Զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողներն ԱԺ-ում ներկայացրել են քրգործերի քննության հետ կապված դժգոհությունները |armenpress.am|
15:41 - 31 մարտի, 2021

Զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողներն ԱԺ-ում ներկայացրել են քրգործերի քննության հետ կապված դժգոհությունները |armenpress.am|

armenpress.am: Զոհված, անհետ կորած համարվող զինծառայողների ծնողները հանդիպել են Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ, մասնավորապես իրենց մտահոգությունը, դժգոհությունն ու պահանջը հայտնել ընթացող քրեական գործերի քննության ընթացքի առնչությամբ: Թովմասյանը հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ ծնողներն են դիմել իրեն:

«Ցանկանում են հասկանալ, թե ինչ ընթացք ունեն իրենց որդիների մասով հարուցված քրեական գործերը: Իրենք խորը կասկածներ ունեն, որ հարուցված քրեական գործերի քննություն, ըստ էության, տեղի չի ունենում: Նրանք պնդում են, որ ուզում են ԱԱԾ-ն քննի»,-ասաց Թովմասյանը:

Պատգամավորը շեշտեց՝ կան մի շարք հարցեր, որոնք շատ արագ պետք է քննվեն, ու հարցերի պատասխանները տրվեն: Թովմասյանը նշեց, որ օրինակ ծնողներից մեկը պատմել է, որ իր որդու վիրահատության երկու օրը չանցած առաջնագիծ են տարել: «Ի վերջո պատերազմից արդեն չորս ամիս անցել է, և այդ վերքը թողնում ենք բաց, այս մարդկանց ցավը անընդհատ բորբոքում ենք, ես կարծում եմ, որ եթե այդ մարդիկ ուզում են, որ ԱԱԾ-ն քննի, ապա պետք է ԱԱԾ-ն քննի, եթե զինվորների ծնողները  դժգոհ են քննչական ծառայություններից, կարելի է ընդառաջել: Այդ մարդիկ կորցրել են, մեր երկրին տվել են իրենց ամենաթանկը»,-նշեց նա ու հավելեց՝ ծնողների պահանջն է, որ անպայման հրամանատարների մասով կոնկրետ քննություն տեղի ունենա:

Զոհված զինծառայող Տիգրան Շահբարյանի հայրը լրագրողների հետ զրույցում մասնավորապես նշեց. «Գործը միտումնավոր ձգձգվում է, որ մենք էլ ծնողներով պառակտվենք, գործը սրբվի, մաքրվի, գնա: Դիմելու եմ անհնարինին, ամենավերջին քայլին»,-ասաց նա:

Ծնողներն իրենց լուրջ դժգոհությունը հայտնեցին որոշ հրամանատարներից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել