Հայաստանը պատրաստ է և իսկապես ցանկանում է կառուցել խաղաղություն մեր տարածաշրջանում և լուծել բոլոր կնճռոտ հարցերը. ՀՀ ԱԳ նախարար
18:04 - 02 փետրվարի, 2022

Հայաստանը պատրաստ է և իսկապես ցանկանում է կառուցել խաղաղություն մեր տարածաշրջանում և լուծել բոլոր կնճռոտ հարցերը. ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցրեին Ավստրիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,
Հարգելի՛ պարոն նախարար, պարո՛ն Շալենբերգ,

Ողջունում եմ Ձեր այցը Երևան, Հայաստանի Հանրապետություն: Հատկանշական է և շատ ուրախալի, որ այս այցը համընկնում է մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ, և ուրախությամբ պետք նկատեմ, որ այս 30 տարիների ընթացքում բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացվել․ կա քաղաքական, տնտեսական և մշակութային երկխոսության ու համագործակցության լուրջ փորձ:

Անշուշտ, մենք չենք իրացրել այն ողջ ներուժը, որը կա մեր երկու երկրների միջև հարաբերություններում, և ես մեծ հույս ունեմ, որ այս այցը խթան կհանդիսանա, որպեսզի այդ ուղղությունով առաջ շարժվենք՝ անցնենք մեր միջև հարաբերությունների հաջորդ փուլին։ Այս առումով ուրախալի է նկատել, որ պարոն Շալենբերգին ուղեկցում է ավստրիական լուրջ բիզնես պատվիրակություն, և մենք այստեղ վաղը ունենք հայ-ավստրիական բիզնես ֆորումի բացում և աշխատանքներ։ Եվ նաև ուզում եմ ևս մեկ հատկանշական փաստ ներկայացնել. մենք այս այցի ընթացքում համատեղ կբացենք Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակը Երևանում, և այս գործակալությունը ևս կլինի այն կարևոր միջոցներից մեկը, որով մեր համագործակցությունը կշարունակվի:

Ուզում եմ մեր գործընկերներին, Ձեր թույլտվությամբ, պարո՛ն նախարար, տեղեկացնել, որ մենք քիչ առաջ ունեցել ենք համատեղ քննարկում, որտեղ անդրադարձել ենք և՛ երկկողմ հարաբերություններին և՛ տարածաշրջանին և ընդհանրապես՝ աշխարհում տեղի ունեցող վերջին զարգացումներին: Ես կիսվել եմ նախարար Շալենբերգի հետ մեր տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումներով՝ և՛ Լեռնային Ղարաբաղին, և՛ Հայաստան-Ադրբեջան սահմանին առնչվող բոլոր խնդիրներով։ Տեղեկացրել եմ նաև Հայաստան-Թուրքիա երկխոսության վերջին զարգացումների մասին:

Ուրախությամբ պիտի նկատեմ, որ պարոն Շալենբերգը, վստահ եմ՝ իր ելույթում ևս կնշի, միանշանակ ողջունում և սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափինվ և նրանց ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի դեռ չլուծված հակամարտության կարգավորմանը։ Նա նաև իր աջակցությունն է հայտնել բոլոր առկահումանիտար խնդիրների լուծմանը, ինչպիսիք են մեր ռազմագերիների հարցը և մշակութային հուշարձանների պահպանման ու հասանելիության հարցը։

Մենք այսօր նաև հարցուպատասխանի հնարավորություն կունենանք։ Խոսքս փոխանցում եմ իմ գործընկերոջը։ Համեցե՛ք, խնդրեմ։


ՀՀ ԱԳ նախարարի արձագանքը՝ Ավստրիայի ԱԳ նախարարի ելույթից հետո

Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար, պարո՛ն նախարար։ Ես հուսով եմ, որ Դուք այս անգամ Երևանից գնալիս ինձ հրաժեշտ կտաք ոչ միայն որպես գործընկերոջ, այլև՝ որպես ընկերոջ։ Եվ նաև, ուզում եմ կրկին ընդգծել բիզնես համայնքների միջև համագործակցության կարևորությունը և ասել, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, Հայաստանն ազատ և իրապես մրցակցային շուկա ունեցող, շուկայական տնտեսական հարաբերություններ ունեցող երկիր է։ Հայաստանը մի երկիր է, որն անհաշտ պայքար է մղում կոռուպցիայի դեմ, և այս առումով կարծում եմ, որ ավստրիացի գործարարների համար անհրաժեշտ պայմանները ստեղծված են՝ իրենց հետաքրքրություններն իրականացնելու համար։ Այժմ Ձեր թույլտվությամբ անդրադառնանք հարցերին։

Հարց. Հարցս կցանկանայի ուղղել Ավստրիայի արտաքին գերատեսչության ղեկավարին: Պարո՛ն նախարար, արցախյան երկրորդ պատերազմից հետո հանրապետությունում առկա են մի շարք հումանիտար բնույթի խնդիրներ: Խոսքը, առաջին հերթին, բնականաբար, գերիների և քաղաքացիական անձանց մասին է, որոնք շարունակում են պահվել Բաքվում․ չնայած տարբեր հորդորների, Ադրբեջանը հրաժարվում է մարդկանց վերադարձնել Հայաստան: Երկրորդ կարևոր խնդիրը դա միջազգային հումանիտար կառույցների մուտքի արգելափակումն է Արցախի Հանրապետություն: Այդ կառուցները, ցավոք սրտի, հնարավորություն չունեն աշխատելու այդ տարածքներում: Ինչպիսի՞ն եք Դուք տեսնում միջազգային հանրության դերակատարումը այս երկու՝ Հայաստանի համար երկու կարևոր հարցերի հանգուցալուծման առումով: Շնորհակալություն:

Արարատ Միրզոյան. Թեև հարցը ինձ չէր ուղղված, այնուամենայնիվ ես էլ արձագանքեմ, որովհետև պարոն նախարարը չափազանց կարևոր բաներ ասեց, ես ուզում եմ փոքրիկ լրացում անել։ Իսկապես, որքան էլ որ միջազգային հանրությունն իր գործիքակազմը կիրառի և խրախուսի՝ կողմերին գալու համաձայնության տարբեր հարցերում, այնուամենայնիվ էական է, որ բուն կողմերն ունենան այդ քաղաքական կամքը։ Կարծում եմ և՛ դուք, և՛ ողջ աշխարհը տեսել եք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և իսկապես ցանկանում է կառուցել խաղաղություն մեր տարածաշրջանում և լուծել բոլոր կնճռոտ հարցերը, և այս մասին մենք հայտարարել ենք ոչ միայն հրապարակավ, այլև գրել ենք մեր կառավարության ծրագրում: Այն ընդունվել է Ազգային ժողովում և դրանից հետո տեղի են ունեցել ընտրություններ, և Հայաստանի ժողովուրդը, ըստ էության, քվեարկել է այդ խաղաղության համար:

Եվ ահա այստեղ է, որ մենք պետք է ցավով արձանագրենք, որ ոչ միշտ կամ, կարելի է ասել՝ ճիշտ հակառակը, մշտապես հակառակ մեսիջներ ենք ստանում պաշտոնական Բաքվից։ Որպես օրինակ, կարող եմ գործընկերներին խորհուրդ տալ նայել Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը: Ինչպես և նախկինում, այնպես էլ այսօր, ես կրկնում եմ, որ հակահայ հռետորաբանությունը, ագրեսիվ հռետորաբանությունը, ագրեսիվ քայլերը սահմանին և հումանիտար խնդիրների չլուծելը, օրինակ՝ ռազմագերիների շարունակական առկայությունը Ադրբեջանում, մեղմ ասած, չեն նպաստում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը: Ուզում եմ հավելել, որ թեև դա նախատեսված չէր հրադադար հաստատող եռակողմ հայտարարությամբ, այնուամենայնիվ հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի քարտեզներ, քանի որ մենք շահագրգռված չենք մարդկանց մահվան մեջ և մեր կողմից միակողմանիորեն լուծում ենք տվել այդ հարցին:

Նաև ուզում եմ անդրադառնալ միջազգային կազմակերպություններին: Ցավով պետք է ասեմ, որ այստեղ ևս Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումն ակնհայտ երևում է, որովհետև նրանք պարտադրում են ոչ միայն այլ միջազգային կառույցների, այլև նույնիսկ միջազգային Կարմիր խաչի կոմիտեին, որը մարդասիրական նպատակներ հետապնդող կազմակերպություն է և որևէ քաղաքական ենթաշերտ և կոնտեքստ չունի, և, ահա, Ադրբեջանը, ըստ էության, պարտադրում է նույնիսկ միջազգային Կարմիր խաչին տեղավորվել այն քաղաքականության մեջ, որ իրենք են տեսնում: Սա միակ կազմակերպությունն է, որն այս տարիների ընթացքում եղել է, ունեցել է ներկայություն և մուտք ու ելք է ունեցել Լեռնային Ղարաբաղ, և այժմ Ադրբեջանը, ըստ էության, փաստորեն նույնիսկ սա է սահմանափակում:

Ես պետք է ամփոփելով վերահաստատեմ, որ մենք ցանկանում ենք կառուցողական խոսակցություն և բոլոր հարցերի լուծում, ինչպես և Դուք նշեցիք՝ նպատակ ունենալով խաղաղություն և կայունություն հաստատել տարածաշրջանում, և այստեղ պահանջվում է նաև Ադրբեջանի նույնատիպ դիրքորոշումը:

Հարց․ Ինչպես է ընթանում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Արարատ Միրզոյան. Շատ շնորհակալ եմ հարցի համար: Սա իսկապես կարևոր հարց է, որը հետքրքրում է և՛ հայ հասարակությանը, և՛, կարծում եմ, Թուրքիայի քաղաքացիներին, ինչպես նաև բոլոր միջազգային գործընկերներին: Պետք է ասեմ, որ, մեծ հաշվով, Հայաստանի Հանրապետության դիրքորոշման մեջ այս հարցում ոչինչ չի փոխվել այս տարիների ընթացքում։ Ինչպես և նախորդ բոլոր 25, 30 տարիների ընթացքում, այնպես էլ այսօր Հայաստանը կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանները պետք է բացվեն, և մեր երկրների միջև պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ առանց որևէ նախապայմանի: Ահա այս նպատակադրումով, այս ակնկալիքով է, որ մենք կրկին մտել ենք այս երկխոսության գործընթացի մեջ:

Գիտեք, որ առայժմ տեղի է ունեցել մեկ հանդիպում: Պետք է ասեմ, որ առաջին հանդիպումը, իհարկե, շատ բովանդակային հարցերի չի կարողացել անդրադառնալ, բայց կան որոշակի դրական ազդակներ, որ գործընթացը կընթանա բարեհաջող, բայց կրկնում եմ՝ սա այն հարցերից է, որոնք ակնհայտորեն միայն մեկ կողմի դիրքորոշումից չեն կախված: Շնորհակալ եմ:

Հարց. Շնորհակալություն: Հարցս ուղղում եմ Հայաստանի արտգործնախարարին: Դուք նոր խոսեցիք հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումից, կարո՞ղ եք ասել այս պահի դրությամբ պաշտոնական Երևանը, ի վերջո, որոշում կայացրե՞լ է, մասնակցելու՞ է Անթալիայի համաժողովին: Դու՞ք եք մեկնելու, թե պարոն Ռուբինյանն է մեկնելու: Այս հարցում որևէ նորություն կա՞, և հաջորդ հանդիպումը Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև ե՞րբ և որտե՞ղ է կայանալու: Դուք նաև հպանցիկ անդրադարձաք Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին, այնուամենայնիվ, Ձեր գնահատմամբ, պարոն Ալիևի այս խոսքերը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները բանակցությունների ֆոնին ինչպե՞ս են դիտվում: Շնորհակալություն:

Արարատ Միրզոյան. Նախ՝ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացի կոնտեքստում՝ այո, ես և պարոն Ռուբինյանը հրավեր ենք ստացել մասնակցելու Անթալիայի միջոցառմանը, և, ըստ էության, քիչ առաջ մենք միջոցառումը քննարկել ենք նաև պարոն Շալենբերգի հետ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այս մասով դեռևս որոշում չունի. հարցը քննարկվում է:

Ուղղակի ուզում եմ նշել, որ սա, ըստ էության, կարևոր է ընդգծել, որ երկկողմ այց չէ և երկկողմ համատեքստում պետք չէ դիտարկել, սա միջազգային դիվանագիտական իրադարձություն է, որին կարող է և Հայաստանի Հանրապետությունը որոշի մասնակցել. ես այդտեղ ոչ միայն խնդիր չեմ տեսնի, այլև, կարծում եմ, որ, նույնիսկ եթե այն շաղկապենք Հայաստան-Թուրքիա երկխոսության հետ, դրական երանգներ հաղորդելուց բացի այլ բան չունի:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի մասով Ձեր հարցին, պիտի ուղղակի կրկնեմ, որ ես կարծում եմ, որ այն պայմաններում, երբ Հայաստանն իսկապես շահագրգիռ է և հայտարարում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելու իր պատրաստականության և ցանկության մասին, ահա այդ պայմաններում մենք պիտի նայենք երկրորդ կողմից, տվյալ դեպքում՝ Ադրբեջանից, նույն կառուցողական մոտեցումը տեսնենք: Նորից եմ կրկնում՝ այդ ագրեսիվ և հակահայ հռետորաբանությունը որևէ կերպ համապատասխան կառուցողական մթնոլորտի ստեղծմանը չի նպաստում:

Նույնիսկ ավելին կարող եմ ասել․ գիտեք որ Հաագայի դատարանը դեկտեմբերի 7-ին կայացրել է համապատասխան որոշումներ, և ահա այդ որոշումներից մեկը ֆիքսում էր ադրբեջանական պաշտոնյաների կողմից հակահայկական հռետորաբանությունը. շատ հստակ արձանագրված է որոշումներում, և կոչ էր անում և պարտադրում էր Ադրբեջանի բարձր ղեկավարությանը՝ զերծ մնալ այդպիսի հռետորաբանությունից: Ահա սա ևս մի կարևոր նրբերանգ և պատճառ է, ինչի համար կարծում եմ, որ նրանք պիտի դադարեցնեն դա: Շնորհակալություն:

Հարց․ Պարո՛ն նախարար, արդյո՞ք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վաղ թե ուշ կնքումը օգտակար կլինի Հայաստանի համար, և որո՞նք են նմանատիպ պայմանագրի պարագայում հայկական կողմի կարմիր գծերը։

Արարատ Միրզոյան. Իսկապես, կարևոր հարց եք բարձրացնում և պատասխանները, կարծում եմ, առավել քան ակնհայտ են: Ես քիչ առաջ խոսեցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մասին և ուզում եմ այժմ մանրամասնել. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն այն միջազգային ձևաչափն է, որը ստեղծվել է և օժտվել միակ և բացառիկ մանդատով՝ գտնել քաղաքական կարգավորում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համար: Ահա, հիմնախնդրի կարգավորումը դեռևս գտնված չէ, և մենք պիտի շարունակենք բանակցություններն այդ ձևաչափում․ կրկնում եմ, քաղաքական կարգավորում գտնելու ճանապարհը կամ արդյունքներից մեկը հենց խաղաղության համապարփակ համաձայնագրի պարամետրերը հստակեցնելն է և այդպիսի պայմանագիր մշակելը և, ըստ այդմ նաև՝ կնքելը:

Ուզում եմ այստեղ ասել նաև, որ չափազանց էական է հիշել այն սկզբունքները, որոնք այս համանախագահությունը տարիների ընթացքում մշակել է և, ահա, այդ սկզբունքներից մեկը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն են և, մասնավորապես, ինքնորոշման իրավունքը։ Եվ այդ սկզբունքներից մեկը, օրինակ, ուժի չկիրառումն է, որը, ցավոք, տեսանք 2020 թվականի ընթացքում կոպտորեն ոտնահարվեց, և հիմա ոչ միայն Հայաստանը և Ադրբեջանը և ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, այլև ողջ աշխարհը պիտի որոշի՝ արդյոք ուժի չկիրառումը մնում է հիմնարար սկզբունք աշխարհում, թե՝ պետությունները կարող են թույլ տալ ուժի կիրառմամբ և ուժի սպառնալիքով կարևորագույն հարցեր և ժողովուրդների ճակատագրեր որոշել, որովհետև, եթե կանոնը խախտվում է մեկի համար, հավանաբար, դուռ է բացվում նաև մյուսների համար այդ ճանապարհով շարժվելու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել