Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Պուտինը ԼՂ հարցով պայմանագիր կնքելիս Ռուսաստանին միջնորդ է անվանել |shantnews.am|

Պուտինը ԼՂ հարցով պայմանագիր կնքելիս Ռուսաստանին միջնորդ է անվանել |shantnews.am|

shantnews.am: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանագրի կնքման ժամանակ Ռուսաստանը կատարել է միայն միջնորդի դեր և ստանձնել է կողմերի խաղաղ տարանջատման պարտավորությունները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ռուսաստանը կատարում էր միայն միջնորդի դերը, և այդ փաստաթղթով ստանձնում էր կողմերի խաղաղ տարանջատում իրականացնելու պարտականությունները։ Ինչն էլ հիմա անում ենք», – հայտարարել է Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։ Նա ընդգծել է, որ հայտարարության հեղինակներն են երեք կողմերը ՝ Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը։ «Ինչ վերաբերում է բուն տեքստին, ապա մենք դա անում էինք երեքով ՝ ես, բնականաբար, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այլ կերպ հնարավոր չէր, որովհետև, ըստ էության, դա երկու կողմերի միջև պայմանավորվածություն էր»,- հստակեցրել է ՌԴ նախագահը։
15:21 - 22 նոյեմբերի, 2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ողջունելով ՌԴ ԱԳ նախարարի և նրա հետ Հայաստան ժամանած ներկայացուցչական պատվիրակությանը՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Հայաստան եք եկել դժվար ժամանակ: Շատ դժվար, կարելի է ասել՝ ճգնաժամային ժամանակահատված է: Մեծ խնդիրներ կան տնտեսական ոլորտում, հետպատերազմյան դժվար իրավիճակ է, մեր խնդիրները նաև հոգեբանական են, ցավոք, նաև կա կորոնավիրուսը և շատ այլ հարցեր։ Ընդհանուր առմամբ, արտաքին քաղաքականության ոլորտում ևս դժվար է»։ Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ արտգործնախարարին՝ առաջին հերթին՝ այն ամենի համար, ինչ նա անում է Հայաստանի, տարածաշրջանի համար այս բոլոր տարիներին։ Հայաստանի նախագահը խնդրել է իր և մեր ժողովրդի շնորհակալությունը փոխանցել ՌԴ նախագահին՝ հատկապես այս դժվարին օրերին ցուցաբերած աջակցության համար:  «Կապ չունի, թե որտեղ են հայերը ապրում, նրանք գիտեն, որ եթե չլինեին Ձեր և Վլադիմիր Վլադիմիրովիչի ջանքերը, այսօր կշարունակեինք երիտասարդ կյանքեր կորցնել,-ասել է նախագահ Սարգսյանը։ -Պատերազմական գործողությունների առաջին օրերին գիտեինք, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության, անձամբ նախագահի բոլոր ջանքերն ուղղված էին դրանց դադարեցմանը: Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ իսկական բարեկամությունը երևում է դժվարին ժամանակներում»: Հայաստանի նախագահն ասել է, որ այսօր ունենք երկու խնդիր, որոնք պետք է ոչ միայն լուծել, այլև հետևողական լինել, որ դրանք ավելի մեծ խնդիր չդառնան։ «Առաջինը՝ համատեղ հայտարարության համաձայն՝ պատերազմական գործողությունների դադարեցումը ոչ միայն իրագործվի, այլև շարունակվի հաջորդող տարիներին,-նշել է նախագահը։ -Հայաստանի համար դա շատ կարևոր է, կենսական նշանակություն ունի։ Եվ երկրորդը, որն ինձ շատ անհանգստացնում է, կապված է մեր երկրում կայունության հետ։ Չնայած դժվարություններին, ճգնաժամային իրավիճակին, միշտ հնարավոր է գտնել լուծումներ: Մեր երեխաները, բարեկամները և ոչ բարեկամները հետևելու են, թե ինչպես է Հայաստանը դուրս գալիս այս իրավիճակից։ Եթե նա դուրս գա արժանապատվորեն, միասնական, այդ դեպքում կարող ենք ասել, որ մենք ուժեղ ազգ ենք»։ Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր խոսքում մասնավորապես նշել է․ «Բանակցությունները, որոնք այսօր ընթանում են այստեղ, թույլ են տալիս դիտարկել մեր կապերի բոլոր ոլորտները և պայմանավորվել այն հարցի շուրջ, թե ինչպես դրանք խորացնել, ինչպես ավելի արդյունավետ դարձնել նախ և առաջ մեր քաղաքացիների համար։ Երախտապարտ ենք, և նախագահ Պուտինը խնդրել է անձամբ Ձեզ փոխանցել իր շնորհակալությունն այն գնահատանքի համար, որ հայտնել եք Դուք և Հայաստանի քաղաքական գործիչների և հասարակ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը ՝ կապված նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հետ, որն ընդունվել է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից։ Ինչպես ասացիք, դա թույլ տվեց կանգնեցնել պատերազմը: Հրադադարն առաջին անգամ, այդքան պայմանավորվածություններից հետո, իսկապես գործում է, քանի որ կա կրակի դադարեցման դիտարկման մեխանիզմ. դա Ադրբեջանի ու Հայաստանի համաձայնությունն է, խաղաղապահ գործողությունների իրականացումն է՝ նրանք արդեն կատարում են իրենց գործողությունները՝ ինչպես ապահովելով ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն տրամադրելով։ Պուտինի կարգադրությամբ ստեղծվում է հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն, որն ամենաարագ կերպով օգնելու է լուծել բնակչության հումանիտար հարցերը։ Մենք այս հարցում ակտիվորեն ներգրավում ենք նաև միջազգային կազմակերպություններին՝ վաղուց աշխատում է Կարմիր խաչը, նաև ՄԱԿ-ի կազմակերպությունները»։ Հանրապետության նախագահն ու ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձել են նաև հայ-ռուսական համագործակցության օրակարգի այլ հարցերի:
16:41 - 21 նոյեմբերի, 2020
Պուտինը բարձր է գնահատել ռուս խաղաղապահների աշխատանքը Ղարաբաղում |azatutyun.am|

Պուտինը բարձր է գնահատել ռուս խաղաղապահների աշխատանքը Ղարաբաղում |azatutyun.am|

azatutyun.am: Պուտինը բարձր է գնահատել ռուս խաղաղապահների աշխատանքը Ղարաբաղում, պնդելով, թե նրանց շնորհիվ հաջողվել է կայունացնել իրավիճակը։ «Ուզում եմ նշել ռուս խաղաղապահների հստակ, սահուն աշխատանքը․ օպերատիվ կերպով իրականացված ականազերծումը թույլ տվեց լավ ու կայուն կապ ապահովել տարածաշրջանում, իսկ մեր խաղաղապահ ուժերի տեղակայումը հնարավորություն ընձեռեց կանգնեցնել արյունահեղությունն ու խուսափել նոր զոհերից։ Մեր զինվորականները արդյունավետ վերահսկում են հրադադարի ռեժիմը, որին հետևում են հակամարտության երկու կողմերն էլ։ Իրավիճակը, ընդհանուր առմամբ, կայունացել է»,- հայտարարել է Պուտինը՝ Ղարաբաղում խաղաղապահ առաքելությանը նվիրված նիստում։ Դիմելով խաղաղապահ առաքելության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին` Պուտինը նշել է, որ Աղդամից ու Լաչինից հայկական ուժերի դուրսբերումից հետո տեղում մնում են որոշ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ հայեր։ «Անհրաժեշտ է կապ հաստատել երկու կողմի, այս դեպքում՝ ադրբեջանցիների հետ, որպեսզի ազատագրվող տարածքներում իրավիճակը լինի կայուն և այնպիսի, որը պայմաններ կստեղծի երկու ազգերի համատեղ կյանքի համար՝ առանց կենցաղային հողի վրա հնարավոր բախումների»,- ասել է Պուտինը։ Հեռավար զրույց անցկացնելով խաղաղապահ առաքելության ղեկավար Մուրադովի հետ՝ Պուտինը պնդել է՝ հակամարտությունն այլևս ավարտված է․ «Ի վերջո, տեղում քաղաքակիրթ մարդիկ են, և ես գիտեմ, որ նրանք ընդհանուր առմամբ, բարյացակամ են տրամադրված»։ «Ես ծանոթ եմ Ադրբեջանի նախագահի տրամադրվածությանը, նա հենց այդ կերպ և այդ ելակետերից է մոտենում առաջիկա աշխատանքների կազմակերպմանը»,- ասել է Պուտինը, պնդելով, թե Իլհամ Ալիևը պատրաստ է հասանելի դարձնել Ղարաբաղի կրոնական կառույցները թե հայերի, թե ադրբեջանցիների համար:
23:39 - 20 նոյեմբերի, 2020
Պուտինը ՄԱԿ-ին և ԱՀԿ-ին կոչ է արել հետևել Ղարաբաղում Կարմիր Խաչի օրինակին |shantnews.am|

Պուտինը ՄԱԿ-ին և ԱՀԿ-ին կոչ է արել հետևել Ղարաբաղում Կարմիր Խաչի օրինակին |shantnews.am|

shantnews.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ՄԱԿ-ի միջազգային կազմակերպություններին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և համաշխարհային պարենային ծրագրին հետևել Ղարաբաղում Կարմիր Խաչի աշխատանքի օրինակին: «Հատուկ նշանակություն է ձեռք բերում զորահավաքի և միջազգային օգնության խնդիրը։ Նման աշխատանքի համար հիմք է ստեղծվել մեր խաղաղապահների շնորհիվ։ Գիտեմ, որ շատ երկրներում մարդիկ մտահոգված են Լեռնային Ղարաբաղի իրավիճակով, կարեկցում են այն մարդկանց, ովքեր այնտեղ հայտնվել են շատ բարդ իրավիճակում։ Բայց հիմա հումանիտար կազմակերպությունների աշխատակիցների համար ապահով պայմաններ են ստեղծված։ Իսկ այդ ուղղությամբ համատեղ ջանքերի դաշտն ամենալայնն է»,- ասել է Պուտինը Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության խորհրդակցության ժամանակ։ Նրա խոսքերով ՝ առաջատար դերը պատկանում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, որի նախագահը հաստատել է կազմակերպության պատրաստակամությունը ՝ ավելացնել ակտիվությունը թե՛ Երևանում, թե՛ Բաքվում: «Կարևոր եմ համարում, որ այդ օրինակին հետևեն միջազգային այլ կառույցների ներկայացուցիչներ, ինչպիսիք են ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն հանձնակատարի վարչությունը, ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը և ՄԱԿ-ի ականազերծման ծառայությունը», – հայտարարել է ՌԴ նախագահը:
23:23 - 20 նոյեմբերի, 2020
Եռակողմ պայմանավորվածության կատարումը արգելակողները պետք է հասկանան, որ այդ փաստաթղթի այլընտրանքը պատերազմն է․ Պուտին |shantnews.am|

Եռակողմ պայմանավորվածության կատարումը արգելակողները պետք է հասկանան, որ այդ փաստաթղթի այլընտրանքը պատերազմն է․ Պուտին |shantnews.am|

shantnews.am: Ղարաբաղի հարցով Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև եռակողմ պայմանավորվածության կատարումը արգելակողները պետք է հասկանան, որ այդ փաստաթղթի այլընտրանքը պատերազմն է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ինձ համար անսպասելիորեն հիմա հնչեց այն, ինչ դուք հիմա ասացիք ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարության կատարումն արգելակելու միտումի մասին։ Մարդիկ, ովքեր փորձում են դա անել, պետք է հասկանան, որ դրա այլընտրանքը կարող է լինել միայն մեկ բան ՝ պատերազմը»,- ասել է ՌԴ նախագահը Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության մասին խորհրդակցության ժամանակ։ «Եվ եթե, Աստված մի արասցե, դա տեղի ունենա, ապա տուժածների արյունը կլինի նրանց ձեռքերին․ նրանց, ովքեր փորձում են տապալել այդ պայմանավորվածությունը։ Այդ բոլորը պետք է հասկանան ու իրենց հաշիվ տան դրանում», – հավելել է Պուտինը։
22:49 - 20 նոյեմբերի, 2020
Պուտինը կարևորել է Լեռնային Ղարաբաղում հուշարձանների և սրբավայրերի պաշտպանության հարցը |armenpress.am|

Պուտինը կարևորել է Լեռնային Ղարաբաղում հուշարձանների և սրբավայրերի պաշտպանության հարցը |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղում  հուշարձանների և սրբավայրերի պաշտպանության հարցը շատ կարեւոր է, և այստեղ շատ պահանջված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավվումը:  Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ: «Հատուկ կցանկանայի խոսել պատմական հուշարձանների եւ կրոնական սրբավայրերի, ընդ որում՝ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական հուշարձանների պաշտպանության մասին: Այս հարցը ունի կարեւոր մարդկային բարոյական չափանիշ: Կարծում եմ, որ այստեղ շատ պահանջված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավվումը: Հուսով ենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը ևս կօգնի երեխաներին եւ դեռահասներին, որոնք հատկապես անպաշտպան են ռազմական հակամարտությունների սարսափների առջև», - ասել է Պուտինը   ՌԴ նախագահը հավելել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն հանձնարարություններ ունի այդ բոլոր ուղղություններով:  
20:41 - 20 նոյեմբերի, 2020
Ռուսաստանի համար ԼՂ հակամարտության կարգավորումը կարեւոր է ներքին անվտանգության տեսանկյունից. Պուտին |armenpress.am|

Ռուսաստանի համար ԼՂ հակամարտության կարգավորումը կարեւոր է ներքին անվտանգության տեսանկյունից. Պուտին |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կարեւորության մասին` ՌԴ ներքին անվտանգության տեսանկյունից: Այս մասին հայտնում է  «ՏԱՍՍ»-ը, նշելով, որ ՌԴ նախագահն այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ: «Մեզ համար, Ռուսաստանի համար նման տիպի հակամարտությունները եւ դրանց կարգավորումը հատուկ նշանակություն են ներկայացնում, մեզ համար դրանք դատարկ խոսքեր չեն ՝ նկատի ունենալով, որ Ռուսաստանում ապրում են միլիոնավոր հայեր եւ ադրբեջանցիներ», - ասել է Պուտինը:   ՌԴ նախագահը նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանը Ռուսաստանի հետ ունեն դարավոր կապեր: «Դա մեզ համար նաև ներքաղաքական չափանիշներ ունի, և շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում ներքին անվտանգության ապահովման տեսանկյունից, քաղաքականության տեսանկյունից», - եզրափակել է Պուտինը:
20:17 - 20 նոյեմբերի, 2020
Գարեգին Երկրորդը շնորհակալություն է հայտնել Պուտինին Ղարաբաղում հայկական ժառանգության պահպանման համար

 |armenpress.am|

Գարեգին Երկրորդը շնորհակալություն է հայտնել Պուտինին Ղարաբաղում հայկական ժառանգության պահպանման համար |armenpress.am|

armenpress.am: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ուղերձ է հղել, որում երախտագիտություն է հայտնել Ղարաբաղում հայկական ժառանգության պահպանության ուղղությամբ ներդրած ջանքերի համար: Այդ մասին հաստատեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանից: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Ռիա-նովոստի» գործակալությունը, Գարեգին Երկրորդը բարձր է գնահատել ՌԴ իշխանությունների, մասնավորապես, Վլադիմիր Պուտինի ջանքերը ռազմական գործողությունների դադարեցման, հրադադարի ռեժիմի հաստատման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործում: «Ցանկանում ենք խորը երախտագիտություն հայտնել անձամբ Ձեզ Ադրբեջանին հանձնվող տարածքներում հայ ժողովրդի պատմական ժառանգության՝ պատմական վանքերի, եկեղեցիների և մշակութային հուշարձանների պահպանման գործում ներդրած ջանքերի համար»,- ասված է ուղերձում: Մասնավորապես, Կաթողիկոսն ընդգծել է, որ ռուս խաղաղապահների տեղակայման շնորհիվ հաջողվել է ապահովել Դադիվանքում եկեղեցական ծառայությունը: «Մեր ժողովուրդը մշտապես կհիշի Ռուսաստանի կարևոր դերն արցախյան հողում արյունահեղության դադարեցման գործում և աղոթելու ենք հայ-ռուսական բազմադարյա բարեկամության անսասանության համար»,- ընդգծել է Գարեգին Երկրորդը:  
22:05 - 19 նոյեմբերի, 2020
Հոկտեմբերին եղել է առաջարկ, որ Շուշի վերադառնան ադրբեջանցի փախստականները․ հայկական կողմը մերժել է՝ մտածելով, որ կունենանք ռազմական բեկում |1lurer.am|

Հոկտեմբերին եղել է առաջարկ, որ Շուշի վերադառնան ադրբեջանցի փախստականները․ հայկական կողմը մերժել է՝ մտածելով, որ կունենանք ռազմական բեկում |1lurer.am|

1lurer.am: ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը:   «ՌԴ նախագահի առաջարկով և Ալիևի համաձայնությամբ հոկտեմբերի 19-20-ին եղել է առաջարկ թույլ տալ, որ Շուշի վերադառնան ադրբեջանցի փախստականները: Երբ հայկական կողմը տեսել է, որ դրությունը ծանր է ռազմաճակատում, համաձայնել է 7 շրջանների վերադարձին, բայց Ալիևը գումարել է նաև Շուշին: Հայկական կողմը քննարկել է և մերժել՝ որոշում կայացնելով շարունակել պայքարը՝ մտածելով, որ կունենանք ռազմական բեկում: Մեզ համար դա անընդունելի էր, քանի որ եթե Շուշիի 80 տոկոսն ադրբեջանցիներ են, դա նշանակում է հանձնել Շուշին:  Այդ հայտարարությունը հնարավոր է եղել ընդունել միայն Շուշիի անկման կետում, քանի որ յուրաքանչյուր հաջորդ զոհ չէր լուծելու ռազմական խնդիր: Եթե ադրբեջանցիները մտնեին Շուշի, մեզ մեղադրելու էին Շուշին հանձնելու մեջ, բայց Շուշին գրավեցին, ոչ թե հանձնեցինք»,- ասաց Նազարյանը: 
11:56 - 19 նոյեմբերի, 2020
Ղարաբաղի կարգավիճակի, փախստականների վերադարձի, Փաշինյանի հետ հարաբերությունների մասին. Պուտինի ծավալուն ասուլիսը |armtimes.com|

Ղարաբաղի կարգավիճակի, փախստականների վերադարձի, Փաշինյանի հետ հարաբերությունների մասին. Պուտինի ծավալուն ասուլիսը |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ապագայում, իսկ մինչ այդ, դեռեւս կպահպանվի ստատուս-քվոն: Այս մասին նա ասել է լրատվամիջոցների հետ Լեռնային Ղարաբաղի հարցով հարցազրույցի ժամանակ:   Փախստականների վերադարձը Վլադիմիր Պուտինը նշել է, թե իր համար անհասկանալի է՝ ինչու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում Շուշի քաղաք խաղաղ բնակչության վերադարձի պայմանից: ՌԴ նախագահի խոսքով, Շուշիի մասին հարցը ծագել է հենց այս հակամարտության, այս ճգնաժամի ժամանակ: «Հոկտեմբերի 19-20-ին ես մի շարք հեռախոսազրույցներ ունեցա ինչպես Ալիեւի, այնպես էլ Փաշինյանի հետ: Այդ ժամանակ Ադրբեջանը վերահսկողություն ուներ Ղարաբաղի հարավային, ոչ մեծ հատվածի վրա: Ընդհանուր առմամբ, ինձ հաջողվեց Ադրբեջանի նախագահ Ալիեւին համոզել, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն Ալիեւը պարտադիր պայման սահմանեց իր փախստականների վերադարձը Ղարաբաղի տարածք, այդ թվում՝ Շուշի: Ինձ համար անսպասելի եղավ մեր հայ գործընկերների դիրքորոշումն այս հարցում: Նրանք այս պայմանն անընդունելի համարեցին եւ ՀՀ վարչապետ Փաշինյանն ինձ ուղիղ կերպով հայտնեց, որ այդպիսով վտանգ է տեսնում Հայաստանի ու Ղարաբաղի շահերի համար: Ինձ համար մինչեւ այսօր անհասկանալի է, թե ինչում էր լինելու վտանգը, երբ ենթադրվում էր խաղաղ բնակչության վերադարձ՝ հայկական կողմի վերահսկողության տակ մնացած տարածքներ, այդ թվում՝ Շուշի, ներառյալ մեր խաղաղապահների առկայության դեպքում»,-նշել է Պուտինը: Դիտարկման կենտրոնը Ինչպես հայտնի է, Ադրբեջանի տարածքում տեղակայվելու է ռուս-թուրքական համատեղ դիտարկման կենտրոն՝ հրադադարի պահպանումը վերահսկելու համար: ՌԴ նախագահի խոսքով, Ադրբեջանն ինքն է որոշելու, թե իր սուվերեն տարածքի կոնկրետ որ մասում է տեղակայվելու մոնիթորինգային կենտրոնը: «Որտեղ է գտնվելու համատեղ կենտրոնը, այլ հարց է: Ակնհայտ է, որ այն տեղակայվելու է Ադրբեջանի ինքնիշխան տարածքում, եւ Ադրբեջանն իրավունք ունի որոշում կայացնել ինքնուրույն, թե որտեղ է նպատակահարմար  տեղակայել այն», - ասել է ՌԴ նախագահը: Նա հավելել է, որ ռուս-թուրքական կենտրոնը անօդաչու թռչող սարքեր կօգտագործի Ղարաբաղում իրավիճակը առցանց վերահսկելու համար: «Մենք պայմանավորվեցինք, որ կստեղծենք համատեղ կենտրոն, որը կօգտագործի անօդաչու թռչող սարքեր: Ռուս եւ թուրք մասնագետները միասին հետեւելու են սահմանային իրավիճակին, միասին տեղեկատվություն են ստանալու, միասին վերլուծելու են դրանք եւ, համապատասխանաբար, եզրակացություններ են անելու, թե իրականում ինչ է կատարվում»: ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դերը ՌԴ նախագահ Պուտինը բարձր է գնահատում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում եւ նշում, որ հրադադարի մասին պայմանավորվածություններն ընդհանուր առմամբ հաշվի են առնում նաեւ այդ երկրների դիրքորոշումները: «Նրանք միշտ տեղում են եղել եւ միշտ ուղիներ են որոնել այս խնդիրը լուծելու համար: Եվ երբ 2013-ին Ռուսաստանը առաջարկեց ապագա կարգավորման ձեւաչափը, եւ՛ Ֆրանսիան, եւ՛ ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ պաշտպանեցին մեր առաջարկները»: Այնուամենայնիվ, Պուտինը կասկած է հայտնել, թե հնարավո՞ր էր մանրամասնորեն հաշվի առնել ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր մասնակիցների տեսակետները տարածաշրջանում կարգավորման վերաբերյալ ընթացիկ հայտարարությունը պատրաստելիս՝ նշելով, որ վերջնական որոշումները չեն խարխլում այս ձեւաչափով մասնակից բոլոր երկրների ընդհանուր դիրքորոշումը: Խոսելով ՀԱՊԿ-ի մասին, Պուտինը նշել է, որ ՀԱՊԿ-ը չի կարող մասնակցել Ղարաբաղում հակամարտության կարգավորմանը, քանի որ դա Հայաստանի տարածք չի համարվում: Փաշինյանը, իշխանափոխությունն ու ՌԴ-ի հետ հարաբերությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը չի ազդել Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների վրա: Պուտինի խոսքով՝ ինքը Փաշինյանի հետ զարգացրել է «բավականին վստահելի ու կառուցողական» հարաբերություններ: «Ուստի, այդ ակնարկները (Երեւանի նկատմամբ Մոսկվայի վերաբերմունքի փոփոխության) ինձ համար շատ անհասկանալի են»,- շեշտել է ՌԴ նախագահը: Խոսելով Հայաստանի մասին, Պուտինը հավելել է, որ հասարակության պառակտումը եւ իշխանափոխությունը զանգվածային բողոքների արդյունքում լավ բանի չեն հանգեցնում ռազմական գործողությունների շեմին գտնվող երկրներում: Ընդ որում, ըստ ՌԴ նախագահի՝ խոսքը եւ այսօրվա իրավիճակի, եւ մի քանի տարի առաջ տեղի ունեցածի մասին է: «Հասարակության պառակտումը երբեք էլ ոչ մի լավ բանի չի հանգեցնում, հասարակությունը պետք է համախմբվի, այլ ոչ թե ոչնչացվի: Ընդ որում, նաեւ այսօր», - շեշտել է Ռուսաստանի Դաշնության Նախագահը: Պուտինը հավելել է, որ «բոլորը գիտեն այս դիրքորոշման մասին», ինչպես նաեւ Հայաստանի նախորդ ղեկավարության հետ իր լավ հարաբերությունների մասին, բայց «դա ոչ մի կերպ չի ազդել» ռուս-հայկական միջպետական հարաբերությունների վրա: «Բացի իրենց երկրում որոշակի վստահությամբ աչքի ընկած անձանցից, այս երկրի մարդիկ էլ կան, եւ եթե դուք խոսում եք հայ ժողովրդի մասին, ապա Ռուսաստանին եւ հայերին կապում են դարերի պատմություն ունեցող արմատները, որոնք արմատավորված են շատ անցյալում: Մեր հարաբերությունները հիմնված են մշակութային ու կրոնական մտերմության վրա: Շատ պատմականորեն ենք մենք կապված եւ դա նույնիսկ ավելի կարեւոր է, քան կոնկրետ մարդկանց միջեւ հարաբերությունները », - ասել է ՌԴ ղեկավարը ՝ շեշտելով, որ դա Ռուսաստանի հետ Հայաստանի փոխգործակցության հիմքն է: Թուրքիայի դերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, անվանում է ԽՍՀՄ փլուզման աշխարհաքաղաքական հետեւանքներ: Ըստ Պուտինի, Թուրքիայի դերը հստակ է, այն մեկնաբանելու կարիք չկա, Թուրքիան երբեք էլ չի թաքցրել իր աջակցությունն Ադրբեջանին: «Ի՞նչ կարող եմ այստեղ ասել: Սա ԽՍՀՄ փլուզման աշխարհաքաղաքական հետեւանքն է»: ՌԴ նախագահը շեշտել է, որ Ադրբեջանը անկախ ինքնիշխան պետություն է եւ իրավունք ունի ընտրելու իր դաշնակիցներին այնպես, ինչպես հարմար է գտնում: Այս պարագայում, ըստ նրա, դժվար է մեղադրել Թուրքիային ղարաբաղյան հակամարտության մեջ միջազգային իրավունքը խախտելու համար, թեպետ՝ «ճաշակը կարող է տարբեր լինել»: Շարունակություը՝ armtimes.com-ում։ 
00:40 - 18 նոյեմբերի, 2020
Մոսկվան Անկարային համոզել է խաղաղապահներ չուղարկել ԼՂ՝ նկատի ունենալով անցած տարիների ծանր ժառանգությունը․ Պուտին |armenpress.am|

Մոսկվան Անկարային համոզել է խաղաղապահներ չուղարկել ԼՂ՝ նկատի ունենալով անցած տարիների ծանր ժառանգությունը․ Պուտին |armenpress.am|

armenpress.am: Մոսկվային հաջողվել է համոզել Ադրբեջանին և Թուրքիային, որ պետք չէ նախադրյալներ ստեղծել և խափանել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները։ Россия 24 հեռուստաընկերության եթերում այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Ինչ վերաբերում է խաղաղապահ առաքելությանը, ապա, այո, իսկապես և Ադրբեջանը, և Թուրքիան միշտ խոսել են խաղաղապահ գործողություններում Թուրքիայի մասնակցության հնարավորության մասին։ Ես ամեն դեպքում կարծում եմ, հաջողվել է համոզել մեր թուրք գործընկերներին և Ադրբեջանում մեր գործընկերներին, որ պետք չէ պայմաններ ստեղծել, որոնք կարող են խափանել մեր պայմանավորվածությունները։ Այնպիսի պայմաններ, որոնք կարող էին պայմանավորվող կողմերից մեկին հրահրել ինչ-որ ծայրահեղ մեթոդների և ծայրահեղ գործողությունների»,- նշել է Պուտինը և մանրամասնել, որ նկատի ունի անցած տարիների շատ ծանր ժառանգությունը և այն, ինչ կապված է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած ողբերգական և արյունալի իրադարձությունների ու ցեղասպանության հետ։ «Դա գործոն է, որը կարելի է ճանաչել կամ չճանաչել։ Ինչ-որ մեկը ճանաչում է, իսկ ինչ-որ մեկն աշխարհում չի ճանաչում։ Բայց Ռուսաստանի համար այստեղ խնդիր չկա։ Մենք վաղուց այդ ամենը ճանաչել ենք։ Սակայն ինչի համար հրահրել Հայաստանին շփման գծում թուրք զինվորների ներկայությամբ։ Ես կարծում եմ, որ նաև նախագահ Էրդողանը դա հրաշալի ընդունեց և հասկացավ։ Այստեղ մենք ոչ մի խնդիր չենք ունեցել»,- ասել է ՌԴ նախագահը։
23:41 - 17 նոյեմբերի, 2020
Շուշի քաղաքն Ադրբեջանին փոխանցելու հարցը երբեք չի դրվել, այն ծագել է այս հակամարտության ժամանակ․ Պուտին |lragir.am|

Շուշի քաղաքն Ադրբեջանին փոխանցելու հարցը երբեք չի դրվել, այն ծագել է այս հակամարտության ժամանակ․ Պուտին |lragir.am|

lragir.am: Շուշի քաղաքն Ադրբեջանին փոխանցելու հարցը երբեք չի դրվել, այն ծագել է այս հակամարտության ժամանակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պուտինը նշել է, որ չի հասկացել, թե ինչու է Փաշինյանը հրաժարվել խաղաղ բնակիչների Շուշի վերադարձին։ Նա նշել է, որ հոկտեմբերի 19-20-ին հեռախոսազրույցներ է ունեցել Ալիևի ու Փաշինյանի հետ, այն ժամանակ Ադրբեջանը վերահսկողության տակ էր վրեցրել Ղարաբաղի հարավային աննշան հատվածը։ «Ինձ հաջողվել էր համոզել նախագահ Ալիևին, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց նրա կողմից պարտադիր պայման էր փախստականների վերադարձը, այդ թվում՝ Շուշի քաղաք։ Ինձ համար անսպասելի մեր հայ գործընկերների դիրքորոշումն այնպես էր ձևակերպվել, որ նրանց համար դա անընդունելի է, և վարչապետ Փաշինյանն ինձ ուղիղ ասել էր, որ դրանում սպառնալիք է տեսնում Հայաստանի ու Ղարաբաղի շահերին։ Հիմա էլ հասկանալի չէ, թե որն է այդ սպառնալիքը՝ հաշվի առնելով, որ նախատեվում էր խաղաղ բնակիչների վերադարձ՝ պահպանելով հայկական վերահսկողությունը Ղարաբաղի այդ հատվածում, ներառյալ Շուշին՝ հաշվի առնելով մեր խաղաղապահների առկայությունը», – ասել է Պուտինը։
22:01 - 17 նոյեմբերի, 2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «դավաճանության մեջ» մեղադրելը որևէ հիմք չունի․ ՌԴ նախագահ |24news.am|

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «դավաճանության մեջ» մեղադրելը որևէ հիմք չունի․ ՌԴ նախագահ |24news.am|

24news.am: Հոկտեմբերի 19-20-ին գրեթե ձեռք էր բերվել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման համաձայնություն, բայց արդյունքում այն կյանքի չկոչվեց: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Լեռնային Ղարաբաղում իրավիճակը նախքան կրակի դադարեցումը ծայրահեղ ծանր էր, արդեն ժամերի հաշվարկ էր տեղի ունենում, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների անցկացումն անհնար էր ժամանակի սղության պատճառով»,- նշել է նա: Պուտինն ընդգծել է՝ եթե Հայաստանը ԼՂ հարցով ձեռք բերված այս համաձայնությունից հրաժարվեր, դա երկրի համար ինքնասպանություն կլիներ: «Իհարկե, դժվար է, բայց վարչապետ Փաշինյանն իրական պատկերը, գործերի իրական վիճակը ներկայացրել է այնպես, ինչպես դա եղել է մեր եռակողմ հայտարարության ստորագրման պահին, և այնպես, ինչպես որ կա այսօր։ Ես ավելացնելու ոչինչ չունեմ։ Նա ասել է ողջ ճշմարտությունը»,- ասել է Պուտինը: Նա նաև նշել է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «դավաճանության մեջ» մեղադրելը որևէ հիմք չունի:
21:47 - 17 նոյեմբերի, 2020
ԼՂ-ի վերջնական կարգավիճակի հարցում հստակություն չկա. Մոսկվան պահպանում է ստատուս-քվոն |24news.am|

ԼՂ-ի վերջնական կարգավիճակի հարցում հստակություն չկա. Մոսկվան պահպանում է ստատուս-քվոն |24news.am|

24news.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:  «Լեռնային Ղարաբաղում հազարավոր զոհեր և տուժածներ կան. սա ֆիլմ չէ, այլ ողբերգություն՝ կոնկրետ մարդկանցով, այդ պատճառով գլխավոր ձեռքբերումը արյունահեղության դադարեցումն է»,- ասել է նա: ՌԴ նախագահը նկատել է՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցում հստակություն չկա. Մոսկվան պահպանում է ստատուս-քվոն:  «Եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև լինեն նորմալ հարաբերություններ, ապա կարելի է լուծել նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- ասել է նա: Պուտինի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղին ժամանակ է պետք, որ խաղաղ կյանքը վերադառնա մարդկանց տները. վերքերը դեռ չեն բուժվել:  ՌԴ նախագահը նաև նշել է՝ ԼՂ հարցով համաձայնությունն ապագայում իրավիճակը կայունացնելու հնարավորություն է տալիս:
21:29 - 17 նոյեմբերի, 2020
Պայմաններ են ստեղծվել՝ ԼՂ ճգնաժամն արդարության հիմքով լուծելու համար․ Պուտին |factor.am|

Պայմաններ են ստեղծվել՝ ԼՂ ճգնաժամն արդարության հիմքով լուծելու համար․ Պուտին |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ-ի իր գործընկերներին հայտնել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին՝ հայտարարելով, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվում են, և իրավիճակն այդ տարածաշրջանում կայունանում է, գրում է ՏԱՍՍ-ը։ Տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին ունեցած ելույթում Պուտինը հիշեցրել է, որ սեպտեմբերին «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սուր փուլ էր մտել»։ «Ռուսական կողմն ամենաակտիվ քայլերն է ձեռնարկել, որպեսզի օգնի դադարեցնել մեզ համար երկու բարեկամ երկրների միջև ռազմական գործողությունները և դրդել նրանց գտնել փոխզիջումային որոշումներ։ Մեր միջնորդության արդյունքում նոյեմբերի 9-ին ձեռք են բերվել կրակի լիակատար դադարեցման ու Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման մասին պայմանավորվածություններ»,- ասել է Պուտինը։ Նա նշել է, որ կարևոր է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում։ «Կարևոր է, որ հիշատակված պայմանավորվածությունները կատարվում են։ Ամբողջությամբ դադարեցված են ռազմական գործողությունները, իրավիճակը կայունացել է։ Այսպիսով, պայմաններ են ստեղծվել ճգնաժամի հարատև ու լիակատար ձևաչափով կարգավորման համար, ընդ որում՝ արդարության հիմքով՝ ինչպես ի շահ ադրբեջանի, այնպես էլ ի շահ հայ ժողովրդի»,- հայտարարել է ՌԴ նախագահը։
16:19 - 17 նոյեմբերի, 2020
Պուտինն ու Մակրոնը մանրակրկիտ քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը |factor.am|

Պուտինն ու Մակրոնը մանրակրկիտ քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ մանրամասն քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումները։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ:Հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահությունը՝ մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմի ձեռնարկած ակտիվ միջնորդական ջանքերի մասին, որոնք հնարավորություն տվեցին դադարեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից, ինչպես նաև շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման մասին»,- ասվում է հաղորդագրությունում։ Նշվում է, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունը ի կատար է ածվում, իրավիճակն ամբողջ տարածաշրջանում կայունացել է։
17:17 - 16 նոյեմբերի, 2020