Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, սոցիոլոգ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու։

Ծնվել է 1981թ․ Վրաստանում։ Ավարտել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետը։ 2004թ․-ից դասավանդում է նույն ֆակուլտետում։ Դասավանդում է նաև ԵՊԼՀ-ում։2003-2019 թթ. աշխատել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ում որպես հանրակրթությունում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման ծրագրի մասնագետ, այնուհետ՝ ղեկավար, բարձրագույն կրթության ծրագրերի ղեկավար, 2017-ից՝ ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ։ 2012 թվականին եղել է ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգը մշակող աշխատանքային խմբի անդամ։

2012-2015թթ․՝ Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի սոցիալական չափայնության և հարատև կրթության աշխատանքային խմբի հայաստանյան ներկայացուցիչ։ 2013 թվականից ներգրավված է «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության հետազոտական ծրագրերում։ 2016 թվականից Սոցիոլոգիայի միջազգային ընկերակցության անդամ է։ 

2019թ․ փետրվարի 15-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է նախարարի տեղակալ։

Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներն այլևս չեն աշխատելու դպրոցներում. ԿԳՄՍ նախարար
 |armenpress.am|

Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներն այլևս չեն աշխատելու դպրոցներում. ԿԳՄՍ նախարար |armenpress.am|

armenpress.am: Դպրոցներում դեռևս մնացել են 1300 ուսուցիչներ, որոնք տարբեր հանգամանքների բերումով չունեն բարձրագույն կրթություն։ Ազգային ժողովի արտահերթ նիստին այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ «Շուրջ 12 տարի առաջ «Հանրակրթության մասին» օրենքով պետությունը ուսուցիչների համար սահմանել է պահանջ, որպեսզի նրանք պարտադիր ունենան բարձրագույն կրթություն։ Եվ տրվել է որոշակի ժամանակահատված՝ դպրոցներում գործող ուսուցիչներին սովորել և ձեռք բերել բարձրագույն կրթություն։ Բազմաթիվ ուսուցիչներ գնացել են այս ճանապարհով, սակայն մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համակարգում դեռևս մնացել են 1300-ից ավելի ուսուցիչներ, որոնք միջին մասնագիտական կրթություն ունեն և շարունակում են աշխատել դպրոցներում։ Այս անձինք այլևս չեն կարողանալու աշխատել մեր դպրոցներում այս տարվա օգոստոսի 20-ից սկսած»,- ասաց Անդրեասյանը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ ուսուցիչների մոտ եղել են տարբեր հանգամանքներ, այդ թվում օբյեկտիվ, բարձրագույն կրթություն չստանալու տեսանկյունից, ԿԳՄՍ նախարարն ասաց, որ նախագծով առաջարկում են նրանց ընձեռնել հնարավորություն մասնակցելու կամավոր ատեստավորման գործընթացին։ «Եթե այդ գործընթացները տվյալ ուսուցիչները անցնեն հաջողությամբ, նրանց կտրվի հնարավորություն շարունակելու իրենց ուսուցչական գործունեությունը»,- եզրափակեց Անդրեասյանը։
12:19 - 26 հունիսի, 2023
«Կառավարության որոշումը խմբագրել ենք՝ ավելորդ հարցեր ու խնդիրներ չառաջացնելու համար»․ Ֆինանսների նախարարը՝ Հաշվեքննիչ պալատի բացահայտումների մասին

 |aravot.am|

«Կառավարության որոշումը խմբագրել ենք՝ ավելորդ հարցեր ու խնդիրներ չառաջացնելու համար»․ Ֆինանսների նախարարը՝ Հաշվեքննիչ պալատի բացահայտումների մասին |aravot.am|

aravot.am: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում արձագանքեց ԿԳՄՍ նախարարությունում 2022 թ. պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությանը։ Ըստ նախարարի՝ մանրամասն ուսումնասիրել են, եւ իրենց համար ակնհայտ է դարձել, որ այն ձեւը, որով ԿԳՄՍ նախարարությունը վճարել է աշխատավարձեր, համապատասխանել է այն մտադրություններին, որոնք եղել են։ «Սակայն Հաշվեքննիչ պալատի կողմից բարձրաձայնված հարցի հետեւանքով ակնհայտ է դարձել, որ այստեղ  տարընթերցումների հարց է առաջացել։ Եվ այդ պատճառով ԿԳՄՍ նախարարության հետ քննարկումներից հետո որոշում է կայացվել այդ տարընթերցումներից խուսափելու համար խմբագրել կառավարության որոշումը՝ համապատասխանեցնելու այն նախապես ունեցած նպատակներին։ Հետեւաբար, արդեն շրջանառության մեջ է գտնվում այդ որոշման նախագիծը, դա մեզ հնարավորություն կտա խմբագրել կառավարության որոշումը՝ ավելորդ հարցեր ու խնդիրներ չառաջացնելու համար»։ Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ իրենք ընդամենն առաջնորդվել են այն մեթոդաբանությամբ, որով պարտավոր են առաջնորդվել։ «Եվ հիմք ենք ընդունել իրավական ակտի կիրառման պահանջները»,- ասաց նա։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հավելեց․ «Հաշվեքննիչ պալատի եզրակացությամբ տարընթերցումների տեղ է մնացել, բայց մեթոդաբանության կիրառության տեսանկյունից մեզ համար միանշանակ է, որ այդպես էլ պիտի կիրառվեր։ Բայց տարընթերցումներից խուսափելու նպատակով, ինչպես պարոն Հովհաննիսյանն ասաց, նախագծի փոփոխություն արդեն շրջանառում ենք, եկող շաբաթ կուղարկենք արդարադատության նախարարություն՝ փորձաքննության։ Կարծում եմ՝ հուլիսի ընթացքում նախագիծը կընդունենք»։
13:42 - 23 հունիսի, 2023
224 մլն դրամ կուղղվի Վայոց ձորում և Տավուշում կրթահամալիրների ստեղծման, Սյունիքում դպրոցների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը
 |1lurer.am|

224 մլն դրամ կուղղվի Վայոց ձորում և Տավուշում կրթահամալիրների ստեղծման, Սյունիքում դպրոցների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը |1lurer.am|

1lurer.am:  Կառավարության որոշմամբ` 224 մլն դրամ կուղղվի Վայոց ձորում և Տավուշում կրթահամալիրների ստեղծման, ինչպես նաև Սյունիքում դպրոցների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց, որ Սյունիքի մարզի համար Կառավարությունը արդեն կայացրել է կրթահամալիրների ձևավորման առանձին որոշում՝ 414 մլն դրամ ուղղելով նախագծանախահաշվային փաստաթղթերին և 40 կրթահամալիրների ձևավորման խնդիր դնելով Սյունիքի մարզի գյուղական բնակավայրերում: «Այս նախագիծը հերթական նախագիծն է Կառավարության խոշորագույն ծրագրերից՝ 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման: Աշխատանքային խմբերն իրականացրել են մանրամասն տեղազննություններ, նշված երեք մարզերում դպրոցական շենքերը և մի շարք այլ գործոններ հաշվի առնելով` Վայոց ձորի մարզում ընտրվել են 4 բնակավայրեր, որտեղ կձևավորվեն կրթահամալիրներ, Տավուշի մարզում՝ 5 բնակավայր: Նաև առանձնացվել են Վայոց ձորի մարզի երկու խոշոր դպրոցներ, և այստեղ դպրոցական նոր շենքեր կկառուցվեն: Տավուշի մարզում այն բնակավայրերը, որտեղ նոր դպրոցներ կկառուցվեն, 8-ն են: Սյունիքի մարզում ընտրվել են 4 քաղաքային դպրոցներ, որտեղ նույնպես կունենանք արդիական պայմաններին ամբողջությամբ համապատասխանող դպրոցական նոր շենքեր: Այսպես, նախագծով գումար կհատկացվի ընդհանուր առմամբ 23 հաստատության համար, որոնցից 9-ը կրթահամալիր են և 14-ը՝ դպրոց: Ժամանակային ու ֆինանսական ռեսուրսները խնայելով՝ նախագծանախահաշվային փաստաթղթերը ձեռք կբերվեն առկա նախագծերի տեղակապման միջոցով, բացառությամբ Նոյեմբերյանում 1 դպրոցի, որտեղ անհրաժեշտ է անհատական նախագիծ»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ վերջին ամիսներին Կառավարությունն արդեն 3 նմանատիպ որոշում է կայացրել 107 հաստատությունների մասով, որոնցից 60-ը կրթահամալիրներ են, 47-ը՝ առանձին դպրոցներ: «Արդեն նշեցի՝ Սյունիքում՝ 40 կրթահամալիր, Արմավիրում՝ 4 կրթահամալիր և 8 դպրոց, Արագածոտնում՝ 7 կրթահամալիր և 8 դպրոց, Գեղարքունիքում՝ 9 կրթահամալիր և 6 դպրոց, Արարատում՝ 3 կրթահամալիր և 9 դպրոց, Կոտայքում՝ 1 կրթահամալիր և 12 դպրոց: Այս որոշմամբ հաստատությունների թիվը կդառնա 130՝ վերաբերելով շուրջ 40 հազար աշակերտների»,- ասաց Ժաննա Անդրեասյանը: Նա նշեց, որ առաջիկայում կներկայացվեն նմանատիպ որոշման նախագծեր Լոռու և Շիրակի մարզերի, ինչպես նաև Երևանի համար՝ ամբողջ հանրապետությունը ծածկելով:
12:22 - 16 հունիսի, 2023
Ուսուցումը դարձնել կենսակերպ. ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան

Ուսուցումը դարձնել կենսակերպ. ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ելույթ է ունեցել ՌԴ Կազան քաղաքում տեղի ունեցած «Ձևավորելով ապագան» խորագիրը կրող կրթության միջազգային ֆորումի ժամանակ. «Միջազգային ֆորումի հարգելի՛ մասնակիցներ, Հարգելի՛ գործընկերներ, Թույլ տվեք ողջունել կրթության նախարարների միջազգային ֆորումի կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին ու մաղթել արդյունավետ աշխատանք և հետաքրքիր քննարկումներ։ Ժամանակակից սոցիալական իրադարձություններն ավելի են բարձրացնում կրթության խնդրի առաջնային նշանակությունը ողջ աշխարհում։ Կրթությունը հաճախ դիտարկվում է որպես աղքատության դեմ պայքարի հիմնական միջոցներից մեկը, ինչպես նաև սոցիալական բևեռացման խորացման, ժողովրդավարական զարգացման դեմ ուղղված սպառնալիքների, աղետների և ռիսկերի, նոր մարտահրավերների լուծում։ Սակայն նշված խնդիրների լուծման առումով կրթության արդյունավետությունը հաճախ կասկածի տակ է դրվում․ այս խնդիրն ավելի ակնառու դարձավ կրթության գլոբալ ճգնաժամի՝ կորոնավիրուսի համավարակի շրջանում։ Ավելի քան մեկուկես միլիարդ սովորողներին ուսումը շարունակելու հնարավորությունից զրկած նոր կորոնավիրուսային վարակի բռնկումն ավելի տեսանելի դարձրեց կրթական համակարգի խնդիրները՝ օրակարգ ներմուծելով կրթության հայեցակարգի վերափոխման անհրաժեշտությունը։ Անընդհատ փոփոխվող աշխարհում գիտելիքները և ստեղծագործ մտածելակերպը սոցիալական համերաշխության, մարդկային կապիտալի զարգացման, կայուն տնտեսական և մշակութային առաջընթացի բանալի են դարձել։ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» հիմքում այդ հայեցակարգն է դրված, որը նախատեսում է Հայաստանի տնտեսության և հասարակական կյանքի շարունակական, առաջանցիկ զարգացում՝ փոխկապակցված միջոցառումների իրականացման միջոցով, որոնք ուղղված են մարդկային կապիտալի զարգացման զգալի ներդրումներին։ Ժամանակակից զարգացած և զարգացող երկրներում արդեն կարծիք է հաստատվել, որ ամենաշահավետ ներդրումը ուսուցումն է և կառավարման կադրերի մասնագիտական պատրաստումը․ չէ՞ որ միայն այդ խնդիրը լուծելով՝ կարելի է բարձրացնել տնտեսական ձեռքբերումների մակարդակը, հաղթահարել աղքատությունն ու ճգնաժամերը։ Հարկ է նշել, որ կադրերի պատրաստման ոլորտում կարևոր դեր է հատկացվում հենց կրթական գործընթացին։ Հայաստանի կրթության զարգացման ռազմավարական ծրագիրն ուղղված է մարդկային ներուժի ընդլայնմանը և մարդկային կապիտալի ինքնիրացման զարգացմանը։ Տվյալ հայեցակարգը պահանջում է ֆորմալ կրթության համակարգի տարբեր մակարդակների, ինչպես նաև ոչ ֆորմալ լրացուցիչ և շարունակական կրթության նկատմամբ ամբողջական վերափոխված մոտեցում՝ շեշտը դնելով կրթական համակարգը մարդու համար ողջ կյանքի ընթացքում ուսումնական միջավայրի վերածելու հանգամանքի վրա։ Արդի աշխարհում ավելի հաճախ է քննարկվում կրթության իրավունքը։ Այդ պատճառով անհրաժեշտ է ուսուցումը դարձնել կենսակերպ, ինչը համապատասխանում է «Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության» տեսլականին։ Արդյունավետ ուսումնառության միջավայրի որակյալ հասանելիությունը դառնում է անհատական կարողությունների զարգացման համար հիմնական հարթակ, ինչը, իր հերթին, ապահովում է ուսումնառության՝ որպես հասարակական բարիքի իրացման երաշխիքը։ Կրթության զարգացման ռազմավարական փաստաթղթի մշակման ընթացքում հաշվի են առնվել Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ Կայուն զարգացման 4-րդ նպատակը, որին հասնելու համար նախատեսված են հետևյալ ուղղությունները․ Ստեղծել համընդհանուր ներառական անհատակենտրոն կրթական միջավայր, որը ՀՀ ողջ տարածքում մարդկանց ընձեռելու է որակյալ և արդյունավետ կրթական ծառայություններ՝ մարդու կյանքի բոլոր փուլերում՝ հարմարեցված իր անհատական զարգացման և անձնական որակներին։ Բարձրացնել կրթության ներգործությունը և արդյունավետությունը, ինչը ապահովելու է ռեսուրսների (մարդկային ռեսուրսները ներառյալ) առավելագույն, օպտիմալ և արդյունքի միտված բաշխումը, բարձրացնելու համակարգի կազմակերպական, ֆինանսական և կառավարչական ներգործությունը։ Միջազգայնացնել և արտահանել կրթական ծառայությունները և արտադրանքը, որը պետք է նպաստի Հայաստանի կրթական համակարգի՝ միջազգային կրթական տարածքում ամբողջական ինտեգրմանը։ Պետք է ընդգծել յուրաքանչյուր փոլում որակյալ կրթական ծառայությունների համալրված և բազմազան կիրառման հասանելիության ապահովման անհրաժեշտությունը՝ կյանքի որակի զարգացման և զգալի բարձրացման նպատակով։ Այդ ուղղություններն ավելի նպատակահարմար են դարձնում թվային և այլ գործիքների ներդրումը՝ համակարգի ուսուցման արդյունավետ և ստեղծագործական վերափոխման համար՝ արդյունավետ կառավարման, համակարգի մասնակիցների միջև դերերի և պատասխանատվության բաշխման, ինչպես նաև կառավարման նոր որակի հաշվին։ Հասարակական և ժամանակակից կրթական միջավայրի ստեղծումը պահանջում է հետևյալ խնդիրների լուծումը՝ ուսումնական հաստատությունների և կրթական ծրագրերի համատարած հասանելիության ապահովում, կրթական ենթակառուցվածքի ապահովում՝ նորարարական-տեխնոլոգիական հնարավորությունների կիրառմամբ, կրթության կազմակերպման ոլորտում անհատակենտրոն մեխանիզմների կատարելագործում, կոմպետենցիաների և ուսուցման արդյունքների հիման վրա կրթության կազմակերպում, կրթության պետական ստանդարտների և հիմնական ուսումնական ծրագրերի կատարելագործում, բարձրորակ և լավ պատրաստված, ժամանակակից մեթոդներ իմացող և կիրառող դասավանդող կադրերի ապահովում, կրթական ռեսուրսների և ուսումնամեթոդական նյութերի որակական բարելավում, ազգային և միջազգային չափանիշներին համապատասխան կրթության որակի գնահատման հուսալի և առարկայական համակարգի ներդնում՝ ուսումնական գործընթացի և կրթական միջավայրի գնահատումը ներառյալ։ Կրթության զարգացմանն ուղղված փոխկապակցված քայլերի շնորհիվ Հայաստանը կարող է արտահանել իր կրթական արտադրանքը նորարարական և կրթական ծառայությունների և արտադրանքի տեսքով։ Ցանկանում եմ հատուկ շեշտել կրթության և գիտության ոլորտներում միջազգային համագործակցության ընդլայնման և հաջողված փորձի կիրառման կարևորությունը։ Միջազգային համագործակցությունը և համատեղ նախագծերի իրականացումը ոչ միայն նպաստում են հստակ խնդիրների և դրանց լուծման ուղիների հայտնաբերմանը, այլև հստակ նախանշում են նոր հեռանկարները և կրթության որակի ապահովման հնարավորությունները։ Հարգելի՛ գործընկերներ, Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել միջազգային ֆորումի կազմակերպիչներին՝ կրթության զարգացման հարցերը և համագործակցությունը որակական նոր մակարդակի հասցնելու նպատակով կառուցողական քննարկման հնարավորություն ընձեռելու համար։ Շնորհակալություն»։
18:02 - 09 հունիսի, 2023
ՀՀ և ՌԴ կրթության նախարարները ստորագրել են Սլավոնականի ռեկտորի պաշտոնում Սանդոյանի նշանակումը

ՀՀ և ՌԴ կրթության նախարարները ստորագրել են Սլավոնականի ռեկտորի պաշտոնում Սանդոյանի նշանակումը

«Ձևավորելով ապագան» խորագիրը կրող կրթության միջազգային ֆորումին մասնակցելու նպատակով Կազանում գտնվող կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ։ Հանդիպման ընթացքում նախարարները ստորագրել են Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի պաշտոնում նշանակելու համատեղ հրաման։ Ռեկտորի պաշտոնում նշանակվել է համալսարանի ընդհանուր ժողովին ընտրված թեկնածուն՝ Էդուարդ Սանդոյանը։ Նրանք անդրադարձել են Երևանում Հայ-ռուսական համալսարանի գործունեությանը և համատեղ նախաձեռնությունների իրականացմանը՝ կարևորելով համալսարանի կայուն զարգացումը։ Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են բարձրագույն կրթության և գիտության բնագավառներում փոխհամագործակցության և համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը։ Կողմերը կարևորել են 2023 թ. հունիսի 13-14-ը Երևանում կայանալիք հայ-ռուսական գիտակրթական համաժողովի անցկացումը, որի շրջանակում նախատեսվում է քննարկել նաև կրթության և գիտության ոլորտներում հայ-ռուսական փոխհամագործակցության հեռանկարներն ու համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ համատեղ իրականացվող նախաձեռնությունները լավագույնս պետք է կիրառել՝ հայ-ռուսական համագործակցությունը կրթության և գիտության բնագավառներում բարձրացնելու որակապես ավելի բարձր մակարդակի։ Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել նաև ՌԴ լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովի հետ։ Նախարարները քննարկել են երկկողմ փոխհամագործակցությունը հանրակրթության, նախնական ու միջին մասնագիտական կրթության ոլորտներում։ ԿԳՄՍ նախարարն այցի ընթացքում մասնակցել է նաև ֆորումի շրջանակում կազմակերպված ՌԴ կրթության ցուցահանդեսին։
12:35 - 09 հունիսի, 2023
Համավարակը օրակարգային դարձրեց կրթության վերափոխման խնդիրը․ ԿԳՄՍ նախարար

Համավարակը օրակարգային դարձրեց կրթության վերափոխման խնդիրը․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում կայացած «Ձևավորելով ապագան» խորագիրը կրող կրթության միջազգային ֆորումում հանդես է եկել ելույթով։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍՆ-ի մամուլի ծառայությունը։ «Ֆորումին մասնակցում են 40 պետությունների կրթության նախարարներ, ոլորտի շուրջ 500 ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին և մաղթելով արդյունավետ աշխատանք՝ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու գործում կրթության դերի կարևորությանը: Նախարարի խոսքով՝ կրթությունը դիտարկվում է աղքատության դեմ պայքարի և սոցիալական բևեռացումը չեզոքացնելու հիմնական միջոցներից մեկը։ Սակայն կրթության գլոբալ ճգնաժամի՝ կորոնավիրուսի համավարակի շրջանում խնդիրների լուծման առումով կրթության արդյունավետությունը կասկածի տեղիք տվեց, երբ ավելի քան մեկուկես միլիարդ սովորողների կրթությունը վտանգված էր։  «Համավարակը տեսանելի դարձրեց կրթական համակարգերում առկա խնդիրները՝ օրակարգային դարձնելով կրթության վերափոխման առաջնահերթությունը։ Անընդհատ փոփոխվող աշխարհում գիտելիքն ու ստեղծագործ մտածողությունը դարձել են սոցիալական համերաշխության, մարդկային կապիտալի զարգացման, կայուն տնտեսական և մշակութային առաջընթացի բանալին: Այս գաղափարն է դրված է նաև ՀՀ կրթության մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրի հիմքում։ Այն նախատեսում է Հայաստանի տնտեսության և հասարակական կյանքի շարունակական, առաջանցիկ զարգացում` փոխկապակցված գործունեության իրականացման միջոցով, որի նպատակը  մարդակային կապիտալի զարգացումն է»,- ասել է նախարարը իր ելույթում: Նախարարը ներկայացրել է Կրթության զարգացման ռազմավարության հիմնական ուղղություններն ու ակնկալվող բարեփոխումները՝ շեշտելով, որ փաստաթուղթը մշակելիս հիմք են ընդունվել կրթության բովանդակության, միջավայրի և ենթակառուցվածքների բարելավման, կրթության շարունակականության ապահովման, ինչպես նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները: Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ ընդգծել է կրթության և գիտության ոլորտներում միջազգային համագործակցության ընդլայնման և հաջող փորձի կիրառման կարևորությունը։ Նրա խոսքով՝ միջազգային համագործակցությունն ու համատեղ նախագծերի իրականացումը նպաստում են ոչ միայն կոնկրետ խնդիրների ու դրանց լուծման ուղիների բացահայտմանը, այլև միտված են կրթության որակի ապահովման նոր հեռանկարներ ու հնարավորություններ սահմանելուն: Եզրափակելով ելույթը՝ նախարարը հույս է հայտնել, որ ֆորումից հետո համագործակցության հնարավորությունները կընդլայնվեն և նոր մակարդակի վրա կդրվեն: Կրթության միջազգային ֆորումի մասնակցության շրջանակում նախատեսվում է նաև  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հանդիպումը ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի և Լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։
19:14 - 08 հունիսի, 2023
Ժաննա Անդրեասյանը ՀՀ-ում Լատվիայի դեսպանի հետ քննարկել է կրթության ոլորտում համագործակցության հարցեր

Ժաննա Անդրեասյանը ՀՀ-ում Լատվիայի դեսպանի հետ քննարկել է կրթության ոլորտում համագործակցության հարցեր

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիթ Մեդնեին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների համագործակցությունը և վստահություն հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: ԿԳՄՍ նախարարը շեշտել է, որ երկու երկրների միջև առկա են հարաբերությունների զարգացման օրակարգ ու մեծ ներուժ, և պետք է ստեղծել փոխգործակցության դաշտ՝ իրականացնելով հստակ գործողություններ։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների միջև միջբուհական երկխոսության զարգացումը: Նա անդրադարձել է «Էրազմուս+», «Հորիզոն Եվրոպա» և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող մի շարք այլ ծրագրերի շրջանակում համագործակցությանը, որը ներառում է համատեղ կրթական և գիտահետազոտական, ինչպես նաև ուսանողների ու դասախոսների փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Նախարարը նշել է, որ գիտության ոլորտում նույնպես համագործակցության զարգացման  ներուժ կա՝ մասնավորապես շեշտելով՝ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ձեռնարկել է քայլեր և կապեր հաստատել Լատվիայի գիտության խորհրդի հետ՝ բարեփոխումների, գիտական նախագծերի փորձաքննության և մի շարք այլ ոլորտներում փորձի փոխանակման ծրագրեր իրականացնելու առաջարկությամբ: Անդրադառնալով երիտասարդության և մշակութային ոլորտներին վերաբերող համագործակցությանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ երկու երկրների միջև արդյունավետ համագործակցության հիմքում ընկած են նաև մշակութային կապերի զարգացմանը միտված քայլերը: ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիթ Մեդնեին իր հերթին ընդգծել է՝ հատկապես կրթության ոլորտում համագործակցությունը կարևոր ուղղություններից է: Նա տեղեկացրել է, որ Լատվիայի կառավարության ուշադրության կենտրոնում են ինչպես բարձրագույն կրթության, այնպես էլ հանրակրթության ոլորտները: Դեսպանը տեղեկացրել է, որ նշված ոլորտներում կիրառվում են նորարար մի շարք մեթոդներ, որոնք թույլ են տալիս աշակերտներին արագ կողմնորոշվել իրենց մասնագիտության ընտրության հարցում: Էդիթ Մեդնեը տեղեկացրել է, որ լատվիական կրթական մոդելը Եվրոպայում լավագույններից մեկն է, որը փորձարկվում է նաև այլ երկրներում: Նախարար Ժաննա Անդրեասյանը պատրաստակամություն է հայտնել ներկայացնել հայաստանյան փորձը՝ նշելով, որ Հայաստանում որակյալ կրթական ծառայությունների մոդելներ կան: Նա հատկապես առանձնացրել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների, ՔՈԱՖ սմարթ կենտրոնների և «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների գործունեությունը: Կողմերը քննարկել են փոխհամագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունը նաև սպորտի բնագավառում:    
10:28 - 06 հունիսի, 2023
ԿԳՄՍ նախարարն ընդունել է ԵԽ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամներին

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ԵԽ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամներին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը, Հայաստանում ԵՄ պատվիրակության խորհրդական Մարիա Պապամիխայիլը և այլք: Ողջույնի խոսքում Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարությունն ակտիվորեն ներգրավված է ԵԽ մի շարք հարթակներում, իրականացվում են մի շարք կարևոր ծրագրեր կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը ԵԽ տարբեր փաստաթղթերի վավերացմամբ ստանձնել է նաև ոլորտային պատասխանատվություն՝ իրականացնելու որոշակի աշխատանքներ և վերահաստատել է դրանց շարունակականության մտադրությունը, ինչպես նաև հավատարմությունը Եվրոպայի խորհրդի սկզբունքներին ու արժեքներին: ԿԳՄՍ նախարարն առանձնացրել է հատկապես Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի մշակման փուլում ԵՄ հետ ակտիվ համագործակցությունը. «Նախորդ տարեվերջին ծրագիրը հաստատվեց և ստացավ օրենքի ուժ, ինչը շատ երկար սպասված արդյունքն էր և որի համար մեծ ջանքեր էին գործադրվել»: Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագրին, որի շրջանակում Տավուշի մարզի դպրոցները ստացել են լաբորատոր սարքավորումներ և գույք։ Նախարարը կարևորել է նաև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը՝ առանձնացնելով դրա «Մշակույթ» ենթածրագիրը, որի հիմնական նպատակն է պաշտպանել, զարգացնել և տարածել եվրոպական մշակութային և լեզվական բազմազանությունը՝ որպես Եվրոպայի մշակութային ժառանգության մաս։ ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև գիտության ոլորտում եվրամիության գործընկերների հետ համագործակցությունը, մասնավորապես «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիրը, որը միտված է նպաստել գիտական կազմակերպություններում և բուհերում գործող գիտական խմբերի համագործակցության զարգացմանը՝ գիտական համատեղ հետազոտություններ իրագործմամբ։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում Հայաստանն ունի շոշափելի և ոգևորող արդյունքներ. գիտական կազմակերպությունները վերջին 2 տարում շուրջ 2,5 մլն եվրո ֆինանսավորում են ստացել: Համագործակցության հաջորդ կարևոր ուղղությունը, ըստ նախարարի, մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտն է, որի շրջանակում համագործակցությունն իրականացվում է «Էրազմուս+» ծրագրի միջոցով: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել՝ կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում Հայաստանի հետ ձևավորվել է արդյունավետ համագործակցություն: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը, կարևորելով ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունը, տեղեկացրել է՝ Սյունիքի մարզում առաջիկայում նախատեսվում է երկու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն հիմնել: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին: Հանդիպման ընթացքում ԵԽ ներկայացուցիչներն իրենց հուզող հարցերն են ուղղել ԿԳՄՍ նախարարին, որոնք հիմնականում վերաբերել են կրթության ռազմավարության պետական ծրագրին, հայ երիտասարդների՝ եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու մտադրություններին, ուսուցիչների համար իրականացվող վերապատրաստումների և կարողությունների զարգացմանն ուղղված այլ ծրագրերին, ինչպես նաև կրթության կազմակերպման գործընթացում Հայաստանի ունեցած լրջագույն մարտահրավերներին և այդ համատեքստում դժվարությունների հաղթահարման մեխանիզմներին: Անդրադառնալով ամենալուրջ մարտահրավերներին՝ ԿԳՄՍ նախարարը շեշտել է մասնավորապես Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի խնդիրը՝ ընդգծելով, որ դրա արդյունքում խախտվել են շուրջ 120 հազար բնակչի, այդ թվում՝ 30 հազար երեխայի հիմնարար մի շարք իրավունքներ։ «Խախտվել է նաև երեխաների՝ ընտանիքում մեծանալու իրավունքը։ Շուրջ 300 անչափահասներ, որոնք մնացել էին առանց ուղեկցության, արգելափակված էին Հայաստանում կամ Լեռնային Ղարաբաղում, մինչդեռ նրանց ծնողները գտնվում էին Լաչինի միջանցքի երկու կողմերում: Լեռնային Ղարաբաղի դպրոցները և մանկապարտեզները ժամանակավորապես դադարեցրել էին իրենց գործունեությունը, շուրջ 6500 աշակերտ զրկվել էր կրթության իրավունքից: Հումանիտար ճգնաժամը շարունակվում է մինչ օրս, ինչն անընդունելի է»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը: Հանդիպման ավարտին Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամները շնորհակալություն են հայտնել հյուրընկալության համար: Կողմերը վերահաստատել են սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ սահմանված հավակնոտ թիրախների իրագործման նպատակով:
18:27 - 02 հունիսի, 2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել են ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը, ողջունելով դեսպանին, կարևորել է հայ-գերմանական կրթական, գիտական, մշակութային ու սպորտային ոլորտներում համագործակցության արդյունավետ շարունակությունը: Նա նաև նշել է, որ Հայաստանը համագործակցությունն առավել խորացնելու և ընդլայնելու լայն օրակարգ ունի։ ԿԳՄՍ նախարարը, մատնանշելով Գերմանիայի արդյունավետ փորձը հատկապես կրթության ոլորտում, կարևորել է ՀՀ հանրակրթական դպրոցներում գերմաներենի խորացված ուսուցման, ուսուցիչների վերապատրաստման իրականացումը: Ժաննա Անդրեասյանն առաջնահերթ է համարել միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող հայ-գերմանական համագործակցության ծրագիրը, որի արդյունքում ՀՀ ՄԿՈւ մի շարք հաստատություններում ներդրվել է դուալ կրթությունը: Կողմերը քննարկել են նաև միջբուհական համագործակցության զարգացման հարցը՝  կարևորելով դասախոսների, երիտասարդ գիտնականների, ուսանողների փոխանակման և կրթահետազոտական  համատեղ ծրագրերի իրականացման հարցերը: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ գիտության ոլորտում ևս համագործակցության դինամիկ զարգացում է նկատվում, որի վկայությունը հայ գիտնականների գիտական մի շարք հոդվածների տպագրությունն է գերմանական հայտնի ամսագրերում: Անդրադարձ է եղել նաև Գերմանական ակադեմիական փոխանակման կենտրոնի (DAAD) աջակցությամբ իրականացվող ծրագրերի, Երևանում «Գյոթե կենտրոնի» գործունեության  ընդլայնման կարևորության մասին: ԿԳՄՍ նախարարը փաստել է, որ համագործակցությունը մշակույթի ոլորտում նույնպես արդյունավետ է ընթանում. իրագործելի են թե՛ կինոարվեստի, թե՛ երաժշտության ոլորտում փոխգործակցության հեռանկարները: Դեսպան Վիկտոր Ռիխտերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և պատրաստակամության համար: Նա բարձր է գնահատել  հայ-գերմանական համագործակցության շարունակությունը  նշված ուղղություններով՝ ընդգծելով, որ պատրաստ է աջակցել  նախանշված ծրագրերի արդյունավետ  իրագործմանը: Դեսպանն ու նախարարը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
16:19 - 01 հունիսի, 2023
Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզահամալիրը կբերվի միջազգային ստանդարտների. Ժաննա Անդրեասյան
 |panorama.am|

Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզահամալիրը կբերվի միջազգային ստանդարտների. Ժաննա Անդրեասյան |panorama.am|

panorama.am: «Նախագծով առաջարկվում է հավաքական թիմերի մարզական կենտրոնին հատկացված տարածքը, որը ներառված է մասնավորեցմանը ենթակա գույքի ցանկում, հանել այնտեղից և հանձնել ԿԳՄՍ նախարարությանը՝ հավաքական թիմերի մարզումներին ծառայեցնելու նպատակով»,- գործադիրի այսօրվա նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:Նախարարն ասաց, որ համալիրը լավ պայմաններ ունի՝ 60 հոգու համար նախատեսված հյուրանոց, 1600-ական ք/մ տարածներով երկու դահլիճ, որոնցից մեկի բարձրությունը 9 մետր է, ինչը թույլ է տալիս այնտեղ կազմակերպել տարբեր սպորտաձևերի մարզումներ, սպորտաշարեր և կարող է միջազգային չափորոշիչենրին համապատասխան ենթակառուցվածք դառնալ: Անդրեասյանը տեղեկացրեց, որ հավաքականների մարզումների համար Հայաստանն ունի երկու սահմանափակ մարզաբազա՝ Ծաղկաձորի և Օլիպավանի: Հայտարարելով, որ սպորտի ոլորտում աննախադեպ ցուցանիշների են հասել և նախորդ տարի 307 մեդալ է բերվել Հայաստան, իսկ այս պահին արդեն 135 մեդալ ունենք՝ ԿԳՄՍ նախարարը նշեց, որ ձեռքբերումները պահպանելու համար ենթակառուցվածքներ են պետք և այդ նպատակով նաև իրականացնում են 12 մարզահամալիրի և մարզադպրոցի վերակառուցում: Անդրեասյանը հույս հայտնեց, որ որոշմամբ նախատեսված միջոցառումների արդյունքում Ծիծեռնակաբերդի 5 հասցեում գտնվող մարզահամալիրը կբերեն միջազգային ստանդարտների:
12:40 - 01 հունիսի, 2023
Համալսարանների շենքերի ճակատագրի հարցը չի քննարկվում. Ժաննա Անդրեասյան
 |news.am|

Համալսարանների շենքերի ճակատագրի հարցը չի քննարկվում. Ժաննա Անդրեասյան |news.am|

news.am: «Ակադեմիական քաղաքի» ստեղծման համար ինտենսիվ աշխատանքներ են ընթանում։ Արդեն ստեղծվել է հիմնադրամ, որը ծրագրի իրականացման կառույցն է։ Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով, այդ հիմնադրամն ամբողջությամբ կառավարական մասնակցություն է ենթադրում, որովհետև պետական խոշոր ծրագիր է։ «Մենք ճարտարապետների հետ բանակցությունների գործընթացում ենք նախագծման և հատակագծի մշակման աշխատանքների գծով։ Առաջիկայում, կարծում եմ, կգնանք պայմանագրի ստորագրման։ Եվ նաև հատկացվող հողատարածքների մասով անհրաժեշտ աշխատանքները Կադաստրի պետական կոմիտեի հետ անում ենք»,- ասաց նախարարը։ Հարցին`ինչ է լինելու Երևանի համալսարանների շենքերի ճակատագրի հետ, Անդրեասյանը նշեց, որ այդ հարցը չի քննարկվում, որովհետև այս պահին նոր շենքերի կառուցման, նոր հողատարածքների և նոր ենթակառուցվածքների մասին է խոսքը։ Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության գաղափարն է եղել ակադեմիական քաղաք ստեղծելը, որտեղ տեղակայվելու է մինչև 8 բուհ։ Արդեն իսկ մշակվել է քաղաքի նախնական հատակագիծը։ Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու մինչև 50 000 մարդու համար։ Նշենք, որ երեկ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշանակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է հոգաբարձուների խորհրդի ամբողջ կազմը։
15:40 - 31 մայիսի, 2023
«Ունենք 1565 ուսուցիչ, որոնք կամավոր ատեստավորմամբ բարձրացված դրույքաչափով վարձատրվում են»․ ԿԳՄՍ նախարար
 |hetq.am|

«Ունենք 1565 ուսուցիչ, որոնք կամավոր ատեստավորմամբ բարձրացված դրույքաչափով վարձատրվում են»․ ԿԳՄՍ նախարար |hetq.am|

hetq.am: Կառավարության ծրագրով՝ Տավուշի մարզի բոլոր դպրոցներում բնագիտական լաբորատորիաների ներդրման գործընթացն ավարտվել է։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ըստ նախարարի՝ այս տարի լաբորատորիաների ներդման գործընթացը կիրականացվի Արմավիրում և բյուջետային գործընթացով պլանավորված մյուս մարզերում։ «Սա էական ազդեցություն է ունենում կրթության որակի վրա, և մենք այս արդյունքներն արդեն իսկ տեսնում ենք չափորոշիչների փորձնական ներդրման գործընթացի արտաքին գնահատման արդյունքնրով, որը շուտով կհրապարակվի։ Մենք կտեսնենք, որ այն ջանքերը, որ այս օրերին ներդնում ենք կրթության բովանդակության վերափոխման և դպրոցներում կրթության որակի բարելավման շուրջ, իրոք տալիս են արդյուքներ։ Եվ այդ արդյուքները համադրելի են նաև այն բարեփոխումների գործընթացների տեսանկյունից, որոնք իրականացվում են տարբեր երկրներում»,- նշեց նա։ Անդրադառնալով ուսուցիչների վարձատրմանն ու կամավոր ատեսավորմանը՝ Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ ատեստավորված ուսուցիչները աշխատավարձերը միջինում կրկնապատկվել են․ «Ունենք 1565 ուսուցիչներ կամ շահառու ուսուցիչների 5.5 %-ը, որոնք կամավոր ատեստավորման արդյունքում արդեն իսկ բարձրացված դրույքաչափով և հավելավճարով վարձատրվում են, միջինում աշխատավարձերը կրկնապատկվել են։ Այսինքն, եթե մինչև այդ ուսուցիչների միջին դրույքափաը 125 հազար էր, ապա այս պահին 250 300 դրամ է կազմում կամավոր ատեստավորման հաջող արդյունքի դեպքում։ Մասնակից ուսուցիչների 28 %-ը 300 000 դրամ և ավելի վարձատրության է գնացել»։ Նախարարի խոսքով՝ ատեստավորման գործընթացն այժմ էլ շարունակվում է, նախարարությունը ստացել է 3600 դիմում։ Ատեստավորման համար կարող են դիմել նաև չաշխատող անձինք, որոնք բավարարում են ուսուցչի որակավորմանը։ 
12:25 - 31 մայիսի, 2023
Հարությունյանը նշանակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
 |armeniasputnik.am|

Հարությունյանը նշանակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշանակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է հոգաբարձուների խորհրդի ամբողջ կազմը։ Հոգաբարձուների խորհրդում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, ԿԳՄՍ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գաղափարն է եղել ակադեմիական քաղաք ստեղծելը, որտեղ տեղակայվելու է մինչև 8 բուհ։ Արդեն իսկ մշակվել է քաղաքի նախնական հատակագիծը։ Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու մինչև 50 000 մարդու համար։
16:37 - 30 մայիսի, 2023
Դուք եք պետության վաղվա հենասյունը. ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ շրջանավարտներին

Դուք եք պետության վաղվա հենասյունը. ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ շրջանավարտներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել հանրակրթական դպրոցների շրջանավարտներին: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ շրջանավարտներ, Շնորհավորում եմ բոլորիդ այս կարևոր և ուղենշային օրվա կապակցությամբ: Գիտեմ, որ շատ հարցեր ունեք. դրանց մի մասի պատասխանները վստահաբար գտել եք դպրոցի և ձեր ուսուցիչների շնորհիվ։ Հարցերի մեծ փնջի համար էլ այս պահին պատասխան չունեք և ձեր կյանքի հաջորդ փուլերում փորձելու եք գտնել այդ պատասխանները՝ սխալվելով ու հաջողելով, հիասթափվելով և ոգևորվելով, կասկածելով ու վստահելով։ Կարևոր է, որ այդ հետաքրքիր ու բազմաշերտ ճանապարհին պահեք հիմնական առանցքն ու արժեքները: Որ ասպարեզում էլ ձեր ջանքը դնեք, եղեք հաստատակամ ու փորձեք անել լավագույնը, եղեք հոգատար հանրության առջև, պատասխանատու և պահանջատեր՝ պետության առջև, սովորեք սիրել ու ներել, ինքներդ ձեզ համար ձևակերպել և պահել ձեր սկզբունքներն անորոշ ու բարդ իրավիճակներում, մտածել ձեր որոշումների և արարքների հետևանքների ու ազդեցության մասին։ Մի՛ վախեցեք սխալներից. դրանք անխուսափելի են: Դժվարությունները հաղթահարելու և առաջ գնալու հաստատակամությունը ձեզ կդարձնի ուժեղ, ամուր և հասուն։ Դուք արդեն տեսել եք համավարակը ու դաս արել անսովոր պայմաններում, անցել եք պատերազմի օրերով՝ շատերիդ դասարաններում հյուրընկալելով Լեռնային Ղարաբաղի երեխաներին։ Դուք արդեն տեսել եք իրավիճակներ, որոնք շատ հաճախ թվում էին գրքային ու անիրական։ Այս փորձառությունը մեզ բոլորիս շատ բան է սովորեցրել ու դեռ շատ բան պիտի սովորեցնի։ Բաց պահեք ձեր միտքը՝ անընդհատ սովորելու համար։ Հիշեք, որ դուք եք պետության վաղվա հենասյունը, և ձեր անձնական պատասխանատվությունից է սկսվում զարգացած հասարակության կայացումը, որտեղ մարդն ու նրա երջանկությունը, պետությունն ու հայրենիքը գլխավոր արժեքներ են: Սիրելի՛ շրջանավարտներ, մի քանի օրից կմեկնարկեն ավարտական և ընդունելության քննությունները. լավագույն արդյունքներ ապահովելը թույլ կտա գնալ նպատակների իրագործման ճանապարհով: Մաղթում եմ ձեզ լուսավոր ուղի, բազում հաջողություններ։ Բարի երթ»:
09:28 - 26 մայիսի, 2023
ԿԳՄՍՆ-ն առաջարկում է հստակեցնել զորակոչից տարկետում ստանալու գործընթացը. նախագիծ
 |1lurer.am|

ԿԳՄՍՆ-ն առաջարկում է հստակեցնել զորակոչից տարկետում ստանալու գործընթացը. նախագիծ |1lurer.am|

1lurer.am: ԿԳՄՍՆ-ն առաջարկում է հստակեցնել զորակոչից տարկետում ստանալու գործընթացը: «Զինվորական ծառայության և զինվծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը Ազգային ժողովում ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ փորձ է արվում բարելավել վարչարարությունը, բարելավել տարկետման ընթացակարգը: Նախարարը նշեց, որ փոփոխությունների նպատակն է չվտանգել դպրոցում, քոլեջում, ուսումնարանում սովորողի անընդհատ ուսումնառության իրավունքով պայմանավորված տարկետման տրամադրումը։ «Պատկերացրեք, որ ունենք սովորող, որի 18 տարին լրացել է, և ինքն արդեն անցել է անհրաժեշտ նախազորակոչային ստուգումները և ունի տարկետում բժշկական հիմքով՝ առողջական վիճակից ելնելով, և միաժամանակ նա գտնվում է դեռևս դպրոցում և չի ավարտել դպրոցը։ Եվ երբ 19 տարին լրանում է, օրինակ, իրեն տրվել էր տարկետման հնարավորություն, այնուհետև կրթության հիմքով տարկետում տալը բարդություն է առաջացնում, որովհետև օրենքի այս պահի ձևակերպումը հիմք դիտում էր միայն կրթությունը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը՝ հիշեցնելով, որ նախկինում եթե մարդուն առողջական հիմքով տրվել էր տարկետում, նա արդեն զրկվում էր կրթության հիմքով տարկետում ստանալու իրավունքից: Նախարարը նաև առաջարկեց նախագիծը քննարկել հատուկ ընթացակարգով, որպեսզի փոփոխությունները կիրառվեն նաև այս ամառային զորակոչի ընթացքում:
11:08 - 23 մայիսի, 2023
ԿԳՄՍ նախարարն այցելել է Կոտայքի մարզի կրթամշակութային հաստատություններ

ԿԳՄՍ նախարարն այցելել է Կոտայքի մարզի կրթամշակութային հաստատություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն  աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզի մի շարք կրթական ու մշակութային հաստատություններ։ Նախարարին ուղեկցել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը և Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարի առաջին կանգառը Եղվարդ քաղաքի «AV» թատրոն-ստուդիան էր, որը հիմնադրվել է 2022 թ. հոկտեմբերին: Ժաննա Անդրեասյանը նախ շրջել է թատրոնի փոքրիկ տարածքում, ծանոթացել փորձասենյակի և դահլիճի պայմաններին, ապա դիտել «Ամանդա» նորարարական պլաստիկ ներկայացումը, որը շուրջ կես տարի գործող թատրոն-ստուդիայի բեմադրած երկրորդ ներկայացումն էր:  Թատրոն-ստուդիայի հիմնադիրներ Անի Վարդանյանի և Վիգեն Թադևոսյանի խոսքերով՝ Եղվարդում թատրոն-ստուդիա ստեղծելու գաղափարի հիմքում ընկած էր համայնքում մշակութային կյանքն առավել աշխուժացնելը, ինչպես նաև պարարվեստի և թատրոնի հետ անմիջական կապ ունեցող տեղի երիտասարդներին բեմում հանդես գալու հնարավորություն ընձեռելը: Նրանք տեղեկացրել են, որ առաջիկայում նախատեսում են բեմադրել «Փոքրիկ իշխանը» ներկայացումը: Հաջորդիվ Ժաննա Անդրեասյանն այցելել է Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց, որտեղ ծանոթացել է դպրոցի հիմնակառուցման աշխատանքներին։ Դպրոցը կառուցվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի  աջակցությամբ իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակում․ դպրոցի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականին: Շինարարական ընկերության պատասխանատուն ներկայացրել է իրականացվող  աշխատանքները՝ վստահեցնելով, որ դրանք ընթանում են նախատեսված ժամանակացույցին համապատասխան՝ սահմանված նորմերի պահպանմամբ։ Դպրոցի տնօրեն Արթուր Տաշչյանը փաստել է, որ կառուցվում է ժամանակակից ենթակառուցվածքներով, ճարտարապետական հետաքրքիր լուծումներով, լաբորատորիաներով, մեծ մարզադահլիճով ուսումնական հաստատություն, որը կունենա բարեկարգված, խնամված ու կանաչապատ տարածք և կապահովի որակյալ կրթության համար բարենպաստ կրթական միջավայր: ԿԳՄՍ նախարարն այցելել է նաև Կաթնաղբյուր բնակավայր, որտեղ ընթանում են հիմնական դպրոցի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները: Այստեղ կառուցվում է մոդուլային նոր դպրոց, որի հիմնական աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Ժաննա Անդրեասյանը շրջել է դպրոցի տարածքում, ծանոթացել դասասենյակների, ապաստարանի, գրադարանի, ճաշարանի, սանհանգույցի, հանդիսության սրահի պայմաններին: Դպրոցը, ըստ շինարարի, շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ:
16:50 - 18 մայիսի, 2023