Համալսարանների շենքերի ճակատագրի հարցը չի քննարկվում. Ժաննա Անդրեասյան
 |news.am|
15:40 - 31 մայիսի, 2023

Համալսարանների շենքերի ճակատագրի հարցը չի քննարկվում. Ժաննա Անդրեասյան |news.am|

news.am: «Ակադեմիական քաղաքի» ստեղծման համար ինտենսիվ աշխատանքներ են ընթանում։ Արդեն ստեղծվել է հիմնադրամ, որը ծրագրի իրականացման կառույցն է։ Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով, այդ հիմնադրամն ամբողջությամբ կառավարական մասնակցություն է ենթադրում, որովհետև պետական խոշոր ծրագիր է։

«Մենք ճարտարապետների հետ բանակցությունների գործընթացում ենք նախագծման և հատակագծի մշակման աշխատանքների գծով։ Առաջիկայում, կարծում եմ, կգնանք պայմանագրի ստորագրման։ Եվ նաև հատկացվող հողատարածքների մասով անհրաժեշտ աշխատանքները Կադաստրի պետական կոմիտեի հետ անում ենք»,- ասաց նախարարը։

Հարցին`ինչ է լինելու Երևանի համալսարանների շենքերի ճակատագրի հետ, Անդրեասյանը նշեց, որ այդ հարցը չի քննարկվում, որովհետև այս պահին նոր շենքերի կառուցման, նոր հողատարածքների և նոր ենթակառուցվածքների մասին է խոսքը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության գաղափարն է եղել ակադեմիական քաղաք ստեղծելը, որտեղ տեղակայվելու է մինչև 8 բուհ։ Արդեն իսկ մշակվել է քաղաքի նախնական հատակագիծը։ Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու մինչև 50 000 մարդու համար։

Նշենք, որ երեկ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշանակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է հոգաբարձուների խորհրդի ամբողջ կազմը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել