Հաստատվել է գիտական աստիճանի համար հավելավճարի տրամադրման նոր կարգը․ չափը կմնա նույնը
13:32 - 04 հունվարի, 2024

Հաստատվել է գիտական աստիճանի համար հավելավճարի տրամադրման նոր կարգը․ չափը կմնա նույնը

Այսուհետ հավելավճար կստանան գիտական աստիճան ունեցող այն գիտաշխատողները, որոնք ներգրավված են պետական ֆինանսավորման բազային ծրագրերում և աշխատում են աշխատաժամանակի ամբողջական ծանրաբեռնվածությամբ։ Հ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման չափը և կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը քննարկվեց և ընդունվեց ՀՀ կառավարության 2024թ․ հունվարի 4-ի նիստի ժամանակ։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների մեջ կարևոր տեղ է գրավում այնպիսի ցուցանիշ, ինչպիսին փաստացի գիտաշխատողների լրիվ զբաղվածության համարժեքն է մեկ միլիոն բնակչի հաշվով, և սա ցույց է տալիս գիտաշխատողների այն համամասնությունը, որոնք ունեն լրիվ զբաղվածություն և այդ զբաղվածությամբ զբաղվում են գիտական գործունեությամբ․ «Պետք է ասեմ, որ Հայաստանում այս ցուցանիշը բավական ցածր է։ Մենք ընդհանուր առմամբ ունենք 2455 նման գիտաշխատող, որը մեկ միլիոն բնակչի հաշվարկով կազմում է մոտ 830, և այս ցուցանիշով բավական զիջում ենք մյուս երկրներին, այդ թվում՝ տարածաշրջանի։ Հետևաբար անհրաժեշտ է, որ մեր քաղաքականության գործիքները խրախուսեն գիտաշխատողների՝ լրիվ զբաղվածությամբ գիտական գործունեությամբ զբաղվելը»։

2008 թվականից գործող որոշմամբ գիտաշխատողները պետական ֆինանսավորման ծրագրերում ներգրավված լինելու պարագայում իրենց գիտական աստիճանի համար ստանում էին հավելավճար՝ գիտությունների թեկնածուները՝ 25 000 դրամի չափով, գիտությունների դոկտորները՝ 50 000 դրամի չափով։ Հավելավճարը հատկացվում էր գիտնականին, եթե նա պետական ֆինանսավորման ծրագրերում ներգրավված էր առնվազն նվազագույն աշխատավարձի ու դրանից բարձր վարձատրության պայմաններում։

Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ գիտնականների աշխատավարձերի բարձրացման ֆոնին նախկինում հաստատված կարգը վերածվել է առանց նախապայմանի հավելավճար տրամադրելու գործիքի, քանի որ մեծամասնությունը հաղթահարում է սահմանված նվազագույն աշխատավարձի շեմը․ 

«Հետևաբար այս փոփոխություններն ենք նախաձեռնել, որով կանոնակարգում ենք գիտական աստիճանի համար հատկացվող հավելավճարի տրամադրման պայմանները՝ հավելավճարի չափը պահպանելով նույնը։ Կարգի ընդունումից հետո հավելավճար կստանան միայն այն գիտական աշխատողները, որոնք ունեն գիտական աստիճան, ներգրավված են պետական ֆինանսավորման բազային ծրագրերում և աշխատում են աշխատաժամանակի առնվազն նորմալ ծանրաբեռնվածությամբ, այսինքն՝ ամբողջական ծանրաբեռնվածությամբ»,- մանրամասնեց նախարարը՝ նշելով, որ հավելավճարի տրամադրման այս գործիքը կդառնա գիտության ոլորտում նորմալ ծանրաբեռնվածությամբ աշխատանքի անցնելու հավելյալ խթան, և սա կարևոր է, որ գիտական գործունեությունը դիտարկվի իբրև պրոֆեսիոնալ ու հիմնական զբաղմունք։

«Մեր դիտարկումներով այս պահին բազային ֆինանսավորման ծրագրերում ներգրավված, գիտական աստիճան ունեցող 2162 անձանցից 778-ը այս պայմանների բավարարման խնդիր կունենա, և դրանով իսկ մենք կխրախուսենք, որ նրանք ևս անցում կատարեն ամբողջական ծանրաբեռնվածությամբ աշխատանքի»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Այս որոշմամբ նրանց խնդրում ենք, որ ավելի ակտիվ զբաղվեն գիտությամբ, մանավանդ որ կարծում ենք, որ դրա համար, չեմ ասում իդեալական, բայց որոշակի պայմաններ ստեղծել ենք։ Վերջերս ԳԱԱ-ում խոսում էինք, թե ինչքան գիտական սարքեր ենք ձեռք բերել, ձեռք բերելու։ 2024թ․-ին մի քանի միլիարդ դրամի գիտական սարքերի ձեռքբերում է նախատեսված, բայց այդ սարքերը պետք է մեր հարգարժան գիտնականների միջոցով օգտագործվեն, մինչև նաև նոր սերունդ կաճի, և նոր սերունդը նույնպես այդ հնարավորությունը կունենա։ Կարծում եմ՝ արդարացված և ճիշտ որոշում է»։

ԿԳՄՍ նախարարն էլ հիշեցրեց, որ ընդամենը մի քանի նիստ առաջ հաստատվել է նաև գիտնականների ատեստավորման նոր կարգը, որը սինխրոնացված է այս մոտեցումների հետ․ «Այսինքն՝ այնտեղ էլ մենք այնպիսի խթաններ էինք դրել, որոնք պետք է գիտաշխատողներին խրախուսեն էլ ավելի ինտենսիվ գիտական գործունեություն վարել, ընդ որում՝ միջազգային առումով մրցունակ գիտական արտադրանքի մասին է խոսքը, և այս հավելավճարների քաղաքականությունն էլ գալիս է կապվելու ատեստավորման այդ նույն տրամաբանության հետ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել