Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ) Արցախի Հանրապետության գործող նախագահն է։  Խոշոր գործարար է, պետական-քաղաքական գործիչ Արցախի Հանրապետությունում, Արցախի նախկին պետական նախարարն է, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահը, տեխնիկական գիտությունների թեկնածու։

1990թ․ ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը։ 1994թ․ տեղափոխվել եւ 1995թ․ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996թ․ ընդունվել եւ 1998թ․ ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2013-ին պաշտպանել է ատենախոսությունը եւ դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
 


1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։ 1997-1999 թվականներին աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
2005- 2007 թթ․ եղել է Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա նախագահը:
2007- 2009թթ -Պատգամավորական գործունեությունը դադարեցրել եւ կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
 
Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։ 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։ ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։ 2017թ-ին որպես վարչապետ եւ իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման:

Նախագահի 2017թ․ սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար: 2018թ․ հունիսի 6-ին ազատվել է ԱՀ պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու:

 2020 թվականից Արցախի Հանրապետության նախագահն է։
Բացառվում են Արցախի իշխանությունների կողմից միակողմանի զիջումներ կամ անհամարժեք փոխզիջումներ․ Արայիկ Հարությունյան

Բացառվում են Արցախի իշխանությունների կողմից միակողմանի զիջումներ կամ անհամարժեք փոխզիջումներ․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել ադրբեջանա-արցախյան հիմնախնդրի շուրջ վերջին օրերին տեղի ունեցող քննարկումների վերաբերյալ։ Ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Խորապես հասկանալով մեր հասարակության անհանգստությունները՝ պայմանավորված ադրբեջանա-արցախյան հիմնախնդրի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների մասնակցությամբ պարբերաբար տեղի ունեցող քննարկումներով՝ մեկ անգամ ևս ցանկանում եմ վերահաստատել այդ հարցում մեր սկզբունքային դիրքորոշումը, որ առանց պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք ու լիիրավ ընդգրկվածության, որևէ արդյունավետ հանգրվանի հնարավոր չէ հասնել: Մենք շահագրգռված ենք հիմնախնդրի խաղաղ ու վերջնական կարգավորմամբ և գերազանցապես գիտակցում ենք, որ այն իր վճռական ազդեցությունն է ունենալու տարածաշրջանում կայուն եւ երկարատև խաղաղություն հաստատելու վրա, սակայն ակնկալում ենք նույն գիտակցումը ու պատասխանատվությունը նաև Ադրբեջանի կողմից: Իհարկե, մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության իշխանությունների բացառիկ դերակատարումն այս հարցում, բայց պետք է ընդունել, որ բանակցային սեղանին ներկայացված ցանկացած առաջարկի կամ փաստաթղթի շուրջ Արցախի ժողովրդի անունից բանակցելու համար առաջնային մանդատը ստացել են Արցախի Հանրապետության իշխանությունները: Կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման գործում և ուշադիր հետևելով ապրիլի 20-ին և 21-ին համանախագահների և արտգործնախարարների հետ առանձին, ապա՝ բոլոր կողմերի մասնակցությամբ տեղի ունեցած տեսակոնֆերանսներին՝ ցավոք, հերթական անգամ արձանագրում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են խուսափել հակամարտության իրական կողմի հետ ուղիղ բանակցությունների վարումից: Դա, առաջնագծում պարբերաբար կրկնվող սադրանքների և հայատյաց քաղաքականության հետ համատեղ, մեծապես նվազեցնում է պաշտոնական Բաքվի ցուցադրած ձգտումների ազնվության ու վստահելիության մակարդակը: Որպես Արցախի Հանրապետության ընտրված նախագահ՝ ես հայտարարում եմ՝ 1. Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է լիիրավ ու լիարժեք հիմունքներով մասնակցեն հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորմանն ուղղված գործընթացի բոլոր փուլերին. 2. Արցախի ժողովրդի անվտանգությունը որևէ պարագայում չի կարող վտանգի տակ դրվել կամ սակարկության ենթարկվել. 3. Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթ ճանաչման հակամարտության կարգավորման որևէ տարբերակ չի կարող կողմերի միջև բովանդակային քննարկման առարկա դառնալ. 4. Պետք է հստակ երաշխիքներով բացառվեն հակամարտության կարգավորման գործընթացում ուժի ու դրա սպառնալիքի կիրառման փորձերը, քանի որ հայ և ադրբեջանցի ժողովուրդներն արժանի են խաղաղության մեջ ապրելու. այլապես Արցախի Հանրապետությունը պատրաստ է անհամաչափ հակահարված տալու նախահարձակ Ադրբեջանին՝ ռազմական գործողությունները նաև տեղափոխելով նրա տարածք. 5. Հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակում բացառվում են Արցախի իշխանությունների կողմից միակողմանի զիջումներ կամ անհամաչափ ու անհամարժեք փոխզիջումներ. 6. Հակամարտության կարգավորման և դրա հարակից գործընթացներում հայ փախստականներն ու ներքին տեղահանված անձինք պետք է իրավահավասար ներգրավվածություն ունենան ադրբեջանցի փախստականների ու ներքին տեղահանված անձանց հետ միասին, իսկ նրանց հիմնախնդիրները՝ միանման ու միաժամանակյա լուծումներ ստանան. 7. Միջազգային հանրությունը (առաջնահերթորեն՝ ԵԱՀԿ-ն և համանախագահ երկրները) պետք է բացառեն Արցախի բնակիչների իրավունքների՝ հակամարտությամբ ու ԱՀ միջազգային կարգավիճակով պայմանավորված խախտումներն ու սահմանափակումները, ներառյալ՝ մարդու իրավունքներին առնչվող ու մարդասիրական միջազգային ծրագրերից փաստացի մեկուսացումը, որոնք Ադրբեջանը փորձում է կիրառել առնվազն որպես ճնշման միջոց՝ ի հեճուկս միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների: Արցախի իշխանություններն ինչպես նախկինում, այնպես էլ ապագայում պատրաստակամ են գործադրելու առավելագույն ջանքեր փոխադարձ հարգանքի մթնոլորտում կողմերի միջև վստահության ամրապնդման և հակամարտության խաղաղ ու վերջնական կարգավորման հարցում անհրաժեշտ կամք դրսևորելու և առաջընթաց արձանագրելու համար»:
12:02 - 22 ապրիլի, 2020
Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Ազատ հայրենիք - ՔՄԴ» դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Ազատ հայրենիք - ՔՄԴ» դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններից առաջ այսօր հանդիպել եմ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ: Կարեւորելով նրանց դերը համապետական ընտրություններում մեր գրանցած հաջողության գործում՝ իմ շնորհակալությունն եմ հայտնել համատեղ կազմակերպված աշխատանքի համար եւ նրանց հետ քննարկել մեր ընդհանուր օրակարգի այն դրույթները, որոնց շուրջ առաջիկա շրջանում համագործակցության նպատակով քաղաքական ուժերի հետ կծավալվեն մեր խորհրդատվությունները: Համաձայանեցման արդյունքում ձեւավորված օրակարգը ներկայացնում եմ ձեր դատին. Արցախյան հիմնախնդիր, արտաքին քաղաքականություն Արցախի անվտանգություն եւ պաշտպանություն Մայր Հայրենիքի հետ ավելի սերտ եւ փոխհամաձայնեցված քաղաքականության իրականացում բոլոր ոլորտներում Սփյուռքի հետ նոր որակի հարաբերությունների կառուցում Արցախի սոցիալ-տնտեսական զարգացում Արցախի ներքին կայունություն եւ միասնություն Ուրախ եմ, որ գաղափարակից ընկերներիս կողմից առաջին հերթին գնահատվել է երկրի շահը՝ արդյունքում ինձ տրամադրելով լայն լիազորությունների մանդատ՝ շարունակելու մեր հետագա քննարկումները»:
16:12 - 21 ապրիլի, 2020
Արայիկ Հարությունյանը հայտարարել է Արցախում քաղաքական խորհրդատվությունների շարք սկսելու մասին

Արայիկ Հարությունյանը հայտարարել է Արցախում քաղաքական խորհրդատվությունների շարք սկսելու մասին

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ սկսում է երկրում քաղաքական խորհրդատվությունների շարքը։ Այս մասին Հարությունյանը հայտնել է Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության նիստի ընթացքում։ «Այսօր հրավիրել եմ ԱԺ «Հայրենիք» խմբակցության նիստ, որի ընթացքում ամփոփել ենք մեր երկրում անցկացված խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքները, նոր տիպի կորոնավիրուսի ստեղծած իրավիճակը և նախանշել մեր անելիքները: Թիմակիցներիս տեղեկացրել եմ նաև, որ արդեն վաղվանից կսկսեմ քաղաքական խորհրդատվությունների շարքը, և այս փուլում շատ կարևոր էր նրանց աջակցությունն ու համաձայնությունը ստանալը»,- նշել է Հարությունյանը։ Արցախի նորընտիր նախագահը հավաստիացրել է, որ անելու են առավելագույնը, որ կարողանան ճիշտ իրացնել ժողովրդի տված վստահության մեծ կապիտալը, որը պետք է ծառայի միայն ի շահ և ի բարօրություն Արցախի յուրաքանչյուր քաղաքացու:
21:45 - 20 ապրիլի, 2020
Արցախում պետական մեծ աջակցություն է սպասվում կաթիլային համակարգի տեղադրման գործում․ այդ ծրագրի շահառուները մեր ավելի քան 300 հայրենակիցներն են․ Արայիկ Հարությունյան

Արցախում պետական մեծ աջակցություն է սպասվում կաթիլային համակարգի տեղադրման գործում․ այդ ծրագրի շահառուները մեր ավելի քան 300 հայրենակիցներն են․ Արայիկ Հարությունյան

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման մեջ անդրադառձել է նախընտրական ծրագրի հիմնադրույթներից համարվող այգեգործության զարգացմանը: Գրառումը ներկայացնում ենք ստորև․«Հարգելի ՛ հայրենակիցներԱյսօր կանդրադառնամ մեր նախընտրական ծրագրի հիմնադրույթներից համարվող այգեգործության զարգացմանը և մասնավորապես կխոսեմ մի քանի կարևոր վիճակագրական թվերի, սպասվելիք անելիքների մասին:Ինչպես գիտեք, մենք հայտարարել ենք 10 հազար հեկտար նոր այգիներ (նուռ, կիվի, ընկույզ, տանձ, արքայանարինջ և այլն) տնկելու և գյուղատնտեսության այդ ճյուղը, որը համարում եմ մեր տնտեսության ունեցած ներուժի ծանրակշիռ և դեռևս ամբողջությամբ չիրացված ոլորտը, որակական նոր մակարդակի հասցնելու մասին:Որպես համեմատություն՝ նշեմ, որ Արցախում ներկայումս այգիների ամբողջ քանակն ավելի քիչ է՝ 6.800 հա (դրանից 1700 հա-ը՝ խաղող, 2150 հա-ը՝ նուռ), որի զգալի մասը տնկվել է 2008-2019թթ.-ին: Եթե, օրինակ, 2007թ.-ին հանրապետության ողջ տարածքում տնկվել է ընդամենը 50 հա այգի, միայն 2019թ.-ին այն կազմել է 1210 հա, որից 790 հա-ը՝ նուռ:Տունկը հիմնականում իրականացվել է այն տարածքներում, որոնք պետական եւ բարեգործական աջակցությամբ դարձել են ոռոգովի: Տնկիների մեծ մասն անվճար հիմունքներով տրամադրել է պետությունը. պետական մեծ աջակցություն է սպասվում այդ տնտեսություններին նաև կաթիլային համակարգի տեղադրման գործում: Իսկ որպեսզի զերծ մնանք շահարկման հերթական առիթից, տեղեկացնեմ, որ այդ ծրագրի շահառուները մեր ավելի քան 300 հայրենակիցներն են:Այս քաղաքականությունը, ինչպես արդեն նախանշել ենք, ոչ միայն շարունակական է լինելու, այլև տրամադրվող պետական հատկացումների հաշվին մեծացվելու են ծավալները, ոռոգովի տարածքները և, ամենակարևորը, հանրային հաշվետվողականությունն ու ծրագրից օգտվելու պայմանների թափանցիկությունը: Ովքեր դեռ չեն հավատում, պետք է հիասթափեցնեմ՝ հայտարարելով, որ անաչառ կառավարումն ու հավասար հնարավորությունները ստեղծվելու են բոլորի համար: Իսկ փոխարենը լինելու ենք խիստ, պահանջկոտ ու հետևողական:Ես հավատում եմ Արցախի ծաղկուն ապագային. մենք այն տեսանելի կդարձնենք միասին»:
20:43 - 20 ապրիլի, 2020
Գագիկ Ծառուկյանն ու Արայիկ Հարությունյանն ունեցել են զրույց, եւ ԲՀԿ նախագահը շնորհավորել է նորըտնիր նախագահին․ Նաիրա Զոհրաբյան |armtimes.com|

Գագիկ Ծառուկյանն ու Արայիկ Հարությունյանն ունեցել են զրույց, եւ ԲՀԿ նախագահը շնորհավորել է նորըտնիր նախագահին․ Նաիրա Զոհրաբյան |armtimes.com|

armtimes.com: Այսօր ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողը «Բարգավաճ Հայաստան» խմբացկության պատգամավորներից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ կուսակցությունը որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահի մասին։ Խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ մամուլում նույնպես հանդիպել է այդպիսի գնահատականների եւ շեշտեց, որ դավադրությունների տեսության կողմնակից չէ։ «Իսկ դուք ի՞նչ գիտեք կամ որտեղի՞ց գիտեք, որ պարոն Ծառուկյանը չի շնորհավորել Արայիկ Հարությունյանին։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների ավարտից հետո Գագիկ Ծառուկյանն ու Արայիկ Հարությունյանն ունեցել են զրույց, եւ ԲՀԿ նախագահը շնորհավորել է նորըտնիր նախագահին»,- ասաց պատգամավորը։ Նա հավելեց նաեւ, որ Գագիկ Ծառուկյանն ու «Բարգավաճ Հայաստան»-ն ունեցել են իրենց սերտ հարաբերություններն Արցախի Հանրապետության հետ, իրականացրել են բազմաթիվ ծրագեր։ «Մենք՝ որպես պատգամավորներ, միջազգային կառույցներում աշխատելու մեր օրակարգում մշտապես առաջնահերթություն տվել ենք Արցախի խնդրին, եւ այդպես էլ շարունակվելու է»,- եզրափակեց Զոհրաբյանը։
13:11 - 20 ապրիլի, 2020
ԱՄՆ չորս կոնգրեսականներ շնորհավորական ուղերձ են հղել Արայիկ Հարությունյանին |armenpress.am|

ԱՄՆ չորս կոնգրեսականներ շնորհավորական ուղերձ են հղել Արայիկ Հարությունյանին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Ադամ Շիֆը, Ջեքի Սփայերը և Գուս Բիլիրակիսը շնորհավորական ուղերձ են հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին: ԱՄՆ կոնգրեսականների ուղերձում ասված է. «Հարգելի՛ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյան Որպես ԱՄՆ Կոնգրեսի  և  Կոնգրեսի Հայկական հարցերով  հանձնախմբի անդամներ՝ մենք շնորհավորում ենք մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած պատմական ընտրությունների և դրան հաջորդած նախագահական ընտրության երկրորդ փուլի կապակցությամբ: Մենք  սրտանց ուրախ ենք տեսնել, որ Արցախի ժողովուրդը և իշխանություններն այս դժվարին ժամանակաշրջանում  հավատարիմ են մնում խաղաղ ժողովրդավարությանը: Արցախը հավատարիմ մնաց ժողովրդավարական կառավարման այնպիսի համակարգին, որն արտացոլում է իր քաղաքացիների կամքը՝ չնայած թշնամական տրամադրություններ ունեցող հարևանի շարունակական սպառնալիքներին ու զինադադարի խախտումներին: Մենք հասկանում ենք նաև, որ COVID-19-ի ճգնաժամի հետևանքով առաջացել էին  որոշակի բարդություններ, սակայն ստեղծված հարաբերական հարմարությունները, որոնք թույլ տվեցին ընտրողներին քվեարկել առանց խոչընդոտների, ակնհայտորեն ներկայացնում են հանրապետությունում ժողովրդավարական գործընթացների զորությունը: Որպես Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ՝ մենք հավատարիմ ենք մնում Արցախի ժողովրդավարական անկախությունն առաջ մղելու և ամրապնդելու գործընթացին: Մենք կշարունակենք աջակցել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիիրավ իրացմանը, որը կնպաստի  նաև տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը: Վստահեցնում ենք, որ կշարունակենք ուղիներ որոնել ամրապնդելու Միացյալ Նահանգների և Արցախի միջև կապերը, որը ներառում է նաև նրա անկախության պաշտոնական ճանաչումը: Եվս մեկ անգամ ընդունեք մեր շնորհավորանքներն ընտրությունների կապակցությամբ, որոնք եղել են հանգիստ, խաղաղ, զերծ կոռուպցիայից կամ ընտրողների ահաբեկումից: Մենք ակնկալում ենք շարունակել մեր հետագա արդյունավետ և կայուն  համագործակցությունը Ձեր իշխանության հետ: Հարգանքներով՝ ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ֆրանկ Փալոն ԱՄՆ Կոնգրեսի անդամ  Գուս Բիլիրակիս ԱՄՆ Կոնգրեսի անդամ  Ջեքի Սփիր ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆ»:
17:56 - 18 ապրիլի, 2020
Դավիթ Տոնոյանը և Արայիկ Հարությունյանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության մի շարք հարցեր

Դավիթ Տոնոյանը և Արայիկ Հարությունյանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության մի շարք հարցեր

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՊՆ վարչական համալիրում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ Դավիթ Տոնոյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Պաշտպանության նախարարը նշել է նաև, որ Հայաստանի զինված ուժերը, Արցախի պաշտպանության բանակի հետ համատեղ, շարունակելու են անսասան ապահովել և ամրապնդել հայ ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ զարգացումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն ու պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված մի շարք ընթացիկ և պլանավորված ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
13:16 - 18 ապրիլի, 2020
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին ԱՀ նախագահ ընտրվելու առթիվ

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին ԱՀ նախագահ ընտրվելու առթիվ

Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Արայիկ Հարությունյանին՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնին ընտրվելու առիթով: Այս մասին տեղեկացրին Եվրոպայի Հայ դատի գրասենյակից։ «Իր նամակին մէջ Կարապետեան յաջողութիւն եւ նորանոր ձեռքբերումներ մաղթեց նորընտիր նախագահին, յայտնելով Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբին անվերապահ պատրաստակամութիւնը շարունակելու իր աջակցութիւնը ցուցաբերել Արցախի ժողովրդին, անոր ազատ ինքնորոշման եւ մարդկային իրաւունքներուն պահպանման աշխատանքներուն մէջ, արտաքին դաշտի վրայ եւ մանաւանդ Եւրոպական միութեան մէջ: Անդրադառնալով այս մասին Կարապետեան մեկնաբանեց ըսելով. «Համոզուած եմ որ արդիւնաւէտ համագործակցութիւնը կը շարունակուի մեր գրասենեակին ինչպէս նաեւ Եւրոպայի մէջ գործող Հայ դատի բոլոր յանձնախումբերուն եւ Արցախի Հանրապետութեան նորընտիր իշխանութիւններուն միջեւ, յանուն Արցախի հզորացման, զարգացման եւ բարեկեցութեան, անոր անկախութեան միջազգային ճանաչման եւ Արցախի ժողովուրդին աշխարհաքաղաքական մեկուսացումէն դուրս հանելու աշխատանքին ծառայելու համար: Ինչպէս Արցախեան նախկին բոլոր իշխանութիւններուն օրով, մեր գրասենեակը եւ Հայ Դատի յանձնախումբերը իրենց բոլոր մարդկային, յարաբերական եւ դիւանագիտական հնարաւորութիւնները պիտի շարունակեն դնել վերոնշեալ նպատակները իրականացնելու համար»: Հայ դատի գրասենեակը նաեւ ջերմօրէն կը շնորհաւորէ Արցախի ժողովուրդին կամքը, որ 31 Մարտին եւ 14 Ապրիլին կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններու միջոցաւ անգամ մը եւս վերահաստատեց իր որդեգրած ժողովրդավարութեան ուղին: Այս ուղին ամրապնդելու իմաստով, ինչպէս վերջին տարիներու բոլոր ընտրութիւններու ընթացքին, իր մասնակցութիւն նաեւ պիտի բերեր ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակը նախաձեռնելով 10 Եւրոպացի մասնագէտ դիտորդներէ բաղկացած՝ ընտրական դիտորդական առաքելութիւն մը: Սակայն տիրող ներկայ համաշխարային ճգնաժամին պատճառաւ ան չեղեալ նկատուեցաւ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
21:31 - 17 ապրիլի, 2020
Ղարաբաղում անցկացվել են դեմոկրատական եւ մրցակցային ընտրություններ․ Զոհրաբ Մնացականյան |news.am|

Ղարաբաղում անցկացվել են դեմոկրատական եւ մրցակցային ընտրություններ․ Զոհրաբ Մնացականյան |news.am|

news.am: Ղարաբաղում անցկացվել են դեմոկրատական եւ մրցակցային ընտրություններ։ Այս մասին ապրիլի 15-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց ՀՀ արտգործնախարար  Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով նախօրեին անցկացված նախագահական ընտրությունների մասին։ Նա նշեց, որ Ղարաբաղի ժողովուրդը իր մանդատը տվել է նորընտիր իշխանություններին՝ անվտանգության ապահովման եւ խաղաղ բանակցություններում Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ներկայացնելը շարունակելու համար։ «Այս առումով ընտրությունները ունեն կարեւոր նշանակություն՝ մարդու իրավունքների, տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղ գործընթացի կարգավորման տեսակետից։ Հայաստանի իշխանությունները Արցախի ժողովրդից նրան համաշխարհային գործընթացում ներկայացնելու մանդատ չունեն։ Հայաստանի իշխանությունները եղել եւ մնում են Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորներ եւ կշարունակեն կառուցողական մասնակցությունը խաղաղ գործընթացում, սակայն գործընթացը շոշափում է հարցեր, որոնք ունեն կենսական նշանակություն Արցախի ժողովրդի համար, եւ նա նորընտիր իշխանություններին տված իր մանդատի միջոցով ցույց է տալիս իր մոտեցումները եւ դիրքորոշումը այդ հարցում։ Հայաստանը, կրկնում եմ, իր մասով կշարունակի պատասխանատվության իր մասնաբաժինը կրել այդ գործընթացում»,- հայտարարեց նախարարը։ Խոսելով ընտրությունների վերաբերյալ միջազգային արձագանքների մասին՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նկատեց, որ առաջնային նշանակություն ունեն խաղաղ գործընթացին առնչվող մարմինների արձագանքները։ Դրանք են՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ համանախագահող երկրները՝ Ֆրանսիան, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը։ «Սրա հետ կապված՝ կարեւոր նշանակություն ունեն Արցախի ժողովրդի՝ իր ապագան որոշելու եւ հասարակական կյանքը կազմակերպելու իրավունքին առնչվող հայտարարությունները։ Ինչ վերաբերում է այլ հակամարտություններում ներգրավված երկրների արձագանքներին եւ մոտեցումներին, ապա մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանը նպաստում է մարդու իրավունքների կայացմանը՝ անկախ տարածքների կարգավիճակից»,- ընդգծեց Մնացականյանը։ Հիշեցնենք, որ Ղարաբաղում ապրիլի 14-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով հաղթել է Արայիկ Հարությունյանը։
21:38 - 15 ապրիլի, 2020
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արայիկ Հարությունյանին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արայիկ Հարությունյանին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։ Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։ Վարչապետի ուղերձում մասնավորապես ասվում է հետևյալը․ «Մեծարգո պարոն Հարությունյան, Իմ և Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության Նախագահ ընտրվելու առիթով։ Տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններում Արցախի ժողովուրդն արտահայտեց իր քաղաքական կամքը՝ իրացնելով մրցակցային ընտրությունների միջոցով պետական կառավարման մարմիններ ձևավորելու իր անքակտելի իրավունքը: Արցախի ժողովուրդը մեկ անգամ ևս հաստատեց իր հողի վրա ապրելու, ինքնակազմակերպվելու, աշխատելու և արարելու իր աննկուն կամքը: Մեկ անգամ ևս ապացուցվեց, որ Արցախն անկախ և ժողովրդավարական պետություն է՝ իր կայացած ինստիտուտներով և հասուն քաղաքացիական հասարակությամբ: Արցախի Հանրապետության մեծարգո նորընտիր Նախագահ, Դուք ստացել եք Արցախի ժողովրդի մանդատը՝ ամրապնդելու Արցախի անվտանգությունը, զարգացնելու տնտեսությունը և կառուցելու ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա հիմնված հասարակություն: Այս նպատակին հասնելու համար Դուք որդեգրել եք պետական կառավարման համակարգի, տնտեսական, քաղաքական, դատաիրավական, հանրային կյանքի այլ ոլորտներում խորը և համակարգված բարեփոխումներ իրականացնելու օրակարգ՝ և այս գործընթացում կարող եք հույս դնել Հայաստանի կառավարութան և անձամբ իմ աջակցության վրա։ Ձեզ և Արցախի հերոսական ժողովրդին մաղթում եմ հաջողություն, բազմաթիվ ձեռքբերումներ, որին համոզված եմ՝ կկարողանանք հասնել մեր լավագույն ջանքերը մեկտեղելով»։
21:36 - 15 ապրիլի, 2020
Բակո Սահակյանը Արցախի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ շնորհավորել է Արայիկ Հարությունյանին

Բակո Սահակյանը Արցախի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ շնորհավորել է Արայիկ Հարությունյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 15-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ տարած Արայիկ Հարությունյանի հետ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել հաջող ու արդյունավետ աշխատանք: Նախագահ Սահակյանը վստահություն է հայտնել, որ Արայիկ Հարությունյանի փորձը, գիտելիքներն ու մարդկային որակներն ըստ ամենայնի կծառայեն մեր երկրի հետագա զարգացմանն ու զորացմանը, անվտանգության ամրապնդմանը, ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացմանը:    
18:31 - 15 ապրիլի, 2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ նորընտիր Նախագահ Արայիկ Հարությունյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ նորընտիր Նախագահ Արայիկ Հարությունյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր Նախագահ Արայիկ Հարությունյանին․ «Մեծարգո պարոն Հարությունյան,Իմ և Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության Նախագահ ընտրվելու առիթով։Տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններում Արցախի ժողովուրդն արտահայտեց իր քաղաքական կամքը՝ իրացնելով մրցակցային ընտրությունների միջոցով պետական կառավարման մարմիններ ձևավորելու իր անքակտելի իրավունքը:Արցախի ժողովուրդը մեկ անգամ ևս հաստատեց իր հողի վրա ապրելու, ինքնակազմակերպվելու, աշխատելու և արարելու իր աննկուն կամքն ու իրավունքը: Մեկ անգամ ևս ապացուցվեց, որ Արցախն անկախ և ժողովրդավարական պետություն է՝ իր կայացած ինստիտուտներով և հասուն քաղաքացիական հասարակությամբ:Արցախի Հանրապետության մեծարգո նորընտիր Նախագահ,Դուք ստացել եք Արցախի ժողովրդի մանդատը՝ ամրապնդելու Արցախի անվտանգությունը, զարգացնելու տնտեսությունը և կառուցելու ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա հիմնված հասարակություն:Այս նպատակին հասնելու համար Դուք որդեգրել եք պետական կառավարման համակարգի, տնտեսական, քաղաքական, դատաիրավական, հանրային կյանքի այլ ոլորտներում խորը և համակարգված բարեփոխումներ իրականացնելու օրակարգ՝ և այս գործընթացում կարող եք հույս դնել Հայաստանի կառավարութան և անձամբ իմ աջակցության վրա։Ձեզ և Արցախի հերոսական ժողովրդին մաղթում եմ հաջողություն, բազմաթիվ ձեռքբերումներ, որին համոզված եմ՝ կկարողանանք հասնել մեր լավագույն ջանքերը մեկտեղելով»։
17:54 - 15 ապրիլի, 2020
Ընդունելով երկրորդ փուլի քվեարկությունից հետո ԱՀ ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվությունը՝ հաջողություն եմ մաղթում ԱՀ հաջորդ նախագահ Արայիկ Հարությունյանին․ Մասիս Մայիլյան

Ընդունելով երկրորդ փուլի քվեարկությունից հետո ԱՀ ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվությունը՝ հաջողություն եմ մաղթում ԱՀ հաջորդ նախագահ Արայիկ Հարությունյանին․ Մասիս Մայիլյան

Արցախը Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերահաստատում եմ ապրիլի 5-ին արած իմ հայտարարությունը արդեն իսկ կայացած համապետական ընտրությունների նկատմամբ մեր հանրության ունեցած ակնկալիքների և առկա իրողությունների մասին։ Մեկ անգամ ևս ի սրտե շնորհակալություն եմ հայտնում իմ քաղաքական թիմակիցներին, ինձ սատարած բոլոր քաղաքական ուժերին ու քաղաքական գործիչներին, մեր բոլոր աջակիցներին ու համակիրներին: Առանձնակի երախտագիտություն եմ հայտնում իմ նախընտրական կենտրոնական շտաբի համակարգող Գրիգորի Սահակյանին։ Առաջին փուլում իմ ստացած ավելի քան 26% քվեները լուրջ հաջողություն եմ համարում՝ հաշվի առնելով այն պայմանները, որոնցում անցկացվել են ընտրությունները, ներառյալ՝ ինձ ու իմ քաղաքական թիմին հայտարարված տեղեկատվական պատերազմը, որն, ի դեպ, շարունակվում է ցայսօր։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը զուտ տեխնիկական բնույթ ուներ և անցկացվել է այն պայմաններում, երբ արդեն ճանաչվել էր Արցախում կորոնավիրուսով հիվանդների առկայությունը և հայտարարվել էր արտակարգ իրավիճակի ռեժիմ։ Մեր քաղաքական թիմի համար երկրորդ փուլի արդյունքները չեն ունեցել և չունեն բացարձակապես ոչ մի նշանակություն, հակառակ պարագայում մենք առաջին փուլից հետո չէինք դադարեցնի նախընտրական արշավը, չէինք փակի մեր նախընտրական շտաբները և չէինք հեռացնի քարոզչանյութերը։ Երկրորդ փուլից առաջ մենք հատկացված անվճար եթերաժամանակն ընդամենը օգտագործել ենք զանգվածային կուտակումների վայրերում կորոնավիրուսի համավարակի տարածման վտանգի պատճառով քաղաքացիներին կոչ անելու համար, որպեսզի չմասնակցեն քվեարկությանը։ Երկրորդ փուլի քվեարկությանը չմասնակցելու կոչերն անարձագանք չեն մնացել։ Առաջին փուլի համեմատ մոտ 30 հազար քաղաքացիներ ապրիլի 14-ին չեն մասնակցել քվեարկությանը և մնացել են տանը՝ նվազեցնելով համավարակի տարածման վտանգը։ Այս առումով միանգամայն ուսանելի է հատկապես մայրաքաղաք Ստեփանակերտի բնակիչների արձագանքը։ Ուզում եմ հավատալ, որ այս փորձության հետևանքները կորստաբեր չեն լինի մեր հանրության համար։ Որպես Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար հաշվի առնելով անցկացված համապետական ընտրությունների արտաքին-քաղաքական կարևորությունը, ինչպես նաև ի գիտություն ընդունելով նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունից հետո ԱՀ ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվությունը, հաջողություն եմ մաղթում Արցախի Հանրապետության հաջորդ նախագահ Արայիկ Հարությունյանին։ Համավարակի տարածումը հնարավորինս կանխելու նպատակով քաղաքացիներին կոչ եմ անում հետընտրական ժամանակահատվածում իրենցից կախվածն անել պատկան մարմինների կողմից ձեռնարկվող միջոցների արդյունավետությունն ապահովելու համար։ Հաջողություն եմ մաղթում նաև Արցախի գործող և ձևավորվող իշխանություններին՝ համավարակին և դրանից ածանցյալ նոր մարտահրավերներին դիմակայելու գործում։ Մեր քաղաքացիների առողջության պահպանումը և ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների կանխումը վեր է ամեն ինչից։ Առողջ եղեք, խնայեք ու պահպանեք ձեզ հանուն գալիք լուսավոր օրերի։ Աստված մեզ պահապան»։
16:49 - 15 ապրիլի, 2020