ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

ՀՀ-ԵՄ համաձայնագրի արդյունավետ կիրարկումը կբարելավի քաղաքացիների կյանքի որակը. Մհեր Գրիգորյան

ՀՀ-ԵՄ համաձայնագրի արդյունավետ կիրարկումը կբարելավի քաղաքացիների կյանքի որակը. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հայաստանում ԵՄ պատվիրակության կողմից կազմակերպված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման 5-ամյակին նվիրված միջոցառմանը, որին ի թիվս այլ բարձրաստիճան հյուրերի ներկա էր նաեւ ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթը: Միջոցառման ընթացքում փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է. «Մեծարգո պարոն Զիբերթ, Ձերդ գերազանցություն, տիկին Վիկտորին, Ձերդ գերազանցություն հարգարժան դեսպաններ, Sիկնայք եւ պարոնայք, Թույլ տվեք Կառավարության եւ անձամբ իմ անունից շնորհավորել բոլորիս Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ 2017 թվականին կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման հնգամյա հոբելյանի կապակցությամբ: Ստորագրումից ի վեր Համաձայնագիրը եղել է Կառավարության հիմնարար բարեփոխումների հենասյուներից մեկը՝ նպաստելով եվրոպական լավագույն փորձի հիման վրա ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, ներառական եւ մրցակցային տնտեսության ձեւավորմանը, ինչպես նաեւ մարդկային կապիտալի շարունակական զարգացմանը: Մենք վստահ ենք, որ համաձայնագրի արդյունավետ կիրարկումը զգալիորեն կբարելավի մեր քաղաքացիների կյանքի որակը, քանի որ այն առնչվում է մեր պետության եւ մեր քաղաքացիների զարգացման համար անհրաժեշտ բոլոր առանցքային ուղղություններին: Հարկ է նշել, որ այս 5 տարիների ընթացքում Կառավարությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ ապահովելու փաստաթղթի պատշաճ եւ ժամանակին կիրարկումը: Գործընթացի համակարգման եւ մշտադիտարկման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ իմ գլխավորությամբ եւ մշակվել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ամբողջական ճանապարհային քարտեզը: Կցանկանայի հատուկ մատնանշել մի քանի առանցքային ռազմավարություն, որոնք հաջողությամբ մշակվել եւ իրականացվում են CEPA-ի ներքո մեր համագործակցության շրջանակում: Դրանք են Մարդու իրավունքների պաշտպանության, Դատաիրավական բարեփոխումների եւ Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունները: Հարգելի՛ ներկաներ, Թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհավորել բոլորիս եւ ընդգծել, որ Համաձայնագրի ամբողջական եւ արդյունավետ կիրարկումը հնարավոր է միայն բոլորիս ջանքերի համատեղման միջոցով, ուստի Կառավարությունը շարունակում է բաց մնալ բոլոր շահագրգիռ կողմերի հետ կառուցողական քննարկումների եւ համագործակցության համար՝ ի նպաստ Հայաստան-Եվրամիություն բարեկամական հարաբերությունների զարգացման եւ մեր քաղաքացիների բարեկեցության։ Շնորհակալություն»:
10:15 - 25 նոյեմբերի, 2022
Արմեն Գրիգորյանն ընդգծել է ԵՄ և ԵԱՀԿ առաքելությունների դերակատարությունը տարածաշրջանում անվտանգային միջավայրի ամրապնդման հարցում

Արմեն Գրիգորյանն ընդգծել է ԵՄ և ԵԱՀԿ առաքելությունների դերակատարությունը տարածաշրջանում անվտանգային միջավայրի ամրապնդման հարցում

Նոյեմբերի 24-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերտի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։  Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը: Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ու ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության դերակատարությունը՝ տարածաշրջանում անվտանգային միջավայրի ամրապնդման հարցում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել առաքելությունների կողմից իրականացվող ընթացիկ գործողությունների վերաբերյալ:
17:24 - 24 նոյեմբերի, 2022
Սերբիան և Կոսովոն համաձայնության են հասել ավտոմեքենաների համարանիշների խնդրի շուրջ. Բորել
 |1lurer.am|

Սերբիան և Կոսովոն համաձայնության են հասել ավտոմեքենաների համարանիշների խնդրի շուրջ. Բորել |1lurer.am|

1lurer.am: Սերբիայի և չճանաչված Կոսովոյի ներկայացուցիչները Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ համաձայնության են հասել ավտոմեքենաների համարանիշների խնդրի հարցում, ինչը թույլ կտա խուսափել էսկալացիայից՝ հայտարարել է Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Նրա խոսքով՝ Սերբիան համաձայնել է դադարեցնել Կոսովոյի քաղաքների կոդերով համարների տրամադրումը, իսկ Կոսովոն՝ սերբական համարներով մեքենաների հարկադիր վերագրանցման փորձերը: «Առաջիկա օրերին կողմերին կհրավիրեմ քննարկելու հետագա քայլերը»,- նշել է դիվանագետը: Ավելի վաղ չճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին Պրիշտինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Հովենյերի խնդրանքով 48 ժամով հետաձգել էր Սերբիայի ավտոմոբիլային գրանցման նշանները չփոխած սերբ բնակիչներից տուգանքների գանձման մասին որոշման կիրառումը, երբ Եվրամիության միջնորդությամբ Բելգրադի և Պրիշտինայի բանակցությունները արդյունք չէին տվել:
12:38 - 24 նոյեմբերի, 2022
Կենտրոնական Ասիայում աշխարհաքաղաքականությունը փոխվում է. Բորել
 |azatutyun.am|

Կենտրոնական Ասիայում աշխարհաքաղաքականությունը փոխվում է. Բորել |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով՝ Ուկրաինայում պատերազմի և Չինաստանի ջանքերի ֆոնին Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը ձգտում է հարաբերությունների դիվերսիֆիկացման և Եվրամիությանը դիտարկում է որպես առավել հարմար գործընկեր։ «Ակնհայտ է, որ Ռուսաստանը, ինչպես նաև Չինաստանը խաղացել և շարունակում են կարևոր դեր խաղալ։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ տարածաշրջանը ձգտում է դիվերսիֆիկացնել իր հարաբերությունները և Եվրամիությանը դիտարկում է որպես առավել հարմար գործընկեր»,- Եվրամիության պաշտոնական կայքէջում հրապարակված հոդվածում գրել է Բորելը, որն անցած շաբաթ այցելել էր Սամարղանդ՝ «Եվրամիություն-Ասիա» նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով: Հոկտեմբերի վերջին էլ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելն էր այցելել Ղազախստան և Տոկաևի վարչակազմի հետ քննարկել էներգետիկ և պարենային անվտանգության, «կանաչ» տնտեսության զարգացման, տրանսպորտի և բեռնափոխադրումների հարցեր:
16:41 - 21 նոյեմբերի, 2022
Կայացել է հետազոտությունների և նորարարության հարցերով ԵՄ-Հայաստան կոմիտեի անդրանիկ նիստը

Կայացել է հետազոտությունների և նորարարության հարցերով ԵՄ-Հայաստան կոմիտեի անդրանիկ նիստը

Նոյեմբերի 16-ին Բրյուսելում կայացել է հետազոտությունների և նորարարության հարցերով ԵՄ - Հայաստան համատեղ կոմիտեի անդրանիկ նիստը: Կոմիտեն գործում է 2021 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված «Հետազոտությունների և նորարարության «Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի շրջանակում: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։  Համատեղ կոմիտեն համանախագահում են հայաստանյան կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, իսկ Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ ԵՀ հետազոտությունների և նորարարության հարցերով գլխավոր տնօրենության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ասոցացման հարցերով ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Աննա Հագլունդ-Մորիսիին: ՀՀ կողմից, որպես համատեղ կոմիտեի անդամներ, ներգրավված են ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և կոմիտեի միջազգային համագործակցության բաժնի պետ Մարիաննա Սարգսյանը: Նիստի մեկնարկին ընդառաջ՝ Արթուր Մարտիրոսյանը և Աննա Հագլունդ-Մորիսիին ստորագրել են համատեղ կոմիտեի գործունեության կարգն ու ընթացակարգերը: Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ այժմ իրականացվում են ՀՀ գիտության ոլորտի լայնամասշտաբ բարեփոխումների ծրագրեր, և ՀՀ Կառավարությունը մեծապես նպաստում է դրանց իրականացմանը: Սարգիս Հայոցյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության 2021-26 թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված գիտության ոլորտի միջոցառումները, դրանց ընթացքն ու հետագա քայլերը: Ըստ վիճակագրական տվյալների՝ նոյեմբեր ամսվա դրությամբ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ կողմից ներկայացվել է 41 հայտ, որոնցից 5-ն արդեն իսկ երաշխավորվել էն ֆինանսավորման «Հորիզոն Եվրոպա» տարբեր մրցույթների շրջանակում, իսկ 3 ծրագիր հաստատման վերջնական փուլում է: Կողմերն արձանագրել են, որ 2021-2022 թթ. մասնակցության ցուցանիշները (ՀՀ հաջողության գործակից` 15,56 %) գերազանցում են ԵՄ «Հորիզոն 2020» շրջանակային ծրագրին մասնակցության երկամյա արդյունքները: Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է նաև «Հորիզոն Եվրոպա» ծրագրին մասնակցության ակտիվացման և ՀՀ գիտական համայնքի՝ եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրման ուղղությամբ Եվրոպական հանձնաժողովի կողմից տրամադրվող տեխնիկական աջակցության ու համատեղ տարվող աշխատանքների շարունակականության կարևորությունը: Մասնավորապես՝ ընդգծվել է Եվրոպական միության կողմից ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական աջակցության շրջանակում «Հորիզոն Եվրոպա» ծրագրին մասնակցության վճարի 50 տոկոս փոխհատուցման հարցը, ինչը հնարավորություն կստեղծի ՀՀ գիտական համայնքի «Հորիզոն Եվրոպա» տարբեր ենթածրագրերում առավել լայն ընդգրկման համար: Հետազոտությունների և նորարարության հարցերով ԵՄ-Հայաստան համատեղ կոմիտեի 2-րդ նիստը կանցկացվի 2023 թվականին Երևանում:
22:08 - 18 նոյեմբերի, 2022
Արմեն Փամբուխչյանն Անդրեա Վիկտորինի հետ քննարկել է բնակչության պաշտպանության ոլորտում փրկարար ծառայության կարողությունների հզորացումը

Արմեն Փամբուխչյանն Անդրեա Վիկտորինի հետ քննարկել է բնակչության պաշտպանության ոլորտում փրկարար ծառայության կարողությունների հզորացումը

Այսօր արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան տիկին Անդրեա Վիկտորինին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը և միջազգային համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը։   Նախարար Փամբուխչյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Վիկտորինին հանդիպման համար և անդրադարձել ընթացիկ ծրագրերին։ Մասնավորապես քննարկվել է «Բնակչության պաշտպանության ոլորտում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կարողությունների հզորացմանն ու ինստիտուցիոնալ կայացմանն ուղղված Թվինինգ ծրագիրը»։     Գերատեսչության ղեկավարը կարևորել է ԵՄ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելումը, պատրաստվածությունը և արձագանքումն Արևելյան գործընկերության երկրներում» PPRD East 3 ծրագիրը, ինչպես նաև աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված գործունեության մեջ նորարարական գիտատեխնիկական և հետազոտական ծրագրերի աջակցության «Հորիզոն 2020» ծրագիրը։     Դեսպան Վիկտորինը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել իրականացվող ծրագրերի ընթացքը և վստահեցրել, որ ԵՄ-ն մշտապես պատրաստ է զարգացնելու համագործակցությունը։   Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք այլ հարցեր։
17:40 - 18 նոյեմբերի, 2022
Պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանի նման մարդկանց․ Իլհամ Ալիև

Պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանի նման մարդկանց․ Իլհամ Ալիև

«Մենք պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանի նման մարդկանց»։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է Արևելյան գործընկերության հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը, հայտնում են Ադրբեջանի նախագահի աշխատակազմից։  «Կարծում եմ՝ կարևոր է, որ Հայաստանը հստակ հայտարարի, թե իրականում ինչ է ուզում։ Եթե նրանք ուզում են խոսել Ղարաբաղում հայերի իրավունքների ու անվտանգության մասին, չի ստացվի։ Մենք պատրաստ ենք այս մասին խոսել Ղարաբաղի հայերի հետ, բայց ոչ Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանի [Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի-խմբ․] նմանների հետ, որոնց գրպանում ռուս ժողովրդից գողացված միլիարդավոր փողեր կան։ Նրան Մոսկվայից ուղարկել են Ղարաբաղ շատ հստակ օրակարգով։ Մենք պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող եւ այնտեղ ապրել ցանկացող մարդկանց հետ։ Ի դեպ, այս գործընթացը սկսվել է։ Եթե նոր նշված որոշ երկրներից, այսինքն՝ դրսից միջամտություն չլիներ, և այդ գործընթացը կասեցնելու փորձեր չլինեին, ապա կարծում եմ, որ գործընթացը կարող էր ավելի դինամիկ լինել։ Բայց սա կապ չունի Փաշինյանի ու նրա իշխանության հետ։ Ինչպես արդեն ասացի, պետք է կոնսենսուս լինի Ադրբեջանի, Եվրամիության, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, այսինքն՝ այն երկրների և կառույցների միջև, որոնց Ադրբեջանը համարում է, որ կարող են օգնել այս հարցում»,- նշել է Ալիևը։
16:44 - 17 նոյեմբերի, 2022
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արևելյան գործընկերության հարցերով բանագնացների պատվիրակությանը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արևելյան գործընկերության հարցերով բանագնացների պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը:Նախագահը ողջունել է պատվիրակների այցը Հայաստան և կարևորել Հայաստան-Եվրամիություն գործընկերության շարունակական ու բազմաշերտ զարգացումը:Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը հետևողականորեն իրականացնում է Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում երկրի ստանձնած պարտավորությունները, որոնք ուղղված են մեր քաղաքացիների բարեկեցության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, կառավարման արդյունավետության բարձրացմանը, մարդու իրավունքների պաշտպանվածության բարձրացմանն ու սոցիալական, առողջապահական ամենատարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը ԵՄ պատվիրակներին է ներկայացրել տարածաշրջանային իրողություններն ու գործընթացները, անվտանգային խնդիրները, անդրադարձել 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային և կարևորել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության ներկայությունը Հայաստանում:Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանի  սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության ու հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումն է:Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացի, տարածաշրջանային անվտանգության կարևորության և հայ-թուրքական երկխոսության ներկա փուլի վերաբերյալ:
14:59 - 16 նոյեմբերի, 2022
Վարչապետն ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով բանագնացների պատվիրակությանը

Վարչապետն ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով բանագնացների պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել ՀՀ-ԵՄ համագործակցության շարունակական զարգացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում մեր երկրում ժողովրդավարության զարգացման, արդարադատության, տնտեսության և այլ ուղղություններով իրականացվող բարեփոխումների փաստը և հավելել, որ դրանք առաջ մղելու օրակարգը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից մեկն է: Վարչապետը կարևորել է նաև ԵՄ-ի կողմից Հայաստանի համար հայտարարված 2.6 միլիարդ եվրոյի տնտեսական և ներդրումային փաթեթի արդյունավետ իրականացումը: Կարևորվել է ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնումը տնտեսության, առևտրի, ներդրումների, էներգետիկայի և այլ ուղղություններով: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ մեր երկիրն Աշխարհի տնտեսական ազատության ինդեքսում 165 երկրների շարքում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը: Վարչապետը զրուցակիցներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումն ու դիտարկումները: Կարևորվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը և ընդգծվել վերջինիս դերը կայունության և անվտանգության ամրապնդման գործում: Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, ինչպես նաև հայ-թուրքական երկխոսության շուրջ: 
17:46 - 15 նոյեմբերի, 2022
ԵՄ դիտորդական առաքելության գործառույթներն են նաև հրադադարի պահպանման մոնիթորինգը և հրադադարին վերաբերող զարգացումների մասին զեկույցները

ԵՄ դիտորդական առաքելության գործառույթներն են նաև հրադադարի պահպանման մոնիթորինգը և հրադադարին վերաբերող զարգացումների մասին զեկույցները

Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը երկու օր առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում «էժանագին սուտ» որակեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ Եվրամիության (ԵՄ) դիտորդական առաքելության վերաբերյալ։ Նրա խոսքով, երբ Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղվել, թե ինչու ԵՄ առաքելությունը չի արձագանքել հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի վերջին խախտումներին, Նիկոլ Փաշինյանը սխալ է ներկայացրել դիտորդական առաքելության գործունեությունը: «Ինչ ա ասում, որ նրանք (ԵՄ դիտորդները) հրադադարի պահպանման մեխանիզմներ չեն իրականացնում, նրանց միսիայի էությունն ավելի խորն ա»,- նշեց Աշոտյանը։ Ապա հավելեց, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ դիտորդները եկել են ոչ թե հրադադարի մեխանիզմների պահպանման համար, այլ ավելի «խորը միսիայով»։ Որպես իր խոսքերի հաստատում Արմեն Աշոտյանը նաև կից հրապարակեց ԵՄ պաշտոնական հրապարակումն՝ առաքելության գործառույթների մասին, և ընթերցեց դրանից հատվածներ։ Ըստ Աշոտյանի՝ ԵՄ կայքում նշված է, որ առաքելությունը պետք է «սատարի վստահության կառուցման պրոցեսին Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հրադադարի պահպանման մոնիթորինգ իրականացնելով»։  Նա ԵՄ հայտարարությունից մեջբերեց ևս մի հատված․ «ԵՄ մոնիթորինգային կարողությունը Հայաստանում պետք է զեկուցի միջազգայնորեն ճանաչված հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում հրադադարի պահպանմանը վերաբերող զարգացումների մասին»։    Ի՞նչ է ասել Նիկոլ Փաշինյանը Ուրբաթ օրը Նիկոլ Փաշինյանը հարցազրույց տվեց Հանրային հեռուստաընկերությանը։ Հարցազրույցի ընթացքում լրագրողը հարցրեց նրան, թե ինչպես կմեկնաբանի այն, որ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից հետո Ադրբեջանը խախտել է հրադադարը, բայց առաքելությունը չի արձագանքել։ Փաշինյանը պատասխանեց, որ չի կարծում, թե դիտորդներն «այստեղ են ամեն օր հայտարարություններ անելու համար»։  «Կարծում եմ, որ նրանք իրենց գործունեության արդյունքում ավելի խորը հետևություններ պիտի անեն, և այդ հետևություններն, իմիջիայլոց, պիտի փոխանցեն նաև դելիմիտացիայի գործընթացում ներգրավված անձանց, պաշտոնյաներին և միջազգային հանրությանը։ Վստահ եմ, որ այդ հետևությունները կլինեն օբյեկտիվ։ Այսինքն՝ նրանք հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգ չեն իրականացնում, նրանց միսիայի էությունն ավելի խորն է»,- նշեց նա։   ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Այս տարվա սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա՝ օկուպացնելով ՀՀ ինքիշխան տարածքից հատվածներ։ Սեպտեմբերի 14-ի երեկոյան հրադադար հաստատվեց։ Սակայն ըստ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունների՝ Ադրբեջանը մինչև օրս էլ շարունակում է խախտել հաստատված հրադադարը։ Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։ Հանդիպումից հետո հայտարարություն տարածվեց, որտեղ առաջին անգամ խոսվեց Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին։  «Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը և իր զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը»,- նշվում էր հայտարարության մեջ։ Հոկտեմբերի 17-ին ԵՄ-ն հայտարարություն տարածեց, որ մինչև 40 մոնիթորինգային փորձագետների տեղակայումը նպատակ է ունենալու վստահություն ստեղծելու անկայուն իրավիճակում։ Հոկտեմբերի 27-ին ԵՄ դիտորդներն ուղևորվեցին հայ-ադրբեջանական սահման՝ պարեկություն իրականացնելու։   Ի՞նչ գործառույթներ ունի առաքելությունը Հոկտեմբերի 25-ին ԵՄ-ն հարցուպատասխանի ձևաչափով ներկայացրել էր, թե ինչ նպատակով է դիտորդական առաքելությունը գալու հայ-ադրբեջնական սահմանի հայկական հատված (ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր, որ մերժել է Եվրամիության՝ Ադրբեջան առաքելություն ուղարկելու փորձը)։ «Առաքելության մանդատը Հայաստանի և Ադրբեջանի սահմանային շրջաններում իրավիճակի մոնիթորինգն է` երկու երկրների միջև վստահության հաստատմանը նպաստելու և ԵՄ-ին սահմանային հանձնաժողովներին ավելի լավ աջակցելու հանարավորություն տալու համար»,- ասվում էր ԵՄ կայքում: Այնուհետև նշվում էր, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կիրականացնի երկու հիմնական առաջադրանք. Կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը` հետևելով, թե արդյո՞ք երկու կողմերը պահպանում են հրադադարը։ Կանոնավոր և ըստ անհրաժեշտության ներկայացված զեկույցների միջոցով կվերահսկի իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանի հայկական կողմում: Դա թույլ կտա ԵՄ-ին ավելի լավ աջակցել երկու կողմերի սահմանային հանձնաժողովների աշխատանքին։ ԵՄ կայքում նաև նշվում է, որ դիտորդական առաքելությունը կզեկուցի Հայաստանի և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանի հայկական կողմում հրադադարին վերաբերող զարգացումների մասին։  Այս փաստաթղթում, որին էլ հենց հղվում էր Արմեն Աշոտյանը, փաստորեն արձանագրվում է, որ ԵՄ դիտորդական առաքելության գործառույթներն են նաև հրադադարի պահպանման մոնիթորինգը և հրադադարին վերաբերող զարգացումների մասին զեկույցները։ Ընդ որում՝ ԵՄ կայքում նշված է, որ, բացի կանոնավոր զեկույցներից, ըստ անհրաժեշտության՝ կներկայացվեն նաև այլ զեկույցներ։  Երեկ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրել էր, որ Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական բանակի ամենօրյա հարձակումները փաստագրել է։ «Առաքելությունը ԵՄ և այլոց համար կհստակեցնի, որ այդ հարձակումները առանց որևէ պատճառի են ու լավագույն կերպով կազմակերպված են Ադրբեջանի կողմից՝ ընդդեմ հայկական պետականության»,- գրել էր Մարուքյանը։ Գլխավոր լուսանկարում ԵՄ առաքելության դիտորդներն են՝ Գեղարքունիքի մարզում, լուսանկարը՝ Գեղարքունիքի մարզպետի ֆեյսբուքյան էջից Աննա Սահակյան
14:18 - 15 նոյեմբերի, 2022
ԱԳ նախարարը ԵՄ և ԵՄ անդամ երկրների հատուկ բանագնացներին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը

ԱԳ նախարարը ԵՄ և ԵՄ անդամ երկրների հատուկ բանագնացներին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը

Նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները, ժողովրդավարության առաջմղման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ կատարվող քայլերը:  Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն երկկողմ օրակարգին և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Արձանագրելով, որ ԵՄ հետ առկա է ընդհանուր արժեքների վրա հիմնված բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն՝ Արարատ Միրզոյանը կարևորել է շարունակական և գործուն քայլերով ԵՄ հետ բազմոլորտ համագործակցության զարգացումը, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակում: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության ու նշանակության վերաբերյալ: Նախարար Միրզոյանը զրուցակիցներին է ներկայացրել սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքները, անդրադարձ կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշմանը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ տարածաշրջանում կայնության ու խաղաղության հաստատմանը շարունակում են խոչընդոտել Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև սահմանազատման ու սահմանային անվտանգության գործընթացների, տարածաշրջանային տնտեսական կապերի ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման աշխատանքների զարգացումները:
14:16 - 15 նոյեմբերի, 2022
Ադրբեջանական հարձակումները ՀՀ ինքնիշխան տարածքի վրա փաստագրվել են ԵՄ դիտորդական առաքելության կողմից․ Մարուքյան

Ադրբեջանական հարձակումները ՀՀ ինքնիշխան տարածքի վրա փաստագրվել են ԵՄ դիտորդական առաքելության կողմից․ Մարուքյան

Ադրբեջանական բանակի ամենօրյա հարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա փաստագրվել են վերջերս Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության կողմից։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Առաքելությունը ԵՄ-ի և այլոց համար կհստակեցնի, որ այդ հարձակումները առանց որևէ պատճառի են ու լավագույն կերպով կազմակերպված են Ադրբեջանի կողմից ընդդեմ հայկական պետականության»,- գրել է Մարուքյանը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։
10:19 - 14 նոյեմբերի, 2022
ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում մեղմել հռետորաբանությունը և խուսափել անհարկի էսկալացիայից

ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում մեղմել հռետորաբանությունը և խուսափել անհարկի էսկալացիայից

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով խոսնակ Պետեր Ստանոն հայտարարություն է տարածել՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության տարելիցի կապակցությամբ:    «Այս շաբաթ լրացել է Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցը, Եվրամիությունը հարգում է հակամարտության բոլոր զոհերի հիշատակը:   Եվրամիությունը կողմերին կոչ է անում շրջել թշնամության էջը և շարունակել հաշտեցման ջանքերը՝ կանխելու մարդկային հետագա անհարկի կորուստները։   ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության՝ առկա տարաձայնությունները հաղթահարելուն և տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հասնելուն ուղղված բազմաթիվ քայլերը։ ԵՄ-ն բարձր է գնահատում նրանց շարունակական ներգրավվածությունը տարբեր մակարդակներում և ձևաչափերով անցկացվող բանակցություններին:    Թեև այս բանակցություններն ակնհայտորեն բարդ են և ժամանակ են պահանջում, կարևոր է պահպանել այդ դինամիկան, համաձայնեցնել հետագա քայլերը և ապահովել տարածաշրջանի անվտանգությունը և բարեկեցությունը:   Ստեղծված անկայուն իրավիճակում, երբ վերջին 30 տարվա վերքերը դեռ շուտ չեն սպիանա, ԵՄ-ն ևս մեկ անգամ կոչ է անում կողմերին մեղմել իրենց հռետորաբանությունը և խուսափել անհարկի էսկալացիայից, սպառնալիքներ կամ մեղադրանքներ չհնչեցնել, զերծ մնալ ռազմական սադրանքներից և գործողություններից:   ԵՄ-ն կշարունակի ակտիվորեն արձագանքել կողմերի ցանկություններին և աջակցել նրանց՝ բոլոր չլուծված խնդիրների համապարփակ և արդար կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքում, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի անմիջական ջանքերի և ԵՄ այլ մեխանիզմների միջոցով»,- ասված է Ստանոյի տարածած հայտարարության մեջ։ 
15:35 - 11 նոյեմբերի, 2022
ԵՄ դեսպանը տպավորիչ է որակում Հայաստանի տնտեսության կատարողականը

 |armenpress.am|

ԵՄ դեսպանը տպավորիչ է որակում Հայաստանի տնտեսության կատարողականը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը Հայաստանի տնտեսության կատարողականը բավականին տպավորիչ է գնահատում: Դեսպանը նման տեսակետ հայտնեց «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացմանը» ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանն իր ելույթում: «Հայաստանյան տնտեսության կատարողականը 2022 թվականին տպավորիչ է եղել: Թեև այդքան շատ մարտահրավերներ կային: Եվ դա մեծ հույսեր է տալիս ապագայի համար: Դա ցույց է տալիս այս երկրի կարողություններն ու ներուժը»,-ասաց Անդրեա Վիկտորինը: Սակայն նա ընդգծեց, որ  տնտեսության էությունն այպիսին է, որ, երբ ամեն ինչ լավ է, պետք է պատրաստվել ավելի դժվարին իրավիճակների: Այսինքն՝ երբեք պետք չէ բավարարվել հաջողությամբ, միշտ պետք է ավելին անել, ավելի բարելավել: «Կարծում եմ այս պահին ճիշտ պահն է ներդրումներ կատարելու ենթակառուցվածքների, հմտությունների մեջ, ինչը կօգնի երկրին դառնալ ավելի մրցունակ»,-նշեց դեսպանը:
18:55 - 10 նոյեմբերի, 2022
Հայաստանում ԵՄ-ի և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության աջակցությամբ կհիմնվի տրամաչափարկման 4 լաբորատորիա |armenpress.am|

Հայաստանում ԵՄ-ի և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության աջակցությամբ կհիմնվի տրամաչափարկման 4 լաբորատորիա |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Եվրամիության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) ջանքերով կիրականացվի 4 մլն եվրո արժողությամբ ծրագիր: Նոյեմբերի 10-ին Երևանում տրվեց ՄԱԱԶԿ-ի և ՀՀ կառավարության համատեղ ջանքերով մշակած և ԵՄ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացմանը» ծրագրի մեկնարկը: «ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) և ԵՄ-ի հետ մենք որակի ենթակառուցվածքների զարգացման նոր ծրագիր ենք սկսում: Ընդհանուր գումարը մոտ 4 մլն եվրոյի չափով է, որի ներքո կարողությունների զարգացում և 4 նոր լաբորատորիաների հիմնում է նախատեսվում: Դրանք պետք է օգնեն լրացնել չափագիտական լաբորատորիաների ծառայությունների մեր բացերը: Եվ կարողանանք այնպես անել, որ մեր որակի ենթակառուցվածքը կարողանա մատուցել ավելի ամբողջական ծառայություններ արտադրողներին՝ իրենց արտադրանքը թե Հայաստանում, թե դրսում, հիմնականում եվրոպական շուկաներում վաճառելու հնարավորություն ստանալու համար»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Ըստ Քերոբյանի՝ որոշ օրենքներ լավ չեն գործում, օրինակ, պետք է ստանալ սերտֆիկատ, բայց հնարավոր է առանց այդ սերտիֆիկատը ստանալու շուկայահանել ապրանքը: Դրա համար տուգանքը չնչին է, ինչը հանգեցնում է նրան, որ ընկերությունների մեծ մասը ձեռք չեն բերում այն լաբորատոր ծառայությունները, որոնք անհրաժեշտ են և օրենքով պահանջված՝ մինչև անհրաժեշտ շուկայահանում անելը: Այդ ծառայությունների ձեռք չբերումն էլ հանգեցնում է նրան, որ լաբորատոր ծառայությունների մատուցման բիզնեսը դառնում է ոչ այնքան եկամտաբեր: Եվ  ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության գործընկերները մատնանշել են Հայաստանում այդ խնդրի մասին: Քերոբյանի խոսքով՝ այդ առումով կառավարությունը հիմա ավելի համաչափ է դարձնում պատժիչ մեխանիզմները:   «Ծրագրի արդյունքում շահագրգիռ կողմերին կտրամադրվեն կայուն և միջազգայնորեն ճանաչված չափագիտական ծառայություններ, ինչն էլ իր հերթին կնպաստի, որ Հայաստանում բարելավվի արտադրված ապրանքների որակը, ապահովվի Հայաստանում կատարված չափումների, փորձարկումների միջազգային ճանաչումը՝ նախադրյալներ ստեղծելով մարդկանց կյանքի որակի բարձրացման, ԵՄ-ի և այլ երկրների հետ առևտրի ընդլայնման համար»,-ասաց նախարարը: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը հույս հայտնեց, որ Հայաստանից արտահանվող ապրանքները կկարողանան բարելավել իրենց մրցակցային դիրքերը արտասահմանյան և հատկապես ԵՄ շուկայում: «Հայաստանի արտահանման մի մեծ մասնաբաժին գնում է ԵՄ անդամ 27 պետություններ: Դրա համար մենք բոլոր գործընկերների հետ աշխատում ենք՝ Հայաստանից ԵՄ արտահանման համար: Դա ավելի կզարգացնի սոցիալ-տնտեսական կապերը, կօգնի, որ հայաստանյան ՓՄՁ-ները մասնակցություն ունենան միջազգային առևտրում»,-ասաց Անդրեա Վիկտորինը՝ հավելելով, որ ԵՄ-ն հանձնառու են մնում՝ աջակցելու Հայաստանին՝ արդյունավետորեն իրականացնելու Համապարփակ և ընդլայնված գործունեության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանն էլ հույս հայտնեց, որ ծրագիրն իսկապես ազդեցություն կունենա տնտեսության, ՓՄՁ-ների վրա: «Որպեսզի երկրի, մասնավորի ջանքերը իզուր չլինեն, կարևոր է վստահությունը, պետք է վստահ լինեն, որ կարող են արտադրել որակով, արտահանել և լինել մրցակցային: Իսկ դրա ճանապարհի քայլերն արդեն արված են»,-նշեց նա:
17:43 - 10 նոյեմբերի, 2022