ԿԳՄՍՆ-ն «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի շուրջ դիտարկումներն ու դրանց հեղինակի արձագանքը կուղարկի անկախ կարծիքի
 |armenpress.am|
13:47 - 27 դեկտեմբերի, 2023

ԿԳՄՍՆ-ն «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի շուրջ դիտարկումներն ու դրանց հեղինակի արձագանքը կուղարկի անկախ կարծիքի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ հնչած կարծիքները, դասագրքի հեղինակի կողմից այդ կարծիքների վերաբերյալ արձագանքը կփաստաթղթավորվեն ու կուղարկվեն երրորդ՝ անկախ կարծիքի։ 

Այս մասին տարեվերջյան ասուլիսում հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարն ընդգծեց, որ «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի հարցով հանդիպում է ունեցել այն մասնագետների հետ, որոնք թեմայի վերաբերյալ ասելիք են ունեցել: 

«Ունենալու ենք մի աղյուսակ, որտեղ լինելու են դասագրքի վերաբերյալ հնչած բոլոր դիտարկումները, այդ դիտարկումներին դասագրքի հեղինակի արձագանքը: Ունենք պայմանավորվածություն, որ այդ ամփոփաթերթը հասանելի կդառնա բոլորին,  որպեսզի բոլորը տեսնեն, թե հեղինակն ինչպես է արձագանքել առկա դիտարկումներին: Նախարարությունն այդ ամբողջական փաստաթուղթը կուղարկի երրորդ՝ անկախ կարծիքի, որպեսզի ունենա մասնագիտական վերջնական եզրակացություն արվելիք փոփոխությունների և դրանց նպատակահարմարության մասին»,- մանրամասնեց Անդրեասյանը: 

Անդրադառնալով ռուսերեն դասագրքերին՝  նա նշեց, որ ՀՀ հանրակրթական դպրոցներին տրամադրվելիք ռուսերեն դասագրքերի փորձաքննությունն ավարտվել է, գրքերը բաշխվել են դպրոցներին։

«Փորձաքննությունն ունի շատ պարզ նպատակ. դպրոցներ մուտք գործող ցանկացած նյութ պետք է փորձաքննված լինի․ դա ստանդարտ ընթացակարգ է: Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարվանից մենք նոր չափորոշիչը ներդնում ենք ՀՀ դպրոցներում՝ այն դասագրքերը, որոնք ուղարկված էին ՌԴ-ից, բնականաբար, պետք է անցնեին փորձաքննություն՝ հասկանալու համար, թե որքանով են համապատասխանում այդ չափորոշչին։ Օրինակ, ո՞ր թեմաներին են անդրադառնում, ո՞ր թեմաներն են բաց մնում և ինչպիսի՞ այլ ուսումնական նյութեր են պետք այդ աշխատանքներն ամբողջությամբ կազմակերպելու համար»,-ասաց նա՝ ընդգծելով՝ դա վերաբերում է միայն ռուսերենով ուսուցման դասարանների դասագրքերին:

Անդրեասյանն ասաց նաև, որ ռուսական կողմին բազմիցս ասել են, որ ավելի ինստիտուցիոնալ մեխանիզմ կլինի այն, որ ոչ թե ՌԴ-ից որոշակի խմբաքանակի գրքեր բաշխվեն ՀՀ դպրոցներին, այլ ռուսերենով ուսուցման դասարանների համար ապահովվի ՀՀ դպրոցների դասագրքերով ուսուցումը՝ ռուսերենով։

«Համապատասխան աշխատանքային խմբերը պետք է աշխատեն այդ ուղղությամբ, որպեսզի այսպիսի հարցեր չառաջանան: Որովհետև պարզ է, որ չափորոշիչային խնդիրներ առաջանալու են, որովհետև մեր և ՌԴ-ի չափորոշիչը նույնը չէ, և դրանք առաջ են բերելու հարցեր»,- նշեց Անդրեասյանը:

Նախարարը մանրամասնեց, որ դպրոց մտնող բոլոր դասագրքերի հեղինակների հետ անընդհատ կապի մեջ լինելու աշխատանքային պայմանավորվածություն ունեն։

Նրա խոսքով՝ ցանկացած դասագրքի հետ կապված բարձրաձայնվող խնդիրները հավաքագրվում են, ներկայացվելու է անհրաժեշտ լրամշակումների ծավալ, որոնք արդեն երկրորդ կիսամյակից պետք է արված լինեն:

«Բոլոր դասագրքերի մասով աշխատանքներ արվում են, և շուտով լրամշակումներ կլինեն»,- եզրափակեց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել