Ավստրիա

Հայաստանը պատրաստ է և իսկապես ցանկանում է կառուցել խաղաղություն մեր տարածաշրջանում և լուծել բոլոր կնճռոտ հարցերը. ՀՀ ԱԳ նախարար

Հայաստանը պատրաստ է և իսկապես ցանկանում է կառուցել խաղաղություն մեր տարածաշրջանում և լուծել բոլոր կնճռոտ հարցերը. ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցրեին Ավստրիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,Հարգելի՛ պարոն նախարար, պարո՛ն Շալենբերգ, Ողջունում եմ Ձեր այցը Երևան, Հայաստանի Հանրապետություն: Հատկանշական է և շատ ուրախալի, որ այս այցը համընկնում է մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ, և ուրախությամբ պետք նկատեմ, որ այս 30 տարիների ընթացքում բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացվել․ կա քաղաքական, տնտեսական և մշակութային երկխոսության ու համագործակցության լուրջ փորձ: Անշուշտ, մենք չենք իրացրել այն ողջ ներուժը, որը կա մեր երկու երկրների միջև հարաբերություններում, և ես մեծ հույս ունեմ, որ այս այցը խթան կհանդիսանա, որպեսզի այդ ուղղությունով առաջ շարժվենք՝ անցնենք մեր միջև հարաբերությունների հաջորդ փուլին։ Այս առումով ուրախալի է նկատել, որ պարոն Շալենբերգին ուղեկցում է ավստրիական լուրջ բիզնես պատվիրակություն, և մենք այստեղ վաղը ունենք հայ-ավստրիական բիզնես ֆորումի բացում և աշխատանքներ։ Եվ նաև ուզում եմ ևս մեկ հատկանշական փաստ ներկայացնել. մենք այս այցի ընթացքում համատեղ կբացենք Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակը Երևանում, և այս գործակալությունը ևս կլինի այն կարևոր միջոցներից մեկը, որով մեր համագործակցությունը կշարունակվի: Ուզում եմ մեր գործընկերներին, Ձեր թույլտվությամբ, պարո՛ն նախարար, տեղեկացնել, որ մենք քիչ առաջ ունեցել ենք համատեղ քննարկում, որտեղ անդրադարձել ենք և՛ երկկողմ հարաբերություններին և՛ տարածաշրջանին և ընդհանրապես՝ աշխարհում տեղի ունեցող վերջին զարգացումներին: Ես կիսվել եմ նախարար Շալենբերգի հետ մեր տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումներով՝ և՛ Լեռնային Ղարաբաղին, և՛ Հայաստան-Ադրբեջան սահմանին առնչվող բոլոր խնդիրներով։ Տեղեկացրել եմ նաև Հայաստան-Թուրքիա երկխոսության վերջին զարգացումների մասին: Ուրախությամբ պիտի նկատեմ, որ պարոն Շալենբերգը, վստահ եմ՝ իր ելույթում ևս կնշի, միանշանակ ողջունում և սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափինվ և նրանց ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի դեռ չլուծված հակամարտության կարգավորմանը։ Նա նաև իր աջակցությունն է հայտնել բոլոր առկահումանիտար խնդիրների լուծմանը, ինչպիսիք են մեր ռազմագերիների հարցը և մշակութային հուշարձանների պահպանման ու հասանելիության հարցը։ Մենք այսօր նաև հարցուպատասխանի հնարավորություն կունենանք։ Խոսքս փոխանցում եմ իմ գործընկերոջը։ Համեցե՛ք, խնդրեմ։ ՀՀ ԱԳ նախարարի արձագանքը՝ Ավստրիայի ԱԳ նախարարի ելույթից հետո Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար, պարո՛ն նախարար։ Ես հուսով եմ, որ Դուք այս անգամ Երևանից գնալիս ինձ հրաժեշտ կտաք ոչ միայն որպես գործընկերոջ, այլև՝ որպես ընկերոջ։ Եվ նաև, ուզում եմ կրկին ընդգծել բիզնես համայնքների միջև համագործակցության կարևորությունը և ասել, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, Հայաստանն ազատ և իրապես մրցակցային շուկա ունեցող, շուկայական տնտեսական հարաբերություններ ունեցող երկիր է։ Հայաստանը մի երկիր է, որն անհաշտ պայքար է մղում կոռուպցիայի դեմ, և այս առումով կարծում եմ, որ ավստրիացի գործարարների համար անհրաժեշտ պայմանները ստեղծված են՝ իրենց հետաքրքրություններն իրականացնելու համար։ Այժմ Ձեր թույլտվությամբ անդրադառնանք հարցերին։ Հարց. Հարցս կցանկանայի ուղղել Ավստրիայի արտաքին գերատեսչության ղեկավարին: Պարո՛ն նախարար, արցախյան երկրորդ պատերազմից հետո հանրապետությունում առկա են մի շարք հումանիտար բնույթի խնդիրներ: Խոսքը, առաջին հերթին, բնականաբար, գերիների և քաղաքացիական անձանց մասին է, որոնք շարունակում են պահվել Բաքվում․ չնայած տարբեր հորդորների, Ադրբեջանը հրաժարվում է մարդկանց վերադարձնել Հայաստան: Երկրորդ կարևոր խնդիրը դա միջազգային հումանիտար կառույցների մուտքի արգելափակումն է Արցախի Հանրապետություն: Այդ կառուցները, ցավոք սրտի, հնարավորություն չունեն աշխատելու այդ տարածքներում: Ինչպիսի՞ն եք Դուք տեսնում միջազգային հանրության դերակատարումը այս երկու՝ Հայաստանի համար երկու կարևոր հարցերի հանգուցալուծման առումով: Շնորհակալություն: Արարատ Միրզոյան. Թեև հարցը ինձ չէր ուղղված, այնուամենայնիվ ես էլ արձագանքեմ, որովհետև պարոն նախարարը չափազանց կարևոր բաներ ասեց, ես ուզում եմ փոքրիկ լրացում անել։ Իսկապես, որքան էլ որ միջազգային հանրությունն իր գործիքակազմը կիրառի և խրախուսի՝ կողմերին գալու համաձայնության տարբեր հարցերում, այնուամենայնիվ էական է, որ բուն կողմերն ունենան այդ քաղաքական կամքը։ Կարծում եմ և՛ դուք, և՛ ողջ աշխարհը տեսել եք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և իսկապես ցանկանում է կառուցել խաղաղություն մեր տարածաշրջանում և լուծել բոլոր կնճռոտ հարցերը, և այս մասին մենք հայտարարել ենք ոչ միայն հրապարակավ, այլև գրել ենք մեր կառավարության ծրագրում: Այն ընդունվել է Ազգային ժողովում և դրանից հետո տեղի են ունեցել ընտրություններ, և Հայաստանի ժողովուրդը, ըստ էության, քվեարկել է այդ խաղաղության համար: Եվ ահա այստեղ է, որ մենք պետք է ցավով արձանագրենք, որ ոչ միշտ կամ, կարելի է ասել՝ ճիշտ հակառակը, մշտապես հակառակ մեսիջներ ենք ստանում պաշտոնական Բաքվից։ Որպես օրինակ, կարող եմ գործընկերներին խորհուրդ տալ նայել Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը: Ինչպես և նախկինում, այնպես էլ այսօր, ես կրկնում եմ, որ հակահայ հռետորաբանությունը, ագրեսիվ հռետորաբանությունը, ագրեսիվ քայլերը սահմանին և հումանիտար խնդիրների չլուծելը, օրինակ՝ ռազմագերիների շարունակական առկայությունը Ադրբեջանում, մեղմ ասած, չեն նպաստում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը: Ուզում եմ հավելել, որ թեև դա նախատեսված չէր հրադադար հաստատող եռակողմ հայտարարությամբ, այնուամենայնիվ հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի քարտեզներ, քանի որ մենք շահագրգռված չենք մարդկանց մահվան մեջ և մեր կողմից միակողմանիորեն լուծում ենք տվել այդ հարցին: Նաև ուզում եմ անդրադառնալ միջազգային կազմակերպություններին: Ցավով պետք է ասեմ, որ այստեղ ևս Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումն ակնհայտ երևում է, որովհետև նրանք պարտադրում են ոչ միայն այլ միջազգային կառույցների, այլև նույնիսկ միջազգային Կարմիր խաչի կոմիտեին, որը մարդասիրական նպատակներ հետապնդող կազմակերպություն է և որևէ քաղաքական ենթաշերտ և կոնտեքստ չունի, և, ահա, Ադրբեջանը, ըստ էության, պարտադրում է նույնիսկ միջազգային Կարմիր խաչին տեղավորվել այն քաղաքականության մեջ, որ իրենք են տեսնում: Սա միակ կազմակերպությունն է, որն այս տարիների ընթացքում եղել է, ունեցել է ներկայություն և մուտք ու ելք է ունեցել Լեռնային Ղարաբաղ, և այժմ Ադրբեջանը, ըստ էության, փաստորեն նույնիսկ սա է սահմանափակում: Ես պետք է ամփոփելով վերահաստատեմ, որ մենք ցանկանում ենք կառուցողական խոսակցություն և բոլոր հարցերի լուծում, ինչպես և Դուք նշեցիք՝ նպատակ ունենալով խաղաղություն և կայունություն հաստատել տարածաշրջանում, և այստեղ պահանջվում է նաև Ադրբեջանի նույնատիպ դիրքորոշումը: Հարց․ Ինչպես է ընթանում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Արարատ Միրզոյան. Շատ շնորհակալ եմ հարցի համար: Սա իսկապես կարևոր հարց է, որը հետքրքրում է և՛ հայ հասարակությանը, և՛, կարծում եմ, Թուրքիայի քաղաքացիներին, ինչպես նաև բոլոր միջազգային գործընկերներին: Պետք է ասեմ, որ, մեծ հաշվով, Հայաստանի Հանրապետության դիրքորոշման մեջ այս հարցում ոչինչ չի փոխվել այս տարիների ընթացքում։ Ինչպես և նախորդ բոլոր 25, 30 տարիների ընթացքում, այնպես էլ այսօր Հայաստանը կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանները պետք է բացվեն, և մեր երկրների միջև պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ առանց որևէ նախապայմանի: Ահա այս նպատակադրումով, այս ակնկալիքով է, որ մենք կրկին մտել ենք այս երկխոսության գործընթացի մեջ: Գիտեք, որ առայժմ տեղի է ունեցել մեկ հանդիպում: Պետք է ասեմ, որ առաջին հանդիպումը, իհարկե, շատ բովանդակային հարցերի չի կարողացել անդրադառնալ, բայց կան որոշակի դրական ազդակներ, որ գործընթացը կընթանա բարեհաջող, բայց կրկնում եմ՝ սա այն հարցերից է, որոնք ակնհայտորեն միայն մեկ կողմի դիրքորոշումից չեն կախված: Շնորհակալ եմ: Հարց. Շնորհակալություն: Հարցս ուղղում եմ Հայաստանի արտգործնախարարին: Դուք նոր խոսեցիք հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումից, կարո՞ղ եք ասել այս պահի դրությամբ պաշտոնական Երևանը, ի վերջո, որոշում կայացրե՞լ է, մասնակցելու՞ է Անթալիայի համաժողովին: Դու՞ք եք մեկնելու, թե պարոն Ռուբինյանն է մեկնելու: Այս հարցում որևէ նորություն կա՞, և հաջորդ հանդիպումը Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև ե՞րբ և որտե՞ղ է կայանալու: Դուք նաև հպանցիկ անդրադարձաք Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին, այնուամենայնիվ, Ձեր գնահատմամբ, պարոն Ալիևի այս խոսքերը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները բանակցությունների ֆոնին ինչպե՞ս են դիտվում: Շնորհակալություն: Արարատ Միրզոյան. Նախ՝ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացի կոնտեքստում՝ այո, ես և պարոն Ռուբինյանը հրավեր ենք ստացել մասնակցելու Անթալիայի միջոցառմանը, և, ըստ էության, քիչ առաջ մենք միջոցառումը քննարկել ենք նաև պարոն Շալենբերգի հետ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այս մասով դեռևս որոշում չունի. հարցը քննարկվում է: Ուղղակի ուզում եմ նշել, որ սա, ըստ էության, կարևոր է ընդգծել, որ երկկողմ այց չէ և երկկողմ համատեքստում պետք չէ դիտարկել, սա միջազգային դիվանագիտական իրադարձություն է, որին կարող է և Հայաստանի Հանրապետությունը որոշի մասնակցել. ես այդտեղ ոչ միայն խնդիր չեմ տեսնի, այլև, կարծում եմ, որ, նույնիսկ եթե այն շաղկապենք Հայաստան-Թուրքիա երկխոսության հետ, դրական երանգներ հաղորդելուց բացի այլ բան չունի: Ինչ վերաբերում է Ադրբեջանի մասով Ձեր հարցին, պիտի ուղղակի կրկնեմ, որ ես կարծում եմ, որ այն պայմաններում, երբ Հայաստանն իսկապես շահագրգիռ է և հայտարարում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելու իր պատրաստականության և ցանկության մասին, ահա այդ պայմաններում մենք պիտի նայենք երկրորդ կողմից, տվյալ դեպքում՝ Ադրբեջանից, նույն կառուցողական մոտեցումը տեսնենք: Նորից եմ կրկնում՝ այդ ագրեսիվ և հակահայ հռետորաբանությունը որևէ կերպ համապատասխան կառուցողական մթնոլորտի ստեղծմանը չի նպաստում: Նույնիսկ ավելին կարող եմ ասել․ գիտեք որ Հաագայի դատարանը դեկտեմբերի 7-ին կայացրել է համապատասխան որոշումներ, և ահա այդ որոշումներից մեկը ֆիքսում էր ադրբեջանական պաշտոնյաների կողմից հակահայկական հռետորաբանությունը. շատ հստակ արձանագրված է որոշումներում, և կոչ էր անում և պարտադրում էր Ադրբեջանի բարձր ղեկավարությանը՝ զերծ մնալ այդպիսի հռետորաբանությունից: Ահա սա ևս մի կարևոր նրբերանգ և պատճառ է, ինչի համար կարծում եմ, որ նրանք պիտի դադարեցնեն դա: Շնորհակալություն: Հարց․ Պարո՛ն նախարար, արդյո՞ք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վաղ թե ուշ կնքումը օգտակար կլինի Հայաստանի համար, և որո՞նք են նմանատիպ պայմանագրի պարագայում հայկական կողմի կարմիր գծերը։ Արարատ Միրզոյան. Իսկապես, կարևոր հարց եք բարձրացնում և պատասխանները, կարծում եմ, առավել քան ակնհայտ են: Ես քիչ առաջ խոսեցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մասին և ուզում եմ այժմ մանրամասնել. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն այն միջազգային ձևաչափն է, որը ստեղծվել է և օժտվել միակ և բացառիկ մանդատով՝ գտնել քաղաքական կարգավորում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համար: Ահա, հիմնախնդրի կարգավորումը դեռևս գտնված չէ, և մենք պիտի շարունակենք բանակցություններն այդ ձևաչափում․ կրկնում եմ, քաղաքական կարգավորում գտնելու ճանապարհը կամ արդյունքներից մեկը հենց խաղաղության համապարփակ համաձայնագրի պարամետրերը հստակեցնելն է և այդպիսի պայմանագիր մշակելը և, ըստ այդմ նաև՝ կնքելը: Ուզում եմ այստեղ ասել նաև, որ չափազանց էական է հիշել այն սկզբունքները, որոնք այս համանախագահությունը տարիների ընթացքում մշակել է և, ահա, այդ սկզբունքներից մեկը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն են և, մասնավորապես, ինքնորոշման իրավունքը։ Եվ այդ սկզբունքներից մեկը, օրինակ, ուժի չկիրառումն է, որը, ցավոք, տեսանք 2020 թվականի ընթացքում կոպտորեն ոտնահարվեց, և հիմա ոչ միայն Հայաստանը և Ադրբեջանը և ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, այլև ողջ աշխարհը պիտի որոշի՝ արդյոք ուժի չկիրառումը մնում է հիմնարար սկզբունք աշխարհում, թե՝ պետությունները կարող են թույլ տալ ուժի կիրառմամբ և ուժի սպառնալիքով կարևորագույն հարցեր և ժողովուրդների ճակատագրեր որոշել, որովհետև, եթե կանոնը խախտվում է մեկի համար, հավանաբար, դուռ է բացվում նաև մյուսների համար այդ ճանապարհով շարժվելու:
18:04 - 02 փետրվարի, 2022
Միջազգային հանրությանը պետք է, որ Երևանը, Բաքուն, հայերն ու ադրբեջանցիները կամք դրսևորեն՝ առաջ գնալու. Ավստրիայի ԱԳ նախարար |1lurer.am|

Միջազգային հանրությանը պետք է, որ Երևանը, Բաքուն, հայերն ու ադրբեջանցիները կամք դրսևորեն՝ առաջ գնալու. Ավստրիայի ԱԳ նախարար |1lurer.am|

1lurer.am: Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանում առկա են մի շարք հումանիտար բնույթի խնդիրներ. խոսքը առաջին հերթին գերիների և քաղաքացիական անձանց մասին է, որոնք շարունակում են պահվել Բաքվում: Ադրբեջանը հրաժարվում է նրանց վերադարձնել: Մյուս կարևոր խնդիրը միջազգային կառույցների մուտքի արգելափակումն է Արցախ: Ինչպե՞ս եք տեսնում այս հարցերի հանգուցալուծումը: Այսօրվա ասուլիսի ընթացքում «Լուրեր»-ի հարցին Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը պատասխանեց. «Ես հավատում եմ, և մենք տեղյակ ենք, որ բազմաթիվ շահագրգիռ կողմեր մտադիր են բարի գործեր իրականացնել: Ունենք անմիջական հարևաններ, Մինսկի խմբի համանախագահությունը, և ինչ էլ լինի, պետք է գործընթացն ուղղորդենք ԵԱՀԿ-ի շրջանակներում: Միջազգային հանրությունը չի կարող փոխարինել կողմերի քաղաքական կամքը: Միջազգային հանրությանը պետք են Երևանը, Բաքուն, հայերն ու ադրբեջանցիները, որ կամք դրսևորեն՝ առաջ գնալու: Գիտենք, որ վերքը դեռևս բաց է»: Ավստրիայի ԱԳ նախարարը ճիշտ քայլերի դիմելու պատրաստակամություն տեսնում է:
13:32 - 02 փետրվարի, 2022
Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգը կայցելի Հայաստան |hetq.am|

Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգը կայցելի Հայաստան |hetq.am|

hetq.am: Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։ Այդ մասին նշվում է Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության թվիթերյան միկրոբլոգում։     «Այսօր մենք տոնում ենք Հայաստանի և Ավստրիայի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։ Հաջորդ շաբաթ արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի այցը Երևան նոր հնարավորություն կլինի ակտիվացնելու մեր երկկողմ հիանալի հարաբերությունները և ուսումնասիրելու մեր հետագա համագործակցության հնարավորությունները»,- նշվում է գրառման մեջ։ Ալեքսանդր Շալենբերգը Ավստրիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնին վերանշանակվել է 2021 թվականի դեկտեմբերի 6-ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր դաշնային կանցլերի պաշտոնը։ Այդ պաշտոնին Սեբաստիան Կուրցին փոխարինելուց 52 օր անց՝ նա հրաժարական էր տվել։ Կանցլերի պաշտոնում հաստատվելուց հետո Շալենբերգը չէր դարձել Ավստրիայի ժողովրդական կուսակցության առաջնորդ։ Այն շարունակում էր ղեկավարել նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցը։ «Ես այդպիսի մտադրություն չունեմ և երբեք այդպիսի նպատակ չի եղել՝ ինձ վրա վերցնելու Ավստրիայի ժողովրդական կուսակցության նախագահի գործառույթը։ Ես համոզված եմ, որ երկու պաշտոնը՝ կառավարության ղեկավարի և Ավստրիայի ամենահեղինակավոր կուսակցության առաջնորդի, պետք է որքան հնարավոր է շուտ միավորվեն մեկ ձեռքում»,- իր հրաժարականի դիմումում գրել էր Շալենբերգը։ Ներկայում Ավստրիայի կանցլերի պաշտոնը զբաղեցնում է երկրի ներքին գործերի նախկին նախարար Կառլ Նեհամերը, որը զուգահեռաբար նաև Ժողովրդական կուսակցության առաջնորդն է։ Նոյեմբերի 18-ին Ավստրիայի խորհրդարանը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել էր նախկին կանցլեր Կուրցին՝ կոռուպցիոն սկանդալի հետաքննության համար։ Դատախազությունը կասկածում է, որ Կուրցը և նրա մի քանի մերձավորներ ավստրիական տաբլոիդներից մեկի խմբագրությանը վճարել են, որպեսզի նա Կուրցի վարած քաղաքականությունը լուսաբանի բարենպաստ լույսի ներքո։ Ըստ դատախազության՝ վճարումն արվել է պետական միջոցներից։ Քրեական գործով անցնում է Ավստրիայի ֆինանսների նախարարության մամուլի նախկին քարտուղար Յոհանես Ֆիշմանը, Ավստրիայի ժողովրդական կուսակցության անդամներ, սոցիոլոգներ և լրագրողներ, որոնք, ըստ դատախազության, իշխանության գալու համար, օգնել են Կուրցին մանիպուլացնել հանրային կարծիքը։ Ինքը՝ Կուրցը, հերքում է բոլոր մեղադրանքները։
16:25 - 25 հունվարի, 2022
Ավստրիան նախատեսում է տարհանել Կիևում դեսպանատան աշխատակիցներին, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել |tert.am|

Ավստրիան նախատեսում է տարհանել Կիևում դեսպանատան աշխատակիցներին, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել |tert.am|

tert.am: Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը հայտնել է, որ Վիեննան նախատեսում է տարհանել Կիևում դեսպանատան աշխատակիցներին, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Այս մասին հայտնում է tass.ru-ն։«Իհարկե, մենք Կիևում մեր դեսպանատունը տարհանելու ծրագրեր ունենք, բայց այս պահին դրանք դեռ չենք իրականացրել, քանի որ հենց հիմա մեզ անհրաժեշտ է ամբողջ ուժով վերահսկել այնտեղ տիրող իրավիճակը»,- ասել է նա։Նախարարը հավելել է, որ Վիեննան կգնա նման քայլի, եթե Ուկրաինայում փոխվի սպառնալիքը կամ անվտանգության իրավիճակը։Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Կիևից դիվանագետների տարհանման հատուկ պատճառներ չկան և հորդորել էր չդրամատիզացնել իրավիճակը։Մինչդեռ Մեծ Բրիտանիան սկսել է Ուկրաինայից տարհանել իր դեսպանատան աշխատակիցների մի մասին։ Այս որոշումն ընդունվել է Ուկրաինա Ռուսաստանի մոտալուտ ռազմական ներխուժման մասին լուրերի ֆոնին։«Դեսպանատան որոշ աշխատակիցներ և նրանց ընտանիքի անդամները դուրս են բերվում Կիևից՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի: Բրիտանական դեսպանատունը մնում է բաց և կշարունակի իրականացնել հիմնական աշխատանքները», - ասվում է դիվանագիտական ծառայության հայտարարության մեջ:
13:34 - 24 հունվարի, 2022
Ավստրիայում հակահամաճարակային սահմանափակումների դեմ զանգվածային ցույցեր են |hetq.am|

Ավստրիայում հակահամաճարակային սահմանափակումների դեմ զանգվածային ցույցեր են |hetq.am|

hetq.am: Ավստրիայում դարձյալ զանգվածային ցույցեր են։ Դրանց մասնակիցները բողոքում են կորոնավիրուսի համավարակի պատճառով իշխանությունների կողմից մտցված սահմանափակումների դեմ։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։ Ոստիկանության տվյալներով՝ միայն շաբաթ օրը՝ դեկտեմբերի 11-ին, տեղի ունեցած ցույցին հավաքվել է մոտ 15 հազար մարդ, որը կայացել է Վիեննայի Հելդենպլաց հրապարակում։ Բողոքի ցույցին հաջորդած երթին ցուցարարների թիվն ավելացել է՝ հասնելով 44 հազարի։ Աջ պոպուլիստական Ավստրիայի ազատության կուսակցության առաջնորդ Հերբերտ Քիքլը բողոքի ցույցի ժամանակ կոչ է արել դիմակայել COVID-19-ի պարտադիր պատվաստմանը, որն Ավստրիայի իշխանությունները նախատեսում են սկսել 2022 թվականի փետրվարից։ Նրա խոսքերով՝ այդ միջոցը, ինչպես նաև չպատվաստվածների համար անժամկետ լոքդաունը, հանդիսանում են «մարդկության վրա հարձակում»։ Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Ավստրիայի մյուս քաղաքներում։  Նոյեմբերի 22-ից Ավստրիայում, կորոնավիրուսի համավարակի պատճառով, մտցվել է համազգային լոքդաուն, որը տարածվում է երկրի բոլոր բնակիչների վրա։ Պատվաստված և բուժված քաղաքացիների համար այն ավարտվում է դեկտեմբերի 12-ին, այն դեպքում, երբ չպատվաստված քաղաքացիների համար լոքդաունը կշարունակի պահպանվել։ Բացի այդ, փետրվարի 1-ից Ավստրիայում պարտադիր կդառնա պատվաստումը։ Օրինախախտներին սպառնում են մեծ տուգանքներ։  Նոյեմբերի վերջից այդ երկրում, յուրաքանչյուր հանգստյան օրերին, տեղի են ունենում զանգվածային բողոքի ցույցեր, որոնց մասնակիցները բողոքում են հակակորոնավիրուսային սահմանափակումների դեմ։ Նախորդ շաբաթ ևս միայն Վիեննայում տեղի ունեցած բողոքի ցույցերին մասնակցել էր ավելի քան 40 հազար մարդ։
20:13 - 12 դեկտեմբերի, 2021
Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները քննարկել են բազմակողմ ձևաչափերում երկու երկրների փոխգործակցությունը, այդ թվում՝ ԵՄ և ԵԱՀԿ շրջանակներում

Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները քննարկել են բազմակողմ ձևաչափերում երկու երկրների փոխգործակցությունը, այդ թվում՝ ԵՄ և ԵԱՀԿ շրջանակներում

Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ ԱԳ նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Շվեդիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Միխայել Լինհարտի հետ։ Նախարար Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը պատասխանատու առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել ապագայում երկու բարեկամ երկրների միջև քաղաքական երկխոսության հետագա ամրաապնդման և փոխշահավետ համագործակցության ընդլայնման առնչությամբ։ Առևտրատնտեսական կապերը զարգացելու համատեքստում ընդգծվել է Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։ Կարևորվել է նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացումը։ ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև Ավստրիական զարգացման գործակալության գործունեությանը Հայաստանում։ Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Ավստրիայի կառավարությանը՝ Հայաստանի կայուն զարգացման ջանքերին աջակցելու համար։ Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները քննարկել են բազմակողմ ձևաչափերում երկու երկրների փոխգործակցությունը, այդ թվում՝ ԵՄ և ԵԱՀԿ շրջանակներում։ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը Միխայել Լինհարտին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Հայկական կողմը գոհունակություն է հայտնել ավստրիական կողմի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման վերաբերյալ դիրքորոշման առնչությամբ։ Անդրադարձ է կատարվել նաև հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության, միջազգային կազմակերպությունների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի անհրաժեշտության հարցերին։
09:55 - 03 դեկտեմբերի, 2021
Ֆրանսիայի նախագահը հայտարարում է՝ Ավստրալիայի վարչապետն իրեն խաբել է |armtimes.com|

Ֆրանսիայի նախագահը հայտարարում է՝ Ավստրալիայի վարչապետն իրեն խաբել է |armtimes.com|

armtimes.com: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վստահ է, որ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը խաբել է իրեն AUKUS-ում անվտանգության գործընկերության պայմանագրի վերաբերյալ: Ֆրանսիայի ղեկավարի խոսքերը մեջբերում է BFM հեռուստաալիքը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Ես ոչ թե կարծում եմ, այլ ես դա գիտեմ», - ասել է Մակրոնը՝ պատասխանելով ավստրալացի լրագրողի հարցին, թե նախագահը կարծում է, որ Մորիսոնը խաբե՞լ է իրեն։ Միաժամանակ Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ շատ է հարգում Ավստրալիան ու նրա ժողովրդին։ Մակրոնը հինգշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Մորիսոնի հետ առաջին անգամ այն բանից հետո, երբ Ավստրալիան հրաժարվեց Ֆրանսիայի հետ սուզանավերի մատակարարման ամենամեծ պաշտպանական պայմանագրից: Զրույցում Մակրոնը նշել է, որ Կանբերայի միակողմանի որոշումը՝ հրաժարվել պայմանագիրը հօգուտ մեկ այլ նախագծի, «խաթարել է երկու երկրների միջև վստահության հարաբերությունները», և Ավստրալիան պետք է «առաջարկի կոնկրետ գործողություններ, որոնք կմարմնավորեն իշխանությունների կամքը՝ վերանայելու երկկողմ հարաբերությունները և շարունակել համատեղ գործողությունները հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»:   Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
11:03 - 01 նոյեմբերի, 2021
Ավստրիայի նոր կանցլեր է դարձել Ալեքսանդեր Շալենբերգը |armenpress.am|

Ավստրիայի նոր կանցլեր է դարձել Ալեքսանդեր Շալենբերգը |armenpress.am|

armenpress.am: Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելենը վարել Է Ալեքսանդեր Շալենբեգի՝ որպես Ավստրիայի կանցլերի երդմնատվության արարողությունը՝ այդ պաշտոնից Սեբաստիան Կուրցի հեռանալուց հետո: Աարարողությունը կայացել Է հոկտեմբերի 11-ին Վիեննայում՝ պետության ղեկավարի դիվանատանը: Ավստրիայի արտագործնախարարության նախկին ղեկավարը դարձել Է հանրապետության նոր կանցլեր, որը ներկայացնում Է պահպանողական՝ Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը (ԱԺԿ): Վան դեր Բելենը նաեւ պաշտոնից արձակել Է Սեբաստիան Կուրցին: Շալենբերգի փոխարեն նախագահն արտաքին գործերի նախարար Է նշանակել Միխայել Լինխարտին: Լինխարտը 2018 թվականից ծառայել Է հանրապետության դեսպան Ֆրանսիայում: Մինչ այդ երկրար ժամանակ նա եղել Է երկրորդ դեմքն Ավստրիայի ԱԳՆ-ում՝ արտաքին քաղաքական գերատեսչության գլխավոր քարտուղարը: Շալենբերգը ծնվել Է 1969 թվականին Բեռնում (Շվեյցարիա) ազնվականական ծագմամբ ավստրիացի դիվանագետ (դեսպան) Վոլֆգանգ Շալենբերգի ընտանիքում: Մեծացել Է Հնդկաստանում, Իսպանիայում եւ Ֆրանսիայում, որտեղ գտնվել Է հայրը գործուղումների պատճառով: Կրթությամբ իրավաբան Է, սովորել Է Վիեննայի եւ Փարիզի համալսարաններում: 1997 թվականից աշխատում Է Ավստրիայի ԱԳՆ-ի համակարգում: Հոկտեմբերի 9-ին Կուրցը հայտարարել Է, որ կաշառակերությանը գործակցելու եւ վստահության չարաշահման կասկածանքով իր նկատմամբ վարվող հետաքննության պատճաով թողնում Է Ավստրիայի կանցլերի պաշտոնը, բայց մնում Է Ավստրիայի ժողովրդական կուսակցության առաջնորդը եւ կզբաղեցնի դրա խմբակցության նախագահի աթոռն Ազգային խորհրդում (խորհրդարանի ստորին պալատ), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:20 - 11 հոկտեմբերի, 2021
Ավստրիայի կանցլերը հրաժարական է տվել. նրան մեղադրում են կոռուպցիայի մեջ |hetq.am|

Ավստրիայի կանցլերը հրաժարական է տվել. նրան մեղադրում են կոռուպցիայի մեջ |hetq.am|

hetq.am: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է հրաժարական տալու մասին։ Մի քանի օր առաջ, կոռուպցիայի մեղադրանքով, Ավստրիայի դատախազությունը նրա նկատմամբ հետաքննություն էր սկսել։ Այդ մասին հայտնում է BBC-ն։  Դատախազությունը կասկածում է, որ Կուրցը և նրա մի քանի մերձավորներ ավստրիական տաբլոիդներից մեկի խմբագրությանը վճարել են, որպեսզի նա Կուրցի վարած քաղաքականությունը լուսաբանի բարենպաստ լույսի ներքո։ Ըստ դատախազության՝ վճարումն արվել է պետական միջոցներից։  Շաբաթ՝ հոկտեմբերի 9-ին, Սեբաստիան Կուրցը հեռուստատեսությամբ հայտարարել էր, որ հրաժարական է տալիս իր պաշտոնից, որպեսզի կանխի քաղաքական ճգնաժամն ու քաոսը։  «Մեզ կայունություն է պետք»,- հայտարարել է 35-ամյա Սեբաստիան Կուրցը՝ հավելելով, որ անպատասխանատու կլինի թույլ տալ, որ Ավստրիան այսօր հայտնվի քաղաքական ճգնաժամի մեջ, քանի դեռ երկիրը պայքարում է կորոնավիրուսի համավարակի դեմ։  Սեբաստիան Կուրցն առաջարկել է կանցլերի պաշտոնում նշանակել արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգին։ Միևնույն ժամանակ նա կմնա կուսակցության առաջնորդի պաշտոնում և կդառնա խորհրդարանում իր խմբակցության առաջնորդը։ «Կանաչները» դեռևս չեն պատասխանել, թե արդյոք համաձայն են կանցլերի պաշտոնում տեսնել Շալենբերգին։  Ընդ որում, Կուրցը հերքում է դատախազության կողմից իրեն վերագրվող մեղադրանքը, իսկ լրագրողներին կաշառելու լուրը կեղծ անվանում։
13:47 - 10 հոկտեմբերի, 2021
Ավստրիայի կանցլերը հրաժարական է տվել
 |tert.am|

Ավստրիայի կանցլերը հրաժարական է տվել |tert.am|

tert.am: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, իր դեմ հարուցված հակակոռուպցիոն գործի շրջանակում հետաքննության ֆոնին, հրաժարական է տվել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:Կուրցը այս մասին իր ուղերձում հայտարարել է. «Այժմ պետք է կայուն հարաբերություններ, այդ իսկ պատճառով, որպեսզի լուծվի պատային իրավիճակը, ես խնդրել եմ Ժողովրդական կուսակցության թիմին շարունակել աշխատանքը: Որպես կուսակցության նախագահ՝ ես դաշնային նախագահ Ալեքսանդր Շալենբերգին առաջարկում եմ որպես կառավարության նոր ղեկավար»:Հիշեցնենք, որ Կուրցի դեմ հարուցված կոռուպցիոն գործի պատճառով, կոալիցիոն գործընկերները պահանջել էին նրա հրաժարականը:Կուրցի կուսակցության կրտսեր կոալիցիոն գործընկերը`Կանաչները, բանակցություններ է վարել երեք ընդդիմադիր կուսակցությունների հետ, որոնք ավելի վաղ կոչ էին արել Կուրցին հրաժարական տալ:   Շարունակությունը՝ tert.am-ում։ 
11:45 - 10 հոկտեմբերի, 2021
Հայաստանի և Ավստրիայի արտգործնախարարները քննարկել են համագործակցության օրակարգը

Հայաստանի և Ավստրիայի արտգործնախարարները քննարկել են համագործակցության օրակարգը

ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միզրոյանը սեպտեմբերի 22-ին հանդիպում է ունեցել Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև համագործակցության օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Առանձնահատուկ ընդգծվել է տնտեսական ոլորտում համագործակցության առկա ներուժի կյանքի կոչումը, այս առումով կարևորելով առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը, ինչպես նաև երկու երկրների գործարար համայնքների միջև կապերի աշխուժացումը: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ավստրիական կողմի դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ` հավելելով, որ հակամարտության համապարփակ և տևական լուծման հիմքում պետք է լինի Արցախի ժողովրդի անվտանգության ու ազատության երաշխավորումը: Ինչպես ասվում է հաղորդագրությունում, զրուցակիցները կարևորել են նաև մշակութային ժառանգության պահպանման հարցերը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը միջազգային հանրության հրատապ ուշադրության կարիքն ունի՝ լիակատար ոչնչացման վտանգից պաշտպանելու համար։ Երկու նախարարները քննարկել են նաև կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում իրականացվող ջանքերը։
22:38 - 22 սեպտեմբերի, 2021