ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Փաշինյանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ներկա է գտնվել ավագ դպրոցի սովորողների հետազոտական աշխատանքների պաշտպանությանը

Փաշինյանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ներկա է գտնվել ավագ դպրոցի սովորողների հետազոտական աշխատանքների պաշտպանությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ներկա է գտնվել կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողների հետազոտական աշխատանքների պաշտպանությանը: Կրթահամալիրի ավագ դպրոց-հետազոտական վարժարանում սովորողի հետազոտական նախագիծը որոշված է հանրակրթության պետական չափորոշիչով, հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանով։ 2023-2024 ուսումնական տարվա հետազոտական աշխատանքների պաշտպանությունն սկսվել է 2024թ. հունվարի ճամբարում, շարունակվում է մինչև ուսումնական տարվա ավարտը (շաբաթական մեկ խումբ՝ ըստ սովորողների պատրաստության)։ Այսօր հետազոտական աշխատանքով ներկայացել էր սովորողների երկրորդ խումբը։ ՀՀ վարչապետը պաշտպանությանը ներկա էր նրանցից մեկի՝ 10-րդ դասարանում սովորող Դավիթ Մուրադյանի հրավերով։ Դավթի հետազոտական աշխատանքի թեման էր՝ «Ոչ վերբալ հաղորդակցությունը քաղաքականության մեջ»։ Այնուհետև իրենց հետազոտական աշխատանքներն են ներկայացրել նաև այլ աշակերտներ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել և նշել, որ նմանօրինակ հետազոտական աշխատանքները հետաքրքիր են: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանրակրթության նոր չափորոշիչով արդեն պարտադիր պայման է դպրոցներում հետազոտական աշխատանքների իրականացումը որպես կրթական պրոցեսի մաս: «Այսօր համոզվեցինք, որ դա ճիշտ որոշում է և պետք է հետազոտական բաղադրիչը կարևորել: Ընդհանրապես կարծում ենք և դա կրթության ոլորտի մեր բարեփոխումների կարևորագույն սեգմենտն է, որ կրթությունը և հետազոտությունը սերտորեն փոխկապակցված են: Այն, ինչ լսեցինք և տեսանք՝ ակնհայտորեն օգտակար է: Նախ ինչո՞վ ենք մենք հետաքրքրված նման հանդիպումներով և քննարկումներով, որովհետև անընդհատ խոսում ենք, որ մեր կայացրած որոշումների հետևից պետք է գնանք և տեսնենք՝ դրանք ինչպես են արտահայտվում և գուցե լավարկելու, փոխելու անհրաժեշտություն ունենանք: Նաև դա է պատճառը, որ հետաքրքրված ենք նման լսարաններում ներկա գտնվելու հարցում»,- ասել է վարչապետը:
17:36 - 15 հունվարի, 2024
«Գոյ» թատրոնի անձնակազմը պատրաստվում է անվստահություն հայտնել նորանշանակ տնօրենին |armeniasputnik.am|

«Գոյ» թատրոնի անձնակազմը պատրաստվում է անվստահություն հայտնել նորանշանակ տնօրենին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: «Գոյ» թատրոնի անձնակազմը պատրաստվում է անվստահություն հայտնել թատրոնի նորանշանակ տնօրեն Կարեն Սիմոնյանին, որպեսզի նա չկարողանա իրենց փոխարեն որոշումներ կայացնել։ Թատրոնի փաստաբան Կարո Ասատրյանը քիչ առաջ դուրս եկավ նախարարության շենքից ու ասաց, որ իրեն նախարարությունում Կարեն Սիմոնյանի ստորագրությամբ մի փաստաթուղթ են ներկայացրել, ըստ որի՝ իբր թատրոնը հրաժարվել է փաստաբանի ծառայություններից։ «Անվստահություն կհայտնենք, կպահանջենք հրաժարականը, որից հետո կստեղծվի խորհուրդ, որը կնշանակի փաստաբան՝ մեր փաստաբանին»,- լրագրողների հետ զրույցում ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը։ Նա վստահեցրեց՝ հասնելու են մինչև Եվրոպական դատարան իրենց թատրոնը պահպանելու համար։ Թատրոնի անձնակազմը նաև պաշտոնական նամակներ է գրել ՀՀ-ում գործող բոլոր դեսպանատներին, խնդրանքով՝ օգնել իրենց այս հարցում։ Հիշեցնենք, որ այսօր առավոտից «Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմը հավաքվել էր ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում էին իրենց թատրոնը չլուծարել ու չմիացնել մեկ այլ թատրոնի հետ։
12:33 - 15 հունվարի, 2024
Կանչել են ստորագրելու, որ համաձայն են «Գոյ» և «Սունդուկյան» թատրոնների միավորմանը, պահանջում ենք մեր տունը չքանդել. բողոքի ակցիա ԿԳՄՍՆ-ի դիմաց |aysor.am|

Կանչել են ստորագրելու, որ համաձայն են «Գոյ» և «Սունդուկյան» թատրոնների միավորմանը, պահանջում ենք մեր տունը չքանդել. բողոքի ակցիա ԿԳՄՍՆ-ի դիմաց |aysor.am|

aysor.am: Գոյ թատրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել ԿԳՄՍ նախարարության դիմաց՝ «Գոյ» և «Սունդուկյան» թատրոնների միավորումը չեղարկելու պահանջով։ «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արթուր Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ խաղաղ քաղաքացիական հավաք են կազմակերպել, «Գոյ»-ի անձնակազամը հավաքվել է և պահանջում է «իրենց տունը չքանդել»։ «Պահանջում ենք մեր աշխատելու իրավունքը մեր ձեռքից չխլել, ազատությունը չխլել, մեզ, իրենց ասած, լավությունը չանել։ Իրենք առ այսօր ոչ մի բան չեն ստեղծել, զբաղված են միմիայն քանդելով, «Գոյ» թատրոնը հերթական քանդման առարկան է։ Մեր պահանջն է, որ կարողանանք ազատ ստեղծագործել հայրենիքում»,- ասաց նա։ Արթուր Սահակյանը նշեց, որ ԿԳՄՍՆ-ի կողմից նշանակված նոր տնօրենի պաշտոնակատարին, հաշվապահին և կադրերի պատասխանատուին կանչել են նախարարություն, որպեսզի ստորագրեն փաստաթուղթ, ըստ որի՝ համաձայն են միավորվելու։ «Մենք մեր ստորագրությունը դրել ենք դատարանի հայցի տակ»,- ասաց նա և նշեց, որ այսօր նաև երթով կգնան Վերաքննիչ դատարան, որ պահանջեն՝ անօրինական գործը կասեցվի։
11:20 - 15 հունվարի, 2024
2023-ի տարեվերջին 91 մարզիկ ստացել է 1 մլն դրամից ավելի միանվագ պարգևատրում

2023-ի տարեվերջին 91 մարզիկ ստացել է 1 մլն դրամից ավելի միանվագ պարգևատրում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են՝  2023 թ. սպորտի ոլորտում իրականացված աշխատանքներում առաջնային տեղ են գրավել  միջազգային մրցաշարերի կազմակերպումը, մասսայական սպորտի զարգացմանն ուղղված միջոցառումները և ենթակառուցվածքների բարելավումը: 2023 թվականին 35 մարզական ֆեդերացիաներին հատկացվել է 1 755 300 000 (մեկ միլիարդ յոթ հարյուր հիսունհինգ միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ: Ֆեդերացիաներն անցկացրել են 98 ՀՀ առաջնություն, մասնակցել են 213 միջազգային մրցաշարերի, այդ թվում՝ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների, կազմակերպել են 169 ուսումնամարզական հավաքներ (տարբեր տարիքային խմբերով): Տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, համաշխարհային ունիվերսիադայում, եվրոպական, ԱՊՀ, Ֆրանկոֆոնյան խաղերում ՀՀ հավաքականների մարզիկները նվաճել են 445 մեդալ (որից 25-ը՝ կանայք), այդ թվում՝ 125 ոսկե, 127 արծաթե և 193 բրոնզե: «Փարիզ 2024» ամառային օլիմպիական խաղերին լավագույնս նախապատրաստվելու նպատակով 2023 թվականին սպորտային նպաստ է ստացել 94 մարզիկ, 72 անձնական մարզիչ, 32 գլխավոր և ավագ մարզիչ, 13 բժիշկ և մերսող: ՀՀ կառավարության տարբեր ծրագրերով 2023 թ. 64 մարզիկ և մարզիչ ստանում են մինչև 500.000 դրամ, 24 մարզիկ և մարզիչ՝ 500.000-1 մլն դրամ, 2 մարզիկ՝ 1 մլն-ից ավելի ամսական նպաստ և անվանական թոշակ: 70 մարզիկ ստացել է տարեվերջյան մինչև 500.000 դրամ միանվագ պարգևատրում, 45 մարզիկ՝ մինչև 1 մլն դրամ, 91 մարզիկ՝ 1 մլն դրամից ավելի: Տարվա արդյունքներով ձեռքբերումների և նվաճումների համար 1 մարզիկ ստացել է ընդհանուր 18 մլն դրամ: 2023 թ. 10 լավագույն մարզիկները պարգևատրվել են՝ յուրաքանչյուրը 5 մլն դրամով: 2023 թվականին ամսական պատվովճար են ստացել տարբեր տարիներին բարձր արդյունքներ ցուցաբերած 79 մարզիկներ: Տարեվերջյան միանվագ պարգևատրում են ստացել 15 մարզաձևից 205 մարզիկ, նրանց մարզիչները և մեծահասակների հավաքականների բժիշկները: 2022 թվականին բարձր արդյունքներ ցուցաբերած ՀՀ հավաքականների 130 մարզիկներին, նրանց անձնական 112 և հավաքականների 40 մարզիչներին նշանակվել է անվանական թոշակ՝ 2023 թ. հունվարի 1-ից: ՀՀ-ում անցկացվել են 5 խոշոր մրցաշար. ապրիլի 15-23-ը ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել են 40 երկրի 600 մասնակիցներ (Հայաստանի հավաքականը նվաճել է 13 մեդալ՝ 4 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե). ապրիլի 23-ից մինչև մայիսի 4-ը բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել են 39 երկրի 350 մասնակիցներ (երիտասարդների Հայաստանի հավաքականը նվաճել է 13 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե). նոյեմբերի 10-12-ը սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը, որին մասնակցել են 71 երկրի 700 մասնակիցներ (Հայաստանի հավաքականը նվաճել է 10 մեդալ՝ 5 արծաթ, 5 բրոնզ). նոյեմբերի 12-ին՝ սպորտային պարերի աշխարհի երիտասարդների լատինամերիկյան առաջնությունը, որին մասնակցել են 33 երկրի 120 մասնակիցներ. նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 5-ն անցկացվել է բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը, որին մասնակցել են 52 երկրի 450 մասնակիցներ (Հայաստանի հավաքականը նվաճել է 10 մեդալ՝ 4 ոսկե, 5 արծաթե, 1 բրոնզե): ՀՀ Կառավարության որոշմամբ՝ 61 մարզական կազմակերպություններին հատկացվել է 29 անվանում մարզական գույք: Տարվա ընթացքում շարունակվել է Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցումը, ինչպես նաև ընթացքում են եղել Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոցի, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի մարզական համալիրի կառուցման աշխատանքները: Ավարտվել է Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի վերանորոգումը, Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներն ավարտման փուլում են: Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2024 թվականին: Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզադահլիճներում իրականացվում են ուժեղացման աշխատանքներ: Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող 5 մարզական մասսայական միջոցառում՝ սիրողական խճուղային հեծանվավազքի, խճուղավազքի, լողի, սեղանի թենիսի, դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարերը, որոնց մասնակցել է 6496 մարդ: Իրականացվել են նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև բանակային խաղերը, այլ մարզական մասսայական միջոցառումներ: Ընդհանուր առմամբ նախարարության կողմից իրականացված մարզական մասսայական միջոցառումներին 2023 թվականին մասնակցել է 40228 մարդ:
18:41 - 12 հունվարի, 2024
8140 ընտանիք օգտվել է «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական ծրագրից

8140 ընտանիք օգտվել է «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական ծրագրից

2023թ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շահառու է դարձել 733 ընտանիք, որոնք պետական սուբսիդավորմամբ ձեռք են բերել բնակարան, որից 179-ը՝ Երևանից, 554-ը՝ մարզերից։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարության լրատվական բաժնից։ Ընդհանուր առմամբ 2010թ․-ի ծրագրի մեկնարկից ի վեր 8140 շահառու է ընդգրկվել բնակարանային աջակցության այս ծրագրում ։ Նախորդ տարվա դրությամբ շահառու է համարվել 6412 երիտասարդ ընտանիք (գործող վարկեր), որոնց համար 2023թ. պետական բյուջեից տրված փաստացի սուբսիդավորումը կազմել է շուրջ 1 մլրդ 816 մլն դրամ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գնահատմամբ՝ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրն երիտասարդության քաղաքականության ոլորտում իրականացվող ամենահաջողված նախաձեռնություններից է:  «Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ երիտասարդ ընտանիքներին և շահառու խմբերին լուծելու իրենց առաջնային խնդիրներից մեկը՝ կեցության հարցը, խթանել Հայաստանում դեմոգրաֆիական աճը, ապահովել մարզերում տարածքային համաչափ զարգացումը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը: Ըստ ԿԳՄՍ փոխնախարարի՝ ծրագրի շահառուներն են այն երիտասարդ ընտանիքները, որտեղ  ամուսինների տարիքների գումարը չի գերազանցում 70-ը, ինչպես նաև մինչև 35 տարեկան միայնակ ծնողները: «Հիպոթեքային վարկի տոկոսադրույքը առաջնային շուկայի դեպքում (անմիջապես կառուցապատողից)՝ առավելագույնը 7.5% է՝ առանց սուբսիդավորման, երկրորդային շուկայի դեպքում (ոչ անմիջապես կառուցապատողից)՝ առավելագույնը 9.5 %, որից պետությունը սուբսիդավորում է Երևանում 2 %, իսկ ՀՀ մարզերում` 4 %: Ծրագիրն ունի առավելագույն շեմ, առաջնային շուկայի համար` 30 մլն դրամ, երկրորդային շուկայում՝ 25 մլն դրամ»,- տեղեկացրել է Արթուր Մարտիրոսյանը: 2024 թ. պետական բյուջեից նպատակային ծրագրին կհատկացվի 2 մլրդ 64 մլն դրամ, և նախատեսվում է, որ 2024 թ. ծրագրին կմիանա 920 նոր շահառու: Ծրագիրն իրականացվում է «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ կողմից, որը համագործակցում է 15 բանկերի և 8 վարկային կազմակերպությունների հետ։ Ծրագրի իրավական հիմքը ՀՀ կառավարության 29.01.2010 թ. ««Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշումն է։
18:12 - 12 հունվարի, 2024
Լուսինե Ղարախանյանը նշանակվել է Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնակատար

Լուսինե Ղարախանյանը նշանակվել է Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնակատար

Լուսինե Ղարախանյանն այսօր նշանակվել է Երևանի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Այդ մասին ասված է նրա Ֆեյսբուքի էջում: «Գրականություն, իմաստասիրություն, արվեստագիտություն, մարդաբանություն կրող և փոխանցող Թումանյան։ Մանկության և պատանեկության տարիներին նա ինձ համար բարու ուղենիշ ու խորհրդանիշ էր։ Երիտասարդության տարիներին «կտրվեցի» նրանից։ Մտերմացել էի արևմտյան գրողներին ու ստեղծագործություններին։ Այսօր Թումանյանին մոտ գտնվելու, Թումանյան քարոզելու, Թումանյան կրելու, Թումանյանին նմանվելու և Թումանյանից դասեր քաղելու արժանապատիվ պայմաններ են ստեղծվել։ Բարեշրջության, խորքային մարդասիրության, ժողովուրդների հոգեբանությունն ու մարդկային իդեալը բացառապես հոգևոր մտակարգում դիտարկող Թումանյանի մեջ կսփոփեմ նաև Արցախի` իմ ցավը։ Անհունը կամրջող, համընդհանուր պատճառականությունից ու պայմանականություններից զերծ թումանյանականության մեջ կզգամ գեղեցիկի, բարու և ճշմարիտի հավաքական ներուժը, իսկ բանահյուսական կառուցակերտ ստեղծագործություններում և մշակումներում կնորոգեմ հավատս «ժողովուրդների ազնվացման», «բարոյական մեծության», «կատարելության սահմանի» և թումանյանական այլ արժեքների նկատմամբ։ Թումանյանի հետ հեշտ կլինի մանկություն վերադառնալն ու այն վերաարժևորելը, ցավի հետ ապրելն ու այն իմաստավորելը, կորցրածի հետ չհաշտվելն ու չհրաժարվելը... Գործել Թումանյանի թելադրանքով Թումանյանին լավագույնս ճանաչող, Ամենայն Հայոց բանաստեղծի ֆենոմենը սերունդներին փոխանցող թանգարանի կոլեկտիվի և ոլորտը համակարգող կառույցի հետ։ Շնորհակալ եմ Ժաննա Անդրեասյանին առաջարկի համար»,- գրել է Լուսինե Ղարախանյանը։ Հիշեցնենք, որ Լուսինե Ղարախանյանը զբաղեցրել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը։ 
17:36 - 11 հունվարի, 2024
Դասագրքերի փորձաքննության նոր կարգով խստացվել են առարկայական հանձնաժողովների ձևավորման պահանջները

Դասագրքերի փորձաքննության նոր կարգով խստացվել են առարկայական հանձնաժողովների ձևավորման պահանջները

2022-2023  ուսումնական տարում Հանրակրթության պետական նոր չափորոշչով ուսուցում իրականացնող դասարանների համար դասագրքերի ստեղծումն առաջին անգամ իրականացվել է մրցութային եղանակով՝ փորձաքննության իրականացման փուլերով: Այս մասին տեղեկացնում է Կրթության եւ գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունը։ Ստորեւ՝ մամուլի հաղորդագրությունն ամբողջությամբ։ «Ներդրված դասագրքաստեղծման նոր մոտեցումը բաց հնարավորություն է ստեղծել տարբեր հեղինակային խմբերի, այդ թվում՝ ուսուցիչների համար մասնակցելու դասագրքերի ստեղծման գործընթացին՝ բաց, թափանցիկ և մրցակցային հիմունքներով:  Հաշվի առնելով, որ դասագրքերի ստեղծումը նոր ընթացակարգով իրականացվում էր առաջին անգամ և կարգի կիրարկման, մասնավորապես մրցութային կարգով աշխատանքների կազմակերպման ընթացքում ի հայտ էին եկել որոշակի խնդիրներ,  մասնավորապես, ուսումնական նյութի գիտականությունը, հայերեն եզրույթների ճիշտ կիրառելիությունը ստուգելու առումով, և գործընթացի բարելավման ուղղությամբ փոփոխություններ են կատարվել հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման (լույսընծայման) և Հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգում, որն արդեն հաստատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով:  Վերանայված կարգով  սահմանվել են նոր մոտեցումներ՝ յուրաքանչյուր փուլի համար նախատեսելով ուսումնական նյութի գնահատման  հստակ գործառույթներ:  Առաջին փուլում դասագրքերն անցնելու են մրցութային պահանջներին համապատասխանության գնահատման փուլ, որն իրականացնելու է դրամաշնորհային հանձնաժողովը: Սահմանված փաստաթղթերի ամբողջականության, դասագրքի ձևաչափին և ծավալին ներկայացված պահանջներին համապատասխանելու դեպքում ուսումնական նյութը ներկայացվում է փորձաքննության հաջորդ փուլ: Երկրորդ՝ գիտականության և չափորոշչին համապատասխանության գնահատման փուլում, առարկայական հանձնաժողովի մասնագիտական խմբի կողմից գնահատվում է ներկայացված ուսումնական նյութի բովանդակության համապատասխանությունը և կազմվում համապատասխանության վերաբերյալ եզրակացություն:  Ըստ անհրաժեշտության՝ հնարավորություն է ընձեռվում դիմելու այլ մասնագիտական կառույցների՝ գիտական համապատասխանության վերաբերյալ եզրակացություն տրամադրելու համար: «Համապատասխանում է» եզրակացության դեպքում ուսումնական նյութը ներկայացվում է փորձաքննության հաջորդ փուլ: Երրորդ՝ բովանդակային գնահատման փուլում, դասագրքերի ստեղծման մրցույթին ներկայացված ուսումնական նյութի բովանդակության և չափորոշչի մեթոդաբանությանը համապատասխանության գնահատումն իրականացվում է առարկայական հանձնաժողովի մասնագիտական խմբի կողմից՝ մշակված գնահատման սանդղակին համապատասխան։ Առարկայական հանձնաժողովներ Առարկայական հանձնաժողովները ձևավորվում են համապատասխան մասնագիտական որակավորում շնորհող բուհի ռեկտորի կամ համապատասխան ոլորտում գիտական գործունեություն իրականացնող պետական կառույցների ղեկավարի հրամանով, որոնք  ի պաշտոնե հանձնաժողովի ղեկավարն են:  Հանձնաժողովների անդամների թեկնածուների ընտրությունն իրականացվում է ըստ հետևյալ մասնագիտական ուղղությունների՝ տվյալ առարկայի 3-5 մասնագետ (ներգրավվում է առարկայական հանձնաժողովի մասնագիտական խմբի կազմում), մանկավարժ-մեթոդիստ (ներգրավվում է առարկայական հանձնաժողովի մեթոդական խմբի կազմում), մանկավարժ-հոգեբան (ներգրավվում է առարկայական հանձնաժողովի մեթոդական խմբի կազմում), հայոց լեզվի մասնագետ (բացառությամբ՝ օտար լեզուների առարկաների, որում կարող են ներգրավվել համապատասխան առարկայի մասնագետները) (ներգրավվում է առարկայական հանձնաժողովի մասնագիտական խմբի կազմում), նկարիչ-ձևավորող (ներգրավվում է դրամաշնորհային հանձնաժողովում՝ որպես փորձագետ), բժիշկ-հիգիենիստ (ներգրավվում է դրամաշնորհային հանձնաժողովում՝ որպես փորձագետ): Առարկայական հանձնաժողովում ընդգրկվում են տվյալ առարկայի ոլորտում առնվազն գիտական աստիճան ունեցող մասնագետներ՝ տվյալ ուղղությամբ կրթություն իրականացնող բուհերից, գիտական գործունեություն իրականացնող պետական կառույցներից: Հանձնաժողովում կարող են ընդգրկվել նաև տվյալ առարկայի մասնագետներ հանրակրթական ուսումնական հաստատություններից, որոնք ունեն տվյալ ոլորտում գիտական աստիճան: Թեկնածուն չի կարող լինել հանձնաժողովի անդամ, եթե դասագրքերի ստեղծման մրցույթին ներկայացված ուսումնական նյութի հեղինակ է, համահեղինակ, խմբագիր, խորհրդատու, թարգմանիչ, վերջիններիս հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) անձ, միևնույն առարկայի հավակնորդ այլ դասագրքի փորձագետ, հեղինակի ուսանող, ասպիրանտ կամ վերջինիս հետ ակադեմիական կապ ունեցող անձ  կամ որևէ այլ ձևով մասնակից է դասագրքի ստեղծմանը: Փորձաքննության բողոքարկում Բողոքների առկայության դեպքում իրականացվում է ուսումնական նյութերի գիտականության, Չափորոշչի համապատասխանության կամ բովանդակության կրկնակի փորձաքննություն:  Ինչպես առարկայական հանձնաժողովներում ընդգրկված, այնպես էլ կրկնակի փորձաքննություն իրականացնող փորձագետների անձը չի բացահայտվում:   
12:10 - 11 հունվարի, 2024
Մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության համակարգված գործունեություն կսահմանվի. ԿԳՄՍ փոխնախարար

Մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության համակարգված գործունեություն կսահմանվի. ԿԳՄՍ փոխնախարար

Նախագծի ընդունմամբ կամրագրվեն թանգարանային ոլորտի հասկացությունները, թանգարանների տեսակները, գործառույթները, Հայաստանի Հանրապետության պետական թանգարանում ժամանակավոր պահպանության հանձնելու, թանգարանի ֆոնդերը թանգարանային առարկաներով համալրելու, հաշվառելու, հանրայնացնելու սկզբունքները, թանգարանների և հավաքածուների աջակցության ձևերը: Այս մասին Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 9-ին կայացած հերթական նիստի ընթացքում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ հանձնաժողովի անդամներին առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Թանգարանների մասին» օրենքի նախագիծն ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող լրացումները: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Զեկուցողի խոսքով օրենսդրական փաթեթի մշակումը պայմանավորված է Կառավարության՝ 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարման, ինչպես նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի միջոցառումների կատարման պահանջով: «Կարգավորումների ընդունման արդյունքում կհստակեցվեն լիազոր պետական մարմնի լիազորությունները, ՀՀ ազգային թանգարանային հավաքածուի կազմը, դրանում ընդգրկված թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանությունը, ժամանակավոր արտահանումը և այլն: Կամրագրվեն թանգարանների օգտագործման նպատակները, թանգարանների խորհրդի լիազորությունները»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը: Նա հավելել է, որ օրենքի նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության համակարգված գործունեությունը, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների ստեղծումը, ինչպես նաև բնագավառում կկարգավորվեն իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև ծագող հարաբերությունները: Պատգամավորները հարցեր են ուղղել հիմնական զեկուցողին, որոնք վերաբերել են թանգարանների կարգավիճակի հստակեցմանը, ոլորտում աշխատողների թվին ու նրանց աշխատավարձերի բարձրացմանը, պետական թանգարանների նմուշների օտարման հնարավորությունների արգելքին  և այլ թեմաների: Նախագծի հարակից զեկուցումը ներկայացրել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը: Թագուհի Ղազարյանը տեղեկացրել է, որ նախարարության հետ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենսդրական փաթեթն առավել հանգամանալի քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Պատգամավորը խոսել է թանգարանային նմուշների պահման պայմաններից, թանգարանների կառավարման ձևից և դրա արդյունավետությունից: Թագուհի Ղազարյանը կոչ է արել դրական եզրակացություն տալ առաջարկվող նախաձեռնությանը: Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել օրենսդրական փաթեթի ընդունմանը: «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկումը հեղինակի առաջարկով հետաձգվել է մինչև երկու ամիս ժամկետով: Հանձնաժողովը որոշել է հունվարի 24-ին՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովում կազմակերպել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով խորհրդարանական լսումներ:
18:01 - 09 հունվարի, 2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին

Ժաննա Անդրեասյանն ընդունել է միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներին, որոնք հանրակրթական ուսումնական հաստատություններում մանկավարժական գործունեությունը շարունակելու հնարավորություն չեն ստացել՝ հաշվի առնելով «Հանրակրթության մասին» օրենքի պահանջն ու կամավոր ատեստավորման արդյունքները: Այս մասին հայնտում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ ԿԳՄՍ նախարարը, կարևորելով բազմափորձ ուսուցիչների վաստակն ու ներդրումը կրթական համակարգում, շեշտել է, որ դեռևս 2010 թվականին «Հանրակրթության մասին» օրենքով պետությունը սահմանել է բարձրագույն կրթության պահանջ բոլոր ուսուցիչների համար: «Այս նպատակով տրվել է որոշակի ժամանակահատված, որը 2018 թվականին արդեն իսկ մեկ անգամ երկարաձգվել է: Միջին մասնագիտական կրթություն ունեցող շատ ուսուցիչներ այդ ընթացքում ստացել են բարձրագույն կրթություն և կարգավորել են խնդիրը: Նախորդ տարի, օրենքի այդ պահանջը հաշվի առնելով, լրացուցիչ հնարավորություն ընձեռեցինք ուսուցիչներին՝ հասկանալով, որ գուցե օբյեկտիվ պատճառներով շատերը չեն հասցրել կամ չեն կարողացել ապահովել բարձրագույն կրթություն ստանալու խնդիրը: Կամավոր ատեստավորման արդյունքում միջին մասնագիտական կրթությամբ բազմաթիվ ուսուցիչներ, որոնք անցյալ տարվա օգոստոսից պետք է ազատվեին աշխատանքից, այսօր շարունակում են մանկավարժական գործունեությունը: Որևէ նոր պահանջ չի սահմանվել. օրենքի պահանջը կատարելով` մենք չենք ցանկանում հրաժարվել մեր փորձառու ուսուցիչների ներուժից, որովհետև այդ հարցը կարևոր է նաև մեզ համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ պետությունը պատրաստ է աջակցել միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին բարձրագույն կրթություն ստանալու հարցում՝ առաջարկելով պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում, եթե նրանք նման ցանկություն ունենան: Մասնավորապես, ուսուցիչներին առաջարկվել է իրենց տվյալներն ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ նշելով, թե ինչ կրթություն ունեն և որ ուղղություններով են ցանկանում շարունակել բարձրագույն կրթությունը: Տվյալների հավաքագրումից և ամբողջացումից հետո կպատրաստվի Կառավարության որոշման նախագիծ՝ տվյալ մասնագետների ուսման վարձի փոխհատուցումը կազմակերպելու նպատակով: Ժաննա Անդրեասյանը նաև առաջարկել է ուսուցիչներին կարճաժամկետ հեռանկարում դիտարկել ուսումնական հաստատություններում այն հաստիքները զբաղեցնելու հնարավորությունը, որոնց դեպքում բարձրագույն կրթության պահանջ սահմանված չէ: Խոսքը, մասնավորապես, գրադարանավարի, լաբորանտի, օպերատորի, նախակրթարանի դաստիարակի հաստիքների մասին է: Այս նպատակով ԿԳՄՍ նախարարության կողմից առաջիկայում Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին շրջաբերական գրություն կուղարկվի, որով կառաջարկվի այս հաստիքներում նախևառաջ դիտարկել միջին մասնագիտական կրթությամբ մանկավարժների ընդգրկման հարցը, եթե նրանց մասնագիտական կարողություներն ու հմտություններն կբավարարեն տվյալ հաստիքի համար սահմանված պահանջներին: ԿԳՄՍ նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել լրացուցիչ քննարկել միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքների բողոքարկման հարցը` մեկ անգամ ևս մանրամասն դիտարկելով ավելի վաղ տրված պարզաբանումները:
16:33 - 09 հունվարի, 2024
Վարչապետի՝ ցնցուղի մասին հանձնարարականն ինձ չէր ուղղված․ Ժաննա Անդրեասյան |tert.am|

Վարչապետի՝ ցնցուղի մասին հանձնարարականն ինձ չէր ուղղված․ Ժաննա Անդրեասյան |tert.am|

tert.am: Խնդրում եմ տեսանյութն ուշադիր նայեք, վարչապետի հանձնարարականն ինձ չէ ուղղված։ Այսպես արձագանքեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը կատարել է՝ ճշտե՞լ է ցնցուղի գինը: Լրագրողի դիտարկմանը, որ ցնցուղը Ձեզ է ուղղել և հանձնարարել ճշտել ցնցուղի շուկայակական գինը, Անդրեասյանն ասաց․ «Տեսանյութը մինչև վերջ ուշադիր նայեք։ Ցնցուղն այդ գույքի մաս չէ»։Թեմայի վերաբերյալ այլ հարցերը Ժաննա Անդրեասյանն անպատասխան թողեց։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արագած բնակավայր: Նա այցի շրջանակում եղել է Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում և ծանոթացել կատարված աշխատանքներին։ Փաշինյանը պոկել է լոգարանի ցնցուղը և, դիմելով Անդրեսայանին, ասել․ «Ամենայն լրջությամբ եմ ասում, տիկի՛ն Անդրեասյան, սա վերցրեք, [ցնցուղը] տեսեք տեխնիկական բնութագրով ինչ գնանոց է ու ինչ արժե մեր շուկայում»։
13:41 - 09 հունվարի, 2024
Բողոքի ակցիա՝ ԿԳՄՍՆ-ի դիմաց. աշխատանքից զրկված ուսուցիչները դժգոհ են ատեստավորման արդյունքից |news.am|

Բողոքի ակցիա՝ ԿԳՄՍՆ-ի դիմաց. աշխատանքից զրկված ուսուցիչները դժգոհ են ատեստավորման արդյունքից |news.am|

news.am: Միջին մասնագիտական կրթություն ունեցող և պարտադիր ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչները, որոնք 2023թ․-ի դեկտեմբերից ազատվել են աշխատանքից, բողոքի ակցիա են անում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց։ Նրանք պահանջում են, որ  իրենց, ինչպես բարձրագույն կրթություն ստացած ուսուցիչներին, նախ վերապատրաստման ուղարկեն, հետո  ևս մեկ հնարավորություն տան ատեստավորում անցնելու համար։ Ուսուցիչներն այստեղ են եղել նաև դեկտեմբերի 25-ին ու իրենց պահանջները նամակի տեսքով ներկայացրել են նախարարությանը, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել։ «Մեզ տվել են նույն թեստերը, ինչ բարձրագույն ավարտածին, բայց մերը պետք է ուրիշ լիներ։ Դա հերիք չէ, նրանց երկրորդ անգամ էլ են թեստ հանձնելու հնարավորություն տալիս, եթե 50+ միավոր են հավաքել, իսկ մեզ այդ հնարավորությունը չեն տալիս։ Պահանջում ենք, որ հավասարություն լինի»,- ակցիայի ժամանակ ասաց Վայոց Ձորի մարզի դպրոցներից մեկի տեխնոլոգիայի ուսուցչուհի Երանուհի Ալավերդյանը։ Բողոքող ուսուցիչներին մոտեցավ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը և հիշեցրեց, որ բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները աշխատանքից պետք է ազատվեին դեռ 2023 թ-ի օգոստոսին, բայց նրանց կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն է տրվել։ Նա բացատրեց, որ միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներին երկրորդ հնարավորություն չի տրվել, որովհետև նրանց ատեստավորման հնարավորություն տալու որոշումը եղել է օրենքում անցումային դրույթ, որը նրանք պետք է հաղթահարեին առաջին անգամից։ «Մենք դիտարկում ենք, որ այն ուսուցիչները, որոնք ունեն բարձրագույն կրթություն ստանալու և աշխատանքը շարունակելու ցանկություն, նրանց տրվի այդ հնարավորությունը»,- ասաց Սարգսյանը; Ուսուցիչներին, սակայն, չբավարարեց պատասխանը, նրանք ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպում են պահանջում։
13:28 - 09 հունվարի, 2024
Փարաջանովի արձանի բացումը՝ Երեւանում. ԿԳՄՍՆ-ն առաջարկել է Կինոյի տան դիմացի հրապարակը կոչել «Նռան գույնի հրապարակ»
 |news.am|

Փարաջանովի արձանի բացումը՝ Երեւանում. ԿԳՄՍՆ-ն առաջարկել է Կինոյի տան դիմացի հրապարակը կոչել «Նռան գույնի հրապարակ» |news.am|

news.am: Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների բացման շրջանակում Կինոյի տան հարակից հատվածում այսօր՝ հունվարի 9-ին, տեղադրվել է Փարաջանովի արձանը (քանդակագործ՝ Արա Ալեքյան)։ Բացման արարողությանը մասնակցում էին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Արայիկ Հարությունյանն իր խոսում նշեց, որ 2023-2024 թվականները հարուստ են նման միջոցառումներով. «Սերգեյ Փարաջանովի, Արամ Խաչատուրյանի, Շառլ Ազնավուրի հոբելյաններն են, մարդիկ, որոնցով հայ ժողովուրդը ամբողջ աշխարհին ներկայանում է եւ ճանաչելի է դառնում: Սրանք մարդիկ են, որոնց անունը հնչելիս, նրանք անմիջապես ասոցացվում են Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ: Այսօր Փարաջանովի ծննդյան օրն է, բայց մեր միջոցառումները, որոնք հաստատվել են կառավարական հանձնաժողովի կողմից, լինելու են ամբողջ տարվա ընթացքում: Մենք մի քանի մեծ միջոցառումներ ունենք, հաստատել ենք ավելի քան 30 ծրագիր: Մենք հոբելյանը նշելու ենք ոչ միայն Հայաստանում, Երեւանում, այլեւ մեր մարզերում, արտասահմանում, մասնավորապես Ֆրանսիայում եւ Վրաստանում արդեն ունենք նախանշված ծրագրեր»,-ասաց նա՝ հստակեցնելով, որ արձանը տեղ կգտնի Կինոյի տան շենքի դիմաց: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին նշեց. «Հայ կիոնի 100-ամյակի ամփոփումը եւ Ձարաժանովի 100-ամյակով ամփոփումը ցույց է տալիս կինոյի ոլորտում այն զարգացումը, որ կարող ենք նկատել, եւ որը ոգեւորող է: Նախորդ տարի մեր ֆիլմերը ավելի քան 74 տոկոսով մեծացրել են իրենց մասնակցությունը միջազգային կինոփառատոններին: Մենք ուրախությամբ նշում ենք, որ մեր ավելի քան 10 ֆիլմեր ավելի քան 28 մարցանակ են բերել տարբեր միջզգային հեղինակային փառատոններում: Մենք հիմա բոլորս անհամբեր սպասում ենք «Ամերիկացի» ֆիլմի հաջողությանը Օսկարի մրցանակաբաշխությանը: Բայց այն արդյունքը, որ գրանցված է, արդեն հաջողություն է, որովհետեւ «Ամերիկացի» ֆիլմը, որն ամբողջությամբ հայկական ֆիլմ է, արդեն իսկ հայտնվել է Օսկարի մրցանակաբաշխության կարճ ցանկում:  Մենք դեռ շատ անելիք ունենք, իսկ հոբելյանները նշելը լավ առիօթ է, որպեսզի խոսենք այդ անելիքների մասին»: Անդրադառնալով Փարաջանովի արձանին, նախարարն ասաց. «Արձանը շատ բնորոշ ու բնութագրական է: Պետք է նշեմ, որ մեր ավելի գլոբալ հեռանկարը Կինոյի տան բակում աստղային պուրակ ունենալը, այդտեղ արձանը տեղադրելը եւ հրապարակն անվանակոչելն է: Մեր առաջարկն ուղարկվել է քաղաքապետարան, որով առաջարկվում է, որ դիմացի հրապարակը, որտեղ կտեղադրվի Փարաջանովի արձանը, անվանակոչել Նռան գույնի հրապարակ»:
12:54 - 09 հունվարի, 2024
Դասագրքերը պետք է տան պետականակենտրոն ուղերձներ. վարչապետին է ներկայացվել ԿԳՄՍ նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Դասագրքերը պետք է տան պետականակենտրոն ուղերձներ. վարչապետին է ներկայացվել ԿԳՄՍ նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 4-ին այցելել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ գերատեսչության 2023 թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները, առաջնահերթություններն ու գերակայությունները՝ անդրադառնալով նաև նախատեսվող բարեփոխումներին։ Զեկուցվել է, որ նախորդ տարվա ընթացքում ընդունվել են ռազմավարական ոլորտային կարևոր փաստաթղթեր՝ ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի իրականացման գործողությունների ծրագիրը, մշակույթի և սպորտի ոլորտների զարգացման ռազմավարությունները: Ստեղծվել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, որի հիմնական նպատակը բարձրագույն կրթության և գիտության ինտեգրումն է: Հանրակրթության ոլորտում 2023 թ. աշխատանքներն իրականացվել են երեք հիմնական ուղղություններով՝ բովանդակության կատարելագործում, մանկավարժների մասնագիտական զարգացում, ենթակառուցվածքների բարելավում։ Նշվել է, որ նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշիչը ներդրվել է 190 հաստատություններում. վերապատրաստվել են շուրջ 1500 մանկավարժներ, ներդրվել է տարակարգի շնորհման համակարգը: Նախադպրոցական համակարգում ամբողջությամբ ներդրվել է համընդհանուր ներառական կրթությունը, ներկայումս մանկապարտեզ է հաճախում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1255 երեխա՝ 2022 թ. 229 երեխայի փոխարեն: Նրանց կրթության ապահովման համար անհրաժեշտ միջոցները տրամադրվել են պետական բյուջեից, սեպտեմբերից այս խմբին միացել են նաև զինծառայողների երեխաները: «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն է կատարվել, համաձայն որի՝ մինչև 2024 թ. հունիսի 1-ը բոլոր գործող տնօրենները պետք է հավաստագրվեն, այլապես չեն կարողանա պաշտոնավարել: 2023 թ. հավաստագրմանը մասնակցել է 263 անձ։ Հանրակրթության պետական նոր չափորոշիչի ներդրման աշխատանքներն իրականացվել են հանրապետության բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում: Նոր մոտեցմամբ են իրականացվել դասագրքերի ստեղծումն ու տպագրումը, ինչը էապես փոխել է դասագրքերի որակը՝ միաժամանակ ընդլայնելով մասնակցության հնարավորությունները: Դասագրքերի ստեղծման նոր համակարգն ազդեցություն է ունեցել գնի վրա. միջինում մեկ դասագրքի հաշվարկով տարրական դպրոցում՝ 1044 դրամից 742 դրամ, միջին դպրոցում՝ 1722 դրամից 1249 դրամ։ Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ կրթական քաղաքականությունն ամենակարևոր քաղաքականությունն է, որը մշակում և վարում է Կառավարությունը: «Մենք պետք է վստահ լինենք, որ մեր դասագրքերն այդ ուղերձները տալիս են: Պետք է այդ ուղերձները, որոնք տրվում են, լինեն պետականակենտրոն, պետության մասին պետք է լինեն, պետության պատմություն պետք է դա լինի, և գրականությունն էլ պետք է լինի այդպիսին: Այդտեղ էլ շատ մեծ ամպլիտուդ կա, և պետք է շատ ուշադիր լինել: Եվ մենք, առանց սեթևեթելու, պետք է դա ասենք և ասում ենք՝ պետք է լինի պետականակենտրոն բովանդակություն: Դպրոցը պետական ինստիտուտ է, և ամեն ինչը պետք է համապատասխանի դրան, բացարձակապես ամեն ինչը»: Ուսուցիչների մասնագիտական զարգացման և խրախուսման շրջանակում շարունակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորումը. 2023 թվականին կամավոր ատեստավորմանը մասնակցել է մոտ 4200 ուսուցիչ: Ընդհանուր առմամբ, գործընթացի ներդրման երեք տարիների ընթացքում ատեստավորվել է 3830 ուսուցիչ, որոնք վարձատրվում են բարձրացված՝ 200.000 դրամ դրույքաչափով, և ըստ ցուցաբերած արդյունքների, ստանում հավելավճար՝ 30-50 %: Առաջին անգամ իրականացվել է նաև արտադպրոցական մանկավարժների կամավոր ատեստավորումը, որի արդյունքում ատեստավորված 44 մասնագետներն ստանում են լրավճար: Խոսելով ատեստավորման գործընթացի կարևորության մասին՝ վարչապետը նշել է. «Գիտելիքի և բովանդակության խորքն է շատ կարևոր: Կներեք, «զուբրիդ» արած տեքստն ուրիշ է, տեքստին տիրապետելն ուրիշ է: Ի՞նչն է խնդիրը: Հասկանո՞ւմ եք, երբ կրթության ոլորտի մարդիկ ասում են՝ գիտեք ինչ, եկեք այս 3 հարցին պատասխանեմ, այն 50 հարցը թեմայի հետ կապ չունի, գուցե ճիշտ է, բայց ինչ-որ բան կա, մեզ համար դիսկոնֆորտ կա, որովհետև մենք ուզում ենք գիտելիքի խորքն իմանալ: Մենք աշակերտի համար ենք դա անում: Աշակերտներ կան, հույս ունենք, որ կշատանան այդ աշակերտները, որոնք այդ շրջանակի մեջ չեն, իրենք ընկալում են և այնպիսի հարցեր են տալիս: Ես կարծում եմ, որ դա մեծ ողբերգություն է և մեծ դեմոտիվացիա է աշակերտի համար, եթե ինքը հարց է տալիս ուսուցչին և հասկանում է, որ ուսուցիչը բացարձակապես գաղափար չունի իր տված հարցի հետ: Ոչ ոք ամեն ինչ չի կարող իմանալ, բայց դասի ընթացքում մտքի աշխատանք պետք է տեղի ունենա, և այն, ինչ չգիտես, պետք է նաև դա իմանաս, թե ոնց հարաբերվես: Եվ այստեղ գիտելիքի խորքի խնդիր կա»: Նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ավելի վաղ կարծել է, թե դասվարներից ոչ ոք թեստային աշխատանքից չի կտրվի. «Փաստը ցույց տվեց, որ չէ, 1-4-րդ դասարանների դասվարներ կան, որ կտրվում են: Այդտեղ մտածում ես՝ առարկայի ծրագրի ի՞նչ հարցեր պետք է տրվեն, որ բարդ լինի ուսուցչին պատասխանել»: Արձագանքելով՝ վարչապետը հավելել է. «Հասկանո՞ւմ եք դա ինչ է նշանակում: Մեր տարրական դպրոցի ուսուցիչն ատեստավորումից կտրվում է: Իմ խնդիրը ոչ ուսուցիչն է, ոչ կտրվելը, իմ խնդիրը երեխան է: Ի՞նչ ենք անում, երեխայի ապագայի վրա ի՞նչ ազդեցություն ենք ունենում նման անպատասխանատվությամբ»: Նախարարի խոսքով՝ փաստը մնում է փաստ, որ կամավոր ատեստավորումը ախտորոշում է ուսուցիչների հետ կապված խնդիրները, որքան էլ դա դուր չգա: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ատեստավորմանը չմասնակցելու դիմադրությունը նաև հենց դրանով է պայմանավորված: Միաժամանակ նշվել է, որ ուսուցիչների խրախուսման մյուս համակարգը տարակարգն է: Նախորդ տարի 101 ուսուցիչների շնորհվել է տարակարգ. առաջին անգամ ունենք նաև 4-րդ աստիճանի տարակարգ ստացած ուսուցիչներ, որոնց աշխատավարձը 50%-ով բարձրացել է։ Ի պատասխան վարչապետի հարցին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, կամավոր ատեստավորման գործընթացի շրջանակում ստուգվում է ուսուցիչների՝ առարկայի իմացության մակարդակը: «Այսինքն՝ դա բացառապես տվյալ առարկայի իմացությունը ստուգող թեստ է: Բայց բացի դրանից, որպեսզի համարենք, որ ուսուցիչը լավ ուսուցիչ է, պետք է հասկանանք, թե ինչքանով է ճիշտ պլանավորում դասը, ինչ մանկավարժական մեթոդներ է կիրառում, ինչպես է հետադարձ կապ ապահովում երեխաների հետ դասարանում: Տարակարգը կարծես երկրորդ կտորն է ծածկում: Դրա համար մենք ինչո՞ւ փոխեցինք կարգը: Նախկինում, որպեսզի տարակարգ տային, ուզում էին ուսուցչի ստացած շնորհակալագրերը, պատվոգրերը, ինչ-որ փաստաթղթային բաներ, կամ հոդվածներ, որոնք երբեմն տպագրվում էին ինչ-որ անհասկանալի ամսագրերում: Մենք հիմա ուսուցիչներից ուզում ենք իրենց անցկացրած դասերի տեսագրությունը, որ տեսնենք, թե ինչպես է ուսուցիչը դաս անցկացնում, ինչքանով է տեխնոլոգիաներ կիրառում, ինչքանով է երեխաներին ընդգրկում դասի մեջ, արդյոք կենտրոնանում է մեկ-երկուսի վրա, թե ամբողջ դասարանը մասնակցում է: Ուզում ենք իր դասի պլանները, այսինքն՝ օրինակ, ֆիզիկայից պիտի թեման բացատրի, ինչպես է պլանավորել, ինչ հերթականությամբ, ինչ տրամաբանությամբ»,- մանրամասներ է ներկայացրել Ժաննա Անդրեասյանը: Արձագանքելով՝ վարչապետը նշել է. «Մենք տարակարգ ստանալու բովանդակությունը, ըստ էության, փոխել ենք: Այսինքն՝ մանկավարժական մեթոդների և դասավարման պրոցեսի հետ ենք կապել և տեսանյութերով դա ստուգելի է, թե ոնց են ստանում տարակարգ»: 2023 թ. ներդրվել է ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանն ուղղված երկու այլ ծրագիր ևս՝ բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների 25% հավելավճարի տրամադրումը, որի շրջանակում շուրջ 8420 ուսուցչի աշխատավարձը բարձրացել է 1 ուսուցչի հաշվով միջինում 32 000 դրամով և մինչև 100 սովորող ունեցող գյուղական դպրոցների ուսուցիչների խրախուսում, որի շրջանակում գյուղական մինչև 100 սովորող ունեցող դպրոցներում դասավանդող 3987 ուսուցչից 2975 ուսուցչի աշխատավարձի ավելացում է եղել 0,5 դրույքի չափով՝ միջինում 1 ուսուցչի հաշվով 71 700 դրամից դարձել է 115 300 դրամ: Հանրակրթական դպրոցների կառավարման նոր համակարգը ներդրվել է 170 դպրոցում, որոնց տնօրենների պաշտոնավարման ժամկետը լրացել է 2023 թ.։ Կառավարման նոր համակարգի անցած դպրոցներում կրթության բովանդակային և վարչատնտեսական գործառույթների կառավարումն առանձնացված է: Սեպտեմբերից դպրոցներում ներդրվել է ֆինանսավորման նոր մոդել, որի համաձայն նախկինում գործող երեխա-թվով ֆինանսավորումից անցում է կատարվել դասարան-թվով ֆինանսավորման, ինչն, ըստ պատասխանատուների, թույլ է տալիս առավել լավ պլանավորել ուսումնական գործընթացը։ Նոր ֆինանսավորմամբ նպատակային տողեր են առանձնացված նաև միջավայրի մատչելիության, խելամիտ հարմարեցումների, լաբորատոր նյութերի և այլնի համար։ Ֆինանսավորման նոր մոդելով ուսուցչի 22 ժամ դրույքաչափը նոր չափորոշիչի ներդրվող դասարաններում հաշվարկում է տարրական դպրոցում 18 ժամ, միջին և ավագ դպրոցներում՝ 20 ժամ։ Մարզերում գործող դպրոցների տարրական դասարանների բոլոր սովորողները` 135 hազար աշակերտներ, օգտվում են «Դպրոցական սնունդ» ծրագրից; Նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում 2025 թ.-ից Երևանի դպրոցներում ևս ծրագիրը ներդնելու ուղղությամբ։ Շարունակվել է Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի իրականացումը։ Հաստատվել է ծրագրում ընդգրկված 293 դպրոցների ցանկը, դպրոցների մեծ մասի շինարարությունը կմեկնարկի 2024 թ. տարեսկզբին։ 2023 թ. ավարտվել են 29 դպրոցների և 114 մանկապարտեզների շինարարական աշխատանքները: Նոր կառուցված 29 դպրոցի մարզադահլիճի և 24 դպրոցի համար հատկացվել է գույք։ ԲՏՃՄ լաբորատորիաներով են համալրվել Արմավիրի մարզի 88 դպրոցներ և բոլոր նորակառույց դպրոցները: Վարչապետը նշել է, որ պետք է մոնիթորինգ իրականացվի բոլոր ծրագրերի արդյունքները գնահատելու համար: «Ծրագիր ընդունեցինք, պետք է մոնիթորինգ անենք, վերադառնանք բացարձակապես բոլոր ծրագրերին: Կառավարության նիստում էլ ասացի, մենք ֆինանսավորում ենք, այդ փողը ինչի՞ համար ենք տալիս: Փողը որոշակի քաղաքական նպատակի տրանսպորտային միջոց է, մենք ուզում ենք այդ նպատակը հասցնել տեղ: Պետք է գնանք, տեսնենք մեր նպատակը տեղ հասե՞լ է, թե տեղ չի հասել: Ի վերջո, ո՞րն է մեր նպատակը: Մեր նպատակն աշակերտն է, աշակերտին դրանից լա՞վ է, թե՞ վատ: Եթե պարզվի, որ աշակերտին դրանից լավ է, իսկ լավն ու վատը որոշվում է չափորոշիչով: Դա էլ է լավ, որ մենք գիտենք, թե ինչն է լավ, ինչն է վատ: Այսինքն՝ եթե գնում ենք տեսնում լավ է, շարունակենք, եթե տեսնում ենք լավ չէ, մտածենք, թե ինչ անենք»: Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտում Կառավարության կողմից հաստատվել և ԱԺ քննարկմանն է ներկայացվել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը հնարավորություն կտա բարձրացնելու մասնագիտական կրթության որակը։ 13 ուսումնական հաստատությունում ընթանում են շինարարական աշխատանքներ, 7 հաստատություններ համալրվել են նոր գույքով։ Գերակա մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության բարձրացման նպատակով վերանայվել է կրթաթոշակային քաղաքականությունը. գյուղատնտեսության, արդյունաբերության և շինարարության ուղղություններով սովորող ուսանողներին հատկացվել է 50 հազար դրամ կրթաթոշակ, որն ուղղակի ազդեցություն է ունեցել ընդունելության ցուցանիշների վրա: Շեշտվել է, որ գիտության և բարձրագույն կրթության ոլորտում ամենակարևոր աշխատանքն «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի հաստատումն ու «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի ստեղծումն է: Ժամանակակից արվեստի և գրահրատարակչության բնագավառում հաշվետու տարում ներդրվել է թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելը, որը պիլոտային ռեժիմով կիրականացվի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում: Հաստատվել է թատերահամերգային կազմակերպությունների ստեղծագործական անձնակազմի մասնագիտական որակավորման քննություններ անցկացնելու օրինակելի կանոնակարգը՝ սահմանվել են ելույթավճարների սկզբունքները: Օպերային թատրոնում արդեն իսկ կիրառվող ելույթավճարների նոր մոդելի արդյունքում նվագախմբի երաժշտի միջին ամսական աշխատավարձը կազմում է 333 000 դրամ, որից ելույթավճարը՝ 103 000 դրամ, աշխատավարձը՝ 230 000 դրամ: Աշխատավարձերն Օպերային թատրոնում նախորդ տարի աճել են 40 տոկոսով: Փոփոխություն է կատարվել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքում, որի արդյունքում կիրառվելու է ներդրումների մասնակի վերադարձի (cash rebate) համակարգը։ Կինոյի ոլորտի և կինոյի արտադրության զարգացմանը մեծապես նպաստել է նաև ճանաչված և հեղինակավոր կինոարտադրողների հետ համագործակցությունը: Մասնավորապես, հուշագիր է ստորագրվել «Փիփլ օֆ Ար» ընկերության հետ, համագործակցություն է նախանշվում նաև «Նեթֆլիքս»-ի հետ։ «Ամերիկացին» լիամետրաժ կինոնկարն ընդգրկվել է «Օսկարի» շորտ լիստում (ռեժիսոր՝ Միքայել Գուրջյան)։ 2023 թվականին 9 թատերահամերգային կազմակերպության հատկացվել է 507 մլն 977 հազար դրամ՝ գույքի և նյութատեխնիկական բազայի բարելավման նպատակով: Մշակույթի ապակենտրոնացման և մարզերի մշակութային կյանքի ակտիվացման նպատակով անցկացվել են փառատոներ (ՖեստիՎառ, Սայաթ-Նովա, Զարկ ֆեստ), մշակութային տարբեր միջոցառումներ սահմանամերձ շրջաններում, միջհամայնքային համատեղ նախաձեռնություններ, արտերկրի արվեստագետների համերգներ մարզերում: 2023-ին իրականացվել է 18 կրթական-մշակութային նախագիծ, որում ընդգրկված են եղել 550 դպրոց, 21000 աշակերտ, իրականացվել է ներառական 5 ծրագիր՝ 1800 մասնակցով: Ներսես Շնորհալու մահվան 850-րդ (գիտաժողով, ցուցադրություն և հանդիսավոր համերգներ, այդ թվում՝ Հունաստանում, Վատիկանում) տարելիցը և Հայ կինոյի 100-ամյակը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական տարեթվերի ցանկում։ Անցկացվել են Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված խաչատրյանական ծրագիրը (65 համերգ, 12 երկրում, ցուցահանդեսներ և գիտաժողովներ), Հայ կինոյի 100-ամյակին նվիրված ծրագիրը (17-ից ավելի միջոցառում): 2024 թ. կարևոր հոբելյանական միջոցառումներից են` Շառլ Ազնավուրի, Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանները, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս տարվա հոբելյանական ցանկերում: Մշակութային ժառանգության ոլորտում ընդունվել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի և հարակից մի շարք այլ օրենքների փոփոխության փաթեթը։ Ազգային ժողով է ներկայացվել «Թանգարանների մասին օրենքի» նախագիծը: Թանգարաններում ներդրվել է տոմսերի նոր սակագնային փաթեթ, մինչև 12 տարեկան երեխաների համար սահմանվել է անվճար մուտք: Դպրոցական բաժանորդային ծրագրից 2023թ. ընդհանուր առմամբ օգտվել է 205 707 աշակերտ: Մշակութային արժեքների արտահանումը կազմակերպվում է գործարկված ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am): Ստեղծվել է «Արտաշատ Մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցը, ներդրման առաջին փուլում է նախարարության ենթակայության թանգարանների միասնական էլեկտրոնային տոմսային համակարգը: Վերականգնվել է ՀՀ թանգարանային ֆոնդի համալրման նպատակով բյուջետային միջոցների տրամադրումը՝ 44 մլն 320 հազար դրամ, հագեցվել է «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի, նախարարության ենթակայության գրադարանների ու թանգարանների նյութատեխնիկական բազան: Վերանորոգվել են Մինաս Ավետիսյանի և Գևորգ Գրիգորյանի (ՋՈՏՏՈՅԻ) թանգարանները, մեկնարկել են Հ․ Թումանյանի թանգարանի վերանորոգման աշխատանքները: 14-ով համալրվել է ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկը: Իրականացվել են 11 ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության դրամաշնորհային ծրագրեր 50 համայնքներում և Ջավախքում: 2023 թ. իրականացվել են 8 հուշարձանի վերականգնման աշխատանքներ, մշակվել են հուշարձանների տարածքներում տեղեկատվական կենտրոնների նախագծային փաստաթղթերը, որոնցից 3-ը 2024 թ. կտեղադրվեն: Նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել պատմամշակութային արժեք ներկայացնող 36 կառույցի, հաստատվել է 82 պահպանական գոտու նախագիծ, տրվել է 55 հուշարձանի հնագիտական ուսումնասիրության թույլտվություն, պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում վերականգնվել կամ վերականգնման ընթացքում է 10 հուշարձան: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում են գրանցվել «Գյումրիի դարբնության ավանդույթը», Կոմիտասի ստեղծագործությունների հավաքածուն, հավանության է արժանացել «Տաթևի և Տաթևի Անապատ վանական համալիրները և Որոտանի հովտի հարակից տարածքները» հուշարձանին ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու վերաբերյալ ՀՀ ներկայացրած հայտը: Շարունակվել է համագործակցությունը ՄԱԿ-ի, Եվրոպական միության, Եվրոպայի Խորհրդի, ԱՊՀ, ԵԱՏՄ, Ֆրանկոֆոնիայի և այլ կառույցների շրջանակում. հիշարժան են մշակույթի ոլորտում «Ստեղծագործ Եվրոպա», կրթության ոլորտում «Էրազմուս+» և գիտության ոլորտում «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրերը ԵՄ հետ։ Հաստատվել է Եվրոպայի Միության կողմից «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» բյուջետային աջակցության ծրագիրը (32 մլն եվրո): Զեկուցվել է, որ 2023-2024 ուսումնական տարում ՀՀ բուհերում սովորող օտարերկրյա ու սփյուռքահայ ուսանողների ընդհանուր թիվն աճել է 8.4%- ով՝ կազմելով 8333 ուսանող, որից 4229-ը՝ սփյուռքահայ (այդ թվում՝ պետպատվերով սովորող 330 սփյուռքահայեր): ՀՀ քոլեջներում, ուսումնարաններում սովորում է 563 օտարերկրյա քաղաքացի, որից 532-ը` սփյուռքահայ (2% աճ): Մշակվել է ՀՀ բուհեր օտարերկրյա քաղաքացիների փաստաթղթերի ընդունելության և հաշվառման էլեկտրոնային հարթակը, որի շահագործումը նախատեսվում է 2024-2025 ուստարում: Լրամշակվում է 2011 թվականից գործող օտարերկրացիների ընդունելության կարգը: ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ օտարերկրյա պետություններում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման ծրագիրն իրականացվել է 13 պետությունների 15 գիտակրթական հաստատություններում, որոնցից 2-ը ծրագրում ընդգրկվել են 2023-ին (Թրակիայի Դեմոկրիտ համալսարան (Հունաստան), Սինալոայի համալսարանի (Մեքսիկա)): Հաստատվել է «Համագործակցության ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման հայեցակարգը»: Կազմակերպվել է սփյուռքի կրթօջախների ուսուցիչների կարողությունների հզորացում ծրագիրը, որն անցկացվել է 7 ծրագրային ուղղություններով՝ 120 ժամ տևողությամբ: 23 երկրի 220 կրթօջախի տրամադրվել է 38570 կտոր ուսումնական նյութ, որից 21970-ը՝ 57%-ը Վրաստանին: Ձևավորվել է սփյուռքի դպրոցների ուսումնական նյութերի էլեկտրոնային շտեմարանը՝ https://lib.armedu.am/category/67, որն աստիճանաբար համալրվում է նոր դասագրքերով և նյութերով։ 2023 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ երիտասարդության ոլորտում ընդհանուր իրականացվել է 25 ծրագիր` 2 մլրդ 190 մլն դրամի: Մեկնարկել են «Երիտասարդության մասին» օրենքի և երիտասարդության ազգային ինդեքսի մշակման աշխատանքները: Գավառը ճանաչվել է 2024թ. երիտասարդական մայրաքաղաք: Պետական միջոցներով ստեղծվել են երկու երիտասարդական կենտրոններ՝ Տավուշի մարզի Դիլիջան և Արագածոտնի մարզի Ապարան համայնքներում: Իրականացվել են կարողությունների զարգացման 9 ծրագրեր: 2023 թ. «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շահառու է դարձել ևս 733 ընտանիք, որոնք պետական սուբսիդավորմամբ ձեռք են բերել բնակարան, որից 179-ը՝ Երևանից, 554-ը՝ մարզերից։ Ընդհանուր առմամբ, 2010 թ. ծրագրի մեկնարկից ի վեր շահառուների ընդհանուր թիվը կազմել է 8140։ 2023-ին 35 մարզական ֆեդերացիաներին Կառավարության կողմից հատկացվել է 1 մլրդ 755 մլն 300 հազար դրամ: Ֆեդերացիաներն անցկացրել են 98 ՀՀ առաջնություն, մասնակցել են 213 միջազգային մրցաշարերի, այդ թվում՝ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների, կազմակերպել են 169 ուսումնամարզական հավաքներ (տարբեր տարիքային խմբերով): Նախորդ տարվա ընթացքում տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, համաշխարհային ունիվերսիադայում, եվրոպական, ԱՊՀ, Ֆրանկոֆոնյան խաղերում ՀՀ հավաքականների մարզիկները նվաճել են 445 մեդալ (որից 25-ը կանայք), այդ թվում՝ 125 ոսկե, 127 արծաթե և 193 բրոնզե: «Փարիզ 2024» ամառային օլիմպիական խաղերին լավագույնս նախապատրաստվելու նպատակով 2023 թվականին սպորտային նպաստ է ստացել 94 մարզիկ, 72 անձնական մարզիչ, 32 գլխավոր և ավագ մարզիչ, 13 բժիշկ և մերսող: ՀՀ կառավարության տարբեր ծրագրերով 2023թ. 64 մարզիկ և մարզիչ ստանում են մինչև 500.000 դրամ, 24 մարզիկ և մարզիչ՝ 500.000-1 մլն դրամ, 2 մարզիկ՝ 1 մլն-ից ավելի ամսական նպաստ և անվանական թոշակ: 70 մարզիկ ստացել է տարեվերջյան մինչև 500.000 դրամ միանվագ պարգևատրում, 45 մարզիկ՝ մինչև 1 մլն դրամ, 91 մարզիկ՝ 1 մլն դրամից ավելի: Տարվա արդյունքներով ձեքբերումների և նվաճումների համար 1 մարզիկ ստացել է ընդհանուր 18 մլն դրամ: 2023 թ. 10 լավագույն մարզիկները պարգևատրվել են՝ յուրաքանչյուրը 5 մլն դրամով: 2023 թվականին ամսական պատվովճար են ստացել տարբեր տարիներին բարձր արդյունքներ ցուցաբերած 79 մարզիկներ: Տարեվերջյան միանվագ պարգևատրում են ստացել 15 մարզաձևից 205 մարզիկ, նրանց մարզիչները և մեծահասակների հավաքականների բժիշկները: 2022 թվականին բարձր արդյունքներ ցուցաբերած ՀՀ հավաքականների 130 մարզիկներին, նրանց անձնական 112 և հավաքականների 40 մարզիչներին նշանակվել է անվանական թոշակ՝ 2023թ. հունվարի 1-ից: Նախորդ տարվա ընթացքում ՀՀ-ում անցկացվել են 5 խոշոր մրցաշարեր. ապրիլի 15-23-ը ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել են 40 երկրի 600 մասնակիցներ (Հայաստանի հավաքականը նվաճել է 13 մեդալ՝ 4 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե): Ապրիլի 23-ից մինչև մայիսի 4-ը Երևանում տեղի է ունեցել բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել են 39 երկրի 350 մասնակիցներ (երիտասարդների Հայաստանի հավաքականը նվաճել է 13 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե): Նոյեմբերի 10-12-ն անցկացվել է սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը, որին մասնակցել են 71 երկրի 700 մասնակիցներ (Հայաստանի հավաքականը նվաճել է 10 մեդալ՝ 5 արծաթ, 5 բրոնզ): Նոյեմբերի 12-ին՝ սպորտային պարերի աշխարհի երիտասարդների լատինամերիկյան առաջնությունը, որին մասնակցել են 33 երկրի 120 մասնակցել: Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 5-ն անցկացվել է բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը, որին մասնակցել են 52 երկրի 450 բռնցքամարտիկներ (Հայաստանի հավաքականը նվաճել է 10 մեդալ՝ 4 ոսկե, 5 արծաթե, 1 բրոնզե): ՀՀ Կառավարության որոշմամբ՝ 61 մարզական կազմակերպություններին հատկացվել է 29 անվանում մարզական գույք: Շարունակվել է Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցումը, ինչպես նաև Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոցի, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի մարզական համալիրի կառուցման աշխատանքները: Ավարտվել է Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի վերանորոգումը, Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են: Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2024 թվականին: Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզադահլիճներում իրականացվում են ուժեղացման աշխատանքներ: Հաշվետու տարում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող 5 մարզական մասսայական միջոցառում՝ սիրողական խճուղային հեծանվավազքի, խճուղավազքի, լողի, սեղանի թենիսի, դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարերը, որոնց մասնակցել է 6496 մարդ: Իրականացվել են նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև բանակային խաղերը, այլ մարզական մասսայական միջոցառումներ: Ընդհանուր առմամբ նախարարության կողմից իրականացված մարզական մասսայական միջոցառումներին 2023 թվականին մասնակցել է 40228 մարդ: Ամփոփելով՝ վարչապետն անդրադարձել է Սփյուռքի դպրոցներին անհրաժեշտ դասագրքերի տրամադրմանը և ընդգծել, որ ըստ անհրաժեշտության Կառավարությունը պատրաստ է ավելացնել ֆինանսական հատկացումներն այդ ուղղությամբ՝ առկա կարիքները բավարարելու նպատակով: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարբեր քաղաքներում և բնակավայրերում երիտասարդական կենտրոնների հիմնման աշխատանքները և նշել, որ ծրագիրը պետք է կրի շարունակական բնույթ: Վարչապետը՝ խոսելով մարզային և քաղաքային գրադարանների մասին, նշել է, որ անհրաժեշտ է դրանց կառավարումն արտապատվիրակել ոլորտում փորձ ունեցող լավագույն ընկերություններին՝ վերջիններս շրջանում անցկացնելով համապատասխան մրցույթ: «Ինչ-որ առումով դրանք պետք է դառնան ինտելեկտուալ ժամանցի կենտրոններ: Մեր խնդիրն է՝ ապրեցնել այդ գրադարանները»,- շեշտել է Կառավարության ղեկավարը: Վարչապետը կարևորել է նաև պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության ուղղությամբ հետևողական աշխատանքները, ընդգծել թանգարանների արդյունավետ գործունեության, վերջիններիս սեփական եկամուտների ավելացման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյոք Կառավարությունն իր կողմից անհրաժեշտ աշխատանքներ է տանում Փարիզի օլիմպիական խաղերի նախապատրաստության ուղղությամբ. փոխնախարար Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ պետությունն իր կողմից կատարում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ մարզիկների նախապատրաստական աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար: Վարչապետը, կարևորելով մարզերում մարզական կենտրոնների խրախուսումը, անհրաժեշտ է համարել մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ ապահովել ֆիթնես կենտրոնների գործունեությունը և մշակել դրանց կառավարման նոր մոդել:
12:19 - 05 հունվարի, 2024
2024 թվականից փոխվելու է ուսուցիչների ատեստավորման ամբողջ գործընթացը. Սվաջյան
 |armenpress.am|

2024 թվականից փոխվելու է ուսուցիչների ատեստավորման ամբողջ գործընթացը. Սվաջյան |armenpress.am|

armenpress.am: Հանրակրթության ոլորտում 2024 թվականից փոխվելու է ուսուցիչների ատեստավորման ամբողջ գործընթացը. նախարարությունը մեկնարկում է նոր ձևաչափով ծրագրեր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նախարարի տեղակալն ընդգծեց, որ 2024 թվականին հիմնականում ուսուցիչների և  ոլորտի մասնագետների  կարողությունների  զարգացմանն ուղղված նոր ձևաչափով ծրագիր են իրականացնելու: «Փոխվելու է հանրակրթական դպրոցների հերթական ատեստավորման և վերապատրաստման ողջ գործընթացը, որի շրջանակում ուսուցիչները արդեն ոչ թե ստանդարտ մոդուլով կանցնեն վերապատրաստում, այլ կիրականացվի նրանց կարիքի գնահատում, այնուհետև այդ կարիքներին համապատասխան ուսուցիչները վերապատրաստման մասնակցելու հնարավորություն կունենան։ Ատեստավորման գործընթացը նույնպես այլ ձևով կիրականացվի։  Նշեմ, որ վերապատրաստումը իրականացվելու է չորս մակարդակներով, քանի որ մենք ունենք ավելի թույլ կարողություններով ուսուցիչներ, որոնց հետ ավելի  ինտենսիվ աշխատանքն է պետք  իրականացնել, այլ ոչ թե հինգ տարին մեկ անգամ։ Օրինակ՝ մինչև 5 տարվա փորձ ունեցող ուսուցիչների համար ատեստավորման և վերապատրաստման  տևողությունը սահմանել  ենք մեկ տարի։ Ունենք նաև փորձառու ուսուցիչներ, որոնք հենց իրենք վերապատրաստողներ են, և, բնականաբար, այս ուսուցիչներին ներկայացվող թե՛ վերապատրաստումները, թե՛ նրանց ատեստավորմանը  ներկայացվող պահանջները բոլորովին այլ են լինելու»,- ասաց նախարարի տեղակալը։ Սվաջյանը կարևորեց, որ 2024 թվականին վերապատրաստման գործընթացը ներդրվելու է մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում՝ ընդգծելով, որ այս ոլորտում երբևէ մասնագիտական ուղղություններին ուղղված վերապատրաստումներ և ատեստավորման գործընթաց չի իրականացվել։  «Առաջիկայում ՄԿՈՒ ոլորտում կհայտարարենք  մի քանի ուղղություններ, որտեղ ունենալու ենք վերապատրաստման գործընթաց և, բնականաբար, դրան հաջորդող ատեստավորման գործընթաց»,-ասաց Սվաջյանը։ Նախարարի տեղակալը նշեց, որ ՄԿՈւ ոլորտում վերապատրաստման գործընթացը բոլորովին այլ ձևաչափով է իրականացվելու, որովհետև այստեղ շատ կարևոր է ոչ միայն տեսական գիտելիքների ստուգման գործընթացը, այլ նաև գործնական կարողությունները։  «Ուզում եմ ընդգծել, որ սա ոչ միայն կարողությունների զարգացման ուղղված մի գործընթաց է լինելու, այլ նաև զուգակցվելու է խրախուսման մեխանիզմներով. կլինի դրույքաչափի բարձրացում՝ 200 հազար դրամ և համապատասխան հավելավճարներ՝ 30,40, 50 տոկոս»,- ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալը։ Սվաջյանի խոսքով՝ 2024 թվականի կարևոր նախագծերից է նաև «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը, որը նոր չէ, բայց լայն ծավալով և թափով ընթանալու է։ 2024 թվականի սկզբին ծրագրի շրջանակում մեկնարկելու է 200-ից ավելի դպրոցների և կրթահամալիրների շինարարությունը։
10:19 - 05 հունվարի, 2024
Հաստատվել է գիտական աստիճանի համար հավելավճարի տրամադրման նոր կարգը․ չափը կմնա նույնը

Հաստատվել է գիտական աստիճանի համար հավելավճարի տրամադրման նոր կարգը․ չափը կմնա նույնը

Այսուհետ հավելավճար կստանան գիտական աստիճան ունեցող այն գիտաշխատողները, որոնք ներգրավված են պետական ֆինանսավորման բազային ծրագրերում և աշխատում են աշխատաժամանակի ամբողջական ծանրաբեռնվածությամբ։ Հ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման չափը և կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը քննարկվեց և ընդունվեց ՀՀ կառավարության 2024թ․ հունվարի 4-ի նիստի ժամանակ։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների մեջ կարևոր տեղ է գրավում այնպիսի ցուցանիշ, ինչպիսին փաստացի գիտաշխատողների լրիվ զբաղվածության համարժեքն է մեկ միլիոն բնակչի հաշվով, և սա ցույց է տալիս գիտաշխատողների այն համամասնությունը, որոնք ունեն լրիվ զբաղվածություն և այդ զբաղվածությամբ զբաղվում են գիտական գործունեությամբ․ «Պետք է ասեմ, որ Հայաստանում այս ցուցանիշը բավական ցածր է։ Մենք ընդհանուր առմամբ ունենք 2455 նման գիտաշխատող, որը մեկ միլիոն բնակչի հաշվարկով կազմում է մոտ 830, և այս ցուցանիշով բավական զիջում ենք մյուս երկրներին, այդ թվում՝ տարածաշրջանի։ Հետևաբար անհրաժեշտ է, որ մեր քաղաքականության գործիքները խրախուսեն գիտաշխատողների՝ լրիվ զբաղվածությամբ գիտական գործունեությամբ զբաղվելը»։ 2008 թվականից գործող որոշմամբ գիտաշխատողները պետական ֆինանսավորման ծրագրերում ներգրավված լինելու պարագայում իրենց գիտական աստիճանի համար ստանում էին հավելավճար՝ գիտությունների թեկնածուները՝ 25 000 դրամի չափով, գիտությունների դոկտորները՝ 50 000 դրամի չափով։ Հավելավճարը հատկացվում էր գիտնականին, եթե նա պետական ֆինանսավորման ծրագրերում ներգրավված էր առնվազն նվազագույն աշխատավարձի ու դրանից բարձր վարձատրության պայմաններում։ Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ գիտնականների աշխատավարձերի բարձրացման ֆոնին նախկինում հաստատված կարգը վերածվել է առանց նախապայմանի հավելավճար տրամադրելու գործիքի, քանի որ մեծամասնությունը հաղթահարում է սահմանված նվազագույն աշխատավարձի շեմը․  «Հետևաբար այս փոփոխություններն ենք նախաձեռնել, որով կանոնակարգում ենք գիտական աստիճանի համար հատկացվող հավելավճարի տրամադրման պայմանները՝ հավելավճարի չափը պահպանելով նույնը։ Կարգի ընդունումից հետո հավելավճար կստանան միայն այն գիտական աշխատողները, որոնք ունեն գիտական աստիճան, ներգրավված են պետական ֆինանսավորման բազային ծրագրերում և աշխատում են աշխատաժամանակի առնվազն նորմալ ծանրաբեռնվածությամբ, այսինքն՝ ամբողջական ծանրաբեռնվածությամբ»,- մանրամասնեց նախարարը՝ նշելով, որ հավելավճարի տրամադրման այս գործիքը կդառնա գիտության ոլորտում նորմալ ծանրաբեռնվածությամբ աշխատանքի անցնելու հավելյալ խթան, և սա կարևոր է, որ գիտական գործունեությունը դիտարկվի իբրև պրոֆեսիոնալ ու հիմնական զբաղմունք։ «Մեր դիտարկումներով այս պահին բազային ֆինանսավորման ծրագրերում ներգրավված, գիտական աստիճան ունեցող 2162 անձանցից 778-ը այս պայմանների բավարարման խնդիր կունենա, և դրանով իսկ մենք կխրախուսենք, որ նրանք ևս անցում կատարեն ամբողջական ծանրաբեռնվածությամբ աշխատանքի»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Այս որոշմամբ նրանց խնդրում ենք, որ ավելի ակտիվ զբաղվեն գիտությամբ, մանավանդ որ կարծում ենք, որ դրա համար, չեմ ասում իդեալական, բայց որոշակի պայմաններ ստեղծել ենք։ Վերջերս ԳԱԱ-ում խոսում էինք, թե ինչքան գիտական սարքեր ենք ձեռք բերել, ձեռք բերելու։ 2024թ․-ին մի քանի միլիարդ դրամի գիտական սարքերի ձեռքբերում է նախատեսված, բայց այդ սարքերը պետք է մեր հարգարժան գիտնականների միջոցով օգտագործվեն, մինչև նաև նոր սերունդ կաճի, և նոր սերունդը նույնպես այդ հնարավորությունը կունենա։ Կարծում եմ՝ արդարացված և ճիշտ որոշում է»։ ԿԳՄՍ նախարարն էլ հիշեցրեց, որ ընդամենը մի քանի նիստ առաջ հաստատվել է նաև գիտնականների ատեստավորման նոր կարգը, որը սինխրոնացված է այս մոտեցումների հետ․ «Այսինքն՝ այնտեղ էլ մենք այնպիսի խթաններ էինք դրել, որոնք պետք է գիտաշխատողներին խրախուսեն էլ ավելի ինտենսիվ գիտական գործունեություն վարել, ընդ որում՝ միջազգային առումով մրցունակ գիտական արտադրանքի մասին է խոսքը, և այս հավելավճարների քաղաքականությունն էլ գալիս է կապվելու ատեստավորման այդ նույն տրամաբանության հետ»։
13:32 - 04 հունվարի, 2024
Ակադեմիական քաղաքի համար կհատկացվի Երևանի 17-րդ թաղամասն ու «Հաֆիլմի» տարածքը
 |armeniasputnik.am|

Ակադեմիական քաղաքի համար կհատկացվի Երևանի 17-րդ թաղամասն ու «Հաֆիլմի» տարածքը |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Ակադեմիական քաղաքի կառուցման համար որպես հիմնական տեղամաս ընտրվել է Երևանի 17-րդ թաղամասը։ Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդունվեց քաղաքի ստեղծման համար Երևանի 17-րդ թաղամասի, ինչպես նաև Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ որոշման նախագիծը։ «Ակադեմիական քաղաքի կարևորությունն ու հրատապությունը պայմանավորված են որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական միջավայր ստեղծելու անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրթությունն ու հետազոտությունը տնտեսական կայուն և առաջընթաց զարգացման նախապայման են»,- ասված է որոշման նախագծի հիմնավորման մեջ։ Նշվում է, որ որպես հիմնական տեղամաս ընտրված 17-րդ թաղամասի տարածքի սահմաններում առկա են ինչպես պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասեր, այնպես էլ ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող հողամասեր։ ԿԳՄՍ նախարարության առաջարկով՝ ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքների նախագծման, կառուցման և շահագործման արդյունավետությունն ապահովելու համար նպատակահարմար հիմնադրամին սեփականության իրավունքով կփոխանցվի հիմնական տեղամասի տարածքում գտնվող և «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար նախատեսված հողամասերը։ Հիշեցնենք` իշխանությունը նախատեսում է ակադեմիական քաղաք տեղափոխել բուհերն ու գիտական ինստիտուտները՝ դրանց հիման վրա ստեղծելով կլաստերներ։ Հայաստանում ակադեմիական ավանի կառուցման գլխավոր հատակագիծը կկազմի գերմանական «GMP International Architects and Engineers» ընկերությունը: Ֆինանսավորումը կիրականացվի «գիտական կենտրոնների վերանորոգում» բյուջետային հոդվածի շրջանակում, որի ընդհանուր ծավալը կազմում է 940 մլն դրամ:
11:21 - 04 հունվարի, 2024