tert.am: ԱՄՆ-ն և եվրոպական երկրները պատրաստ էին աշխատել Ուկրաինայի և Վրաստանի՝ ՆԱՏՕ մտնելու վրա դեռևս 2008 թվականին, սակայն Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը դաշնակիցներին համոզեց դա չանել, ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը La Razon-ին տված հարցազրույցում։
«Դա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էր, որը հակառակվեց և համոզեց մյուսներին», - ասել է Ռեզնիկովը։
Խոսքը Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասին է, որտեղ, ըստ Ռեզնիկովի, դիտարկվել է դաշինքին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության իրական հնարավորությունը։ Միաժամանակ, նախարարի խոսքով, դեռ այն ժամանակ Արևմուտքում կիրառվում էր «Ռուսաստանին չհրահրելու» դոկտրինան։
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել 2022 թվականի սեպտեմբերին։ Դաշինքին Կիևի շուտափույթ անդամակցությանը կողմ են բալթյան երկրներն ու Լեհաստանը։ Գերմանիան դեմ է արտահայտվել, իսկ ԱՄՆ-ն ասել է, որ այդ հարցը պետք է քննարկվի «այլ ժամանակ»։
comment.count (0)