ԱԽ նիստի քննարկման առարկան եղել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը․ ԱԽ քարտուղար
22:38 - 21 սեպտեմբերի, 2023

ԱԽ նիստի քննարկման առարկան եղել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը․ ԱԽ քարտուղար

Քիչ առաջ ավարտվել է ՀՀ ԱԽ նիստը։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության տաղավարում ասաց, որ նիստի քննարկման առարկան եղել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը, հիմնական թեման անվտանգությունն ու հումանիտար հարցերն են․

«Քննարկում ենք հումանիտար հարցերի հասցեագրման բոլոր տարբերակները, այսինքն՝ ինչպես կարող ենք օգնել Ստեփանակերտին եւ տեղում հարցեր լուծել։ Ինչպես նաեւ աշխատում ենք միջազգային մեր գործընկերների հետ։ Քննարկում ենք բոլոր այն խնդիրները որոնք գոյություն ունեն, ինչպես նաեւ ներքաղաքական իրավիճակը, որովհետեւ ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակը Հայաստանում որոշ ուժեր արտաքին ուժերի աջակցությամբ փորձում են անկայունություն ստեղծել, որը միանշանակ նրանց չի հաջողվելու»,- ասաց Գրիգորյանը։ 

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ տարբեր շերտեր կան օգնության․ «Նախ այն հարցի [պատասխանը], թե արդյոք Հայաստանը պատրաստ է իր ուժերի ներածին չափով եւ բոլոր ուղղություններով, եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ ԼՂ-ում ապրող մեր հայրենակիցները լքեն [ԼՂ-ն], լուծի այդ խնդիրը, միանշանակ պատասխանն այո է։ Եւ մինչեւ այսօրվա քննարկումները՝ մենք նախապատրաստվում էինք հնարավոր այդ սցենարին, բայց մենք նախապատրաստվում ենք նաեւ հնարավոր այլ սցենարների, այսինքն՝ տեղում փորձել խնդիրները լուծել, փորձել օգնել մեր հայրենակիցներին այնտեղ մնալու, ես իհարկե հասկանում եմ, որ իրավիճակը շատ դժվար է, խնդիրն օգնություն ունենալու մասին չէ, խնդիրն այն է, որ այդ օգնությունը հասնի ԼՂ»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ բոլոր ուղղություններով աշխատանքներ են տարվում։

Գրիգորյանը նաև ասաց, որ իր մայրը մինչեւ հիմա էլ ապրում է Արցախում եւ ողջ բլոկադայի ընթացքում Արցախում է եղել, նաեւ իր բարեկամները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել