Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ գերիների հայրենադարձմանը խոչընդոտելը |armenpress.am|
11:53 - 03 մարտի, 2021

Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ գերիների հայրենադարձմանը խոչընդոտելը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը հայտարարությամբ դատապարտեց Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց հայրենադարձմանը խոչընդոտելը:

Անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի և Վարդան Աթաբեկյանի ներկայացրած հայտարարության նախագիծը խորհրդարանն ընդունեց միաձայն՝ 120 «կողմ» ձայներով:

Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հայաստանի Հանրապետության ազգային ժողովն արձանագրում է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից, Թուրքիայի ուղղակի աջակցությամբ և ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծված և 44 օր տևած ագրեսիայի ավարտից հետո անցել է շուրջ երեք ամիս, սակայն Ադրբեջանում գերության մեջ են գտնվում զինվորականներ և քաղաքացիական անձինք, այդ թվում՝ կանայք, որոնց անհապաղ հայրենադարձումը ռազմական գործողությունների ավարտից հետո միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված հրամայական պահանջ է:

Այդուհանդերձ, Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքով ողջ միջազգային հանրության հանդեպ ստանձնած պարտավորություններ, խախտելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կիրառված միջանկյալ միջոցների պահանջները, թաքցնում է իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիների և ներկալված քաղաքացիական անձանց իրական թիվը և անթույլատրելի կերպով ձգձգում է նշված անձանց, այդ թվում՝ կանանց անհապաղ հայրենադարձման մարդասիրական գործընթացը, փաստացիորեն վերածելով վերջիններիս պատանդների՝ զրկված դատական պաշտպանության որևէ արդյունավետ միջոցից:

«Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 118-րդ հոդվածի համաձայն՝ «Ռազմագերիներն ազատվում և հայրենադարձվում են անմիջապես ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո»: «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի հոդված 113-ի 1-ին մասը սահմանում է նաև, որ «Ներկալումը պետք է դադարի որքան հնարավոր է շուտ՝ ռազմական գործողություների ավարտից հետո»:

«Բռնությամբ անհետացած անձանց պաշտպանության մասին» 2007թ. փետրվարի 6-ի միջազգային կոնվենցիան սահմանում է, որ ոչ ոք չպետք է ենթարկվի բռնությամբ անհետացման, նույնիսկ պատերազմական իրավիճակում: Գերիների առկայության փաստի ժխտումը կամ անհետացած անձի ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին տեղեկությունները թաքցնելը համարվում է միջազգային հանցագործություն:

Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետում ամրագրված է, որ «Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում» Հայկական կողմերը ամբողջությամբ իրականացրել են միջազգային մարդասիրական իրավունքից բխող իրենց պարտավորությունները, մինչդեռ Ադրբեջանը հետևողականորեն հրաժարվում է հայրենադարձել իր մոտ ապօրինաբար պահվող բոլոր ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց: Ավելին՝ Ադրբեջանը, շինծու քրեական հետապնդման ապօրինի գործընթաց նախաձեռնելով, փորձում է զրկել իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց Ժնևի կոնվենցիաներով սահմանված կարգավիճակից՝ չտրամադրելով վերջիններիս նշված կոնվենցիաներով նախատեսված իրավունքները, արտոնությունները և այլ երաշխիքները:

ՀՀ ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանում հայատյացության ու կազմակերպված թշնամանքի քաղաքականության պայմաններում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց հայրենադարձմանը խոչընդոտելը և արձանագրում, որ գերիներին չվերադարձնելու Ադրբեջանի այս բացարձակ անթույլատրելի վարքագիծը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի անկյունաքարային դրույթները, կոպտորեն ոտնահարում է Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները՝ խաթարելով ժամանակակից միջազգային հարաբերությունների բուն էությունը և վտանգելով մարդու իրավունքների պաշտպանության միջազգային և տարածաշրջանային համակարգերի նկատմամբ վերաբերմունքը:

Ելնելով վերը նշվածից՝ ՀՀ Ազգային ժողովը կոչ է անում բոլոր միջազգային կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ողջ միջազգային հանրությանը և միջազգային և տարածաշրջանային իրավապաշտպան կազմակերպություններին խիստ գնահատականի և դատապարտման արժանացնել Ադրբեջանի վերը նշված վարքագիծը»,- ասված է հայտարարությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել