Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Նոր ավտոբուսները կշահագործվեն առաջիկա օրերին․ Հակոբ Կարապետյանը՝ հայտարարված ժամկետից ուշացման մասին |armtimes.com|

Նոր ավտոբուսները կշահագործվեն առաջիկա օրերին․ Հակոբ Կարապետյանը՝ հայտարարված ժամկետից ուշացման մասին |armtimes.com|

armtimes.com։ Երեւանում նոր ավտոբուսների շահագործումը հետաձգվել է։ Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը վստահեցրեց՝ ուշացումը կտեւի միայն մի քանի օր։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ նոր ավտոբուսները երթուղի դուրս կգան այս տարվա հունվարին, ինչը, փաստորեն, տեղի չունեցավ։ Կարապետյանի պարզաբանմամբ՝ ձգձգումը կապված է փաստաթղթավորման գործընթացի հետ, որը տեւեց ավելի երկար, քան նախատեսում էին ի սկզբանե։ Ձեռքբերված նոր ավտոբուսները քաղաքապետարանը պետք է անհատույց օգտագործման հանձնի իր ենթակայությամբ գործող «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ին, որպեսզի վերջինս կարողանա շահագործել այդ մեքենաները։ Խնդիրը, ըստ նրա, կապված է միայն այդ ձեւակերպումները ձգձգվելու հետ։ Ինչ վերաբերում է ավելի վաղ տարածված այն տեղեկություններին, թե ավտոբուսների ձեռքբերման գործընթացում չարաշահումներ են հայտնաբերվել, ու նույնիսկ հնարավոր է՝ քրեական գործ հարուցվի, Հակոբ Կարապետյանը անհեթեթություն որակեց։ «Անհեթեթություն է։ Բամբասանքներ չեմ մեկնաբանում»,- ասաց նա։ Երեւան համայնքի միջոցներով ձեռք բերված կոմպակտ դասի 100 փոքր ավտոբուսներից 30-ը, որոնք արդեն քաղաքում են եւ պետք է շահագործվեին հունվարից, առաջիկա օրերին կշահագործվեն 3 երթուղիներում։ Խոսքը նախկին 26, 99 միկրոավտոբուսային երթուղիների մասին է, իսկ երրորդը կլինի նոր երթուղի։ Հակոբ Կարապետյանը նշեց, որ ավտոբուսները շահագործվելու ժամկետը հետաձգվելուց բացի՝ այլ փոփոխություն նախատեսված չէ։
15:12 - 01 փետրվարի, 2021
Տնտեսվարողների պարտականությունները ձյան տեղումների ժամանակ. քաղաքապետարանի պարզաբանումը

Տնտեսվարողների պարտականությունները ձյան տեղումների ժամանակ. քաղաքապետարանի պարզաբանումը

Մայրաքաղաքի ձնամաքրմամբ զբաղվում է հիմնականում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը, իսկ հատկապես մայթերի մաքրման գործում պատասխանատու են նաև տնտեսվարողները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:  Դեռևս 2009-ին Երևանի ավագանին հստակ կարգ է սահմանել անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Համաձայն որոշման՝ տնտեսվարողները պարտավոր են ոչ միայն ամեն օր մաքրել տեղացած ձյունը, այլև տեղումների դադարից հետո ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերի ասֆալտբետոնե ծածկերը և սալիկապատ հատվածները: «Հարակից հատվածը ենթադրում է տնտեսվարողի հարակից հատվածն ամբողջությամբ, այսինքն՝ մինչև երթևեկելի գոտի, մինչև մայթի եզրի հատվածը, թե՛ բարեկարգման, թե՛ ձնամաքրման աշխատանքներ: Տնտեսվարողները հենց իրենց տնտեսական գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով պետք է նախևառաջ շահագրգռված լինեն բարեկարգման աշխատանքները, հետո նաև օրենքով սահմանված պարտականություններն իրականացնելու գործում»,- նշում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արամ Մարտիրոսյանը: Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը նախատեսում է տուգանք՝ 15.000-20.000 դրամի չափով: Վարչական շրջանների աշխատակազմերը պարբերաբար ծանուցում են ուղարկում տնտեսվարողներին, հորդորում աշխատանքներն իրականացնել ժամկետում և պատշաճ ձևով, բայց ոչ բոլորն են պահպանում նորմերը: Նրանց կողքին, սակայն, քաղաքում կան բազմաթիվ գործարարներ, որոնք բարեխղճորեն կատարում են ավագանու որոշումը: «Բոլոր տնտեսվարողներին տրամադրվել են և բարեկարգմանն առնչվող նախագծերը և սխեմաները՝ իրենց տարածքները ճշտելու համար»,- ընդգծում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արսեն Ղևոնդյանը: «Վարչական շրջանի ղեկավարի վրա Երևանի ՏԻՄ օրենքով պարտականություն է դրված, որով վերջինս վերահսկում է այդ աշխատանքների ընթացքը, ինչպես նաև վարչական շրջանի ղեկավարը վարչական տույժ կիրառելու լծակներ ունի այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք ավագանու սահմանած պարտականությունները չեն կատարում»,- ասում է Արամ Մարտիրոսյանը: Օրերս կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը վարչական շրջանների ղեկավարների առջև հստակ պահանջ դրեց՝ հետևողական աշխատանք տանել ավագանու որոշումը կատարելու նպատակով: «Ամեն անգամ, երբ գնում ես քաղաք, որտեղ ամեն ինչը օրենսդրորեն ճիշտ է կազմակերպված, հասկանում ես, որ քաղաքային իշխանությունները շատ ավելի թեթև և ոչ գերծանրաբեռնված են աշխատում՝ ընդամենը ճիշտ օրենքների կիրառմամբ: Այն է՝ տնտեսվարող օբյեկտներ՝ իրենց դիմացի մայթերով, համատիրություններ՝ իրենց բակային տարածքներով: Պետք է համակարգը ճիշտ կազմակերպված լինի, չես կարող մի հիմնարկի վրա դա դնել»,- նկատում է քաղաքապետը: Պարտադիր բարեկարգման պահանջը, ի դեպ, նշանակում է ոչ միայն մաքրել հարակից տարածքը ձնից ու սառույցից, այլև կանաչապատել ու սալիկապատել մայթերը: Սոցիալական պատասխանատվության այս մոտեցումն ընդունված է աշխարհի զարգացած շատ երկրներում: Օրինակ՝ Երևանի Կենտրոնում ավելի քան 4000, իսկ Արաբկիրում շուրջ 2150 տնտեսվարող կա, և եթե նրանցից յուրաքանչյուրը կատարի օրենքի պահանջը, ապա մայրաքաղաքը հաստատ ավելի մաքուր ու բարեկարգ կլինի:
12:34 - 29 հունվարի, 2021
Երեւանի քաղաքապետարանին կից ՀՈԱԿ-ը կհավաքագրի պլաստիկի թափոնները եւ կվաճառի 1 կգ-ը 90 դրամով |armtimes.com|

Երեւանի քաղաքապետարանին կից ՀՈԱԿ-ը կհավաքագրի պլաստիկի թափոնները եւ կվաճառի 1 կգ-ը 90 դրամով |armtimes.com|

armtimes.com: Երեւանի քաղաքապետարանն, ինչպես հայտնի է, աղբի տեսակավորման նոր գործընթաց է սկսել եւ արդեն մեկ ամսից ավելի է`մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում հերթով տեղադրվում են տեսակավորման թափոնամաններ։ Գործընթացը դեռ չի ավարտվել։ Յուրաքանչյուր թափոնաման կոնկրետ տեսակի թափոնի համար է նախատեսված՝ դեղինը թղթի, ստվարաթղթի, ամսագրերի ու թերթերի, մոխրագույնը՝ ապակու, կապույտը՝ պլաստիկի՝ սպասք, շիշ, պոլիէթիլենային տոպրակ։ Երեւանի քաղաքապետարանին կից «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն էլ թափոնների տեսակավորման արդյունքում հավաքված պլաստիկը վաճառելու նպատակով աճուրդ է հայտարարել։ Այն կայանալու է հունվարի 29-ին։ Աճուրդին կարող են մասնակցել յուրաքանչյուր ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, որոնք զբաղվում են պլաստիկի վերամշակմամբ։ 1 կիլոգրամ պլաստիկը ՀՈԱԿ-ը որոշել է վաճառել 90 դրամով։ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի թափոնների տեսակավորման վարչության պետ Հայկ Հովհաննիսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ պլաստիկի գինը որոշել են շուկայի երկարատեւ ուսումնասիրությունից հետո։ Աճուրդը հաղթող ընկերությունը կիլոգրամի դիմաց նշված գումարը վճարելով՝ ՀՈԱԿ-ից կգնի վերամշակման ենթակա պլաստիկի թափոնները։ Սակայն հավաքագրումը իրականացնելը ՀՈԱԿ-ի գործառույթն է լինելու։ Թափոնների տեսակավորման վարչությունն իրեն կցված մեքենաներով, ու մեխանիզմով է իրականացնում այդ գործընթացը։ Աճուրդում հաղթողը պարտավորվում է գնել եւ վերամշակել այնքան թափոն, ինչքան մատակարարվի իրեն։ Հաղթող ճանաչված մասնակցի հետ կկնքվի պլաստիկի առքուվաճառքի պայմանագիր մեկ տարի ժամկետով։ Պլաստիկի թափոններից ստացված հասույթը վերադառնալու է Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին։ «Եթե կարողանանք շատ գումար հետ բերել, ապա Երեւանի ավագանու որոշմամբ՝ այն կուղղենք ոլորտում նպատակային ծախսերին»,- ասաց Հայկ Հովհաննսիյանը։ Վերջինս չթաքցրեց, որ ցանկալի էր հենց իրենց վարչություն այդ գումարները վերադարձվեն, որպեսզի կատարելագործեն թե՛ ավտոպարկը եւ թե՛ թափոնների հավաքագրման մնացած միջոցները։ Նա վստահեցրեց՝ այս ծրագիրը հետապնդում է բացառապես էկոլոգիական խնդրի լուծում։ Մեկ մեքենայով հավաքում են ստվարաթուղթը, մյուսով՝ ապակին եւ պլաստիկը։ Ստվարաթղթի ու ապակու թափոնները հավաքագրումից անմիջապես հետո դրանք գնում են վերամշակող կազմակերպությունները, որոնց հետ ՀՈԱԿ-ն արդեն պայամանգրեր է կնքել։ Հովհաննիսյանը մանրամասնեց թափոնների վերամշակման աճուրդներ կազմակերպում են նախորդ տարվանից, բայց պայմանագրեր ունեն միայն ստվարաթղթի, սպիտակ թղթի ու ապակու թափոնների համար։ Պլաստիկի վերամշակման համար նախորդ տարի երկու անգամ աճուրդ են հայտարարել, սակայն հաղթող կազմակերպության հետ պայմանագիրը չի կնքվել, քանի որ պատրաստ չի եղել ՀՈԱԿ-ի տրամադրած պլաստիկի բոլոր տեսակներն ընդունելուն (միայն շշերի համար է պատրաստակամություն հայտնել)։ Մասնակից ընկերությունը պիտի նախապես հաշվի առնի, որ պարտավորվում է բոլոր տեսակի պլաստիկի վերամշակմում իրականացնել։ 2021 թվականից թափոնամաններից հավաքագրվող պլաստիկը ժամանակավորապես տեղափոխվում է ՀՈԱԿ-ի ենթակայության տակ եղած պահեստ։ Աճուրդը կայանալուց հետո, ՀՈԱԿ-ի միջոցներով կտեղափոխվի վերամշակման գործարան։ Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանում քիչ կազմակերպություններ կան, որոնք զբաղվում են ցանկացած տեսակի պլաստիկի ընդունմամբ։ «Ցավոք սրտի տվյալ կազմակերպությունները հիմնականում կենտրոնցված են Երեւանում, բայց ունենք նաեւ Գյումրիում, Վանաձորում։ Բոլորն էլ մասնավոր են։ Պետական մակարդակով մենք նոր ենք սկսում տեսակավորման պրոցեսը, որը աղբի կառավարման առաջին լուրջ քայլն է»,-ասաց վարչության պետը։ Նա նաեւ կարծիք հայտնեց, որ մի քանի տարի հետո տեսակավորման այս աշխատանքի արդյունքները եւս կարող են հիմք հանդիսանալ պետական մակարդակով քայլեր ձեռնարկելու։ «Որպեսզի հասկանանք, թե որտեղ կարող ենք օգտագործել մեր սեփական ռեսուրսները։ Սա արդեն կախված է նաեւ Կառավարության մոտեցումից, թե ինչ ենք մենք ուզում՝ շարունակելո՞ւ ենք ներկրել գազ, նավթ, թե որոշակի քանակ պակասեցնելու ենք եւ օրինակ՝ մեր աղբը վերածելու բիոգազի՝ ինչպես Շվեդիայում է»,-կարծիք հայտնեց նա։ Հովհաննիսյանը հայտնեց՝ թափոնամաններ են տեղադրվել մայրաքաղաքի 60 կետերում, ընդհանուր առմամբ՝ արդեն 180 թափոնաման։ Նախատեսվում է գոնե սկզբնական շրջանում Երեւանում ունենալ տեսակավորման 130-ից 135 կետ։ «Այս պահի դրությամբ, բացառությամբ Մալաթիա- Սեբաստիա, Շենգավիթ, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների, մնացած բոլորում արդեն տեղադրված է»,-հայտնեց նա։ Հովհաննիսյանից հետաքրքվեցինք, թե մեր քաղաքացիներն արդեն նորմալ իրազեկվե՞լ են եւ արդյո՞ք պատշաճ կերպով են օգտվում թափոնամաններից։  «Մեր հանրությունը կարծես սպասում էր այս քայլին, եւ ամեն ինչ նորմալ ընթանում է։ Թափոնամանները 85 տոկոսով նպատակային են օգտագործվում։ Բնականաբար դեպքեր ունեցել ենք։ Անգամ մի դեպք ունեցանք, երբ ապակու համար նախատեսված թափոնամանը գողացել էին։ Այս պահի դրությամբ իրավիճակը սպասվածից էլ ուրախալի է»,- փաստեց մեր զրուցակիցը։ Վարչության պետը հայտնեց, որ որոշել էին իրազեկման մեդիաարշավ իրականացնել գոնե 4 կամ 6 շաբաթ, ապա դրանից հետո ներ տեղադրել թափոնամանները, որպեսզի քաղաքացիները պատրաստ լինեին տեսակավորման գործընթացին։ Իրազեկման աշխատանքները պետք է մեկնարկեին 2020 թվականի հոկտեմբերի 1-ից, սակայն օբյեկտիվ պատճառներով (Ադրբեջանի սկսած պատերազմի պատճառով, հեղ․) չեն կարողացել։ Որոշել են ամեն դեպքում տեղադրել թափոնամաններն ու հընթացս կատարել իրազեկման աշխտանքները։ Գերմանիայում օրինակ՝ պլաստիկ շշերը ապակու շշերի նման հանձնում են, դրանք բավականին արժեք ունեն, ու մարդիկ շահագրգռված են պլաստիկ շիշը վերադարձնել եւ ոչ թե գցել այս ու այն կողմ։ Հայկ Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե իսկ մեզ մոտ ընտրված տարբերակով ի՞նչն է մարդկանց շահագրգռելու, որ պլաստիկը չթափեն որտեղ պատահի։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:33 - 26 հունվարի, 2021
2021-ին նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն կտեղադրի 300 նոր վերելակ. Երևանի քաղաքապետարան

2021-ին նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն կտեղադրի 300 նոր վերելակ. Երևանի քաղաքապետարան

Երևանում գործող վերելակների գրեթե 70 տոկոսը շահագործվում է ավելի քան 40 տարի, այնինչ յուրաքանչյուր վերելակ շահագործումից պետք է դուրս գար 25 տարի անց: Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ քաղաքապետարանն այս տարի նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն կտեղադրի 300 նոր վերելակ։ Միջոցները կհատկացվեն համայնքային բյուջեից: 2019թ. մեկնարկած փորձնական ծրագիրը դարձավ հիմնական՝ իր աննախադեպ ծավալներով:«Ամբողջ հետխորհրդային շրջանում մոտ 35 վերելակ է ընդամենը փոխվել Երևանում, իսկ միայն Մարությանի քաղաքապետ դառնալուց հետո արդեն իսկ փոխվել է 520 վերելակ, և այդ գործընթացը շարունակական է»,- ասում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը:«Երևանի վերելակներից ¼-ից մի փոքր ավելին գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ծավալը հասկանում եք՝ ինչքան մեծ է, բայց այս տեմպով շարունակելու դեպքում, կարծում եմ, առաջիկա տարիներին Երևանն ամբողջությամբ այլ անվտանգ միջավայր կունենա»,- նշում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը:«Ընդհանուր առմամբ Նոր Նորք վարչական շրջանում կա 596 վերելակ, որից արդեն 111-ը փոխված է: Ես հասկանում եմ, որ մյուս շենքերում որտեղ դեռևս չեն փոխվում, մարդիկ բոլորն էլ ցանկություն ունեն, որ փոխվի: Ուզում եմ բնակչությանը տեղեկացնել, որ իրենց հերթն էլ կհասնի»,- նկատում է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանը: Այսօր մայրաքաղաքում փոխարինման ենթակա շուրջ 3000 վերելակ կա: Հաշվի առնելով ծրագրի ծավալներ՝ նախ ընտրվում են ամենամաշվածները:«Վերելակներն առհասարակ իրենց պիտանելիության ժամկետը սպառել են ամբողջ քաղաքով մեկ, բնական է, հնարավոր չէ միանգամից և բոլորը փոխել և ինչպես էլ կատարվի ընտրությունը, ինչքան էլ փորձենք օբյեկտիվ պայմաններ հաշվի առնել, այո, լինելու են նաև բնակիչներ, որ թվալու է իրենց վերելակն ավելի կարևոր էր, բայց հավատացնում եմ ձեզ, փորձում ենք նախևառաջ հաշվի առնել մասնագետների տված եզրակացությունը»,- ընդգծում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը:«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով վերելակը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է բնակարանների սեփականատերերին՝ այսինքն բնակիչներին: Խնդրի սոցիալական նշանակությունն ու քաղաքացիների անվտանգության հարցը ստիպեց համայնքային իշխանությանը՝ նախաձեռնելու ծրագրի իրագործումը:Այս տարի նոր վերելակներ կտեղադրվեն նաև պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած քաղաքացիների շենքերում: Մուտքերը ևս կհարմարեցվեն սայլակով տեղաշարժին: Վերելակների փոխարինման ծրագրի տեխնիկական բնութագրում, ի դեպ, որպես պարտադիր պահանջ, մի շարք չափորոշիչներ են սահմանված: Տեղադրվող բոլորովին նոր վերելակները հարմարեցվում են տեսողության, լսողության և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը։      
19:18 - 18 հունվարի, 2021
Նոր համազգեստ, GPS համակարգ, տեսախցիկ․ Երևանի փողոցներում մինչև հունվարի վերջ կհայտնվի 30 նոր միկրոավտոբուս |armenpress.am|

Նոր համազգեստ, GPS համակարգ, տեսախցիկ․ Երևանի փողոցներում մինչև հունվարի վերջ կհայտնվի 30 նոր միկրոավտոբուս |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետարանի բյուջեի միջոցներով գնված 100 փոքր տարողության ավտոբուսների առաջին խմբաքանակը շահագործման կհանձնվի մինչև հունվարի վերջ։ Այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։  «Այս երթուղիները նախկինում գործողներն են, բավականին ակտիվ և բանուկ են եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով սկսել են չշահագործվել մասնավորի կողմից։ Այդ երթուղիները կգործեն որոշ փոփոխություններով։ Այս պահին տարվում են նախապատրաստական աշխատանքները, ավտոբուսները կահավորվում են GPS համակարգերով և տեսախցիկներով, տեղի է ունենում նաև արտաքին ձևավորում»,- նշեց Կարապետյանը։  Պատասխանելով վարորդների վերաբերյալ հարցին, քաղաքապետի մամուլի խոսնակն ընդգծեց, որ նրանք կրելու են համազգեստ, դրանց դիզայնը նույնպես հայտնի է, և այն արդեն կարվում է։ Կարապետյանն ասաց, որ երթուղիները լինելու են երեքը  և առաջիկայում կնշվի դրանց շահագործման հստակ օրը, ներկայում փաստաթղթերի ձևակերպման հետ կապված գործընթացներ են։ Առաջին երթուղին սպասարկելու է Շենգավիթ վարչական շրջանի Չարբախ թաղամասից մինչև Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր թաղամաս ընկած հատվածը։ Երկրորդը՝ հարավ-արևմտյան թաղամասը կապելու է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող 8-րդ հիվանդանոցի հարակից տարածքի հետ։  «Երրորդ գիծն էլ Աջափնյակ վարչական շրջանի «Խոպան» կոչվող թաղամասը կապելու է Նորք Մարաշ վարչական շրջանի հետ։ 3 գիծն էլ իրար հետ կապվելու են Կենտրոն վարչական շրջանի տարածքով»,- նշեց Կարապետյանն ու հավելեց, որ արդեն ներկրված 100 ավտոբուսից 40-ը կլինի երկրորդ խմբաքանակում, ևս 30-ն էլ երրորդում։ Ըստ քաղաքապետի մամուլի խոսնակի` դրանք կսկսեն շահագործվել առաջիկա 1-2 ամսվա ընթացքում։  Քաղաքապետի մամուլի խոսնակը նաև շեշտեց, որ մրցույթի է դրվել միջին դասի (8,5 մետրանոց) 160 ավտոբուսի գնման գործընթացը, և կա որոշակի հավանականություն, որ այդ թիվը կարող է մեծանալ։ Ընթացքի մեջ է նաև ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ 112 մետրանոց ավտոբուսների գնման գործընթացը, որը չէր կայացել 2020 թվականին։  Կարապետյանը շեշտեց, որ սակագնի փոփոխություն չի լինի, սկզբնական շրջանում, վճարման եղանակն ինչպես եղել է, այդպես էլ կմնա։
10:31 - 13 հունվարի, 2021
Շտապօգնությունն այս տարի ստացել է մոտ 60 հազարով ավելի կանչ |shantnews.am|

Շտապօգնությունն այս տարի ստացել է մոտ 60 հազարով ավելի կանչ |shantnews.am|

shantnews.am: «Շտապօգնություն» ՓԲԸ–ի տնօրեն Թագուհի Ստեփանյանն այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է, որ ողջ տարվա կտրվածքով իրականացրել են 322 հազար 167 կանչ: 2020 թվականի այդ ցուցանիշը 59 հազար 726 կանչով ավելին է՝ 2019 թվականի համեմատությամբ: «Մանկական կանչերի թիվը 2020 թվականին բավականին պակասել էր․ 8071 կանչով իրականացրել ենք ավելի պակաս, քան 2019 թվականին: Հիվանդանոց ենք տեղափոխել 3911 հիվանդով պակաս, քան 2019 թվականին», – ասել է Ստեփանյանը: Ինչ վերաբերում է կանչերի բնույթին, առաջին տեղում դարձյալ սրտանոթային հիվանդությունների հետ կապված կանչերն են, ապա կանչերը՝ սուր շնչառական հիվանդությունների և վնասվածքների համար. «Ի դեպ, պետք է ասեմ, որ 4068 կանչով ավելի քիչ ենք սպասարկել վնասվածքներով հիվանդների, քան 2019 թվականին: Իսկ սուր շնչառական հիվանդություններով հիվանդները 13 հազար 735-ն էին»։
12:50 - 11 հունվարի, 2021
«Հայփոստի» շենքի վերակառուցման հրապարակված նախագիծը քաղաքային իշխանությունը չի հաստատել. քաղաքապետարանի խոսնակ

«Հայփոստի» շենքի վերակառուցման հրապարակված նախագիծը քաղաքային իշխանությունը չի հաստատել. քաղաքապետարանի խոսնակ

«Հայփոստ» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված՝ «Հայփոստի» շենքի վերակառուցման նախագիծը հաստատված չէ քաղաքային իշխանության կողմից: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը:     ««Հայփոստի» ներկայացուցիչների և քաղաքապետ Հայկ Մարությանի միջև նախագծի վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել այս տարվա սեպտեմբերի 17-ին: Այնուհետև նախագիծը քննարկվել է քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդում, որտեղ նկարում երևացող էսքիզը, ըստ էության, չի հաստատվել: Հասկանալի է, որ նախագիծը չի ստացել նաև ճարտարապետա-հատակագծային առաջադրանք և շինթույլտվություն:   Պետական սեփականություն հանդիսացող «Հայփոստի» գլխավոր մասնաշենքի վերաբերյալ ծրագրերը հետագա քննարկման առարկա են»,- գրել է Կարապետյանը:
13:36 - 27 դեկտեմբերի, 2020
Երևանի Կենտրոնի ավտոկայանատեղիները կարող են ծառայել որպես թաքստոց. նկուղների խնդիրը մտահոգիչ է |armenpress.am|

Երևանի Կենտրոնի ավտոկայանատեղիները կարող են ծառայել որպես թաքստոց. նկուղների խնդիրը մտահոգիչ է |armenpress.am|

armenpress.am: Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում որպես թաքստոց և ապաստարան կարող են ծառայել բազմաբնակարան շենքերի նկուղները, ավտոկայանատեղիները: Այս մասին Երևանի ավագանու նիստում ասաց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով նկուղները որպես ապաստարան օգտագործելու հարցին: «Երևանում ունենք 4622 բազմաբնակարան շենք, սակայն ոչ բոլորում կա նկուղ: Մայրաքաղաքում կան և թաքստոցներ, և ապաստարաններ: Հիմնականում բազմաբնակարան շենքերում թաքստոցներ են դառնում նկուղները: Աշխատանքները հեշտ է կազմակերպել Կենտրոն վարչական շրջանում, որտեղ որպես թաքստոց կծառայեն ավտոկայանատեղիները, բազմահարկ շենքերի նկուղները: Պատերազմի ընթացքում այս առումով տարբեր խնդիրներ ի հայտ եկան»,- նշեց Սարգսյանը: Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ խոսելով նույն հարցի շուրջ` նշեց, որ Երևանի բազմաբնակարան շենքերի նկուղներում հավաքված աղբը, վիճակը, խնդիրները 1-2 օրում հնարավոր չէ լուծել: «Իրականում դա հենց բնակիչների սուրբ գործն է նաև դատարկ պահել այդ նկուղները, որոնք իրենք զավթել են, փակել են: Անձամբ ես եմ գնացել, ասել, որ բաց պետք է պահեք նկուղները, բացել եմ, հետո մի քանի օրից նորից փակում են, ասում են՝ մեր ապրանքը կգողանան: Նրանց ասել եմ, եթե մի բան սկսի, այդ ապրանքն է կարևոր, թե բնակիչների կյանքը: Ես հիմա կարող եմ ասել, որ անհավանական է, որ մեկ տարում այդ նկուղները բոլորը դատարկենք: Դրա ՕԳԳ-ն կարելի է մեծացնել, եթե բնակիչները իրենք իրենց նկուղները դատարկեն և տրամադրեն շենքին: Մենք չունենք լծակ, որ ստիպողաբար դատարկենք նկուղները»,- ասաց քաղաքապետը:
16:47 - 23 դեկտեմբերի, 2020
Պարգևատրման ֆոնդը 2021-ի բյուջեով կրճատվել է 50 տոկոսով. Հակոբ Կարապետյանը մանրամասներ է հայտնել 2021 թ. բյուջեից

Պարգևատրման ֆոնդը 2021-ի բյուջեով կրճատվել է 50 տոկոսով. Հակոբ Կարապետյանը մանրամասներ է հայտնել 2021 թ. բյուջեից

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ տեղեկացնելով, որ Երևանի ավագանին հաստատել է քաղաքի 2021 թ. բյուջեն: «Ներկայացնեմ մի քանի փաստ՝ բյուջեից.   Տրանսպորտային համակարգի արդիականացում ծրագրով 4 մլրդ դրամ է նախատեսվել հին տրանսպորտային միջոցները նորերով փոխարինելու համար:   «Վերելակների հիմնանորոգում և պահպանում» ծրագրի իրականացման համար նախատեսվել է 1 մլրդ 145,6 մլն դրամ: Ի դեպ, այս գումարից 1 մլրդ դրամը կուղղվի ևս 100 նոր վերելակների ձեռքբերմանը:   «Կանաչ տարածքների հիմնում և պահպանում» ծրագրով նախատեսվել է 3 մլրդ 750,0 մլն դրամ, որից 350 մլն դրամը նախատեսված է տրանսպորտային հատուկ միջոցների ձեռքբերման համար:   Ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման, վերանորոգման և պահպանման համար բյուջեից կհատկացվի 3 մլրդ 826,0 մլն դրամ:   Սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման համար նախատեսված է շուրջ 600 մլն դրամ:   Պարգևատրման ֆոնդը, ի դեպ, 2021-ի բյուջեով կրճատվել է 50 %-ով. այն կազմում է 1 մլրդ դրամ:   2020 թ. ճշտված բյուջեի սեփական եկամուտների նկատմամբ 2021-ի սեփական եկամուտները ավելացել են 3 մլրդ 683,5 մլն դրամով»,- գրել է Կարապետյանը:      
16:27 - 23 դեկտեմբերի, 2020
2021-ին կմեկնարկի Երևանի կենտրոնը շրջանցող նոր՝ Արշակունյաց-Իսակով ճանապարհի շինարարությունը |1lurer.am|

2021-ին կմեկնարկի Երևանի կենտրոնը շրջանցող նոր՝ Արշակունյաց-Իսակով ճանապարհի շինարարությունը |1lurer.am|

1lurer.am: Բաբաջանյան-Աշտարակ և Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածների շինարարական աշխատանքները կավարտվեն 2021 թվականին: Այդ մասին Երևանի ավագանու նիստում հայտնեց քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը:  Նա տեղեկացրեց, որ հաջորդ տարի կմեկնարկի նոր՝ Արշակունյաց-Իսակով ճանապարհահատվածի շինարարությունը:   Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ Բաբաջանյան-Աշտարակ և Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածների շահագործմամբ կթեթևանա մայրաքաղաքի տրանսպորտային լարվածությունը, հնարավոր կլինի շրջանցել Երևանի կենտրոնը՝ չծանրաբեռնելով երթևեկությունը:  Ինչ վերաբերում է նոր նախագծին, ապա, ըստ քաղաքապետի, այն գրեթե ամբողջությամբ կլիցքաթափի Արշակունյաց պողոտան, մասնավորապես, Կրկեսին հարակից տարածքը: Հ.Մարությանը հայտնեց նաև, որ առաջիկա երեք տարում Արշակունյաց փողոցում կկառուցվեն նաև բազմաբնակարան և հանրային նշանակության շենք-շինություններ:
15:47 - 23 դեկտեմբերի, 2020
Պարգևավճարներից խնայված միջոցներով կկահավորվեն երևանաբնակ հաշմանդամ զինծառայողների բնակության վայրերի մուտքերը

Պարգևավճարներից խնայված միջոցներով կկահավորվեն երևանաբնակ հաշմանդամ զինծառայողների բնակության վայրերի մուտքերը

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի պարգևավճարներից խնայված միջոցներով կկահավորվեն պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած երևանաբնակ զինծառայողների բնակության վայրերի մուտքերը:    «Ըստ այդմ՝ մեր հերոսների տեղաշարժի մատչելիությունն ապահովելու նպատակով կտեղադրվեն նաև հատուկ հարմարեցված վերելակներ:   Հիշեցման կարգով. նախորդիվ, Երևանի ավագանու որոշումներով, համայնքային բյուջեից 200 մլն դրամ տրամադրվել է Արցախի, մասնավորապես՝ մայրաքաղաք Ստեփանակերտի ենթակառուցվածքների վերականգնմանը»,- գրել է Գևորգյանը:      
13:22 - 23 դեկտեմբերի, 2020
Երևանում գույքահարկի արտոնություններ կլինեն գերի ընկածների համար, էլեկտրամոբիլները կկայանեն անվճար

Երևանում գույքահարկի արտոնություններ կլինեն գերի ընկածների համար, էլեկտրամոբիլները կկայանեն անվճար

 Երևանի ավագանու  որոշմամբ՝ գույքահարկի գծով արտոնություններ են սահմանվել սոցիալական մի շարք խմբերի համար: «Իմ քայլը» խմբակցության առաջարկով ցանկում ներառվել են նաև սույն թվականի սեպտեմբերի 27-ից սկսած ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված ու անհայտ կորած անձինք, ովքեր մասնակցել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին ու հակառակորդի հետ շփման գծում կատարել են մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ: Նրանք ազատվելու են գույքահարկի գծով արտոնություն սահմանելու՝ օրվա դրությամբ առկա հարկային պարտավորություններից՝ Երևանում սեփականության իրավունքով պատկանող և գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ այն բնակելի նշանակության շինությունների մասով, որտեղ հաշվառված են: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, արտոնություններ են սահմանվել նաև 2021թ. տեղական որոշ վճարների համար: Ավագանու որոշմամբ զոհված զինծառայողների և զոհված ազատամարտիկների երեխաները Երևանի արտադպրոցական դաստիարակության հաստատություններում (երաժշտական և արվեստի դպրոցներ և այլն) կսովորեն անվճար, իսկ 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների համար վճարը կկազմի 4000 դրամ: Մյուս խմբերի համար ևս 2020թ. կիրառված արտոնությունները կգործեն նաև 2001թ.:  Ավագանու մեկ այլ որոշման համաձայն՝ մանկապարտեզներն անվճար կլինեն այն երեխաների համար, որոնց ծնողները, օրինական ներկայացուցիչները կամ նրանցից մեկը մշտապես կամ փաստացի հաշվառված է Երևանում: Արտոնությունը տարածվում է նաև ազատամարտիկների, զոհված ազատամարտիկների, նրանց ընտանիքի անդամների, ԶՈՒ պարտադիր ժամկետային, պայմանագրային և այլ զորքերում ծառայողների, զոհված զինծառայողների, երկկողմանի ծնողազուրկ, 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողների զավակների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Բացի այդ, արտոնություն կարող են ստանալ նաև տեղահանված անձի, փախստականի կամ ՀՀ-ում ապաստան հայցողի կարգավիճակ ունեցողների երեխաները: Տեղաշարժվելու դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող անձանց կամ նրանց փոխադրող տրանսպորտային միջոցների համար ավտոկայանատեղի տեղական վճար չի գանձվի: Կայանման համար չեն վճարի նաև բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի (էլեկտրամոբիլ) սեփականատերերը:
20:00 - 22 դեկտեմբերի, 2020
Գայանե Մելքոմ Մելքոմյանն առաջադրվեց Երևանի քաղաքապետի նոր տեղակալի պաշտոնում |1lurer.am|

Գայանե Մելքոմ Մելքոմյանն առաջադրվեց Երևանի քաղաքապետի նոր տեղակալի պաշտոնում |1lurer.am|

1lurer.am: Երևանի ավագանու նիստում քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանի թեկնածությունը՝ քաղաքապետի տեղակալի պաշտոնում: Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի դիտարկմանը, թե իր վատագույն երազում անգամ չէր պատկերացնի, որ Մելքոմ Մելքոմյանը կարող է լինել մշակույթի գծով փոխքաղաքապետ, Մելքոմյանը նշեց, որ քաղաքապետի տեղակալը համակարգում է մի քանի ոլորտ, և դժվար է պատկերացնել մարդու, որը կլինի այդ բոլոր ոլորտների մասնագետը: «Իրականում պաշտոնը համնակարգող և վերահսկող դեր ունի, դա է այդ պաշտոնի առաքելությունն ու դերը, որին ենթակա արդեն կան համապատասխան համակարգի ստորաբաժանումներ և կազմակերպություններ, որոնք ունեն անհրաժեշտ մասնագիտական կարողություններն ու փորձառությունը: Հարկավոր է նրանց հետ աշխատելով վերհանել ոլորտի խնդիրները, ճիշտ թիրախներ սահմանել, դրանց լուծման ճանապարհային քարտեզ ունենալ և վերահսկել այդ նպատակների իրագործման այս ճանապարհը»,- նշեց Մելքոմյանը: Մելքոմյանը նշեց, որ մասնագիտությամբ իրավաբան լինելը չի խանգարի, հակառակը՝ շատ ավելի լավ կլինի, որ քաղաքապետն ունենա իրավաբան տեղակալ: «Իրավաբանն ունի այնպիսի հմտություններ, որոնք այս բոլոր ոլորտներում կարևոր են և անհրաժեշտ»,-նշեց Մելքոմյանը:
12:13 - 22 դեկտեմբերի, 2020