Գիտությունների ազգային ակադեմիա

Բարձրագույն պետական ինքնակառավարվող ոչ առեւտրային հաստատություն է, որի նախագահությունը գտնվում է Երեւանում։ Ակադեմիան նաեւ մասնաճյուղեր ունի Գյումրիում, Սեւանում, Գորիսում, Վանաձորում եւ Կապանում։

Այն կազմակերպում եւ իրականացնում է հիմնարար  եւ կիրառական  գիտական հետազոտություններ,  եւ համակարգում է հանրապետությունում կատարվող հիմնարար հետազոտությունները։ ԳԱԱ-ն նաեւ ծառայում է որպես ՀՀ իշխանության բարձրագույն մարմինների պաշտոնական գիտական խորհրդական։

ՀՀ ԳԱԱ-ն 1943 թվականին հիմնադրված Հայաստանի գիտությունների ակադեմիայի իրավահաջորդն է դարձել 1993 թվականից։

2005 թ. ակադեմիան վերանվանվել է «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիա» պետական ոչ առեւտրային կազմակերպություն։

Սևրի պայմանագիրը մեր պահանջատիրության հիմնական հենքն է, որի համար մենք՝ որպես ժողովուրդ և պետություն, պայքարելու ենք, որ Հայոց ցեղասպանության դիմաց հասնենք նաև տարածքային հատուցման. Աշոտ Մելքոնյան |tert.am|

Սևրի պայմանագիրը մեր պահանջատիրության հիմնական հենքն է, որի համար մենք՝ որպես ժողովուրդ և պետություն, պայքարելու ենք, որ Հայոց ցեղասպանության դիմաց հասնենք նաև տարածքային հատուցման. Աշոտ Մելքոնյան |tert.am|

tert.am: Սևրի պայմանագրի 100-ամյակի առիթով ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպվել է գիտաժողով: Առաջին զեկույցը ներկայացրեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Մինչև Սևրի պայմանագրի մասին խոսելը` Մելքոնյանը պատմական ակնարկ կատարեց, բացատրելով, թե ինչպես է կնքվել համաձայնագիրը: Նա նշեց, որ Թուրքիան (Օսմանյան կայսրությունը), 14-րդ դարից սկսած, , սպառնում էր եվրոպային, և այդ նույն Եվրոպան Թուրքիայի թուլացման հետ մեկտեղ զուգընթաց միշտ առիթ էր փնտրում «վարձահատույց լինել» և Թուրքիայի քայքայման, պառակտման ծրագիրը մշտապես բերել օրակարգ: Նա նշեց, որ Համաշխարհային պատերազմը սկսվեց հոկտեմբերի 30-ին, իսկ Մուդրոսի զինադադարով իր պարտությունն ընդունեց գերմանական ռազմաքաղաքական խմբավորման անդամներից մեկը` Թուրքիան, և պարտավորվեց իր զորքերը դուրս բերել մինչև նախապատերազմյան՝ 1914 թվականի սահմանները: Նա ասաց, որ այդ պայմաններում, երբ արդեն գոյություն ուներ Հայաստանի Հանրապետությունը, իսկ այդ պատերազմում հայ ժողովուրդը, քանի որ մեծ կորուստեր էր կրել, բոլոր իրավունքներն ուներ ակնկալելու այդ պատերազմի արդյունքներից իր համար ցանկալի սահմաններ, ուստի որոշվեց պատվիրակություն ուղարկել ՀՀ-ից Փարիզ՝ պարտված Թուրքիայի հետ հաշտությունը կքնելու համար, իսկ պատվիրակության ղեկավարն էր Ավետիս Ահարոնյանը: Աշոտ Մելքոնյանը նաև հիշեցրեց, որ այնտեղ էր գտնվում նաև եգիպտահայ մեծահարուստ Պողոս Նուբար փաշան, որը 1912 թվականից Գևորգ 5-րդ կաթողիկոսի հրահանգով գործում էր տեղում: Մելքոնյանը տեղեկացվեց, որ պատմագրության մեջ շատ է խոսվում հայկական երկու պատվիրակությունների միջև եղած տարաձայնությունների մասին, սակայն ըստ նրա, դրանք չափազանցված են: Նա նշեց, որ երբ մեծ տերությունները հարցրել են՝ ում հետ պետք է պայմանագիրը ստորագրեն, Պողոս Նուբարն ասել է՝ Ավետիս Ահարոնյանի: «Հայկական պատվիրակության հուշագիրը պահանջում էր, որ Թուրքիան պետք է ճանաչի Արևելյան Հայաստանում ստեղծված ՀՀ-ն, 7 վիլայեթներ՝ այդ թվում նաև Տրապիզոնը և Կիլիկայի 4 սանջակները, առնվազն 20 տարով մանդատը պետք է տրվեր Անտանտի երկրներից մեկին, որը պետք է հովանավորեր ՀՀ-ն: Հայաստանը գտնում էր, որ մանդատի հարցում ավելի ճիշտ է կանգ առնել ԱՄՆ-ի վրա, քանի որ արդեն Վուդրո Վիլսոնը բավական ակտիվ գործել էր այդ ուղղությամբ և հայտարարել, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որ արդարությունը հաղթանակի, հայ ժողովուրդն ունենա իր պետականությունը և փաստորեն հուշել Միացյալ Հայաստանի գաղափար: Մեծ տերությունները դեմ չէին, որ մանդատը ստանձնի ԱՄՆ-ն»,- նշեց նա: ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը նշեց, որ 1920-ին հունվարին ՀՀ-ն ճանաչվեց Անտանտի կողմից, դրանից մի քանի օր անց ԱՄՆ-ն  ճանաչեց ՀՀ-ն, և Արմեն Գարոն դարձավ առաջին դիվանագիտական ներկայացուցիչը: Այնուհետև նա ներկայացրեց, թե ինչպես ԱՄՆ սենատի և Վուդրո Վիլսոնի միջև մանդատը ստանձնելու հարցում տարաձայնություն առաջացավ և ի վերջո սենատը 52-23 ձայների հարաբերակցությամբ քվեարկեց ու  մերժեց Հայաստանի և ընդհանրապես Փոքր Ասիայի մանդատի խնդիրը, պատճառաբանելով, որ դրանք մեծ հոգսեր են ԱՄՆ-ի համար և չարժի այդ մանդատը վերցնել: «Սակայն գործընթացը շարունակվում էր, դրան հաջորդեց Սան Ռեմոյի պայմանագիրը, որի որոշումներն ընկան Սևրի դաշնագրի հենքում: Ավետիս Ահարոնյանը Հայաստանին տեղեկացրել էր՝ մեծ տերությունները տեսնում են հայկական երկու մասերը միմյանց կապելու խնդիրը և նշում էր՝ Անգլիայի վարչապետը այն կարծիքին է, որ Հայաստանն ունենա կենսապայմաններ, կենսունակ երկիր լինի և ամենակարևորը պետք է ունենա թոքեր` շնչելու համար, և այդ թոքերը համարում էր Էրզրումը և ելքը դեպի Սև ծով: Հայաստանը Բաթումով ազատորեն պետք է դուրս գար Սև ծով, քանի որ որոշված չէր՝ ինչ է լինելու Տրապիզոնի խնդիրը»,- ասաց նա: Աշոտ Մելքոնյանը նշեց, որ այստեղ հետաքրքիր էր հայ-հունական հարաբերությունների խնդիրը, քանի որ պետք է ստեղծվեր հունական պետություն, եթե Տրապիզոնը տրվեր Հայաստանին, հունական պետություն ստեղծելը հնարավոր չէր: Նա նշեց, որ ի վերջո Հունաստանը զիջել է, պայմանավորվածություն ձեռք բերելով, որ Հայաստանը  պետք է հարգեր ազգային փոքրամասնությունների, հատկապես հույների իրավունքները: «Եվ 1920 թվականի օգոստոսի 10-ին Սևրում Օսմանական կայսրության և մյուս կողմից` Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, փոքր դաշնակիցների հետ, որի թվում էր Հայաստանը, կնքվեց այդ պայմանագիրը: Հայերի կողմից այն կնքեց ՀՀ պատվիրակության նախագահ Ավետիս Ահարոնյանը՝ նախապես պատիրված ոսկե գրչով: Դրանով Թուրքիան  ոչ միայն ընդունում էր իր պարտությունը, այլև կայսրություն լինելու փլուզման իրողությունը: Պայմանագիրը վեց բաժին ուներ, 97 մաս, 578 հոդված, որից 88-90-րդը` 6-րդ բաժնի, վերաբերում էին Հայաստանին: Թուրքիան պետք է ճանաչեր ՀՀ անկախությունը: 89-րդ հոդվածով Միացյալ Նահանգների նախագահը պետք է որոշեր սահմանները, նշվում էր, որ սահմանը որոշելուց հետո Թուրքիան այդուհետ արդեն հայտարարում էր, որ որոշման օրից սկսած` հրաժարվում է հանձնված տարածքների նկատմամբ որևէ իրավական հավակնություններից»,- ասաց նա: Մելքոնյանը պարզաբանեց, որ դրանով իրավարար վճիռը վավերացնելու կարիք չկար, այն անմիջապես մտնում էր ուժի մեջ, այն օրվանից, երբ ԱՄՆ նախագահի հանձնախումբը ներկայացնում էր դաշնակիցներին հայ-թուրքական սահմանը՝ Տրապիզոն, Էրզրում, Բիթլիս, Վան վիլայեթներով: «Հայաստանին պետք է անցներ Էրզրումի վիլայեթի գրեթե ամբողջ տարածքը, բացառությամբ արևմտյան մի քանի գավառների, Տրապիզոնի զգալի մասը Վանի և Բիթլիսի վիլայեթների երկու երրորդը, ՀՀ տարածքը պետք է դառնար 161 հազար քառակուսի կմ, որին պետք է գումարվեր բուն ՀՀ տարածքը՝ 70 հազար քառակուսի կմ-ով: Հսկայական և զորեղ պետություն էր լինելու, եվրոպական դաշնակից երկրների համար հուսալի մի երկիր, որի գաղափարը կյանքի չկոչվեց, զանազան պատճառներով հատկապես ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրողությունների պատճառով»,- նշեց նա: Շարունակությունը՝ tert.am-ում
14:01 - 10 օգոստոսի, 2020
Ներկայացվող չափորոշիչները մեթոդական և թեմատիկ առումով թերի և անընդունելի են. ԳԱԱ գրականության ինստիտուտ

Ներկայացվող չափորոշիչները մեթոդական և թեմատիկ առումով թերի և անընդունելի են. ԳԱԱ գրականության ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ Մ․Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի կարծիքը հանրակրթության Հայոց լեզվի և գրականության չափորոշչի և ծրագրերի մասին․ «ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական անձնակազմի ընդհանուր ժողովը, քննարկելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացրած Հայոց լեզվի և գրականության չափորոշիչները, խոր մտահոգություն է հայտնում առանցքային թերություններ ունեցող այս ծրագրի վերաբերյալ, մերժում և անընդունելի է համարում այն թե՛ բովանդակային և թե՛ կառուցվածքային ու մեթոդական առումներով: Գրականության ինստիտուտը, հավաստելով իր պատրաստակամությունը անվարձահատույց աջակցելու «Հայ գրականության» չափորոշչի և ծրագրերի ձևավորմանը, նոր դասագրքերի կազմմանը, հայտնում է հետևյալ նկատառումները. Նախագիծը սահմանում է առարկայի անվանումից հանել «հայ» բառը և Հայ գրականությանը հատկացված ժամաքանակի և ծավալի կրճատմամբ դասաժամեր հատկացնել համաշխարհային գրականության առանձին երկերի ուսումնասիրությանը։ Հայկական ինքնությունը նշանակիր է իր լեզվով, պատմությամբ, գրականությամբ, արվեստով, ուղիղ իմաստով՝ իր հոգևոր ստեղծումների պատմությամբ։ «Գրականություն» առարկան միջին դասարանների համար է, բարձր դասարաններում պետք է դասավանդվի «Հայ գրականություն» առարկան ՝ ըստ ժամանակագրության ներառելով հայ հին և միջնադարյան, դասական և ժամանակակից գրականության կարևոր հեղինակներին ու նրանց ստեղծագործությունները։ Նախագծի կարգա-հասկացութային բառապաշարում և չափորոշիչներում չկան Հայրենիք, ազգային ինքնություն, հոգեկերտվածք, ազգային գաղափարախոսություն, արժեհամակարգ և ազգակազմիչ այլ հասկացություններ, որոնց բացակայությունը պարզապես կազմաքանդում է հայ դպրոցն ու սովորողի ազգային նկարագիրը՝ վերածվելով ազգային անվտանգության հիմնախնդրի։ Արտասահմանյան գրականությունը ներկայացնող հեղինակներն ընտրված են անհասկանալի կամայականությամբ, հաճախ՝ սիրողական աղբյուրներից կամ կայքերից կատարված պատճենումով։ Ընտրության այդօրինակ սկզբունքների վերաբերյալ չկա մասնագիտական պատշաճ մեկնաբանություն։ 10-12-րդ դասարանների հայ գրականության դասագրքերից պետք է հանել Արտասահմանյան գրականությանը վերաբերող նյութերը: Ողջունելի կլինի, եթե «Արտասահմանյան գրականություն» առարկային հատկացվի առանձին դասընթաց: Վերականգնել Հայ գրականության դասավանդման ժամանակագրական սկզբունքը՝ մերժելով սեռաժանրային բաժանման մոտեցումը: Գրականության սեռաժանրային բաժանման ընտրված մեթոդը տրոհում է ժամանակագրական շղթան՝ դրվագային ընթերցումների մեջ տարրալուծելով գրականության պատմության ընդհանրական պատկերը, ապա ազգային հիշողությունը, որ անպայմանորեն կապակցված է ժամանակ, տեղ, ինքնության շրջանակ հասկացություններին։ Գրական ամեն երկ քննելի է իր ժամանակի մեջ, պատմական ու սոցիալ-քաղաքական մի միջավայրում, որ ոչ միայն ազգային կենսագրությունն է բնորոշում, այլև նրա տեղն ու դերակատարությունը համաշխարհային պատմության շարժընթացում։ Անկախ նրանից, թե 7-9-րդ դասարանների գրականության դասագրքերում ինչ տեղ կտրվի հայ պատմագրությանը և միջնադարյան տարբեր հեղինակներին, 10-րդ դասարանի դասագիրքը պետք է սկսել նախագրային շրջանով, ապա անցում կատարել 5-րդ դարի հայ պատմագրությանը և շարունակել ըստ ժամանակային ընթացքի: Չկան անհասկանալի կամ դժվարընկալելի հեղինակներ, այդ թվում և Նարեկացին: Կարող են լինել նյութի մատուցման անհաջող եղանակներ: Տրոհումը, ուսուցչի կամքով կամ նախասիրությամբ այս կամ այն երկի ընտրությունը կազմաքանդում են գիտելիքի հիմքը կամ առարկայի միջուկը, որի տիրույթում է ձևավորվում տվյալ առարկայի իմացաբանությունը՝ նախատեսված ազգային դպրոցն ավարտած քաղաքացու համար։ Կամընտրությունը կարող է ստվերում թողնել որոշ հեղինակների և նրանց ստեղծագործությունները: Պարտադիր վերականգնել հայ դասական և սփյուռքահայ գրականության՝ ծրագրից դուրս մնացած հեղինակներին: Կամայականության կամ անհետևողականության արդյունքում զարմանալիորեն կրճատվել է Հայ նոր գրականության ծրագիրը։ Այս շրջանի գրականության դասընթացից դուրս են մնացել մի շարք կարևոր հեղինակներ և ստեղծագործություններ: Լրացուցիչ գրականության ցանկ են տեղափոխվել Գաբրիել Սունդուկյանը, Ռափայել Պատկանյանը, Կոստան Զարյանը և մի շարք այլ հեղինակներ։ Գրեթե բացակայում է Սփյուռքահայ շուրջ մեկդարյա գրականությունը։ Սփյուռքը հիշվում է միայն 11-րդ դասարանում ուսուցանվող Զահրատով: Տարանջատել «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաները։ Դրանք ունեն թե´ առարկայակազմիչ, թե´ մեթոդական առանձին գործիքներ, և գործիքակազմի նույնացումը ստեղծում է միայն անկազմակերպ և խառնաշփոթ վիճակ, միջառարկայական այնպիսի սահմաններ, որոնք բնորոշ չեն առարկաներից յուրաքանչյուրին առանձին –առանձին։ Անկախ նրանից, թե ժամանակակից հայ գրականությունն ինչ հարաբերակցությամբ կներկայացվի ընդհանուր ծրագրում, բացառել այնպիսի ստեղծագործությունների ընդգրկումը, որոնք դուրս կլինեն տարիքային դաստիարակության ու հոգեբանության շրջածիրից և իրենց բացասական կնիքը կարող են թողնել երեխաների մտածողության վրա: Ներկայացվող չափորոշիչները մեթոդական և թեմատիկ առումով թերի և անընդունելի են։ Առաջարկում ենք նախ թեմատիկ ծրագիր մշակել, որում հստակ կներկայացվի հայ գրականության պատմության ընթացքը, հեղինակներից յուրաքանչյուրի կյանքը և ստեղծագործությունները, այնուհետև դրանք դնել համապատասխան մեթոդական և դասավանդման ձևերի մեջ: Անվստահություն հայտնելով գործող հանձնախմբին՝ ԳԱԱ Գրականության ինստիտուտն առաջարկում է «Հայ գրականության» և «Հայոց լեզվի» առարկայական չափորոշիչների ձևավորման համար ստեղծել նոր հանձնաժողովներ՝ ներկայացուցիչներ ընդգրկելով Երևանի պետական և մանկավարժական համալսարանների համապատասխան ամբիոններից, ՀՀ ԳԱԱ գրականության և լեզվի ինստիտուտներից»։
12:01 - 06 օգոստոսի, 2020
Լիլիթ Մկրտչյանը հերքում է Թուրքիայի կողմից կազմակերպված ծրագրի մասնակցելու լուրերը |armenpress.am|

Լիլիթ Մկրտչյանը հերքում է Թուրքիայի կողմից կազմակերպված ծրագրի մասնակցելու լուրերը |armenpress.am|

armenpress.am: «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների չափորոշիչները կազմող աշխատանքային թիմի ղեկավար, պ.գ.թ., դոցենտ, դասախոս, ուսուցիչ, դասավանդման 18 տարվա աշխատանքային փորձ ունեցող Լիլիթ Մկրտչյանն առցանց ասուլիսի շրջանակում շեշտեց, որ ինքը չի մասնակցել Թուրքիայի կողմից կազմակերպված ծրագրի: Մկրտչյանը մասնակցել է ծրագրի, որին նաև թուրք մասնագետներ են ներգրավված եղել: Այս մասին Մկրտչյանն ասաց օգոստոսի 4-ին կայացած առցանց ասուլիսի շրջանակում՝ անդրադառնալով մի շարք պատմաբանների՝ իրեն ուղղված քննադատությանը: Ըստ մասնագետների՝ Լիլիթ Մկրտչյանը համագործակցում է թուրք պատմաբանների հետ: Ավելի վաղ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշել էր, որ Մկրտչյանն իր անուն-ազգանունը, ստորագրությունն է թողել «Պատմության ուսուցումը Թուրքիայի, Հայաստանի դպրոցներում. քննադատություն, այլընտրանքներ» աշխատության տակ, որում Հայկական լեռնաշխարհն Արևելյան Անատոլիա կամ Կովկաս է ներկայացված: Նա մտահոգություն էր հայտնել, որ Լիլիթ Մկրտչյանը, որը այդ աշխատության հեղինակներից մեկն է, այժմ չորս դպրոցական առարկաների փորձագիտական թիմի ղեկավար է: «Եթե ժամանակին գործընկերներս արձագանքեին և նույն ջանասիրությամբ բացթողումները մատնանշեին, գուցե մենք այսօր ավելի օգտակար աշխատություն ունենայինք, և ես դրա համար շնորհակալ կլինեի նրանց»,- առցանց ասուլիսում նշեց Մկրտչյանը:
14:41 - 04 օգոստոսի, 2020
ՀՀ-ի և ԱՀ-ի աշակերտներն այսուհետ նրանք պետք է դաստիարակվեն կեղծ խաղաղասիրական գաղափարներով․ ԳԱԱ պատմության ինստիտուտը՝ կրթության չափորոշիչների վերաբերյալ

ՀՀ-ի և ԱՀ-ի աշակերտներն այսուհետ նրանք պետք է դաստիարակվեն կեղծ խաղաղասիրական գաղափարներով․ ԳԱԱ պատմության ինստիտուտը՝ կրթության չափորոշիչների վերաբերյալ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտը հայտարարություն է տարածել կրթության չափորոշիչների թեմայով։ Հայտարարությունը նեկրակայցնում ենք ստորև։  «ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտն անկախության 30 տարիներին մշտապես մասնակցել է չափորոշիչների և դասագրքերի ստեղծմանը։ Այս անգամ էլ հաստատությունն իր պարտքը համարեց մասնակից դառնալ այդ հույժ կարևոր գործին։ Չափորոշիչների ստեղծման խմբում ընդգրկվելու համար ինստիտուտի գիտաշխատողներից առաջադրվեց պատմագիտության թեկնածու Լիլիթ Հովհաննիսյանի թեկնածությունը։ Սակայն նրա հայտը մերժվեց՝ առանց պարզաբանման։ Շուտով պարզ դարձավ, որ մերժումներ են ստացել նաև գիտակրթական այլ հաստատությունների փորձառու մասնագետներ։ Նկատելի էր, որ ի սկզբանե այդ խմբի ձևավորման գործընթացը տեղի էր ունենում տարօրինակ գաղտնիության պայմաններում։ Երբ օրերս քննարկման հանվեց նախագիծը և հրապարակվեց խմբի անդամների անունները, շատ բան դարձավ հասկանալի։ Ծանոթանալով փաստաթղթին՝ հանրապետության գիտակրթական այլ հաստատությունների հետ մեկտեղ պատմության ինստիտուտը կարևոր համարեց իր սկզբունքային անհամաձայնությունն արտահայտել հանրակրթական «Հայոց պատմություն» առարկայի ուսումնառության հայեցակարգի նախագծի վերաբերյալ: Նախագծում բացակայում է «հայրենասիրություն» հասկացությունը, ինչը հայաստանցի աշակերտին «Հայոց պատմություն» առարկայի միջոցով սերմանվող հիմնաքարային գաղափարն է: Նախագծի կազմողները Հայոց պատմության շարադրանքն սկսում են ոչ թե Ք. ա. III հազարամյակից, այլ մ.թ.ա. IX դարից, այսինքն` Արարատյան թագավորության (Ուրարտու) ժամանակաշրջանից՝ ուսումնական ծրագրից դուրս թողնելով մեր պատմության նախորդ երկու հազարամյակները և այդպիսով փաստորեն կասկածի տակ դնելով մեր ժողովրդի տեղաբնիկության իրողությունը: Դուրս է թողնված նաև նախապատմական դարաշրջանը, որը նույնպես կարևոր է, քանի որ հին քարի դարից սկսած Հայկական լեռնաշխարհում տեղի ունեցող իրադարձություններն էին, որ հող նախապատրաստեցին հայոց պատմության սկզբնավորման համար: Ավելին, «Հայկական լեռնաշխարհ» աշխարհագրական անվան փոխարեն հաճախ օգտագործված են «Անատոլիա» և «Հարավային Կովկաս» արհեստածին ու զուտ քաղաքական նկատառումով հորինված եզրույթները: Հայ աշակերտի կողմից Հայաստանի պատմության մասին ամբողջական պատկերացում կազմելու տեսակետից անընդունելի է նաև հայեցակարգի նախագծում իրադարձությունների ժամանակագրության խաթարումը: Առաջարկվող հայեցակարգի նախագծից ամբողջությամբ հանված են Առաջին աշխարհամարտի տարիներին ռուսական զորքերի կազմում Արևմտյան Հայաստանի տարածքներն ազատագրած և արևմտահայ գաղթականներին ցեղասպանությունից փրկած հայ կամավորական ջոկատների մասին տեղեկությունները: Ցանկը կարելի է շարունակել... Եթե սույն հայեցակարգի նախագծում նկատված վերոնշյալ դրսևորումների պատճառներն ու շարժառիթները մինչ այդ անբացատրելի էին թվում, ապա վերջին օրերի հրապարակում-բացահայտումներից հետո շատ հարցերի պատասխաններ հստակեցվեցին: Ինչպես պարզվեց, «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների հայեցակարգի նախագծերը մշակող որոշ փորձագետներ, այդ թվում` խմբի ղեկավարը, մի քանի այլ անձանց հետ 2016 – 2018 թթ., փաստորեն գաղտնիության պայմաններում մասնակցել են օտար դրամաշնորհային ծրագրի, կազմակերպել քննարկումներ Հայաստանում և Թուրքիայում, որոնց արդյունքում թուրք հեղինակների հետ համահեղինակությամբ 2017 թ. հրատարակել են «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ»), իսկ 2019 թ.` «Պատմության ուսուցման այլընտրանքային չափորոշիչները Հայաստանի և Թուրքիայի համար» ձեռնարկները։ Այդ մասին տեղյակ չեն եղել ոչ միայն Հայաստանի գիտակրթական ոլորտի մասնագետները, այլ նաև ծրագիրն իրականացնող խմբի անդամների աշխատանքային ընկերները՝ ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի աշխատակիցները։ Այդ գրքերում մանրամասն ներկայացված են Հայաստանում և Թուրքիայում պատմության դասագրքեր գրելու նոր չափորոշիչները։ Հատկանշական է, որ հիշյալ ձեռնարկների հայ «մասնագետները» հանդիմանում են 12-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի հեղինակներին 2016 թ. Ապրիլյան պատերազմի դրվագները շարադրանքում ընդգրկելու համար՝ հավանաբար դա համարելով հայ աշակերտների շրջանում հարևանների նկատմամբ թշնամություն սերմանելու քայլ: Ի դեպ, նոր չափանիշների հեղինակները շրջանառության մեջ գտնվող ուսումնական ձեռնարկներում փաստորեն չեն տեսել որևէ դրական ու ուսանելի նյութ, որի պատճառով, ըստ էության առաջարկում են արմատապես վերանայել գործող ծրագրերը՝ մոռանալով, որ նույն Ապրիլյան պատերազմի հերոսները ևս գիտելիք էին ստացել ու դաստիարակվել գործող դասագրքերով։ Ավելին, չափորոշիչների հեղինակները նոր դասագրքերում չեն կարևորել 2010-ական թվականներից լույս տեսած «Հայոց պատմության» ակադեմիական նոր բազմահատորյակի (ի դեպ, հրատարակված 6 գրքերը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը ԿԳՄՍ, ՊՆ ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների միջոցով անվճար հատկացրել է Հայաստանի բոլոր դպրոցներին, զորամասերին, կենտրոնական ու համայնքային գրադարաններին) հայեցակարգային մոտեցումների ներառումը, որոնց հեղինակները, լինելով հանրապետության և Սփյուռքի ամենաճանաչված մասնագետներ, պատմական գիտության վերջին խոսքը ներկայացրել են հանրության դատին։ Թուրք հեղինակների հետ դրամաշնորհային նմանատիպ ծրագրերի մասնակցելով, ակամայից փորձ է արվում կյանքի կոչել Թուրքիայի նախագահ Էրդողանի բազմիցս հնչեցրած՝ «պատմաբանների հանձնաժողովի» ստեղծման գաղափարը, որն իբր թե պետք է զբաղվի պատմական, այսպես կոչված վիճելի խնդիրների, առաջին հերթին` Հայոց ցեղասպանության հարցի քննարկումով` այդպես ըստ էության կասկածի տակ դնելով հայ ժողովրդի նկատմամբ իրագործված եղեռնի ու հայրենազրկման իրողությունները: Ահա թե ինչու հայկական կողմը մշտապես մերժել է թուրքական նմանատիպ առաջարկները։ Ավաղ, մի քանի հայ պատմաբաններն ու քաղաքական գործիչները, ինչ-ինչ նպատակներ հետապնդելով, գնացել են այդ քայլին և թուրքական հայեցակարգային մոտեցումներն ըստ էության փորձել են արմատավորել «Հայոց պատմություն» առարկայի ուսումնական ծրագրում: Հայեցակարգի նախագծի և հիշատակված ձեռնարկների համեմատության արդյուքում ակնհայտ է դառնում, որ թուրքերի հետ այդ ձեռնարկները գրած այն հայ հեղինակները, որոնք ընդգրկվել են չափորոշիչները մշակող խմբի մեջ, դրանցում նշված դրույթները գրեթե նույնությամբ վերաշարադրել են հանրակրթական «Հայոց պատմություն» առարկայի հայեցակարգի նախագծում: Գաղտնիք չէ, որ չհայտարարված պատերազմի մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության աշակերտները՝ որպես իրենց երկրի հայրենասեր ու պետականաշեն քաղաքացիներ, ձևավորվում են նաև դպրոցում «Հայոց պատմություն» առական ուսումնասիրելու միջոցով։ Կնշանակի այսուհետ նրանք պետք է դաստիարակվեն կեղծ խաղաղասիրական, թշնամու կերպարի վերացման` «թուրքին ներելու», ֆեմինիզմի գաղափարներով։ Եվ դա այն ժամանակ, երբ Ադրբեջանը չի հրաժարվել Արցախյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունից, Հայաստանի Հանրապետությունը «Արևմտյան Ադրբեջան» համարելու տխրահռչակ գործելակերպից, իսկ Թուրքիան` այդ գործում նրան աջակցելուց ու Հայոց ցեղասպանության փաստը ժխտելուց: Ասվածի ամենավառ ապացույցներն են օրեր առաջ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վրա ադրբեջանական զինուժի հարձակումները, Ադրբեջանին սատարելու Թուրքիայի ռազմաշունչ հայտարարությունները, հայկական երկու պետությունների հարևանությամբ այս պահին թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունների անցկացումը:Վերոնշյալից ելնելով՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ուշադրությունն ենք հրավիրում այս խնդրի վրա, քանզի այն այլևս ոչ միայն և ոչ այնքան կրթական հարց է, որքան լրջագույն սպառնալիք մեր ազգի ու պետության անվտանգության համար:   ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ ՄելքոնյանԳիտական հարցերի գծով փոխտնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր Կարեն ԽաչատրյանԳիտական քարտուղար, պ.գ.թ., դոցենտ Հակոբ ՄուրադյանՀին դարի պատմության բաժնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Գոհար ՎարդումյանՄիջին դարերի պատմության վարիչ, պ.գ.թ., դոցենտ Արտաշես ՇահնազարյանՀայ պարբերական մամուլի պատմության բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ ԽառատյանՆոր պատմության բաժնի վարիչ, պ.գ.դ. Ռուբեն ՍահակյանՀայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Արմեն ՄարուքյանՀայկական գաղթօջախների և սփյուռքի պատմության բաժնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Գևորգ ՍտեփանյանԵրիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահ, պ.գ.թ., դոցենտ Համո Սուքիասյան»
15:30 - 03 օգոստոսի, 2020
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը կատարում է Covid-19-ի հիմնարարար գիտական հետազոտություններ |armenpress.am|

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը կատարում է Covid-19-ի հիմնարարար գիտական հետազոտություններ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը ներկայում իրականացնում է մեծ քանակությամբ հետազոտություններ՝ ուղղված հակավիրուսային դեղամիջոցների կամ միացությունների հայտնաբերմանը, որոնք կարող են օգտագործվել կորոնավիրուսի բուժման նպատակով: Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը: «Մեր հակավիրուսային մեխանիզմների ուսումնասիրությունների գիտական խումբը, որի ղեկավարը Հովակիմ Զաքարյանն է, արդեն կարողացել է իդենտիֆիկացնել մի քանի միացություն, որոնք ունեն լավ խնամակցություն վիրուսի սպիտակուցների հետ: Սա թույլ է տալիս եզրակացնել, որ այդ միացությունները կկարողանան ճնշել վիրուսի ներթափանցումը բջիջ: Ասեմ, որ արդյունքից մինչև կիրառություն դեռ երկար ճանապարհ կա: Նորից եմ կրկնում. սրանք հիմնարար գիտական հետազոտություններ են, մենք այս պահին չունենք դեղամիջոցներ, որոնք կարող ենք առաջարկել, որպես բուժման միջոցներ»,- ասաց Արսեն Առաքելյանը: Հարցին, թե արդյոք այդ հետազոտություններն ուղղված են միայն բուժման համար դեղամիջոցների հայտնաբերմա՞նը, ինստիտուտի տնօրենը նշեց, որ խոսքն այս պահին ավելի շատ բուժման մասին է: Արսեն Առաքելյանը նշեց, որ խոսքն առայժմ գիտական հետազոտությունների մասին է, հիմա այն փուլում չեն, որ առողջապահական մարմիններն արձագանքեն: Այս ընթացքում ինստիտուտի պլանավորած գիտական հետազոտությունները շարունակվում են իրենց հունով, դրանք վերաբերում են տարբեր հիվանդությունների մոլեկուլային մեխանիզմների պարզաբանմանը, հետազոտություններ, որոնք ուղղված են նոր ախտորոշիչ թեստերի, դեղամիջոցների մշակմանը: Ինչ վերաբերում է բուն կորոնավիրուսի հետ կապված գործընթացին, թեստերի արտադրությունից բացի, ինստիտուտն այս ընթացքում բավական մեծ ծավալով կատարել է գիտական կազմակերպությունների կողմից մշակված սարքավորումների, պարագաների փորձարկումներ: Օրինակ՝ իրենց մոտ են անցել փորձարկում Երևանի ֆիզիկայի ինստիտուտի մշակված ախտահանիչ սարքերը: Նաև երեկ ավարտվել են Աշտարակի և Երևանի ֆիզիկայի ինստիտուտների համատեղ մշակված դիմակների փորձարկումները: 
14:40 - 01 հուլիսի, 2020
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն արդեն մոտ օրերս կսկսի թեստերի տրամադրման գործընթացը |armenpress.am|

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն արդեն մոտ օրերս կսկսի թեստերի տրամադրման գործընթացը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը մոտ օրերս ՀՀ առողջապահության նախարարությունից կստանա կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրության պաշտոնական գրությունը: Հրավիրված ասուլիսում ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը նշեց, որ պաշտոնական գրությունն ունենալուց անմիջապես հետո կսկսեն թեստերի տրամադրումը: «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, որն իրականացում է փորձարկումները, արդյունքներն ուղարկել է Առողջապահության նախարարություն, որն էլ արդեն գրությունն առաքել է ինստիտուտ:  Մենք նշել էինք, որ օրական 2 հազար թեստ կարող ենք արտադրել, սակայն անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի ավելացնել ծավալները»,- ասաց Արսեն Առաքելյանը: Նա տեղեկացրեց, որ արդեն 6 հազար թեստ ունեն պահեստավորված: Այս ընթացքում փորձարկել են արտադրության ներուժի հնարավորությունները: Արդյունքները հաշվի առնելով՝ ինստիտուտի տնօրենը վստահեցրեց, որ հանգիստ կարող են ավելացնել արտադրության ծավալները: Խոսելով թեստերի որակից՝ Արսեն Առաքելյանը տեղեկացրեց, որ, ըստ փորձարկումների, իրենք ստացել են 98 տոկոս ճշտություն: Թեստերի արտադրության ընթացքում ինստիտուտը սերտորեն համագործակցել է արտասահմանյան գործընկերների հետ: Ինչ վերաբերում է թեստերի արտահանման հարցին, ապա Արսեն Առաքելյանը տեղեկացրեց, որ այս պահին դա չեն քննարկում, որովհետև թեստերը պետք է անցնեն սերտիֆիկացիայի և գրանցման բավական երկար փուլ, իսկ դրա համար օրենսդրական հնարավորություններ են պետք:
12:30 - 01 հուլիսի, 2020
Հայաստանի ԳԱԱ-ն մասնակցեց Վիրուսաբանության գիտական խորհրդի ստեղծմանը |hetq.am|

Հայաստանի ԳԱԱ-ն մասնակցեց Վիրուսաբանության գիտական խորհրդի ստեղծմանը |hetq.am|

hetq.am: Հունիսի 9-ին Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիան անցկացրեց Վիրուսաբանության գիտական խորհրդի հիմնադիր առցանց գիտաժողով` Ռուսաստանի, Չինաստանի, Բելառուսի, Հայաստանի, Վրաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի վիրուսաբանության, համաճարակաբանության, մանրէաբանության, իմունաբանության  ոլորտների  առաջատար մասնագետների մասնակցությամբ: Հայաստանը խորհրդում ներկայացնում է ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բջջային կենսաբանության և վիրոսաբանության լաբորատորիայի ղեկավար Զավեն Կարալյանը: Վիրուսաբանության գիտական խորհրդի ստեղծման հիմնական նպատակն է միավորել ջանքերը կարևորագույն գիտական խնդիրների վերաբերյալ լուծումներ գտնելու, փորձի փոխանակման և կադրերի պատրաստման գործում: Այս մասին հաղորդում է գիտությունների ակադեմիայի տեղեկատվական ծառայությունը:   Նիստի ընթացքում Վիրուսաբանության գիտական խորհրդի համանախագահներ ընտրվեցին Ռուսաստանի Ի. Մեչնիկովի անվան  պատվաստանյութերի և շիճուկների գիտահետազոտական ինստիտուտի գիտական ղեկավար Վիտալի Զվերևը, Չինաստանի Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի տնօրեն Գաո Ֆուն, Բելառուսի Գիտությունների ազզգային ակադեմիայի փոխնախագահ Ալեքսանդր Կիլչևսկին:  COVID-19 համավարակի խնդիրը ճանաչվեց Վիրուսաբանության գիտական խորհրդի գործունեության օրակարգային հարց:  Հայաստանում ստեղծվում է COVID-19-ի գիտական ուսումնասիրությունների համակարգման գիտական խորհուրդ, որում ընդգրկվում են ԳԱԱ-ի, առողջապահության նախարարության «Հիվանդությունների և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի և ԲՈՒՀ-երի մասնագետներ: 
12:47 - 10 հունիսի, 2020
Հայ գիտնականների ստեղծած ախտահանող նյութը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետ միջոց |armenpress.am|

Հայ գիտնականների ստեղծած ախտահանող նյութը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետ միջոց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտում հիմնարար գիտելիքների հիման վրա ստեղծվել է նոր սերնդի նյութ` «Բիօքսիլ 2», որը կարող է հաջողությամբ օգտագործվել COVID-19-ի դեմ պայքարում տարածքների, մակերևույթների, իրերի ախտահանման համար: Ինչպես հայտնեցին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից, «Բիօքսիլ 2»-ը կոմպոզիտային, արդյունավետ, քլոր չպարունակող, ակտիվ թթվածնի հիման վրա ստեղծված ախտահանող-լվացող նյութ է: «Մաքուր ջրածնի պերօքսիդի 0,5 տոկոս կոնցենտրացիան վերացնում է կորոնավիրուսը: Մեր ստեղծած «Բիօքսիլ 2»-ում ջրածնի պերօքսիդի պարունակությունը 5 անգամ ավելի է՝ 2 տոկոս է: Այնտեղ կան նաև ջրածնի պերօքսիդի ակտիվարարներ,  որով ջրածնի պերօքսիդի ազդեցությունն ավելացնում են տասնյակ անգամներ: «Բիօքսիլ 2»-ն ակտիվ է մանրէների շատ տեսակների համար: Բացի այդ, այն չի գունավորում շրջապատը, բնապահպանական տեսակետից անվտանգ է և ոչ տոքսիկ, չի ազդում մարդու առողջության վրա, չի քայքայում իրերը, չունի հոտ»,- վստահեցրել է ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, «Բիօքսիլ 2»-ի ստեղծման և արտադրության աշխատանքների ղեկավար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը: «Բիօքսիլ 2»-ն անցել է փորձարկումներ ՀՀ առողջապահության նախարարության «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ում և «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում, ինչպես նաև տարբեր տեսակի սնունդ արտադրող ձեռնարկություններում: Բոլոր փորձարկումների արդյունքում հաստատվել է «Բիօքսիլ 2»-ի բարձր արդյունավետությունը, ՀՀ «Ստանդարտների ազգային ինստիտուտում» հաստատվել են տեխնիկական պայմանները: «Բիօքսիլ 2»-ի արտադրությունը կազմակերպվում է Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տարածքում հիմնված արտադրամասում, որի հզորությունն օրական 2 տոննա է: Ներկայումս «Բիօքսիլ 2»-ի արտադրության հիմնական պատվիրատուն ՀՀ ԳԱԱ նախագահությունն է, որը ձեռք է բերել այս ախտահանիչ նյութը ՀՀ ԳԱԱ համակարգի կառույցների ախտահանման համար: ՀՀ ԳԱԱ նախագահության շենքը և ՀՀ ԳԱԱ բոլոր գիտահետազոտական կազմակերպությունները շաբաթը երկու անգամ ախտահանվում են «Բիօքսիլ 2» ախտահանող-լվացող նյութով:  Որպես նվիրատվություն 1 տոննա «Բիօքսիլ 2» Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը տրամադրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ նպատակային օգտագործման համար:
16:13 - 04 հունիսի, 2020
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը նախատեսում է օրական 1000-2000 կորոնավիրուսի թեստ արտադրել |armenpress.am|

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը նախատեսում է օրական 1000-2000 կորոնավիրուսի թեստ արտադրել |armenpress.am|

armenpress.am: Մոտ օրերս ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն իր արտադրած կորոնավիրուսի ախտորոշման թեստերը կուղարկի փորձարկման ՀՀ առողջապահության նախարարություն: Ինչպես հայտնեցին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական ծառայությունից, այս մասին ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը հայտնել է ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին և ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանին նրանց՝ ինստիտուտ կատարած այցի ժամանակ: ՀՀ ԳԱԱ ղեկավարությունը ծանոթացել է թեստերի արտադրության լաբորատոր աշխատանքներին, քննարկել են աշխատանքների ընթացքը և զարգացումները: «Մենք ստացել ենք բոլոր անհրաժեշտ նյութերը 100000 թեստի պատրաստման համար, հիմա փորձարկումներ ենք իրականացնում: Աշխատում ենք ՀՀ առողջապահության նախարարության և Հիվանդությունների վերահսկման, կանխարգելման ազգային կենտրոնի հետ: Վերցնում ենք իրենց կողմից  թեստ արված նմուշներն ու կրկնում ենք՝ մեր թեստերի ճշտությունը համեմատելու համար: Այս շաբաթվա ընթացքում կամ մյուս շաբաթվա սկզբին թեստերն արդեն կտրվեն նախարարությանը փորձարկման»,- ասել է Արսեն Առաքելյանը: Նա վստահեցրել է, որ թեստերը զգայուն են և կարող են հայտնաբերել նաև վիրուսի համեմատաբար ցածր տիտրի (վիրուսի կոնցենտրացիյի) դեպքում: Ըստ Արսեն Առաքելյանի՝ փորձարկման շրջանից հետո նախատեսում են օրական շուրջ 1000-2000 թեստ արտադրել: ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը բարձր է գնահատել կատարվող աշխատանքները և ասել, որ Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստ է աջակցել բոլոր հարցերում:
13:36 - 26 մայիսի, 2020
Հայ գիտնականներն առաջարկել են ստեղծել համավարակների հետազոտման և դեղերի ստեղծման ենթակառուցվածք |armenpress.am|

Հայ գիտնականներն առաջարկել են ստեղծել համավարակների հետազոտման և դեղերի ստեղծման ենթակառուցվածք |armenpress.am|

armenpress.am: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն առաջարկել է միավորել հայ մասնագետների կարողությունները, ստեղծել գիտահետազոտական ենթակառուցվածք՝ համավարակային իրավիճակների հետ կապված հետազոտություններ անելու համար, որոնք հետագայում կարող են թույլ տալ նաև աշխատել դեղերի, պատվաստանյութերի ստեղծման շուրջ:  Այս մասին հայտնեց ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Առաքելյանը՝ անդրադառնալով հարցին, թե թեստերի արտադրությունից բացի, արդյոք աշխատո՞ւմ են կորոնավիրուսի դեմ դեղերի, պատվաստանյութերի ստեղծման ուղղությամբ:  «Մենք այդ ուղղությամբ չենք աշխատում, քանի որ դրանք ավելի ժամանակատար և գիտական ենթակառուցվածք պահանջող ուղղություններ են: Եվ այս պահին, ցավոք, Հայաստանում այս հնարավորությունները չունենք: Սակայն մենք ներկայացրել ենք ծրագիր՝ համավարակային իրավիճակների համար ստեղծելու գիտահետազոտական ենթակառուցվածք, որը թույլ կտա նաև զբաղվել այդ ուղղություններով: Այդ առաջարկն այս պահին քննարկվում է»,-ասաց Առաքելյանը: Տնօրենի կարծիքով՝ առկա ինստիտուտների, համալսարանների, Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող կառույցների կարողությունները միավորելով կարելի է ստեղծել ցանց, այդ ցանցում զարգացնել ենթակառուցվածքները, որոնք պետք կլինեն նմանատիպ հետազոտությունների համար: Այսպիսով առաջարկվում է ստեղծել ընդհանուր օգտագործման կենտրոն, որ հնարավոր լինի իրականացնել հետազոտություններ, որոնք հետագայում նաև թույլ կտան աշխատել դեղերի, պատվաստանյութերի ստեղծման շուրջ: 
10:46 - 22 մայիսի, 2020
Բաց նամակ ընդդեմ ատելության խոսքի և վտանգված ակադեմիական ազատության
 |iae.am|

Բաց նամակ ընդդեմ ատելության խոսքի և վտանգված ակադեմիական ազատության |iae.am|

iae.am: «Վետո» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, թաքնվելով հակաթուրքական «հայրենասիրության» քողի տակ, սոցիալական ցանցերում օրերս տարածած հրապարակումներով փորձում է վարկաբեկել Հայաստանի վաստակա­շատ և հեղինակավոր երկու ազգագրագետների՝ Հրանուշ Խառատյանի և Հարություն Մարությանի գիտական վարկը և մարդկային արժանապատվությունը: Հրանուշ Խառատյանը և Հարություն Մարությանը հայոց պատմության ու մշակույթի ուսումնասիրության մեջ ծանրակշիռ ավանդ ունեցող գիտնականներ են՝ հայոց ավանդական մշակույթի բազմաթիվ ոլորտների ուսումնասիրությանը նվիրված հարյուրավոր գիտական հոդվածներով և տասնյակ մենագրություններով, որոնց կշիռն ավելին է, քան մալյանների՝ կեղծիք սփռող աղբյուրներից համալրվող նետտո և բրուտտո քաշը։  Նշված գիտնականները նաև ունեն հրատարակած արժեքավոր աշխատություններ Արցախի հայ բնակչության, հայոց Ցեղասպանության, հայկական համայնքների, առաջին հանրապետության, խորհրդային շրջանի և հայոց պատմության այլ կարևոր դրվագների մասին։  Նրանք բազմիցս աշխարհի տարբեր գիտական ամբիոններից ներկայացրել են հայ ժողովրդի շահերը և ճանաչելի դարձրել միջազգային լայն հանրության առջև հայոց պատմության և մշակույթի կարևոր փաստեր ու դրվագներ:      Խստորեն դատապարտում ենք մեր գործընկերների հասցեին Նարեկ Մալյանի հնչեցրած ֆաշիստական բովանդակության հայտարարություններն ու նրանց ընտանիքների անդամների հետ ֆիզիկական հաշվեհարդարի, ընդհուպ մինչև մահվան սպառնալիք պարունակող բովանդակութ­յամբ կոչերը և հրավիրում ՀՀ դատախազության և իրավապահ մարմինների ուշադրությունը՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար: Միևնույն ժամանակ Հայաստանի գիտական և ակադեմիական հանրությանը կոչ ենք անում դատապարտելու վաստակաշատ գիտնականների վրա ծայրահեղական ուժերի կողմից բռնություն կիրառելու այս կոչերը:      Մարդկային համակեցությունը միշտ ունեցել է և ունի արատավոր շեղումներ՝ «մատնիչների» և զրպարտիչների ցանցեր, դավադրագիտության տեսաբաններ ու մոլագարներ, ծայրահեղական և  պսևդո­հայրենա­սիրական խմբակներ, որոնց միջոցով բազմիցս փորձել են հալածել գիտնականներին, հանրային ուղղամիտ կեցվածքն ու  այլակարծությունը: Հանրային կեցության այս թարախապալարները եղել են և մնալու են ազգագրագետների ուսումնասիրության առարկա: Ազգագրությունը մարդկային մտքի և դրա կարևորագույն արդյունքի՝ մշակույթի,  շարունակական ապագաղութացման գործընթաց է։ Եվ դրանից սպասվող անհանգստությունն է, որ ցնցումների մեջ է գցել մերօրյա պսևդո­հայրենա­սերներին:      Չէինք անդրադառնա խնդրին, եթե մալյանների արտահայտությունները չդառնային բացահայտ սպառնալիքներ, մարդկանց ֆիզիկական ոչնչացման կոչեր, որոնք այլևս դուրս են հանրային խոսք լինելուց և պարունակում են քրեական հանցանքի բացահայտ տարրեր։      Միաժամանակ, փաստում ենք, որ այո, նաև՝ մեր՝ գիտնականներիս ջանքերով է հնարավոր դարձել բռնապետությունների կազմաքանդումը, տեռորի պատմության լուսաբանումը, ցեղասպանության մարդկային պատմությունների բարձրաձայնումը, փախստական, հալածված խմբերի, աղքատների ձայների հանրայնացումը, ինչպես նաև մալյանների համար քաղաքացիական ազատությունները հնարավոր դարձնելն ու պահպանելը։      Այս նամակը դիտարկում ենք ոչ միայն որպես Հրանուշ Խառատյանին, Հարություն Մարությանին պաշտպանելու գործընկերային դիրքորոշում, այլև ազատ միտք ունենալու, գիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքի իրացմանը խոչընդոտելու մասին ահազանգ, ինչի արժանապատիվ իրականացման իրավունքը մեզանից յուրաքանչյուրին տրված է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով։ ՀՀ ԳԱԱ Հնագիության և ազգագրության ինստիտուտի գիտական անձնակազմ 12 մայիս 2020թ.
21:47 - 12 մայիսի, 2020
Գիտական հետազոտության նյութական ապահովման հարցը պետք է կարգավորվի օրենքով. Ռադիկ Մարտիրոսյան |armenpress.am|

Գիտական հետազոտության նյութական ապահովման հարցը պետք է կարգավորվի օրենքով. Ռադիկ Մարտիրոսյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը կարծում է, որ գիտական հետազոտությունների ֆինանսական ապահովման խնդիրը պետք է ամրագրվի, կարգավորվի համապատասխան օրենքով: Մարտիրոսյանը նման տեսակետ հայտնեց «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներում: Նա նախ նշեց, որ նախագծում գիտությանը վերբերող մասը բավականաչափ հակիրճ է և համեստ, բայց հիմնական խնդիրներն արծարծված են: Օրենքի աշխատանքային տարբերակի վերաբերյալ քննարկումներ են ունեցել նախագահության ընդլայնված նիստում: Մարտիրոսյանը նշեց՝ վստահ են եղել, որ նախագծի առաջին տարբերակը դժվար թե նպաստի գիտության զարգացմանը: Քննարկում են ունեցել նաև նախարար Արայիկ Հարությունյանի հետ: «Լավ կլիներ, որ օրենքում լիներ գիտական հետազոտությունների նյութական ապահովման խնդիրը:  Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին օրենքի ընդունման առաջին փուլում օրենքում ֆիքսված էր որոշակի թիվ, որ պետբյուջեից գիտությանը հատկացված գումարները պետք է ունենան որոշակի մեծություն: Սակայն այդ պահանջը չկատարվեց, դա փոփոխության ենթարկվեց: Հայաստանում գիտության ֆինանսավորում չի եղել, այլ եղել են ֆինանսներ միայն այս կամ կազմակերպությունների պահպանման համար: Միայն անցյալ տարի առաջին անգամ հատկացվեցին առանձին գումարներ՝ գիտական սարքավորումներ ձեռք բերելու համար: Այս մոտեցումները կուզենայինք, որ ինչ-որ ձևով ամրագրվեր օրենքում»,-ասաց Մարտիրոսյանը: Նա նշեց՝ ակադեմիան մշակել է 20-ից ավելի միջգիտակարգային ծրագրեր, որոնց լուծումը պահանջում է ուժերի համադրում: Այդ ուժերի համադրումը հենց այն տրամաբանությունն է, որ ընկած է ներկայացված օրենքի նախագծում: Նա շեշտեց՝ պետք է տեղի ունենա գիտական և կրթական ուժերի շատ խորը, արմատական միավորում:
14:22 - 24 փետրվարի, 2020