Ֆրանսիան այս դժվարին պահին Հայաստանի կողքին է. Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարին
 |1lurer.am|
15:28 - 11 դեկտեմբերի, 2023

Ֆրանսիան այս դժվարին պահին Հայաստանի կողքին է. Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Բերտրան Բուիքսին: Հանդիպմանը ներկա է եղել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:

Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ԵԽԽՎ-ում մեր երկու պատվիրակությունների միջև հաստատված ջերմ հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը: Հայաստանանպաստ գործունեության համար Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել նաև 97 պատգամավորից բաղկացած Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբին, որի ակտիվ անդամ է նաև Բերտրան Բուիքսը:

Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ խորացող և ամրապնդվող հարաբերություններին,  Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությանը, երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հնարավորություններին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացների անշեղորեն իրականացմանը: Բերտրան Բուիքսի խոսքով՝ ոգեշնչող է, որ ի հեճուկս տեղի ունեցած բարդ իրադարձությունների՝ Հայաստանում ժողովրդավարությունն ամուր է և տեսանելի: ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարը կարևոր քայլ է համարել ՀՀ ԱԺ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը:

Խոսելով տարածաշրջանային մարտահրավերների մասին՝ կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի, Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ վերադարձի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

Ֆրանսիացի հյուրը վերահաստատել է՝ Ֆրանսիան հավատարիմ է հայ-ֆրանսիական բարեկամությանը և այս դժվարին պահին Հայաստանի կողքին է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել