Ֆինանսների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

ՀՀ ֆինանսների նախարարը Տիգրան Խաչատրյանն է։

Վարչապետին է ներկայացվել Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեության հաշվետվությունը

Վարչապետին է ներկայացվել Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Հայկական ատոմային էլեկտրակայան»՝ կառույցի 2022 թ. գործունեության հաշվետվությանը ծանոթանալու նպատակով: Ինչպես տեղեկանում ենք Կառավարության տարածած հաղորդագրությունից, խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանը, «ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավար կազմը՝ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորությամբ, պաշտոնատար անձինք: Հայկական ԱԷԿ-ի ղեկավար կազմը հանդես է եկել հաշվետու զեկույցով և ներկայացրել 2022 թ. իրականացված աշխատանքները: Նշվել է, որ ՀԱԷԿ-ի թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը լրացել է 2016 թ., և իրականացված արդիականացման լայնածավալ աշխատանքների շնորհիվ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացվել է 10 տարով։ Արդյունքում, 1995 թ. ի վեր առաջին անգամ ատոմակայանն աշխատում է 100 տոկոս ջերմային հզորությամբ՝ 92 տոկոսի փոխարեն։    Զեկուցվել է, որ ընթացքի մեջ է թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման (ՇԺԵ-2) նախագիծը. աշխատանքներն իրականացվելու են 2023-2026 թթ., մշակվել և Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի հետ համաձայնեցվել է ՇԺԵ-2 հայեցակարգը, պատրաստ է նաև Կառավարության որոշման նախագիծը, որով կմեկնարկի գործընթացը։ Արդյունքում, ակնկալվում է, որ Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը հնարավոր կլինի անվտանգ շահագործել մինչև 2036 թվականը։ Տեղեկատվություն է ներկայացվել «ՀԱԷԿ»-ի մարդկային ռեսուրսների և ֆինանսատնտեսական ցուցանիշների վերաբերյալ։ Անդրադարձ է եղել նաև ՀՀ էներգետիկայի ոլորտի ռազմավարության հեռանկարներին, որով նախատեսվում է մինչև 2040 թ. զարգացնել ցածր ածխածնային արտանետումներով էներգիայի արտադրությունը՝ վերականգնվող և միջուկային էներգիայի արտադրությամբ: Այս համատեքստում ներկայացվել է միջազգային առաջատար փորձը: Հաշվետվության ներկայացումից հետո ծավալվել է մտքերի փոխանակություն: Քննարկման առարկա են դարձել Հայկական ԱԷԿ-ի հետագա գործունեության հետ կապված անելիքները, այդ թվում՝ թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացմանը, նոր էներգաբլոկի կառուցմանը, կադրերի մասնագիտական վերապատրաստմանը, միջազգային համագործակցությանը վերաբերող և այլ հարցեր: Վարչապետը, ՀՀ էներգետիկ ոլորտի զարգացման համատեքստում, կարևորել է ատոմակայանի անվտանգ ու հուսալի շահագործման ուղղությամբ հետևողական աշխատանքը և կառավարման արդյունավետության շարունակական բարելավումը: Կառավարության ղեկավարը նաև շրջայց է կատարել ատոմակայանի տարածքում՝ ծանոթացել էլեկտրաէներգիայի արտադրության տեխնոլոգիական շղթայում ներառված հիմնանորոգված համակարգերին ու սարքավորումներին, այդ թվում բլոկի կառավարման վահանակի, տեղեկատվական-հաշվողական, նաև կայանի անվտանգ շահագործումն ապահովող այլ համակարգերի արդիականացման աշխատանքներին։  
16:30 - 06 մարտի, 2023
ՀՀ ֆինանսների նախարարությունը և Ասիական զարգացման բանկը պատրաստ են ընդլայնել համագործակցության շրջանակը

ՀՀ ֆինանսների նախարարությունը և Ասիական զարգացման բանկը պատրաստ են ընդլայնել համագործակցության շրջանակը

Ֆինանսների նախարարությունում փետրվարի 21-ին տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների հետ, որին մասնակցել են ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Ասիական զարգացման բանկի Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրենի տեղակալ Քերն Մյուրեյը, ԱԶԲ այլ պաշտոնյաներ, ինչպես նաև նախարարության ներկայացուցիչներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է ԱԶԲ-ի հետ համագործակցության կարևորությունը առանցքային ոլորտներում իրականացվող բարեփոխումների շրջանակներում: Նախարարը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում Ասիական զարգացման բանկի շարունակական աջակցությունը նաև կարողությունների և մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ։ Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները կարևորել են ԱԶԲ-Հայաստան ակտիվ փոխգործակցության ապահովումը ինչպես տարածաշրջանային համագործակցության և ինտեգրման, այնպես էլ մասնավոր հատվածում գիտելիքի և փորձի փոխանակման ուղղությամբ: Նշվում է, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցության շրջանակը, ինչը հնարավորություն կտա բացահայտելու այն ուղղությունները, որոնց շրջանակներում կարող է դիտարկվել ԱԶԲ նոր ծրագրերի իրականացումը: Քննարկվել են նաև Ասիական զարգացման բանկի հետ ընթացիկ ծրագրերը։
18:47 - 21 փետրվարի, 2023
ՀՀ ֆինանսների նախարարն ու Չեխիայի դեսպանն ընդգծել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը

ՀՀ ֆինանսների նախարարն ու Չեխիայի դեսպանն ընդգծել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը փետրվարի 17-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Ինչպես տեղեկանում ենք Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունից, ողջունելով դեսպանին՝ նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր պատասխանատու առաքելության մեջ: Չեխիայի դեսպանը ևս շնորհավորել է Վահե Հովհաննիսյանին ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության առկա իրավիճակն ու երկուստեք ընդգծել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը:
17:01 - 17 փետրվարի, 2023
Հայաստանի ֆինանսների նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին

Հայաստանի ֆինանսների նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը փետրվարի 14-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Ինչպես տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից, Վահե Հովհաննիսյանն իր խոսքում բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության հետ ձևավորված համագործակցային հարաբերությունները: Նախարար Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ նախարարությունների միջև հաստատված սերտ համագործակցությունը և դրա շրջանակներում փորձի փոխանակումը կնպաստեն մասնագիտական կարողությունների զարգացմանն ու կատարելագործմանը։ Դեսպան Կոպիրկինը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար,  շնորհավորել է Վահե Հովհաննիսյանին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացման ու ընդլայնման հնարավորություններին։
17:19 - 14 փետրվարի, 2023
«Ֆիթչը» վերահաստատել է Հայաստանի B+ վարկանիշը` հեռանկարը «կայուն»-ից փոխելով դեպի «դրական»

«Ֆիթչը» վերահաստատել է Հայաստանի B+ վարկանիշը` հեռանկարը «կայուն»-ից փոխելով դեպի «դրական»

ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ «Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը, վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն B+ վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից փոխելով դեպի «դրական»:  Հեղինակավոր վարկանիշային գործակալության զեկույցում նշվում է, որ Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարի վերանայման հիմքում ընկած են տնտեսության դրական դինամիկան և բարձր տնտեսական աճը, որի վրա դրական ազդեցություն է ունեցել մարդկանց և կապիտալի զգալի ներհոսքը, հարկային եկամուտների գերակատարումն ու պարտքի բեռի նվազումը, տնտեսության արտաքին դիրքի բարելավումը: Մասնավորապես, հատկանշական է Հայաստանի բարձր տնտեսական աճը, որը 2022թ. գնահատվել է 11.6%՝ ամենաբարձրը վերջին 15 տարիների ընթացքում: Բարձր աճի ձևավորման վրա ազդել են միգրանտների և կապիտալի զգալի ներհոսքը։ Գործակալությունն ակնկալում է, որ միգրանտների զգալի մասը կմնա Հայաստանում առնվազն երկու-երեք տարի, ինչը կհանգեցնի դրական տնտեսական զարգացումների պահպանմանը: Արձանագրվել է նաև բյուջեի դեֆիցիտի զգալի նվազում՝ պայմանավորված հիմնականում հարկային եկամուտների բարձր աճով: Արդյունքում, 2022թ. բյուջեի դեֆիցիտ/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 2.2% 2021թ. 4.6%-ի դիմաց: Բացի այդ, կառավարության պարտքը 2022թ. նվազել է գրեթե 13 տոկոսային կետով՝ կազմելով ՀՆԱ-ի 47.6%-ը և ակնկալում է, որ միջնաժամկետ հատվածում կպահպանվի այդ մակարդակում։ Դրական է գնահատվում նաև կապիտալի ներհոսքի պայմաններում արտաքին դիրքի բարելավումը՝ ընթացիկ հաշվի հավելուրդը, ինչը նպաստել է նաև արտարժութային պահուստների 880 մլն ԱՄՆ դոլար ավելացմանը: Բացի այդ, 2022թ. զուտ արտաքին պարտքը նվազել է մոտ 12 տոկոսային կետով և կազմել է ՀՆԱ-ի 44.5%-ը։ Գործակալությունն արտաքին կայունության տեսանկյունից կարևորում է ԱՄՀ հետ 171 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ եռամյա կանխարգելիչ նոր ծրագիրը, որը բացասական արտաքին ցնցումների դեպքում կարող է հանդիսանալ որպես բուֆեր: Միևնույն ժամանակ, Գործակալության դիտարկմամբ՝ Հայաստանն առանձնանում է կառավարման ուժեղ ցուցանիշներով, ինչպես նաև մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության ամուր շրջանակով և բարեփոխումների նկատմամբ վստահելի հանձնառությամբ: Գործակալության կողմից նշվել են նաև սուվերեն վարկանիշի հետագա բարելավմանը նպաստող գործոնները, որոնք են՝ միջնաժամկետ հատվածում կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի շարունակական նվազումը և կապիտալի զգալի ներհոսքի արդյունքում արձանագրված արտաքին դիրքի և ֆինանսների բարելավման պահպանումը միջնաժամկետ հատվածում:
11:45 - 12 փետրվարի, 2023
Հայաստանի ֆինանսների նախարարն ու Ջոն Գալագերը նախանշել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հայաստանի ֆինանսների նախարարն ու Ջոն Գալագերը նախանշել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը փետրվարի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին:  Ինչպես տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից, Վահե Հովհաննիսյանը, ողջունելով հյուրին, շնորհակալություն է հայտնել բրիտանական կողմին Հայաստանին աջակցելու պատրաստակամության համար: Նախարարը դեսպանին է ներկայացրել տնտեսական ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրներն ու մարտահրավերները: Դեսպան Գալագերը շնորհավորել է Վահե Հովհաննիսյանին ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նշելով, որ կարևորում է համագործակցության շարունակականության ապահովումը: Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը օտարերկրյա ներդրողների համար բարենպաստ, կանխատեսելի ու կայուն միջավայր ստեղծելու ուղղությամբ: Անդրադառնալով ոլորտային համագործակցությանը` կողմերը խոսել են Հայաստանում ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորման հարցում Բրիտանիայի կառավարության շարունակական աջակցության, մասնավորապես բյուջետային գործընթացի բարելավման նպատակով փորձի փոխանակման կարևորության մասին: Հանդիպման ընթացքում երկուստեք նախանշվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու օրակարգային հարցերի վերաբերյալ երկխոսությունը։
16:08 - 10 փետրվարի, 2023
Հայաստանի ֆինանսների նախարարն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանի ֆինանսների նախարարն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը փետրվարի 8-ին հանդիպել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիի հետ: Ինչպես տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից, Վահե Հովհանիսյանը, ողջունելով դեսպանին, նշել է, որ Հայաստանը մի շարք երկրների ֆինանսների նախարարությունների հետ երկկողմ ձևաչափով փորձի փոխանակման համագործակցության ծրագրեր ունի և ընդգծել, որ բավականին օգտակար կլինի նման համագործակցության հնարավորության դիտարկումը նաև ճապոնական կողմի հետ: Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շնորհավորել է Վահե Հովհաննիսյանին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արգասաբեր գործունեություն: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև համագործակցության հետագա ուղղություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
17:49 - 08 փետրվարի, 2023
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Սեբաստիան Մոլինեուսին

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Սեբաստիան Մոլինեուսին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը փետրվարի 3-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին և ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին: Ինչպես տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման սկզբում Վահե Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ ՀԲ-ն Հայաստանի կարևոր գործընկերներից է և ՀԲ-ի հետ աշխատանքները հատկապես վերջին շրջանում առավել ինտենսիվ բնույթ են կրում: Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել շարունակելու ընթացիկ արդյունավետ համագործակցության ուղղությամբ ջանքերը: Սեբաստիան Մոլինեուսը շնորհավորել է Վահե Հովհաննիսյանին ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ավանդույթ դարձած արդյունավետ փոխգործակցությունը հետագայում ևս կշարունակվի: Կողմերն անդրադարձել են ընթացիկ համատեղ ծրագրերին, մասնավորապես ՀԲ-ի կողմից տրամադրվելիք բյուջետային աջակցության գործընթացին և նախանշել են առաջիկա համատեղ գործողությունները:
17:16 - 03 փետրվարի, 2023
ՀՀ վարչապետի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել հարկային պոտենցիալի գնահատմանը վերաբերող խորհրդակցություն

ՀՀ վարչապետի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել հարկային պոտենցիալի գնահատմանը վերաբերող խորհրդակցություն

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված հարկային պոտենցիալի գնահատմանը: Ինչպես հայտնում են Կառավարությունից, խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և այլ պաշտոնատար անձինք: «Ինչպես նախորդ տարեվերջին ենք պայմանավորվել, այս տարի ժամանակ առ ժամանակ քննարկումներ կունենանք Հայաստանի Հանրապետության հարկային պոտենցիալի գնահատման վերաբերյալ: Կփորձենք գնահատել, թե մեր հարկային եկամուտներն ինչքանով, ինչ հարաբերության կամ հեռավորության մեջ են մեր երկրի հարկային պոտենցիալից»,- խորհրդակցության սկզբում նշել է Նիկոլ Փաշինյանը: Հաջորդիվ անդրադարձ է կատարվել ավելացված արժեքի հարկի, եկամտային հարկի և սոցիալական վճարների, ինչպես նաև՝ շահութահարկի գծերով փաստացի պետական բյուջե կատարված մուտքերին, հարկային եկամուտների մեծացման պոտենցիալ հնարավորություններին և ստվերի կրճատման ուղղությամբ իրականացվելիք քայլերին: Ներկայացված գնահատականների շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, հնչեցվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ՝ հարկային պոտենցիալ միջոցները պետական բյուջե ներգրավվելու ուղղությամբ: Քննարկվել են նաև Շրջանառության հարկի ուղղությամբ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները: Վարչապետ Փաշինյանը կարևորել է հարկային, մաքսային և այլ ոլորտներում կոռուպցիայի, ինչպես նաև՝ ստվերային դրսևորումների դեմ հետևողական ու արդյունավետ պայքարը: Հարկային պետոնցիալն իրացնելու համատեքստում վարչապետը նշել է. «Պետք է հասկանալ, թե որն է աշխատանքի արդյունավետ մեթոդաբանությունը, հստակ ֆիքսել խնդիրները և գնալ կոնկրետ լուծումների: Այս առումով, անհրաժեշտ են խորը և արմատական բարեփոխումներ»: Վարչապետը հանձնարարել է շարունակել քննարկումները և ներկայացնել հարկային պոտենցիալի լիարժեք իրացմանն ուղղված համապատասխան առաջարկություններ:
17:38 - 26 հունվարի, 2023
Գիտությանը հատկացվող միջոցները նախորդ տարվա համեմատ փաստացի ավելացել են ոչ թե 20,6, այլ 12,4%-ով․ 2022-ին գիտության համար նախատեսված միջոցներից 2,5 մլրդ դրամը հատկացվում է 2023-ին

Գիտությանը հատկացվող միջոցները նախորդ տարվա համեմատ փաստացի ավելացել են ոչ թե 20,6, այլ 12,4%-ով․ 2022-ին գիտության համար նախատեսված միջոցներից 2,5 մլրդ դրամը հատկացվում է 2023-ին

2022-ի բյուջեով նախատեսված էր, որ  գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի միջոցառումներից մեկի շրջանակում պետք է ստեղծվեին գիտության ոլորտում համատեղ օգտագործման և/կամ գերազանցության կենտրոններ, որոնց համար Եվրամիությունը (ԵՄ) պետք է հատկացներ 2,5 միլիարդ դրամ (11017 միջոցառում)։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) Գիտության կոմիտեն հայտնել էր, որ ԵՄ դրամական միջոցները հասանելի չեն եղել, ինչի պատճառով միջոցառումը փաստացի չի իրականացվել։ Մեր փորձերը՝ հասկանալու, թե ինչու են ԵՄ դրամաշնորհային միջոցներն անհասանելի եղել, և ինչու միջոցառումը չի իրականացվել, երեք ամիս ապարդյուն էին։    Գերատեսչությունները 3 ամիս խուսափում էին ուղիղ պատասխանից Ի սկզբանե մենք հարցում էինք ուղարկել ԿԳՄՍՆ, և Գիտության կոմիտեն ի պատասխան նշել էր, որ չի տիրապետում տվյալների, թե ինչու չի ֆինանսավորվել նշված միջոցառումը։ Այնուհետև մեր հարցերն ուղղել էինք վարչապետի աշխատակազմին, որտեղից հարցումը վերահասցեագրվել էր Ֆինանսների նախարարություն։ Ֆիննախից ևս մեր հարցերին ըստ էության չէին պատասխանել՝ ուղղորդելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ, քանի որ, ըստ Ֆիննախի, ԵՄ հետ աշխատանքները տանում է Մհեր Գրիգորյանի գրասենյակը։ Մհեր Գրիգորյանի գրասենյակը ևս այս հարցերի պատասխանները չուներ և մեր ուղարկած հարցումը վերահասցեագրեց ԿԳՄՍՆ, որին էլ ի սկզբանե ուղղել էինք հարցերը։   3 ամիս անց փոխվարչապետի գրասենյակը մեկնաբանություն է տալիս Մի քանի օր առաջ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեն պատասխանել է մեր հարցմանը, որը ԿԳՄՍՆ էր վերահասցեագրել Մհեր Գրիգորյանի գրասենյակը։ Մեր հարցին, թե ինչ պատճառներով ԵՄ դրամաշնորհային միջոցները հասանելի չեն եղել, Գիտկոմը տվել է նույն պատասխանը, ինչ նախորդ անգամ․ կոմիտեն չի տիրապետում այդ մասին տեղեկությունների։ Մենք նաև հետաքրքրվել էինք, թե արդյո՞ք ԵՄ-ն միջոցները տրամադրել է, սակայն կառավարությունն ինչ-ինչ պատճառներով որոշել է դրանք այլ ուղղությամբ ծախսել։ Ի պատասխան այս հարցի՝ Գիտկոմը նշել է․ «Միջոցառման համար նախատեսված միջոցներն այլ ուղղություններով ծախսելու որոշումը և, առհասարակ, պետական բյուջեում փոփոխություններ կատարելու մասին որոշումների (համապատասխան իրավական ակտերի ընդունման տեսքով) կայացման գործընթացը հրապարակային է, հասանելի թե՛ լրագրողների, թե՛ լայն հանրության համար, հետևաբար, այլ ուղղություններով ծախսելու վերաբերյալ հանրային տեղեկատվության բացակայությունը նշանակում է, որ այդպիսի որոշում չի եղել»: Հարցին, թե ինչու է նշված միջոցառումը ներառվել ՀՀ պետական բյուջեում, եթե ՀՀ կառավարությունը չէր կարողանալու ապահովել ԵՄ դրամաշնորհային միջոցների հասանելիությունը, Գիտկոմը պատասխանել է․ «Միջոցառումը պետական բյուջեում ներառվել է` հաշվի առնելով գիտության ոլորտում կառավարության կողմից տարվող քաղաքականությունը և դրա նպատակները: Այնուամենայնիվ, միջոցառման կատարումը միմիայն պայմանավորված չի եղել ԵՄ կողմից ֆինանսավորման առկայությամբ, և ԵՄ դրամաշնորհային միջոցների հասանելիության բացակայությունը միայն որոշակի շտկումներ է մտցրել միջոցառման կատարման ժամկետների և ձևաչափի առումով: Որպես նշվածի հաստատում` հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. միջոցառումների ծրագրի 27.1 կետով նախատեսված է 2022-2026 թթ․ ընթացքում գիտական կենտրոնները համալրել տարեկան 4-6 գիտական խոշոր սարքավորումներով: Ծրագրով 2022 թ․ համար նախատեսված էր 3 մլրդ 580 մլն ՀՀ դրամ (որից 2 մլրդ 500 մլն ՀՀ դրամը նախատեսվում էր տրամադրել ԵՄ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ համաձայն ՀՀ պետական բյուջեի 1162 ծրագրի 11017 միջոցառման): Բազային ֆինանսավորման 11002 միջոցառման շրջանակներում գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման նպատակով 2022 թ․ կազմակերպվել է գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու  մրցույթը, որի արդյունքում 2 մլրդ 933 մլն ՀՀ դրամ է հատկացվել 15 գիտական կազմակերպության՝ տարբեր կազմակերպությունների կողմից համատեղ օգտագործման ենթակա գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերման համար»: Նշված  2 մլրդ 933 մլն դրամը հատկացվել է 2022-ի բյուջեի մեկ այլ միջոցառման շրջանակում։ Խոսքը «Գիտական ենթակառուցվածքի արդիականացում» միջոցառման մասին է, որով նախատեսված էր գիտական կազմակերպությունների և բուհերի գիտական ստորաբաժանումների զարգացում, ծրագրերի իրականացում, գիտական սարքավորումների արդիականացում, միջազգային համագործակցության աջակցություն։ Այս միջոցառման ընդհանուր բյուջեն ավելի քան 11 միլիարդ 969 միլիոն դրամ էր, որից  2 մլրդ 933 մլնը, ինչպես պարզաբանել է Գիտկոմը, հատկացվել է գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերման համար։ Գիտկոմը չունի նաև այն հարցի պատասխանը, թե արդյո՞ք ԵՄ աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագիրն ի վերջո հասանելի է լինելու 11017 միջոցառումն իրականացնելու համար։ Մեր հարցին ի պատասխան՝ կոմիտեն նշել է միայն 2023-ի բյուջեով նախատեսվող միջոցառումների մասին․ «11017 միջոցառման փոխարեն, նույն տրամաբանության մեջ, 2023 թ․ ՀՀ պետական բյուջեի Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրում նախատեսված են «32004. Գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինում ու համատեղ օգտագործման գիտական սարքավորումների կենտրոնների ստեղծում» և «32003. Գիտական կենտրոնների վերանորոգում» միջոցառումները, որոնց շրջանակներում համապատասխանաբար 4 մլրդ 200 մլն ՀՀ դրամ և 940 մլն ՀՀ դրամ տրամադրվելու են մի շարք գիտական կազմակերպությունների արդիականացման և վերազինման նպատակով, որոնք էլ հետագայում հիմք կհանդիսանան Գիտության ոլորտում համատեղ օգտագործման և/կամ գերազանցության կենտրոնների ստեղծման համար: Այսինքն, 2023 թ. ՀՀ պետական բյուջեի 1162 ծրագրում ԵՄ դրամաշնորհային միջոցներ՝ որպես ֆինանսավորման աղբյուր, չեն նախատեսվել»: Հաշվի առնելով, որ Գիտկոմի պատասխանից կրկին պարզ չէին մեր հիմնական հարցերի պատասպանները, մենք կրկին դիմեցինք ԵՄ դրամաշնորհների ուղղությամբ բանակցությունների համար պատասխանատու կառույցին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակին՝ խնդրելով պարզաբանել՝ ինչու եՄ դրամաշնորհային միջոցները հասանելի չեն եղել, ինչու է 11017 միջոցառումը ներառվել  2022-ի բյուջեում, եթե կառավարությունը չէր կարողանալու ապահովել դրամաշնորհային միջոցների հասանելիությունը։ Այս անգամ Մհեր Գրիգորյանի գրասենյակից մեր հարցերին պատասխանել են, չնայած որ նույն պատասխանը մեզ կարող էին տրամադրել դեռ դեկտեմբերին, երբ առաջին անգամ էինք հարցում ուղարկել գրասենյակ։ Պատասխանում նշվում է հետևյալը․ «Հաշվի առնելով կրթության և գիտության ոլորտում ԵՄ հետ սերտ համագործակցությունը՝ 2022 թ. բյուջեի քննարկման ժամանակ առաջարկվել էր միջոցառումն իրականացնել ԵՄ-ի հետ համագործակցությամբ, սակայն հետագայում ԵՄ-ի հետ նման հարցի շուրջ բանակցություններ չեն տարվել, և որոշվել է միջոցառումն իրականացնել պետական բյուջեի միջոցների հաշվին»: Այս պատասխանից պարզ է դառնում, որ դրամաշնորհային ծրագրի շուրջ բանակցություններ չեն տարվել, այդ պատճառով էլ դրամաշնորհային միջոցները հասանելի չեն եղել, և միջոցառումը չի իրականացվել։ Սակայն պարզ չէր, թե որ տարվա բյուջեի ինչ միջոռում նկատի ուներ փոխվարչապետի գրասենյակը, երբ նշում էր, թե որոշվել է միջոցառումն իրականացնել պետական բյուջեի միջոցների հաշվին։ Այս մասին լրացուցիչ մեկնաբանություն խնդրեցինք Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանից, որը պարզաբանեց՝ խոսքը 2023-ի բյուջեի 11002 միջոցառման մասին է։ Այս միջոցառմամբ նախատեսվում են գիտական կազմակերպությունների և բուհերի գիտական ստորաբաժանումների զարգացում, ծրագրերի իրականացում, գիտական սարքավորումների արդիականացում, միջազգային համագործակցության աջակցություն։ Միջոցառման ընդհանուր բյուջեն ավելի քան 12 միլիարդ 452 միլիոն դրամ է, որի մի մասը հատկացվելու է գիտական սարքավորումների արդիականացմանը։ Ստացվում է, որ նախորդ տարվա բյուջեով 11017 միջոցառման շրջանակում պետք է 2,5 միլիարդ դրամ հատկացվեր գիտության ոլորտում համատեղ օգտագործման և/կամ գերազանցության կենտրոնների ստեղծման համար, բայց այդ գումարը չի հատկացվել, և միջոցառումը չի իրականացվել։ Իսկ Գիտկոմի նշած այս և այլ միջոցառումներն իրականացվելու են 2023-ի բյուջեով։   Գիտությանը հատկացվող միջոցները նախորդ տարվա համեմատ փաստացի ավելացել են ոչ թե 20,6, այլ 12,4%-ով Կառավարության սեպտեմբերի նիստերից մեկի ժամանակ ֆինանսների նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել էր, որ գիտությանը հատկացվող միջոցները 2023-ին կգերազանցեն 36 մլրդ դրամը, ինչը «ավելի քան 6,5 մլրդ դրամով ավելի է» 2022-ի հատկացումներից։ Հաշվի առնելով, որ 11017 միջոցառումն այդպես էլ չի ֆինանսավորվել, Տիգրան Խաչատրյանի նշած 6,5 մլրդ դրամ աճն այդքան էլ ճիշտ չէ։ Այսպիսով, 2022-ին գիտությանը հատկացվել էր ավելի քան  30 մլրդ 384 մլն դրամ (գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագիր և ԳՀՓԿ աշխատանքներ)։ 2023-ի բյուջեով նախատեսված է ավելի քան 36 մլրդ 655 մլն դրամ (գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագիր և ԳՀՓԿ աշխատանքներ)։ Եթե իրականացված լինեին 2022-ի բյուջեով նախատեսված բոլոր միջոցառումները, ապա նախորդ տարվա համեմատ այս տարվա հատկացումները 6 մլրդ 271 մլն դրամով կամ 20,6%-ով ավելի կլինեին։ Սակայն եթե հաշվի առնենք այն փաստը, որը 2022-ին նախատեսված միջոցներից 2,5 միլիարդը չի հատկացվել, և պետական կառույցների պատասխաններից դատելով՝ փոխարենը հատկացվում է այս տարվա բյուջեով, ապա այս տարի գիտությանը փաստացի հատկացվում է ոչ թե ավելի քան 36 մլրդ 655 մլն դրամ, այլ ավելի քան 34 մլրդ 155 մլն դրամ, այսինքն՝ չհաշված 2,5 մլրդ դրամը, որը պետք է հատկացվեր դեռ նախորդ տարի։ Այսպիսով, հատացումների փաստացի աճը նախորդ տարվա համեմատ 3 մլրդ 771 մլն դրամ է կամ 12,4%:   Աննա Սահակյան
17:07 - 19 հունվարի, 2023
Փնտրվում են գիտության 2022 թ․ ֆինանսավորման 10%-ն ու դրա բացակայության պատասխանատուն

Փնտրվում են գիտության 2022 թ․ ֆինանսավորման 10%-ն ու դրա բացակայության պատասխանատուն

Հայաստանի այս տարվա բյուջեում նշված էր, որ  գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի միջոցառումներից մեկի շրջանակում գիտության ոլորտում համատեղ օգտագործման և/կամ գերազանցության կենտրոնների ստեղծման համար ԵՄ-ն պետք է 2,5 միլիարդ դրամ հատկացներ։ ԵՄ դրամական միջոցները, սակայն, հասանելի չեն եղել, ինչի պատճառով միջոցառումը փաստացի չի իրականացվել։ Ո՛չ վարչապետի աշխատակազմը, ո՛չ ԿԳՄՍ կամ ֆինանսների նախարարությունները չունեն այն հարցի պատասխանը, թե ինչու միջոցառման ֆինանսավորումը չի իրականացվել։ Քանի որ նշված միջոցառումը ներառված էր բյուջեի գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրում, որի արժեքն ավելի քան 25 միլիարդ 155 միլիոն դրամ է, ստացվում է, որ ծրագրի համար հատկացվել է ավելի քիչ՝ ավելի քան 22 միլիարդ 650 միլիոն դրամ։   Գիտկոմը տեղյակ չէ՝ միջոցառումն ինչու չի ֆինանսավորվել 2022 թ․ պետական բյուջեում գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի համար պետք է հատկացվեր ավելի քան 25 միլիարդ 150 միլիոն դրամ (տե՛ս բյուջեի 2-րդ հավելված, 1162-րդ տող)։ Ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներից են գիտական ենթակառուցվածքի արդիականացումը,  գիտական և գիտատեխնիկական նպատակային-ծրագրային հետազոտությունները և այլն։ Ծրագրի 11017 միջոցառումը կոչվում է «ԵՄ աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում գիտության ոլորտում համատեղ օգտագործման և/կամ գերազանցության կենտրոնների ստեղծում»։ Միջոցառման շրջանակում պետք է իրականացվեին գիտական գերազանցության կենտրոնների ստեղծում, համալրում, զարգացում, գիտական սարքավորումների և հետազոտական ենթակառուցվածքների արդիականացում։ Այս ամենի իրականացման համար Եվրամիությունը (ԵՄ) պետք է տրամադրեր 2,5 միլիարդ դրամ։ Մենք հոկտեմբերի 19-ին գրավոր հարցում էինք ուղարկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍՆ)՝ խնդրելով հայտնել հետևյալը․ նշված միջոցառման շրջանակում գերազանցության քանի՞ կենտրոն է ստեղծվելու, որտե՞ղ և ի՞նչ ժամկետներում,  որքա՞ն գումար է հատկացվելու այդ կենտրոնների ստեղծման համար, որքա՞ն գումար է հատկացվելու գերազանցության կենտրոնների համալրման և զարգացման համար, միջոցառման շրջանակում գիտական ի՞նչ սարքավորումներ են ձեռք բերվելու, ի՞նչ ժամկետներում, հետազոտական ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ կոնկրետ ի՞նչ միջոցառումներ են իրականացվելու և գիտական ո՞ր հաստատություններում, ինչպես նաև այդ նպատակով որքա՞ն գումար է հատկացվելու։ Հարցման պատասխանը ստացանք ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեից։ Կոմիտեն նշել էր հետևյալը․ «2021-2026 թթ. միջոցառումների ծրագրի 27.1 կետով նախատեսված է 2022-2026 թթ․ ընթացքում գիտական կենտրոնները համալրել տարեկան 4-6 գիտական խոշոր սարքավորումներով, այդ թվում՝ նաև ԵՄ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Ծրագրի համաձայն՝ 2022 թ․ համար նախատեսված էր 3 միլիարդ 580 միլիոն ՀՀ դրամ, որի մի մասը՝ 2 միլիարդ 500 միլիոն ՀՀ դրամ, համաձայն ՀՀ պետական բյուջեի 1162 ծրագրի 11017 միջոցառման, նախատեսվում էր տրամադրել նշված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Նախատեսված դրամաշնորհային միջոցները հասանելի չեն եղել, հետևաբար ծրագիրն այդ մասով չի իրականացվել»։ Գիտկոմից հավելել են, որ բազային ֆինանսավորման 11002 միջոցառման շրջանակներում կազմակերպվել և ամփոփվել է գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթը, որի արդյունքում 2 միլիարդ 933 միլիոն դրամ է հատկացվել 15 գիտական կազմակերպության՝ 28 հայտով ներկայացված գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերման համար։ Կոմիտեն, սակայն, չի տիրապետում տվյալների, թե ինչու չի ֆինանսավորվել 11017 միջոցառումը։   Վարչապետի աշխատակազմը վերահասցեագրում է Ֆիննախ, Ֆիննախը՝ փոխվարչապետի աշխատակազմ Մենք նոյեմբերի 22-ին հարցմամբ դիմեցինք վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմ՝ խնդրելով պարզաբանել հետևյալ հարցերը․ ի՞նչ պատճառներով ԵՄ դրամաշնորհային միջոցները հասանելի չեն եղել, ԵՄ-ն միջոցները ՀՀ-ին չի՞ տրամադրել, թե՞  տրամադրել է, սակայն ՀՀ կառավարությունը որոշել է դրանք այլ ուղղությամբ  ծախսել, ինչո՞ւ է նշված միջոցառումը ներառվել ՀՀ պետական բյուջեում, եթե ՀՀ  կառավարությունը չէր կարողանալու ապահովել ԵՄ դրամաշնորհային  միջոցների հասանելիությունը, արդյո՞ք ԵՄ աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագիրն ի  վերջո հասանելի լինելու է 11017 միջոցառումն իրականացնելու համար,  եթե դրամաշնորհային ծրագրի միջոցները հասանելի չեն լինելու, ի՞նչ միջոցներով է իրականացվելու 11017 միջոցառումը։ Վարչապետի աշխատակազմից հարցումը վերահասցեագրվել էր Ֆինանսների նախարարություն, որտեղից էլ դեկտեմբերի 13-ին պատասխան ստացանք։ Ինչպես նախորդ երկու դեպքերում, այս անգամ էլ մեր հարցի պատասխանը բացակայում էր։ «Դրամաշնորհային միջոցների ներգրավման ուղղությամբ Եվրոպական միության հետ աշխատանքները տարվում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի կողմից, իսկ պետական բյուջեում ներառված՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող առանձին ծրագրերի առաջարկները ներկայացվել են համապատասխան ճյուղային նախարարությունների կողմից: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից աշխատանքներ են տարվել Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ՝ «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված ծրագրերի, ընթացիկ և առաջիկա տարիներին ԵՄ-ի կողմից դրամաշնորհային ֆինանսավորման ենթակա առաջնահերթ ուղղությունների համապատասխանեցման և հստակեցման ուղղությամբ»:   Արդյո՞ք հարցի հասցեատերն, այնուամենայնիվ, ԿԳՄՍՆ-ն է Ֆիննախից մեզ առաջարկել էին դիմել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ։ Այս թեմայով արդեն երրորդ հարցումը դեկտեմբերի 13-ին ուղարկեցինք փոխվարչապետի գրասենյակ։ Մհեր Գրիգորյանի գրասենյակից էլ պատասխաեցին, որ հարցումը վերահասցեագրվել է  ԿԳՄՍՆ՝ «հաշվի առնելով, որ նշված ծրագիրը գտնվում է նախարարության համակարգման ոլորտում»: Հիշեցնենք, որ մենք հարցումն ի սկզբանե ուղարկել էինք հենց ԿԳՄՍՆ, որտեղից մեր հարցի պատասխանը չէինք ստացել։ Այժմ սպասում ենք ԿԳՄՍՆ նոր պատասխանին, որը ստանալուն պես կհրապարակենք։ Այսպիսով, պետական գերատեսչությունները չունեն այն հարցի պատասխանը, թե ինչու ԵՄ-ն  չի ֆինանսավորել գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի 11017 միջոցառումը, որի արժեքը 2,5 միլիարդ դրամ է, այսինքն՝ ծրագրի համար նախատեսված ավելի քան 25 միլիարդ 155 միլիոն դրամի մոտ 10%-ը։   Աննա Սահակյան
16:49 - 30 դեկտեմբերի, 2022
Ընթանում է ԱԽ նիստը․ Փաշինյանը հայտնել է, որ փոխվարչապետ է նշանակվելու Տիգրան Խաչատրյանը

Ընթանում է ԱԽ նիստը․ Փաշինյանը հայտնել է, որ փոխվարչապետ է նշանակվելու Տիգրան Խաչատրյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը: Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, Հարգելի գործընկերներ, Անվտանգության խորհրդի հերթական նիստում հարցերի լայն շրջանակ ենք քննարկելու, իհարկե, այդ թվում՝ կքննարկենք տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական իրադրությունը: Մինչ օրակարգի հարցերին անցնելը, ուզում նաև տեղյակ պահել, որ այսօր Հանրապետության նախագահի հետ էլ ենք քննարկել այդ հարցը և փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Տիգրան Խաչատրյանը, ով մինչ այժմ զբաղեցնում էր Ֆինանսների նախարարի պաշտոնը: Ֆինանսների նախարարի պաշտոնում կնշանակվի Վահե Հովհաննիսյանը, ով զբաղեցնում է Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը»:
11:01 - 19 դեկտեմբերի, 2022
Ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների համար կներդրվի լրացուցիչ պետտուրք՝ կախված խաղադրույքների ծավալից. նախագիծ |1lurer.am|

Ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների համար կներդրվի լրացուցիչ պետտուրք՝ կախված խաղադրույքների ծավալից. նախագիծ |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Պետական տուրքի մասին» օրենքում, «Վիճակախաղերի մասին» օրենքում և «Շահումով խաղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծերի փաթեթը: Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝ նախագծերի փաթեթի առարկան խաղային ոլորտում գործունեության երկու տեսակների՝ ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների հարկային բեռի ավելացումն է: «Առաջարկվում է, պահպանելով լիցենզավորման համար նախատեսված տարեկան 600 միլիոն դրամի չափով պետական տուրքը, ներդնել նաև լրացուցիչ պետական տուրք, այս անգամ՝ կախված ընդունվող խաղադրույքների ծավալից»,- ասաց Պողոսյանը: Առաջարկվում է ինտերնետ շահումով խաղերի պարագայում յուրաքանչյուր 100 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելիս վճարել ևս 175 միլիոն դրամի պետական տուրք, իսկ տոտալիզատորների պարագայում՝ յուրաքանչյուր 50 միլիարդ դրամ խաղադրույք ընդունելիս վճարել ևս 50 միլիոն դրամ պետական տուրք:
12:24 - 16 դեկտեմբերի, 2022
Արտագնա աշխատանքից ստացվող եկամուտների մասով հարկային բեռի վերանայում չի լինի. Պողոսյանը՝ հայտարարագրման մասին |armenpress.am|

Արտագնա աշխատանքից ստացվող եկամուտների մասով հարկային բեռի վերանայում չի լինի. Պողոսյանը՝ հայտարարագրման մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը արտագնա աշխատողների համար հարկային լրացուցիչ բեռ չի ստեղծի: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ համակարգի ներդրման վերաբերյալ նախագծի առնչությամբ կազմակերպված խորհրդարանական լսումներում:  «Հաշվի առնելով, որ այս նախաձեռնությամբ չի նախատեսվում որևէ չհարկվող եկամուտ դարձնել հարկվող, չի նախատեսվում որևէ նվազեցումների շրջանակ սահմանափակել: Եվ ահա այս տրամաբանության մեջ չի նախատեսվում նաև հարկային բեռի վերանայում՝ արտագնա աշխատանքից ստացվող եկամուտների մասով: Ավելին՝ առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որ տարեկան կտրվածքով մինչև 12 մլն դրամ արտագնա աշխատանքից ստացվող եկամուտների մասով չպահանջվի նաև արտերկրում վճարված հարկերի մասին տեղեկանքի ներկայացում»,-ասաց Պողոսյանը: Ակնկալվում է, որ այս հնարավորությունը կտրվի անցումային ժամանակաշրջանում, որը նախատեսված է 5 տարվա հեռանկարով: Եվ դրա ավարտից հետո գործնականում արդեն ներդրված կլինեն հարկային մարմինների միջև տեղեկատվության ինքնաշխատ փոխանակման համակարգերը, առնվազն ԵԱՏՄ շրջանակում ակտիվորեն այսպիսի գործընթաց է ընթանում: Խորհրդարանն արդեն առաջին ընթերցմամբ ընդունել է եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրման մասին նախագիծը: Նախագծով առաջարկվում է համակարգի ներդրումն իրականացնել 3 տարվա ընթացքում՝ սկսած 2023 թվականից: Հարկային առաջին տարին, որի համար կներկայացվեն հայտարարագրեր, կլինի 2024 թվականը:
13:00 - 14 դեկտեմբերի, 2022