ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ խախտվող օրենքը․ «Ինֆոքոմի» կիսամյակային ամփոփումը

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ խախտվող օրենքը․ «Ինֆոքոմի» կիսամյակային ամփոփումը

Քաղաքական մեծամասնությունը տարբեր մակարդակներում պարբերաբար խոսում է թափանցիկ կառավարման ու հաշվետվողական գործելաոճի մասին, սակայն այդ հայտարարությունները, գործնականում, ոչ միշտ են «միս ու արյուն ստանում»։ Պետական կառույցներն ու պաշտոնատար անձինք հաճախ խախտում են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված պահանջներն ու դրա իրական նպատակները՝ տեղեկություն ստանալու մասին զանգվածային լրատվության միջոցների հարցումները անպատասխան թողնելով, տեղեկությունը ժամկետների խախտմամբ տրամադրելով կամ էլ բովանդակային տեղեկություն տալուց հնարավորինս խուսափելով։ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը սահմանում է, որ գրավոր հարցման պատասխանը դիմողին տրվում է այն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, իսկ եթե դրա համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա տրվում է դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին դիմողին գրավոր տեղեկացնում են նույն 5-օրյա ժամկետում՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ Ընդ որում՝ 5-օրյա եւ 30-օրյա ժամկետները, ըստ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի, ենթադրում են օրացույցային, այլ ոչ թե աշխատանքային օրերը, մինչդեռ պետական կառույցները, որպես կանոն, հաշվարկը աշխատանքային օրերով են անում։ «Ինֆոքոմ»-ի լրագրողներն առանձնացրել են 2023-ի երրորդ եւ չորրորդ եռամսյակում գերատեսչությունների կողմից «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի խախտման այն դեպքերը, որոնց առնչվել են իրենց աշխատանքի ընթացքում։ Իշխող Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը հարցմանը պատասխանում է գրեթե կես տարի անց՝ դատական հայցից հետո 2023 թվականի օգոստոսի 9-ին Infocom-ը հարցում է ուղարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ խնդրելով տրամադրել Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ կուսակցության կազմակերպած դրամահավաք-երեկոյի ընթացքում նվիրատվություններ կատարած անձանց ցանկը և նվիրատվության չափը։ Օգոստոսի 15-ին ստացել ենք պատասխան, որ կուսակցության աշխատակազմը ծանրաբեռնված է Երևանի ավագանու սպասվող ընտրությունների կազմակերպչական խնդիրներով և հարցմանը կփորձեն պատասխանել հնարավորինս սեղմ ժամկետներում։ Պատասխանը ստանալուց հետո կապ ենք հաստատել կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանի հետ, որը հեռախոսազրույցում նշել է, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը կուսակցություններին չի վերաբերում, ուստի, նրա պնդմամբ, պարտավոր չեն ենթարկվել օրենքով սահմանված ժամկետներին։ Ալեքսանյանը նշեց, որ քանի որ իրենք բարձր են գնահատում լրատվամիջոցների միջոցով հանրության հետ հաղորդակցությունը, երբ ազատ ժամանակ ունենան, հարցմանը կպատասխանեն։ «Ինֆոքոմը» դիմեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնին, որը 2023 թ․ դեկտեմբերի 4-ին դիմել էր դատարան՝ ՔՊ կուսակցությանը տեղեկություն տրամադրելու պարտավորեցման հայցով։ Հայցը դատարան ուղարկելուց 18 օր անց՝ դեկտեմբերի 22-ին, կուսակցության վարչության նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանն ուղարկեց հարցման պատասխանը։ Նշենք, որ այս տեղեկության հարցումն «Ինֆոքոմն» արել էր պատասխանը ստանալուց մոտ կես տարի առաջ։   Իրավապահները խուսափում են մեկնաբանել՝ ինչ է սպասվում Արցախի կալանավորներին եւ դատապարտյալներին Հայաստանում 2023 թ․ Արցախի ժողովրդի տեղահանումից հետո «Ինֆոքոմ»-ը փորձեց հասկանալ, թե ինչպես են Հայաստանում շարունակվելու Արցախի կալանավորների եւ դատապարտյալների վերաբերյալ քրեական վարույթները եւ պատժի կրումները կամ դրանք շարունակելու հնարավորություն կա՞ ընդհանրապես, թե՞ ոչ՝ հաշվի առնելով, որ գործ ունենք երկու տարբեր պետական համակարգերի եւ օրենսդրությունների հետ։ Գրավոր հարցումներ ուղարկեցինք ՀՀ Գլխավոր դատախազությանն ու Պաշտպանության նախարարությանը։ Մասնավորապես, հոկտեմբերի 16-ին Դատախազությանը խնդրեցինք տրամադրել ԼՂՀ և ՀՀ դատախազությունների միջեւ համագործակցության եւ փոխօգնության 2008 թ․-ի համաձայնագիրը, որը Արցախի դատախազության պաշտոնական կայքում հրապարակված էր, սակայն սեպտեմբերյան բռնի տեղահանությունից հետո այլեւս հասանելի չէ։ Օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում Դատախազությունն անպատասխան էր թողել հարցումը, իսկ նյութի հրապարակումից հետո՝ նոյեմբերի 9-ին, ուղարկել էր գրություն, որը մեր հարցման ըստ էության պատասխանը չէր պարունակում․ «Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ դրանում նշված հարցերը կարգավորվում են «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման և ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի համատեքստում»,- նշված էր գրության մեջ։ ՀՀ ՊՆ-ին դիմել էինք՝ խնդրելով տրամադրել երկու երկրների կառավարությունների միջեւ ռազմական համագործակցության մասին 1994 թ․-ի համաձայնագիրը, որով սահմանված են ԼՂՀ-ում ծառայող ՀՀ զինծառայողների եւ ՀՀ-ում ծառայող ԼՂՀ զինծառայողների կողմից կատարված հանցագործությունների քննության առանձնահատկությունները։ Նախարարությունը, սակայն, տեղեկության տրամադրումը մերժել էր՝ պետական գաղտնիքի հիմքով։ Հատկանշական էր, որ այդ համաձայնագրի մի քանի դրույթ ներառված է ՄԻԵԴ-ի՝ տարիներ առաջ կայացված վճռում, որը համացանցում հրապարակված է: Նույն թեմայի շրջանակում դիմել էինք նաեւ ՀՀ ոստիկանությանն ու ազգային անվտանգության ծառայությանը՝ խնդրելով որպես հասարակական անվտանգության եւ ազգային անվտանգության իրավասու կառույցներ՝ մանրամասնել, թե ինչ քայլեր են ձեռնարկում ՀՀ-ում ազատության մեջ գտնվող կալանավորների եւ դատապարտյալների հայտնաբերման ուղղությամբ։ ԱԱԾ-ից պատասխանել էին, որ հարցմամբ պահանջվող տեղեկատվության վերաբերյալ տեղեկություններ առկա չեն, իսկ Ոստիկանությունից առաջարկել էին դիմել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ հավելելով, որ պահանջվող տեղեկությունների տրամադրումը դուրս է իրենց լիազորությունների շրջանակից։ Մինչդեռ մի քանի օր անց ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը պատգամավորների հարցերին ի պատասխան Ազգային ժողովում հրապարակեց մեր մի շարք հարցերի պատասխաններ։   ՊՆ թեժ գիծն ու ՊՆ մամուլի բաժինը իրար հակասող տեղեկություններ են հաղորդում Այս տարվա աշնանը տարբեր քաղաքացիներ ՀՀ ՊՆ-ից հետաքրքրվել էին՝ «ՈՄԱ» կազմակերպության ԳՄԲԵԹ ամրաշինական կառույցների ստեղծման նախագիծը եւ դրա շրջանակում իրականացվող դրամահավաքը համաձայնեցվա՞ծ է ՊՆ-ի հետ։ ՊՆ թեժ գծից քաղաքացիներին հորդորել էին գումար չփոխանցել կազմակերպությանը, քանի որ «քրեական գործ է հարուցված»։ «Ինֆոքոմի» լրագրողն անձամբ զանգել էր ՊՆ՝ որպես քաղաքացի նույն հարցերը հնչեցնելու, եւ ստացել էր նույնատիպ հորդոր։  Ստուգելու համար այդ տեղեկության իսկությունը՝ գրավոր հարցմամբ դիմել էինք Գլխավոր դատախազությանը՝ պարզելու, թե արդյո՞ք ՈՄԱ կազմակերպության կամ հենց ԳՄԲԵԹ կրակակետերի կառուցման նախագծի առնչությամբ քրեական վարույթ կա, եւ եթե այո, ապա ո՞ր հոդվածով։ Դատախազությունից նշել էին, որ որևէ վարույթ չկա։ Հետևելով այդ պատասխանին՝ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից փորձել էինք այս դրվագի վերաբերյալ բանավոր մեկնաբանություն ստանալ, սակայն վերջինս առաջարկել էր հարցերն ուղարկել գրավոր։ Հոկտեմբերի 25-ին գրավոր հարցմամբ դիմել էինք նախարարությանը՝ խնդրելով մեկնաբանել, թե ինչու են պետական երկու գերատեսչություններ միմյանց հակասող տեղեկություն տրամադրում քաղաքացիներին։ Նաեւ խնդրել էինք պարզաբանել՝ եթե, ըստ ՊՆ-ի, ՈՄԱ-ի կամ դրա նախագծի վերաբերյալ կա նախաձեռնված քրեական վարույթ, ապա ինչո՞ւ ՊՆ-ն հրապարակային չի զգուշացնում հանրությանն այդ նախագծի հնարավոր վտանգների մասին։  Նոյեմբերի 1-ին ՊՆ-ն գրավոր պատասխանեց մեր հարցմանը՝ նշելով. «ՊՆ որեւէ պաշտոնատար անձ քաղաքացիների հետ զրույցում կամ այլ միջոցով նման տեղեկություն չի փոխանցել»։ Գոյություն չունեցող քրեական վարույթի վերաբերյալ ՊՆ աշխատակցի հայտնած տեղեկությունը և դրամական փոխանցում չանելու հորդորը կարող էր անտեղյակության կամ անփութության հետևանք լինել, եթե այդ նույն տեղեկությունը ՊՆ պաշտոնական հեռախոսահամարին պատասխանած մի քանի աշխատակիցներ չպնդեին և չհաստատեին։ Այնինչ, թե դիմած քաղաքացիները, և թե մենք իրականությանը չհամապատասխանող այդ տեղեկությունը ստացել ենք տարբեր օրերի՝ տարբեր աշխատակիցների կողմից։ Այստեղից կարելի է ենթադրել, որ ՊՆ-ն ՈՄԱ ՀԿ-ի վերաբերյալ քաղաքացիներին սխալ տեղեկություններ տրամադրելու որոշում ունի, սակայն ՊՆ-ի նման գործելակերպն անհասկանալի և չպարզաբանված է մնում։    Էկոնոմիկայի նախաարարությունը ժամկետի խախտմամբ է պատասխանում հարցումներին «Ինֆոքոմ»-ը փորձել էր պարզել, թե ինչի հետ է կապված ամեն տարի մթերվող խաղողի ցածր գինը, ինչու են տնտեսվաորղները քանդում իրենց խաղողի տնկարկները, ինչ խնդիրներ ունեն տնտեսվարողները և գործարանները, ինչով է պայմանավաորված ոգելից խմիչքների արտահանվող ծավալների աճին զուգահեռ նկատվող կոնյակի սպիրտի համար մթերվող խաղողի գնանկումը։  2023թ․ գոստոսի 29-ին Էկոնոմիկայի նախարարությունից գրավոր հարցմամբ խնդրել էինք տրամադրել Հայաստանում խաղողի հիմքով ոգելից խմիչքների արտադրությամբ զբաղվող գործարանների ցանկը։ Առանձին հարցմամբ խնդրել էինք տեղեկություն տրամադրել, թե ինչ փուլում են գտնվում Խաղողի ռեեստրի ստեղծման և գործարկման աշխատանքները եւ այլն։ Էկոնոմիկայի նախարարությունը հարցմանը պատասխանել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ՝ սեպտեմբերի 7-ին՝ մեր բազմաթիվ զանգերից հետո։  Նույն թեմայի շրջանակում Էկոնոմիկայի նախարարությանը հարցում էինք ուղարկել նաև հոկտեմբերի 16-ին, եւ պատասխանը դարձյալ ստացել ենք ժամկետի խախտմամբ՝ դարձյալ հեռախոսազանգով հիշեցումներից հետո՝ հոկտեմբերի 26-ին։ Նույն նյութի հետ առնչվող եւս մեկ հարցում ենք ուղարկել Էկոնոմիկայի նախարարություն նոյեմբերի 20-ին՝ հետաքրքրվելով, թե քանի տնտեսվարող է օգտվել Կառավարության կողմից գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսների սուբսիդավորման ծրագրից։ Այս անգամ եւս հարցման պատասխանը ստացել ենք սահմանված ժամկետներից ավելի ուշ՝ դեկտեմբերի 1-ին։ 
19:27 - 22 հունվարի, 2024
Պարեկներն օշականցու մոտ հայտնաբերել են կանեփանման և բյուրեղանման զանգվածներ

Պարեկներն օշականցու մոտ հայտնաբերել են կանեփանման և բյուրեղանման զանգվածներ

Հունվարի 20-ին՝ առավոտյան ժամը 05:15-ին, Օշական գյուղում ծառայություն իրականացնող Արագածոտնի մարզի պարեկները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, որի վարորդին, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, տեղափոխել են ոստիկանության Աշտարակի բաժին: Անձնական խուզարկությամբ օշականցի 35-ամյա տղամարդու բջջային հեռախոսի մարտկոցի պահոցում հայտնաբերվել է բյուրեղանման զանգվածով փաթեթ, իսկ գրպանի ծխախոտի տուփի մեջ եղած երեք փաթեթներում կար ընդհանուր 19 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված: Հայտնաբերվել է նաև ծալովի դանակ: Ըստ նրա՝ դեղնականաչավուն զանգվածը վայրաճ թփերից քաղած կանեփ է, իսկ բյուրեղանման զանգվածը ձեռք է բերել Տելեգրամ հավելվածի միջոցով, և երկուսն էլ անձնական օգտագործման համար են: Կազմված փաստաթղթերն ու 35-ամյա տղամարդը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն, հանգամանքները պարզվում են:
14:21 - 22 հունվարի, 2024
Բռնությունը պետք է բացառվի, իսկ կոռուպցիոն ցանկացած դրսևորում պետք է արժանանա իրավական համապատասխան հետևանքների. Վահե Ղազարյան

Բռնությունը պետք է բացառվի, իսկ կոռուպցիոն ցանկացած դրսևորում պետք է արժանանա իրավական համապատասխան հետևանքների. Վահե Ղազարյան

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հունվարի 19-ին հանդիպել է ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության անձնակազմի հետ։ Նախարարը կարևորել է ստորաբաժանման ամենօրյա աշխատանքը, որն ուղղված է նախարարությունում և ենթակա ծառայություններում կարգապահության բարձրացմանը, հակաօրինական դրսևորումների հայտնաբերմանն ու համապատասխան ընթացք տալուն։ Վահե Ղազարյանը նշել է, որ ծառայություններում պետք է բացառվի բռնությունը, իսկ յուրաքանչյուր կոռուպցիոն դրսևորում պետք է արժանանա համապատասխան իրավական հետևանքների։ Հանդիպման ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանը ներկայացրել է վարչության կողմից կատարված աշխատանքը։ ՆԳ նախարարը, շնորհակալություն հայտնելով արդյունավետ աշխատանքի համար, վերստին շեշտել է, որ չպետք է բավարարվել ձեռք բերածով, և ընդգծել, որ ստորաբաժանման աշխատանքի արդյունքներն այսուհետ ամփոփվելու են ըստ բռնությունների և կոռուպցիոն դեպքերի բացահայտումների։ Հանդիպման ավարտին բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի խումբ ծառայողների ՆԳ նախարարը պարգևատրել է գերատեսչական մեդալներով։
12:38 - 20 հունվարի, 2024
ՆԳ նախարարը հանձնարարել է ակտիվացնել ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը

ՆԳ նախարարը հանձնարարել է ակտիվացնել ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը

Հունվարի 19-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Խորհրդակցությանը ներկա էին ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության պետի տեղակալները, կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, ծառայությունների, տարածքային վարչությունների ու բաժինների ղեկավարներ։ Վահե Ղազարյանն անդրադարձել է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության գործունեությանը: Նա հանձնարարել է ակտիվացնել բնակչության շրջանում բացատրական աշխատանքը` ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Նախարարը առանձնահատուկ կարևորել է հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական, ինչպես նաև կանխարգելիչ հետևողական միջոցառումները: Վահե Ղազարյանն ընդգծել է հատկապես ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում կարգապահության բարձրացման կարևորությունը՝ առանձնահատուկ շեշտելով բռնության ցանկացած դրսևորման բացառումը։ Նա անդրադարձել է նաև ատեստավորման գործընթացին, խոսել փուլերի հաղթահարման արդյունքում ծառայողների սոցիալական երաշխիքների բարձրացման հնարավորությունների մասին։ Անդրադառնալով ճանապարհատրանսպորտային պատահարների թվի նվազման միտումին՝ Վահե Ղազարյանը խոսել է պարեկային ուժեղացված ծառայությունների կազմակերպման ու անցկացման խնդիրների մասին, նշել առկա թերություններն ու բացթողումները և դրանց վերացման ուղղությամբ տվել համապատասխան հանձնարարականներ: ՆԳ նախարարը խոսել է նաև նոր ձևավորվող Քրեական ոստիկանություն ընդունելության և սահմանված չափորոշիչների մասին։ Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանն անդրադարձել է առկա թերացումներին և տվել առարկայական ցուցումներ՝ պահանջելով դրանք իրականացնել ողջ ծավալով:
16:59 - 19 հունվարի, 2024
Դանակը ձեռքին վերադարձել է հարևանի տուն, վիճաբանել տանտիրոջ հետ, ապա՝ դանակով հարվածներ հասցրել նրա կրծքավանդակին

Դանակը ձեռքին վերադարձել է հարևանի տուն, վիճաբանել տանտիրոջ հետ, ապա՝ դանակով հարվածներ հասցրել նրա կրծքավանդակին

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունվարի 13-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում տված 41-ամյա կինը հայտնել էր, որ ժամը 18-ի սահմաններում իրենց տանը 60-ամյա ամուսինն ու 51-ամյա հարևանը անձնական հարցերի շուրջ վիճաբանել են, ինչից հետո հարևանը հեռացել է։ «Քիչ անց պարզաբանումներ անելու նպատակով ամուսինները գնացել են 51-ամյա հարևանի տուն, որտեղ նա փորձել է դանակով խփել ամուսնուն, իսկ երբ կինը միջամտել է, վնասվել է դաստակը: Պարզվել է նաև, որ րոպեներ անց 51-ամյա տղամարդը դանակը ձեռքին վերադարձել է հարևանի տուն, վիճաբանել 60-ամյա տանտիրոջ հետ, ապա դանակով հարվածներ հասցրել նրա կրծքավանդակին: Ոստիկանության Գորիսի բաժին հաջորդ հաղորդումը հիվանդանոցից էր. շտապօգնության խումբը կրծքավանդակի ծակած-կտրած վնասվածքով բուժօգնության էր տեղափոխել 60-ամյա տղամարդուն: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է: Գորիս քաղաքի 51-ամյա բնակիչը ձերբակալվել է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ:
12:31 - 17 հունվարի, 2024
Դանակի սպառնալիքով շտապօգնության խմբի վրա հարձակված եղբայրները ձերբակալվել են

Դանակի սպառնալիքով շտապօգնության խմբի վրա հարձակված եղբայրները ձերբակալվել են

Հունվարի 16-ին` ժամը 3:40-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել շտապօգնության մեքենայի վարորդը և հայտնել, որ կանչով մեկնել են Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարու փողոցի շենքերից մեկը, որտեղ դանակով հարձակվել են իրենց վրա, ինքը փախել է: Այս մասին հայտում են ՆԳՆ Ոստիկանությունից։ Ահազանգով նշված հասցե են մեկնել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները: Պարզվել է, որ հիվանդի երկու որդիները դանակի սպառնալիքով և հայհոյանքներով հարձակվել են շտապօգնության խմբի վրա: Պարեկները սպանության սպառնալիքի կասկածանքով ձերբակալել և Էրեբունու բաժին են տեղափոխել 34-ամյա և 38-ամյա երիտասարդներին: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
12:08 - 16 հունվարի, 2024
Հայտնաբերվել են թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային 650 խանութ և 35 ալիք
 |armenpress.am|

Հայտնաբերվել են թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային 650 խանութ և 35 ալիք |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը ներկայացրել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Մամուլի ասուլիսի ժամանակ Արամ Հովհաննիսյանը նախ նշեց, որ ոլորտը ոստիկանության համար համարվում է խնդրահարույց՝ հաշվի առնելով այդ հանցագործության տարածվածությունն ու աճը։ «Իրավասու մարմինների հետ ձեռնարկվել են բոլոր միջոցները հարցի համակարգային լուծման ուղղությամբ։ Որպես մեջբերում նշեմ, որ նախորդ երկու տարիները ոստիկանության համար հայտարարվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի և այդ ուղղությամբ իրականացված լայնածավալ աշխատանքների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում 2354 դեպքով կամ ավելի քան 2,5 անգամ աճել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը։ Դրան զուգընթաց՝ նախորդ տարվա համեմատությամբ հայտնաբերվել են 1459-ով, կամ՝ շուրջ 3 անգամ ավել, թմրամիջոցների իրացման դեպքեր»,- ասաց Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ 2023 թվականի 11 ամիսների ընթացքում արձանագրվել է համացանցի միջոցով իրականցվող թմրամիջոցների անօրինական շրջանառության 465 դեպք, որից 1126-ը իրացման դեպքեր են, իսկ 335-ը՝ ձեռքբերման։ «Հայտնաբերվել և ուսումնասիրման փուլում են գտնվում թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային 650 խանութ և 35 ալիք։ Այս համատեքստում հարկ է նշել, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը թե՛ տարածաշրջանում և թե Եվրոպայում ունի կայուն աճի միտում։ Մասնավորապես, ըստ տվյալների վերլուծության՝ ԱՊՀ երկրներում այն աճել է 1,3 անգամ, իսկ եվրոպական երկրներում 10,6 տոկոսով»,- եզրափակեց Հովհաննիսյանը։
17:35 - 15 հունվարի, 2024
Սամվել Շահրամանյանի ավտոշարասյան հետ կապված միջադեպի մասին Հայաստանի ՆԳՆ ղեկավարը տեղեկացել է լրատվամիջոցներից
 |news.am|

Սամվել Շահրամանյանի ավտոշարասյան հետ կապված միջադեպի մասին Հայաստանի ՆԳՆ ղեկավարը տեղեկացել է լրատվամիջոցներից |news.am|

news.am: Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի ավտոշարասյան հետ կապված միջադեպի մասին Հայաստանի ՆԳՆ ղեկավար Վահե Ղազարյանը տեղեկացել է լրատվամիջոցներից։ Հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին, թե պարեկը կոպիտ է խոսել Արցախի նախկին նախագահի հետ, ՆԳՆ ղեկավարը վստահեցրեց. «Նման հրահանգ (շարասյունը կանգնեցնել-խմբ.) նույնպես չի եղել։ Ես գիտեմ լրատվամիջոցներից, որ պարեկը զգուշացրել է, որ ավտոշարասյունով տեղաշարժվելու իրավունք չունի։ Ընդհանուր առմամբ քաղաքացիներին հորդորում եմ չերթևեկել ավտոշարասյունով: Դա հնարավոր է միայն նրանց համար, ում դա թույլատրվում է կառավարության որոշմամբ։ Ընդհակառակը, ես գիտեմ, որ պարեկը իրեն քաղաքակիրթ է պահել, մոտեցել ու զգուշացրել է: Կարծում եմ՝ ավելորդ բան չկար։ Եթե ​​ինչ-որ բան է լինում, ապա հրամայում եմ ուսումնասիրել, զեկուցել»,- ասաց Ղազարյանը։
17:02 - 15 հունվարի, 2024
Շտապօգնության բժշկին մարմնական վնասվածքներ պատճառած եղբայրներին ձերբակալել են

Շտապօգնության բժշկին մարմնական վնասվածքներ պատճառած եղբայրներին ձերբակալել են

Ոստիկանությունից տեղեկացնում են․ «Հունվարի 13-ին՝ ժամը 9։40-ին, ՆԳՆ ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 16 թաղամասի շենքերից մեկի բնակարանում վիճաբանության ձայներ են, հարձակվել են շտապօգնության բժշկի վրա։ 10։35-ին հաղորդում է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից։ Ոստիկանությանը հայտնել են, որ իրենց մոտ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել շտապօգնության ենթակայանի բժիշկներից մեկը։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների անհետաձգելի միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նորաշեն թաղամասի շենքերից մեկի բնակարան, որտեղ տվյալ հասցեի բնակիչները դեղորայքի ներարկման հետ կապված վիճաբանել են բժշկի հետ, ինչի ընթացքում հարվածներ են հասցրել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ 23 և 24-ամյա եղբայրները մարմնական վնասվածքներ պատճառելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել են ու ներկայացվել նախաքննական մարմնին»։  
17:23 - 13 հունվարի, 2024
Տիրան Խաչատրյանին մեղադրանք դեռ չի առաջադրվել, գործով ևս 4 ձերբակալված կա. փաստաբան |armeniasputnik.am|

Տիրան Խաչատրյանին մեղադրանք դեռ չի առաջադրվել, գործով ևս 4 ձերբակալված կա. փաստաբան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը դեռ ձերբակալված է, մինչ այս պահը նրան մեղադրանք չի առաջադրվել։ «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այդ մասին ասել է Տիրան Խաչատրյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալը ձերբակալվել է երեկ՝ հունվարի 12-ին։ Ըստ ԶԼՄ-ների՝ հունվարի 11-ին Կոտայքի մարզում՝ «Էրիկի մոտ» հացատանը, խնջույքի ժամանակ մոտ 10 անձի միջև վիճաբանություն է եղել, որի ժամանակ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն իրեն պարգևատրված զենքով կրակոցներ է արձակել, միջադեպի ժամանակ Արցախի բնակիչ Հրայր Մնացականյանը մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ։ «Տիրան Խաչատրյանի գործով ոչ մի փոփոխություն չկա. առայժմ նա ձերբակալված է, ձերբակալման 72 ժամը դեռ չի լրացել, մեղադրանք դեռ չի առաջադրվել։ ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ հարուցել է, սակայն գործի ընթացքը ցույց կտա՝ մեղադրանք կառաջադրեն, թե ոչ, իսկ առաջադրելու դեպքում ինչ հոդված կառաջադրեն»,- նշել է փաստաբանը։ Հարությունյանը հայտնել է, որ այս գործով ևս 4 անձ է ձերբակալվել, սակայն նշել, որ չի կարող ասել, թե ովքեր են։ «Ես ընդհանրական մեկնաբանություններ կարող եմ տալ, սակայն չեմ կարող մանրամասնել։ Հասկանալով, որ հանրային հնչեղություն կա, ես ինքս պարտավորվել եմ՝եթե նորություն լինի, ես դա հրապարակային կներկայացնեմ։ Քանի որ այս ընթացքում դատավարական առումով որևէ բան չի փոխվել, դրա համար այլ մեկնաբանություններից ձեռնպահ եմ մնում։ Թող նախաքննությունն աշխատի, քննիչն աշխատի, նորմալ, օբյեկտիվ պատկերը ստանան»,- ընդգծել է փաստաբանը։ Հիշեցնենք, որ ըստ ՆԳՆ-ի՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած միջադեպի ժամանակ հրազենային վնասվածք է ստացել 47-ամյա մի տղամարդ։ Վնասվածք պատճառողը ձերբակալվել է Ջրվեժ թաղամասի հյուրանոցներից մեկում։
16:14 - 13 հունվարի, 2024
Տիրան Խաչատրյանը ձերբակալվել է․  ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Արամուսի միջադեպից

Տիրան Խաչատրյանը ձերբակալվել է․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Արամուսի միջադեպից

Հունվարի 11-ին՝ ժամը 23-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Արամուս գյուղում կռիվ է, խնդրում է` ոստիկան մոտենա։ Մինչ բաժնի օպերատիվ խումբը շտապում էր Արամուս` ժամը 23։39-ին նոր հաղորդում է ստացվում արդեն «Աբովյան» բժշկական կենտրոնից. Արամուս գյուղից շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 1977 թ. ծնված մի տղամարդու։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ Վնասվածքը հրազենային էր. բժիշկները հանել են գնդակը: Դեպքի վայրում հայտնաբերվել է մեկ պարկուճ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ճշտվել է 47-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք պատճառողի ինքնությունը: Նա (Տիրան Խաչատրյանը-խմբ․) հայտնաբերվել է Ջրվեժ թաղամասի հյուրանոցներից մեկում, ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության Կոտայքի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է CZ-75 տիպի մարտական ատրճանակ՝ 16 փամփուշտ փամփշտակալում, մեկ փամփուշտ էլ փողում: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե: Հանգամանքները պարզվում են:
15:34 - 12 հունվարի, 2024
Ոստիկանությունն ահազանգ է ստացել Արամուսում կռվի մասին, մամուլը դեպքը կապում է Տիրան Խաչատրյանի հետ |azatutyun.am|

Ոստիկանությունն ահազանգ է ստացել Արամուսում կռվի մասին, մամուլը դեպքը կապում է Տիրան Խաչատրյանի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ գիշերը ոստիկանությունն ահազանգ է ստացել Արամուս գյուղում տեղի ունեցած կռվի մասին, «Ազատության»-ը հայտնեցին Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։ Ոստիկանությունից նշում են, որ ավելի ուշ ահազանգ են ստացել Աբովյան բժշկական կենտրոնից, որ իրենց մոտ է տեղափոխվել 1977 թվականի ծնված մի տղամարդ՝ աջ դաստակի սալջարդ, պատռած վերք սալի ջլերի վնասումով։ Ոստիկանությունը գործը փոխանցել է Քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեից «Ազատության»-ը փոխանցեցին, որ ռեստորանում կրակոցի հետ կապված միջադեպ տեղի է ունեցել, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության, զենքի ապօրինի կրման և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածներով, կատարվում է նախաքննություն։ Ընդգծելով, որ կա տուժած անձ՝ կոմիտեից շեշտեցին, որ նախաքննության շահերից ելնելով այլ տեղեկատվություն, այս պահին, հրապարակման ենթակա չէ։ Գործով մեղադրյալ դեռ չկա։ Մամուլում կան տեղեկություններ, որ դեպքը տեղի է ունեցել ռեստորաններից մեկում․ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը կրակոցներ է արձակել, ինչից վնասվել է հարևան սեղանի շուրջ նստած քաղաքացին։  
13:26 - 12 հունվարի, 2024
Ոստիկանությունը Հայաստանում կզարգանա 4 հիմնական ուղղություններով, մարզային ստորաբաժանումները կվերացվեն

Ոստիկանությունը Հայաստանում կզարգանա 4 հիմնական ուղղություններով, մարզային ստորաբաժանումները կվերացվեն

Ոստիկանության կառուցվածքային վերափոխման շրջանակներում ծառայությունը զարգանալու է որպես մասնագիտական կառույց 4 հենասյունային ուղղություններով՝ Քրեական ոստիկանություն, Պարեկային ծառայություն, Ոստիկանական գվարդիա և Համայնքային ոստիկանություն։ Այս մասին զեկուցվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՆԳՆ 2023 թվականի գործունեության հաշվետվության ներկայացման ժամանակ։ Վարչապետի աշխատակազմի տարածած տեղեկատվության համաձայն՝ վերացվելու են ոստիկանության մարզային վարչությունները, 4 հիմնական ուղղություններով ստորաբաժանումները Երևանում և մարզերում ունենալու են իրենց տարածքային ստորաբաժանումները՝ ուղղաձիգ և արդյունավետ կառավարմամբ. օրենսդրական, կառուցվածքային փոփոխությունները, կառավարման սխեմաները, տեխնիկական նոր հագեցվածության տեսլականը հստակեցված են։ Նախորդ տարվա ընթացքում Ազգային ժողովի կողմից ընդունվել են Համայնքային ոստիկանության վերաիմաստավորմանն ու Քրեական ոստիկանության վերափոխմանն ուղղված օրենսդրական փաթեթները: Քրեական ոստիկանությունում կադրային համալրման նպատակով հայտարարված բաց մրցույթին կարող են դիմել նաև քաղաքացիական անձինք։ Քրեական ոստիկանի պաշտոնի նշանակումն իրականացվելու է ՆԳՆ կրթահամալիրում ուսումնառության միջոցով։ Տեղեկացվել է, որ 2023-ի ընթացքում հաստատվել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման հայեցակարգը, մշակվել, ներառական հանրային քննարկումների փուլ է անցել և միջազգային փորձաքննական դրական գնահատականի արժանացել «Ոստիկանության գվարդիայի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Նոր օրենքով բացառվում է Ոստիկանության գվարդիայի երկակի կարգավիճակը, այն լինելու է մաքուր ոստիկանական ծառայություն՝ դուրս բերվելով «այլ զորքերի» կարգավիճակից։ Սրանով իսկ կբարելավվի նաև ոստիկանության գվարդիայի նկատմամբ քաղաքացիական ու խորհրդարանական վերահսկողությունը։
16:31 - 11 հունվարի, 2024
Վարորդները տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 % քիչ կվճարեն. ևս 20 % տուգանքը կնվազի, եթե գրանցվեն roadpolice.am-ում |news.am|

Վարորդները տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 % քիչ կվճարեն. ևս 20 % տուգանքը կնվազի, եթե գրանցվեն roadpolice.am-ում |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 11-ի նիստում հավանություն տվեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթին եւ այն համարեց անհետաձգելի: ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարի ճանապարհային երթևեկության խախտման համար սահմանված տուգանքի առնվազն 70 տոկոսը, մյուս կեսը կհամարվի վճարված: «Բացի այդ, այն դեպքում, երբ քաղաքացին տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների կապակցությամբ roadpolice.am կայքով դիմում է վարչական ակտն իր նշված էլեկտրոնային փոստին ուղարկելու պահանջով, և վարչական մարմինը սահմանված կարգով ուղարկում է այն, ապա տուգանքը վճարվում է սահմանված գումարից 20 տոկոսի չափով պակաս: Փաթեթով նախատեսվում է նաև խրախուսման 1 նորմ, որը վերաբերելի է ոչ միայն տեխնիկական միջոցներով հայտնաբերված, այլ նաև ոստիկանության ծառայողի կողմից արձանագրված խախտումներին: Մասնավորապես՝ եթե վարչական ակտի հասցեատերը որոշումն իրեն հանձնվելուց, ծանուցվելուց հետո՝ 15 օրվա ընթացքում, վճարում է տուգանքի գումարի առնվազն 70 տոկոսը, ապա տուգանքի վճարման պարտականությունը համարվում է պատշաճ կատարված: Ընդ որում՝ եթե որոշումը հանձնվել է, ծանուցվել է վերը նշված էլեկտրոնային եղանակով, ապա քաղաքացին օգտվում է նաև նախորդ կարգավորմամբ սահմանված 20 տոկոսի արտոնությունից: Միաժամանակ անցումային դրույթներով նախատեսված է, որ այս պահին արդեն իսկ առկա խախտումներով կայացված, դեռևս չկատարված, ինչպես նա հարկադիր կատարման փուլում գտնվող վարչական ակտերի պարագայում 50 տոկոսը վճարելու կամ արդեն իսկ նույն չափով վճարված լինելու պայմաններում պարտավորությունները համարվում է կատարված, ընդ որում՝ այս դեպքում կա ժամկետային կանոն, այն է՝ օրենքն ուժի մեջ մտնելուց եռամսյա ժամկետը»,- ասաց Վահե Ղազարյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ պարզաբանեց, որոշման համաձայն՝ եթե քաղաքացին roadpolice.am կայքում գրանցվում է, ասում է՝ եթե տուգանքներ ունենամ, ինձ այս հասցեով ուղարկեք ծանուցումները, 20 տոկոս զեղչ է ստանում: Նրա խոսքով, եթե քաղաքացին ծնուցումն ստանում է իր նշած էլեկտրոնային հասցեով եւ 15 օրում կատարում է վճարումը, ապա տուգանքի 50 տոկոսը վճարելով տուգանքը համարվում է ամբողջությամբ վճարված. «Ենթադրենք տուգանվել է 10 հազար դրամ, 20 տոկոս պակասը կազմում է 8 հազար դրամ: Հետո այդ 8 հազար դրամի 30 տոկոսը եւս չի վճարում»: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ քաղաքացին վճարում է տուգանքի մոտավորապես 57 տոկոսը:        
13:16 - 11 հունվարի, 2024