Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Ալեն Սիմոնյանի այցը Կանադա հետաձգվել է. հայտնի է պատճառը |armenpress.am|

Ալեն Սիմոնյանի այցը Կանադա հետաձգվել է. հայտնի է պատճառը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության՝ Կանադա կատարվելիք այցը հետաձգվել է՝ պայմանավորված այդ երկրում ստեղծված ներքաղաքական լարվածությամբ։ Այս մասին հայտնել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը: «Կանադական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Կանադայի խորհրդարանի համայնքների պալատի նախագահ Գրեգ Ֆերգյուսի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև, որի ժամանակ Գրեգ Ֆերգուսը խնդրել է այցի ժամկետները հետաձգել՝ մինչև երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծումը, ինչին էլ ի պատասխան Ալեն Սիմոնյանը տվել է իր համաձայնությունը՝ հաշվի առնելով ներկայացված իրավիճակը»,-հայտնել է Հարությունյանը: Նա հավելել է՝ այցի հետաձգման հետ կապված մնացած շրջանառվող վարկածները սուտ են ու իրականության հետ որևէ աղերս չունեն։
14:59 - 23 սեպտեմբերի, 2024
Հայկական ժողովրդավարությունն առաջիկայում եւս շարունակելու է գտնվել բարձր մակարդակի վրա․ Ալեն Սիմոնյանը՝ Ժողովրդավարության միջազգային օրվա առթիվ

Հայկական ժողովրդավարությունն առաջիկայում եւս շարունակելու է գտնվել բարձր մակարդակի վրա․ Ալեն Սիմոնյանը՝ Ժողովրդավարության միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Ժողովրդավարության միջազգային օրվա առթիվ․ «Սեպտեմբերի 15-ն աշխարհում նշվում է որպես Ժողովրդավարության միջազգային օր։ Ժողովրդավարությունն արժեք է, նվաճում, պետությունների զարգացման խթան, առանց որի շատ երկրներ լճանում են ու հետ մնում արագ փոփոխվող աշխարհից։ 2018 թվականի թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետությունը եւս բռնել է ժողովրդավարական բարեփոխումների ուղին, ու մեր քաղաքական թիմը շարունակելու է անշեղորեն գնալ այդ ճանապարհով։ Վստահեցնում եմ, որ հայկական ժողովրդավարությունն առաջիկայում եւս շարունակելու է գտնվել բարձր մակարդակի վրա` մնալով կայուն, աննահանջ ու որպես հաջողված օրինակ ժողովրդավարության ճանապարհը նոր բռնող երկրների համար», - նշված է ուղերձում։
11:14 - 15 սեպտեմբերի, 2024
ՀՀ ԱԺ նախագահն ու Միջխորհրդարանական միության նախագահը անդրադարձել են Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմային

ՀՀ ԱԺ նախագահն ու Միջխորհրդարանական միության նախագահը անդրադարձել են Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմային

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 12-ին հանդիպել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնի և գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:   ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել նրանց Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը Հայաստանում անցկացնելու հնարավորության համար և առաջարկել դիտարկել Հայաստանում նաև Միջխորհրդարանական միության խորհրդարանականների համաժողովն ապագայում անցկացնելու հնարավորությունը:   Տուլիա Էքսոնն իր հերթին խորին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և ջերմ ընդունելության համար:   Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրության ու համագործակցության այլ հարցերի, այդ թվում` Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմային:  
19:31 - 12 սեպտեմբերի, 2024
Ռուս սահմանապահների դուրսբերումն Իրանի և Թուրքիայի հետ սահմաններից անտեղի է ՀՀ անվտանգության տեսանկյունից. Զախարովա
 |azatutyun.am|

Ռուս սահմանապահների դուրսբերումն Իրանի և Թուրքիայի հետ սահմաններից անտեղի է ՀՀ անվտանգության տեսանկյունից. Զախարովա |azatutyun.am|

azatutyun.am: Քանի դեռ իրավիճակը տարածաշրջանում ամբողջությամբ չի կարգավորվել, ռուս սահմանապահների դուրսբերումն Իրանի և Թուրքիայի հետ սահմաններից անտեղի է Հայաստանի անվտանգության տեսանկյունից։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որ Հայաստանի իշխանությունները պետք է մտածեն Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին ռուս սահմանապահների ներկայության նպատակահարմարության շուրջ: «Այնպիսի տպավորություն է, որ Ալեն Ռոբերտովիչն այքնան էլ ուշադիր չի հետևել Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսին։ 1992 թվականին Հայաստանում ռուս սահմանապահների ներկայությունը կարգավորող հիմնական փաստաթուղթը հանրապետությունում ռուսական սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին անժամկետ պայմանագիրն է։ Ռուս սահմանապահները բազմիցս ապացուցել են իրենց ներկայության կարևորությունը», - ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան՝ ընդգծելով, որ այս ոլորտներում եղել է բեղմնավոր, լայնածավալ փոխգործակցություն, ինչը, նրա ձևակերպմամբ՝ «կարծես նյարդայնացնում է Երևանի որոշ քաղաքական գործիչներին»: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը զգուշացրել է, որ հարևանների հետ անկայուն հարաբերությունների պայմաններում արժե մտածել անվտանգության մասին։ «Մարդիկ, ովքեր փորձագետ չեն, փափուկ բազմոցին նստած ազատ արտահայվում են այս թեմայով, երևի ավելի ճիշտ կլինի խոսքը տալ նրանց, ովքեր իրենց կյանքը վտանգի տակ են դնում», - ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։
18:17 - 11 սեպտեմբերի, 2024
Արցախի խորհրդարանի ղեկավարն արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը

Արցախի խորհրդարանի ղեկավարն արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը

Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցն արձագանքել է Հայաստանի խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի հայտարարությանը՝ միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը լուծարելու մասին։ «Արցախի ԱԺ պատգամավորները, ստանալով Արցախի ժողովրդի քվեն 5 տարի ժամկետով, շարունակում են ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կրել արցախահայության ճակատագրի վերաբերյալ և հնարավոր բոլոր ջանքերը գործադրել անվտանգության երաշխիքների ներքո ապահովելու նրանց հավաքական վերադարձը հայրենիք: Ինչ վերաբերում է միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը լուծարելուն, ապա դրա համար կան արձանագրված համապատասխան մեխանիզմներ»,- ասված է Բաղունցի հայտարարությունում։ Նա հիշեցնում է, որ Արցախի ԱԺ միջխորհրդարանական ու բարեկամական խմբերի աշխատանքներն ու հարաբերությունները շարունակվում են Ֆրանսիայի, Կիպրոսի, Հունաստանի, Բելգիայի և այլ երկրների խորհրդարանականների և խմբերի հետ։ Ալեն Սիմոնյաննը Ազգային ժողովի սեպտեմբերի 9-ի նիստին, պատասխանելով Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության ձևաչափը վերականգնելու հարցին, ասել էր․ «Երկրորդ կողմն այլևս իրավազոր չէ և չի ներկայացնում այն, ինչ ժամանակին ներկայացնում էր։ Լեռնային Ղարաբաղի, Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի, նման կարգավիճակ Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկն այլևս չունի։ Ես չգիտեմ՝ ում հետ պետք է քննարկում անցկացնեմ հավանական նիստին»։ Խորհրդարանի խոսնակը հայտարարել էր, որ հարկավոր է ոչ թե վերականգնել, այլ չեղարկել այդ ձևաչափը։
10:14 - 10 սեպտեմբերի, 2024
Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ Լյուքսեմբուրգը ջանքեր կներդնի հայ գերիներին Հայաստան վերադարձնելու հարցում

Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ Լյուքսեմբուրգը ջանքեր կներդնի հայ գերիներին Հայաստան վերադարձնելու հարցում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բետելի գլխավորած պատվիրակությանը՝ նշելով, որ Հայաստանը մեծապես կարևորում է հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունների ամրացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցային հարթակներում: «Հայաստանը բարձր է գնահատում խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման հարցում, և մենք պատրաստակամ ենք խորացնել այդ հարաբերությունները»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը: Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բետելն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար ու ընդգծել, որ Լյուքսեմբուրգը Հայաստանի կողքին է եվրաինտեգրման ճանապարհին: ՀՀ ԱԺ նախագահը Քսավիե Բետելին է ներկայացրել տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը, ինչպես նաև անդրադարձել Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին: Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ Լյուքսեմբուրգը ևս ջանքեր կներդնի հայ գերիներին Հայաստան վերադարձնելու հարցում: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հետաքրքրության բազմաթիվ այլ հարցերի:
20:05 - 09 սեպտեմբերի, 2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահի հետ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահի հետ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։  Շնորհակալություն հայտնելով Հայաստան կատարած այցի համար՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է նման այցերը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից՝ շեշտելով ՀՀ պատրաստակամությունը խորացնելու Իրաքի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները: Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդին իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով Հայաստանի ու Իրաքի հարաբերությունների պատմական հենքը, դրանց նոր խթան հաղորդելու Իրաքի ցանկությունը, ինչպես նաեւ Իրաքում հայկական համայնքի առկայությունը: ՀՀ ԱԺ նախագահը խոսել է նաեւ տարածաշրջանային զարգացումներից՝ վերահաստատելով խաղաղության օրակարգին ՀՀ հավատարմությունն ու հաստատակամությունը: Զրուցակիցները քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրության այլ հարցեր:
18:02 - 09 սեպտեմբերի, 2024
Ալեն Սիմոնյանն աբսուրդ է համարում Ադրբեջանից հնչող հայտարարությունները հայկական բանակի դեմ սահմանափակումներ կիրառելու մասին |armenpress.am|

Ալեն Սիմոնյանն աբսուրդ է համարում Ադրբեջանից հնչող հայտարարությունները հայկական բանակի դեմ սահմանափակումներ կիրառելու մասին |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը աբսուրդ է համարում Հայաստանի զինված ուժերի սպառազինությունը սահմանափակելու մասին Ադրբեջանից հնչող հայտարարությունները։  Սիմոնյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ մեկնաբանելով Ադրբեջանից հնչող հայտարարությունը, թե Հայաստանի զինված ուժերը պետք է սահմանափակ սպառազինություն ունենան։  «Աբսուրդ բաներ չեմ մեկնաբանում։ Համարում եմ, որ այդպես անվերջ կարելի է առաջարկել։ Ադրբեջանը չափից շատ զինվում է, և ուզում եմ հասկանալ, թե ո՞ւմ դեմ է զինվում, որովհետև Հայաստանի դեմ պատերազմի դեպքում այդքան զինանոց պետք չէ։ Պետք է հասկանալ՝ ո՞ւմ հետ է պատրաստվում պատերազմել Ադրբեջանը։ Հայաստանի պաշտպանության և բանակի հարցը մեր ներքին գործն է»,-եզրափակեց Սիմոնյանը։
14:31 - 09 սեպտեմբերի, 2024
Ալեն Սիմոնյանը կարծում է՝ Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը պետք է չեղարկել |azatutyun.am|

Ալեն Սիմոնյանը կարծում է՝ Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը պետք է չեղարկել |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ֆորմատը պետք է չեղարկել։ «Ես կարծում եմ, որ այդ ֆորմատը պետք է լուծարել, քանի որ երկրորդ կողմն այլևս իրավազոր չէ և չի ներկայացնում այն, ինչ ժամանակին ներկայացնում էր», - խորհրդարանում նիստի մեկնարկին հայտարարեց Սիմոնյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե մտադի՞ր է առաջիկայում՝ երկարատև ընդմիջումից հետո, այդ հանձնաժողովի նիստ գումարել։ Ալեն Սիմոնյանն ասաց, որ պետք է լրջորեն քննարկել միջխորհրդարանական հանձնաժողովը չեղարկելու հարցը, որովհետև «Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի, և նման կարգավիակ ՀՀ-ում այլևս ոչ ոք չունի»՝ ԼՂ իշխանությունների որոշմամբ։ Ընդդիմադիր պատգամավորը մեջբերեց իրավական ակտերը՝ նշելով, որ Արցախի Ազգային ժողովը իրավասու չեն համարել չեղյալ։ Ավելի վաղ Հայաստանի իշխանությունները տարբեր առիթներով մի քանի անգամ հայտարարել են, որ Ղարաբաղի լուծարումից հետո Արցախի պետական կառույցների գործունեությունը ուղիղ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար։ Անդրադառնալով Արցախը լուծարելու մասին իր ստորագրած հրամանագրին՝ նախորդ տարեվերջին Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն ընդգծել էր, թե Արցախի իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները:
11:13 - 09 սեպտեմբերի, 2024
ԱԺ հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 44 հարց

ԱԺ հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 44 հարց

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ սեպտեմբերի 6-ին նիստ է հրավիրել ՀՀ ԱԺ խորհուրդը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհուրդը հաստատել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 44 հարց: Խորհրդի որոշմամբ հաստատվել է ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակով Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակության կազմը: Պատվիրակությունում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կունենա չորս անդամ, իսկ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը՝ երկու: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը գործընկերներին ներկայացրել է ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի ընթացքում միջխորհրդարանական կապերի վերաբերյալ տեղեկանքը:  
18:49 - 06 սեպտեմբերի, 2024