Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Նախարար Կարեն Անդրեասյանը ԻԻՀ-ում հանդիպում է ունեցել ԻԻՀ Գերագույն դատարանի նախագահի հետ

Նախարար Կարեն Անդրեասյանը ԻԻՀ-ում հանդիպում է ունեցել ԻԻՀ Գերագույն դատարանի նախագահի հետ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն Իրանի Իսլամական Հանրապետությունում հանդիպում է ունեցել ԻԻՀ Գերագույն դատարանի նախագահ Սեյեդ Ահմադ Մորթազավի Մողադամիի հետ: Այս մասին հայտնում է ԱՆ նախարարությունը։ «Իրանի գերագույն դատարանի նախագահը իր գոհունակությունն է հայտնել ՀՀ իշխանությունների գործադրած ջանքերի համար տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու և կայունություն հաստատելու ուղղությամբ:  ԻԻՀ գերագույն դատարանի նախագահը սիրով ողջունել է ՀՀ պատվիրակության այցը բարեկամ Իրան և նախարարին է ներկայացրել ԻԻՀ դատական համակարգը, մասնավորապես՝ ԻԻՀ գերագույն դատարանի գործառույթների շրջանակը: Փոխադարձաբար ՀՀ արդարադատության նախարարի կողմից ներկայացվել է ՀՀ դատական համակարգը, արդարադատության նախարարի գործառույթների շրջանակը, Սահմանադրական բարեփոխումների կարևորությունը և Դատական համակարգի բարեփոխումների տեսլականը՝ միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա այն առավել գործուն դարձնելու առումով: ԻԻՀ գերագույն դատարանի նախագահը հատուկ շնորհակալություն է հայտնել ԻԻՀ 7 դատապարտյալների պատժի հետագա կրման նպատակով հայրենիք վերադարձնելու համար նախարարի ջանքերի համար և հույս է հայտնել շարունակական համագործակցության»,- նշված է հաղորդագրության մեջ։
10:59 - 22 փետրվարի, 2022
Մյունխենում հանդիպել են Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները

Մյունխենում հանդիպել են Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները

Մյունխենում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 19-ին հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ նախարարները գոհունակություն են հայտնել երկու ժողովուրդների միջև պատմական կապերի և փոխըմբռնման վրա հիմնված հարաբերությունների դրական դինամիկայի առնչությամբ՝ պատրաստակամություն հայտնելով որակական նոր մակարդակի հասցնելու հայ-իրանական համագործակցությունն անվտանգային, առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, զբոսաշրջության ու մշակույթի և այլ ոլորտներում։ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն ընդգծել են «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի վերջնականացման և ստորագրման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում կարևորելով փորձագետների՝ 6-րդ հանդիպման կազմակերպման նպատակով միասնական ջանքերի ներդրումը։ Արարատ Միրզոյանը և Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանն անդրադարձ են կատարել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի լայն շրջանակի։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի, ինչպես նաև՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նա բարձր է գնահատել Հայաստանի տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը: Ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության խաղաղ և տևական կարգավորման անհրաժեշտությունը:
17:17 - 19 փետրվարի, 2022
ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են միջուկային գործարքի շուրջ համաձայնության ձեռքբերմանը |hetq.am|

ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են միջուկային գործարքի շուրջ համաձայնության ձեռքբերմանը |hetq.am|

hetq.am: ԱՄՆ-ն Իրանից հետո լավատեսություն է հայտնել Վիեննայում ընթացող բանակցությունների կապակցությամբ, որոնք միտված են Իրանական միջուկային գործարքի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի վերականգնմանը։ «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է էական առաջընթաց»,- Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ փետրվարի 17-ին AFP-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը։ «Եթե Իրանը լուրջ է տրամադրված, մենք կարող ենք և պետք է առաջիկա օրերին գանք համաձայնության»,- հավելել է նա։  Ամերիկյան կողմը հայտարարել է, որ ցանկացած հապաղում վտանգի տակ կդնի գործարքին վերադառնալու հնարավորությունը։ Ավելի վաղ, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել էր, որ Թեհրանը առաջիկա օրերին «կամ լուրջ ճգնաժամ կհրահրի, որը կարելի է շրջանցել, կամ էլ կընդունի համաձայնության պայմանները, որը հարգում է բոլոր կողմերի շահերը և, մասնավորապես, Իրանի»,- նշել է ֆրանսիացի դիվանագետը։  Այն մասին, որ կողմերը «առավել քան երբևէ մոտ են համաձայնության», փետրվարի 16-ին թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր նաև Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանին, որը գլխավորում է իրանական պատվիրակությունը։ Ընդ որում, նա հայտարարել է, որ գործարք չի լինի, «քանի դեռ ամեն ինչ չի համաձայնեցվել»՝ գործընկերներին կոչ անելով բանակցություններում լինել իրատես և «դասեր քաղել վերջին չորս տարիներից»։ Իրանն իր միջուկային ծրագրի ակտիվ զարգացումը սկսել է նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նախագահության տարիներին (2005-2013 թվական)։ Միևնույն ժամանակ ՄԱԳԱՏԷ-ն մշտական ստուգումներ էր սկսել Իրանի միջուկային օբյեկտներում, որը վերջին հաշվով հաստատեց իրանցիների կողմից միջուկային զենքի ստեղծման աշխատանքները։ Այդ ժամանակ, ի պատասխան Իրանի գործողությունների, ԱՄՆ-ն ու Եվրոպական երկրները պատժամիջոցներ սկսեցին սահմանել Իրանի ֆինանսական հատվածի, էներգառեսուրսների և զինամթերքի արտահանման վրա։ Արդյունքում, իրանական տնտեսությունն էականորեն տուժեց։ Իրավիճակը որոշակիորեն կարգավորվեց 2015 թվականին՝ Հասան Ռոհանիի կառավարության ջանքերի շնորհիվ։ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Իրանը կնքեցին Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը։ Թեհրանը սահմանափակեց իր միջուկային ծրագիրը, իսկ նրա վրայից հանվեցին պատժամիջոցները։ Սակայն 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն դուրս եկավ գործարքից և վերականգնեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները։ Ի պատասխան Թեհրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների աստիճանական կրճատման մասին։
21:59 - 18 փետրվարի, 2022
Կդիտարկվի Իրանի հետ համատեղ տեխնիկական և արհեստագործական ուսումնարաններ ստեղծելու առաջարկը

Կդիտարկվի Իրանի հետ համատեղ տեխնիկական և արհեստագործական ուսումնարաններ ստեղծելու առաջարկը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Զրույցի ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հետագա ուղղություններին առնչվող մի շարք հարցեր։ Նախարարն ընդգծել է երկու երկրների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի դրույթների իրագործման կարևորությունը՝ նշելով, որ այն կայուն և ամուր հիմքեր է ստեղծում համագործակցության շրջանակի ընդլայնման համար։ Անդրադառնալով երկու երկրների միջև կրթական և մասնագիտական կողմնորոշման ծրագրերի շուրջ համագործակցության զարգացման անհրաժեշտությանը՝ նախարարը պատրաստակամություն է հայտնել դիտարկել Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի առաջարկը՝ համատեղ տեխնիկական և արհեստագործական ուսումնարաններ ստեղծելու վերաբերյալ։   Հոջաթոլլահ Աբդոլմալեքին նշել է, որ 13 000 ուսումնարաններում տարեկան ավելի քան մեկ միլիոն քաղաքացի ստանում է տեխնիկական և մասնագիտական կրթություն, ինչը լավ հնարավորություն կարող է լինել Հայաստանի հետ հմուտ և փորձագիտական աշխատուժի փոխանակման տեսանկյունից։ Զրույցի ընթացքում քննարկվել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոնների և փոքր խմբային համայնքային տների ստեղծման վերաբերյալ հետագա համագործակցության հնարավորությունները։
19:59 - 18 փետրվարի, 2022
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել Է փակուղու բացակայության մասին Վիեննայի միջուկային գործարքի շուրջ բանակցություններում |armenpress.am|

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել Է փակուղու բացակայության մասին Վիեննայի միջուկային գործարքի շուրջ բանակցություններում |armenpress.am|

armenpress.am: Վիեննայում միջուկային գործարքի շուրջ բանակցությունները փակուղի չեն մտել, կողմերը քննարկում են հանգուցային հարցերը: Փետրվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն: «Վիեննայում փակուղի չկա, բանակցությունները շարունակվում են, ինչպես եւ նախկինում,- ասել Է նա: Երբ բանակցային գործընթացը հասնում Է երկոսության պահի լուրջ թեմաների շուրջ, բանակցությունները դառնում են բարդ եւ հանդիպում են ոոշակի դադարեցումների»: Դիվանագետի խոսքով՝ «այն, ինչ այժմ տեղի Է ունենում Վիեննայում, հանգուցային հարցերի քննարկում Է»: «Այսօր անհրաժեշտ Է ընդունել քաղաքական որոշում: Թեհրանն այն ընդունեց շատ տարիներ առաջ, երբ մնաց միջուկային գործարքում, եւ այսօր մենք արեւմտյան կողմից սպասում ենք ներկայացված նախաձեռնությունների պատասխանին»,- հավելել Է նա: Փետրվարի 13-ին Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին Twitter-ում գրել Է, որ Վիեննայում համաձայնության հասնելու աշխատանքն ավելի բարդ Է դառնում: Փետրվարի 8-ին Վիեննայում ընդմիջումից հետո վերսկսվել Է բանակցությունների ութերորդ փուլը՝ միջուկային գործարքը սկզբնական տեսքով վերականգնելու եւ ԱՄՆ-ին այդ բազմակողմ համաձայնագրին վերդարձնելու նպատակով: Աշխտանաքը տարվում Է ինչպես Իրանի եւ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի,  Չինաստանի եւ Ֆրանսիայի համատեղ հանձնաժողովի շրջանակներում, այնպես Էլ ԱՄՆ-ի հետ առանձին կոնսուլտացիաների ձեւաչափով՝ առանց Թեհրանի մասնակցության, որն առայժմ պատրաստ չԷ ամերիկյան կողմի հետ ուղղակի երկխոսության: Բանագնացնեն արդեն պայմանավորվել են արագացնել համաձայնագրի նախագծի վա աշխատանքի գործընթացը: Ենթադրվում Է, որ ութերորդ փուլը կարող Է դառնալ վերջինը, քանի որ կոնսուլտացիաների մասնակիցները տրամադրված են աշխատաքն ավարտելու փետրվարին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:42 - 14 փետրվարի, 2022
Վահրամ Դումանյանն իրանցի գործընկերոջ հետ քննարկել է համատեղ տեխնոլոգիական պարկեր ունենալու հարցը

Վահրամ Դումանյանն իրանցի գործընկերոջ հետ քննարկել է համատեղ տեխնոլոգիական պարկեր ունենալու հարցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր տեսակապի միջոցով զրուցել է Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մուհամմեդ Ալի Զոլֆիգոլի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Ողջունելով իրանցի գործընկերոջը՝ Վահրամ Դումանյանը հույս է հայտնել, որ երկու նախարարների առաջիկա հանդիպումն արդեն կանցկացվի դեմ առ դեմ: Նախարարը նշել է, որ երկու օրից լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և այն լավ առիթ է առկա համագործակցությունն առավել բարձր մակարդակի հասցնելու տեսանկյունից: «Հաճելի է զարգացած ու սերտ հարաբերություններ ունենալ բարեկամական և եղբայրական հարևանի հետ: Ծանոթ եմ Իրանի ուսանողների նվաճումներին, մասնավորապես` ծրագրավորման ոլորտի համաշխարհային մրցույթներում նրանց գրանցած հաջողություններին: Այդ առումով կարևորում եմ բարեկամ Իրանի ուսանողների հետ շփումը և առաջարկում եմ դիտարկել Միջազգային ուսանողական ծրագրավորման համաշխարհային հեղինակավոր մրցույթի (ICPC) շրջանակում ուսանողական թիմերի միջև համագործակցության հնարավորությունը: Մենք բարձր ենք գնահատում նաև Իրանի գիտնականների նվաճումները և կարևորում Հիմնարար գիտությունների հետազոտական ինստիտուտի հետ համագործակցություն ծավալելու հնարավորությունը, ինչպես նաև մաթեմատիկայի և քիմիայի ոլորտում նոր կապերի ստեղծումը»,- նշել է Վահրամ Դումանյանը՝ առաջարկելով խթանել համագործակցությունը նաև դպրոցների մակարդակում՝ համատեղ ամառային ճամբարների անցկացման և լեզուների ուսուցման շրջանակում: ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մուհամմեդ Ալի Զոլֆիգոլն իր գոհունակությունն է հայտնել երկու երկրների միջև գիտական, հասարակական և մշակութային համագործակցության առնչությամբ: Նա տեղեկացրել է, որ Իրանում գործում են 44 համալսարան, որոնք համաշխարհային սանդղակում զբաղեցնում են բավականին բարձր տեղեր, տեխնոլոգիական բազմաթիվ պարկեր և գիտելիքահենք ընկերություններ: ԻԻՀ նախարարի փոխանցմամբ՝ Իրանի բուհերի դասախոսները և գիտնականները կարող են տարբեր ոլորտներում համագործակցել ՀՀ բուհերի հետ՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով օգտվել Հայաստանի գիտական և մարդկային ներուժից: «Մենք բարեկամական և եղբայրական ձեռք ենք մեկնում Հայաստանին ու պատրաստ ենք սերտ համագործակցություն ծավալել գիտության և տեխնոլոգիաների ոլորտում, փոխադարձ օգտագործել նորարարությունների ներուժը՝ իրագործելով բոլոր կառուցողական առաջարկները»,- փաստել է Մուհամմեդ Ալի Զոլֆիգոլը: Կողմերը քննարկել են նաև համատեղ տեխնոլոգիական պարկեր ունենալու և համապատասխան մասնագետներ պատրաստելու, երկու երկրների ուսանողների շարժունության, դիպլոմների փոխճանաչման և փոխայցերի կազմակերպման վերաբերյալ հարցեր: 
17:05 - 07 փետրվարի, 2022
Թեհրանն ու Վաշինգտոնը հայտարարում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում առաջընթացի մասին |hetq.am|

Թեհրանն ու Վաշինգտոնը հայտարարում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում առաջընթացի մասին |hetq.am|

hetq.am: Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջ իրականացվող բանակցություններում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնք վերաբերում են քաղաքական և տնտեսական երաշխիքներին։ Այդ մասին Թեհրանում լրագրողներին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը։  «Իրանական բանակցային խումբը ներդրել է բոլոր ջանքերը, որպեսզի Արևմուտքը ներկայացնի կոնկրետ երաշխիքներ և հավատարիմ մնա ապագայում ձեռքբերվելիք պայմանավորվածություններին»,- նշել է իրանցի նախարարը։ Մեկնաբանելով Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների թեման՝ այդ երկրի ԱԳ նախարարը նշել է, որ Թեհրանը ամերիկյան կողմին, միջնորդների միջոցով, հստակ սահմանել է իր դիրքորոշումը։ «Նրանք գործով պետք է ցույց տան իրենց դրական տրամադրվածությունը, ձեռնարկեն կոնկրետ նախաձեռնություններ։ Այն, ինչ կա թղթի  վրա, լավ է, բայց բավարար չէ»,- ասել է Աբդոլահյանը։  Զուգահեռաբար, ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան Reuters գործակալությանը հայտնել է, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է չեղարկել մի շարք պատժամիջոցներ, որոնք ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սահմանել էր Իրանի քաղաքացիական միջուկային ծրագրի նկատմամբ։ Ըստ պաշտոնյայի՝ նման կերպ Վաշինգտոնը ցանկանում է «թեթևացնել» Վիեննայում իրանական միջուկային ծրագրի բանակցությունների վերջնական փուլում տեխնիկական ասպեկտների քննարկումը։  Այն հնարավորություն կտա արտասահմանյան ընկերություններին աշխատանքներ իրականացնել Իրանի որոշ օբյեկտներում՝ ատոմի խաղաղ յուրացման ուղղությամբ։ Սակայն, ըստ ամերիկյան կողմի, սա չպետք է հասկանալ որպես «զիջում Իրանին» կամ ազդակ, «որ մենք մոտ ենք համաձայնության»։ Այդուհանդերձ, ըստ ամերիկացի պաշտոնյայի, բանակցություններում կա որոշակի առաջընթաց։ Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին Ավստրիայի մայրաքաղաքում վերսկսվել էին Իրանի միջազգային միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցությունները։  Իրանն իր միջուկային ծրագրի ակտիվ զարգացումը սկսել է նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նախագահության տարիներին (2005-2013 թվական)։ Զուգահեռաբար ՄԱԳԱՏԷ-ն մշտական ստուգումներ էր սկսել Իրանի միջուկային օբյեկտներում, որը վերջին հաշվով հաստատեց իրանցիների կողմից միջուկային զենքի ստեղծման աշխատանքները։ Այդ ժամանակ ի պատասխան Իրանի գործողությունների՝ ԱՄՆ-ն ու Եվրոպական երկրները պատժամիջոցներ սկսեցին սահմանել Իրանի ֆինանսական հատվածի, էներգառեսուրսների և զինամթերքի արտահանման վրա։ Արդյունքում, իրանական տնտեսությունն էականորեն տուժեց։ Իրավիճակը որոշակիորեն կարգավորվեց 2015 թվականին՝ Հասան Ռոհանիի կառավարության ջանքերի շնորհիվ։ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Իրանը կնքեցին Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը։ Թեհրանը սահմանափակեց իր միջուկային ծրագիրը, իսկ նրա վրայից հանվեցին պատժամիջոցները։ Սակայն 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն դուրս եկավ գործարքից և վերականգնեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Թեհրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների աստիճանական կրճատման մասին։
13:47 - 06 փետրվարի, 2022