Թագուհի Թովմասյան

ՀՀ 8-րդ գումարման ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 

ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։ Խմբակցությունից դուրս է եկել 2020թ․ նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարության հրապարակումից հետո։

Գիդ-թարգմանիչ (անգլերեն), լրագրող, քաղաքագետ։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Սոթքի հանքի աշխատակիցների պահանջները մեծամասամբ բավարարվել են․ Թագուհի Թովմասյան

Սոթքի հանքի աշխատակիցների պահանջները մեծամասամբ բավարարվել են․ Թագուհի Թովմասյան

Սոթքի հանքի աշխատակիցների պահանջները մեծամասամբ բավարարվեցին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Անցած շաբաթվա վերջից Գեղարքունիքի մարզի Սոտքի ոսկու հանքավայրի աշխատակիցները (մասնավորապես վարորդները) փակել էին հանք տանող ավտոճանապարհն ու երկաթգիծը։ Նրանք պահանջում էին արժանապատիվ աշխատավարձ, քանի որ նախկինում կատարելով նույն վտանգավորության աշխատանքը, ստանում էին մոտ 500 հազար դրամ աշխատավարձ, իսկ վերջին ամիսներին՝ էական կրճատումով՝ 120-150 հազար դրամ։ Իհարկե, հասկանալի է, որ հանքավայրի մի մասը նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությամբ ադրբեջանական վերահսկողության տակ է անցել, ուստի հանքի շահագործման ծավալներն էապես կրճատվել են և շահագործող ընկերությունը տուժել է։ Բայց դրա հետևանքով մոտ 300 աշխատակիցներ կրճատվեցին, մնացին անաշխատանք, ուստի ակնկալվում էր, որ գոնե մնացած աշխատակիցները կպահպանեն իրենց աշխատավարձը՝ առավել ևս, որ աշխատում են ադրբեջանցի զինվորների նշանառության տակ։ Այսպիսով, օրվա վերջում տեղեկացա, որ Սոթքի ոսկու հանքի աշխատակիցները բացել են մի քանի օր փակ պահվող ճանապարհը, երկաթգիծը, և հանքը սկսել է իր բնականոն աշխատանքը: Տեղեկացա, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը մեծամասամբ բավարարել է աշխատակիցների պահանջները, ինչի համար շատ ուրախ եմ։ Փոխզիջումային լուծումները միշտ ընդունելի են։ Թեև ցանկալի կլիներ հարցը չհասներ ճանապարհ փակելուն. դա չպետք է լինի հարց լուծելու ձև»,- գրել է Թովմասյանը։ Հիշեցնենք, որ այսօր Սոթքի հանքավայր տանող ճանապարհը մի քանի տասնյակ աշխատակիցներ բողոքի ակցիաներ էին իրականացնում: Նրանք մեքենաներով փակել էին հանքավայր տանող ճանապարհը։ 
22:54 - 19 ապրիլի, 2021
Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները շարունակում են հանք տանող ավտոճանապարհը և երկաթգիծը փակ պահել․ Թագուհի Թովմասյան

Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները շարունակում են հանք տանող ավտոճանապարհը և երկաթգիծը փակ պահել․ Թագուհի Թովմասյան

Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները շարունակում են հանք տանող ավտոճանապարհը և երկաթգիծը փակ պահել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Ինձ են դիմել հանքավայրի  աշխատակիցները՝ դժգոհելով, որ արդեն մի քանի ամիս է՝ ստանում են ոչ լիարժեք աշխատավարձ, և տեղեկացել են, որ արդյունահանման ծավալների նվազման պատճառով հնարավոր չէ՝ նախկին չափով աշխատավարձ ստանան։ Աշխատակիցները ամսվա վերջում են միայն պարզում, թե ինչքան աշխատավարձ են ստանալու։ Ընդ որում՝ նախկինում ստացած աշխատավարձից 4-5 անգամ պակաս։ Երեկ նրանք հանդիպել են «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինի հետ, որը լսել է աշխատակիցների պահանջը, բայց խնդիրը ցավոք չի լուծվել։  Այսօր կրկին ինձ հետ են կապվել աշխատակիցները, ովքեր մասնավորապես նշեցին, որ հուսով էին՝ խնդիրը կկարգավորվի, սակայն դեռևս լուծում չի ստանում, և իրենք վիրավորված են։ Հանքավայրի աշխատակիցները հավելում են, որ առօրյա ընտանեկան ծախսերի հետ մեկտեղ ունեն վարկեր, որոնց մարման պարտավորությունների կատարման մասով լրջագույն խնդիրներ են ունենում և բնականաբար վարկեր վերցնելուց առաջ չէին կարող կանխատեսել, որ ոչ իրենց մեղքով փաստորեն այսպիսի խնդրի առաջ են կանգնելու։  Հասկանալով իհարկե հետպատերազմական փուլում առկա դժվարությունները՝ ակնկալում եմ իրավասու և օժանդակության որևէ լծակ ունեցող բոլոր օղակներից, որ առաջնահերթ կդիտարկեն խնդիրը, ծանր իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին աջակցելու հարցը։  Մենք պարտավոր ենք կանգնել թշնամու ակնդետ հայացքի ներքո՝ նրանցից մի քանի մետր հեռավորության վրա աշխատող մեր հայրենակիցների կողքին։ Խնդրում եմ, մի՛ անտեսեք նրանց։ Հ.Գ. Ինչպես բազմիցս ահազանգել եմ, հանքավայրի մոտ 300 աշխատակիցներ էլ կրճատվել են, քանի որ հանքի տարածքի մեծ մասը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ»,- գրել է պատգամավորը։
15:20 - 17 ապրիլի, 2021
ՀՀ-ում կյանքն օրեցօր թանկանում է և դա տարածվում է նաև ՀԾԿՀ խողովակով անցնող ջրի, գազի, լույսի վարձավճարների մասով. Թագուհի Թովմասյանը՝ ՀԾԿՀ անդամի թեկնածուին |tert.am|

ՀՀ-ում կյանքն օրեցօր թանկանում է և դա տարածվում է նաև ՀԾԿՀ խողովակով անցնող ջրի, գազի, լույսի վարձավճարների մասով. Թագուհի Թովմասյանը՝ ՀԾԿՀ անդամի թեկնածուին |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թեկնածու Լևոն Բունիաթյանի հետ հարց ու պատասխանի ժամանակ, պատգամավոր Թովմասյանը հետաքրքրվեց, թե արդյոք ընտրվելու դեպքում շահերի բախման խնդիր չի ունենալու՝ նկատի ունենալով, որ նա նախկինում աշխատել է ՀԷՑ-ում։ «Մենք այսպիսի փորձ ունենք, որ հանրային լայն ընկալման մեջ ՀԾԿՀ-ն բոլոր խոշոր ընկերությունները սպասարկող մարմին է, մենք գրեթե չենք հիշում դեպք, որ սակագնի բարձրացման հայտ ուղարկեն և մերժվեն»,-ասաց պատգամավորը: Նա հիշեցրեց, որ խոշոր սպառողների համար գազի գինը թանկացել է և հիմա խոսակցություններ կան, որ նաև շարքային բնակիչների համար է գազի գնի բարձրացման հայտ ներկայացվելու։ Պատգամավորը  հետաքրքրվեց՝ թեկնածուն տեղյա՞կ է այդ մասին և ի՞նչ դիրքորոշում ունի: Թագուհի Թովմասյանը հիշեցրեց նաև, որ էլեկտրաէներգիայի սակագինն է փետրվարից բարձրացել: «Մենք տեսնում ենք, որ հանրային շահ, որպես այդպիսին, չի սպասարկում այդ հանձնաժողովը: Ես չլսեցի հավաստիացումներ, որ ի դեմս Ձեզ՝ ունենալու եմ հանրային ներկայացուցիչ այդ հանձնաժողովում»,-ասաց նա: Լևոն Բունաթյանը վստահեցրեց, որ որևէ «շահախնդրություն» դեպի ՀՀ էեկտրական ցանցերը իր աշխատանքում չի լինելու, քանի որ 2016 թվականից չի աշխատում այդ հիմնարկում և գործելու է օրենքով: «Գազի գնի վերաբերյալ տեղեկություն չունեմ, քանի որ գազի ոլորտի հետ չեմ առնչվել»,-ասաց նա և նշեց, որ ընտրվելու դեպքում իրականացնելու է գազի սակագնի բարձրացման խորաթափանց ուսումնասիրություն: «էլէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված չեմ կարող պատասխանել, թե ինչ կարգավորումներ և հիմնավորումներ են ներկայացրել, գիտեմ, որ սակագնի մեջ ներառված են եղել Արցախի ՀԷԿ-երը, որոնք պատերազմից հետո մնացել են այնտեղ, և ատոմակայանը, ինչպես գիտեք, կանգնած է, այդ պատճառով հնարավոր է՝ ժամանակավոր թանկացրել են, բայց հիմնավոր չեմ կարող պատասխանել, քանի որ չեմ տիրապետում թղթերին և հիմքերին»,-ասաց նա: Կարդալ ավելին՝ tert.am-ում։ 
12:20 - 13 ապրիլի, 2021
Զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողներն ԱԺ-ում ներկայացրել են քրգործերի քննության հետ կապված դժգոհությունները |armenpress.am|

Զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողներն ԱԺ-ում ներկայացրել են քրգործերի քննության հետ կապված դժգոհությունները |armenpress.am|

armenpress.am: Զոհված, անհետ կորած համարվող զինծառայողների ծնողները հանդիպել են Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ, մասնավորապես իրենց մտահոգությունը, դժգոհությունն ու պահանջը հայտնել ընթացող քրեական գործերի քննության ընթացքի առնչությամբ: Թովմասյանը հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ ծնողներն են դիմել իրեն: «Ցանկանում են հասկանալ, թե ինչ ընթացք ունեն իրենց որդիների մասով հարուցված քրեական գործերը: Իրենք խորը կասկածներ ունեն, որ հարուցված քրեական գործերի քննություն, ըստ էության, տեղի չի ունենում: Նրանք պնդում են, որ ուզում են ԱԱԾ-ն քննի»,-ասաց Թովմասյանը: Պատգամավորը շեշտեց՝ կան մի շարք հարցեր, որոնք շատ արագ պետք է քննվեն, ու հարցերի պատասխանները տրվեն: Թովմասյանը նշեց, որ օրինակ ծնողներից մեկը պատմել է, որ իր որդու վիրահատության երկու օրը չանցած առաջնագիծ են տարել: «Ի վերջո պատերազմից արդեն չորս ամիս անցել է, և այդ վերքը թողնում ենք բաց, այս մարդկանց ցավը անընդհատ բորբոքում ենք, ես կարծում եմ, որ եթե այդ մարդիկ ուզում են, որ ԱԱԾ-ն քննի, ապա պետք է ԱԱԾ-ն քննի, եթե զինվորների ծնողները  դժգոհ են քննչական ծառայություններից, կարելի է ընդառաջել: Այդ մարդիկ կորցրել են, մեր երկրին տվել են իրենց ամենաթանկը»,-նշեց նա ու հավելեց՝ ծնողների պահանջն է, որ անպայման հրամանատարների մասով կոնկրետ քննություն տեղի ունենա: Զոհված զինծառայող Տիգրան Շահբարյանի հայրը լրագրողների հետ զրույցում մասնավորապես նշեց. «Գործը միտումնավոր ձգձգվում է, որ մենք էլ ծնողներով պառակտվենք, գործը սրբվի, մաքրվի, գնա: Դիմելու եմ անհնարինին, ամենավերջին քայլին»,-ասաց նա: Ծնողներն իրենց լուրջ դժգոհությունը հայտնեցին որոշ հրամանատարներից:
15:41 - 31 մարտի, 2021
Մարդիկ տեսողական հիշողությամբ են մեքենա վարում. ինչո՞ւ է Երևանում երթևեկելը դարձել վտանգավոր. Թագուհի Թովմասյանը՝ գծանշումների բացակայության մասին |tert.am|

Մարդիկ տեսողական հիշողությամբ են մեքենա վարում. ինչո՞ւ է Երևանում երթևեկելը դարձել վտանգավոր. Թագուհի Թովմասյանը՝ գծանշումների բացակայության մասին |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանից ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց Երևան քաղաքի գծանշումների բացակայությունից:«Ցանկացած վարորդ կհաստատի, որ մարդիկ տեսողական հիշողությամբ են մեքենա վարում Երևանում։ Գարնանն ասում են՝ աշնանը կանենք գծանշումները, աշնանն ասում են՝ գարնանը կանենք: Դուք որպես լիազոր մարմին, խնդրում եմ ասել, թե ինչու չեն կատարվում Երևան քաղաքում գծանշումները, և ինչու է Երևան քաղաքում երթևեկելը դարձել վտանգավոր»,-ասաց նա:Վաչե Տերտերյանը նախ չհամաձայնվեց դիտարկման հետ, որ չեն կատարվում, սակայն նշեց, որ գուցե բավարար չափով չեն կատարվում և ցանկալի կլիներ ավելի ինտենսիվ կատարվեր:
13:01 - 25 մարտի, 2021
Կառավարության վարքագիծը դիտարկվում է դիտավորյալ քմահաճ վերաբերմունք՝ ուղղված «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորների նկատմամբ. Թագուհի Թովմասյան |tert.am|

Կառավարության վարքագիծը դիտարկվում է դիտավորյալ քմահաճ վերաբերմունք՝ ուղղված «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորների նկատմամբ. Թագուհի Թովմասյան |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովում ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր ելույթում անդրադարձավ կառավարության անդամների երեկվա վարքագծին: «Որպես խորհրդարանի նախագահ՝ առնվազն երեկ պետք է միջամտեիք, որ մեր երեք անկախ պատգամավորների հարցերին քմահաճ ձևով կառավարությունը չպատասխանեց: Ես կարծում եմ՝ մենք այնպիսի հարցեր էինք բարձրացրել, որոնց պատասխանն ունի կառավարությունը, և սա դիտարկվում է դիտավորյալ քմահաճ վերաբերմունք՝ ուղղված «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորների նկատմամբ»,-ասաց նա՝ դիմելով Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրոզյանին:   «Ես Ձեզ հորդորում եմ ավելի ուշադիր լինել բոլոր պատգամավորների նկատմամբ, որովհետև Դուք բոլոր պատգամավորներին եք այստեղ ներկայացնում և նիստը վարում եք արդարության դիրքերից, համենայնդեպս, օրենքը Ձեզ այդպես է պարտադրում»,-ասաց նա և նշեց, որ կարծում է, թե Հրանտ Մաթևոսյանի թանգարանի մասին առեղծվածը հրապարակավ պետք է բացահայտվեր: Պատգամավորը նկատեց, որ նրա որդին պարկեշտ անձնավորություն է և երբ գրում է, թե բանակցություններում մանանեխի հատիկի չափ տրամաբանություն չկա, ուրեմն հետևությունը պետք աներ կառավարությունը: Վերջում Թագուհի Թովմասյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիր եղած շրջանում հայտարարությունը, երբ ասում էր. «Աշխարհի որ ծայրում լինեք, որտեղ լինեք, ինչ պայմաններում  էլ լինեք, պարտավոր եք գալ կառավարությունում պատասխանելու պատգամավորների հարցերին»: «Ես հիմա հիշեցնում եմ, որ կառավարությունը պարտավոր է  պատասխանել պատգամավորների հարցերին»,-ասաց նա: Արձագանքելով՝ Արարատ Միրզոյանը ճշգրտում արեց. «Անկախ պատգամավոր չկա, կան խմբագրությունում չընդգրկված պատգամավորներ, սա որքան էլ ֆորմալ, այնքան էլ խորիմաստ ձևակերպում է»: 
11:59 - 25 մարտի, 2021
Թագուհի Թովմասյանը և ևս երկու պատգամավոր կձևավորեն «Արցախ» նախաձեռնությունը |tert.am|

Թագուհի Թովմասյանը և ևս երկու պատգամավոր կձևավորեն «Արցախ» նախաձեռնությունը |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովում իր ելույթում ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնեց, որ ինքը և իր գործընկեր, ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը նոր են վերադարձել Արցախից  և որոշել են Սոֆյա Հովսեփյանի հետ՝ ոչ իր իրավաբանական ձևակերպմամբ, քանի որ օրենսդրությունը թույլ չի տալիս, ձևավորել  «Արցախ» նախաձեռնությունը: «Մենք պատրաստվում ենք լինել թեկուզ կարճաժամկետ այս խորհրդանում Արցախի ձայնը, քանի որ մենք մինչև հիմա Արցախի հետ բարեկամական խմբի ֆորմատ ունենք և այդպիսի տարբեր բարեկամական խմբեր ունենք տարբեր երկրների հետ: Արցախի մասով հատուկ ընդգծված վերաբերմունք պետք է ունենանք,  որովհետև հատկապես պատերազմից հետո, եթե պատկերացում ունեինք, որ Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխիքը, հիմա կարող ենք ասել, որ Արցախն է Հայաստանի անվտանգության երաշխավորը, և Գեղարքունիքում և Սյունիքում  մենք մեր մաշկի վրա զգում ենք, թե թշնամուն քանի կիլոմետր հեռու էր պահում  Արցախը»,-ասաց նա և նշեց, որ դա պետք է գնահատել։
11:55 - 19 մարտի, 2021
Պատերազմում պարտվելը բանակցություններում պարտվել չի նշանակում. Արցախի ԱԺ նախագահ

Պատերազմում պարտվելը բանակցություններում պարտվել չի նշանակում. Արցախի ԱԺ նախագահ

Մարտի 18-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է Հայաստանի Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Աննա Գրիգորյանին ու Թագուհի Թովմասյանին: Հանդիպմանը ներկա էր Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը: Հանդիպման ժամանակ Արցախի խորհրդարանի ղեկավարը անդրադարձել է 44-օրյա պատերազմին՝ շեշտելով, որ պատերազմում հաղթել է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան: «150 հազարանոց Արցախը փաստացի կռվել է Թուրքիայի հետ, ավելի քան 5000 վարձկան ահաբեկիչներ էին ներգրավված, ու ամենավրդովվեցուցիչն այն է, որ միջազգային հանրության լուռ համաձայնության պայմաններում է տեղի ունեցել այս ամենը»,- ասել է Արթուր Թովմասյանը: Խորհրդարանի ղեկավարը կարծիք է հայտնել առ այն, որ պատերազմում պարտվելը բանակցություններում պարտվել չի նշանակում: Նա հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի ակտիվացմամբ բանակցային գործընթացը կշարունակվի: Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները կիսել են Արցախի օրենսդիր մարմնի ղեկավարի տեսակետը՝ բանակցային գործընթացում միակ ընդունելի ձևաչափը համարելով ԵԱՀԿ Մինսկի խումբը:Նշելով, որ օրակարգում Արցախի դեօկուպացիայի հարցն է, խորհրդարանականները քննարկել են բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը: «Արցախը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի: Այս պատերազմը ցույց տվեց, որ ոչ թե Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, այլ Արցախով է պայմանավորված Հայաստանի անվտանգությունը»,-ասել են անկախ կին պատգամավորները:
21:08 - 18 մարտի, 2021
Արցախի ԱԺ նախագահը բանակցային գործընթացում ընդունելի է համարում միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը

Արցախի ԱԺ նախագահը բանակցային գործընթացում ընդունելի է համարում միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Աննա Գրիգորյանին և Թագուհի Թովմասյանին: Հանդիպման ընթացքում Արցախի խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է 44-օրյա պատերազմին՝ շեշտելով, որ պատերազմում հաղթել է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան: «Փաստացի 150-հազարանոց Արցախը կռվել է Թուրքիայի հետ: Ավելի քան 5 000 վարձկան ահաբեկիչներ էին ներգրավված, և ամենավրդովեցուցիչն այն է, որ այս ամենը տեղի է ունեցել միջազգային հանրության լուռ համաձայնության պայմաններում»,- ասել է Արթուր Թովմասյանը: Խորհրդարանի ղեկավարը կարծիք է հայտնել, որ պատերազմում պարտվելը բանակցություններում պարտվել չի նշանակում: Նա հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի ակտիվացմամբ՝ բանակցային գործընթացը կշարունակվի: Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները կիսել են Արցախի օրենսդիր մարմնի ղեկավարի տեսակետը՝ բանակցային գործընթացում միակ ընդունելի ձևաչափը համարելով ԵԱՀԿ Մինսկի խումբը: Նշելով, որ օրակարգում Արցախի գրավյալ տարածքի դեօկուպացիայի հարցն է, խորհրդարանականները քննարկել են բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը:  «Արցախը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի: Այս պատերազմը ցույց տվեց, որ ոչ թե Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, այլ՝ Արցախով է պայմանավորված Հայաստանի անվտանգությունը»,- ասել են ՀՀ ԱԺ պատգամավորները:
16:11 - 18 մարտի, 2021
Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում է. Գլխավոր դատախազության պարզաբանումը

Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում է. Գլխավոր դատախազության պարզաբանումը

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է ներկայացրել «Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրյալ, ՀՀ նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ: «Այսօր, պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ակնհայտ խեղաթյուրելով միջազգային կառույցի, նրա լիազորությունների շրջանակում կոնկրետ գործին առնչվող հանգամանքները, օգտվելով դրանց վերաբերյալ լայն հանրության չիրազեկվածությունից, «սկանդալայինի» անվան տակ փորձել է հրամցնել իրականությունից էականորեն շեղվող տեղեկություններ, որոնք անհիմն շահարկման առարկա են դարձել նաև այլ շրջանակների կողմից։ Այդ պատճառով հարկ ենք համարում հանրությանն իրազեկել հետևյալի մասին. 1․Համաձայն Միջազգային քրեական ոստիկանության կազմակերպության (այսուհետև՝ Ինտերպոլ) կանոնադրության՝ այն քրեական արդարադատության ոլորտի պատասխանատու կառույց չէ, ինչպես շեշտադրում է, հավանաբար, դրանից անտեղյակ պատգամավորը։ Այդ կառույցը գործի հանգամանքներ, փաստական տվյալներ չի ուսումնասիրում, մեղադրանքի հիմնավորվածության կամ իրավաչափության վերաբերյալ գնահատականներ տալու ոչ միայն իրավասություն չունի, այլ չի էլ ստուգում մանրամասները։ Հարկ ենք համարում պարզաբանել, որ Ինտերպոլի կանոնադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ նրա նպատակն է ապահովել և զարգացնել փոխհամագործակցությունը քրեական ոստիկանության բոլոր մարմինների, (hաստատությունների) միջև …, որոնք արդյունավետորեն կնպաստեն քրեական հանցավորության կանխարգելմանը և դրա դեմ ուղղված պայքարի իրականացմանը: Այլ կերպ ասած, Ինտերպոլի գործունեությունը հիմնվում է հանցավորության դեմ պայքարում տարբեր երկրների համապատասխան մարմինների փոխհամագործակցության զարգացման սկզբունքի վրա։ Նշվածն աներկբա կերպով վկայում է այն մասին, որ Ինտերպոլը չի հանդիսանում նման փոխհամագործակցության շրջանակում ընդունված առանձին որոշումները, դրանց օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգող, մեղադրանքը հիմնավոր կամ անհիմն, քաղաքական կամ այլ կերպ անհիմն որակող մարմին։ Ընդ որում, նման դիրքորոշում Ինտերպոլի կողմից դրսևորվում է բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանն առնչվող դեպքերով, որպես կանոն՝ նպատակ ունենալով ի ցույց դնել այդ կառույցի բացարձակ չեզոքությունը առանձին երկրներում նախկին կամ ներկա պաշտոնյաների կողմից պաշտոնեական հանցագործությունների մեջ մեղադրվելու կամ պետությունների միջև կոնֆլիկտների արդյունքում անձանց հետախուզման կապակցությամբ: Բազմաթիվ են դեպքերը, երբ բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած, քաղաքական գործունեություն իրականացրած անձի կամ ազգային հողի վրա կատարված առանձին հանցագործությունների դեպքերով համագործակցությունն Ինտերպոլի համապատասխան ստորաբաժանման փաստաթղթի հիման վրա սահմանափակվել է: Սակայն Ինտերպոլի կողմից մշտապես ընդգծվել է, որ Կանոնադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը նմանատիպ գործերով իրականացվող քրեական վարույթի վավերականության (validity) առնչությամբ որևէ դիրքորոշում չի հայտնում և նման որոշումները հիմնված են Ինտերպոլի կանոնադրությամբ և կանոններով նախատեսված պահանջների վրա միայն և դրանց միակ հետևանքը կայանում է նրանում, որ անձի վերաբերյալ միջազգային ոստիկանական համագործակցություն իրականացնելու վերաբերյալ ներկայացված հարցումը չի կարող շրջանառության մեջ դրվել Ինտերպոլի ուղիներով: Հետևաբար՝ նման դիրքորոշումը առաջին կամ եզակի դեպքը չէ, ինչպես հատուկ շեշտում էր պատգամավորը՝ թերևս փորձելով արժեք հաղորդել իր հայտնած «սենսացիային»։ Վերը նշված բաղադրիչ ունեցող բազում դեպքերով ևս Ինտերպոլը նման դիրքորոշում հայտնել է: Այսպիսով՝ Ինտերպոլը քրեական արդարադատության պատասխանատու կառույց չէ և Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածի մեջբերմամբ նկարագրված գործի «քաղաքական հետապնդում» որակումն ակնհայտ ոչ իրավաչափ, անհիմն և խիստ սուբյեկտիվ է, ինչն ակնհայտ է կոնկրետ դեպքում՝ ցանկալին իրականության փոխարեն հրամցնելու տրամաբանությամբ: Հարկ ենք համարում նշել, որ մեղադրյալ Գևորգ Կոստանյանի մեղադրանքի հիմնավորվածությունը՝ (առնվազն հիմնավոր կասկածի մակարդակում) երեք անգամ գնահատականի է արժանացել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից (նախ՝ նախաքննական մարմնի, ապա ևս երկու անգամ պաշտպանության կողմի միջնորդությունների հիման վրա), իսկ կայացված որոշումների օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգվել և հաստատվել է վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերով: Ընդ որում, մեղադրյալ Գևորգ Կոստանյանի նկատմամբ ՌԴ իրավապահ մարմինների կողմից ՌԴ տարածքում հետախուզում չհայտարարելու վերաբերյալ փաստարկը բազմիցս նրա պաշտպանի կողմից ներկայացվել է ՀՀ դատարաններին, սակայն օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտերով հաստատվել է ՀՀ դատախազության դիրքորոշումն այն մասին, որ սույն փաստարկը որևէ առնչություն չունի և չի կարող ունենալ մեղադրյալին առաջադրված մեղադրանքի, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերի օրինականությունը և հիմնավորվածությունը գնահատելու հետ: Ելնելով վերոգրյալից՝ հարգելի պատգամավորին հորդորում ենք պետական հաստատությունների վերաբերյալ գնահատականներում լինել կոռեկտ, կոնկրետ գործերով և անձանց նկատմամբ շարունակաբար ցուցաբերվող սուբյեկիտվ շահագրգիռ մոտեցումները չհանրայնացնել անաչառության քողածածկույթի տակ, միջագային հեղինակավոր կառույցների գործունեությունը, նրանց ձևավորած պրակտիկան դիտավորյալ կամ սեփական անտեղյակության պատճառով չենթարկել խիստ յուրովի, մակերեսային մեկնաբանությունների:  Հաշվի առնելով, սակայն, նման մեթոդներով, այսպես կոչված «սենսացիաներով» պետական մարմինների գործունեությունը, կոնկրետ գործով քննության օբյեկտիվությունը հանիրավի ստվերելու փորձերը՝ հանրության պատշաճ իրազեկումն ապահովելու նպատակով հայտնում ենք նաև հետևյալը: Գևորգ Կոստանյանը քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել այն արարքների կատարման համար, որ նա, ի պաշտոնե տեղեկանալով 2008 թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ պետական իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների մանրամասների՝ ՀՀ ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ գործադրված հանցավոր գործողությունների, ինչպես նաև ՀՀ ՊՆ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների զինծառայողների ակտիվ հանցավոր մասնակցության, նշված ստորաբաժանումների զինծառայողների կողմից ապօրինի հրազեն գործադրելու մասին, 2008 թ. մայիսից մինչև 2009 թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում դրդել է ՀՀ ոստիկանության մի խումբ պաշտոնատար անձանց և վարույթն իրականացնող մարմնին՝ չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը, կատարել վերը նշած հանցագործության գործիքների ու միջոցների, ինչպես նաև հանցագործության հետքերի, պարտակում, պաշտոնեական կեղծիքներ և կեղծել ապացույցներ: Բացի այդ, նշված կեղծ տեղեկությունները եվրոպական կառույցների հետ ի պաշտոնե շփումների ընթացքում վերջիններիս տրամադրելու դիտավորությամբ՝ Գևորգ Կոստանյանը, զբաղեցնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնը, 2008 թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, սահմանադրական կարգի տապալման առանձնապես ծանր հանցագործությունը թաքցնելու խմբային շահից ելնելով, 2012 թ. նոյեմբերից մինչև 2017 թ. փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում օգտագործել է վերը նշված պաշտոնատար անձանց կողմից իր դրդմամբ կազմված և սույն քրեական գործում առկա կեղծ պաշտոնեական փաստաթղթերը, դրանց հիման վրա կազմել է պաշտոնեական կեղծ փաստաթուղթ հանդիսացող ՀՀ կառավարության դիրքորոշում և դրանք հանձնել Եվրոպական դատարանին: Նշված հանգամանքները հիմնավորվել են մեղադրյալ Գ.Կոստանյանի հանցակիցների, ինչպես նաև ականատես այլ վկաների ցուցմունքներով, փաստաթղթերով: Ընդ որում, այդ արարքներին առնչվող առերևույթ հանցանք կատարելու համար, որպես Գ.Կոստանյանի հանցակիցներ, մեղադրվել են նաև ՀՀ ոստիկանության բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ, որոնցից երկուսը չեն վիճարկել իրենց մեղսագրված արարքները և համաձայնություն են տվել նախաքննական մարմնին ոչ արդարացնող հիմքով՝ վաղեմության ժամկետներն անցնելու կապակցությամբ, իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար: Գ. Կոստանյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում է»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարել էր՝ Ինտերպոլը մերժել է հետախուզում իրականացնել Գևորգ Կոստանյանի նկատմամբ։
19:19 - 16 մարտի, 2021
ԱԺ պատգամավորը հայտարարում է՝ Ինտերպոլը մերժել է հետախուզում իրականացնել Գևորգ Կոստանյանի նկատմամբ |armenpress.am|

ԱԺ պատգամավորը հայտարարում է՝ Ինտերպոլը մերժել է հետախուզում իրականացնել Գևորգ Կոստանյանի նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրապարակեց Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության փաստաթղթերը, ըստ որոնց, այդ կառույցը մերժել է հետախուզում իրականացնել նախկին գլխավոր դատախազ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Գևորգ Կոստանյանի նկատմամբ:  Թովմասյանը փաստաթղթերը հրապարակեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: «Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը փաստաթուղթ է ուղղել Հայաստանի Ինտերպոլի ազգային բյուրոյին, որում ասված է. «Խնդրում ենք հաշվի առնել, որ իրավաբանական փորձաքննությունից հետո Գլխավոր քարտուղարությունը եկել է այն եզրակացության, որ հետախուզվող անձի մասին ծանուցումը չի համապատասխանում Ինտերպոլի կանոնադրության երրորդ հոդվածին»: Երրորդ հոդվածն ասում է. «Կազմակերպությանը խստորեն արգելվում է ձեռնարկել քաղաքական, ռազմական, կրոնական, ռասսայական բնույթի որևէ միջամտություն»: Այսինքն՝ Կոստանյանի գործը համարվել է քաղաքական, և այդ անձի վերաբերյալ տեղեկությունը հանվել է ինտերպոլի տվյալների բազայից»,- ասաց Թովմասյանը: Թագուհի Թովմասյանն ընդգծեց՝ պարզվում է, որ դեռ 2020թ. ապրիլի 10-ին մերժել է ՀՀ իրավապահներին՝ հետախուզել Գևորգ Կոստանյանին, այն հիմնավորմամբ, որ տվյալ դեպքը քաղաքական է:
14:38 - 16 մարտի, 2021
Պատգմավորն ահազանգում է Սոթքի ոսկու հանքավայրի մոտ 300 աշխատակցի նախատեսվող կրճատման մասին |armenpress.am|

Պատգմավորն ահազանգում է Սոթքի ոսկու հանքավայրի մոտ 300 աշխատակցի նախատեսվող կրճատման մասին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնում է, որ Սոթքի ոսկու հանքավայրի մոտ 300 աշխատակցի կրճատման հարց է առաջացել, նրանցից մոտ 100-ն արդեն կրճատվել է: Թովմասյանն այս մասին ասաց ԱԺ ամբիոնից իր ելույթում: «Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները հայտնի պատճառներով պատերազմից հետո հարկադիր պարապուրդի մեջ էին գտնվում, քանի որ ամբողջ ծավալով չի աշխատում հանքը, հանքավայրի շահագործումը դադարեցվել է մի մասով, որովհետև հանքավայրի մեծ մասը մնացել է ադրբեջանական վերահսկողության տակ: Եվ հիմա մոտ 300 աշխատակիցների կրճատմամբ հարց է առաջ եկել, մոտ 100-ը կրճատվել են, մնացածն էլ ընթացքի մեջ են: Սա նշանակում է, որ Վարդենիսի և հարակից շրջանների մոտ 300 ընտանիք մնալու է առանց աշխատանքի»,-ասաց Թովմասյանը:   Պատգամավորը նշեց, որ իր հետ կապվել են բազմաթիվ անձինք՝ Վարդենիսից և հարակից շրջաններից, որոնք մտադրություն ունեն իրենց բողոքը արտահայտել՝ տարբեր ակցիաներով, այդ թվում՝ փակելով երկաթգիծը, որտեղով տեղափոխվում է Սոթքի ոսկու հանքավայրի հանքանյութը՝ դեպի Արարատ: Պատգամավորը հույս հայտնեց, որ իր հայտարարությունը կօգնի,որ կառավարությունը որևէ քայլ ձեռնարկի՝ մեղմելու այդ դժգոհությունը, առաջարկելու որևէ տարբերակ: Նրա կարծիքով՝ քաղաքացիներին պետք է օր առաջ այլընտրանք առաջարկել:
16:35 - 04 մարտի, 2021
2018-ին ՀՀ-ում ապաստանի համար ստացվել է 218 դիմում, 2019-ին՝ 247, իսկ 2020-ին՝ 207 դիմում. Արմեն Ղազարյան |tert.am|

2018-ին ՀՀ-ում ապաստանի համար ստացվել է 218 դիմում, 2019-ին՝ 247, իսկ 2020-ին՝ 207 դիմում. Արմեն Ղազարյան |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովում պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանից, թե քանի հոգի են օտարերկրյա պետություններից ապօրինի հատել ՀՀ տարածքը և այստեղ ապաստան խնդրել:«Ունե՞ք նաև ամփոփ տվյալներ թե քանի մարդ է 2021-2020 թվականներին անվերադարձ գնացել Հայաստանից, որպեսզի հասկանանք, թե այդ խոսակցությունները, որ Հայաստանը դատարկվում է՝  թվային լեզվով Հայաստանը դատարկվո՞ւմ է՝ ինչ տեմպերով, ինչ թվերով և ուր ենք հասնելու»,- հարցրեց պատգամավորը:Արմեն Ղազարյանը պատասխանեց, որ, ընդհանուր առմամբ, վերջին թվի մեջ վերջին երեք տարվա ընթացքում ապօրինի սահմանահատում, օտարերկրյա պետությունների կողմից հետախուզում և Հայաստանի տարածքում քրեական հետապնդման ենթարկվող գործերի 14-15 տոկոսն են կազմում: «2018 թվականին մենք ունեցել ենք 218 ապաստանի դիմում, 2019-ին՝ 247, իսկ 2020 թվականին 207 ապաստանի դիմում»,-հայտնեց նա:Ինչ վերաբերում է Հայաստանից անվերադարձ մեկնողներին, ապա ծառայության պետը նշեց, որ մեկնող երկրի միգրացիոն ոլորտի պատասխանատուները որևէ երկրում ուղղակի նման հարցի չեն կարող պատասխանել, նման վիճակագրություն կարող է գեներացվել միայն մուտքի երկրներում:
15:36 - 04 մարտի, 2021
Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ գերիների հայրենադարձմանը խոչընդոտելը |armenpress.am|

Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ գերիների հայրենադարձմանը խոչընդոտելը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը հայտարարությամբ դատապարտեց Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց հայրենադարձմանը խոչընդոտելը: Անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի և Վարդան Աթաբեկյանի ներկայացրած հայտարարության նախագիծը խորհրդարանն ընդունեց միաձայն՝ 120 «կողմ» ձայներով: Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հայաստանի Հանրապետության ազգային ժողովն արձանագրում է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից, Թուրքիայի ուղղակի աջակցությամբ և ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծված և 44 օր տևած ագրեսիայի ավարտից հետո անցել է շուրջ երեք ամիս, սակայն Ադրբեջանում գերության մեջ են գտնվում զինվորականներ և քաղաքացիական անձինք, այդ թվում՝ կանայք, որոնց անհապաղ հայրենադարձումը ռազմական գործողությունների ավարտից հետո միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված հրամայական պահանջ է: Այդուհանդերձ, Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքով ողջ միջազգային հանրության հանդեպ ստանձնած պարտավորություններ, խախտելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կիրառված միջանկյալ միջոցների պահանջները, թաքցնում է իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիների և ներկալված քաղաքացիական անձանց իրական թիվը և անթույլատրելի կերպով ձգձգում է նշված անձանց, այդ թվում՝ կանանց անհապաղ հայրենադարձման մարդասիրական գործընթացը, փաստացիորեն վերածելով վերջիններիս պատանդների՝ զրկված դատական պաշտպանության որևէ արդյունավետ միջոցից: «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 118-րդ հոդվածի համաձայն՝ «Ռազմագերիներն ազատվում և հայրենադարձվում են անմիջապես ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո»: «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի հոդված 113-ի 1-ին մասը սահմանում է նաև, որ «Ներկալումը պետք է դադարի որքան հնարավոր է շուտ՝ ռազմական գործողություների ավարտից հետո»: «Բռնությամբ անհետացած անձանց պաշտպանության մասին» 2007թ. փետրվարի 6-ի միջազգային կոնվենցիան սահմանում է, որ ոչ ոք չպետք է ենթարկվի բռնությամբ անհետացման, նույնիսկ պատերազմական իրավիճակում: Գերիների առկայության փաստի ժխտումը կամ անհետացած անձի ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին տեղեկությունները թաքցնելը համարվում է միջազգային հանցագործություն: Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետում ամրագրված է, որ «Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում» Հայկական կողմերը ամբողջությամբ իրականացրել են միջազգային մարդասիրական իրավունքից բխող իրենց պարտավորությունները, մինչդեռ Ադրբեջանը հետևողականորեն հրաժարվում է հայրենադարձել իր մոտ ապօրինաբար պահվող բոլոր ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց: Ավելին՝ Ադրբեջանը, շինծու քրեական հետապնդման ապօրինի գործընթաց նախաձեռնելով, փորձում է զրկել իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց Ժնևի կոնվենցիաներով սահմանված կարգավիճակից՝ չտրամադրելով վերջիններիս նշված կոնվենցիաներով նախատեսված իրավունքները, արտոնությունները և այլ երաշխիքները: ՀՀ ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանում հայատյացության ու կազմակերպված թշնամանքի քաղաքականության պայմաններում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց հայրենադարձմանը խոչընդոտելը և արձանագրում, որ գերիներին չվերադարձնելու Ադրբեջանի այս բացարձակ անթույլատրելի վարքագիծը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի անկյունաքարային դրույթները, կոպտորեն ոտնահարում է Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները՝ խաթարելով ժամանակակից միջազգային հարաբերությունների բուն էությունը և վտանգելով մարդու իրավունքների պաշտպանության միջազգային և տարածաշրջանային համակարգերի նկատմամբ վերաբերմունքը: Ելնելով վերը նշվածից՝ ՀՀ Ազգային ժողովը կոչ է անում բոլոր միջազգային կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ողջ միջազգային հանրությանը և միջազգային և տարածաշրջանային իրավապաշտպան կազմակերպություններին խիստ գնահատականի և դատապարտման արժանացնել Ադրբեջանի վերը նշված վարքագիծը»,- ասված է հայտարարությունում:
11:53 - 03 մարտի, 2021