի պահպանմամբ ձերբազատվում են նաև հիմնական պաշտոններին կցորդված պարտականությունների մի մասից։ Ատեստավորման ենթակա են դառնում գիտական ղեկավար պաշտոնները, որոնք մինչև այժմ որևէ իրավական ակտով սահմանված չէին, և դրանց ներկայացվող պահանջները անորոշ էին»,- եզրափակեց Անդրեասյանը։
12:49 - 21 դեկտեմբերի, 2023
ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել «Հայոց պատմություն 7» դասագրքի վերաբերյալ մասնագիտական դիտարկումների քննարկում

ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել «Հայոց պատմություն 7» դասագրքի վերաբերյալ մասնագիտական դիտարկումների քննարկում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի փոփոխության և լրամշակման նախաձեռնությամբ հանդես եկած պատմաբանների խմբին: ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ հանդիպմանը մասնակցել են մասնագիտական կառույցների՝ ԳԱԱ պատմության, Հնագիտության և ազգագրության, Արևելագիտության ինստիտուտների ներկայացուցիչները, ԵՊՀ և ՀՊՄՀ հայոց պատմության ամբիոնների ղեկավարները, պատմագետները։ Քննարկմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, հանրակրթության վարչության ներկայացուցիչները, ինչպես նաև դասագրքի հեղինակը և «Հայոց պատմություն 7» դասագրքի մրցույթի հաղթող ճանաչված «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրենը։ Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել պատմաբան գիտնականներին թեմայի շուրջ հետաքրքրվածության և մտահոգությունների համար՝ շեշտելով, որ մասնագիտական քննարկումներն անչափ կարևոր են նախարարության համար։ «Փորձել ենք միավորել բոլոր այն մասնագետներին, որոնք հանրային կամ ոչ հանրային ձևաչափով նախարարությանն են փոխանցել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի վերաբերյալ մասնագիտական դիտարկումներ: Ակնկալում եմ, որ մեր քննարկումները կընթանան մասնագիտական դաշտում՝ առավելագույնս ապահովելով մասնագիտական կարծիքի ներկայացումը։ Սա շատ կարևոր քննարկում է մեզ համար՝ մասնագիտական տեսանկյունից ճիշտ որոշում կայացնելու առումով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը և վերահաստատել նախարարության պատրաստակամությունը՝ անհրաժեշտ փոփոխությունների գնալ մասնագիտական կոնսենսուսի ճանապարհով՝ հաշվի առնելով պատմագետների կարծիքը և դասագրքի լավարկման անհրաժեշտությունը։ Հանդիպման սկզբում գիտնականները նշել են, որ նախարարի հետ հանդիպումից առաջ Պատմության ինստիտուտի, ԵՊՀ-ի և ՀՊՄՀ-ի համապատասխան ամբիոնների մասնագետների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում, որին ներկա է եղել նաև դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը: Այդ քննարկման ժամանակ ներկայացվել են մասնագիտական մի շարք մոտեցումներ և դիտարկումներ, որոնց հետ դասագրքի հեղինակը մեծամասամբ համաձայնել է, քանի որ դրանք առավելապես առնչվել են դասագրքի փաստական բովանդակությանը: Նախարարի հետ հանդիպման ընթացքում ծավալվել է մասնագիտական քննարկում, որի ընթացքում պատմաբանները ներկայացրել են իրենց առաջարկներն ու մասնագիտական կարծիքները։ Ներկաների դիտարկմամբ՝ հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի առնչությամբ մասնագիտական շրջանակների անհանգստությունն առավելապես վերաբերում է փաստական անճշտություններին, որոնցից որոշները, ըստ գիտնականների, սկզբունքային խնդիրներ են պարունակում։ Նրանք միաժամանակ ընդգծել են, որ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած նոր դասագիրքն ունի հաջողված մեթոդական և մանկավարժական նորարարություններ, որոնք կարող են նպաստել ուսուցման որակի բարելավմանը։ Պատմաբանների խոսքով՝ հեղինակը ցուցաբերել է մասնագիտական խիզախություն՝ հանձն առնելով գրքի ստեղծման պատասխանատվությունը։ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն իր դիտարկումներում անդրադարձել է դասագրքում առկա փաստական անճշտություններին՝ նշելով, որ այն որոշակի անհամապատասխանություն ունի նաև հանրակրթության պետական և «Պատմություն» առարկայի չափորոշիչներին։ Նրա խոսքով՝ դասագրքի վերախմբագրման դեպքում կարող են հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրներ առաջանալ, հետևաբար պետք է ստեղծել նոր դասագիրք՝ հեղինակային և խմբագրական ընդլայնված կազմով: Մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի դիտարկմամբ՝ «Հայոց պատմություն» առարկայի՝ մինչև այս եղած դասագիրքը ևս խնդիրներ ուներ և նոր դասագրքի հրատարակումն անհրաժեշտություն էր, սակայն դասագրքում կան անհապաղ վերանայման կարիք ունեցող անճշտություններ։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, հնագետ Պավել Ավետիսյանն անդրադարձել է դասագրքում զետեղված հնագույն շրջանին և նշել՝ դրան առնչվող որոշակի անճշտությունների և բացթողումների շտկման ուղղությամբ պատրաստ է գրքի հեղինակի հետ աշխատել՝ ներկայացնելով իր մասնագիտական դիտարկումներն ու օժանդակությունը: Պավել Ավետիսյանի կարծիքով՝ գրքում առկա են Սմբատ Հովհաննիսյանի մեթոդաբանական մոտեցումները, որոնք նորարար են և ողջունելի: Ըստ անվանի հնագետի՝ գրքի անճշտությունների և բացթողումների շտկումից հետո այն պետք է շարունակի գործածվել դպրոցներում: Ուրարտագետ, Էրեբունի արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի կարծիքով՝ ուրարտական շրջանին առնչվող փաստական անճշտությունների շտկման, ինչպես նաև հետագայում դասագրքերի ստեղծման գործընթացի բարելավման առումով ցանկալի է գրախոսության ինստիտուտի ներդրումը։ Իրենց մասնագիտական դիտարկումներն են ներկայացրել նաև հանդիպմանը ներկա մյուս գիտնականները։ Դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը նշել է, որ ժամանակի սղության պատճառով դասագիրքը մասնագիտական կառույցների գրախոսմանը ներկայացնելու հնարավորություն չի եղել։ Նրա խոսքով՝ մասնագիտական դիտարկումների ընթացքում մի շարք բարձրացված հարցեր արդեն իսկ ընդունվել են, որոնք անպայման շտկվելու են։ Ըստ հեղինակի՝ նա կիրառել է մեթոդաբանական և կառուցվածքային մի շարք նորարարություններ, և խմբագրման ու լրամշակման դեպքում դասագիրքը կարող է կիրառվել՝ ապահովելով կրթության որակի բարելավում, որը, ըստ հանրակրթության չափորոշչի, առաջնային խնդիր է։ «Հայոց պատմություն 7» դասագրքի մրցույթի հաղթող ճանաչված «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը ևս նշել է, որ արձանագրված վրիպակների շտկման ուղղությամբ հեղինակի կողմից տարվել են աշխատանքներ, որոնք կրելու են շարունակական բնույթ։ Ամփոփելով հանդիպումը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ պատմաբանների ներկայացրած բոլոր դիտողություններն ու առաջարկները փոխանցվելու են հեղինակին՝ մանրակրկիտ ուսումնասիրման նպատակով։ Նախարարը խնդիր է դրել, որ հեղինակը կազմի և ներկայացնի ամբողջական ամփոփաթերթ, որում ներառված կլինեն մասնագիտական բոլոր դիտարկումները, դրանց ընդունելու, մասնակի ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ հեղինակի հիմնավորված դիրքորոշումը։ Նախարարություն ներկայացված ամբողջական ամփոփաթերթը պետք է հասանելի լինի նաև քննարկման մասնակիցներին՝ հավաստիանալու, որ բոլորի դիտարկումները ներառված են։ Ներկայացնելով նախարարության դիրքորոշումը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ամբողջական ամփոփաթերթը կներկայացվի մասնագիտական նոր փորձաքննության՝ դասագրքի փոփոխությունների վերաբերյալ երրորդ անկախ փորձագիտական կարծիք ստանալու նպատակով։ Հիմք ընդունելով փորձագիտական անկախ եզրակացությունը՝ կկայացվի վերջնական որոշում։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ փորձաքննությունն իրականացնող պատմաբան գիտնականների անունները հրապարակվելու են, նախարարը նշել է՝ առաջնայինն անաչառ և որակյալ մասնագիտական կարծիք ունենալն է, որի ապահովման հիմնական պայմանը նաև այդ փորձագետների անանունության ապահովումն է՝ զերծ մնալու որևէ ճնշումներից և ի սկզբանե կողմնակալ դիրքորոշման ներկայացումից։ Ժաննա Անդրեասյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ փոփոխություն է իրականացվելու դասագրքերի փորձաքննության կարգում, համաձայն որի՝ կարևորվելու է մասնագիտական կառույցների դերակատարումը։ Նախագծի հանրային քննարկումն արդեն ավարտվել է և առաջիկայում կհաստատվի։ Նա նաև կոչ է արել մասնագիտական և գիտական հանրույթին՝ ակտիվորեն մասնակցել ԿԳՄՍՆ-ի կողմից արդեն իսկ հայտարարված դասագրքերի ստեղծման մրցույթներին՝ ապահովելով դասագրքերի ընտրության հնարավորությունների ընդլայնում թե՛ նախարարության, թե՛ դպրոցների համար՝ բոլոր առարկաների ուղղությամբ։
17:03 - 14 դեկտեմբերի, 2023
Միջազգային խոշոր մրցաշարեր հյուրընկալելն ամրապնդել է Հայաստանի դիրքը միջազգային սպորտային քարտեզում․ ԿԳՄՍ նախարար
 |armenpress.am|

Միջազգային խոշոր մրցաշարեր հյուրընկալելն ամրապնդել է Հայաստանի դիրքը միջազգային սպորտային քարտեզում․ ԿԳՄՍ նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կողմից միջազգային խոշոր մրցաշարեր հյուրընկալելը բավականին մեծ հաջողությամբ իրականացվում է վերջին տարիներին՝  առաջ բերելով միջազգային սպորտային քարտեզում Հայաստանի դիրքն ու ամրապնդելով այն։ Այս մասին ՀՀ կառավարության դեկտեմբերի 7-ի հերթական նիստում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով «ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությունը և ռազմավարական գործողությունների պլանը հաստատելու մասին» նախագիծը։ «Այս տարի արդեն մի քանի միջազգային մրցաշարեր անցկացվել են, արդեն իսկ հաստատվել են նոր հայտեր մրցաշարեր անցկացնելու մասին, որոշ հայտեր էլ, ինչպես Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը Հայաստանում անցկացնելու հայտը, գտնվում են քննարկման փուլում»,-հավելել է նախարարը։ Նրա խոսքով՝ ոլորտի զարգացման ռազմավարության ծրագրով առանձին ուշադրություն է դարձվելու միջազգայնացմանը, որը դրսևորվելու է դոպինգի կիրառման դեմ պայքարի իրավական մեխանիզմների կատարելագործման և անվտանգության ժամանակակից համակարգերի ստեղծման միջոցով։
14:47 - 07 դեկտեմբերի, 2023
Ժաննա Անդրեասյան․ «4000 ուսուցիչ արդեն իսկ ստանում է բարձրացված աշխատավարձ» |aravot.am|

Ժաննա Անդրեասյան․ «4000 ուսուցիչ արդեն իսկ ստանում է բարձրացված աշխատավարձ» |aravot.am|

aravot.am: 4000 ուսուցիչ արդեն իսկ ստանում է բարձրացված աշխատավարձ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե ուսուցիչները դժգոհում են աշխատավարձի ձեւավորման կարգի փոփոխությունից, ասում են՝ դասղեկական ժամերի համար չեն վճարվում, դա տնօրենի հայեցողությանն է թողնված, աշխատավարձերը մի բան էլ նվազում են, կառավարությունը հայտարարում է, որ ուսուցիչները 400 հազար դրամ են ստանում համապատասխան ատեստավորումից հետո, բայց որեւէ ուսուցիչ այդքան չի ստանում։ Նախարարը հորդորեց գնալ մարզային ցանկացած փոքր դպրոց եւ հարցնել, թե որքանով է ավելացել ուսուցչի աշխատավարձը։ Անդրեասյանն ասաց, որ 4000 ուսուցիչ ստանում է բարձրացված աշխատավարձ, եւ սա ներառում է 200 հարյուր հազար դրույքաչափը, 30-50%-ը՝ կամավոր ատեստավորման համար. «Ունենք բազմաթիվ ուսուցիչներ, որոնք տարակարգ ունեն, եւ նրանք նաեւ հավելում են ստանում՝ մինչեւ 50%։ Այս տարվա սեպտեմբերից ունենք ուսուցիչներ, որոնք բնագիտական առարկաներ են դասավանդում, այդ ուսուցիչները 25% հավելավճար են ստանում՝ անկախ ատեստավորումից, իսկ ովքեր ատեստավորված են՝ 200 հազար դրամ դրույքաչափի հաշվարկով»։ Նախարարի ներկայացմամբ՝ գյուղական փոքր դպրոցների ուսուցիչները մինչեւ 50% տոկոս հավելավճար են ստանում բոլոր առարկաների մասով:
13:01 - 07 դեկտեմբերի, 2023
Նախարարը մոտավոր ժամկետ նշեց, թե երբ տեղի կունենա Սնուփ Դոգի համերգը |armeniasputnik.am|

Նախարարը մոտավոր ժամկետ նշեց, թե երբ տեղի կունենա Սնուփ Դոգի համերգը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ամերիկացի ռեփեր Սնուպ Դոգի համերգը տեղի կունենա հաջորդ տարի։ Այս մասին կառավարության անդամների ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարն ընդգծեց, որ ներկայում բանակցություններ են ընթանում, ժամկետների հարցն է քննարկվում։ «Նախապես քննարկվում է, որ համերգը կարող է լինել հաջորդ տարի` մայիսին կամ հունիսին։ Վերջնական ժամկետն իրենք կհայտնեն բանակցություններից հետո»,– նշեց Անդրեասյանը։ Հիշեցնենք, որ Երևանում սեպտեմբերի 23-ին նախատեսված ամերիկացի հայտնի ռեփեր Սնուպ Դոգի (Snoop Dogg) համերգի մասին հայտարարելուց հետո բուռն քննարկումներ ծավալվեցին հիմնականում համերգի վրա ծախսվելիք պետական գումարների շուրջ։ Սնուպ Դոգի համերգը չեղարկվեց Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ողբերգական դեպքերով պայմանավորված։ Համերգի համար ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ պետական բյուջեի միջոցներից «Մշակութային միջոցառումների իրականացնում» ծրագրի շրջանակներում գանձապետարանում հաշվառվել է 2.318.596.800 դրամ գումարի պայմանագիր։ Այդ գումարն օգոստոսի 25-ին ամբողջությամբ վճարվել է։ Սնուպ Դոգը գումարը չի վերադարձրել և չի վերադարձնի։  
12:39 - 07 դեկտեմբերի, 2023
Պետք է հասկանալ՝ ինչ հարցեր են բարձրացվում, և ըստ այդմ՝ դասագրքերում ինչ լրամշակումներ պետք է արվեն․ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է նոր դասագրքերի հեղինակային խմբերի հետ

Պետք է հասկանալ՝ ինչ հարցեր են բարձրացվում, և ըստ այդմ՝ դասագրքերում ինչ լրամշակումներ պետք է արվեն․ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է նոր դասագրքերի հեղինակային խմբերի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների երաշխավորված դասագրքերի հեղինակային խմբերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված նոր դասագրքերի բովանդակությանն առնչվող մի շարք հարցեր: Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, հանրակրթության վարչության ներկայացուցիչները: ԿԳՄՍ նախարարը կարևորել է նոր դասագրքերի վերաբերյալ դպրոցներից, ուսուցիչներից, սովորողներից և մասնագիտական շրջանակներից ստացված արձագանքների հավաքագրումը՝ հասկանալու, թե որոնք են դասագրքերի հաջողված կողմերը՝ մեթոդաբանական կառուցվածքի և բովանդակային նյութի առումով։ Ըստ նախարարի՝ հենց այդ արձագանքների հիման վրա պետք է որոշել դասագրքերի բարելավման և նկատված թերությունների շտկման աշխատանքի ընթացակարգը, ինչպես նաև հասկանալ, թե ինչպիսի լրամշակումների անհրաժեշտություն կա:   «Կարող է լինել խնդիրների երկու խումբ․ առաջինը տեխնիկական վրիպակներն են, որոնք չեն բացառվում որևէ հրատարակության պարագայում: Պետք է կարողանանք բոլոր հարցերը հասցեագրել և առնվազն երկրորդ կիսամյակից դասագրքերի էլեկտրոնային շտեմարանում ունենալ ամբողջությամբ ուղղված ու հասանելի տարբերակները: Բացի այդ, դիտարկում ենք թղթային ներդիրներ ունենալու հնարավորությունը, որոնք կտպագրվեն և կբաժանվեն դպրոցներին թղթային դասագրքերին զուգահեռ կիրառելու համար՝ մինչև դասագրքերի վերահրատարակության իրականացումը»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը: Անդրադառնալով խնդիրների երկրորդ խմբին՝ ԿԳՄՍ նախարարը նշել է՝ դրանք վերաբերում են բովանդակային և մեթոդաբանական հարցերին, որոնց բարելավման ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում։ «Պետք է հասկանանք, թե բովանդակային և մեթոդաբանական առումով որ մոտեցումներն են նպատակային և արդյունավետ կիրառվում դպրոցներում և որոնք վերանայման կարիք ունեն: Տարբեր դասագրքերի վերաբերյալ ունենք մասնագիտական որոշակի դիտարկումներ, որոնք անպայման պետք է ուսումնասիրվեն՝ հասկանալու, թե ինչ հարցեր են բարձրացվում, և ըստ այդմ՝ դասագրքերում ինչ լրամշակումներ պետք է արվեն»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքի շուրջ ստեղծված իրավիճակին: Նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը դասագրքի վերաբերյալ ստացել է մասնագիտական դիտարկումների շարք՝ շեշտելով, որ դրանք մանրակրկիտ ուսումնասիրվում են: «Հանրության համար սա ամենազգայուն թեման է․ ներկայացված բոլոր մասնագիտական դիտարկումներն ընդունելով՝ պետք է աշխատանքներ տանենք դասագրքի բարելավման նպատակով: Սովորողների մոտ պատմական մտածողության ձևավորման տեսանկյունից պատմության և գրականության արդյունավետ ուսուցումը կարևոր նշանակություն ունի և պետք է նպաստի վերլուծական մտածողության ձևավորմանը, ինչին միտված է հանրակրթության նոր չափորոշիչը»,- նշել է նախարարը՝ շեշտելով, որ հանրային տարբեր շրջանակներում ուղղորդված շահարկումները պետք է զատել բովանդակային իրական խնդիրներից։ «Հայոց պատմություն 7» դասագրքի մրցույթի հաղթող ճանաչված «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը նշել է, որ իրենց կողմից դասագրքում արձանագրվել են մոտ 30 վրիպակներ, որոնք տարբեր բնույթի են և ունեն շտկման կարիք: Նրա խոսքով՝ այս առումով հաշվի են առնվելու թե՛ ծանրակշիռ գիտական փաստարկ պարունակող դիտարկումները, թե՛ բովանդակային հարցերը, թե՛ ժամանակագրության հետ կապված վրիպակները, թե՛ պատկերային նյութերը՝ կապված, մասնավորապես, Ուրարտուի քարտեզի և որոշ այլ նյութերի հետ: Նա նաև նշել է, որ հիմնադրամի կողմից հրատարակված մյուս դասագրքերի վերաբերյալ իրենք հիմնականում ստացել են դրական արձագանքներ, իսկ «Հայոց պատմություն 7» դասագրքի առանձին թեմաների դասավանդման կազմակերպման առումով ուսուցիչները գոհ են։ ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև դասագրքերում օգտագործվող էլեկտրոնային նյութերի բովանդակությունը և տեղեկատվական անվտանգությունը՝ նշելով, որ այդ ուղղությամբ համակարգային լուծումների անհրաժեշտություն կա, և առաջիկայում մասնագիտական քննարկումներ են նախատեսվում։ Քննարկվում է դասագրքերում օգտագործվող էլեկտրոնային նյութերի համար միասնական հարթակի ստեղծման հնարավորությունը, որտեղ համապատասխան նյութերի տեղադրման անվտանգության և հեղինակային իրավունքի պաշտպանության հարցերն առաջնային են։ Մյուս դասագրքերի հեղինակներն ու հրատարակչությունների ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարի առաջարկով ներկայացրել են իրենց դասագրքերի վերաբերյալ արձանագրված հիմնական խնդիրները՝ նշելով, որ դրանց լուծման վերաբերյալ իրենց առաջարկները կներկայացնեն նախարարություն։Գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, «Գրականություն-7» դասագրքի համահեղինակ Արքմենիկ Նիկողոսյանը նախ անդրադարձել է դասագրքերի ստեղծման մրցույթների կազմակերպմանը՝ նշելով, որ ժամանակային խնդրի պատճառով դասագրքերի լիարժեք կատարելագործման հնարավորություն չի եղել: «ԿԳՄՍ նախարարությունից ստացել էինք դիտողությունների փաթեթ, սակայն ֆիզիկապես հնարավոր չէր այդ ամենը ներառել դասագրքում: Դասագրքի մյուս համահեղինակ Արսեն Վարդանյանի հետ արդեն 6 վեբինար ենք կազմակերպել, որոնցից յուրաքանչյուրին շուրջ 400 ուսուցիչ է մասնակցել: Դպրոցներում նաև դասեր ենք անցկացրել: Մշտական կապի մեջ ենք թե՛ ուսուցիչների, թե՛ նաև աշակերտների հետ: Վրիպակներ շատ քիչ ենք նկատել: Առկա էր մեկ կոպիտ վրիպակ, որը շատ քաղաքականացվեց, և որին ես ինքս անդրադարձա սոցիալական ցանցի իմ էջերում, և այն բավականին մեծ տարածում ունեցավ: Ուսուցիչներին նամակներ ենք ուղարկել, որպեսզի դասավանդման ժամանակ դա նկատի ունենան, իսկ էլեկտրոնային տարբերակում արդեն շտկումն արված է: Ժամանակի բերումով նաև երեք թեմայի բառարան չենք կարողացել ներդնել. ներդիրների հրատարակման ժամանակ դա անպայման կներառենք: Ընդհանուր առմամբ, դասագրքի վերաբերյալ արձագանքները դրական են: Թե՛ ուսուցիչները, թե՛ ծնողներն ու սովորողները գոհ են: Ընդ որում՝ ծնողներն ասում են, որ երեխաներն ավելի մեծ հետաքրքրությամբ են սկսել սովորել առարկան»,- ասել է Արքմենիկ Նիկողոսյանը և տեղեկացրել, որ ուսուցիչները հաճախ նաև թեմատիկ պլան կազմելու հարցում են դժվարանում և դժգոհում դասաժամերի քանակից: Այս առնչությամբ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի էությունը հենց այն է, որ ուսուցիչը կարող է ինքնուրույն ընտրել տվյալ թեմային հատկացվող ժամաքանակը: Անդրադարձ է կատարվել նաև «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի դասագրքին՝ մասնավորապես դրանում կիրառվող հայերեն եզրույթներին, որոնք հաճախ որոշակի շփոթմունքի պատճառ կարող են դառնալ և դժվարացնել նյութի ընկալումը: ԿԳՄՍ նախարարը հեղինակներին հորդորել է ուշադրություն դարձնել այս բաղադրիչներին՝ հասկանալու համար, թե լեզվական առումով ինչպիսի աշխատանքի անհրաժեշտություն կա, որպեսզի այս առարկայի դասագիրքը լինի ավելի ընկալելի և ըմբռնելի: Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծել է՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի հիմնական առանձնահատկությունը միջառարկայական կապերի շեշտադրումն է․ «Երեխաների մոտ պետք է ձևավորվի ամբողջական պատկերացում երևույթների և շրջապատող իրականության մասին, որպեսզի կարողանան այդ կապերը տեսնել, որն էլ վերլուծության, քննադատական մտածողության հիմքերից է: Սրան պետք է հատուկ ուշադրություն դարձնել»: «Զանգակ» հրատարակչության տնօրեն Սոկրատ Մկրտչյանը ներկայացրել է իրենց կողմից հրատարակված դասագրքերի կիրառության վերաբերյալ հետադարձ կապի ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները և առաջարկություններ է արել հետագա համագործակցության վերաբերյալ։ Քիմիայի 7-րդ դասարանի դասագրքի համահեղինակ Քնարիկ Բդոյանը տեղեկացրել է՝ այս դասագրքով կրթությունը կազմակերպվում է ավելի քան 670 դպրոցի շուրջ 22 հազար աշակերտների համար: Գրքի հեղինակներն ուսուցիչների հետ մշտական կապի մեջ են, կազմակերպում են վեբինարներ, քննարկումներ: Քնարիկ Բդոյանի գնահատմամբ՝ անհրաժեշտություն կա պարբերաբար վերապատրաստումներ կազմակերպելու ուսուցիչների համար: ԿԳՄՍ նախարարը կարևորել է թիրախային և արդյունավետ վերապատրաստումների կազմակերպումն ուսուցիչների համար: Նա նաև առաջարկել է ուսումնասիրել, թե որքանով են բնագիտական առարկաների դասագրքերը համադրված փորձարարական ու գործնական ուսուցման խնդիրների հետ: Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ փոփոխություններ են նախատեսվում դասագրքերի փորձաքննության ընթացակարգում։ Հանդիպման մասնակիցները կարևորել են դասագրքերի ստեղծման ընթացակարգում կատարված փոփոխությունները, որոնք հնարավորություն են տվել ձևավորել բաց ու մրցակցային դաշտ՝ գործընթացում ներգրավելով նաև նոր հեղինակների։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դասագրքերի ստեղծման և հրատարակման ֆինանսավորման ժամկետները, մրցութային գործընթացը և մի շարք այլ հարցեր: Կողմերը կարևորել են պարբերաբար մասնագիտական քննարկումներ ունենալու անհրաժեշտությունը։
20:31 - 05 դեկտեմբերի, 2023
Լեզվի կոմիտեն մեր ամենակարևոր կառույցներից է. Ժաննա Անդրեասյանը ներկայացել է նորանշանակ նախագահին

Լեզվի կոմիտեն մեր ամենակարևոր կառույցներից է. Ժաննա Անդրեասյանը ներկայացել է նորանշանակ նախագահին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրանուշ Դվոյանը նշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն դեկտեմբերի 1-ին կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Լեզվի կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Գյուրջինյանին՝ ընդգծելով, որ նա կարևոր գործընթացների սկիզբ է դրել իր պաշտոնավարման ընթացքում: «Լեզվի կոմիտեն մեր հասարակության համար ամենակարևոր կառույցներից է, որի աշխատանքը հանրության շրջանում շատ տեսանելի է և մեծ նրբանկատություն է պահանջում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև կոմիտեի նախագահի պաշտոնակատար Գևորգ Հակոբյանին: Նախարարը շեշտել է, որ Սիրանուշ Դվոյանի նշանակումը բոլորովին պատահական չէ: «Սա այն դեպքերից է, երբ նշանակումը կյանքի գործի շարունակություն է. նրա թե՛ կրթական, թե՛ հետազոտական, թե՛ մասնագիտական բազմաթիվ փորձառություններն ամբողջությամբ կապված են այն խնդիրների հետ, որոնց առնչվում է նաև Լեզվի կոմիտեն: Հուսով եմ, որ Սիրանուշ Դվոյանի անձնական փորձառությունն աշխատակազմի հետ համատեղ ջանքերի գործադրմամբ կնպաստի Լեզվի կոմիտեի բազմաթիվ անելիքների իրականացմանը»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ հաջողություն մաղթելով նորանշանակ նախագահին սպասվող ոչ հեշտ աշխատանքում: Կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Գյուրջինյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարին մշտապես ցուցաբերած աջակցության համար: Նա ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում Լեզվի կոմիտեի գործունեությունը և դրա աշխատանքների առանձնահատկությունները: Կոմիտեի նորանշանակ նախագահ Սիրանուշ Դվոյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարին ցուցաբերած վստահության համար: Նրա խոսքով՝ իր մասնագիտական փորձառությունը, ինչպես նաև վերջին տարիների հետազոտական աշխատանքներն են նպաստել առաջարկն առանց երկմտանքի ընդունելուն: Սիրանուշ Դվոյանը մասնագիտացմամբ գրականագետ է և երկար տարիներ Երևանի պետական համալսարանում դասավանդել է 20-րդ դարի հայ գրականություն, իսկ Հայաստանի ամերիկյան համալսարան տեղափոխվելուց հետո առիթ է ունեցել «Հայոց լեզու և գրականություն» առարկայի դասավանդման շրջանակում առնչվելու նաև լեզվաբանության հետ: «Ամերիկյան համալսարանում աշխատելուն զուգընթաց իմ հետազոտությունների բնույթը փոխվել է, և ինձ համար կարևոր է, որ հասարակական-մշակութային հարցերի վերաբերյալ իմ գիտական հետազոտությունները չմնան թղթի վրա, այլ հնարավոր լինի դրանք կիսել բոլորիդ հետ և ձեզ հետ գտնել տարբերակներ՝ դրանք վերածելու գործնական և շոշափելի արդյունքների»,- ասել է Սիրանուշ Դվոյանը: Ամփոփելով հանդիպումը՝ նախարարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ներկաներին և շեշտել, որ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես լինելու է Լեզվի կոմիտեի կողքին:
10:24 - 02 դեկտեմբերի, 2023
Ի՞նչ է արվում գիտության ոլորտը երիտասարդացնելու համար. Ժաննա Անդրեասյանը թվեր հրապարակեց
 |armeniasputnik.am|

Ի՞նչ է արվում գիտության ոլորտը երիտասարդացնելու համար. Ժաննա Անդրեասյանը թվեր հրապարակեց |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  ՀՀ կառավարությունն ակտիվորեն դրամաշնորհային ծրագրեր է իրականացնում գիտության ոլորտում ավելի շատ երիտասարդների ներգրավելու համար։ «Գիտություն և գործարարություն 2023» համաժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մենք ջանք ենք գործադրում գիտության զարգացման ուղղությամբ, աա մեր առաջնահերթություններից է։ Նախորդ տարիներին մենք ավելի քան 150%-ով ավելացրել ենք գիտության ֆինանսավորումը։ Մենք նոր դրամաշնորհային ծրագրեր ենք սկսել միանգամից մի քանի ուղղությամբ, որոնք էապես մեծացրել են երիտասարդ գիտնականների ներգրավվածությունը ոլորտում։ Այսօր դրամաշնորհային շահառուների մեծ մասը` ավելի քան 70%-ը, մինչև 30 տարեկան գիտնականներ են»,- նշեց Անդրեասյանը։ Նա ընդգծեց, որ շարունակական աշխատանքներ են տարվում գիտության մեջ ներգրավված մարդկանց` գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ։ Ըստ նախարարի` գիտությամբ զբաղվելու համար սա երիտասարդների համար ամենակարևոր խթաններից է։ Անդրեասյանը շեշտեց` հունվարից գիտաշխատողների վարձատրությունը միջինում ավելի քան 174%-ով կբարձրանա։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին պետական բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ-ում Անդրեասյանն ասել էր, որ 2024 թվականի հունվարին լաբորանտի աշխատավարձը 2021 թվականի համեմատ կբարձրանա 78%-ով։ Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021 թվականի համեմատ կաճի 67% տոկոսով և կդառնա 420 հազար դրամ։ Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը կդառնա 500 հազար դրամ, որն աճել է 138 հազար 100 դրամից։
12:16 - 01 դեկտեմբերի, 2023
ԿԳՄՍ նախարարը Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է գործակցության հնարավոր ուղղությունները

ԿԳՄՍ նախարարը Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է գործակցության հնարավոր ուղղությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի ԵՄ հարևան երկրներում վարկային գործառնությունների հարցերով տնօրեն Լիոնել Ռապայի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին՝ կարևորելով թե՛ ներկայումս քննարկվող ծրագիրը մասնագիտական կրթության ու ուսուցման ոլորտում, թե՛ հնարավոր համագործակցության՝ բավականին մեծ օրակարգը: Նախարարն առանձնահատուկ ընդգծել Եվրոպական ներդումային բանկի կողմից Սյունիքի մարզում իրականացվող համապարփակ աշխատանքը: Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության շրջանակում դիտարկվում է Սյունիքի մարզի նախնական և միջին մասնագիտական հաստատությունների վերանորոգման, արդիականացման և վերազինման աշխատանքների իրականացումը: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ սա մի ամբողջական մոտեցում է՝ ուղղված Սյունիքի մարզի դիմակայունության բարձրացմանն ու բոլոր համակարգերի որակական փոփոխությանը. «Այդ շարքում կրթությունն ունի առանձնահատուկ նշանակություն: Կարևորում եմ, որ մեր համատեղ ծրագրի շրջանակում կարողանանք ընդլայնել մասնագիտական որակյալ կրթության հնարավորությունները Սյունիքի մարզի համար: Այս համատեքստում հատկանշական է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ GIZ-ի հետ համագործակցությունը, որը մասնագիտական կրթության ոլորտում մեր հուսալի և շարունակական գործընկերներից մեկն է»: Անդրադառնալով համագործակցության մյուս հեռանկարներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» շրջանակում համատեղ նախագծերի հնարավորությունները: ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է դպրոցների և մանկապարտեզների մեծածավալ շինարարության՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է այդ դպրոցների ցանկը, ու թեև աշխատանքները տևական ժամանակ է, ինչ մեծ թափով ընթանում են, դեռևս շատ անելիքներ կան: Հաջորդ ուղղությունը, որի շրջանակում Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել համագործակցության հնարավորությունը, վերաբերել է բարձրագույն կրթությանը և գիտությանը: «Եվրոպական ներդրումային բանկն ունի մեծ փորձառություն նաև բուհական և հետազոտական համակարգերի բարելավմանն ուղղված ծրագրերում: Այս ուղղությամբ ևս մեծածավալ ծրագիր ենք իրականացնում, որը կապված է ՝բուհերի և գիտական կազմակերպությունների համար նոր ենթակառուցվածք և միջավայր ձևավորելու հետ: Խոսքն «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին է: Նախատեսում ենք շուրջ 700 հա տարածության վրա կառուցել անհրաժեշտ ենթակառուցվածքներ մինչև 16 բուհերի համար, որտեղ լինելու են նաև գիտահետազոտական կենտրոններ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ առաջարկելով դիտարկել համատեղ աշխատանքների հնարավորությունը նաև այս ուղղությամբ: Եվրոպական ներդրումային բանկի ԵՄ հարևան երկրներում վարկային գործառնությունների հարցերով տնօրեն Լիոնել Ռապան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել՝ ԵՄ-Հայաստան երկխոսության համատեքստում կրթության ոլորտն առաջնայիններից է. «Կրթության բոլոր մակարդակները մեր բանկի ներդրումային գործունեության հիմնական ուղղվածություններից են: Կրթության ոլորտին մենք իսկապես մեծ ուշադրություն ենք դարձնում և տրամադրում ոչ միայն ֆինանսական, այլև փորձագիտական աջակցություն»,- ասել է Լիոնել Ռապան և պատրաստակամություն հայտնել դիտարկելու թե՛ լրացուցիչ ու շարունակական կրթության, թե՛ դպրոցաշինության և թե՛ բարձրագույն կրթության ու գիտության ոլորտում համագործակցության հնարավորությունները: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
17:19 - 30 նոյեմբերի, 2023
ԿԳՄՍ նախարարը «Հերացի» համալսարանական հիվանդանոցում տեսակցել է ԵՊՀ- ում հրդեհի հետևանքով տուժած քաղաքացուն

ԿԳՄՍ նախարարը «Հերացի» համալսարանական հիվանդանոցում տեսակցել է ԵՊՀ- ում հրդեհի հետևանքով տուժած քաղաքացուն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նոյեմբերի 17-ին այցելել է Երևանի պետական համալսարան: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանը տեղում ծանոթացել է նոյեմբերի 17-ի առավոտյան ԵՊՀ-ի առաջին մասնաշենքի նկուղային հարկում բռնկված հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակին: Այնուհետև, Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հերացի» համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացուն: Նախարարը զրուցել է տուժած քաղաքացու հետ, հետաքրքրվել նրա ինքնազգացողությամբ և մաղթել շուտափույթ ապաքինում։ Նախարարությունից տեղեկացնում են, որ տուժածի վիճակը մասնագետները գնահատում են բավարար: Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում նոյեմբերի 17-ի առավոտյան տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով։ ԵՊՀ-ի աշխատակիցներից մեկը զոհվել է տեղում, երեք անձ տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ մեկը պարեկային ծառայության աշխատակից, որը ծխահարումով հոսպիտալացվել է։ Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Մյուս տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, երրորդինը` բավարար:  
17:14 - 17 նոյեմբերի, 2023