ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

ՀԱՊԿ շրջանակում դիտարկվել է նաև ՀՀ-ին ռազմատեխնիկական օգնության հարցը, բայց մեզ համար առաջնայինը քաղաքական գնահատականն է. ՀՀ ԱԳ նախարար |armenpress.am|

ՀԱՊԿ շրջանակում դիտարկվել է նաև ՀՀ-ին ռազմատեխնիկական օգնության հարցը, բայց մեզ համար առաջնայինը քաղաքական գնահատականն է. ՀՀ ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ շրջանակում դիտարկվել է նաև Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու հարցը, սակայն Հայաստանի համար առաջնայինը քաղաքական գնահատականն է, դաշնակիցների կողմից փաստի արձանագրումը: Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին: Պատգամավորը հիշեցրեց, որ վերջերս Երևանում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքներով Հայաստանը չի միացել մի շարք փաստաթղթերի, որոնք ուղարկվել են լրամշակման: Նա հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է լրամշակման գործընթացը, և Հայաստանն արդյոք ակնկալիքներ ունի՞ այդ փաստաթղթերից: «Ակնկալիքը մեկն է՝ հստակորեն արձանագրել այն, ինչ տեղի է ունեցել, իսկ դա է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումը, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, այս փաստի արձանագրումը ու դրանից բխող գործողությունների ձեռնարկումը: ՀԱՊԿ-ն ռազմաքաղաքական դաշինք է, որտեղ պետությունները պայմանավորվել են պաշտպանել միմյանց տարածքային ամբողջականությունը, պաշտպանել դիվանագիտական, քաղաքական եղանակներով, բայց, եթե հարկ լինի՝ նաև ռազմական ճանապարհով: Եվ ահա մենք ակնկալում ենք, որ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներն այս ոգով կվերաբերվեն նաև ընդունվելիք որոշումներին, ինչը, ցավոք, այդպես չէր ընկալվում և այդպիսի վերաբերմունքի չարժանացավ մյուս երկրների կողմից»,- ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ այժմ աշխատանքները շարունակվում են: Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե ՀԱՊԿ-ից օգնության ի՞նչ առաջարկ է եղել:   «Քննարկվող որոշման մեջ, ի թիվս այլ միջոցառումների, միջոցների, դիտարկվում էր նաև Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու հարցը, բայց, կրկնում եմ՝ մեզ համար առաջնայինը քաղաքական գնահատականի հարցն է, մեր դաշնակիցների կողմից արձանագրումը, որ տեղի է ունեցել ներխուժում ՀՀ տարածք, այնուհետև կարող էինք դիտարկել նաև մնացած միջոցները՝ քաղաքական ճանապարհով հարցի հանգուցալուծում, այսինքն՝ ադրբեջանական զորերի հետքաշման ապահովում, ռազմատեխնիկական օգնություն, այլ միջոցառումներ»,- պարզաբանեց Միրզոյանը: Նախարարն ասաց, որ որոշումը չի ընդունվել, այժմ արտաքին քաղաքական գերատեսչությունները պետք է շարունակեն աշխատել՝ տեսնելու համար, թե որտեղ է հնարավոր գալ ընդհանուր հայտարարի:
19:07 - 07 դեկտեմբերի, 2022
Հայաստանը ԼՂ տարածքում չունի որևէ զինված կազմավորում. Միրզոյան

 |armenpress.am|

Հայաստանը ԼՂ տարածքում չունի որևէ զինված կազմավորում. Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը Լեռնային Ղարաբաղի տարածքում չունի որևէ զինված կազմավորում, Լեռնային Ղարաբաղն ունի պաշտպանության բանակ, որի առաքելությունը ԼՂ հայության ինքնապաշտպանությունն է, քանի որ կա նրանց էթնիկ զտումների վտանգ: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ անդրադառնալով պատգամավոր Արման Եղոյանի հարցին: Պատգամավորը հիշեցրեց Ադրբեջանի ԱԳ նախարարի հնչեցրած մեղադրանքների մասին, թե նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններն ամբողջովին չեն կատարվում: Ադրբեջանի ԱԳ նախարարը, մասնավորապես, մատնանշել է տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման խնդիրը՝ մեղադրելով Հայաստանին, խոսել է նաև ԼՂ տարածքում ՀՀ զինված ուժերի ներկայության մասին: «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի տարածքում չունի որևէ զինված կազմավորում: Մենք գիտենք, որ Լեռնային Ղարաբաղն ունի պաշտպանության բանակ: Եվ այս միավորման, բանակի անվանումն ինքնին հուշում է այն մասին, որ այս բանակի առաքելությունը ԼՂ հայության ինքնապաշտպանությունն է: Եվ այս առաքելությունն այսօր առավել քան երբևէ պահանջված է: ԼՂ հայության վրա շարունակում են կրակել, նրանց ենթարկում են տարատեսակ ճնշումների: Երբ կվերանա ԼՂ հայության էթնիկ զտումների վտանգը, այն ժամանակ կարծում եմ, որ ԼՂ հայությունը կկարողանա քննարկել հնարավոր տարբեր այլ սցենարներ»,-ասաց Միրզոյանը: Անդրադառնալով նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ ԱԳ նախարարն ասաց, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները, ցավոք, ոչ ամբողջությամբ են կյանքի կոչված: Խոսքն առաջին հերթին հայ ռազմագերիների և ապօրինաբար պահվող մյուս անձանց ազատ արձակման ձգձգումն է: Իսկ ինչ վերաբերում է տարածաշրջանային, տնտեսական կապերի ապաշրջափակմանը՝ Միրզոյանն ասաց. «Երեկ ենք հանդիպել աշխատանքային խմբի շրջանակներում: Աշխատանքները, քննարկումներն ընթանում են: Քննարկվող հարցերը բավականին բարդ են, բավականին բարդ շերտեր ու ենթաշերտեր կան, բայց աշխատանքներն ընթանում են»,- ասաց Միրզոյանը: ԱԳ նախարարը հավաստիացրեց, որ բոլոր թեմաներով բոլոր հանդիպումներում հայկական կողմը դրսևորում է առավելագույն կառուցողականություն:  
17:57 - 07 դեկտեմբերի, 2022
Առաջիկայում կլսեք Հայաստանի և Հունգարիայի կողմից դեսպանների նշանակման մասին. Արարատ Միրզոյան
 |1lurer.am|

Առաջիկայում կլսեք Հայաստանի և Հունգարիայի կողմից դեսպանների նշանակման մասին. Արարատ Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանեց Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների լիարժեք վերականգնման մասին հարցին: «Առիթ ունեցել եմ ասելու, որ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ մեր գնահատականը չի փոխվել: Հունգարական իշխանությունները հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին և հունգարական դատարանով դատապարտված հանցագործին չպետք է արտահանձնեին Ադրբեջանին: Բայց այդ իրադարձությունները հիշելով՝ նաև հիշում ենք անցած տարի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերը 5 հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ: Հունգարական իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ հասան Բաքու և 5 ազատ արձակվող գերիների հետ եկան Երևան: Մենք նաև չենք կարող չնկատել հունգարական իշխանությունների աջակցությունը քովիդի դեմ պայքարի շրջանակներում»,- ասաց Միրզոյանը: Նա նշեց, որ կան բազմաթիվ այլ օրինակներ, այդ թվում՝ ֆինանսական աջակցությունը Հայ Առաքելական Եկեղեցուն: Կա համագործակցություն նաև դպրոցների մակարդակում: «Առաջիկայում կլսեք մեր երկու երկրների կողմից դեսպանների նշանակման մասին»,- ասաց Միրզոյանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը։  Հանդիպմանը կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել վերականգնելու լիարժեք դիվանագիտական հարաբերությունները, ինչպես նաև, ի շարունակություն հանդիպման՝ երկու կառավարությունները ոչ ռեզիդենտ դեսպաններ պետք է նշանակեն՝ ուսումնասիրելու հարաբերությունների զարգացման հնարավորությունները, հատկապես առևտրի, մշակույթի, կրթության և զբոսաշրջության ոլորտներում։ Նշենք, որ 2012 թ․-ին Հայաստանը խզել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները այն բանից հետո, երբ Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Հունգարիան արտահանձնեց Ադրբեջանին ՝ չնայած նրան, որ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ 30 տարի առանց ներման իրավունքի։ 
17:27 - 07 դեկտեմբերի, 2022
ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լին Թրեյսին պարգևատրվել է ԱԳՆ պատվո մեդալով

ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լին Թրեյսին պարգևատրվել է ԱԳՆ պատվո մեդալով

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:    Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում առկա դրական դինամիկան, այդ թվում` ակտիվ քաղաքական երկխոսության առումով:   Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Թրեյսիին հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար և այդ կապակցությամբ պարգևատրել դեսպանին ՀՀ ԱԳՆ պատվո մեդալով:   Արարատ Միրզոյանը հաջողություններ է մաղթել Լին Թրեյսիին իր հետագա ծառայության մեջ:   Նշենք, որ Լին Թրեյսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի թեկնածուն է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Լին Թրեյսին արդեն աշխատել է Մոսկվայում 2014-ից 2017 թվականներին՝ որպես առաքելության ղեկավարի տեղակալ։ Նա խոսում է ռուսերեն, և եթե նշանակվի, կլինի Ռուսաստանում ԱՄՆ առաջին կին դեսպանը:   Միևնույն ժամանակ Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածու է Ք. Քվիենը։   
16:31 - 07 դեկտեմբերի, 2022
ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանը մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 6-րդ նախարարական հանդիպմանը

ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանը մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 6-րդ նախարարական հանդիպմանը

Հայաստանի ԱԳ փոխնախարարը Վահե Գևորգյանը մասնակցել է դեկտեմբերի 4-ին Բաղդադում կայացած Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 6-րդ նախարարական հանդիպմանը։ Այս մասին տեղեկանում է ԱԳ հաղորդագրությունից: Հանդիպմանը մասնակցել են նաև Պերուի, Բոլիվիայի, Չինաստանի, Եգիպտոսի, Հունաստանի, Իտալիայի, Իրանի, Մեքսիկայի և ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները, հանդիպումն Իրաքի ԱԳ նախարարի նախագահությամբ է եղել: Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ կարևորել է ֆորումի դերը՝ որպես մշակութային երկխոսության և համագործակցության հարթակ, որի գործունեությունն ուղղված է հնագույն քաղաքակրթությունների մշակութային հարուստ ժառանգության պաշտպանությանը։  Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղում հայկական հնագույն մշակութային ժառանգության վտանգված լինելու հանգամանքը և դրա նկատմամբ իրականացվող դիտավորյալ ոչնչացման, պղծման, յուրացման և վանդալիզմի ուղղորդված քաղաքականությունը։ Նախարարի տեղակալը  կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը՝ կանխելու հայկական հնագույն մշակույթին ժառանգության ոչնչացումը։ Այս տեսանկյունից ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելության հրատապ իրականացման անհրաժեշտությունը՝ 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակներում՝ որպես տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգության պահպանման կարևոր միջոց։ Ֆորումի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում՝ անդամ-պետությունների պատվիրակությունների ղեկավարների կողմից ընդունվել է Բաղդադի հռչակագիրը: Անդամ-պետությունների պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդանին։ Այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպել է Իրաքի նախագահ Աբդուլ-Լատիֆ Ռաշիդին։ Հանդիպման ընթացքում Վահե Գևորգյանը նշել է, որ Իրաքը հանդիսանում է տարածաշրջանում ՀՀ վստահելի գործընկերը: Այս համատեքստում կարևորվել է երկկողմ համագործակցության բոլոր ոլորտների հետագա ծավալումը և զարգացումը՝ առանձնահատուկ ընդգծելով առևտրատնտեսական կապերի շարունակական խորացման անհրաժեշտությունը: Բարձր է գնահատվել  իրաքյան կողմի ջանքերը՝ Բաղդադում անցկացված Հնագույն քաղաքակրթությունների նախարարական 6-րդ ֆորումի կազմակերպման աշխատանքներում։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը երկկողմ հանդիպում է ունեցել նաև Իրաքի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանն առնչվող մի շարք հարցերի: Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ զարգացնելու  հայ-իրաքյան հարաբերությունները:
20:27 - 06 դեկտեմբերի, 2022
ԱԳ նախարարի տեղակալը Նիկարագուայի դեսպանին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի հետևանքները

ԱԳ նախարարի տեղակալը Նիկարագուայի դեսպանին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի հետևանքները

Դեկտեմբերի 5-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիկարագուայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալբա Ասուսենա Տոռես Մեխիան (նստավայրը՝ Մոսկվա): Շնորհավորելով նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին մաղթել է բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք: Նիկարագուայի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար, նշել է, որ կաշխատի առավելագույնս նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը: Հանդիպման շրջանակներում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի զարգացման հնարավորություններին, կարևորել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրների շուրջ: Պարույր Հովհաննիսյանը Նիկարագուայի դեսպանին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները:
15:12 - 05 դեկտեմբերի, 2022
Տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի գործողություններն են. Միրզոյանը՝ Ռիքերի հետ հանդիպմանը

Տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի գործողություններն են. Միրզոյանը՝ Ռիքերի հետ հանդիպմանը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:    Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող վերջին զարգացումները:   Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի կիրառման դրսևորումները, շարունակական սադրանքները և ռազմատենչ հայտարարությունները հանդիսանում են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտը:   Արարատ Միրզոյանը և Ֆիլիպ Ռիքերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ:
17:49 - 03 դեկտեմբերի, 2022
Հայաստանի ԱԳՆ տեղակալն ընդունել է Իտալիայի պատվավոր հյուպատոսին

Հայաստանի ԱԳՆ տեղակալն ընդունել է Իտալիայի պատվավոր հյուպատոսին

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Գյումրիում Իտալիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Անտոնինո Մոնտալտոյին՝ առաքելության ավարտի կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն։   Նախարարի տեղակալը պատվո հյուպատոսին է հանձնել ՀՀ նախագահի կողմից շնորհված «Բարեկամության» շքանշանը՝ հայ-իտալական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում նրա ներդրած նշանակալի ավանդի համար։   Իր խոսքում նախարարի տեղակալն ընդգծել է, որ բարձր է գնահատվում Անտոնինո Մոնտալտոյի անձնուրաց նվիրվածությունը Հայաստանին` սկսած 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից մինչ այժմ, ներառյալ՝ իրականացրած մարդասիրական բազմաբնույթ ծրագրերը, առողջապահության ոլորտում լայնածավալ գործունեությունը, մշակութային ակտիվությունը, այդ թվում պատմամշակութային ժառանգության պահպանումն ու վերականգնումը, զբոսաշրջության ոլորտում ներգրավվածությունը և այլն: Մեծապես կարևորվել է նաև նրա կողմից հիմնված Գյումրու կերամիկական դպրոց-արհեստանոցի գործունեությունը։   Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն։
14:04 - 03 դեկտեմբերի, 2022
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Եգիպտոսի նորանշանակ դեսպանը քննարկել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրներ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Եգիպտոսի նորանշանակ դեսպանը քննարկել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրներ

Դեկտեմբերի 1-ին ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Սերենադ Սոլիման Գամիլը: Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Գամիլին նշանակման առիթով և մաղթել նրան արգասաբեր աշխատանք և հաջողություն կարևոր առաքելության իրականացման գործում՝ համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր նպաստը կբերի երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների առավել ընդլայնմանն ու ամրապնդմանը։ Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Եգիպտոսի նորանշանակ դեսպանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանում ներկայացնել Եգիպտոսը՝ հավելելով, որ իր առավելագույն ջանքերը կներդնի երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների հետագա զարգացման գործում։ Զրուցակիցները քննարկել են հայ-եգիպտական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ մասնավորապես անդրադառնալով երկկողմ հագեցած օրակարգին և համագործակցության ընդլայնման հնարավորություններին։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք խնդիրներին: ԱԳ նախարարի տեղակալը տիկին Գամիլին ներկայացրել է Հայաստանի շուրջ և տարածաշրջանում ստեղծված անվտանգային դրությունը՝ մասնավորապես ներկայացնելով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
19:56 - 02 դեկտեմբերի, 2022
Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցեր

Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցեր

ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուին: Ինչպես հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցեր, միջազգային հարթակներում հայ-ռումինական փոխգործակցության մակարդակի բարձրացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համագործակցությանը։ Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները: Հայկական կողմը վերահաստատել է իր հանձնառությունը խաղաղության օրակարգին՝ արձանագրելով, որ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու ուժի և ուժի սպառնալիքի կիրառման դրսևորումներն անընդունելի են և հակասում են ձեռք բերված պայմանավորվածություններին:  Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարները նաև անդրադարձ են կատարել ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանն ու ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության կողմից իրականացված աշխատանքներին: Բարձր է գնահատվել առաքելությունների գործունեությունը։       
16:11 - 02 դեկտեմբերի, 2022
Արարատ Միրզոյանը Կանադայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման կարևորությունը

Արարատ Միրզոյանը Կանադայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման կարևորությունը

Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիին: Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-կանադական հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Այս առումով ընդգծվել է Երևանում դեսպանություն բացելու Կանադայի որոշումը։ Զրուցակիցները կարևորել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման հարցում երկու կառավարությունների համագործակցության հետագա ամրապնդումը։  Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ սանձազերծված ագրեսիային՝ նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման կարևորությունը: ՀՀ ԱԳ նախարարը գործընկերոջն է ներկայացրել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները:  Մելանի Ժոլին կարևորել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության դերը տարածաշրջանում կայունության պահպանման հարցում և աջակցություն է հայտնել առաքելությանը։
15:49 - 02 դեկտեմբերի, 2022
Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները

Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները

ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:  Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր:  Անդրադառնալով ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքներին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումն ու առկա հումանիտար բնույթի խնդիրների հասցեագրումը հայկական կողմի համար հանդիսանում են առաջնահերթություններ: Այս համատեքստում կարևորվել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելությունը Հայաստանում՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի լարվածության նվազմանն ու կայունության հաստատմանը:   Նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև Հարավային Կովկասում անվտանգության և խաղաղության հասնելու վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները։
15:14 - 02 դեկտեմբերի, 2022
Արարատ Միրզոյանը սլովակ գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

Արարատ Միրզոյանը սլովակ գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

Աշխատանքային այցով լեհական Լոձ քաղաքում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովակիայի արտաքին գործերի նախարար Ռաստիսլավ Կաչերի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:  Նախարար Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել զարգացնելու հայ-սլովակական փոխգործակցությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ինչպես նաև միջազգային հարթակներում։  Արարատ Միրզոյանն ու Ռաստիսլավ Կաչերն անդրադարձ են կատարել նաև ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման օրակարգին։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գործընկերոջն է ներկայացրել ՀՀ ինքնիշխանության և  տարածքային ամբողջականության նկատմամբ ադրբեջանական ագրեսիաների հետևանքով ի հայտ եկած անվտանգային և հումանիտար մարտահրավերները: Այս համատեքստում նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ԵՄ դիտորդական առաքելության դերը՝ ընդգծելով, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ:  Անդրադարձ է կատարվել  Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումներին։
12:31 - 02 դեկտեմբերի, 2022
Եվրամիությունը հավատարիմ է Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցություններին նպաստելուն. Բորել
 |news.am|

Եվրամիությունը հավատարիմ է Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցություններին նպաստելուն. Բորել |news.am|

news.am: ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկել ենք տարածաշրջանում խաղաղության կառուցման և հակամարտությունների կայուն կարգավորման ուղիները: Եվրամիությունը հավատարիմ է Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցություններին նպաստելուն»: Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 1-ին, ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանի և Ժոզեպ Բորելի ուշադրության կենտրոնում են եղել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերը։
10:42 - 02 դեկտեմբերի, 2022
Միջազգային հարթակներում համագործակցության խորացման շուրջ մտքեր են փոխանակել Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները

Միջազգային հարթակներում համագործակցության խորացման շուրջ մտքեր են փոխանակել Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները

Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ: ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր և պատրաստակամություն հայտնել գործուն քայլեր ձեռնարկել հայ-սլովենական հարաբերություններում առկա ներուժն առավել արդյունավետ կյանքի կոչելու ուղղությամբ: Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային հարթակներում համագործակցության խորացման շուրջ։  Անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշման և ագրեսիվ գործողությունների հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, անդրադարձել Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումներին։ Հանդիպման օրակարգում են եղել նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանն առնչվող հարցեր:
10:40 - 02 դեկտեմբերի, 2022
Արարատ Միրզոյանը Նիդերլանդների իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Վոբկե Հուկստրայի հետ։ Զրուցակիցները բարձր են գնահատել դինամիկ զարգացող հայ-նիդերլանդական հարաբերությունները և պատրաստակամություն հայտնել հետևողական քայլեր ձեռնարկել փոխշահավետ համագործակցությունն առավել ընդլայնելու, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նիդերլանդներ կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ:  Արարատ Միրզոյանը կարևորել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի առաջմղման ուղղությամբ Նիդերլանդների հետ հաստատված սերտ փոխգործակցությունը: Երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համատեքստում կարևորվել է խորհրդարանական դիվանագիտության դերը։ Անդրադառնալով սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխանության դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ սեփական առավելապաշտական նպատակներին հասնելու Ադրբեջանի քաղաքականության անթույլատրելիությունը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ միջազգային հանրության հասցեական և սկզբունքային գնահատականները կարող են նպաստել Հարավային Կովկասում կայունության հաստատմանը: Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան  հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները: Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ՝ համոզմունք հայտնելով, որ այն դրական դեր է խաղում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում:
09:51 - 02 դեկտեմբերի, 2022