Ինֆոքոմ

Օրենսդրական նախապատրաստություն, օրենքի խախտում, ֆորմալ ապակուսակցականացում․ Վահագն Հովակիմյանի ճանապարհը՝ դեպի ԿԸՀ

Օրենսդրական նախապատրաստություն, օրենքի խախտում, ֆորմալ ապակուսակցականացում․ Վահագն Հովակիմյանի ճանապարհը՝ դեպի ԿԸՀ

Օրեր առաջ՝ հոկտեմբերի 7-ին, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության՝ այդ պահի դրությամբ պատգամավոր Վահագն Հովակիմյանին։  Հովակիմյանի թեկնածությունն ու ընտրությունը բուռն քննարկման եւ քննադատության առիթ դարձան՝ պայմանավորված մի քանի հանգամանքներով։ Խոսքը նրա քաղաքական եւ կուսակցական գործունեության, օրենքի պահանջներին համապատասխանել-չհամապատասխանելու եւ իր իսկ քվեարկությանը անձամբ մասնակցելու մասին է։ Infocom-ն ամփոփել է, թե օրենսդրական ինչ նախապատրաստությամբ եւ էթիկական ինչ խախտմամբ է Հովակիմյանը ընտրվել ԿԸՀ նախագահի պաշտոնում։ ԿԸՀ-ն անկախ մարմին է, Հովակիմյանը՝ քաղաքականացված անձ ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածը սահմանում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն: Համանման կարգավորում առկա է նաեւ ՀՀ Ընտրական օրենսգրքում, որի 39-րդ հոդվածի համաձայն՝ ԿԸՀ անդամն ընտրական հանձնաժողովում գործում է անկախ եւ չի ներկայացնում իրեն նշանակողին: Նա չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն` առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից: Թեեւ օրենքի տեքստը հենց ԿԸՀ անդամի, ոչ թեկնածու մասին է, սակայն հասկանալի է, որ քաղաքականացված գործունեությամբ աչքի ընկած թեկնածուի հետագա գործունեության օբյեկտիվությունն ու անաչառությունը անկողմնակալ դիտորդի մոտ կարող են կասկածի տեղիք տալ։  Վահագն Հովակիմյանի գործունեությունը առավելապես կապված է եղել հենց իշխող քաղաքական ուժի հետ։ Ըստ պաշտոնական կենսագրության՝ 2012-2015թթ. նա եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնականը, 2017-2019թթ.՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության փորձագետը, իսկ 2016 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքով, իսկ 2021 թ․ հունիսի 20-ին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։ Այնուհանդերձ, իր ընտրությունից ընդամենը 4 օր առաջ, երբ պաշտոնապես հաստատվեց, որ ինքն է ԿԸՀ անդամի թեկնածուն, Հովակիմյանը հայտարարեց, որ դիմում է ներկայացրել ՔՊ կուսակցության անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ․ «Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցությունս այլեւս դադարեցված է»,- գրեց նա՝ տեղեկացնելով, որ նույն օրը նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից եւ պատգամավորի պաշտոնից հրաժարականի դիմումներ։ Ստացվում է, որ Վահագն Հովակիմյանի՝ կուսակցությունից դուրս գալու դիմումը ֆորմալ բնույթ է կրել՝ պայմանավորված սոսկ ԿԸՀ անդամի՝ օրենսդրական պահանջներին համապատասխանելու անհրաժեշտությամբ։ Ընտրական օրենսգիրքը փոփոխելով՝ համապատասխանեցվել է Հովակիմյանին Վահագն Հովակիմյանի ընտրությունից օրեր առաջ լրատվական կայքերից մեկը գրեց, որ նա չի համապատասխանում ԿԸՀ նախագահի պաշտոնին։ Որպես հիմնավորում՝ կայքը,  հղում տալով օրենքին, մեջբերեց մի նորմ, ըստ որի՝ ԿԸՀ անդամ կարող է ընտրվել պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք, ով ունի՝  1) բարձրագույն իրավաբանական կրթություն եւ վերջին 5 տարում առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ. 2) իրավունքի ոլորտում գիտական աստիճան եւ վերջին 5 տարում առնվազն երկու տարվա մասնագիտական ստաժ.  3) բարձրագույն կրթություն եւ վերջին 10 տարում պետական մարմիններում առնվազն 5  տարվա հանրային ծառայության աշխատանքային ստաժ կամ  4) բարձրագույն կրթություն եւ վերջին 5 տարում մշտապես գործող ընտրական հանձնաժողովում 3 տարվա աշխատանքային փորձ կամ հանձնաժողովի աշխատակազմում առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ:  Ըստ կայքի՝ Հովակիմյանը միայն 2021-ին է ստացել իրավագետի որակավորում, երկու տարվա մասնագիտական ստաժ չի կարող ունենալ, չունի նաեւ գիտական աստիճան, հետեւաբար չի համապատասխանում այդ պաշտոնին։ Իրականում, սակայն, կայքի աչքից վրիպել է այն հանգամանքը, որ մեջբերված իրավակարգավորումը ամիսներ առաջ, երբ դեռ ոչ պաշտոնապես արդեն իսկ շոշափվում էր Հովակիմյանի անունը՝ որպես ԿԸՀ նախագահի թեկնածու, Խորհրդարանի կողմից փոփոխության է ենթարկվել։ Մասնավորապես, կրթական եւ մասնագիտական հիշյալ պահանջները նախատեսված են եղել 2016 թ․ մայիս ամսին ընդունված Ընտրական օրենսգրքով, սակայն 2022 թ․ հուլիսի ամսին ՔՊ խմբակցության պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանն ու Արթուր Հովհաննիսյանը հեղինակել են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» մի նախագիծ, որով, ի թիվս այլնի, առաջարկել են կրճատել ԿԸՀ անդամին ներկայացվող պահանջները՝ դրանք վերաշարադրելով հետեւյալ կերպ․ «ԿԸՀ անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող եւ պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք»։ Նախագծի պատմության մեջ որպես այս փոփոխության հիմնավորում նշված է․ «Սահմանադրության 195-րդ հոդվածը սահմանում է ԿԸՀ թեկնածուի համար պահանջվող չափանիշները: Միեւնույն ժամանակ Սահմանադրությամբ ամրագրված է, որ ԿԸՀ անդամների համար գործում են պատգամավորների համար սահմանված անհամատեղելիության պահանջները, ինչպես նաեւ ամրագրված է, որ ԿԸՀ անդամների համար օրենքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ: Ընտրական օրենսգրքի (42-րդ հոդված) գործող կարգավորումները ԿԸՀ անդամի թեկնածուների համար սահմանում  են լրացուցիչ պահանջներ, ինչի հնարավորությունը Սահմանադրությունը չի նախատեսում»:  Թե՛ առաջին, թե՛ երկրորդ ընթերցումների ժամանակ նախագիծն ընդունվել է 66 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների արդյունքում, քվեարկությանը ներկա են եղել միայն իշխանական պատգամավորները, քանի որ ընդդիմադիրներն այդ ժամանակ արդեն իսկ բոյկոտում էին ԱԺ նիստերը՝ չմասնակցելով դրանց։ Ի դեպ, Վահագն Հովակիմյանն այդ քվեարկությանը նույնպես մասնակցել է՝ կողմ քվեարկելով առաջարկվող փոփոխությանը։ Հանրապետության նախագահը օրենքի փոփոխությունը ստորագրել է հուլիսի 20-ին, այն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։ Այսպիսով, թեեւ ակներեւ է, որ օրենքի հիշյալ դրույթը փոփոխության է ենթարկվել ԿԸՀ նախագահի՝ իշխանությանը ցանկալի թեկնածուին՝ Վահագն Հովակիմյանին համապատասխանեցնելու համար, սակայն փաստ է, որ ընտրության պահին զուտ ֆորմալ առումով նա համապատասխանել է այդ պաշտոնին։  Հովակիմյանը սխալվում է․ նրա ընտրությունը կատարվել է օրենքի խախտմամբ Վահագն Հովակիմյանի ընտրության ամենավիճահարույց դրվագն այն էր, որ նա, որպես պատգամավոր եւ ԿԸՀ անդամի թեկնածու, մասնակցեց իր քվեարկությանը՝ դրանով իսկ խախտելով օրենքի պահանջը։ Քվեարկությունից հետո, երբ «Ազատության» լրագրողը ԱԺ-ում փորձեց մեկնաբանություն ստանալ Հովակիմյանից՝ հետաքրքրվելով արդյո՞ք չի համարում, որ շահերի բախում է թույլ տվել, վերջինս պատասխանեց, թե «ԱԺ կանոնակարգ»-ը շահերի բախում տեսնում է, երբ օրենքների քննարկում է, որը անձի համար կարող է շահեկան լինել։ Հովակիմյանը, սակայն, սխալվում է․ պատգամավորի՝ շահերի բախում թույլ տալու դեպքերը սահմանված են ոչ թե «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, այլ «ՀՀ ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքով, որով էլ հստակ արգելք է նախատեսված պաշտոնի նշանակվելու դեպքում թեկնածուի՝ իր իսկ քվեարկությանը մասնակցելու համար։ Այսպես․ «ՀՀ ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորական էթիկայի խախտում է, ի թիվս այլնի, պատգամավորի կողմից իր լիազորություններն իրականացնելիս իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով առաջնորդվելը։ Նույն օրենքի 4-րդ հոդվածն էլ սահմանում է, թե ինչ է շահերի բախումը, եւ ինչ է նշանակում իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը։ Ըստ այդմ, դա, ի թիվս այլնի, նաեւ պատգամավորի կողմից քվեարկությանը մասնակցելն է, որը թեեւ ինքնին օրինական է, սակայն պատգամավորը տեղյակ է կամ պարտավոր էր տեղյակ լինել, որ այն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաեւ․․․ պաշտոնում իր ընտրությանը կամ նշանակմանը, բացառությամբ  նույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասում նշված պաշտոնների (խոսքը ԱԺ-ում պատգամավորի պաշտոնով պայմանավորված պաշտոնների մասին է), ինչպես նաեւ որպես ԱԺ-ի կողմից ընտրվող պաշտոնում թեկնածու՝ իր ելույթի: Շահերի բախում առաջանալու դեպքում պատգամավորը պարտավոր է ԱԺ-ի կամ իր անդամակցած հանձնաժողովի նիստում ելույթից կամ քվեարկությունից առաջ հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ, եւ այդ դեպքում հարցի քվեարկությունից նրա բացակայությունը համարվում է հարգելի: Այսպիսով, իր իսկ քվեարկությանը մասնակցելով՝ այդ պահի դրությամբ պատգամավոր Վահագն Հովակիմյանը թույլ է տվել պատգամավորական էթիկայի խախտում։ Ընդ որում, նրա քվեն վճռորոշ է եղել ընտրության արդյունքների հարցում, քանի որ ԿԸՀ անդամը, ըստ Սահմանադրության 195-րդ հոդվածի, ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, որը 107 պատգամավորի դեպքում 65-ն է։ Այսինքն՝ Հովակիմյանի ընտրության համար անհրաժեշտ էր առնվազ 65 կողմ ձայն, իսկ նա հենց այդ քանակությամբ ձայն էլ ստացել է․ 107 պատգամավորներից քվեարկությանը միայն 65-ն է մասնակցել, 65-ն էլ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։ Նշված հանգամանքները հաշվի առնելով՝ հոկտեմբերի 10-ին մի շարք ՀԿ-ներ հայտարարությամբ հանդես եկան՝ նշելով, որ խիստ անընդունելի է, որ ԿԸՀ նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ընտրել է խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանին, որը դեռեւս չսկսած իր պաշտոնավարումը, այս քվեարկությանը մասնակցելով` թույլ է տալիս շահերի բախում․ «Նման գործընթացով Վահագն Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում ընտրելով` վտանգի տակ է դրվելու նոր ձեւավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարկանիշը՝ անկախ մյուս անդամների աշխատանքի որակից, ջանասիրությունից եւ անկողմնակալությունից»: Հայտարարությամբ ՀԿ-ները նշել էին նաեւ, որ անհրաժեշտ են համարում դիմել ԱԺ բոլոր խմբակցություններին` ԱԺ պատգամավոր եւ ԿԸՀ նախագահի թեկնածու Վահագն Հովակիմյանի կողմից հիշյալ օրենքով պատգամավորի շահերի բախմանն առնչվող պահանջների խախտման հարցը քննարկելու նպատակով ԱԺ պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծ ներկայացնելու կոչով։ Ի՞նչ է նախատեսում օրենքը պատգամավորական էթիկայի կանոնների խախտման դեպքում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորական էթիկայի կանոնների պահպանումը պատգամավորի պարտականությունն է։ Նույն օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ-ում կարող է ստեղծվել ժամանակավոր հանձնաժողով, ի թիվս այլնի, պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման եւ դրանց վերաբերյալ ԱԺ եզրակացություններ ներկայացնելու համար: Ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվում է ԱԺ որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունքն ունի խմբակցությունը: Պատգամավորական էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը մինչեւ երկու ամիս է, որը կարող է հանձնաժողովի առաջարկության դեպքում հարցի քննարկումն ավարտելու նպատակով ԱԺ որոշմամբ երկարաձգվել մինչեւ մեկ ամսով։ Հանձնաժողովի նիստերը փակ են, իսկ հերթական նիստերը գումարվում են հանձնաժողովի կամ նրա նախագահի սահմանած օրերին: Հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեն միայն հանձնաժողովի անդամները, հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի որոշմամբ հրավիրված անձինք, ինչպես նաեւ այն պատգամավորը, որի վերաբերյալ հարցը հանձնաժողովը քննում է: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Պատգամավորական էթիկային առնչվող հարցի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողովը ընդունում է եզրակացություն, որը ԱԺ նիստում չի քննարկվում, տեղադրվում է ԱԺ պաշտոնական ինտերնետային կայքում: Հավելենք, որ նախորդ շաբաթ՝ Վահագն Հովակիմյանի ընտրությունից եւ ՀԿ-ների դիմում-կոչից օրեր անց, Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել է ԱԺ 3 խմբակցություններին՝ խնդրելով հայտնել իրենց դիրքորոշումը Հովակիմյանի՝ իր իսկ քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ, ինչպես նաեւ տեղեկացնել՝ պատրաստվո՞ւմ են արդյոք ներկայացնել ԱԺ պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծ։ Հարցման պատասխանները ստանալուն պես կհրապարակենք։   Միլենա Խաչիկյան
20:57 - 18 հոկտեմբերի, 2022
Ամենամեծ խնդիրը ոչ թե բուհերի միավորումն է, այլ ձևը, որով այժմ իրականցվում է գործընթացը․ Սերոբ Խաչատրյան

Ամենամեծ խնդիրը ոչ թե բուհերի միավորումն է, այլ ձևը, որով այժմ իրականցվում է գործընթացը․ Սերոբ Խաչատրյան

Օրեր առաջ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հաստատեց, որ կա երեք բուհերի՝ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը և Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը միավորելու նախագիծ։ Մինչ նախարարի հայտարարությունը՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները դասադուլ էին սկսել՝ նշելով, որ դեմ են կառավարության այս որոշմանը։ Ուսանողների՝ մի քանի օր տևած դասադուլը շարունակվել է նաև այսօր։Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, Infocom-ի հետ զրույցում անդրադառնալով այս գործընթացներին, նշում է, որ ԿԳՄՍ նախարարությունը չի ներկայացրել ոչ մի փաստաթուղթ, ոչ մի ճանապարհային քարտեզ։ «Սա նոր գաղափար չի: Դեռևս 2016 թ․-ին նախարարությունը հրապարակել է մի զեկույց, որը իրականացվել է միջազգային փորձագետի՝ Քեմբրիջի համալսարանի պրոֆեսորի կողմից։ Այդ զեկույցի առաջարկների մեջ կա նաև այդ գաղափարը, որ Հայաստանում բուհերի թիվը շատ է և պետք է պակասեցնել։ Համենայն դեպս, 2015-2016 թ․-ին այդ նախագիծը նախարարության կայքում կար։ Հետո այդ թեման մարեց, հետո վերադարձավ»։Խաչատրյանը նշում է, որ ամենամեծ խնդիրը բուհերի միավորումը չէ, այլ ձևը, որով գործընթացը այժմ իրականացվում է․ «Ամենամեծ խնդիրը այն չէ, որ պետք է բուհերը միավորել։ Դա էլ է լուծումներից մեկը, դա էլ է քայլ, բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է այն ձևը, որով դա արվում է։ Այս իշխանությունները իրենց դիրքավորել են որպես ժողովրդավար իշխանություն։ Իրենք պարտավոր են ինչ-որ իմաստով հաշվի նստել բուհական ինքնավարության հետ և այս տեսակի հարցերը քննարկել բուհերի հետ, համոզել, որովհետև եթե դու ժողովրդավարական իշխանություն ես, դու պետք է համոզես, ոչ թե պարտադրես։ Մի քանի տարի առաջ Ստոկհոլմում էի։ Բնակիչներից մեկը ասաց,  որ քաղաքում ինչ-որ ծրագիր էին իրականացնում, և ամեն անգամ իշխանությունը քաղաքացիներին ասում է, որ այսպես են ցանկանում իրականացնել այդ ծրագիրը, քաղաքացիները ասում են՝ մենք համաձայն չենք, իշխանությունը գնում է, փոխում է իր լուծումները, նոր լուծումներով է գալիս, և այդպես տարիներ շարունակ իշխանությունը փորձում է մարդկանց համոզել։ Հիմա նույնը այստեղ պիտի արվի»:  Կրթության փորձագետն ասում է՝ պետք է հարգել համալսարանական համայնքին, հաշվի առնել, որ մարդիկ աշխատանք են կորցնում․ «Չի կարելի միանգամից ասել՝ փակում ենք։ Ինձ իրոք մտահոգում է ձևը, որով արվում է։ Ես տեսնում եմ, որ կոնկրետ Մանկավարժական համալսարանի դեպքում բուհը ֆինանսական լուրջ խնդիրներ պիտի որ ունենա, որովհետև ուսանողների թիվը շատ է պակասել  և ինքը միայնակ դժվար կկարողանա գոյատևել։ Դրա համար ինչ-որ ձևով որոշ միավորումներ պետք է անել, բայց այստեղ նուրբ հարց կա։ Մեր բուհերը մասնագիտացված բուհեր են։ Ունենք ԵՊՀ, որ մասնագիտացված չէ, իսկ մնացած բուհերը մասնագիտացված են՝ մանկավարժություն, լեզվաբանություն, ֆիզկուլտուրա, արվեստ։ Արվեստը նույնիսկ առանձին ճյուղերով է՝ կոնսերվատորիա, գեղարվեստ, թատրոն։ Եվ այստեղ մարդիկ այն փաստարկն են բերում, որ միավորվելու դեպքում այդ մասնագիտացումը կորում է»: Անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի դիտարկմանը, թե երեք բուհերի միավորումը պայմանավորված է նրանով, որ 3 այդ բուհերում մանկավարժների, մարզիչների են պատրաստում, Խաչատրյանը նկատում է, որ Բրյուսովի և Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համալսարանները միայն ուսուցիչների չեն պատրաստում․  «Բրյուսովի ուսանողների մի մասն է ուսուցիչ դառնում, շատ քիչ մասը։ Իրենք ունեն քաղաքագիտություն, լրագրության ֆակուլտետներ։ Նույնիսկ ծրագրավորման մասով կա ֆակուլտետ։ Ֆիզկուլտ ինստիտուտը ունի Մենեջմենթի, Մարքեթինգի, Լրագրության ֆակուլտետներ։ Նախարարությունը պետք է ցույց տա, թե այդ բուհերի միավորմամբ ինչն է լավանում։ Պետք է ցույց տալ, որ եթե միավորում ենք, ձեր աշխատավարձը բարձրացնում ենք  30%-ով, կամ բոլոր այն մարդիկ, որոնք կրճատվելու են, իրենց խնդիրը լուծելու ենք, աջակցելու ենք։ Հիմա Բրյուսովի ուսանողը ասում է՝ ես ուզում եմ Բրյուսովի դիպլոմ ստանալ։ Իրեն պետք է ասեն որ կստանաս, կամ որ դա ձեզ չի վերաբերվի։ Պետք է մարդկանց հետ աշխատել, բացատրել, թե ինչ է լինելու»։ԿԳՄՍ նախաարարը նշել էր, որ երեք բուհերի միավորման արդյունքում կստեղծվի կրթական գիտությունների ինստիտուտ։ Ըստ Սերոբ Խաչատրյանի՝ սրա մեջ ինչ-որ ձևով կարելի է տեղավորել հոգեբանությունը, լեզվաբանությունը և մարզիչի աշխատանքները։ «Սակայն չի կարելի ասել, որ միավորման արդյունքում ոչինչ չի փոխվելու։ Բոլորս հասկանում ենք, որ մի բուհը չի կարող ունենալ երեք գլխավոր հաշվապահ, չի կարող ունենալ որակի ապահովման երեք կենտրոն, պարզ է, որ կրճատումներ են անելու»։ Նա նաև նշում է, որ եթե բուհերի միավորման գործընթացը մեխանիկորեն իրականացվի, ապա այն ոչ մի դրական արդյունք չի ունենա․ «Պարզ է, որ եթե միավորվում են, միջազգային հանդեսներում տպագրված հոդվածների թիվը ավելանում է, վարկանիշն է ավելանում։ Այդտեղ կարող են լինել դրական փոփոխություններ, բայց այս ամենը պետք է մարդկային լեզվով ասել, չպետք է ասել՝  այս բուհը այսինչ տեղում է։ Ընդունելի չէ բուհերին իրար դեմ լարելը, վիրավորական արտահայտությունները՝ հատկապես Մանկավարժական համալսարանին ուղղված։ Չի բացառվում, որ միավորումը լավ արդյունք կունենա, բայց դա պետք է հիմնավոր ձևով անել»։Նանե Ավետիսյան
18:53 - 18 հոկտեմբերի, 2022
Հայտարարությունը ոչ թե Սերդար, այլ Աքիֆ Քըլըչինն է, իսկ «ֆուտբոլային դիվանագիտություն» ձևակերպումը՝ РИА-ինը

Հայտարարությունը ոչ թե Սերդար, այլ Աքիֆ Քըլըչինն է, իսկ «ֆուտբոլային դիվանագիտություն» ձևակերպումը՝ РИА-ինը

Երեկվանից հայաստանյան մի շարք կայքերում «Թուրքիան կարող է կրկին «ֆուտբոլային դիվանագիտության» դիմել. Քըլըչ» վերնագրով նյութեր են տարածվում։ Նյութերի որոշ մասի գլխավոր լուսանկարում Ռուբեն Ռուբինյանն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչն են (7or.am, hayeli.am, armeniasputnik.am, mitk.am, yerevan.today, արխիվացված հղումներ՝ 1, 2, 3, 4, 5) Վերնագրի ու լուսանկարի այսպիսի համադրությունից տպավորություն է ստեղծվում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը «ֆուտբոլային դիվանագիտության» դիմելու մասին հայտարարություն է արել, սակայն նյութն ամբողջությամբ կարդալիս պարզ է դառնում, որ խոսքը Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աքիֆ Չաաթայ Քըլըչի մասին է։ Մի քանի այլ լրատվամիջոցների վերնագրերում շեշտվում է, որ խոսքը Աքիֆ Քըլըչի մասին է, և գլխավոր լուսանկարում Սերդար Քըլըչը չէ։ Որոշ լրատվամիջոցներ էլ նյութը հրապարակել են «Թուրքիան կարող է կրկին «ֆուտբոլային դիվանագիտության» դիմել. Քըլըչ» վերնագրով՝ չհստակեցնելով, թե որ Քըլըչի մասին է խոսքը։ Հայաստանյան լրատվամիջոցների աղբյուրը РИА Новости-ն է, որը հղվում է թուրքական Star-ին։ РИА Новости-ն գրել է․ «Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աքիֆ Չաաթայ Քըլըչը հայտարարել է, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում կարող է կրկին դիմել «ֆուտբոլային դիվանագիտությանը»»։ Այնուհետև մեջբերվում են Աքիֆ Քըլըչի խոսքերը․ «2023-ի մարտի 25-ին Հայաստանում, սեպտեմբերին՝ Թուրքիայում տեղի կունենան երկու երկրների ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումները (Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակում)։ Մեր հավաքականը կմեկնի այնտեղ, գուցե մենք ել գնանք: Կարգավորման գործընթացը դրական է ընթանում։ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում էլ է դրական դինամիկա նկատվում։ Դա պետք է արվի առանց սադրանքների դիմելու»։ Թուրքական Star-ում, սակայն, նշված չէ, որ Աքիֆ Քըլըչը որևէ բան է ասել «ֆուտբոլային դիվանագիտության» մասին։ Star-ն, իր հերթին, հղում է անում թուրքական մեկ այլ լրատվամիջոցի՝ Sabah-ին, որն էլ հենց Աքիֆ Քըլըչի հետ հարցազրույց է անցկացրել։ Լուրի սկզբնաղբյուրում ևս «ֆուտբոլային դիվանագիտության» մասին ոչինչ չկա։ Ըստ Sabah-ի՝ թուրք պաշտոնյան նշել է միայն Հայաստանի և Թուրքիայի հավաքականների գալիք ֆուտբոլային հանդիպումների մասին․ «Հայտարարելով, որ մարտի 25-ին Հայաստանում, իսկ սեպտեմբերին Թուրքիայում կանցկացվի Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղ, Քըլըչը ասել է․ «Մեր ազգային հավաքականը գնալու է այնտեղ (Հայաստան- խմբ․), գուցե մենք էլ գնանք։ Կարգավորման գործընթացը (հայ-թուրքական հարաբերությունների- խմբ․) դրական է ընթանում։ Ադրբեջանի հետ էլ է դրական։ Պետք է քայլեր անել՝ առանց սադրանքների դիմելու»»։ Այպիսով, «ֆուտբոլային դիվանագիտության» դիմելու մասին ձևակերպումը РИА Новости-նն է, իսկ հայաստանյան լրատվամիջոցներն այդ ձևակերպումը վերագրում են թուրք պաշտոնյային։ Բացի այդ՝ մի քանի լրատվամիջոցներ վերնագրում գրել են միայն պաշտոնյայի ազգանունը՝ Քըլըչ, և տեղադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչի մասնակցությամբ լուսանկար՝ տպավորություն ստեղծելով, որ վերջինս է նման հայտարարություն արել։ Հավելենք, 2008 թ. հունիսի 23-ին՝ Մոսկվայում ռուսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ կհրավիրի Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Աբդուլլահ Գյուլին Երևան` միասին դիտելու Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը: 2008թ. սեպտեմբերի 6-ին Աբդուլլահ Գյուլը ժամանել էր Երևան։ 2009թ․ հոկտեմբերի 10-ին Հայաստանը և Թուրքիան Ցյուրիխում ստորագրել էին հարաբերությունների կարգավորման արձանագրություններ։ 2009թ. հոկտեմբերի 14-ին էլ Սարգսյանն էր Թուրքիա մեկնել՝ ֆուտբոլային խաղ դիտելու։ Ստորագրված արձանագրությունները, սակայն, այդպես էլ չվավերացվեցին երկու երկրների կողմից։ 2014-ին Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում հայտարարեց․ «Հայաստանը երբևէ Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չի դարձրել Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների կարգավորման համար: Հայտնի է, որ պաշտոնական Երևանի նախաձեռնած` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը հասավ մինչև Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրում: Այդ արձանագրություններն արդեն տարիներ շարունակ դարակներում են` սպասելով Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը: Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ արձանագրությունները միայն, եթե Լեռնային Ղարաբաղը` Ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին: Հայաստանում և Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «գրողի ծոցը վավերացնեք»»:  Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի այս փուլն անվանվեց «ֆուտբոլային դիվանագիտություն» (մանրամասն կարող եք կարդալ Թաթուլ Հակոբյանի հոդվածում)։ Գլխավոր լուսանկարում՝ Աքիֆ Քըլըչը (լուսանկարը՝ Sabah-ից)   Աննա Սահակյան    
17:40 - 18 հոկտեմբերի, 2022
Յեյսկում ռազմական ինքնաթիռի ընկնելու հետևանքով զոհվածների թիվը հասել է 13-ի

Յեյսկում ռազմական ինքնաթիռի ընկնելու հետևանքով զոհվածների թիվը հասել է 13-ի

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Յեյսկ քաղաքի բնակելի թաղամասում Սու-34 ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների թիվը հասել է 13-ի, ողբերգության վայրում ավարտվել է փլատակների հեռացումը։ Այս մասին TACC-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։ «Փրկարարներն ավարտել են փլատակների հեռացումը։ Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 10 զոհվածի դի։ Այսպիսով` զոհերի ընդհանուր թիվը կազմել է 13 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Արտակարգ իրավիճակի հետևանքով տուժել է 19 մարդ»,- ասել է նախարարության խոսնակը։ Նա հայտնել է, որ փրկարարական աշխատանքի արդյունքում հաջողվել է փրկել 68 մարդու կյանք, հնարավոր է եղել տարհանել ավելի քան 360 մարդու։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ի երեկոյան Սու-34 ռմբակոծիչն ընկել է Յեյսկի բնակելի թաղամասում։ Ըստ ՊՆ-ի՝ պատճառը եղել է  թռիչքի ժամանակ շարժիչներից մեկի բռնկումը։ Վթարի հետևանքով թափված վառելիքը բռնկվել է, կրակը տարածվել է բնակելի բարձրահարկ շենքի վրա, արդյունքում հրդեհ է բռնկվել առաջինից մինչև իններորդ հարկ։
09:49 - 18 հոկտեմբերի, 2022
Ընդունվելիք որոշումը չի կարող համարվել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ. Բրյուսովի անվան համալսարանի գիտական խորհրդի նիստը ընթացավ լարված մթնոլորտում

Ընդունվելիք որոշումը չի կարող համարվել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ. Բրյուսովի անվան համալսարանի գիտական խորհրդի նիստը ընթացավ լարված մթնոլորտում

Բրյուսովի անվան համալսարանում տեղի է ունենում գիտխորհրդի ընդլայնված նիստ, որը  վերաբերում է Բրյուսովի անվան համալսարանի, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի միավորմանը։ Նիստին հրավիրված էր նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, սակայն Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը իր խոսքի սկզբում ասաց, որ նախարարը այլ զբաղվածություն ունենալու պատճառով չի եկել։ Նիստին մասնակցում էր ԿԳՄՍ նախարարի տեղաակալ Կարեն Թռչունյանը։  Նիստի ընթացքում Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոսները դժգոհություն հայտնեցին 3 բուհերի հնարավոր միավորման հետ կապված։  Համաշխարհային գրականության և մշակույթի ամիբիոնի վարիչ Նատալյա Խաչատրյանը ասաց՝  թույլ չեն տա, որ Բրյուսովի անվան համալսարանը ողբերգական ավարտ ունենա իր փայլուն պատմությունից հետո։ «Ես շատ ցավում եմ, որ հարգարժան պարոն նախարարը ավելի կարևոր գործեր ուներ, քան  կրթական օջախում կրիզիսային իրավիճակը։ Այսօր սկսել Բրյուսովի համալսարանից, որը առաջին եռյակի մեջ է մտնում այս Հանրապետության բուհերի մեջ, անհասկանալի որոշում է։ Կարծում եմ՝ որպես 50 տարի այս համալսարանին ծառայող մարդ իրավունք ունեմ հարցնելու՝ ինչ սկզբունքով եք որոշել իմ տունը ոչնչացնել»։  ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը արձագանքեց դասախոսների հայտարարություններին։ Նա հիշեցրեց, որ ընդունվել է Կրթության մինչև 2030 թ․-ի ռազմավարություն, որտեղ նախանշվել է ունենալ 8 բուհ՝ ըստ ուղղությունների։ «Այդ ուղղությունները տարբեր են, օրինակ մեկը կրթական կամ մանկավարժական ուղղվածության, մյուսը՝ տեխնոլոգիական։ Այդ ուղղություններով բուհեր ստեղծելու համար պետք է, բնականաբար, օգտագործվի այն հենքը, որը ունենք»։ Անդրադառնալով դիտարկումներին, որ միավորման արդյունքում բուհի անձակազմում կլինեն կրճատումներ, Թռչունյանն ասաց․  «Դրա մասին խոսք չկա»։ Այս ամենը վրդովվեցրեց նիստի մասնակիցներին։ Խոսելով մանկավարժական կրթության արդիակացման մասին, Կարեն Թռչունյանն ասաց՝  որակյալ կրթության խնդիր կա․«Մեր համակարգը այդպիսին է, որ ասում եք՝ օրինակ մենք ունենք լավ կրթություն, լավ համակարգ, բայց մրցունակությունը չի չափվում Հայաստանով և հայաստանյան չափանիշներով, կան համաշխարհային չափանիշներ, եթե մենք ոզում ենք մաս կազմել համաշխարհային բուհական համակարգին, պետք է ունենանք որոշակի չափանիշների համապատասխանող բուհեր»։ Փոխնախարարը ասաց նաև, որ այս միավորումների ստեղծումը ենթադրում է որոշակի գիտական հենք ու նաև գիտական պոտենցիալի ուժեղացում․ «Որովհետև եթե ուզում ենք ունենալ մրցունակ բուհեր, վարկանիշավորման աղյուսակում հայտնվելը և բարելավվելը պահանջում են գիտական արդյունքներ»։ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը ասաց, որ Կարեն Թռչունյանի հետ համաձայնության են եկել շարունակել շահագրգիռ քննարկումը։ Նա նաև նշեց, որ Գիտական խորհուրդը պատրաստել է հայտարարություն, ըստ որի՝ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները և աշխատակիցները իրենց սկզբունքային անհամաձայնությունն են հայտնում  3 համալսարանները միավորելու ՀՀ կառավարության որոշման նախագծին։ «ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երեք համալսարանները միավորելու նախագիծը պատրաստվել է առանց համալսարանի ուսանողության, պրոֆեսորադասախոսական կազմի և մյուս աշխատողների հետ քննարկման։ Նախագիծը նախապես չի տրամադրվել համալսարանին՝ դիտողություններ ներկայացնելու նպատակով։Համալսարանը դրա մասին տեղեկացել է պատահաբար, հոկտեմբերի 13-ին Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ։ Նախագիծը շրջանառվել է համալսարանից գաղտնի կերպով։Նախագիծը համալսարանին տրամադրվել է մեր կողմից հարցը բարձրաձայնելուց հետո՝  հոկտեմբերի 14-ին»։ Հայտարարության մեջ նշվում էր նաև, որ անընդունելի է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի պնդումը, որ նա օգոստոսին միավորման մասին տեղեկացրել է ռեկտորներին։ «Մի բան է ընդհանուր մտադրությունների մասին խոսելը, մեկ այլ բան՝ գործընթաց սկսելը»։ Ընդգծվում էր նաև, որ խնդրո առարկայի վերաբերյալ ոչ պրոֆեսորադասախոսական կազմի, ոչ ուսանողության հետ հանդիպում չի եղել և նախարարությունը այս գործողությամբ խախտել է պատշաճ վարչարարություն իրականացնելու սահմանադրական պահանջը, քանի որ չի ապահովվել շահառուների լսված լինելու իրավունքը, ինչի արդյունքում ընդունվելիք որոշումը չի կարող համարվել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ։  «Մենք մեզ իրավունք ենք վերապահում այս գործընթացի շարունակման դեպքում օգտագործելու հնարավոր միջոցները՝ բուհը վերահաս կործանումից փրկելու համար»,-նշված էր հայտարարության վերջում։ Նշենք, որ նիստը ընթացավ լարված մթնոլորտում․ կողմերի միջև պարբերաբար բանավեճ էր սկսվում։  Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը երեկ՝ Կառավարության նիստից հետո հաստատել էր տեղեկությունը, ըստ որի 3 համալսարանները միավորվելու են։ Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները դեմ են որոշմանը ու 3-րդ օրն է՝ դասադուլներ են անցկացնում՝ ընդդեմ այս որոշման։
18:02 - 14 հոկտեմբերի, 2022
Եթե եռակողմ հայտարարության երկու կարևոր կետերը չկատարվեն, մենք այլ ելք չենք ունենա, քան համարժեք գործել․ Իլհամ Ալիև

Եթե եռակողմ հայտարարության երկու կարևոր կետերը չկատարվեն, մենք այլ ելք չենք ունենա, քան համարժեք գործել․ Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում անդրադարձել է Արցախի հայ բնակչության խնդրին։ «Պրահայում կայացած հանդիպմանը մենք նաև մտքեր փոխանակեցինք այս հարցի շուրջ։ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի Սահմանադրության համաձայն։ Մենք չենք պատրաստվում մեր ներքին հարցերը քննարկել կողմերից ոչ մեկի հետ։ Եվ որքան ես հասկացա Պրահայի հանդիպման արդյունքներից, այս թեման քառակողմ հանդիպման մասնակիցների միջև հակասություններ չի առաջացրել»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։  Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, թե Ադրբեջանը կատարում է 2020 թվականի եռակողմ հայտարարությունով սահմանված պարտավորությունները, այն է ՝ «Հայաստանից դեպի Ղարաբաղ անարգել մուտքի ապահովումը»։  Միևնույն ժամանակ նա նշել է, թե Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները՝ Ադրբեջանից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն անարգել մուտքի ապահավումը, ինչպես նաև «Ղարաբաղի տարածքից հայկական զինված ուժերի դուրսբերման» պարտավորությունը։ «Մենք դեռ համբերատար ենք, բայց համբերությունը նույնպես անսահմանափակ չէ։ Եթե ​​2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության այս երկու կարևոր կետերը չկատարվեն, մենք այլ ելք չենք ունենա, քան համարժեք գործել»,- ասել է Ալիևը։  Ալիևը անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին իրականացրած սադրանքին ու ընդգծել, որ հրադադար հաստատվել է ռուսական կողմի միջնորդությամբ։  «Ռուսական կողմի միջնորդական գործունեության արդյունքում, սա շեշտում եմ` հենց ռուսական կողմն է հանդես եկել հրադադարի առաջարկով, որը ոմանք վերագրում են այլ երկրների, ինչը բոլորովին անհիմն է։ Զինված բախումները, ինչպես արդեն ասացի, դադարեցվել են ռուսական կողմի միջնորդությամբ»,- նշել է Ալիևը։  Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։
16:22 - 14 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանը Պրահայում կտրականապես մերժել է Ադրբեջան առաքելություն ուղարկելու ԵՄ փորձը. առաքելությունը կտեղակայվի Հայաստանի տարածքում. Ալիև

Ադրբեջանը Պրահայում կտրականապես մերժել է Ադրբեջան առաքելություն ուղարկելու ԵՄ փորձը. առաքելությունը կտեղակայվի Հայաստանի տարածքում. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՊՀ գագաթնաժողովում հայտարարել է, որ Պրահայում կտրականապես մերժել է Ադրբեջան առաքելություն ուղարկելու Եվրամիության փորձը. «Ժամեր տեւած բանակցությունների արդյունքում որոշման հանգեցինք՝ հայ-ադրբեջանական սահմանի՝ Հայաստանի տարածք ուղարկել Եվրամիության՝ 40 հոգուց բաղկացած քաղաքացիական առաքելություն։ Հետագայում տեղեկացանք, որ նրանց թիվը կազմելու է 50 հոգի։ Նրանք այնտեղ կմնան առնվազն 2 ամիս, և այս առաքելության նպատակը, ինչպես տեսնում ենք, և, հետևաբար, մենք էլ համաձայնել ենք դրան, կողմերին սահմանագծման ու սահմանազատման հացերում օգնելն է»,- ասել է Ալիևը։ Նրա խոսքով՝ այդ առաքելությունը ադրբեջանական կողմ ուղարկելու փորձ է եղել, ինչը մերժվել է։ «Այդ առաքելությունը ադրբեջանական կողմ ուղարկելու փորձ է եղել, ինչը մեր կողմից վճռականորեն մերժվել է։ Ուստի առաքելությունը կտեղակայվի Հայաստանի տարածքում՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում»,- նշել է Ալիևը։  Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։
15:48 - 14 հոկտեմբերի, 2022
«Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված ես որևէ խնդիր չեմ տեսնում․ Էրդողան

«Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված ես որևէ խնդիր չեմ տեսնում․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի հետ կապված խնդիր չի տեսնում», գրում է «Անադոլու»-ն։ Լրագրողի հարցին, թե արդյոք Պրահայի հանդիպումից հետո միջանցքի հետ կապված խնդիրների հարցում ՀՀ վարչապետը կարող է համոզել հայ հանրությանը, Էրդողանը պատասխանել է․ «Մենք Պրահայում նեղ շրջանակով հանդիպում ունեցանք, որին մասնակցում էին Փաշինյանը, ինչպես նաև Իլհամ Ալիևն  ու Հունգարիայի վարչապետ Օրբանը։ Դրանից հետո, իհարկե, հանդիպում եղավ պատվիրակությունների միջև, և մենք այդ հարցերը քննարկել ենք, բայց «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված ես որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասել է Էրդողանը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։
15:06 - 14 հոկտեմբերի, 2022
Պուտինը «ոչ կոռեկտ ու անընդունելի» է համարել Մակրոնի հայտարարությունները՝ Լեռնային Ղարաբաղում ՌԴ դերի մասին

Պուտինը «ոչ կոռեկտ ու անընդունելի» է համարել Մակրոնի հայտարարությունները՝ Լեռնային Ղարաբաղում ՌԴ դերի մասին

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ զարմացել է՝ կարդալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության դերի մասին։ Նա անընդունելի և ոչ կոռեկտ է անվանել այդ հայտարարությունները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Պուտինը հայտարարել է ԱՊՀ երկրների գագաթաժողովի ժամամակ։ «Կարծում եմ, որ այդ հայտարարությունների մեջ բացակայում են հակամարտության ընթացքի ընկալումը»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ Մակրոնը, ըստ ամենայնի, տեղեկություններ չունի կողմերի դիրքորոշման մասին։ «Հետևաբար, դրանք (Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները-խմբ․) հնչել են ոչ կոռեկտ, ես նույնիսկ կասեի այլասերված, հետևաբար դրանք անընդունելի են»,- հավելել է ՌԴ նախագահը։ «Եթե հնարավորություն լինի մենք կքննարկենք դա Ֆրանսիայի նախագահի հետ», - ընդգծել է Պուտինը՝ հավելելով, որ «Ռուսաստանը միշտ անկեղծորեն ձգտել է լուծել ցանկացած հակամարտություն, այդ թվում՝ Ղարաբաղի»։ Հիշեցնենք, որ  Մակրոնը հայտարարել է, որ «ՌԴ-ն ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ բոլորիս ապակայունացնելու համար»։ «Ի՞նչ է կատարվել [հայ-ադրբեջանական] սահմանին վերջին երկու տարիներին։ Իբր 5 000 ռուս զինվոր է հսկում սահմանը, [բայց] ռուսներն օգտվեցին մի քանի դար տևած այս հակամարտությունից, խաղացին ադրբեջանական խաղը Թուրքիայի հանցակցությամբ և վերադարձան՝ թուլացնելու Հայաստանը, որի հետ ժամանակին մտերիմ էին։ Տեսնու՞մ եք, թե ինչ է կատարվում. սա Ռուսաստանի կողմից իրավիճակն ապակայունացնելու փորձ է։ Նա ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»,- ասել է Մակրոնը։  Մակրոնի հայտարարությանը արձագանքել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարաովան ու նշել․ «Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Մակրոնի հայտարարությունները, թե ՌԴ-ն օգտագործում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը Կովկասն ապակայունացնելու համար: Փարիզի փորձերը՝ սեպ խրելու Երևանի և Բաքվի հետ Մոսկվայի հարաբերություններում, դատապարտված են փախողման և կհանգեցնեն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության արժեզրկմանը»,- նշել է Զախարովան։ 
11:28 - 14 հոկտեմբերի, 2022
Փողոցային ստեղծագործական ելույթների բնագավառը կկարգավորվի․ կառավարությունը առաջարկել է տուգանքներ սահմանել

Փողոցային ստեղծագործական ելույթների բնագավառը կկարգավորվի․ կառավարությունը առաջարկել է տուգանքներ սահմանել

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց որոշում, որով կհստակեցվեն քաղաքներում փողոցային ստեղծագործական ելույթների հետ կապված իրավահարաբերությունները: Ըստ հիմնավորման՝ նախագծերի ընդունումը պայմանավորված է Երևան քաղաքի և քաղաքային բնակավայրերի բացօթյա վայրերում (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) ստեղծագործական, մշակութային (երաժշտական, գրական, պարային և այլն) գործունեություն իրականացնողների գործունեությունը կանոնակարգելու անհրաժեշտությամբ: Նշվում է, որ հանրային բացօթյա վայրերում իրականացվող ստեղծագործական, մշակութային գործունեությունը կարող է լուրջ անհարմարություններ պատճառել այլ քաղաքացիներին: Նշված խնդիրը չի կանոնակարգվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքներով, այլ իրավական ակտերով: «Փողոցային ստեղծագործական ելույթների բնագավառի կանոնակարգման բացակայությունը հանգեցրել է մի իրավիճակի, երբ ցանկացած փողոցային ստեղծագործական ելույթ իրականացնող անձ կամ խումբ առանց որևէ սահմանափակումների կարող է իրականացնել գործունեություն, որը կարող է անհարմարություն պատճառել բնակիչներին և զբոսաշրջիկներին, խոչընդոտել քաղաքացու հանգիստն ու ազատ ժամանցը կազմակերպելու իրավունքի իրացմանը, ինչպես նաև խաթարել բազմաբնակարան շենքերի բնակիչների անդորրը»,- ասվում է հիմնավորման մեջ։ Նախատեսված դրույթների ընդունմամբ փողոցային ստեղծագործական ելույթների կանոնակարգման լիազորությունները կվերապահվեն համայնքի ավագանուն, որը կսահմանի բացօթյա վայրերում մշակութային գործունեության իրականացման կարգը: «Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում»,- նշված է ՀՀ կառավարության որոշման նախագածում։ Փոփոխությամբ մշակութային գործունեության իրականացման նպատակով հանրային բացօթյա վայրերի օգտագործման պայմանները, պահանջները և սահմանափակումները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով: Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով՝ խախտողի անձնական սեփականություն հանդիսացող այն առարկաների բռնագրավմամբ, որոնք հիշյալ խախտումները կատարելու գործիք են համարվել կամ առանց դրանց բռնագրավման»: ՀՀ կառավարության օրենսդրական նախա­ձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: Լուսանկարը՝ civilnet.am-ի
10:38 - 13 հոկտեմբերի, 2022
Լարված դատական նիստ, իրարամերժ ցուցմունքներ․ Իշխան Վահանյանի գործով հարցաքննվեց ևս երկու վկա

Լարված դատական նիստ, իրարամերժ ցուցմունքներ․ Իշխան Վահանյանի գործով հարցաքննվեց ևս երկու վկա

#Կարճասած 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու եւ իշխանության անգործության մեջ մեղադրվող Իշխան Վահանյանի գործով երեկ դատարան ներկայացան եւ հարցաքննվեցին 18-րդ հրաձգային դիվիզիայի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Կարեն Առստամյանը եւ զորամասի օպերատիվ բաժնի պետ Ռյուրիկ Սեմյոնովը, որոնց ցուցմունքները որոշ դրվագներով իրարամերժ էին։ Կարեն Առստամյանը հայտնեց, որ նախքան պատերազմի սկսվելը ինքն արձակուրդում է եղել, սեպտեմբերի 26-ին նոր վերադարձել է, մինչդեռ Ռյուրիկ Սեմյոնովի խոսքով՝ սեպտեմբերի 24-ին կամ 25-ին անօդաչու սարքով արձանագրել են հակառակորդի զորքերի կուտակումը, ինչին Առստամյանը ներկա է եղել։ Առստամյանը նաեւ հայտնեց, որ հոկտեմբերի 3-ին նորակոչիկների գումարտակի մի մասը առանց հրամանի նահանջել է, ինչի հետեւանքով վտանգվել են այլ գումարտակի ստորաբաժանումներ։ Սեմյոնովը, սակայն, հերքեց նաեւ այլ ստորաբաժանումների վտանգվելու հանգամանքը՝ նշելով, որ միգուցե ճիշտ է եղել այդ որոշումը, որովհետեւ նորակոչիկների անձնակազմը անպատրաստ է եղել, նվազագույնին չի տիրապետել․ նույնիսկ մարդիկ կային՝ մի անգամ չէին կրակել։ Խոսելով հոկտեմբերի 10-ի՝ ամբաստանյալի ենթադրյալ փախուստից հետո կատարված նահանջի մասին՝ դիվիզիայի նախկին հրամանատարն ասաց, որ իրեն այդ պահին մանրամասներ չեն հայտնել, եւ ինքը օրեր անց է տեղեկացել զորքի շրջափակման մեջ ընկնելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ չի զեկուցվել նաեւ կապի միջոցի բացակայության մասին, որը, ըստ մեղադրանքի, Վահանյանը իր հետ տարել է։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը տարակուսանք հայտնեց, թե եթե նման կարեւոր հանգամանքները չեն զեկուցել, ապա ինչպես է ամբողջ կորպուսը իրեն ենթարկվել։ #Մանրամասն «Բանակի ղեկավար կազմից որեւէ մեկը չի իմացել, որ պատերազմը 2020 թ․ սեպտեմբերի 27-ին է սկսելու, բայց հակառակորդի շարժի հետ կապված տեղեկություն ունեցել ենք, եւ զգոնության բարձրացում է արվել»։ Այս մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում երեկ հայտարարեց գեներալ-մայոր Կարեն Առստամյանը։ Նա մեկն է այն վկաներից, որ հարցաքննվեց ՊԲ N զորամասի 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործի շրջանակում։ Վահանյանը, հիշեցնենք, մեղադրվում է 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 10-ին, Խուռհատ սարում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ իշխանության անգործություն դրսեւորելու եւ մարտի դաշտը լքելու մեջ։ Նա կալանավորված է եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Երեկվա նիստը, թեեւ նշանակված էր ժամը մեկին, սկսվեց ուշացումով․ դատարանի շենքում նիստերի ազատ դահլիճ չկար։ Դատավարության մասնակիցներն ու զոհված զինծառայողների ծնողները ստիպված էին դատարանի բակում սպասել, մինչեւ որեւէ դահլիճ ազատվի։ Շենք մտնել նույնպես չէր թույլատրվում․ ըստ կարգադրիչների՝ ներսում ծանրաբեռնված էր, թեեւ մարդկանց կուտակումներ տեսանելի չէին։ Սպասողական վիճակն ավելի լարեց ծնողների առանց այն էլ լարված նյարդերը․ «Ինչքա՞ն կարելի է մարդկանց անարգել»,– դատարանի բակում զայրացավ տուժողի իրավահաջորդներից Արսեն Ղուկասյանը՝ դժգոհելով, որ անգամ մայրերին ներսում նստել չեն թույլատրում։ Րոպեներ անց ներկա մայրերին կանչեցին ներս՝ այնտեղ սպասելու։ Ի վերջո, գրեթե մեկ ժամ անց նիստերի դահլիճն ազատվեց, շարունակվեց գործով վկաների հարցաքննության փուլը։ Գեներալ-մայոր Կարեն Առստամյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ նախագահի դեմ Գեներալ-մայոր Կարեն Առստամյանը նիստերի դահլիճ մտավ ոչ թե ընդհանուր, այլ ներսի մուտքից, որտեղից դատավորն է մտնում կամ ամբաստանյալին են ներս բերում։ Նման փոփոխություն, որպես կանոն, արվում է վկայի անվտանգությունն ապահովելու նկատառումներով։ Ներկայանալով դատարանին՝ Առստամյանը հայտնեց, որ Արցախյան 3 պատերազմների մասնակից է, 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է 18-րդ հրաձգային դիվիզիայի  հրամանատար, հետագայում տեղափոխվել է կադրերի ռեզերվ, ապա՝ ազատվել աշխատանքից սեփական դիմումի համաձայն։ Լուսանկարում՝ գեներալ-մայոր Կարեն Առստամյանը Նշենք, որ դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկության համաձայն՝ Առստամյանը պաշտոնից ազատվել է 2020 թ․ նոյեմբերի 8-ին, այսինքն՝ պատերազմի ավարտից մեկ օր առաջ։ Դրանից ամիսներ անց՝ 2021 թ․ մարտի 24-ին, նա դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ նախագահի՝ պահանջելով վերջինիս պարտավորեցնել իրեն տրամադրել իր ազատման հրամանագիրը։ ՀՀ վարչական դատարանը, դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ քննելով հայցը, այս տարվա հունվարի 3-ին վճռել է մերժել այն՝ հիմնավորմամբ, որ Առստամյանին պաշտոնից ազատելու մասին առաջարկությունը եւ կից հրամանագրի նախագիծը Հանրապետության նախագահի աշխատակազմ են ներկայացվել «Հույժ գաղտնի» դրոշմագրով, այսինքն՝ այն համարվում է պետական գաղտնիք, ինչի պարագայում նախագահի մերժումը եղել է իրավաչափ։ Դատարանի այս որոշման դեմ Առստամյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Ըստ դիվիզիայի նախկին հրամանատարի՝ իրեն հայտնի չեն եղել 5-րդ գումարտակի նորակոչիկներ, որոնք դեռեւս զինվորական երդում տված չեն եղել Դատարանում ցուցմունք տալով՝ Առստամյանը հայտնեց, որ դատավարության մասնակիցներից ճանաչում է միայն Իշխան Վահանյանին, նրա հետ ունի ծառայողական հարաբերություններ։ Առստամյանի հարցաքննության սկզբում նախքան հոկտեմբերի 10-ի դեպքերին անդրադառնալը հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը մի քանի հարց հղեց մարտական կանոնագրքերով սահմանված դրույթների մասին։ Նա նախ հետաքրքրվեց՝ կա՞ իրավական հիմք, ըստ որի՝ ուսումնական գումարտակում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողները կարող են պատերազմական իրավիճակում ընդգրկվել պաշտպանական գործողություններում։ Բանն այն է, որ Վահանյանի ղեկավարած գումարտակը ուսումնական էր, եւ դրանում 1-2 ամսվա զինծառայողներ էին, որոնց մի մասը, ըստ տուժող կողմի, անգամ զինվորական երդում չէր տվել․ «Այո, կան ղեկավար փաստաթղթեր, ըստ որոնց՝ պատերազմը սկսվելու պարագայում փոփոխական կազմը ցրվում է հրաձգային գումարտակների միջեւ, իսկ մնացածը զորամասի հրամանատարի որոշման համաձայն անցնում է պաշտպանության իրենց պաշտպանության շրջանում»։ Ի պատասխան հարցին՝ իսկ առկա՞ են իրավակարգավորումներ զինվորական երդում չտված ժամկետայիններին մարտական գործողություններում ներգրավելու վերաբերյալ, վկան դժվարացավ հստակ իրավական ակտեր նշել, բայց ասաց՝ 5-րդ գումարտակում իրեն հայտնի չեն եղել զինծառայողներ, որոնք զինվորական երդում տված չեն եղել։ Լուսանկարում՝ տուժողի իրավահաջորդ Վարդուհի Մանուկյանը Վկայի այս հայտարարությանը վրդովեցրեց տուժողի իրավահաջորդներից Վարդուհի Մանուկյանին, որը տեղից հայտարարեց, որ նա ստում է․ «Հադրութի դպրոցում իրեն այդ մասին հայտնի դարձել է, ես ուղղում եմ մտցնում, հարգելի՛ դատարան»։ Դատավոր Ջոն Հայրապետյանը հորդորեց լռություն պահպանել՝ նշելով, որ նա չի կարող ուղղում մտցնել․ «Ախր, ես փաստ գիտեմ, որ նա սուտ է խոսում»։ «Դատարանն է որոշելու՝ ով ինչ է խոսում»,- պարզաբանեց Հայրապետյանը՝ հորդորելով չմիջամտել, որպեսզի ինքը ստիպված չլինի դատական սանկցիա կիրառել։ Սակայն աղմուկը չդադարեց, եւ դատարանը նկատողություն հայտարարեց Մանուկյանին։ Արձագանքելով դրան՝ տուժողի իրավահաջորդն ասաց․ «Եթե մի անգամ էլ սուտ խոսի, ու ես միջամտեմ, նկատողություն տվեք նրան, որովհետեւ նա եկել է այստեղ՝ ճիշտը պատմելու, ոչ թե սուտը մեր ականջները լցնելու»,- բղավեց նա՝ վիրավորական արտահայտություններ հնչեցնելով վկայի հասցեին։ Ի վերջո, դատարանը Մանուկյանին նիստերի դահլիճից հեռացնելու որոշում կայացրեց։ Նիստը ընդմիջվեց։ Շարունակելով իր ցուցմունքը եւ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ուսումնական գումարտակի անձնակազմը պատրաստ եղել է պաշտպանություն իրականացնելուն, վկան ասաց․ «Ավելի լավ կլիներ՝ վեց ամիս պատրաստվեին, եթե դա չի եղել, միանշանակ դառնում է ոչ լիարժեք»։ Ճշտող հարցին, թե այդ դեպքում ինչով է պայմանավորված եղել այդ անձնակազմին մարտական գործողությունների մեջ ներգրավելու որոշումը, վկան պատասխանեց, որ այդ անձնակազմը զբաղեցրել է իր պաշտպանական դիրքը 2-րդ գծում, սակայն հետագայում իրադարձություններն այնպես են զարգացել, որ աջակողմյան թեւը դարձել է առաջնագիծ։ Նա նաեւ նշեց, որ չի եղել որեւէ զեկույց, թե 5-րդ գումարտակին որեւէ միջոց պակասում է, միայն մարտկոցային միջոցների պակասի խնդիր է եղել, որը լուծել են։ Առստամյանի ցուցմունքի եւ քրեական գործում առկա որոշ տեղեկությունների միջեւ հակասություններ կային Շարունակելով հոկտեմբերի 10-ին նախորդած իրադարձությունների թեման՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը վկային հայտնեց, որ քրեական գործում կան տեղեկություններ, ըստ որոնց՝ հոկտեմբերի 2-ին Նյուզգար կոչվող տեղամասում տեղի ունեցած մարտական գործողությունների հետեւանքով վիրավորում են ստացել մի շարք զինծառայողներ, որոնց դուրս բերելու նպատակով Իշխան Վահանյանը մեկնել է այդ վայր, սակայն ձեւականորեն է կատարել իր վրա դրված պարտականությունները՝ այնտեղից գնալով Մեխակավանի զինվորական հոսպիտալ եւ այլեւս չվերադառնալով ծառայության վայր։ Արձագանքելով այս տեղեկությանը՝ վկան ասաց, որ իրեն դրա մասին չեն զեկուցել․ եթե զեկուցեին, միջոցներ կձեռնարկվեին։ Մեղադրողը, սակայն, հայտնեց՝ քրեական գործով կան նաեւ տեղեկություններ, որ գումարտակի՝ այդ ժամանակվա հրամանատար Գարիկ Վարդերեսյանը զեկուցել է այդ մասին իր վերադասին, վերադասն էլ՝ իրեն՝ վկային․ «Չեմ կարող ասել, չկա տենց բան»,- ասաց Առստամյանը։ Առկա այլ տեղեկությունների համաձայն էլ՝ այդ միջադեպից հետո ուսումնական գումարտակի սպայակազմի կողմից ոչ միանշանակ է ընդունվել Վահանյանի արարքը, եւ այդ պատճառով Առստամյանի միջամտությամբ Վահանյանը 2 օր անց՝ հոկտեմբերի 4-ին, վերադարձվել է շարք եւ ներգրավել նահանջող զինծառայողների որոնողական աշխատանքներում․ «Առաջին անգամ եմ լսում այդ մասին»,- արձագանքելով ասաց վկան։ Ըստ Կարեն Առստամյանի՝ հոկտեմբերի 3-ի-4-ի մոտակայքում 5-րդ գումարտակը առանց թույլտվության նահանջել է Պատասխանելով հանրային մեղադրողի հարցին՝ արդյո՞ք սեպտեմբերի 27-ից մինչ հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում 5-րդ գումարտակը պատշաճ իրականացրել է իր գործառույթները, Կարեն Առստամյանը պատմեց, որ մինչեւ հոկտեմբերի 3-ը ներառյալ՝ այո, մասնակցել է մարտական գործողությունների, ունեցել՝ նաեւ հերոսական դրվագներ։ Ամսի 3-ին արդեն իրեն զեկուցել են, որ գումարտակի վաշտերից մեկը նահանջել է 9 կմ կոչվող տարածքի ուղղությամբ, սակայն դրա վերաբերյալ որեւէ պարզաբանում զորամասի հրամանատարը չի տվել։ Դրանից հետո՝ ամսի 4-ին, գումարտակի մնացած անձնակազմը եւս, այսպես կոչված, Թոզարան ճանապարհով նահանջել է, սակայն դրա թույլտվությունը չի եղել․ «Ես հանդիպումներ եմ ունեցել շտաբի պետի, պետի տեղակալների, ժամկետային, սերժանտական, սպայական անձնակազմի հետ, անձնակազմը թրջված, բարոյալքված վիճակում է եղել, ցուցում է տրվել հաջորդող բնագծերում ամրանալու վերաբերյալ, որից հետո վերադարձել եմ իմ առաջնային ղեկավարման կետ, իսկ շտաբի պետը եւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը պետք է ուղեկցեին նրանց, սակայն իմ ղեկավարման կետ հասնելուց հետո ինձ հայտնի է դարձել, որ այդ անձնակազմը էլի նահանջել է 9 կմ-ի ուղղությամբ, ապա՝ Հադրութ»։  Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Հարցին՝ այդ հանդիպմանը Իշխան Վահանյանը մասնակցե՞լ է, վկան դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ շատ մութ էր, անձրեւոտ, 20-ից ավելի սպայական կազմ է եղել, բայց չի բացառվում, որ մասնակցած լինի։ Այդ ժամանակահատվածում Վահանյանի ենթադրյալ վիրավորում ստանալու մասին եւս նա տեղեկություն չուներ, ասաց՝ գուցե այն աստիճանի չի եղել, որ իրեն զեկուցեին։ Ըստ Առստամյանի՝ հիշյալ նահանջների հետեւանքով առաջնագծում պաշտանություն իրականացնող 1-ին եւ 4-րդ հրաձգային գումարտակների ամբողջ աջ թեւը եւ թիկունքը բացվել են, եւ դա է եղել հիմնական խնդիրը։ Նաեւ դրա պատճառով է, որ օրեր անց, երբ Հադրութի դպրոցում հաստիքային փոփոխություններ են արվել, Գարիկ Վարդերեսյանին ազատել են գումարտակի հրամանատարի պաշտոնից՝ նրան փոխարինելով Իշխան Վահանյանով․ «Ազատման պատճառը գումարտակի հրամանատարի անկազմակերպ, անփույթ նահանջն էր, որը իմ կողմից ներկայացվել է բանակի հրամանատարին, եւ քանի որ Վահանյանն էր շտաբի պետ, ամենահավանական թեկնածուն է եղել, այլ մարդ չի եղել»։ Այդ նահանջից հետո զորքը մեկնել է նախ Հադրութի զորանոց, որից մեկ օր անց՝ տեղափոխվել Հադրութի դպրոց։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը հետաքրքրվեց՝ իրեն զեկուցվե՞լ է, որ այդ մեկ օրվա ընթացքում զորքը անկազմակերպ վիճակում է եղել Հադրութի տարածքում, այդ թվում՝ զորանոցում, որը անվտանգ չի  եղել, ինչին ի պատասխան՝ վկան նշեց, որ զորանոցում ապաստարաններ եղել են, բայց քաոսային իրավիճակից խուսափելու համար ցուցում է տրվել հավաքվելու Հադրութի դպրոցում, որը զորանոցից ընդամենը 700 մ հեռավորության վրա էր։ Գրիգորյանը հետաքրքրվեց՝ եթե դպրոցում էլ անվտանգ չէր, ինչո՞ւ են այդտեղ տարել զորքին, ինչին ի պատասխան՝ վկան ասաց, որ անվտանգ տեղ այլեւս չկար․ «Դպրոցում էլ կար ապաստարան, եւ դրանից բացի, տեղակայվել են տարբեր տեղերում»։ Հարցին՝ իրեն չե՞ն զեկուցել, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան դպրոցի ուղղությամբ արկ է ընկել, վկան բացասական պատասխան տվեց։  Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ հիշյալ նահանջներից հետո անձնակազմը պատրա՞ստ է եղել, որ Հադրութի դպրոցում նրան մարտական նոր առաջադրանք են տվել, վկան էլ պատասխանեց՝ եթե պատրաստ չլինեին, պիտի ասեին՝ իրենց չտանեին։ Նման զեկույց, սակայն, իրեն չի տրվել․ «Եղել են խնդիրներ միայն վիրավորների, հիվանդների, վախեցած երեխաների հետ կապված, բայց ոչ թե ամբողջ կազմի»,- ասաց նա՝ հավելելով, որ եղել են նաեւ դեպքեր, երբ դասակի հրամանատարն է հրաժարվել խնդիր կատարելուց, եւ անմիջապես ազատվել է պաշտոնից։ Գուրգեն Գրիգորյանը նաեւ հարցրեց՝ տեղյա՞կ է, որ սեպտեմբերի 25-ին Ջաբրայիլի զորամասում տագնապ է եղել։ Վկան, սակայն, նշեց, որ ինքը 15-ից 25-ը արձակուրդում է եղել, եւ 26-ին է վերադարձել ծառայության։ Նա նաեւ տեղեկություն չուներ զինծառայողների զինգրքույկները հավաքելու պատճառների վերաբերյալ։ «Շտաբի պետը չի՞ զեկուցել»,- հարցրեց Գրիգորյանը։ «Ոչ մի կերպ»,- պատասխանեց վկան։  Ըստ դիվիզիայի նախկին հրամանատարի՝ Խուռհատ սարում շրջափակման մեջ հայտնվելու եւ կապի միջոցի բացակայության մասին իրեն այդ պահին չեն զեկուցել Խոսելով արդեն դատարանում քննվող դեպքի մասին իրեն հայտնի տեղեկություններից՝ Կարեն Առստամյանը պատմեց, որ հոկտեմբերի 10-ի առավոտյան հրետակոծություն է եղել (նախկինում հարցաքննված զինծառայող վկաները հայտնել են, որ հակառակորդը միայն հրաձգային զինատեսակներից է կրակել), որին հաջորդել է հակառակորդի 30 խմբերի ներթափանցումը տարբեր կողմերից։ Դիվերսիոն խմբերի մեջ, ըստ վկայի, եղել են նաեւ հայկական համազգեստով, հայերեն խոսող խմբեր։ Այդ ժամանակ նահանջի հրաման կամ թույլտվություն չի եղել, իրեն զեկուցվել է միայն, որ յուրային ստորաբաժանումները, կորուստներով կրելով, նահանջել են, սակայն մանրամասներ չեն հայտնել։ Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբաններ Գայանե Հովակիմյանը եւ Գուրգեն Գրիգորյանը Ըստ քրեական գործում առկա տվյալների՝ Խուռհատ սարում զինծառայողները կատարել են ոչ կանոնակարգված նահանջ, չեն անցել շրջանաձեւ պաշտպանության, տիրել է քաոսային վիճակ, ինչի մասին, ըստ Առստամյանի, ինքը տեղեկացել է  միայն օրեր անց՝ հոկտեմբերի 15-16-ին․ այդ պահին ոչ մեկը՝ ոչ զորամասի հրամանատարը, ոչ գումարտակի հրամանատարը իրեն չեն զեկուցել։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը հետաքրքրվեց՝ իմանալուց հետո ի՞նչ քայլեր է ձեռնարկել, ինչին ի պատասխան՝ նա ասաց․ «Այդ ժամանակ արդեն զորքը ահագին հեռու էր, անհնարին էր կոնկրետ գործողություն իրականացրել, պետք է նրանց ցուցում տրվեր, անվտանգ ուղղություններով դուրս գային, ինձ հետ կապի դուրս չեն եկել, բայց ինչքան գիտեմ, զորամասում կապի դուրս են եկել, զորամասի հրամանատարը դիմել է Կարմիր Խաչին»։ Թե այդ ընթացքում Վահանյանը որտեղ եւ ինչ անելիս է եղել, դիվիզիայի նախկին հրամանատարը տեղյակ չէր, ասաց՝ դեպքից օրեր անց զրուցել է սպայական կազմի հետ եւ նրանցից է տեղեկացել, որ Վահանյանը վիրավորման պատրվակով մեքենայով հեռացել է․ իրականում վիրավոր եղել է թե չէ՝ իրեն չի հաջողվել պարզել։ Այդ ժամանակ է նաեւ իմացել, որ զինվորների մի մասը զոհվել է, մյուս մասը՝ գերեվարվել։ Ըստ գեներալի՝ իրեն չի զեկուցվել նաեւ կապի միջոցի բացակայության մասին։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը տարակուսանք հայտնեց, թե եթե նման կարեւոր հանգամանքները չեն զեկուցել, ապա ինչպես է ամբողջ կորպուսը իրեն ենթարկվել։ Դատավորը ճշգրտեց հարցը․ ո՞վ պետք է անընդհատ կապի մեջ գտնվեր եւ իրեն զեկուցեր 400 զինվորի վիճակի մասին։ Ըստ Առստամյանի՝ գումարտակի ղեկավարումը իրականացվում էր զորամասի հրամանատարի եւ գնդի հրամանատարի տեղակալի միջոցով, բայց նրանցից ոչ մեկը շրջափակման մեջ լինելու մասին իրեն չի զեկուցել, ասաց՝ եթե զեկուցեին, ինչ–որ մի բան կմտածեր, որովհետեւ իր ձեռքի տակ առկա ուժեր կային։  Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը, իր մի շարք հարցերի պատասխաններ հստակ չստանալով, ի վերջո հարցրեց․ «Դուք ընդհանրապես տիրապետե՞լ եք իրավիճակին»։ «Տիրապետել եմ»,– պատասխանեց վկան՝ ասելով, որ իր ղեկավարության ներքո 25 գումարտակ է եղել, եւ ամեն ինչ չէր, որ իրեն պիտի զեկուցվեր․ դրա համար զորամասի հրամանատարներ կային։ Փաստաբանն էլ արձագանքեց․ «Իսկ չե՞ք կարծում, որ Ձեր պարտականությունը, որպես դիվիզիայի հրամանատար, թերի եք կատարել, որն էլ հանգեցրել է ծանր հետեւանքի», ինչին ի պատասխան՝ Կարեն Առստամյանն ասաց․ «Եթե ապացուցվի, որ այդպես է, ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել»։ Վկայի պատասխանները զայրացրին նաեւ դահլիճում ներկա ծնողներին, որոնք սկսեցին տարակուսանք հայտնել, թե ինչու Առստամյանը Վահանյանի կողքին նստած չէ։  Կարեն Առստամյանը նշեց, որ որպես մարդ՝ կիսում է կարծիքը, որ 2 ամսվա զինծառայողը չի կարող այնպիսի պատրաստվածություն ունենալ, որ դիմակայի հակառակորդի հարվածներին Վկային հարցեր հղեց նաեւ ամբաստանյալ Իշխան Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը՝ խնդրելով ոչ թե որպես զինվորական, այլ որպես անձ հայտնել՝ իրատեսակա՞ն էր համարում, որ 400 նորակոչիկները կարող էին մարտական գործողություններ իրականացնել։ Հիշեցնենք, որ ըստ տուժողի իրավահաջորդներից մեկի՝ 400 զինծառայողից մոտ 150-ն են փրկվել, մնացածը կամ զոհվել են, կամ անհետ կորած են մինչ օրս։ Պատասխանելով հարցին՝ վկան դարձյալ հիշեցրեց, որ զինվորական կանոնադրությամբ սահմանված է ուսումնական գումարտակի անցումը մարտականի, բայց, ասաց, որպես մարդ՝ ինքն էլ է կիսում այն կարծիքը, որ 2 ամսվա զինծառայողը չի կարող այնպիսի պատրաստվածություն ունենալ, որ դիմակայի հակառակորդի հարվածներին։ Պաշտպան Հարությունյանը հետաքրքրվեց՝ այդ դեպքում փորձ արե՞լ է կամ հնարավո՞ր էր վերադաս ղեկավարությանը ներկայացնել իր այդ կարծիքը, որ ճիշտ չէ 1-2 ամսվա նորակոչիկներին երկրորդ դիրք տանել․ «Ճիշտը, իհարկե, ճիշտ չէ, բայց ամեն զորակոչին այդ խնդիրը ունեցել ենք․ եթե, օրինակ, զորակոչը հուլիսին լիներ, պատերազմը սկսվեր օգոստոսին, ընդհանրապես անպատրաստ կլինեին, մենք էլ ենք հասկանում, որ պատրաստվածության առումով պրոբլեմներ եղել են»։ Լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը Պաշտպանն անդրադարձավ նաեւ մեղադրանքի այն դրվագին, ըստ որի՝ Վահանյանը կապի միակ միջոցն իր հետ տարել է։ Ասաց՝ թեեւ նման ցուցմունքներ դեռ չեն հնչել, բայց ենթադրենք՝ այդպես է, այդ մի սարքի ուժո՞վ էր, որ գումարտակը պիտի ողջ մնար․ «Եթե Վահանյանը վիրավորման պատճառով դուրս է եկել, ապա պարտադիր պիտի իր վաշտի կամ դասակի հրամանատարին ասեր, կապի միջոցն էլ տար, դա անհրաժեշտ էր վերադաս հրամանատարության հետ կապ հաստատելու համար»,- պատասխանեց վկան՝ նշելով, որ ղեկավարման մարմին հանդիսացել է Վահանյանը, ղեկավարման միջոց՝ կապի սարքը, եթե մեկը չկա, գործողությունը խաթարվում է, եթե երկուսը չկան, ընդհանրապես ամեն ինչն է խթարվում։ Այնուհանդերձ, վկան հայտնեց նաեւ, որ վաշտերի հրամանատարների մոտ եղել են կապի այլ տեսակի միջոցներ, որոնք ոչ թե վերադաս հրամանատարության, այլ հարեւան վաշտերի հետ կապ հաստատելու համար են նախատեսված․ «Այսինքն՝ պրակտիկորեն հնարավոր էր առանց դրա ինչ-որ բան անել»,- արձանագրեց պաշտպանը։ Սպա Ռյուրիկ Սեմյոնովի գնահատմամբ՝ նորակոչիկների գումարտակին Խուռհատ սար, ապա Հադրութի զորանոց տանելը սխալ որոշում է եղել Դատակոչված մյուս վկան զորամասի օպերատիվ բաժնի պետ Ռյուրիկ Սեմյոնովն էր, որը հայտնեց, որ ճանաչում է Իշխան Վահանյանին, նրա հետ ունի ծառայողական հարաբերություններ։ 44-օրյա պատերազմի ժամանակ Սեմյոնովը կապի մեջ է եղել առաջնագծի հետ, իսկ քանի որ 5-րդ գումարտակը 2-րդ գծում է նախապես տեղակայված եղել, իրեն շատ մանրամասներ հայտնի չեն։ Լսել է միայն, որ Վահանյանը, ոտքից վիրավորվելով, թողել գնացել է՝ իրեն պաշտոնակատար չնշանակելով եւ կապի միջոցը իր հետ տանելով․ «Վահանյանի մարտադաշտը թողնելուց հետո խուճապային իրավիճակ էր, անձնակազմը տարածքին չի տիրապետել, սպաներից էլ ով մնացել է, չի իմացել տարածքը, կեսը անտառն են մտել, կեսը՝ նկուղներ, ղեկավարում չի իրականացվել»։ Հարցին՝ ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկեր տեղի սպայական կազմը, վկան պատասխանեց․ «Գուցե գեղեցիկ չհնչի, բայց նահանջն էլ պիտի կազմակերպված լինի, պիտի անձնակազմը հաշվառվեր, դուրս հանվեր անվտանգ տեղամաս»։ Վկան դավաճանություն որակեց այն, որ մի քանի սպաներ կարող էին այլ զինվորների հետ հեռանալ՝ որոշներին թողնելով վտանգավոր վայրում․ «Այ, դու այս գիշեր գլուխդ հանգիստ բարձին կդնես»,- լսվեց ծնողներից մեկի ձայնը։ Լուսանկարում՝ Ռյուրիկ Սեմյոնովը Սեմյոնովի խոսքով՝ եթե որոշողն ինքը լիներ, այդ գումարտակին միանշանակ չէի տանի Խուռհատ, մանավանդ՝ անտառային տարածք, որտեղ ավելի դժվար է կատարել ծառայություն․ դրա համար, ըստ նրա, կան հատուկ ստորաբաժանումներ։ Նա սխալ որակեց նաեւ զորքի՝ Հադրութի զորանոցում տեղակայվելը․ ըստ նրա՝ դպրոցն էլ այդ ժամանակ անվտանգ չէր, ասաց՝ լավագույն տարբերակը ըստ բնագծերի խրամատներում դիրքավորվելը կլիներ։ Խոսելով հոկտեմբերի 3-4-ի նահանջի մասին՝ վկան ասաց՝ Գարիկ Վարդերեսյանի այդ որոշումը գուցե ճիշտ է եղել․ «Անձնակազմը անպատրաստ էր, կես տարի ծառայած չէին, որ գոնե նվազագույնին տիրապետեին, մարդ կար՝ մի հատ կրակած չկար»։ Սեմյոնովը հերքեց նաեւ Առստամյանի այն տեղեկությունը, թե այդ նահանջով 5-րդ գումարտակը աջակողմյան թեւը բացել է՝ այլ գումարտակներին վտանգելով։ Խոսելով պատերազմին նախորդած օրերի մասին՝ վկան ասաց, որ սեպտեմբերի 21-ից սկսած՝ տեխնիկայի շարժ է նկատվել, 24-ին կամ 25-ին անօդաչու են բարձրացրել եւ տեսել հակառակորդի մեծ քանակությամբ կուտակումը։ Այդ օրը, ըստ նրա, դիվիզիայի հրամանատարը՝ Կարեն Առստամյանը, ներկա եղել է։ Հարցին՝ արդյո՞ք նա արձակուրդում չէր, ինչպես քիչ առաջ նշեց իր ցուցմունքում, վկան բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ հենց իր կողքին է կանգնած եղել։ Ինչ վերաբերում է սեպտեմբերի 25-ին Ջաբրայիլի զորամասում տագնապ հայտարարելուն, ինչի մասին զինծառայող վկաներն էին հայտնել, Սեմյոնովը պարզաբանեց, որ դա պատահականության արդյունք է եղել․ «Քանի որ ես արդեն առաջնագծում էի, խոսել եմ գնդի զամպալիտ Աշոտ Մկրտչյանի հետ, ասել, որ պատրաստ լինեն, գուցե գործողություն լինի, տագնապ լինի, նա էլ իջնելիս հերթապահին ասել է՝ տագնապ, պատահական սեղմել են, բայց գուցե դա էլ էր լավ․ ինչքան մարզվեին, այդքան լավ»։ Փաստաբանը հետաքրքրվեց նաեւ՝ նման կուտակումների դեպքում ի՞նչ էր պետք անել, ինչին ի պատասխան՝ սպան պարզաբանեց, որ պետք էր առաջինը գործել, խոցումներ իրականացնել, սակայն դրա համար վերադաս հրամանատարության՝ դիվիզիայի հրամանատարի կամ շտաբի պետի հրամանն էր պետք, ինչը իրենք չեն ստացել․ «Զեկուցել ենք, բազմաթիվ զանգեր են եղել, շտաբի պետին էլ ենք զանգել, ասել ենք՝ գոնե կուտակման դիմաց անձնակազմ հանենք, ասել է՝ սպասեք, սպասեք, ու կռիվը սկսվել է, հրաման չի եղել, միայն մի կարգադրություն ենք ստացել զգոնությունը բարձրացնելու մասին, բայց քանի որ տեսել ենք՝ հակառակորդի սպառազինությունը շատ է, միջոցները հանել ենք առաջնագիծ․ որտեղ կուտակում կար, հրետանին պատրաստ է եղել խնդիր կատարելու»։ «Այսինքն՝ զեկույցները մինչեւ ամենավերեւ եղել են, բայց ոչ մի հրաման չի արձակվել, միտումնավոր թողել են, որ ամբողջ Արցախը կոտորվի»,- արձանագրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 31-ին։   Միլենա Խաչիկյան
22:38 - 12 հոկտեմբերի, 2022
Երկար զրույց գիտության շուրջ [24] Արսեն Գասպարյան | Արամ Ջիվանյան

Երկար զրույց գիտության շուրջ [24] Արսեն Գասպարյան | Արամ Ջիվանյան

«Երկար զրույց գիտության շուրջ» շարքի «Աշխատանքային հանդիպումներ գիտության կառավարիչների հետ» ենթաշարքի երրորդ թողարկմանը «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Ջիվանյանը զրուցում է ՀՀ ԳԱԱ Ա. Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանի հետ։ 01:05 – Ի՞նչ խնդիրներով է զբաղվում Բուսաբանության ինստիտուտը 01:48 – Կենսաբազմազանության ուսումնասիրության կարևորությունը որոշումների կայացման համար 02:41 – Գենետիկական ռեսուրսների պահպանության կարևորության մասին 04:00 – Հնէաբուսաբանության դերը ապագան պլանավորելու հարցում 04:28 – Գեոբոտանիկայի նշանակությունը ինվազիվ բուսատեսակների դեմ պայքարում 07:05 – Առանց հետազոտությունների քաղաքային կանաչապատումը Երևանում 12:16 – Անտառային տարածքների կրկնապատկման անիրատեսականության մասին 15:14 – Անտառտնկումը և դրա չգնահատված ազդեցությունը 17:46 – Պետության հետ համագործակցության խնդիրները և լուծումները 21:31 – Գիտական ինստիտուտների մասին կարծրատիպերը կոտրելու անհրաժեշտության մասին 23:07 – Միջազգային համագործակցությունների և դրանց խանգարող տեխնիկական խնդիրների մասին 25:00 – Երիտասարդներին ներգրավելու գործում աշխատանքային միջավայրի փոփոխության կարևորության մասին 27:15 – Պետության կողմից նոր գործարկված ֆինանսավորման մեխանիզմների արդյունավետության մասին 29:55 – Երիտասարդների ներգրավման և միջին տարիքի գիտնականների փոքր թվի մասին 32:15 – Ռազմավարության մշակման, քաղաքական կամքի և ֆինանսավորման անհրաժեշտության մասին 36:59 – Հետազոտությունների հանրայնացման մասին «Երկար զրույց գիտության շուրջ» շարքը «Գիտուժ» նախաձեռնության և Infocom-ի համատեղ նախագիծն է։
13:29 - 09 հոկտեմբերի, 2022