«Մենք պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանի նման մարդկանց»։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է Արևելյան գործընկերության հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը, հայտնում են Ադրբեջանի նախագահի աշխատակազմից։
«Կարծում եմ՝ կարևոր է, որ Հայաստանը հստակ հայտարարի, թե իրականում ինչ է ուզում։ Եթե նրանք ուզում են խոսել Ղարաբաղում հայերի իրավունքների ու անվտանգության մասին, չի ստացվի։ Մենք պատրաստ ենք այս մասին խոսել Ղարաբաղի հայերի հետ, բայց ոչ Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանի [Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի-խմբ․] նմանների հետ, որոնց գրպանում ռուս ժողովրդից գողացված միլիարդավոր փողեր կան։
Նրան Մոսկվայից ուղարկել են Ղարաբաղ շատ հստակ օրակարգով։ Մենք պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող եւ այնտեղ ապրել ցանկացող մարդկանց հետ։ Ի դեպ, այս գործընթացը սկսվել է։ Եթե նոր նշված որոշ երկրներից, այսինքն՝ դրսից միջամտություն չլիներ, և այդ գործընթացը կասեցնելու փորձեր չլինեին, ապա կարծում եմ, որ գործընթացը կարող էր ավելի դինամիկ լինել։ Բայց սա կապ չունի Փաշինյանի ու նրա իշխանության հետ։ Ինչպես արդեն ասացի, պետք է կոնսենսուս լինի Ադրբեջանի, Եվրամիության, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, այսինքն՝ այն երկրների և կառույցների միջև, որոնց Ադրբեջանը համարում է, որ կարող են օգնել այս հարցում»,- նշել է Ալիևը։
comment.count (0)