Ղարաբաղի կարգավիճակի, փախստականների վերադարձի, Փաշինյանի հետ հարաբերությունների մասին. Պուտինի ծավալուն ասուլիսը |armtimes.com|
00:40 - 18 նոյեմբերի, 2020

Ղարաբաղի կարգավիճակի, փախստականների վերադարձի, Փաշինյանի հետ հարաբերությունների մասին. Պուտինի ծավալուն ասուլիսը |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ապագայում, իսկ մինչ այդ, դեռեւս կպահպանվի ստատուս-քվոն:

Այս մասին նա ասել է լրատվամիջոցների հետ Լեռնային Ղարաբաղի հարցով հարցազրույցի ժամանակ:

 

Փախստականների վերադարձը

Վլադիմիր Պուտինը նշել է, թե իր համար անհասկանալի է՝ ինչու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում Շուշի քաղաք խաղաղ բնակչության վերադարձի պայմանից: ՌԴ նախագահի խոսքով, Շուշիի մասին հարցը ծագել է հենց այս հակամարտության, այս ճգնաժամի ժամանակ: «Հոկտեմբերի 19-20-ին ես մի շարք հեռախոսազրույցներ ունեցա ինչպես Ալիեւի, այնպես էլ Փաշինյանի հետ: Այդ ժամանակ Ադրբեջանը վերահսկողություն ուներ Ղարաբաղի հարավային, ոչ մեծ հատվածի վրա: Ընդհանուր առմամբ, ինձ հաջողվեց Ադրբեջանի նախագահ Ալիեւին համոզել, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն Ալիեւը պարտադիր պայման սահմանեց իր փախստականների վերադարձը Ղարաբաղի տարածք, այդ թվում՝ Շուշի:

Ինձ համար անսպասելի եղավ մեր հայ գործընկերների դիրքորոշումն այս հարցում: Նրանք այս պայմանն անընդունելի համարեցին եւ ՀՀ վարչապետ Փաշինյանն ինձ ուղիղ կերպով հայտնեց, որ այդպիսով վտանգ է տեսնում Հայաստանի ու Ղարաբաղի շահերի համար: Ինձ համար մինչեւ այսօր անհասկանալի է, թե ինչում էր լինելու վտանգը, երբ ենթադրվում էր խաղաղ բնակչության վերադարձ՝ հայկական կողմի վերահսկողության տակ մնացած տարածքներ, այդ թվում՝ Շուշի, ներառյալ մեր խաղաղապահների առկայության դեպքում»,-նշել է Պուտինը:

Դիտարկման կենտրոնը

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի տարածքում տեղակայվելու է ռուս-թուրքական համատեղ դիտարկման կենտրոն՝ հրադադարի պահպանումը վերահսկելու համար: ՌԴ նախագահի խոսքով, Ադրբեջանն ինքն է որոշելու, թե իր սուվերեն տարածքի կոնկրետ որ մասում է տեղակայվելու մոնիթորինգային կենտրոնը:

«Որտեղ է գտնվելու համատեղ կենտրոնը, այլ հարց է: Ակնհայտ է, որ այն տեղակայվելու է Ադրբեջանի ինքնիշխան տարածքում, եւ Ադրբեջանն իրավունք ունի որոշում կայացնել ինքնուրույն, թե որտեղ է նպատակահարմար  տեղակայել այն», - ասել է ՌԴ նախագահը:

Նա հավելել է, որ ռուս-թուրքական կենտրոնը անօդաչու թռչող սարքեր կօգտագործի Ղարաբաղում իրավիճակը առցանց վերահսկելու համար:

«Մենք պայմանավորվեցինք, որ կստեղծենք համատեղ կենտրոն, որը կօգտագործի անօդաչու թռչող սարքեր: Ռուս եւ թուրք մասնագետները միասին հետեւելու են սահմանային իրավիճակին, միասին տեղեկատվություն են ստանալու, միասին վերլուծելու են դրանք եւ, համապատասխանաբար, եզրակացություններ են անելու, թե իրականում ինչ է կատարվում»:

ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դերը

ՌԴ նախագահ Պուտինը բարձր է գնահատում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում եւ նշում, որ հրադադարի մասին պայմանավորվածություններն ընդհանուր առմամբ հաշվի են առնում նաեւ այդ երկրների դիրքորոշումները:

«Նրանք միշտ տեղում են եղել եւ միշտ ուղիներ են որոնել այս խնդիրը լուծելու համար: Եվ երբ 2013-ին Ռուսաստանը առաջարկեց ապագա կարգավորման ձեւաչափը, եւ՛ Ֆրանսիան, եւ՛ ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ պաշտպանեցին մեր առաջարկները»:

Այնուամենայնիվ, Պուտինը կասկած է հայտնել, թե հնարավո՞ր էր մանրամասնորեն հաշվի առնել ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր մասնակիցների տեսակետները տարածաշրջանում կարգավորման վերաբերյալ ընթացիկ հայտարարությունը պատրաստելիս՝ նշելով, որ վերջնական որոշումները չեն խարխլում այս ձեւաչափով մասնակից բոլոր երկրների ընդհանուր դիրքորոշումը:

Խոսելով ՀԱՊԿ-ի մասին, Պուտինը նշել է, որ ՀԱՊԿ-ը չի կարող մասնակցել Ղարաբաղում հակամարտության կարգավորմանը, քանի որ դա Հայաստանի տարածք չի համարվում:

Փաշինյանը, իշխանափոխությունն ու ՌԴ-ի հետ հարաբերությունները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը չի ազդել Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների վրա:

Պուտինի խոսքով՝ ինքը Փաշինյանի հետ զարգացրել է «բավականին վստահելի ու կառուցողական» հարաբերություններ: «Ուստի, այդ ակնարկները (Երեւանի նկատմամբ Մոսկվայի վերաբերմունքի փոփոխության) ինձ համար շատ անհասկանալի են»,- շեշտել է ՌԴ նախագահը:

Խոսելով Հայաստանի մասին, Պուտինը հավելել է, որ հասարակության պառակտումը եւ իշխանափոխությունը զանգվածային բողոքների արդյունքում լավ բանի չեն հանգեցնում ռազմական գործողությունների շեմին գտնվող երկրներում: Ընդ որում, ըստ ՌԴ նախագահի՝ խոսքը եւ այսօրվա իրավիճակի, եւ մի քանի տարի առաջ տեղի ունեցածի մասին է:

«Հասարակության պառակտումը երբեք էլ ոչ մի լավ բանի չի հանգեցնում, հասարակությունը պետք է համախմբվի, այլ ոչ թե ոչնչացվի: Ընդ որում, նաեւ այսօր», - շեշտել է Ռուսաստանի Դաշնության Նախագահը: Պուտինը հավելել է, որ «բոլորը գիտեն այս դիրքորոշման մասին», ինչպես նաեւ Հայաստանի նախորդ ղեկավարության հետ իր լավ հարաբերությունների մասին, բայց «դա ոչ մի կերպ չի ազդել» ռուս-հայկական միջպետական հարաբերությունների վրա:

«Բացի իրենց երկրում որոշակի վստահությամբ աչքի ընկած անձանցից, այս երկրի մարդիկ էլ կան, եւ եթե դուք խոսում եք հայ ժողովրդի մասին, ապա Ռուսաստանին եւ հայերին կապում են դարերի պատմություն ունեցող արմատները, որոնք արմատավորված են շատ անցյալում: Մեր հարաբերությունները հիմնված են մշակութային ու կրոնական մտերմության վրա: Շատ պատմականորեն ենք մենք կապված եւ դա նույնիսկ ավելի կարեւոր է, քան կոնկրետ մարդկանց միջեւ հարաբերությունները », - ասել է ՌԴ ղեկավարը ՝ շեշտելով, որ դա Ռուսաստանի հետ Հայաստանի փոխգործակցության հիմքն է:

Թուրքիայի դերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, անվանում է ԽՍՀՄ փլուզման աշխարհաքաղաքական հետեւանքներ:

Ըստ Պուտինի, Թուրքիայի դերը հստակ է, այն մեկնաբանելու կարիք չկա, Թուրքիան երբեք էլ չի թաքցրել իր աջակցությունն Ադրբեջանին:

«Ի՞նչ կարող եմ այստեղ ասել: Սա ԽՍՀՄ փլուզման աշխարհաքաղաքական հետեւանքն է»:

ՌԴ նախագահը շեշտել է, որ Ադրբեջանը անկախ ինքնիշխան պետություն է եւ իրավունք ունի ընտրելու իր դաշնակիցներին այնպես, ինչպես հարմար է գտնում: Այս պարագայում, ըստ նրա, դժվար է մեղադրել Թուրքիային ղարաբաղյան հակամարտության մեջ միջազգային իրավունքը խախտելու համար, թեպետ՝ «ճաշակը կարող է տարբեր լինել»:

Շարունակություը՝ armtimes.com-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել