Անվտանգության խորհուրդ

Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ իրականացնում է պաշտպանության ռազմավարական պլանավորում եւ վերանայում, հաստատում է զինված ուժերի, այլ զորքերի զարգացման պլանը, զինված ուժերի ծավալման պլանը, զինված ուժերի զորահավաքային պլանը, զինված ուժերի կիրառման պլանը, Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանը, քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը, զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների, բարձրագույն սպայական կազմի պաշտոնների եւ դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը. ԱԽ-ն իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ եւս։ Վարչապետի առաջարկությամբ Ազգային խորհուրդը քննարկում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր եւ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով` խորհրդատվական բնույթի որոշումներ։

Արմեն Գրիգորյանն ու Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը

Արմեն Գրիգորյանն ու Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Լատվիայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ Անջեյս Վիլումսոնսին: Այս մասին հայտնեցին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և ընդգծել խաղաղության հաստատման հրամայականը: Վերոնշյալի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան բանակցային գորրծընթացի որոշ մանրամասներ: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակին, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցության ցուցաբերման ուղղությամբ ՀՀ կողմից գործադրվող ջանքերը:
15:18 - 26 հոկտեմբերի, 2023
Իրանը հայտարարել է հայ-ադրբեջանական սահման դիտորդների ուղարկման պատրաստակամության մասին
 |hetq.am|

Իրանը հայտարարել է հայ-ադրբեջանական սահման դիտորդների ուղարկման պատրաստակամության մասին |hetq.am|

hetq.am: Իրանը պատրաստ է իր դիտորդներին ուղարկել հայ-ադրբեջանական սահման։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ: «Հարավային Կովկասի տարածաշրջանում լարվածության պահպանումը չի բխում ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների շահերից։ Դրանով պայմանավորված` Իրանը պատրաստ է իր դիտորդներին ուղարկել հայ-ադրբեջանական սահման»,- Բաղերի խոսքերը մեջբերել է Tasnim գործակալությունը։ Հոկտեմբերի 2-ին Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը, հայտարարել էր, որ իրանական կողմը նաև «ծրագրեր ունի Ղարաբաղի փախստականներին օգնություն ուղարկելու վերաբերյալ»: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իրանը 60 տոննա հումանիտար օգնություն է փոխանցել Հայաստանին։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից Թեհրանում է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Իր այցի ընթացքում նա արդեն իսկ հասցրել է հանդիպել իր իրանցի գործընկերոջ՝ Ալի Աքբար Ահմադիյանի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանի ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Երեկ երեկոյան Իրանի մայրաքաղաք է ժամանել նաև Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը։ 
12:35 - 04 հոկտեմբերի, 2023
Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները. Նասեր Քանանի |1lurer.am|

Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները. Նասեր Քանանի |1lurer.am|

1lurer.am: Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է տեղեկություն Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Իրան կատարած այցի մասին: «Հայաստանի ԱԽ քարտուղարի Իրան կատարած այցը երկկողմ հարաբերությունների և Կովկասի զարգացումների շուրջ երկկողմ շփումների ու բանակցությունների շրջանակներում է և կապված է նաև Կովկասում վերջին զարգացումների հետ: Հայաստանի ԱԽ քարտուղարի և Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի միջև բանակցությունների ժամանակ հայ պաշտոնյան մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանում վերջին զարգացումների և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին: Քննարկվել է նաև տարածաշրջանում ռազմական տեղաշարժերի հարցը: Իրանը Կովկասի զարգացումների վերաբերյալ իր դիրքորոշումն է ներկայացրել, կարևորել է տարածաշրջանում և հատկապես Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության, կայունության, կայուն անվտանգության հաստատման համար տարածաշրջանային, ինչպես նաև հարևանների հնարավորությունների օգտագործումը: Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ այսօր սպասվում է Հայաստանի ԱԽ քարտուղարի հանդիպումը Իրանի արտգործնախարարի հետ: Ըստ Քանանիի՝ այս շրջանակներում երկխոսությունները շարունակվում են, քանի որ Կովկասի զարգացումներն Իրանի համար կարևոր են, Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար: Անդրադառնալով Զանգեզուրի մասին Էրդողանի հայտարարությանը՝ Քանանին ընդգծել է. «Մենք կողմ ենք հաղորդակցության ուղիների զարգացմանը, որոնք կապահովեն տարածաշրջանի բոլոր երկրների շահերը: Բայց, միաժամանակ, դեմ ենք միջազգային սահմանների և աշխարհաքաղաքական փոփոխությանը: Այս առնչությամբ մեր դիրքորոշումը հստակ հայտնել ենք: Վստահ ենք՝ խնդիրը պետք է երկխոսությամբ կարգավորվի»,- ասել է ԱԳՆ խոսնակը:
14:41 - 02 հոկտեմբերի, 2023
Տարածաշրջանի աշխարհագրության ցանկացած փոփոխություն անապահովություն և անկայունություն է բերում․ Իրանի ԱԽ քարտուղար

Տարածաշրջանի աշխարհագրության ցանկացած փոփոխություն անապահովություն և անկայունություն է բերում․ Իրանի ԱԽ քարտուղար

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի պաշտոնակցի՝ Ալի-Ակբար Ահմադիանի հետ։ Ինչպես փոխանցում է իրանական Mehr-ը, հանդիպման ընթացքում Ահմադիանը անդրադարձել է Կովկասյան տարածաշրջանում վերջին զարգացումներին և ընդգծել է տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար բոլոր կողմերի ջանքերի անհրաժեշտությունը։ «Տարածաշրջանի աշխարհագրության ցանկացած փոփոխություն անապահովություն և անկայունություն է բերում ու սրացնում է ճգնաժամը»,- հայտարարել է նա։ Ներկայացնելով Իսլամական Հանրապետության անփոփոխ և հիմնավոր քաղաքականությունը իր հարևանների հետ համագործակցության ու շփումների զարգացման առումով և ցանկացած լարվածությունից ու կոնֆլիկտից զերծ տարածաշրջան ստեղծելու հարցում՝ իրանցի պաշտոնյան ասել է․ «Տարածաշրջանի երկրների միջև թափանցիկ և կառուցողական երկխոսությունները հիմք են ստեղծում կայուն անվտանգության, համաչափ զարգացման ու տարածաշրջանի բնակիչների բարգավաճման և հարմարավետության համար»: Նա հավելել է, որ Իրանը պատրաստ է անհրաժեշտ հիմք ապահովել և հանդիպում անցկացնել տարածաշրջանի երկրների միջև։ Ընդգծելով Իրանի ու Հայաստանի միջև ինտենսիվ տնտեսական շփումների ու համագործակցության անհրաժեշտությունը, ինչպես նաև երկկողմ առևտրային փոխադրումների աճը՝ նա հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ընդլայնել հարաբերությունների մակարդակը բոլոր ոլորտներում։ Արմեն Գրիգորյանն իր հերթին շեշտադրել է երկու երկրների երկարատև հարաբերությունները և հայտարարել է, որ Հայաստանը պատրաստակամ է համակողմանիորեն զարգացնելու Իրանի Իսլամական Հանարապետության հետ հարաբերությունները։ Նշելով Իրանի արդյունավետ դերը՝ Կովկասյան տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու հարցում՝ Գրիգորյանը հորդորել է շարունակել դերակատարություն ունենալ այդ հարցում։ Նա նաև կարևորել է երկու երկրների միջև տնտեսական, առևտրային և արդյունաբերական նախագծերը և ընդգծել դրանց հնարավորինս արագ իրականացումը։
19:38 - 01 հոկտեմբերի, 2023
ԱԽ նիստի քննարկման առարկան եղել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը․ ԱԽ քարտուղար

ԱԽ նիստի քննարկման առարկան եղել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը․ ԱԽ քարտուղար

Քիչ առաջ ավարտվել է ՀՀ ԱԽ նիստը։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության տաղավարում ասաց, որ նիստի քննարկման առարկան եղել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը, հիմնական թեման անվտանգությունն ու հումանիտար հարցերն են․ «Քննարկում ենք հումանիտար հարցերի հասցեագրման բոլոր տարբերակները, այսինքն՝ ինչպես կարող ենք օգնել Ստեփանակերտին եւ տեղում հարցեր լուծել։ Ինչպես նաեւ աշխատում ենք միջազգային մեր գործընկերների հետ։ Քննարկում ենք բոլոր այն խնդիրները որոնք գոյություն ունեն, ինչպես նաեւ ներքաղաքական իրավիճակը, որովհետեւ ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակը Հայաստանում որոշ ուժեր արտաքին ուժերի աջակցությամբ փորձում են անկայունություն ստեղծել, որը միանշանակ նրանց չի հաջողվելու»,- ասաց Գրիգորյանը։  Արմեն Գրիգորյանի խոսքով՝ տարբեր շերտեր կան օգնության․ «Նախ այն հարցի [պատասխանը], թե արդյոք Հայաստանը պատրաստ է իր ուժերի ներածին չափով եւ բոլոր ուղղություններով, եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ ԼՂ-ում ապրող մեր հայրենակիցները լքեն [ԼՂ-ն], լուծի այդ խնդիրը, միանշանակ պատասխանն այո է։ Եւ մինչեւ այսօրվա քննարկումները՝ մենք նախապատրաստվում էինք հնարավոր այդ սցենարին, բայց մենք նախապատրաստվում ենք նաեւ հնարավոր այլ սցենարների, այսինքն՝ տեղում փորձել խնդիրները լուծել, փորձել օգնել մեր հայրենակիցներին այնտեղ մնալու, ես իհարկե հասկանում եմ, որ իրավիճակը շատ դժվար է, խնդիրն օգնություն ունենալու մասին չէ, խնդիրն այն է, որ այդ օգնությունը հասնի ԼՂ»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ բոլոր ուղղություններով աշխատանքներ են տարվում։ Գրիգորյանը նաև ասաց, որ իր մայրը մինչեւ հիմա էլ ապրում է Արցախում եւ ողջ բլոկադայի ընթացքում Արցախում է եղել, նաեւ իր բարեկամները։
22:38 - 21 սեպտեմբերի, 2023