Ինֆոքոմ

«Զանգեզուրի միջանցքի» հարցում Երևանի «նման» մոտեցման պարագայում, Ադրբեջանը կշարունակի աշխատանքները՝ ունենալով պլան «Բ». Բայրամով

«Զանգեզուրի միջանցքի» հարցում Երևանի «նման» մոտեցման պարագայում, Ադրբեջանը կշարունակի աշխատանքները՝ ունենալով պլան «Բ». Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեհյուն Բայրամովը Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հարցազրույց է տվել հունգարական պարբերականի, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին։  Բայրամովը պնդել է, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումը՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապի ստեղծումը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մաս է կազմում։   Նա նշել է, թե կոմունիկացիաների բացումը շատ կարևոր է, քանի որ տրանսպորտային կապերի բացումը, առևտուրը ոչ միայն օգուտ և շահույթ կբերեն կողմերին, այլ նաև անշրջելի կդարձնեն խաղաղության գործընթացը տարածաշրջանում և դրանք սերտորեն կապում են երկրներին։ Բայրամովի խոսքով՝ «աշխարհաքաղաքական գործընթացները, որոնք տեղի են ունենում ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև դրանից դուրս, թելադրում են Արևելքն ու Արևմուտքը կապող նոր տրանսպորտային ուղիներ բացելու անհրաժեշտությունը, հատկապես, եթե հաշվի առնենք ուկրաինական պատերազմը և երթուղիների պահանջարկը մեծ է ինչպես Եվրամիությունից, այնպես էլ Կենտրոնական Ասիայի երկրներից»։  Բայրամովի խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի և 2021 թվականի հունվարի եռակողմ հայտարարությունների հիման վրա երեք երկրների փոխվարչապետների մակարդակով ստեղծվել է աշխատանքային խումբ։ Աշխատանքները շարունակվում են արդեն մոտ երեք տարի։ «Ինչ-որ պահի զգացողություն է ստեղծվում, որ մենք մոտ ենք գործն ավարտին հասցնելուն, բայց վերջին պահին Հայաստանը հանկարծ նոր բան է առաջ քաշում, որը նորից գործընթացը տանում է փակուղի։ Սա կառուցողական չէ»,- ասել է Բայրամովը՝ կրկին պնդելով, թե դա նաև եռակողմ հայտարարության խախտում է, որով Հայաստանը պարտավորվել է երաշխավորելու ապրանքների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անխափան տեղաշարժը։ «Հայկական կողմից դա ոչ միայն ապակառուցողական է, այլ նաև վնասում է իրենց։ Հայաստանը իրեն զրկում է օգուտներից, թեև բոլոր երկրներից հենց նրան է պետք բարելավել իր տնտեսական վիճակը և դուրս գալ մեկուսացումից»,- ասել է Բայրամովը։  Հարցազրույցի վերջում Ադրբեջանի արտգործնախարարն ասել է, թե նման մոտեցումը կարող է հանգեցնել նրան, որ Երևանը բաց թողնի երկրի տնտեսությունը բարելավելու ևս մեկ շահավետ հնարավորություն, քանի որ ճանապարհը կարող է պարզապես շրջանցել Հայաստանը։ «Ադրբեջանը կշարունակի աշխատանքները այդ ուղղությամբ՝ ունենալով «Բ» պլան։ Եվ Ադրբեջանի համար նախագիծը կիրականացվի նույնիսկ առանց Հայաստանի մասնակցության, սակայն այս դեպքում այն ​​ուղղակի դուրս կմնա շահառուների ցանկից»,- եզրափակել է Բայրամովը։ 
16:37 - 06 սեպտեմբերի, 2023
Գիտությունն ընդդեմ վիրուսների․ Հակավիրուսային դեղամիջոցների հայտնաբերման լաբորատորիայից ներս

Գիտությունն ընդդեմ վիրուսների․ Հակավիրուսային դեղամիջոցների հայտնաբերման լաբորատորիայից ներս

Հովակիմ Զաքարյանը բակալավրիատում սովորելու տարիներին հետաքրքրված էր ցողունային բջիջներով։ 2000-ականների սկզբին Հայաստանի գիտական ինստիտուտներում ցողունային բջիջների ուսումնասիրությամբ զբաղվող գիտական խմբեր ու լաբորատորիաներ գտնել Հովակիմին չհաջողվեց, փոխարենը նա Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում բացահայտեց մի լաբորատորիա, որտեղ ուսումնասիրվում էին սովորական բջիջներ ու վիրուսներ։ Հենց այդ լաբորատորիայում աշխատելու տարիներին էլ նրան սկսեցին հետաքրքրել վիրուսները։ Այս հետաքրքրությունը մեծացավ, երբ Հովակիմը մեկնեց նախ Գերմանիա՝ Մոլեկուլային և կլինիկական վիրուսաբանության ինստիտուտ, ապա Իսպանիա՝ Սևերո Օչոայի անվան մոլեկուլային կենսաբանության կենտրոն։ Երկու գիտական կենտրոններում էլ նա զբաղվում էր վիրուսների ուսումնասիրությամբ։  Հայաստան վերադառնալուց հետո՝ 2016-ին, նա Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում ստեղծեց Հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտման գիտական խումբը, որը սկսեց զբաղվել նոր քիմիական միացությունների հակավիրուսային ակտիվության ուսումնասիրությամբ։ Ձևավորման պահին խմբում կար երեք հոգի։ Թիմը սկսեց փնտրել քիմիական միացություններ, որոնք արդյունավետ կլինեին խոզերի աֆրիկյան ժանտախտի դեմ։ Ժամանակի ընթացքում խումբը համալրվեց նոր անդամներով և 2020-ին ստացավ լաբորատորիայի կարգավիճակ՝ դառնալով Հակավիրուսային դեղամիջոցների հայտնաբերման լաբորատորիա։ Այժմ թիմում կա ութ հոգի՝ բակալավրիատի ուսանողից մինչև գիտության թեկնածու։ Իսկ թե ինչով է զբաղվում Հակավիրուսային դեղամիջոցների հայտնաբերման լաբորատորիան, կարող եք կարդալ «Լաբորատորիայից ներս» շարքի նոր հոդվածում:   Հեղինակ՝ Աննա ՍահակյանՏեսանյութը՝ Ռոման ԱբովյանիԼուսանկարները՝ Սարգիս Խարազյանի, Ռոման Աբովյանի և Ջուլիետտա Հովհաննիսյանի
23:17 - 05 սեպտեմբերի, 2023
«Ռուսաստանը չի կարող հեռանալ Հայաստանից»․ Պեսկովը արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին

«Ռուսաստանը չի կարող հեռանալ Հայաստանից»․ Պեսկովը արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը գնահատում է Հայաստանի հետ կառուցողական հարաբերությունները, բայց չի կարելի համաձայնել Նիկոլ Փաշինյանի՝ ռուսական խաղաղապահ առաքելության ձախողման վերաբերյալ թեզերին։  «Ռուսաստանը այս տարածաշրջանի բացարձակ անբաժանելի մասն է, հետևաբար չի կարող որևէ տեղ հեռանալ։ Ռուսաստանը չի կարող հեռանալ Հայաստանից»,- ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում։ Նա կոչ է արել չմոռանալ, որ «Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում», և նրանց մեծ մասը ՌԴ հայրենասեր քաղաքացիներ են և արժանի ներդրում ունեն երկրի զարգացման մեջ։  Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել էր․ «Մեր ռուս գործընկերները շատ են խոսում այն մասին, որ արևմտյան երկրները «աշխատում են» մեզ հետ, որ ՀՀ կառավարությունը ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու միջոցներ ձեռնարկի, բայց մենք իրենց ասում ենք մեր կարծիքը, որ ՌԴ-ն հենց իր կողմից ձեռնարկված կամ չձեռնարկված քայլերի բերումով ինքն է հեռանում տարածաշրջանից։ Կան պրոցեսներ, որոնք հանգեցնում են այն մտքին, որ կարող ենք արթնանալ ու տեսնել, որ ՌԴ-ն այստեղ չէ»։  
13:24 - 05 սեպտեմբերի, 2023
«Ծիծաղելի է տեսնելը, թե ինչպես են Արևմտյան Եվրոպայի առաջնորդները միմյանց հրմշտում Ալիևի հետ լուսանկարվելու համար»․ Հունգարիայի ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին

«Ծիծաղելի է տեսնելը, թե ինչպես են Արևմտյան Եվրոպայի առաջնորդները միմյանց հրմշտում Ալիևի հետ լուսանկարվելու համար»․ Հունգարիայի ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հունգարիա այցի ժամանակ հանդիպել է իր հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ։ Հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսի ժամանակ Հունգարիայի ԱԳ նախարարը ընդգծել է, որ վերջին տարիներին պարզ է դարձել, որ ինչքան մտերիմ են երկու երկրների միջև հարաբերությունները, այնքան շահում է Հունգարիան էներգետիկ մատակարարման անվտանգության և տնտեսական աճը պահպանելու տեսանկյունից։ Այս համատեքստում նա նշել է, որ դիվերսիֆիկացիան և բնական գազի նոր աղբյուրների ընդգրկումը էական են, և ընդգծել է, որ Ադրբեջանը կարող է իրական այլընտրանք լինել ոչ միայն հունգարական, այլև Եվրոպայի տեսանկյունից։ «Դրական է, որ երկարամյա բանակցություններից հետո այս տարի մեկնարկել է բնական գազի ֆիզիկական փոխանցումը Ադրբեջանի ու Հունգարիայի միջև»,- ասել է Հունգարիայի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ երկրի կառավարությունը ցանկանում է ավելացնել գազի ծավալը։ Նա նշել է նաև, որ երկու երկրների միջև հարաբերությունները կարևոր են նաև տնտեսական աճը պահպանելու տեսանկյունից, ինչը փաստում է այն, որ առևտրային շրջանառությունը Ադրբեջանի ու Հունգարիայի միջև տարվա առաջին կեսին երկու անգամ ավելի շատ է եղել, քան նախորդ ամբողջ տարվա ընթացքում։ Նա ողջունել է համաձայնագիրը, որով հունգարական ընկերություններին թույլատրվում է մասնակցել պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի վերակառուցմանը, ինչը տասնյակ միլիոնավոր դոլարների հնարավորություն է տալիս։ Երկու հայրենական դեղագործական ընկերություններ նույնպես պատրաստվում են ներդրումներ կատարել հարավկովկասյան պետությունում, իսկ հունգարական զովացուցիչ ըմպելիքներ արտադրող Hell Energy-ն վերջերս որոշել է այնտեղ կառուցել մոտ 200 միլիոն դոլար արժողությամբ գործարան: «Ես հիշում եմ, որ երբ մենք 2010-11թթ․ կառուցում էինք մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ, Եվրոպայում ծիծաղում էին մեզ վրա, արհամարում էին մեզ։ Եվ հիմա ծիծաղել է տեսնելը, թե ինչպես են Արևմտյան Եվրոպայի առաջնորդները միմյան հրմշտում, որ լուսանկարվեն նախագահ Ալիևի հետ»,- հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարարը՝ շեշտելով․ «Այնուամենայնիվ, մեր ընկերությունը կոնյուկտուրային չէ, մենք պարզապես ընկերներ չենք դարձել, որովհետև պարզվել է, որ դուք բնական գազ ունեք»։
12:31 - 05 սեպտեմբերի, 2023
2020-ի պատերազմը հիմնականում Հայաստանի ղեկավարության անմտածված ու սադրիչ քայլերի արդյունք էր․ ռուսական ՏԱՍՍ-ի աղբյուր

2020-ի պատերազմը հիմնականում Հայաստանի ղեկավարության անմտածված ու սադրիչ քայլերի արդյունք էր․ ռուսական ՏԱՍՍ-ի աղբյուր

ՏԱՍՍ-ի աղբյուրը նշել է, որ ՀՀ ԱԳՆ-ի կողմից հնչեցված այն թեզը, թե «ղարաբաղյան հակամարտությունը երբեք տարածքային վեճ չի եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև», կեղծ է։ «Առճակատման արմատը նախկին ադրբեջանական ԽՍՀ ԼՂԻՄ-ի կարգավիճակի հարցն է, մինչդեռ Երևանը երկար ժամանակ իր վերահսկողության տակ էր պահում ադրբեջանական տարածքի մի մասը»,- ասել է աղբյուրը։ Աղբյուրը նշել է, թե 2020 թ․ պատերազմը Հայաստանի ղեկավարության անմտածված ու սադրիչ քայլերի արդյունքում է եղել․ «2020 թվականի աշնանը տեղի ունեցած զինված դիմակայությունը հիմնականում Հայաստանի ղեկավարության անմտածված ու սադրիչ քայլերի արդյունք էր, այդ թվում՝ «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարության և Շուշայում Լեռնային Ղարաբաղի «նախագահի» երդմնակալության արարողությանը մասնակցության պատճառով։ Դա մեծապես արժեզրկեց կողմերի համաձայնությունները, որոնք ձեռք էին բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով: Եթե չլիներ Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի միջամտությունը, ռազմական գործողությունների արդյունքներն էլ ավելի ողբալի կլինեին։ Չնայած նրան, որ պատերազմի սկզբից երեք շաբաթ անց ՌԴ նախագահը հորդորեց Հայաստանի վարչապետին համաձայնել հրադադարի, որը թույլ կտար խուսափել հետագա զոհերից և կապահովեր խաղաղություն և հանգստություն Լեռնային Ղարաբաղի տարածքում»։ ՌԴ դիրքորոշում Դիվանագիտական աղբյուրը անհիմն է համարել նաև ՀՀ ԱԳՆ-ի այն հայտարարությունը, ըստ որի՝ «ռուսական կողմը բացարձակ անտարբերություն է դրսևորել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ»։  Աղբյուրը հիշեցրել է, որ երկու երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների միջև տեղի են ունեցել համապատասխան խորհրդակցություններ, ինչպես նաև ՀԱՊԿ բարձրաստիճան ներկայացուցիչների այցելություններ տարածաշրջան։ «Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հիմնական ուղին ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է, որն անընդունելիորեն հետաձգվել է ոչ Ռուսաստանի մեղքով»,- ընդգծել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը։ Միևնույն ժամանակ, դիվանագիտական ​​աղբյուրը նշել է, որ «Երևանը լիարժեքորեն չի օգտագործում ՀԱՊԿ-ի ներուժը, ինչը, մասնավորապես, դրսևորվել է կազմակերպության առաքելության տեղակայմանը համաձայնություն չտալով և ընտրություն ԵՄ անարդյունավետ առաքելության օգտին կատարելով»: Աղբյուրի խոսքով՝ այս ֆոնին ՀԱՊԿ-ում որոշակի ճգնաժամի մասին փաստարկները քաղաքականություն են թվում։ Գործակալության զրուցակիցը անդառնալիության կետ է անվանել ԵՄ հովանու ներքո 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում և 2023 թ․ մայիսի 14-ին Բրյուսելում կայացած հանդիպումներում Հայաստանի հայտարարությունները, որոնցով Հայաստանի ղեկավարությունը 180 աստիճանով շրջադարձ է կատարել՝ «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարությունից հասնելով Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում ճանաչելուն։ Դա արմատապես փոխեց 2020 թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագրի պայմանները և առավելագույնս դժվարացրեց ռուսական խաղաղապահ զորակազմի աշխատանքը Լեռնային Ղարաբաղում։ Այնուամենայնիվ, ռուս խաղաղապահները ամեն ջանք գործադրում են տեղում իրավիճակի սրումը կանխելու համար»,- ընդգծել է աղբյուրը։ Աղբյուրի խոսքով՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հասցեին նման անհիմն հարձակումները վնասից բացի այլ բան չեն բերում, այդ թվում՝ հենց Հայաստանին։ Աղբյուրը նշել է, թե Հակարիի կամրջի վրա ադրբեջանական դրոշ տեղադրելու ադրբեջանցիների փորձին խաղաղապահների ենթադրյալ օգնության մասին ակնարկները ավելի ուշ հերքվել են հրապարակված տեսաապացուցյներով։  «Հայաստանի ինքնաբացարկը չի օգնում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված բարդ հումանիտար իրավիճակի կարգավորմանը։ Մեգաֆոնային դիվանագիտությունը ունակ չէ փոխարինել Բաքու-Ստեփանակերտ-Երեւան եռանկյունու մեջ պրակտիկ աշխատանքին»,- եզրափակել է գործակալության զրուցակիցը: Լուսանկարը՝ 2019 թ․ օգոստոսի 6/ Ստեփանակերտ
18:07 - 04 սեպտեմբերի, 2023
Առաջին անգամ զենք ձեռք բերելու համար քննություն հանձնելու կարգն ուժի մեջ է մտել

Առաջին անգամ զենք ձեռք բերելու համար քննություն հանձնելու կարգն ուժի մեջ է մտել

Ուժի մեջ է մտել բացառությամբ սառը և նետողական զենքերի, առաջին անգամ զենք, այդ թվում՝ առաջին անգամ ակոսափող հրազեն ձեռք բերող քաղաքացիների կողմից զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություն հանձնելու կարգը։ Ներքին գործերի նախարարն այս կարգը հաստատելու մասին հրամանը ստորագրել է օգոստոսի 28-ին։ Ըստ հրամանի՝ այն ուժի մեջ է մտնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի 2023 թվականի մայիսի 5-ի «Առաջին անգամ քաղաքացիական հրազեն, այդ թվում՝ ակոսափող, ձեռք բերող քաղաքացիների կողմից կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ 3-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու օրը։  Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգից՝ այդ հրամանն ուժը կորցրած է ճանաչվել սեպտեմբերի մեկին, ուստի նույն օրը ուժի մեջ է մտել նախարարի նոր հրամանը։ Այս հրապարակման մեջ կարող եք կարդալ, թե որ հաստատություններն իրավունք ունեն անցկացնել վերը նշված քննությունը, քաղաքացին ինչպես կարող է մասնակցել քննությանը, ինչպես եւ ինչ քննություններ են անցկացվելու։ Ներքին գործերի նախարարությունից infocom.am-ին հաղորդեցին, որ քննության հարցաշարն արդեն պատրաստ է, այն բաղկացած է մի քանի տասնյակ թեստային հարցերից։ Քննությունների անցկացման օրվա, ժամի և տեղի վերաբերյալ տեղեկատվությունը նախապես հրապարակվելու է ՀՀ ՆԳՆ և համապատասխան կազմակերպության (քննություն անցկացնելու թույլտվություն ունեցող) պաշտոնական կայքերում՝ քննությունից առնվազն 5 օր առաջ: ՆԳՆ-ից նշեցին, որ հարցաշարը կայքում կտեղադրվի քննություններից առաջ։ 
16:58 - 04 սեպտեմբերի, 2023
Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից ծայրահեղ դժգոհ են․ աղբյուր

Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից ծայրահեղ դժգոհ են․ աղբյուր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ռուսաստանի մասին, որոնք նա հնչեցրել է իտալական լրատվամիջոցին տված հարցազրույցում, անընդունելի են, Մոսկվայում ծայրահեղ դժգոհ են։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։  «Մոսկվան ծայրահեղ դժգոհ է Հայաստանի ղեկավարության վերջին հրապարակային հայտարարություններից, այդ թվում՝ իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում վարչապետի հայտարարություններից և ՀՀ ԱԳՆ-ի՝  օգոստոսի 31-ի մեկնաբանությունից, որոնք համարվում են անընդունելի՝ իրենց տոնայնությամբ և բովանդակությամբ և որոնք միտված են սեփական սխալ հաշվարկների պատասխանատվությունը Ռուսաստանի վրա բարդելուն»,- ասել է աղբյուրը։ Աղբյուրը նշել է՝ Ռուսաստանը չի պատրաստվում լքել հարավկովկասյան տարածաշրջանը՝ որպես Հայաստանի ամենամոտ բարեկամ և հարևան, սակայն Երևանը չպետք է դառնա Ռուսաստանի Դաշնությանը դուրս մղելու Արևմուտքի գործիքը։   «Մեր ռուս գործընկերները շատ են խոսում այն մասին, որ արևմտյան երկրները «աշխատում են» մեզ հետ, որ ՀՀ կառավարությունը ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու միջոցներ ձեռնարկի, բայց մենք իրենց ասում ենք մեր կարծիքը, որ ՌԴ-ն հենց իր կողմից ձեռնարկված կամ չձեռնարկված քայլերի բերումով ինքն է հեռանում տարածաշրջանից։ Կան պրոցեսներ, որոնք հանգեցնում են այն մտքին, որ կարող ենք արթնանալ ու տեսնել, որ ՌԴ-ն այստեղ չէ», - ասել էր Փաշինյանը հարցազրույցում։ «Փաստորեն, նրանք փորձում են արհեստականորեն դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից՝ Երևանը օգտագործելով այդ նպատակին հասնելու միջոց։ Ռուսաստանը՝ որպես Հայաստանի ամենամոտ հարևան և բարեկամ, մտադիր չէ հեռանալ տարածաշրջանից։ Սակայն դա պետք է երկկողմանի գործողություն լինի․ Հայաստանը ևս չպետք է դառնա Արևմուտքի գործիքը», - ասել է աղբյուրը։ Նա հավելել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններն անվտանգության և տնտեսության ոլորտներում դիտարկում է «ոչ թե որպես մի երկրի կախվածություն մյուսից, այլ որպես հավասար, փոխշահավետ և ապացուցված գործընկերություն»։
16:34 - 04 սեպտեմբերի, 2023
Գյունթեր Ֆելինգերը ՆԱՏՕ-ի կամ ՆԱՏՕ-ի որեւէ մարմնի ներկայացուցիչ չէ, այլ ոչ կառավարական կազմակերպության ղեկավար

Գյունթեր Ֆելինգերը ՆԱՏՕ-ի կամ ՆԱՏՕ-ի որեւէ մարմնի ներկայացուցիչ չէ, այլ ոչ կառավարական կազմակերպության ղեկավար

Հայաստանյան լրատվամիջոցներում շրջանառվում է մի լուր, ըստ որի «ՆԱՏՕ-ի Եվրոպական զարգացման կոմիտեի նախագահ Գյունթեր Ֆեհլինգերը կոչ է արել Հայաստանին անդամակցել ՆԱՏՕ-ին»։ Կայքերը թարգմանել եւ տարածել են X-ի հաշվում Գյունթեր Ֆելինգերի գրառումը։ Այս լուրը տարածվում է այն համատեքստում, թե Գյունթեր Ֆելինգերը ՆԱՏՕ-ի կամ ՆԱՏՕ-ի կազմում գործող ինչ-որ մարմնի ներկայացուցիչ է։ Մինչդեռ Ֆելինգերի ղեկավարած կազմակերպությունը կապ չունի ՆԱՏՕ-ի հետ, այն ոչ կառավարական կազմակերպություն է։ Linkedin-ի նրա հաշվում, օրինակ, նշված է «ՆԱՏՕ-ի ընդլայնման ավստրիական կոմիտեի նախագահ, ինքնազբաղ», X-ի հաշվում նա ներկայանում է «ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտե՝ հանուն Կոսովոյի, Ուկրաինայի, Բոսնիայի, Ավստրիայի, Մոլդովայի, Իռլանդիայի, Վրաստանի, Եվրամիության» անունով կազմակերպության նախագահ։ X-ի օգտահաշվում նաեւ նշված է, որ այս կազմակերպությունը ոչ կառավարական եւ ոչ առեւտրային է։ Հարկ է ուշադրություն դարձնել նաեւ Ֆելինգերի ղեկավարած կազմակերպության անվանը․ այն ամենեւին «ՆԱՏՕ-ի եվրոպական զարգացման կոմիտե չէ», այլ «ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտե»․ կոմիտեի անվան ճիշտ շարադասության դեպքում էլ պարզ է դառնում, որ այն ՆԱՏՕ-ի մարմին չէ։ Հյուսիատլանտյան դաշինքի պաշտոնական կայքում էլ ՆԱՏՕ-ի կառուցվածքի բաժնում որեւէ տեղ չկա նշում, թե դրա կազմում գործում է «ՆԱՏՕ-ի ընլայնման եվրոպական կոմիտե»։ «Վիկիպեդիա»-ի ալբաներեն բաժնում Գյունթեր Ֆելինգերի մասին գրված է, որ վերջինս ավստրիացի տնտեսագետ է, կառավարման եւ զարգացման խորհրդատու, 2005թ․-ից իր ուշադրությունը կենտրոնացրել է անցումային տնտեսությամբ եվրոպական երկրների, մասնավորապես Կոսովոյի, Ալբանիայի, Ուկրաինայի տնտեսական ռեֆորմների, փոքր եւ միջին բիզնեսնի քաղաքականության ուղղությամբ։ Ուստի հայկական մամուլում շրջանառվող լուրերը, թե «ՆԱՏՕ-ն կոչով դիմել է Հայաստանին», «ՆԱՏՕ-ի եվրոպական զարգացման կոմիտեի ղեկավարը դիմել է Հայաստանին» եւ այսպես շարունակ, իրականությանը չեն համապատասխանում․ ՆԱՏՕ-ն նման մարմին չունի, եւ Ֆելինգերը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ չէ։ Հայարփի Բաղդասարյան
12:59 - 04 սեպտեմբերի, 2023
Թուրքիայի ԱԳ նախարարը Իրանի նախագահի ու ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի ԱԳ նախարարը Իրանի նախագահի ու ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր

 Պաշտոնական այցով Իրանում գտնվող Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիային։ Ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր։ Այս մասին հայտնում է mehrnews լարտվականը։  Իրանի նախագահը կարևորել է տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ Կովկասում օտարերկրյա պետությունների ներկայությանը դիմակայելու անհրաժեշտությունը և ընդգծել ցանկացած տարածաշրջանի երկրների միջև երկխոսության և համագործակցության միջոցով խնդիրների լուծման անհրաժեշտությունը։ Ահմադիան ընդգծել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների աշխարհաքաղաքական որևէ փոփոխության: Ըստ նրա՝ Կովկասում նոր՝ «3+3» ձևաչափի ստեղծումն արդյունավետ միջոց կլինի տարածաշրջանի երկրների միջև առկա թյուրըմբռնումները հարթելու համար։ 
12:59 - 04 սեպտեմբերի, 2023
Ինչ կարգով քաղաքացին պետք է հանձնի առաջին անգամ զենք ձեռք բերելու քննությունը․ ՆԳՆ-ն ստորագրել է հրամանը

Ինչ կարգով քաղաքացին պետք է հանձնի առաջին անգամ զենք ձեռք բերելու քննությունը․ ՆԳՆ-ն ստորագրել է հրամանը

Ներքին գործերի նախարարն օգոստոսի 28-ին ստորագրել է բացառությամբ սառը և նետողական զենքերի, առաջին անգամ զենք, այդ թվում՝ առաջին անգամ ակոսափող հրազեն ձեռք բերող քաղաքացիների կողմից զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություն հանձնելու կարգը։ Այն հրապարակվել է երեկ՝ օգոստոսի 31-ին։ Որ հաստատություններն իրավունք ունեն անցկացնել քննությունը Ըստ սահմանված կարգի՝ զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություններ անցկացնելու իրավունք ունեն Հայաստանի հրաձգության ֆեդերացիա հասարակական կազմակերպությունը, լիցենզավորված հրաձգարանը, թիկնապահի և պահնորդի մասնագիտական ուսուցում իրականացնող՝ իրավաբանական անձ հանդիսացող և համապատասխան կրթական գործունեության լիցենզիա ունեցող հաստատությունը և ՀՀ ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատությունը (այսուհետ՝ կազմակերպություն)։ Կազմակերպությունը քննություններ անցկացնելու համար պետք է գրավոր դիմի ՀՀ ՆԳ նախարարին, որին կից ներկայացնի համապատասխան լիցենզիան։ Իսկ ՆԳ նախարարը երկու աշխատանքային օրվա ընթացքում կամ պետք է բավարարի դիմումը կամ գրավոր մերժի՝ նշելով պատճառը։  Կարգի խախտումով քննություն անցկացնելու դեպքում կազմակերպությունը զրկվում է քննություն անցկացնելու իրավունքից։ Ինչպես կարող է քաղաքացին մասնակցել քննությանը Քննություններին մասնակցելու նպատակով վերը նշված կազմակերպություններ կարող են դիմել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի պահանջներին համապատասխանող քաղաքացիները:   Քննություններին մասնակցելու համար քաղաքացին պետք է դիմի կազմակերպություն՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, քննությանը մասնակցելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր կամ դրա պատճեն։ Քաղաքացին կազմակերպություն կարող է դիմել ինչպես գրավոր, այնպես էլ՝ էլեկտրոնային տարբերակով։ Դիմումում պետք է ներառված լինեն նաև քաղաքացու անձնական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, հեռախոսահամար)։ Քննությունների անցկացման օրվա, ժամի և տեղի վերաբերյալ տեղեկատվությունը նախապես հրապարակվում է ՀՀ ներքին գործերի նախարարության և համապատասխան կազմակերպության պաշտոնական կայքերում՝ քննությունից առնվազն 5 օր առաջ: Քաղաքացին քննություններին պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով։ Տեսական և գործնական քննությունների ժամանակացույցը հաստատվում է կազմակերպության ղեկավարի կողմից: Տեսական քննության հարցաշարը հաստատում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության լիազոր ստորաբաժանման ղեկավարը։ Քննական հարցաշարը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում՝ https://mia.gov.am և կազմակերպության պաշտոնական կայքում:  Քննությունների ընդհանուր վճարը չի կարող գերազանցել 3000 ՀՀ դրամը։  Ինչպես են անցկացվում քննությունները Քննությունները երկուսն են՝ տեսական եւ գործնական։ Տեսական քննությունը Տեսական քննությունը անցկացվում է համակարգչային թեստավորման եղանակով՝ հարցատոմսում ընդգրկված հարցերին պատասխանելու միջոցով: Հարցատոմսը բաղկացած է 10 հարցից, յուրաքանչյուր հարցը՝ 1 միավոր։ Անցողիկ շեմ է համարվում 8 միավորը։ Հարցատոմսը լրացնելու համար քաղաքացուն տրամադրվում է 30 րոպե ժամանակ։ Հարցատոմս փոխելն արգելվում է:  Տեսական քննության անցողիկ շեմը չանցած քաղաքացին կարող է կրկին դիմել տեսական քննության մասնակցելու համար ոչ շուտ, քան 3 օր անց։  Գործնական քննությունը Գործնական քննությանը մասնակցելու հնարավորություն է ստանում տեսական քննությանը անցողիկ միավոր ստացած քաղաքացին ոչ ուշ, քան տեսական քննությունը հանձնելու յոթերորդ օրը։ Իսկ  գործնական քննությունը բաղկացած է 5 վարժությունից, յուրաքանչյուր վարժություն գնահատվում է 0-5 միավորով, որտեղ՝ 0-2-ը՝ անբավարար, 3-ը՝ բավարար, 4-ը՝ լավ, 5-ը՝ գերազանց։ Վերջնական գնահատականը ձևավորվում է բոլոր վարժություններից ստացած գնահատականների թվաբանական միջինով։ Քննության անցողիկ շեմ է համարվում 3 գնահատականը:  Գործնական քննությունը գնահատելիս ստուգվում են զենքի կառուցվածքի վերաբերյալ գիտելիքները, զենքի և ռազմամթերքի ճիշտ նախապատրաստումը հրաձգությանը, կրակելու համար հարմար դիրք ընտրելը, անվտանգության կանոնների պահպանությունը և կարգապահությունը, նշանակետի խոցման ճշգրտությունը:  Գործնական քննության անցողիկ շեմը չհաղթահարած քաղաքացին գործնական քննությանը մասնակցելու համար կարող է կրկին դիմել ոչ շուտ, քան 3 օր անց և ոչ ուշ, քան տեսական քննության անցողիկ շեմը հաղթահարելուց հետո 6 ամսվա ընթացքում։  Քննության վերաբերյալ այլ մանրամասների կարող եք ծանոթանալ պաշտոնական փաստաթղթում։ Նախարարի հրամանն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի 2023 թվականի մայիսի 5-ի «Առաջին անգամ քաղաքացիական հրազեն, այդ թվում՝ ակոսափող, ձեռք բերող քաղաքացիների կողմից կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ 3-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու օրը։
15:51 - 01 սեպտեմբերի, 2023
ՀՀ ԱԳՆ-ն հստակ պատասխան չի տալիս՝ ինչ քայլեր են ձեռնարկվում Արցախում ժամանակավորապես բնակվող ՀՀ գրանցում ունեցող ՀՀ քաղաքացիներին ՀՀ տեղափոխելու ուղղությամբ

ՀՀ ԱԳՆ-ն հստակ պատասխան չի տալիս՝ ինչ քայլեր են ձեռնարկվում Արցախում ժամանակավորապես բնակվող ՀՀ գրանցում ունեցող ՀՀ քաղաքացիներին ՀՀ տեղափոխելու ուղղությամբ

Մեկ շաբաթ առաջ ՀՀ կառավարության աշխատակազմը փաստացի խուսափեց պատասխանել հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվել Արցախում ժամանակավորապես բնակվող ՀՀ գրանցում ունեցող ՀՀ քաղաքացիներին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։ Կառավարությունից հուլիսի 20-ին ուղարկած մեր գրավոր հարցմանը ժամկետի խախտումով չպատասխանեցին, հետո մեկնաբանեցին, թե 30-օրյա ժամկետում պատասխանելու գրություն են ուղարկել, որը մենք փաստացի չէինք ստացել, ապա ուղարկեցին 30-օրյա ժամկետի անհրաժեշտության մասին գրության մի ֆայլ, որտեղ սխալ ամսաթիվ էր նշված, եւ, ի վերջո, ոչ ի սկզբանե ուղարկած գրության ֆայլը եւ ոչ էլ հարցման պատասխանը չուղարկեցին՝ չնայած հավաստիացմանը, որ պատասխանը կստանանք։  Կառավարությունից այս հարցին պատասխան չստանալուց հետո Infocom-ը գրավոր հարցում ուղարկեց նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարություն եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։  ՀՀ ԱԳՆ աշխատակազմից, թեեւ պատասխան ուղարկել են, սակայն այն չի բովանդակում մեր հարցի վերաբերյալ տեղեկություն։ ԱԳՆ-ից, մասնավորապես, ներկայացրել են, թե ինչ քայլեր է ձեռնարկել եւ ձեռնարկում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը 2022թ. դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումից ի վեր՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի շրջափակումը վերացնելուն եւ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների երկու ուղղությամբ անխափան տեղաշարժը վերականգնելուն՝ համաձայն ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ. փետրվարի 22-ին ընդունված եւ հուլիսի 6-ին վերահաստատված իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումների: Թեեւ ԱԳՆ պատասխանը բավականին երկար է, եւ չնայած infocom.am-ը հետեւողականորեն լուսաբանում է գերատեսչության աշխատանքը, այդուհանդերձ ներկայացնում ենք արտգործնախարարության տեքստն ամբողջությամբ եւ, իհարկե, առանց բովանդակային խմբագրման, որպեսզի տեսանելի լինի, որ մեր բարձրացրած հարցին որեւէ պարբերության մեջ հստակ անդրադարձ չկա։ ԱԳՆ «կիսապատասխանը» Այսպես, ԱԳՆ-ից հիշեցրել են, որ այս տարվա օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետությունը դիմել է ՄԱԿ Անվտանգության խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետեւանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահարթ նիստ գումարելու պահանջով, իսկ օգոստոսի 16-ին արդեն տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ հրատապ նիստը։ Մինչ այդ, ինչպես նշել են ԱԳՆ-ից, ՄԱԿ-ում ՀՀ կողմից որպես ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի եւ Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթղթեր շրջանառվել են ավելի քան 20 նամակներ եւ հայտարարություններ՝ Լաչինի միջանցքի արգելափակման, ԼՂ-ում հումանիտար վիճակի, ռազմագերիների վերադարձի, հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման եւ այլ խնդիրների վերաբերյալ․ «Բացի այդ, ՄԱԿ Գլխավոր քարտուղարին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Բնակչության հիմնադրամի, Պարենի համաշխարհային ծրագրի, Զարգացման ծրագրի, Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ղեկավարներին փոխանցվել են ՀՀ ԱԳ նախարարի եւ ՀՀ այլ գերատեսչությունների ղեկավարների նամակները»,- հավելել են նախարարությունից՝ հիշեցնելով նաեւ, որ 2022թ. դեկտեմբերի 20-ին Հնդկաստանի նախագահությամբ տեղի է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ հանդիպում, որը հրավիրվել էր Հայաստանի դիմումի համաձայն՝ քննարկելու Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ստեղծված իրավիճակը: ԱԳՆ-ից նշել են, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԽ նախագահին հասցեագրած՝ հուլիսի 12-ի իր նամակում ներկայացրել է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը եւ դրա ազդեցությունը բնակչության խոցելի խմբերի վրա՝ կարեւորելով ԱԽ կողմից հրատապ ու արդյունավետ միջոցների ձեռնարկումն ի պատասխան Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի եւ մարդու իրավունքների միջազգային իրավունքի խախտման՝ ապահովելու համար Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումների կատարումը եւ Լաչինի միջանցքով անձանց, ավտոմեքենաների ու բեռների ազատ տեղաշարժի վերականգնումը: «ԼՂ-ում հումանիտար ճգնաժամին, մասնավորապես սննդի ու այլ կենսական ապրանքների պակասին եւ թերսնման խնդիրներին անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գեւորգյանը օգոուտոսի 3-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ «Միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանություն» օրակարգի կետի ներքո ԱՄՆ կողմից կազմակերպված «Սովի եւ հակամարտության հետեւանքով գլոբալ պարենային անապահովության» թեմայով բաց քննարկման ընթացքում իր ելույթում՝ շեշտելով, որ Ադրբեջանը շարունակաբար թիրախավորում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչներին՝ ընդլայնելով բնակչությանը սով պարտադրելու իր ակնհայտ գործողությունները»,- ասված է ԱԳՆ պատասխանում: Արտաքին քաղաքական գերատեսչությունից, իհարկե, հավաստիացրել են, որ Հայաստանը շարունակում է հետեւողական աշխատանքները ՄԱԿ ԱԽ անդամների հետ՝ իրազեկելու ԼՂ-ում հումանիտար եւ մարդու իրավունքների իրավիճակի ու Ադրբեջանի ապօրինի գործողություններից բխող միջազգային խաղաղության եւ անվտանգության սպառնալիքների վերաբերյալ՝ ապահովելու Անվտանգության խորհրդի կողմից գործնական քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների անվերապահ կատարման, Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության վերականգնման եւ ՄԱԿ գործակալությունների ու ԿԽՄԿ-ի՝ Լեռնային Ղարաբաղ անվտանգ եւ անխափան հումանիտար մուտքի ուղղությամբ: «Միեւնույն ժամանակ Հայաստանն աջակցում է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության անվտանգ եւ անխափան հումանիտար գործունեությանը Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով»: ԱԳՆ-ից հայտնել են նաեւ, որ նշյալ ժամանակահատվածում ԵԱՀԿ ՀՀ ՄՆ կողմից հնչել են եւս 9 հայտարարություններ, որոնք, ըստ ԵԱՀԿ կանոնակարգի, ենթակա չեն հանրայնացման: «Եվրոպայի խորհրդի քարտուղարություն են փոխանցվել ՀՀ եւ Լեռնային Ղսրաբաղի մարդու իրավունքների պաշտպանների զեկույցները, Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարարի նամակները՝ խնդրելով այդ փաստաթղթերը տարածել որպես ԵԽ Նախարարների կոմիտեի պաշտոնական փաստաթղթեր: Նախարարների կոմիտեի կանոնների համաձայն՝ տվյալ փաստաթղթերը, սակայն, ենթակա չեն հրապարակման»,- նշված է պատասխանում: ԱԳՆ-ից հիշեցրել են, որ ԱՊՀ, ՀԱՊԿ ու ԵԱՏՄ շրջանակներում կայացած կանոնադրական մարմինների նիստերի եւ այլ միջոցառումների ընթացքում, ինչպես նաեւ երկկողմ հանդիպումների ժամանակ ՀՀ պատվիրակուրյան ղեկավարներն համապատասխան ժամանակահատվածում իրենց ելույթներում մշտապես անդրադարձել են Լաչինի միջանցքի շրջափակման եւ վերջինիս հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի խորացման հարցերին: Նշել են նաեւ, որ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները պարբերաբար հանդիպումներ են ունենում հավատարմագրման երկրների օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ եւ փոխանցում Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետ կապված իրավիճակը նկարագրող եւ ՀՀ պաշտոնական դիրքորոշումն արտահայտող փաստաթղթեր, դեսպանները հանդես են գալիս ելույթներով եւ հարցազրույցներով․ «Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների եւ անձնակազմերի հետ շփումների ընթացքում պարբերաբար ներկայացվում է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման առնչությամբ»: Գերատեսչությունից հաղորդել են, որ ԱԳՆ միջոցով փոխանցվել են ՀՀ ԱԺ նախագահի, փոխնախագահի, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի, համապատասխան բարեկամական խմբերի ղեկավարների, ինչպես նաեւ պատգամավորների նամակները՝ հասցեագրված իրենց գործընկերներին՝ երկկողմ եւ բազմակողմ մակարդակներով, իսկ օտարերկրյա լրատվամիջոցներում հրապարակել են ստեղծված հումանիտար ճգնաժամը ներկայացնող ավելի քան 2000 հոդվածներ: «Հայկական կողմն իր ամենօրյա աշխատանքների միջոցով միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում հատկապես հունիսի 15-ից Լաչինի միջանցքի լիակատար արգելափակման ու ցանկացած մարդասիրական մատակարարման ամբողջական դադարեցման վրա, ի խախտումն ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների ու միջազգային հումանիտար իրավունքի նորմերի՝ շեշտելով, որ դրա հետեւանքով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական գոյությունը հայտնվել է լուրջ սպառնալիքի տակ»,- եզչափակել են ԱԳՆ-ից: ՄԻՊ արձագանքը «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ Պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ նույն օրենքով սահմանված դեպքերում նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը: Այս առնչությամբ ՄԻՊ աշխատակազմից շեշտել են, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մանդատը սահմանափակվում է վերը նշված մարմինների ու անձանց, կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների խախտումների շրջանակով, ինչից ելնելով մեր վկայակոչված խնդիրն ուղղակիորեն վերաբերելի չէ Պաշտպանի լիազորությունների շրջանակին․ «Միաժամանակ, հաշվի առնելով Արցախում բնակվող էթնիկ հայերի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների իրավունքների երաշխավորման կարեւորությունը՝ Պաշտպանի աշխատակազմը մշտադիտարկում, վերլուծում եւ ամփոփում է նշված իրավունքների, ներառյալ՝ ազատ տեղաշարժվելու իրավունքի խախտումները՝ դրանք ներկայացնելով մարդու իրավումքների միջազգային կառույցներին եւ դերակատարներին: Այդ համատեքստում փորձ է կատարվում նպաստել անձանց խախտված իրավունքների վերականգմանն ու իրավունքների պաշտպանությանը»,- նշել են ՄԻՊ աշխատակազմից՝ հավելելով, որ նշված դերակատարների հետ հաղորդակցությունը կրում է խորհրդապահական բնույթ, սակայն դրա մանրամասները չեն կարող ներկայացնել: ՄԻՊ աշխատակազմից հաղորդել են նաեւ, որ Պաշտպանի աշխատակազմի կողմից կազմվել եւ հրապարակվել է Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով մարդու իրավունքների խախտումները ներկայացնող 4 արտահերթ հրապարակային զեկույց, որոնցում ներկայացվել են Լաչինի միջանցքի շրջափակիան հումանիտար հետեւանքները, ինչպես նաեւ ամփոփվել եւ վերլուծվել է ադրբեջանական պաշտոնատար անձանց հայատյաց խոսույթը․ «Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով մարդու իրավունքների խախտումները, ներառյալ ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումներն ու հումանիտար ճգնաժամի զարգացումը շարունակում են գտնվել Պաշտպանի ուշադրության կենտրոնում: Այս առնչությամբ Պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տվյալները որոշակի պարբերականությամբ ներկայացվում են մարդու իրավունքների միջազգային կառույցներին եւ դերակատարներին՝ փորձելով նշված դերակատարաների հետ ակտիվ համագործակցության միջոցով լուծել մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները»,- ամփոփել են ՄԻՊ աշխատակազմից: Այսպիսով, ի տարբերություն ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ ԱԳՆ-ից պատասխան, այնուամենայնիվ ստացանք, սակայն այդ պատասխանում եւս չկար որեւէ հստակ տեղեկություն այն մասին, թե ինչ քայլեր են ձեռնարկվել եւ ձեռնարկվում Արցախում ժամանակավորապես բնակվող ՀՀ գրանցում ունեցող ՀՀ քաղաքացիներին ՀՀ վերադաձնելու ուղղությամբ։ ՀՀ ԱԳՆ պատասխանը բովանդակում է տեղեկություններ այն մասին, թե ինչ քայլեր են իրականացվել՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի շրջափակումը վերացնելուն եւ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների երկու ուղղությամբ անխափան տեղաշարժը վերականգնելուն։ Իսկ ՄԻՊ աշխատակազմից ներկայացրել են օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում իրենց կատարած աշխատանքները։ Հայարփի Բաղդասարյան
13:50 - 01 սեպտեմբերի, 2023
Անճշտություններ՝ Հակակոռուպցիոն դատարանի նախագահի հայտարարագրում

Անճշտություններ՝ Հակակոռուպցիոն դատարանի նախագահի հայտարարագրում

Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանի՝ 2021 թվականի տարեկան հայտարարագրում ներկայացված տվյալների ուսումնասիրությունից պարզվում է, որ 2021 թվականի ընթացքում վերջինս իրականացրել է առնվազն 65․5 միլիոն դրամի ծախս, սակայն ոչ հայտարարագրման ենթակա չափերով և ծախսային ուղղություններով։ Հայտարարագրում, համենայն դեպս, ծախսերի այս մասի վերաբերյալ նշումներ առկա չեն։ Ղազարյանը պնդում է, որ այդ գումարի գերակշիռ մասը ներդրվել է որպես ավանդ։ Նրա հետ գրավոր հարցուպատասխանը, սակայն, կասկածներ է առաջ բերում նաև ավանդի ներդրման ժամկետների վերաբերյալ։   Խաչիկ Ղազարյանը Հակակոռուպցիոն դատարանի նախագահ է դարձել 2023-ի փետրվարին։ Մինչ այդ նա եղել է Հակակոռուպցիոն դատարանի՝ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր, իսկ դրանից առաջ՝  Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնակատար։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2021-ի տարեկան հայտարարագրում Խաչիկ Ղազարյանը նշել է, որ տարվա ընթացքում ստացել է 114․3 միլիոն դրամի եկամուտ, որից 68 հազար դոլարը նվիրատվություն է հորից՝ Կարապետ Ղազարյանից, մոտ 1․8 միլիոն դրամը վարձակալության դիմաց ստացված վճար է, 79․2 միլիոն դրամը ստացվել է բնակարանի օտարումից, և մոտ 5,6 միլիոն դրամը՝ աշխատավարձից։ Հետաքրքրական է, որ հայտարարագրում ընդհանուր եկամուտները՝ դրամական արտահայտությամբ, հաշվարկվել են 114․3 միլիոն դրամ։ Եթե ընդհանուր եկամուտներից հանենք ՀՀ դրամով արտահայտված եկամուտները, կստացվի, որ 68 000 ԱՄՆ դոլարը, արտահայտված ՀՀ դրամով, կազմում է մոտ 27․9 միլիոն դրամ։ Այսինքն՝ հաշվարկային դոլար-դրամ փոխարժեք է ընդունվել 409․63 դրամը։ Սա այն դեպքում, որ 2021 թվականին Կենտրոնական բանկի սահմանած նվազագույն փոխարժեքը եղել է 475․19 դրամ։ Եթե 68 000 դրամը այս փոխարժեքով փորձենք վերածել դրամի, կստացվի 32․3 միլիոն դրամ՝ հաշվարկվածից մոտ 4․5 միլիոնով ավելի։ Բացի այդ՝ հայտարարագրից պարզ է դառնում, որ Խաչիկ Ղազարյանը 2021 թվականի ընթացքում 6 միլիոն դրամով ձեռք է բերել, այնուհետև 6․5 միլիոն դրամով վաճառել է LEXUS մակնիշի ավտոմեքենա։ Ավտոմեքենայի վաճառքից ստացված եկամուտը, սակայն, վերջինս չի հայտարարագրել որպես 2021 թվականին ստացված եկամուտ։ Հարցին, թե ինչու եկամուտը չի արտացոլվել հայտարարագրում, Խաչիկ Ղազարյանը պատասխանել է, որ դա տեխնիկական վրիպակ է։  «Դա, սակայն, հանդիսանալով պետական գրանցում պահանջող գործարք, ֆիքսվում է համապատասխան իրավասու մարմնի կողմից, ինչպես նաև ինքնին արտացոլված է եղել համապատասխան հայտարարագրում»,- նշել է դատավորը։ Այսպիսով, Խաչիկ Ղազարյանի՝ 2021 թվականի եկամուտները հայտարարագրի եկամուտների բաժնում ներկայացվածից փաստացի ավելի են առնվազն 11 միլիոն դրամով (4.5 միլիոն դրամ՝ դոլար-դրամ փոխարժեքի տարբերությունից, ինչպես նաև 6․5 միլիոն դրամ՝ ավտոմեքենայի վաճառքից ստացված եկամուտի չհայտարարագրումից) և կազմում են 125․3 միլիոն դրամ։  Այս եկամուտներից եթե հանենք տարվա ընթացքում ձեռքբերված LEXUS մակնիշի ավտոմեքենայի գինը (6 միլիոն դրամ), հանձնած փոխառությունները (մոտ 26.4 միլիոն դրամ), հայտարարագրած ծախսերը (մոտ 3․9 միլիոն դրամ) և առկա դրամական միջոցների աճը (44 000 ԱՄՆ դոլար (առավելագույնը՝ 23․6 միլիոն դրամ)), ապա կստացվի, որ 2021 թվականի ընթացքում Խաչիկ Ղազարյանը ծախսել է առնվազն 65․4 միլիոն դրամ, սակայն ոչ հայտարարագրման ենթակա չափերով և ծախսային ուղղություններով։ «Ինֆոքոմ»-ը գրավոր հարցմամբ դիմել է Ղազարյանին՝ մանրամասնելու, թե այդ գումարն ինչ ուղղություններով է ծախսվել, և արդյո՞ք գումարն այնպես է ծախսվել, որ չի գերազանցել հայտարարագրման ենթակա 2 մլն դրամի միանվագ ծախսը։ Խաչիկ Ղազարյանը պատասխանել է․ «․․․ նշված գումարը չի ծախսվել ամբողջությամբ, քանի որ դրա գերակշիռ մասը՝ 110 000 ԱՄՆ դոլարը, ինչպես նշված է համապատասխան հայտարարագրում, «Էվոկաբանկ» ՓԲԸ-ում ներդրվել է որպես ավանդ, իսկ մնացյալ գումարի ծախսը հաշվետու ժամանակահատվածում չի գերազանցել միանվագ 2 միլիոն ՀՀ դրամը»։  Ղազարյանի այս պատասխանը առաջ է բերում նոր հարցեր։ Բանն այն է, որ համաձայն Խաչիկ Ղազարյանի 2021 թվականի տարեկան հայտարարագրի՝ 2021 թվականի տարեսկզբի դրությամբ (հունվարի 1) Ղազարյանն արդեն իսկ ունեցել է ներդրված 110 000 ԱՄՆ դոլարի ավանդ, որն առանց փոփոխության առկա է նաև տարեվերջի դրությամբ։ Հետևաբար այն չէր կարող ներդրվել 2021 թվականի ընթացքում, և դրա գումարը չէր կարող ձևավորվել տարվա ընթացքում ստացված եկամուտներից։ Նոր գրավոր հարցմամբ Խաչիկ Ղազարյանից հետաքրքրվել ենք, թե ինչով է պայմանավորված այս անհամապատասխանությունը։ Այս անգամ վերջինս հայտնել է․ «․․․ հիշյալ  110 000 ԱՄՆ դոլարը «Էվոկաբանկ» ՓԲԸ-ում ներդրվել է որպես ավանդ 15․04․2021 թվականին։ Այսինքն, 2022 թվականի ընթացքում՝ օրենքով սահմանված ժամկետում, տարեկան հայտարարագիրը լրացնելիս համապատասխան պատուհանում նշված գումարի՝ որպես տարեսկզբին առկա ավանդի վերաբերյալ նշումը հանդիսանում է վրիպակ։ Նշվածի մասին է վկայում նաև այն, որ հիշյալ գումարի՝ որպես ավանդ ներդրված լինելու վերաբերյալ որևէ տվյալ առկա չէ 2020 թվականի տարեկան հայտարարագրում»։ Այստեղ հետաքրքրական է այն հանգամանքը, որ, Խաչիկ Ղազարյանը հղում է կատարում 2020 թվականի տարեկան հայտարարագրին, որը, սակայն, առկա չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրում։ Ավելին, այս տարվա մայիսին «Ինֆոքոմ»-ը ներկայացրել էր Ղազարյանին առնչվող մեկ այլ հրապարակում, որի պատրաստման ընթացքում, մեր հարցերին ի պատասխան, վերջինս նշել էր, որ ինքը 2021 թվականին Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար է եղել այլ՝ հայտարարագրման պարտականություն չունեցող պաշտոնի (Դատական դեպարտամենտի դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության պետ) հետ համատեղությամբ, և այդ դեպքում օրենքը կարող էր մեկնաբանվել այնպես, որ ինքը հայտարարատու անձ չէ, բայց ամեն դեպքում ներկայացրել է հայտարարագիր՝ «խոսակցություններից խուսափելու համար»։ Սակայն 2020 թվականին Խաչիկ Ղազարյանն առանց համատեղության զբաղեցրել է հենց այն պաշտոնը (Դատական դեպարտամենտի Դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության պետ), որը զբաղեցնող անձը, ինչպես ինքն է ներկայացնում, հայտարարագրման պարտավորություն չունի։  Հայտարարագրի ռեեստրում 2020 թվականի հայտարարագրի բացակայությունն ու այս մեկնաբանությունը անհասկանալի են դարձնում, թե ինչ հայտարարագրի է հղվում Խաչիկ Ղազարյանը։  Ինչպես արդեն նշեցինք, նախկինում «Ինֆոքոմ»-ը ներկայացրել էր Ղազարյանին առնչվող մեկ այլ դրվագ․ նրա կինը՝ Արմինե Պետրոսյանը, Կոռուպցիայի կանխարգեկման հանձնաժողով չէր ներկայացրել պաշտոնատար անձի ընտանիքի անդամի՝ պաշտոնի ստանձման կամ դադարեցման և 2021 թվականի տարեկան հայտարարագրերը։ Սա Ղազարյանը հիմնավորել էր տեխնիկական անհնարինությամբ։  «Մենք բոլոր թղթերը, բոլոր գրություններն ունենք։ Խնդիր կար հին կայքից նոր կայքի անցման հետ, ստանձնման հայտարարագրերը կինս լրացրել է, կարծեմ՝ տարեկանը դեռ չի լրացրել։ ԿԿՀ կայքում պիտի «պատուհան» ստեղծեին, որ հնարավոր լիներ լրացնել, բայց դեռ խնդիր կա»,- բացատրել էր Ղազարյանը։ Թեպետ ԿԿՀ-ն արդեն հայտարարագրման նոր համակագ է ներդրել, բայց Պետրոսյանի՝ 2021-ի տարեկան հայտարարգիրը դեռևս առկա չէ հայտարարագրերի ռեեստրում։   Հեղինակ՝ Մկրտիչ ԿարապետյանՏվյալների լրագրող՝ Կատյա Մամյան
18:33 - 31 օգոստոսի, 2023
Հակակոռուպցիոն դատարանի աշխատանքի մեկնարկից մեկ տարի անց դրա գործերը, չնայած օրենքի պահանջին, Datalex-ում դեռ հասանելի չեն

Հակակոռուպցիոն դատարանի աշխատանքի մեկնարկից մեկ տարի անց դրա գործերը, չնայած օրենքի պահանջին, Datalex-ում դեռ հասանելի չեն

Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերի քննությունը պահանջում է դատական համակարգի նկատմամբ հանրային բարձր վստահություն, ինչը առկա պայմաններում բացակայում է։ Ի թիվս մի շարք այլ փաստարկների, իշխանությունները նաեւ այսպես էին հիմնավորում ՀՀ-ում նոր՝ Հակակոռուպցիոն դատարան ստեղծելու անհրաժեշտությունը։ Օրերս լրացավ այդ դատարանի գործունեության մեկ տարին, եւ ենթադրվում էր, որ գոնե այդ մեկ տարվա ընթացքում պիտի լուծված լինեին դատարանի գործունեության հետ կապված այն խնդիրները, որ նախապես լուծում չէին ստացել, սակայն կարեւոր խնդիրներից մեկը, որ առնչվում է վարույթի հրապարակայնությանը, մինչ օրս մնում է առկախված։ Դատարանների նկատմամբ հանրության վստահության համատեքստում հրապարակայնությունն առանձնահատուկ տեղ ունի, քանի որ այն ժողովրդավար հասարակություններում արդարադատության իրականացումը տեսանելի դարձնելու հիմնական միջոցն է, որ թույլ է տալիս հասարակական հսկողության տակ պահել դատարանների աշխատանքը։ Ինչպես ռուս իրավաբան Միխայիլ Դուխովսկին է նշել՝ արդարադատությունը հանրային աշխատանք է եւ իրականացվում է՝ հանրային շահերից ելնելով, իսկ այդպիսի ցանկացած գործունեություն իր էությամբ պետք է լինի հրապարակային՝ հասարակական կարծիքի եւ մամուլի հսկողության ներքո։ Այս տրամաբանությամբ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով ամրագրված է, որ դատարանում գործերի քննությունն իրականացվում է դռնբաց (բացառությամբ դռնփակ նիստ անցկացնելու՝ օրենքով սահմանված հիմքերի), իսկ դրանց վերաբերյալ մի շարք տեղեկություններ ենթակա են հրապարակման Դատական տեղեկատվական համակարգում՝ Datalex.am-ում (այսուհետ՝ նաեւ Համակարգ): Հակակոռուպցիոն դատարանում, որը քննում է կոռուպցիոն հանցագործությունները եւ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերը (պետության գույքային եւ ոչ գույքային շահերի պաշտպանության եւ ապօրինի գույքի բռնագանձման հայցերը), թեեւ դռնբաց քննություն իրականացվում է, սակայն հրապարակման ենթակա ողջ տեղեկությունները չեն հրապարակվում: Պատճառը Datalex.am-ում Հակակոռուպցիոն դատարանի ենթաբաժնի շարունակական բացակայությունն է։ Infocom-ը դեռ ամիսներ առաջ՝ մարտին էր անդրադարձել այս խնդրին՝ պատասխանատու կառույցներից փորձելով հասկանալ, թե որն է դրա պատճառը, եւ ինչ քայլեր են ձեռնարկվում օրենքի պահանջն ապահովելու համար։ Datalex․am-ը սպասարկող ընկերությունից, լսելով խնդրի մասին, զարմացել էին՝ խոստանալով շտկել այն, իսկ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը՝ Դատական դեպարտամենը, խնդիրը պայմանավորել էր տեխնիկական եւ ծրագրային համապատասխան աշխատանքների անհրաժեշտությամբ՝ նշելով, որ իրականացվում են Համակարգում համապատասխան գործիքակազմի նախատեսում եւ քննվող գործերի ենթաբաժնի ստեղծում, որոնցով դրանց ընթացքի վերաբերյալ «Դատական համակարգ» համակարգչային ծրագրում առկա տեղեկությունները կլինեն հասանելի։ Այսինքն՝ դատարանների գործավարությունն ապահովող համակարգչային ծրագրում նորաստեղծ դատարանը ներդրված էր, տվյալները էլեկտրոնային եղանակով մուտքագրվում էին, սակայն  Datalex.am չէին փոխանցվում եւ չէին հրապարակայնացվում։  Ըստ Դեպարտամենտի՝ ծրագրային լուծումները թեստավորման փուլում են Օգոստոսի 16-ին դարձյալ գրավոր հարցում ենք ուղարկել Դատական դեպարտամենտին՝ խնդրելով հայտնել՝ մեր նախորդ հարցումից հետո ի վերջո նախատեսվե՞լ է համապատասխան գործիքակազմ, եւ ստեղծվե՞լ է համապատասխան ենթաբաժին։ Ի պատասխան՝ Դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար Նաիրի Գալստյանը հայտնել է՝ նախատեսվել է ինչպես գործիքակազմը, այնպես էլ ենթաբաժինը, սակայն աշխատանքները դեռ չեն ավարտվել։ Հարցին, թե ինչով է պայմանավորված հապաղումը, կոնկրետ պատասխան չի տրվել։  Դատական դեպարտամենտի եւ Համակարգը սպասարկող «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ընկերության միջեւ այս տարվա հունվար եւ մարտ ամիսներին կնքվել են ծառայությունների մատուցման պայմանագրեր, որոնցով, ի թիվս այլնի, սահմանվել է, որ անհրաժեշտ է կատարել մի շարք փոփոխություններ եւ ծրագրային ապահովումներ, այդ թվում՝ «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) բազայից տվյալների պարբերաբար, անխափան եւ ավտոմատ փոխանցման ապահովումը Datalex համակարգի սերվեր։ Գրավոր հարցմամբ հետաքրքրվել ենք՝ եթե այս աշխատանքները կատարվել են, եւ Ծրագրի բազայից Հակակոռուպցիոն դատարանի վերաբերյալ տվյալները փոխանցվում են Համակարգի սերվեր, ո՞րն է պատճառը, որ դրանք հրապարակային չեն դառնում։ Միաժամանակ նշել ենք, որ հիշյալ պայմանագրերում առկա են Հակակոռուպցիոն դատարանին, նաեւ դրա վերադաս ատյաններին վերաբերող այլ դրույթներ եւս, ուստի խնդրել ենք հայտնել՝ եթե դրանցից ոչ մեկը վերաբերելի չէ հրապարակման ենթակա տեղեկությունները Համակարգում հասանելի (հրապարակային) դարձնելուն ուղղված կոնկրետ ծրագրային աշխատանքներին, ապա ի՞նչ պատճառաբանությամբ նույն կամ որեւէ այլ պայմանագրով չեն նախատեսվել հենց այդ աշխատանքները։ Ի պատասխան՝ Դեպարտամենտից կրկնել են, որ հիշյալ պայմանագրերում նախատեսվել են կատարվել մի շարք փոփոխություններ եւ ծրագրային ապահովումներ, ներառյալ Ծրագրի բազայից տվյալների պարբերաբար, անխափան եւ ավտոմատ փոխանցման ապահովումը Datalex համակարգի սերվեր․ «Ձեր կողմից նշված տեղեկությունների հասանելիության ապահովմանն ուղղված ծրագրային լուծումները թեստավորման փուլում են»,- ասված է պատասխանում։ Ըստ Դեպարտամենտի՝ տեղեկությունները ամբողջապես հասանելի դարձնելուն պես Համակարգում ինքնաբերաբար հասանելի են լինելու Հակակոռուպցիոն դատարանի բոլոր ատյանների տեղեկությունները։ Նշենք, որ 2023 թ․ հունիսի 15-ից գործում է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը (մինչ այդ Վերաքննիչ քրեական դատարանում գործում էին կոռուպցիոն գործեր քննող առանձին դատավորներ), իսկ 2022 թ․ հուլիսի 1-ից՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը։ Հարցին, թե մոտավորապես ինչ ժամկետներում պետք է ակնկալել հրապարակման ենթակա տեղեկությունների հասանելիությունը Համակարգում, Դեպարտամենտից պատասխանել են հետեւյալը․ «Դատական գործերի հրապարակայնության սկզբունքի հաշվառմամբ՝ Դատական դեպարտամենտը շարունակում է հետեւողականորեն ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները հրապարակման ենթակա տեղեկությունների հասանելիությունը Համակարգում հնարավոր սեղմ ժամկետում ապահովելու նպատակով։ Ավելին, ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքում մեկշաբաթյա պարբերականությամբ հրապարակվում է Հակակոռուպցիոն դատարանի դատավորների վարույթներում քննվող դատական գործերի վերաբերյալ տեղեկատվություն»։ Նշենք, սակայն, որ ԲԴԽ կայքում հրապարակվող տեղեկությունները օրենքով սահմանված հրապարակման ենթակա տեղեկությունների ցանկի չնչին, մեծամասամբ՝ տեխնիկական մասն են միայն։ Datalex-ը սպասարկող ընկերության ղեկավարի խոսքով՝ իրենք ծանրաբեռնված են մեկ այլ համակարգի աշխատանքներով Datalex-ը սպասարկող «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ընկերության ղեկավար Արմեն Մանուկյանը մեր զրույցում հայտնեց, որ մեր բարձրացրած խնդրի ուղղությամբ աշխատանքներ, այո, տարվում են, սակայն շատ մեծ աշխատանք է տարվում մեկ այլ համակարգի հետ կապված, որն էլ խլում է իրենց ողջ ռեսուրսը․  «Չգիտեմ՝ տեղյակ եք թե չէ, շատ մեծ աշխատանք է կատարվում քաղդատավարության հետ կապված, քաղդատավարության մեջ բոլոր քաղաքացիներին տալիս ենք էլեկտրոնային կաբինետներ, եւ դրանով ցանկացած քաղաքացի միանգամից տեսնելու է՝ եթե ինքը ինչ-որ առնչություն ունի ցանկացած գործի հետ,  կարողանալու է դատավարական գործողություններ կատարել կամ դիմելու է փաստաբանի, որպեսզի նա կատարի» (խոսքը Քաղաքացիական դատավարության թվայնացման ծառայությունների ծրագրի մասին է, որը նախատեսված է ՀՀ դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թթ ռազմավարությամբ): Դիտարկմանը, որ հարցը կոնկրետ Հակակոռուպցիոն դատարանի մասին է, արդյո՞ք դրա վարույթում եղած գործերը Datalex-ում հասանելի դարձնելու խնդիր իրենց առաջ դրված է, Մանուկյանը պատասխանեց․ «Գլոբալ այդ խնդիրը, իհարկե, դրված է, կոնկրետ աշխատանքներ տարվում են, բայց քանի որ քաղդատավարության մասում ժամկետ է սահմանված, եւ առաջնահերթությունը շատ բարձր է դրված, դրա համար․․․ Դա էլ է կատարվում, բայց հիմնական ամբողջ աշխատանքը շեղվել է, գնացել է էս ուղղությամբ, մոտավորապես մեկ տարի է՝ աշխատանքները կատարվում են, կարելի է ասել՝ ավարտական փուլում են, ամբողջ համակարգը կառուցվել է, եւ մեկնարկման ընթացքի մեջ ենք, հենց մեկնարկեցինք, ամբողջ ուժերը դնելու ենք Ձեր ասած ուղղության մեջ»։ Դիտարկմանը, որ ուժերը նոր չպիտի դրվեն, քանի որ Հակակոռուպցիոն դատարանը մեկ տարի է՝ արդեն գործում է, եւ պետք է հասկանալ, թե ինչու է ձգձգվում, Մանուկյանն արձագանքեց՝ ասելով, որ դա գալիս է Արդարադատության նախարարությունից․ «Հարցը հետեւյան է․ մենք մասնավոր ընկերություն ենք, ունենք պայմանագիր, ըստ պայմանագրի՝ պիտի հանձնենք քաղդատավարության համակարգը, բայց նախարարությունը պերեստռախովկա է անում,  ստուգումներ է անում, որպեսզի համոզված լինի, որ ծրագիրը իդեալական է, մեծ ուժեր են դրել, ստուգում են, ստուգում են, այսինքն՝  մենք զբաղված ենք այդ քաղդատավարության ծրագրի ստուգելով, իրենք ստուգում են, մենք ստուգում ենք»։ Հետաքրքրվեցինք նաեւ, թե այդ դեպքում Հակակոռուպցիոն դատարանի մասով վերջնաժամկետ չունեն արդյոք։ Այս հարցը ծագում է՝ պայմանավորված նաեւ նրանով, որ վերոհիշյալ պայմանագրերում սահմանված է, որ դրանք ուժի մեջ են մտնում ստորագրման պահից եւ գործում են մինչեւ կողմերի ստանձնած պարտավորությունների ողջ ծավալով կատարումը, ինչը, իհարկե, անորոշ ձեւակերպում է։ «Անընդհատ այդ հարցը բարձրացվում է, բայց նախարարության կողմից էդպեսի ժամկետ չունենք սահմանված։ Դեպարտամենտը իր կողմից իր աշխատանքները կատարում է, բայց էս մասով հիմնականում նախարարության հետ է մեր շփումը, էդ համակարգերը որ կառուցվում են, որը որից հետո կառուցվի, ոնց կառուցվի, էդ ամեն ինչը նախարարությունն է անում»։ Նկատենք, սակայն, որ վերոհիշյալ պայմանագրերի կողմերը «Մեյսիս Ինֆորմեյշըն Սիսթեմս» ընկերությունն ու Դատական դեպարտամենտն են, եւ դրանցով, ինչպես վերը նշեցինք, հստակ սահմանված է, որ անհրաժեշտ է ապահովել «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի բազայից տվյալների պարբերաբար, անխափան եւ ավտոմատ փոխանցումը Datalex համակարգի սերվեր։ «Մեզ խանգարողն այն է եղել, որ ստուգումներն այնքան շատ են, որ․․․ Ստուգում-ստուգում-ստուգում, առավոտից իրիկուն զբաղված ենք ստուգելով, իսկ էդ մյուս մասով հստակ խնդիր չկա դրված, Դեպարտամենտը, հասկանալով, որ մենք հիմա ստուգումների մեջ ենք․․․ Դրանք էլ վտանագավոր են, էդ քաղդատավարության պայմանագիրը, որ կնքել ենք, կարող է բռնեն, ընդհատեն, մենք մեր աշխատանքը կատարում ենք, իրենք էլ ստուգում են»։ Ի պատասխան հարցին՝ իրենց գնահատմամբ օրինաչա՞փ են այդ ստուգումները, ասաց, որ չափից շատ են։ Հարցին՝ դրա մասին իրենց մտահոգությունները բարձրաձայնում են Նախարարության մոտ, ասաց․ «Դե, իհարկե, բայց դե, Նախարարությունն է, ամեն ինչ մանրակրկիտ, մինչեւ վերջին տառը ստուգում է, մի տեղ որ շահում ես, մի տեղ կորցնում ես, չէ՞։ Մյուս հարցին՝ արդյո՞ք Դեպարտամենտը դժգոհություն չի հայտնում, որ իրենց ողջ ռեսուրսներն այդ ուղղությամբ են գնում, ասաց․ «Դե, ի՞նչ անի Դատական դեպարտամենտը»։ Թե երբ նոր համակարգը կհանձնվի շահագործման, եւ երբ կանցնեն Հակակոռուպցիոն դատարանի աշխատանքներին, Մանուկյանը դժվարացավ հստակ ասել, նշեց՝ շահագործման հանձնելը միայն իրենցից չէ կախված, այլ փոխկապակցված մյուս կողմերից եւս։ Հարցազրույցի վերջում նա խնդրեց նախքան նյութի հրապարակումը այն ուղարկել իրեն, իսկ երբ մերժեցինք՝ նշելով, որ նախապես նման պայմանավորվածություն չենք ունեցել եւ նման պրակտիկա էլ չունենք, ասաց՝ համարենք, որ այդ դեպքում ոչինչ էլ մեզ չի ասել։ Նշենք, սակայն, որ ողջամիտ չէ զրույցի ինչ–որ պահից պայմաններ առաջ քաշել եւ ետ վերցնել խոսքերը, հատկապես, երբ լրագրողը նախապես տեղեկացրել է պատրաստվող նյութի թեմայի մասին՝ ստանալով ձայնագրման համաձայնություն։ Լրագրողի խոսքով՝ Datalex-ում տեղեկությունների բացակայությունը խոչընդոտում է իր աշխատանքը Hetq.am լրատվական կայքի լրագրող Գրիշա Բալասանյանը մեր զրույցում փաստեց՝ ոլորտով զբաղվող լրագրողները օրվա ընթացքում առնվազն մի քանի անգամ օգտվում են Datalex-ից, եւ Հակակոռուպցիոն դատարանի գործերի բացակայությունը լուրջ դժվարություններ է առաջ բերում․ «Ինչքան էլ ԲԴԽ կայքում հրապարակվում են տեղեկություններ, օրինակ՝ նիստերի վերաբերյալ կամ վերջնական դատական ակտեր, դրանք շատ քիչ ու սահմանափակ են լրագրողի համար տվյալ գործի հետ կապված ինֆորմացիա ստանալու առումով, քանի որ չեն ապահովում հրապարակայնություն՝ բովանդակային առումով։ Ինչո՞ւ, որովհետեւ կան գործեր, որ անվերջ ձգվում են կամ անհարկի ձգձգվում, եւ մենք չունենք տեղեկություն, թե քանի անգամ է նիստ նշանակվել, ինչ պատճառով է հետաձգվել, մինչդեռ Datalex-ում այլ գործերով որոշակի տեղեկություն հրապարակվում է, օրինակ՝ դատավորի արձակուրդի մեջ գտնվելու պատճառով, կողմի միջնորդությամբ եւ այլն, եւ հետեւաբար, եթե լրագրողը ուզում է խորքային նյութ պատրաստել կոնկրետ թեմայով, զրկված է լինում այդ տեղեկություններից»։  Մյուս խնդիրը, ըստ լրագրողի, այն է, որ ԲԴԽ կայքում ժամանակացույցը հրապարակվում է շաբաթական մեկ անգամ եւ ինտերակտիվ չէ․ «Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ նախապես չեմ իմացել, որ նիստը լինելու է երկուշաբթի (ԲԴԽ կայքում ժամանակացույցը, որպես կանոն, հրապարակվում է հենց երկուշաբթի օրերին,-հեղ․), ու չեմ կարողացել գնալ, որովհետեւ նախապես չեմ կարողացել գործերս այնպես դասավորել, որ գնամ, մինչդեռ եթե Datalex-ում լիներ, կտեսնեի, որ օրինակ, մեկ շաբաթ հետո նիստ է լինելու, ու այնպես կդասավորեի գործերս, որ գնայի։ Բացի այդ, ժամանակացույցը ինտերակտիվ չէ, որ կարողանաս դրանից ինչ-որ բան հասկանալ, հենց զուտ այն, որ շաբաթվա կտրվածքով մի անգամ հրապարակվում է ու վերջ, ընթացքում ինչ-որ բան լինում է-չի լինում, փոխվում է-չի փոխվում, հասանելի չի դառնում, մինչդեռ Datalex-ում այդ տեղեկությունները թարմացվում են եւ հնարավոր է տեսնել»։ Հրապարակման ենթակա տեղեկությունների բացակայությունը ծրագրային եւ տեխնիկական պատճառներով պայմանավորելը, ըստ լրագրողի, ընդունելի չէ․ «Հակակոռուպցիոն դատարանը մեկ օրում չի ստեղծվել, նախագիծ է շրջանառվել, քննարկվել, այսինքն՝ որոշակի ժամանակ է անցել, մինչեւ դա դարձել է օրենք, եւ ստեղծվել են դատարանները, հետեւաբար դա ողջամտորեն կարող է հիմք ստեղծել մեզ մոտ՝ մտածելու, որ այդ աշխատանքները կարող էին մեկնարկել ավելի վաղ»։ Ընդ որում, հարկ է նշել նաեւ, որ դատարանն էլ է իր գործունեությունը ուշ սկսել․ նախատեսված 2021 թ․-ի փոխարեն՝ 2022 թ․ օգոստոսին․ «Բացի այդ, տեխնիկայի դարաշրջան է, մարդիկ այդ ամիսների ընթացքում քաղաքներ են սարքում, մինչդեռ մեզ մոտ մեկ տարի է՝ չեն կարողանում Datalex-ի հարց լուծել, դա, անկեղծ ասած, դպրոցական մակարդակի պատճառաբանություն է, այն, որ երեխան ուշանում է դասից, հազար պատճառաբանություն է բերում, նույն ոճով պարզաբանում են, թե դեռ ընթացքի մեջ է, լավ, ընթացքը վերջ չունի՞, դա էլ է պայմանագրային հարաբերություն, ընկերության հետ ունես պայմանագրային հարաբերություններ, վերջը ե՞րբ է»,- ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ պարզապես չկա խնդիրը արագ լուծելու ցանկություն․ «Խնդիը անլուծելի չէ, տեխնիկական հարց է, եւ նոր համակարգ չպետք է սարքել, Datalex-ը գոյություն ունի, բազային տվյալները կան, դետալային բաներ պիտի ավելացվեն, որ եւս մեկ դատարան կարողանա իր վարույթում եղած գործերով տեղեկությունները հրապարակել, պարզապես չեն ցանկանում հրապարակայնությունն ամբողջ ծավալով ապահովել, միայն դա է առաջինն իմ մտքում, թե իրականում ինչ ցանկություններվ են առաջնորդվում, չեմ կարող ասել։ Ինչո՞ւ եմ շեշտը դնում հրապարակայնության վրա․ որովհետեւ ոչ միայն տեղեկությունների հրապարակումն է խնդրահարույց, այլեւ նույն դատարանի դատավորները, այսինքն՝ կարծես այդ դատարանը ստեղծվել է հենց նրա համար, որ բոլոր հնարավոր տարբերակներով ինֆորմացիայի հոսքը հնարավորինս կանխվի»,- նշեց Բալասանյանը՝ մանրամասնելով, որ Հակակոռուպցիոն դատարանում լրագրողները պարբերաբար խոչընդոտների են բախվում, երբ դատավորները կողմերից մեկի առարկության դեպքում ամբողջությամբ են արգելում տեսա կամ լուսանկարահանումը, այլ ոչ թե առարկող կողմի մասով, ինչպես այլ դատարաններում է սովորաբար արվում, կամ երբ նիստի մեկնարկից րոպեներ անց ներկայանալու դեպքում ուշացման պատճառաբանությամբ թույլ չեն տալիս լրագրողին նիստի տեսա եւ լուսանկարահանման խնդրանքով դիմել (ըստ օրենքի՝ դրա համար լրագրողը պետք է ստանա դատարանի թույլտվությունը,-հեղ․)․ «Այսինքն՝ սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ խնդիրը ոչ թե տեխնիկական լուծումներն են կամ դրա դժվարությունները, այլ ցանկության բացակայությունը, որ տեղեկությունը հնարավորինս քիչ հրապարակվի»։ Այսպիսով, Հակակոռուպցիոն դատարանի գործունեության մեկնարկից մեկ տարի անց շարունակվում է խախտվել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը, քանի որ չեն հրապարակայնացվում դատարանի վարույթում եղած գործերի վերաբերյալ հրապարակման ենթակա բոլոր տեղեկությունները, ինչը նաեւ գործնական խոչընդոտներ է ստեղծում ոլորտով զբաղվող կամ հետաքրքրվող քաղաքացիների համար, իսկ պատասխանատու կողմերն էլ կամ չեն պարզաբանում հապաղման պատճառները՝ հերթական անգամ նշելով, որ ծրագրային աշխատանքներն ընթացքի մեջ են, կամ դա պայմանավորում են աշխատանքային այլ ծանրաբեռնվածությամբ։   Միլենա Խաչիկյան
17:16 - 31 օգոստոսի, 2023