ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցության նպատակը նոր գիտելիք և հմտություններ ձեռք բերելն է․ Գրիգորյան
15:10 - 14 ապրիլի, 2023

ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցության նպատակը նոր գիտելիք և հմտություններ ձեռք բերելն է․ Գրիգորյան

44-օրյա պատերազմից հետո բանակում սկսվել են լայնածավալ բարեփոխումներ։ Նման զորավարժություններին մասնակցության նպատակը նոր գիտելիք և հմտություններ ձեռք բերելն է, որը պետք է ծառայի նաև բարեփոխումների գործընթացին։ Այս մասին ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու փաստին։

«Մեր փորձը ցույց է տալիս, որ պրակտիկան, որն ունեցել ենք, արդյունավետ չէ, և պետք է գտնել նոր մեխանիզմներ, կառավարման նոր մեթոդներ, որոնք արդյունավետ են։ Եվ աշխարհի տարբեր տեղերում կարող ենք տեսնել, որ կան արդյունավետ մեթոդներ, որից մենք երկար ժամանակ հեռու ենք մնացել»,- նշեց նա։

Գրիգորյանի խոսքով ինքը գիտի, որ այս մասնակցության մեջ կա ավելի լայն քաղաքական կոնտեքստ․ «Բայց արտաքին քաղաքականության վեկտոր փոխելու մասին չէ սա, սա գիտելիք և հմտություններ մեզ համար ձեռք բերելու մոտիվ է»։

Նա նշեց, որ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները ինտենսիվ զարգանում են հատկապես տնտեսական առումով, բայց ռազմաքաղաքական առումով դեռ այն փուլում չեն, որ քննարկվեն։

Հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների զարգացման համար պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալ, Գրիգորյանը բացասական արձագանքեց՝ նշելով․ «ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր չկա։ ՀԱՊԿ-ի հետ կապված մենք խնդիր չունենք որևէ այլ երկրի հետ համագործակցության, որևէ կաշկանդվածություն չկա»։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ Հայաստանը ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի՝ ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ միջազգային ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին։ 

Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան Երեւանից պարզաբանում է խնդրել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ։ «Պատասխան ստանալուց հետո մենք կորոշենք մեր արձագանքը։ Իհարկե, Երևանի հրաժարումը  իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց ցավալի է և չի նպաստում տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը»,- ասել էր Զախարովան։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել