civilnet.am: Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել ինչ-որ հարցեր, որոնք արհեստականորեն կդժվարացնեն Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը։ Այս մասին դեկտեմբերի 7-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, որ եթե Հայաստանը ցանկանում է խաղաղության պայմանագրի սևագրում ներառել ԼՂ-ի հայերի իրավունքների հարցերը, ապա դա փոխադարձ պետք է վերաբերվի Հայաստանից հեռացած ադրբեջանցիների վերադարձի և ապրելու իրավունքներին։
«Կարծում եմ՝ Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել ինչ-որ հարցեր, որոնք արհեստականորեն, միգուցե, կդժվարացնեն խաղաղության պայմանագրի կնքումը: Այն, ինչ-որ մենք փոխանցել ենք, և այն, ինչ-որ մենք բանակցում ենք, մենք էլ լավ գիտենք, իրենք էլ լավ գիտեն ու հիմա անընդհատ դրա մասին խոսելն արհեստական խնդիրներ է առաջացնում։ Ակնհայտ է, որ մենք, իրոք, խոսում ենք խաղաղության մասին, այլ ոչ թե թուղթ ենք ստորագրում կամ ձև ենք անում։ Հիմա, որ վրացիները գալիս են Հայաստան ապրելու, որևիցե խոչընդոտ կա՞ կամ հայերը, որոնք գնում են Վրաստան։ Մենք Վրաստանի հետ պայմանագրի մեջ գրե՞լ ենք դրա մասին։ Իհարկե, չենք գրել», – նշել է Սիմոնյանը։
ԱԺ նախագահը չի բացառում, որ հայերը կգնան, Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիները՝ Հայաստանում, բայց պետք է ինչ-որ ժամանակ անցնի, և ադրբեջանական կողմն էլ նվազեցնի ատելության խոսքը։
«Պետք է հասկանալի լինի, որ, այո՛, ժամանակ կանցնի և, չեմ բացառում, որ հայերը կգնան Ադրբեջանում կապրեն և ադրբեջանցիները կգան Հայաստանում կապրեն, առևտուր կանեն իրար հետ։ Այո՛, խաղաղության ենք գնում, խաղաղությունն այլ կերպ չի լինում ու այն պնդումները, որ մենք իրար հետ հակամարտել ենք և մեզ համար անլուծելի խնդիր է՝ ինձ համար անընդունելի է, որովհետև պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր։ Անգլիան և Ֆրանսիան 116 տարի պատերազմել են և այսօր Անգլիան ու Ֆրանսիան դաշնակիցներ են»,- ասել է Ալեն Սիմոնյանը։
comment.count (0)