ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Գերմանիան կորցնում է իր ազդեցությունը Եվրամիությունում․ Politico

Գերմանիան կորցնում է իր ազդեցությունը Եվրամիությունում․ Politico

Politico  պարբերականը գրում է Եվրամիությունում Գերմանիայի ազդեցության նվազման և դրա  պատճառների մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Տարիներ շարունակ Գերմանիան Եվրամիության առաջատար երկիրն էր, ԵՄ-ում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների ձայնը, որոնք փնտրում էին Բեռլինի հովանավորությունը, առաջնորդությունը, երբեմն էլ՝ ցանկանում հստակ հրահանգներ լսել։  Սակայն վերջերս տեղի ունեցած մի շարք զարգացումներ խաթարել են Բեռլինի հեղինակությունը և ազդեցությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում և, որ ավելի կարևոր է, Եվրախորհրդի գագաթնաժողովում հավաքված առաջնորդների շրջանում։ Դրա պատճառներից են անցյալ տարի կանցլեր Անգելա Մերկելի բազմամյա պաշտոնավարման ավարտը, Բեռլինում ավելի բարդ եռակուսակցական իշխող կոալիցիայի կազմավորումը և մի շարք քաղաքական սխալներ, Ռուսաստանի քաղաքականության և ուկրաինական պատերազմի հետ կապված հակասական հայտարարությունները։ Այս ամենի արդյունքը Բեռլինի ազդեցության զգալի թուլացումն է և մյուս երկրների՝ իրենց ճանապարհով գնալու պատրաստակամությունը, որոշ դեպքերում էլ ֆրանս-գերմանական դաշինքին բացահայտ մարտահրավեր նետելը, որն, ըստ ԵՄ բազմաթիվ պաշտոնյաների և դիվանագետների, տարիներ շարունակ եղել է ԵՄ որոշումների կայացման կենտրոնում։ «Մեզ պետք չէ Գերմանիայի հովանավորությունը, - ասում է Արևելյան Եվրոպայի դիվանագետներից մեկը։ - Լեհաստանն իրեն լավ է դրսևորել Ռուսաստանի հարցում, [ուկրաինացի] փախստականներին ընդունելու, գազից աստիճանաբար հրաժարվելու հարցերում։ Բալթյան երկրները խելացի ղեկավարություն ունեն։ Բուլղարիայում նոր, ավելի մեծ վստահություն վայելող կառավարություն է ձևավորվել։ Ռումինիայում իրավիճակը կայուն է»։ Գերմանիայի հեղինակության նսեմացումը վառ ձևով արտահայտվեց այս շաբաթ, երբ ԵՄ պետությունների ղեկավարներն ամեն կերպ փորձում էին համաձայնության գալ ռուսական նավթի էմբարգոյի շուրջ և հաղթահարել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի համառ դիմադրությունը։ Նախկինում, երբ Օրբանը խոչընդոտում էր ԵՄ առաջարկներին, հաճախ Մերկելին  խնդրում էին միջնորդել։ Եվրամիությունում Մերկելի և Բեռլինի ազդեցությունը կասկածներ չէր առաջացնում։ Այս անգամ Գերմանիային մեղադրում էին այն բանի  համար, որ նա փորձում է օգուտ քաղել խողովակաշարով մատակարարվող նավթի նկատմամբ էմբարգո չսահմանելու առաջարկից։ Բեռլինը բազմիցս հերքել է այս առաջարկին իր մասնակցությունը և վերջնարդյունքում խոստացել է մինչև այս տարեվերջ հրաժարվել ռուսական նավթի ներկրումից՝ որպես հստակ նշան, որ ոչինչ չի շահելու խողովակաշարով նավթի մատակարարման շարունակումից։ Սակայն այն փաստը, որ ԵՄ մյուս անդամ երկրներն այդիպի կասկածներ ունեին, ընդգծում է Բեռլինի նկատմամբ խաթարված վստահությունը։ Իսկ ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ, Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի այցը Բուդապեշտ ոչ մի բեկում չէր մտցրել նավթի ներկրման արգելքի շուրջ առկա անհամաձայնությունում։  Փոխարենը Եվրախորհրդի նախագահ, Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելին էր բաժին ընկել փոխզիջում գտնելը, որը Հունգարիան, ի վերջո, ընդունեց, իսկ Միշելը հիմքեր գցեց ոչ միայն նավթի արգելքի, այլև պատժամիջոցների ամբողջ վեցերորդ փաթեթի ընդունման համար։ Մերկելին փոխարինած Օլաֆ Շոլցն այս հարցում առանցքային դեր չխաղաց։ «Շոլցն իսկական խնդիր է։ Նա պարզապես շահախնդիր գերմանացի է, փոխզիջում ձևավորող չէ, ինչպես Մերկելը։ Ոչ ոք չի փոխարինի Մերկելին», - ասում է ԵՄ դիվանագետներից մեկը։ Սակայն գերմանացի պաշտոնյաներից մեկը դեմ է արտահայտվում այս պնդումներին՝ ասելով, որ «ան փաստը, որ քննադատությունը գալիս է այսքան մեծ քանակությամբ երկրներից, վկայում է այն մասին, որ Գերմանիան առաջատար դեր է խաղում» այս դժվար պահին ԵՄ մակարդակով փոխզիջումների հասնելու գործում։ Թեև ոչ մի պետության ղեկավար չի ստանձնել Մերկելի՝ որպես ազդեցիկ միջնորդի դերը, Իտալիայի վարչապետ և Եվրոպական կենտրոնական բանկի նախկին նախագահ Մարիո Դրագին, որը հայտարարել էր, թե բանկը կանի «հնարավոր ամեն ինչ» եվրոգոտու ճգնաժամի ժամանակահատվածում, այն առաջնորդն է, որն այժմ մեծ կշիռ ունի։ Սակայն Իտալիան տասնամյակներով անկայուն քաղաքականության և ֆինանսական կառավարման բեռ ունի, ինչը սահմանափակում է Իտալիայի ազդեցության շրջանակն՝ անկախ նրանից, թե ով է վարչապետը։ Ինչ վերաբերում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ապա համարվում է, որ նա չի կարողանում մի կողմ թողնել իր էգոն և մեծությունն՝ աննկատ, բայց ազդեցիկ մեկը դառնալու համար, որը փոխզիջումների վրա հիմնված քաղաքականություն կձևավորի և կազդի որոշումների կայացման վրա։ Որոշ արևելաեվրոպական դիվանագետներ և պաշտոնյաներ ասում են, թե դեռ հույս ունեն, որ Բեռլինը վերադարձնելու է իր դիրքերը՝ վերականգնելով իր հեղինակությունը միջազգային հարաբերություններում արտգործնախարար Աննալենա Բերբոկի միջոցով, որը նրանց վրա ավելի խարիզմատիկ և ինքնավստահ մարդու տպավորություն է թողել, քան Շոլցը։ Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշը դեմ է արտահայտվել Ֆրանսիային ձայնի ավելի մեծ իրավունք տրամադրելուն՝ դրա փոխարեն Գերմանիային կոչ անելով վերադարձնել իր առաջատար դիրքը։ «Մեր տեսակետից շատ ավելի լավ կլիներ, որ Գերմանիան ավելի առաջատար դեր խաղար։ Իմ հայացքները չեն փոխվել Գերմանիայի կառավարության փոփոխման հետևանքով»,- ասել է նա Politico-ին։ Որոշ պաշտոնյաների համար միայն ժամանակի հարց է այն, թե երբ Բեռլինը կվերահաստատվի ԵՄ ամենահեղինակավոր և ամենաազդեցիկ մայրաքաղաքի դերում»։ Նորա Վանյան
14:22 - 03 հունիսի, 2022
Գնաճը եվրոգոտում նոր ռեկորդ է սահմանել․ ինչո՞վ է դա պայմանավորված․ Reuters

Գնաճը եվրոգոտում նոր ռեկորդ է սահմանել․ ինչո՞վ է դա պայմանավորված․ Reuters

Գնաճը եվրոգոտում նոր ռեկորդ է սահմանել մայիսին։ Եվրոգոտու 19 երկրներում գնաճը ապրիլին 7,4% տոկոս է եղել, իսկ մայիսին հասել է 8,1%-ի՝ գերազանցելով 7,7% կանխատեսումները, գրում է Reuters-ը, որի հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Սա նշանակում է, որ դա արդեն կապված չէ պարզապես էներգակիրների գների աճի հետ։ «Գնաճի խնդիրը եվրոգոտում վատթարանում է։ Գների մասին այսօրվա տվյալները կրկին ավելացնում են Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) վրա ճնշումը, որպեսզի այն դադարեցնի իր չափազանց մեղմ դրամավարկային քաղաքականությունը», - ասում է «Կոմերցբանկի» տնտեսագետ Քրիստոֆ Վայլը: Եվրոգոտու երկրների պետական պարտատոմսերի եկամտաբերությունն աճել է, քանի որ այս տվյալներն ուժեղացրել են այն ակնկալիքները, որ Եվրոպական կենտրոնական բանկը կարող է արագացնել իր քաղաքականության խստացումը։ Վերջին մեկ տարում գների կտրուկ աճ է գրանցվել ողջ Եվրոպայի տարածքում, սկզբից՝ համավարակից հետո մատակարարման շղթաների հետ կապված խնդիրների, հետո արդեն՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման պատճառով։ Գների արագ աճի այս ժամանակաշրջանն, ըստ էության, փոխարինելու է գալիս գնաճի գերցածր ցուցանիշները, որոնք գրանցվում էին նախորդ տասնամյակում։ Թեև գնաճն այս պահին քառակի գերազանցում է ԵԿԲ համար ցանկալի 2%-ը, բանկը պետք է ավելի շատ մտահոգվի բազային գների արագ աճով, քանի որ դա ցույց է տալիս, որ այն, ինչ կարճատև աճ էր թվում, այժմ սկսում է կայուն բնույթ կրել։ Հույս ունենալով զսպել արժեզրկումը, ԵԿԲ նախագահ Քրիստին Լագարդն ու գլխավոր տնտեսագետ Ֆիլիպ Լեյնն արդեն նախանշել են 25 բազիսային կետով ավանդային տոկոսադրույքի բարձրացումը․ այժմ այն կազմում է մինուս 0.5%։ Սակայն որոշ տնտեսագետներ կասկածում են, որ դա բավարար կլինի, հատկապես, որ բազային արժեզրկումը նվազման միտումներ չի գրանցում: Բանն այն է, որ, հենց էներգակիրների բարձր գները սկսում են անդրադառնալ տնտեսության վրա, արժեզրկումը սկսում է կայուն բնույթ կրել՝ ի վերջո ամրապնդվելով «գին-աշխատավարձ» պարույրի միջոցով։ Ահա թե ինչու են Ավստրիայի, Նիդերլանդների և Լատվիայի կենտրոնական բանկերն ասում, որ հուլիսին 50 բազիսաին կետով տոկոսադրույքի բարձրացումը պետք է բանակցությունների սեղանին լինի։ ԵԿԲ հաջորդ նիստը կայանալու է հունիսի 9-ին»: Նորա Վանյան
17:45 - 01 հունիսի, 2022
Դանիայում հանրաքվե է՝ ԵՄ պաշտպանական քաղաքականությանը մասնակցելու մասին

Դանիայում հանրաքվե է՝ ԵՄ պաշտպանական քաղաքականությանը մասնակցելու մասին

Դանիայում այսօր՝ հունիսի 1-ին, հանրաքվե է անցկացվում ԵՄ պաշտպանական հարցերով համագործակցության ծրագրին երկրի մասնակցության մասին։ Դանիայի շուրջ 4,3 մլն քաղաքացի որոշում է այն բացառություններից հրաժարվելու հարցը, որոնք երկրին թույլ են տալիս չմասնակցել ԵՄ Պաշտպանության և անվտանգության ընդհանուր քաղաքականությանը (CSDP), հայտնում է DW-ն։ Այս բացառությունների չեղարկմանը կողմ է արտահայտվել 14 քաղաքական կուսակցություններից 11-ն, այդ թվում՝ իշխող սոցիալ-դեմոկրատները։ Քվեարկության նախնական արդյունքները հայտնի կդառնան ուշ երեկոյան։ Հանրաքվե անցկացնելու որոշման մասին մարտի սկզբին՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից 10 օր անց, հայտարարել էր երկրի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենն այն բանից հետո, երբ հինգ առաջատար քաղաքական կուսակցություններ պայմանավորվել էին երկրի անվտանգության քաղաքականության փոփոխման մասին։ Դանիան ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն ԵՄ միակ պետությունն է, որը չի մասնակցում Պաշտպանության և անվտանգության ընդհանուր քաղաքականությանը։ Դանիայի համար ԵՄ բացառությունը գործում է 1993 թ-ից, այն ընդունվել է, երբ դանիացիները հանրաքվեին մերժել են ԵՄ հիմնադրման մասին Մաաստրիխտի պայմանագիրը։ Այս բացառությունը նշանակում է, որ Կոպենհագենը մասնակցում է ԵՄ քաղաքացիական առաքելություններին, բայց՝ ոչ ռազմական։ Բացի այդ, թագավորությունը չի մասնակցում սպառազինության համատեղ մշակմանը, ռազմական սարքավորումների ձեռքբերմանն ու անվտանգության հարցերի քննարկմանը։ Նորա Վանյան
15:16 - 01 հունիսի, 2022
Ադրբեջանը մտադիր է ընդլայնել իր ներկայությունը եվրոպական գազի շուկայում. Ալիև |tert.am|

Ադրբեջանը մտադիր է ընդլայնել իր ներկայությունը եվրոպական գազի շուկայում. Ալիև |tert.am|

tert.am: Ադրբեջանը մտադիր է ընդլայնել իր ներկայությունը եվրոպական գազի շուկայում։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվի էներգետիկ շաբաթվա և Կասպյան նավթի և գազի 27-րդ միջազգային ցուցահանդեսի բացման ժամանակ։«Այսօր օրակարգում է եվրոպական շուկայում մեր ներկայության ընդլայնման հարցը»,- ասել է Ալիևը։ Նրա խոսքով, անցյալ տարի ադրբեջանական գազի արտահանման ծավալը կազմել է 22 մլրդ խմ, այս տարի նախատեսվում է արտահանել 24 մլրդ խմ, հաջորդ տարի նախատեսվում է ավելացնել ծավալները։«Դա կախված կլինի նոր հանքավայրերի շահագործման հանձնելուց, քանի որ մեր գազային ներուժը չի սահմանափակվում միայն «Շահ Դենիզ» հանքավայրով»,- ընդգծել է պետության ղեկավարը։Ալիևը նշել է, որ Եվրոպան ադրբեջանական նավթագազային ռեսուրսների մեծ կարիք ունի, և Ադրբեջանը դա հաշվի է առնում։ Նրա խոսքով, այժմ պետք է մտածել նոր հանգույցների ու փոխկապակցիչների կառուցման մասին։Միաժամանակ, Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ արտահանումն ավելացնելու համար ժամանակ է պետք։
12:09 - 01 հունիսի, 2022
ԵԽ-ն հայտնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի հաստատման ամսաթիվը

 |armenpress.am|

ԵԽ-ն հայտնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի հաստատման ամսաթիվը |armenpress.am|

armenpress.am:  Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, ներառյալ էմբարգոն ռուսական նավթի տանկերով մատակարարումների վրա, կարող է վերջնականապես հաստատվել հունիսի 1-2-ը։  Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությանը։ «Ես կարող եմ հաստատել, որ իրավական տեքստը արդեն խմբագրվում է, ժամերի հարց է, ակնկալում ենք, որ հունիսի 1-2-ին իրավական տեքստը կհաստատվի»,- ասել է նա։ Մայիսի 31-ին Շառլ Միշելը հայտարարել էր, որ ԵՄ անդամ երկրների ղեկավարները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ։ Նոր սահմանափակումները կազդեն Ռուսաստանից նավթի ներկրման, երկրի խոշորագույն բանկի, պետական լրատվամիջոցների և քաղաքացիների վրա: Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտնել էր, որ Ռուսաստանից հում նավթի գնման ԵՄ արգելքը ուժի մեջ կմտնի պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո։  
20:53 - 31 մայիսի, 2022
«Գազպրոմը» դադարեցրել է գազի մատակարարումը նիդերլանդական GasTerra ընկերությանը

«Գազպրոմը» դադարեցրել է գազի մատակարարումը նիդերլանդական GasTerra ընկերությանը

«Գազպրոմը» հաստատել է գազի մատակարարման լիարժեք դադարեցումը նիդերլանդական GasTerra գազային ընկերությանը՝ ռուբլով վճարումներ չկատարելու պատճառով։ Այս մասին ասված է հոլդինգի հաղորդագրությունում, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մայիսի 30-ի աշխատանքային օրվա ավարտի դրությամբ՝ «Գազպրոմ էքսպորտը» GasTerra B.V ընկերությունից չի ստացել ապրիլին մատակարարված գազի դիմաց վճարը»։ Իսկ երեկ «Գազպրոմ էքսպորտը» հաղորդել էր, որ մայիսի 31-ից դադարեցնում է ռուսական գազի մատակարարումը նշված ընկերությանը։ Ավելի վաղ GasTerra-ն հայտարարել էր, որ որոշել է չկատարել մատակարարված գազի համար ռուսական ռուբլով վճարելու մասին «Գազպրոմի» պահանջը։ Ընկերությունն իր որոշումը բացատրել էր նրանով, որ նոր սխեմայով վճարումները կարող են հանգեցնել Ռուսաստանի դեմ ԵՄ սահմանած պատժամիջոցների խախտման։ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ 2021 թ-ին ՌԴ-ն Նիդերլանդներ է արտահանել շուրջ 6,67 մլրդ կուբամետր գազ, որն այդ երկրի գազի պահանջարկի 16%-ն է կազմում։   Նորա Վանյան
16:23 - 31 մայիսի, 2022
Եվրամիությունը համաձայնության է հասել հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ. Բորել |1lurer.am|

Եվրամիությունը համաձայնության է հասել հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ. Բորել |1lurer.am|

1lurer.am: Եվրամիությունը համաձայնության է հասել հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթի, այդ թվում՝ նավթի էմբարգոյի շուրջ: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Այժմ մենք արդեն հստակ ծրագիր ունենք՝ արգելելու ռուսական նավթի ներմուծումը 90%-ով։ Այս տարվա վերջին մենք կգնենք 90%-ով պակաս ռուսական նավթ: Բացառություն կկազմեն միայն դեպի ծով ելք չունեցող երկրները»,- նշել է դիվանագետը: Նա կարծիք է հայտնել, որ դա Եվրամիությունում թեժ քննարկումների ողջամիտ հանգուցալուծում է: Բորելը հավելել է, որ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը ներառում է նաև սահմանափակումներ՝ կապված SWIFT համակարգի օգտագործման հետ: «Դա է՛լ ավելի կբարդացնի Ռուսաստանի տնտեսության վիճակը և արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունը»,- ասել է Բորելը: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ԵՄ-ն չի կարող խանգարել Ռուսաստանին վաճառել իր նավթն այլ երկրների: Բորելի խոսքով՝ ԵՄ-ն, սակայն, Ռուսաստանի ամենակարևոր գնորդն է, և Մոսկվան ստիպված կլինի փնտրել այլ գնորդներ և նվազեցնել նավթի գինը:
13:48 - 31 մայիսի, 2022
Զելենսկին քննադատել է Եվրամիությանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթն ուշացնելու համար |1lurer.am|

Զելենսկին քննադատել է Եվրամիությանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթն ուշացնելու համար |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Եվրամիության երկրների ղեկավարների հետ տեսակապի ժամանակ քննադատել է նրանց՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի ընդունումն ուշացնելու համար: «Պատժամիջոցների հինգերորդ փաթեթը սահմանվել է ապրիլի 8-ին: Այդ ժամանակից անցել է արդեն 52 օր»,- ասել է Զելենսկին: Նրա կարծիքով՝ պատժամիջոցների հարցում առաջընթացը Մոսկվային կստիպի խաղաղություն փնտրել Կիևի հետ: Ուկրաինայի նախագահը կրկին հայտարարել է, որ երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաշվին փոխզիջումներ լինել չեն կարող: Մոսկվայի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որի շուրջ Եվրամիության երկրներն արդեն մոտ մեկ ամիս է՝ չեն կարողանում փոխզիջման հասնել, պետք է ներառի նավթային էմբարգո: Դրա սահմանման դեմ հանդես եկող երկրները կարծում են, որ ռուսական նավթի գնումից հրաժարվելը խիստ բացասաբար կդառնա Եվրոպայի տնտեսության վրա:
12:43 - 31 մայիսի, 2022
Վրաստանի իշխանությունը հայտնել է, որ երկրի ընդդիմությունը ծրագրում է պետական   հեղաշրջում իրականացնել |1lurer.am|

Վրաստանի իշխանությունը հայտնել է, որ երկրի ընդդիմությունը ծրագրում է պետական հեղաշրջում իրականացնել |1lurer.am|

1lurer.am: Վրացական ընդդիմությունը ծրագրում է հունիսի վերջին պետական ​​հեղաշրջում իրականացնել, եթե երկիրը ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ չստանա, ճեպազրույցում հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքով՝ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» նախապատրաստում  է իշխանության տապալում՝ հայտնում է Radiosputnik-ը։ «Ընդդիմության հաշվարկներով՝ հունիսի վերջին Վրաստանը, ի տարբերություն Մոլդովայի և Ուկրաինայի, չպետք է ստանա ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, ինչն էլ կհանգեցնի «Ազգային շարժման» և նրանց արբանյակների կազմակերպած ժողովրդական անկարգությունների և պետական ​​հեղաշրջման»,- հայտարարել է Կոբախիձեն: «Վրացական երազանքի» ղեկավարը կարծում է, որ ԵՄ-ն պատճառ չունի մերժելու Վրաստանին՝ Միության անդամի թեկնածուի կարգավիճակի հարցում։ Կուսակցության գործիչը հավելել է, որ մի շարք ցուցանիշներով երկիրն առաջ է անցել Ուկրաինայից և Մոլդովայից, որոնք նույնպես Եվրամիությանն անդամակցելու հայտ են ներկայացրել։ «Վրաստանն արդեն կատարել է ասոցացման համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների 45 տոկոսը, ինչն աննախադեպ արդյունք է։ Ըստ այդ տվյալների՝ Վրաստանն առաջ է անցել ոչ միայն Ուկրաինայից և Մոլդովայից, այլև մի քանի երկրից, որոնք արդեն ունեն թեկնածուի կարգավիճակ»,- հավելել է Կոբախիձեն։
15:49 - 30 մայիսի, 2022
Եվրամիության գագաթնաժողովից առաջ ԵՄ դիվանագետները քննարկում են ռուսական նավթի դեմ պատժամիջոցները

Եվրամիության գագաթնաժողովից առաջ ԵՄ դիվանագետները քննարկում են ռուսական նավթի դեմ պատժամիջոցները

Եվրամիության բարձրաստիճան դիվանագետներն այսօր հանդիպել են, որպեսզի օրվա երկրորդ կեսին տեղի ունենալիք ԵՄ գագաթնաժողովից առաջ վերջին անգամ փորձեն պայմանավորվածության գալ ռուսական նավթի ներկրման դեմ պատժամիջոցների շուրջ, հայտնում է Reuters-ը։ Գագաթնաժողովի եզրակացության նախնական տարբերակի համաձայն, որին ծանոթացել է Reuters-ը՝ 27 երկրների առաջնորդները պետք է համաձայնության գան, որ պատժամիջոցների նոր փաթեթը տարածվելու է նավթի վրա՝ խողովակաշարով մատակարարվող նավթի ժամանակավոր բացառությամբ։ Այս հարցի շուրջ փոխզիջման չի հաջողվել գալ կիրակի օրը։ Սակայն ԵՄ երկրների առաջնորդները, որոնք Բրյուսելում կհանդիպեն օրվա երկրորդ կեսին, վերջնականապես չեն համաձայնեցնի այս ժամանակավոր բացառության պայմանները, նշվում է տեքստում, որը դեռ կարող է վերանայվել։ Փոխարենը նրանք դիվանգետներին և նախարարներին կխնդրեն գտնել լուծում, որը կապահովի արդար մրցակցությունն այն երկրների միջև, որոնք դեռևս ներկրում են ռուսական նավթը, և այն երկրների, որոնք այլևս նավթ չեն աստանում Ռուսաստանից։ Եվրամիության առաջնորդները կհայտարարեն աջակցությունն Ուկրաինային շարունակելու մասին, կքննարկեն հակամարտության հետևանքների հաղթահարման ուղիները, հատկապես՝ էներգակիների գների կտրուկ աճը և հասունացող պարենային ճգնաժամը։   Նորա Վանյան
15:36 - 30 մայիսի, 2022
Լեհաստանում ասել են, որ ԵՄ-ն անհրաժեշտ միջոցներ չի փոխանցել Վարշավային Ուկրաինացի փախստականների համար |armenpress.am|

Լեհաստանում ասել են, որ ԵՄ-ն անհրաժեշտ միջոցներ չի փոխանցել Վարշավային Ուկրաինացի փախստականների համար |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը դեռ Լեհաստանին չի փոխանցել այն միջոցները, որոնք անհրաժեշտ են  Լեհաստանի տարածքում գտնվող Ուկրաինացի փախստականներին օգնելու համար։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին մայիսի 28-ին հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի փոխնախարար Պավել Շեֆերնակերը։ «Ուկրաինացի  փախստականների ծախսերը, որոնք մենք կրում ենք, հաշվարկված են միլիարդներով, ոչ թե միլիոնավոր եվրոներով: Հետևաբար, ԵՄ օգնությունը փախստականներին օգնող երկրներին նույնպես պետք է տրվի միլիարդներով, ոչ թե միլիոնավոր եվրոներով», - ասել է նա: Շեֆերնակերի խոսքով՝ երեք ամիս առաջ Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ 144,6 մլն եվրո է հատկացնում Լեհաստանին՝ ուկրաինացի փախստականներին օգնելու համար, սակայն Վարշավան դեռ չի ստացել այդ գումարը։ Նա բացատրել է, որ Լեհաստանի կառավարությունը չի կարող փախստականներին օգնել ԵՄ-ի միջոցներից, որոնք երկիրը ստանում է նպատակային ծրագրերի համար։ «Մենք չենք կարող նրանց վերաուղղորդել փախստականներին օգնելու համար, քանի որ այդ դեպքում մենք ստիպված կլինենք հրաժարվել պլանավորված  ծրագրերից: Եվ այն միջոցները, որոնք ԵՄ-ն հատկացնում է միգրացիոն հիմնադրամներից, իսպառ բացակայում են», - ասել է ՆԳՆ փոխնախարարը:
14:15 - 28 մայիսի, 2022
Եթե Ուկրաինան տեղ չունի ԵՄ-ում, հստակ ասեք. Զելենսկի |tert.am|

Եթե Ուկրաինան տեղ չունի ԵՄ-ում, հստակ ասեք. Զելենսկի |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ինքը և Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն ակնհայտ տարաձայնություններ ունեն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում։ Այս մասին նա խոսել է Nieuwsuur-ին տված հարցազրույցում, հայտնում է pravda.com.ua-ը։Զրույցի ընթացքում լրագրողը նշել է, որ մի քանի շաբաթ առաջ Մարկ Ռյուտեն ելույթ է ունեցել Ուկրաինայի խորհրդարանում և Ուկրաինային անվանել եվրոպական ընտանիքի մաս, սակայն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության մասին ոչինչ չի ասել։ Զելենսկին պատասխանել է, որ հինգշաբթի խոսել է վարչապետի հետ։«Ես ազնիվ էի Մարկի հետ, ես նրան այսպիսի մի բան ասացի. «Շնորհակալություն ելույթի համար։ Դուք իսկապես օգնում եք մեզ, և ես շատ շնորհակալ եմ դրա համար: Բայց ինչ վերաբերում է ԵՄ-ին, Դուք լռեցիք այն ամենի մասին, ինչ մենք պարզապես ուզում էինք լսել։ Եթե կարծում եք, որ մենք տեղ չունենք ԵՄ-ում, ապա պետք է դա հստակ ասեք»,- ասել է Զելենսկին։Նրա խոսքով, Ռյուտեն պատասխանել է, որ, իր կարծիքով, ԵՄ-ում Ուկրաինայի համար տեղ կա, «բայց հետո որոշակի քայլեր պետք է ձեռնարկվեն»։ 
13:15 - 28 մայիսի, 2022