ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

Ճապոնիան ՆԱՏՕ-ին անդամակցելու պլաններ չունի․Ֆումիո Կիսիդա
 |panorama.am|

Ճապոնիան ՆԱՏՕ-ին անդամակցելու պլաններ չունի․Ֆումիո Կիսիդա |panorama.am|

panorama.am: Ճապոնիան մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին, իսկ երկրում Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցչություն բացելու որոշում դեռ չի կայացվել: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է վարչապետ Ֆումիո Կիսիդան՝ խորհրդարանի վերին պալատի լիագումար նիստի ընթացքում պատասխանելով պատգամավորների հարցերին, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ճապոնիան մտադիր չէ միանալ ՆԱՏՕ-ին ոչ որպես մշտական, ոչ էլ որպես ասոցացված անդամ», - ասել է նա: Անդրադառնալով Ճապոնիայում դաշինքի ներկայացուցչություն բացելու հնարավորությանը ՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այդ թեման քննարկվում է, սակայն «առայժմ որոշումներ չեն ընդունվել»։ Միաժամանակ նա ընդգծել է, որ իր երկիրը կշարունակի ամրապնդել համագործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների և նրանց դաշնակիցների հետ՝ հաշվի առնելով այն բարդ մարտահրավերները, որոնց բախվում են։  
11:13 - 24 մայիսի, 2023
Նիկոլ Փաշինյանն ու Խավիեր Կոլոմինան քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանն ու Խավիեր Կոլոմինան քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Կառավարության տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը և համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ու կայունության ապահովմանը, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ներդրմանը և այլ հարցերի:
15:32 - 23 մայիսի, 2023
Միրզոյանն ու Կոլոմինան անդրադարձել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցերի

Միրզոյանն ու Կոլոմինան անդրադարձել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցերի

Մայիսի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցերի։ Քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում վերջին քննարկումները, հիմնական հարցերի շուրջ հայկական կողմի տեսլականը: Նախարար Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի կողմից ագրեսիվ քաղաքականությունից ու սադրիչ գործողություններից հրաժարվելու անհրաժեշտությունը, ինչը կարևոր գործոն է բանակցություններում առաջընթացի ուղղությամբ: Ընդգծվել է տարածաշրջանում կայունությամբ շահագրգռված դերակատարների կողմից գործուն քայլերի կարևորությունը:
15:23 - 23 մայիսի, 2023
Բրյուսելում ՆԱՏՕ-ն և Ադրբեջանն էներգետիկ անվտանգության շուրջ երկխոսություն են անցկացրել

 |factor.am|

Բրյուսելում ՆԱՏՕ-ն և Ադրբեջանն էներգետիկ անվտանգության շուրջ երկխոսություն են անցկացրել |factor.am|

factor.am: Բրյուսելում ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև նախօրեին էներգետիկ անվտանգության շուրջ երկխոսություն է տեղի ունեցել դաշինքի անդամ երկրների մշտական ​​ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի ձևաչափով։ Այս մասին թվիթերյան գրառմամբ հայտնել է ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար Ջաֆար Հուսեյնզադեն։ «Մեկնարկել է ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև էներգետիկ անվտանգության երկխոսությունը՝ Մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի նոր ձևաչափով։ Այս երկխոսության շրջանակում Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սոլթանովը գտնվում է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում»,- գրել է Հուսեյնզադեն։ Նա նշել է, որ Սոլթանովը հանդիպումներ է ունենալու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասի ու Կենտրոնական Ասիայի  հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի, ՆԱՏՕ-ի էներգետիկ անվտանգության դեպարտամենտի ղեկավար Մայքլ Ռուլի, ինչպես նաև դաշնակիցների հետ։
13:36 - 17 մայիսի, 2023
ԱԽ քարտուղարը ՆԱՏՕ-ի ղեկավարի ներկայացուցչին է ներկայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը

ԱԽ քարտուղարը ՆԱՏՕ-ի ղեկավարի ներկայացուցչին է ներկայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը

Մայիսի 16-ին Բրյուսել աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային ճաշ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ: Այս մասին հայտնել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակը։ «Քարտուղարը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, անդրադարձել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքներին: Ա.Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի վերջին զարգացումները: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացմանն առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:
21:15 - 16 մայիսի, 2023
ԱԽ քարտուղարը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների մանրամասները

ԱԽ քարտուղարը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների մանրամասները

Մայիսի 15-ին Բրյուսել աշխատանքային այցի ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի մշտական ​​ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի անդամների հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային միջավայրին առնչվող հարցեր: ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և ԼՂ-ում առաջացած հումանիտար ճգնաժամը, որը պարունակում է էթնիկ զտման ռիսկեր: Ա. Գրիգորյանը կոչ է արել միջազգային հանրությանն արձագանքել՝ վերոնշյալը թույլ չտալու նպատակով: ԱԽ քարտուղարը նաև ներկայացրել է վերջին շրջանում Վաշինգտոնում և Բրյուսելում ընթացած հայ-ադրբեջանական բանակցությունների մանրամասները: Քարտուղար Գրիգորյանը կարևորել է հայկական կողմի հանձնառությունը՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Անդրադարձ է կատարել ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացման հարցերին, մասնավորապես՝ Անհատապես հարմարեցված գործընկերության ծրագրին:
16:20 - 15 մայիսի, 2023
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ է անում զգոն մնալ Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու վտանգի նկատմամբ
 |azatutyun.am|

ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ է անում զգոն մնալ Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու վտանգի նկատմամբ |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ է անում զգոն մնալ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից միջուկային զենք օգտագործելու շարունակվող վտանգի նկատմամբ: Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցները պետք է շարունակեն զգոն մնալ այն նշանների նկատմամբ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է մարտավարական միջուկային զենք կիրառել Ուկրաինայում պատերազմի «կառավարվող» սրման ժամանակ, երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը։ Շերմանը այս նախազգուշացումն արել է՝ բացելով ՆԱՏՕ-ի սպառազինությունների վերահսկման ամենամյա համաժողովը, որն այս տարի առաջին անգամ տեղի է ունենում Հյուսիսային Ամերիկայում։ Առաջին նման համաժողովը տեղի է ունեցել 2004 թվականին: Պուտինի հայտարարությունը, ով մարտի 25-ին ասել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է մարտավարական միջուկային զենք տեղակայել հարևան Բելառուսում, «այդ սպառնալիքը կառավարելի կերպով օգտագործելու փորձ է», - ասել է Վենդի Շերմանը: Մարտավարական միջուկային զենքերը նախատեսված են մարտի դաշտում հաջողության հասնելու կամ կոնկրետ ռազմական թիրախների դեմ օգտագործելու համար:
11:39 - 19 ապրիլի, 2023
Ուկրաինան ու Վրաստանը ՆԱՏՕ չեն մտել Մերկելի պատճառով. Ուկրաինայի ՊՆ ղեկավար
 |tert.am|

Ուկրաինան ու Վրաստանը ՆԱՏՕ չեն մտել Մերկելի պատճառով. Ուկրաինայի ՊՆ ղեկավար |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն և եվրոպական երկրները պատրաստ էին աշխատել Ուկրաինայի և Վրաստանի՝ ՆԱՏՕ մտնելու վրա դեռևս 2008 թվականին, սակայն Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը դաշնակիցներին համոզեց դա չանել, ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը La Razon-ին տված հարցազրույցում։ «Դա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էր, որը հակառակվեց և համոզեց մյուսներին», - ասել է Ռեզնիկովը։ Խոսքը Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասին է, որտեղ, ըստ Ռեզնիկովի, դիտարկվել է դաշինքին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության իրական հնարավորությունը։ Միաժամանակ, նախարարի խոսքով, դեռ այն ժամանակ Արևմուտքում կիրառվում էր «Ռուսաստանին չհրահրելու» դոկտրինան։ Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել 2022 թվականի սեպտեմբերին։ Դաշինքին Կիևի շուտափույթ անդամակցությանը կողմ են բալթյան երկրներն ու Լեհաստանը։ Գերմանիան դեմ է արտահայտվել, իսկ ԱՄՆ-ն ասել է, որ այդ հարցը պետք է քննարկվի «այլ ժամանակ»։
10:12 - 17 ապրիլի, 2023
ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցության նպատակը նոր գիտելիք և հմտություններ ձեռք բերելն է․ Գրիգորյան

ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցության նպատակը նոր գիտելիք և հմտություններ ձեռք բերելն է․ Գրիգորյան

44-օրյա պատերազմից հետո բանակում սկսվել են լայնածավալ բարեփոխումներ։ Նման զորավարժություններին մասնակցության նպատակը նոր գիտելիք և հմտություններ ձեռք բերելն է, որը պետք է ծառայի նաև բարեփոխումների գործընթացին։ Այս մասին ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու փաստին։ «Մեր փորձը ցույց է տալիս, որ պրակտիկան, որն ունեցել ենք, արդյունավետ չէ, և պետք է գտնել նոր մեխանիզմներ, կառավարման նոր մեթոդներ, որոնք արդյունավետ են։ Եվ աշխարհի տարբեր տեղերում կարող ենք տեսնել, որ կան արդյունավետ մեթոդներ, որից մենք երկար ժամանակ հեռու ենք մնացել»,- նշեց նա։ Գրիգորյանի խոսքով ինքը գիտի, որ այս մասնակցության մեջ կա ավելի լայն քաղաքական կոնտեքստ․ «Բայց արտաքին քաղաքականության վեկտոր փոխելու մասին չէ սա, սա գիտելիք և հմտություններ մեզ համար ձեռք բերելու մոտիվ է»։ Նա նշեց, որ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները ինտենսիվ զարգանում են հատկապես տնտեսական առումով, բայց ռազմաքաղաքական առումով դեռ այն փուլում չեն, որ քննարկվեն։ Հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների զարգացման համար պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալ, Գրիգորյանը բացասական արձագանքեց՝ նշելով․ «ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր չկա։ ՀԱՊԿ-ի հետ կապված մենք խնդիր չունենք որևէ այլ երկրի հետ համագործակցության, որևէ կաշկանդվածություն չկա»։ Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ Հայաստանը ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի՝ ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ միջազգային ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին։  Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան Երեւանից պարզաբանում է խնդրել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ։ «Պատասխան ստանալուց հետո մենք կորոշենք մեր արձագանքը։ Իհարկե, Երևանի հրաժարումը  իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց ցավալի է և չի նպաստում տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը»,- ասել էր Զախարովան։   
15:10 - 14 ապրիլի, 2023