Ընդունվելիք որոշումը չի կարող համարվել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ. Բրյուսովի անվան համալսարանի գիտական խորհրդի նիստը ընթացավ լարված մթնոլորտում
18:02 - 14 հոկտեմբերի, 2022

Ընդունվելիք որոշումը չի կարող համարվել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ. Բրյուսովի անվան համալսարանի գիտական խորհրդի նիստը ընթացավ լարված մթնոլորտում

Բրյուսովի անվան համալսարանում տեղի է ունենում գիտխորհրդի ընդլայնված նիստ, որը  վերաբերում է Բրյուսովի անվան համալսարանի, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի միավորմանը։ Նիստին հրավիրված էր նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, սակայն Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը իր խոսքի սկզբում ասաց, որ նախարարը այլ զբաղվածություն ունենալու պատճառով չի եկել։ Նիստին մասնակցում էր ԿԳՄՍ նախարարի տեղաակալ Կարեն Թռչունյանը։ 

Նիստի ընթացքում Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոսները դժգոհություն հայտնեցին 3 բուհերի հնարավոր միավորման հետ կապված։  Համաշխարհային գրականության և մշակույթի ամիբիոնի վարիչ Նատալյա Խաչատրյանը ասաց՝  թույլ չեն տա, որ Բրյուսովի անվան համալսարանը ողբերգական ավարտ ունենա իր փայլուն պատմությունից հետո։ «Ես շատ ցավում եմ, որ հարգարժան պարոն նախարարը ավելի կարևոր գործեր ուներ, քան  կրթական օջախում կրիզիսային իրավիճակը։ Այսօր սկսել Բրյուսովի համալսարանից, որը առաջին եռյակի մեջ է մտնում այս Հանրապետության բուհերի մեջ, անհասկանալի որոշում է։ Կարծում եմ՝ որպես 50 տարի այս համալսարանին ծառայող մարդ իրավունք ունեմ հարցնելու՝ ինչ սկզբունքով եք որոշել իմ տունը ոչնչացնել»։ 

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը արձագանքեց դասախոսների հայտարարություններին։ Նա հիշեցրեց, որ ընդունվել է Կրթության մինչև 2030 թ․-ի ռազմավարություն, որտեղ նախանշվել է ունենալ 8 բուհ՝ ըստ ուղղությունների։ «Այդ ուղղությունները տարբեր են, օրինակ մեկը կրթական կամ մանկավարժական ուղղվածության, մյուսը՝ տեխնոլոգիական։ Այդ ուղղություններով բուհեր ստեղծելու համար պետք է, բնականաբար, օգտագործվի այն հենքը, որը ունենք»։

Անդրադառնալով դիտարկումներին, որ միավորման արդյունքում բուհի անձակազմում կլինեն կրճատումներ, Թռչունյանն ասաց․  «Դրա մասին խոսք չկա»։ Այս ամենը վրդովվեցրեց նիստի մասնակիցներին։

Խոսելով մանկավարժական կրթության արդիակացման մասին, Կարեն Թռչունյանն ասաց՝  որակյալ կրթության խնդիր կա․«Մեր համակարգը այդպիսին է, որ ասում եք՝ օրինակ մենք ունենք լավ կրթություն, լավ համակարգ, բայց մրցունակությունը չի չափվում Հայաստանով և հայաստանյան չափանիշներով, կան համաշխարհային չափանիշներ, եթե մենք ոզում ենք մաս կազմել համաշխարհային բուհական համակարգին, պետք է ունենանք որոշակի չափանիշների համապատասխանող բուհեր»։

Փոխնախարարը ասաց նաև, որ այս միավորումների ստեղծումը ենթադրում է որոշակի գիտական հենք ու նաև գիտական պոտենցիալի ուժեղացում․ «Որովհետև եթե ուզում ենք ունենալ մրցունակ բուհեր, վարկանիշավորման աղյուսակում հայտնվելը և բարելավվելը պահանջում են գիտական արդյունքներ»։

Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը ասաց, որ Կարեն Թռչունյանի հետ համաձայնության են եկել շարունակել շահագրգիռ քննարկումը։ Նա նաև նշեց, որ Գիտական խորհուրդը պատրաստել է հայտարարություն, ըստ որի՝ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները և աշխատակիցները իրենց սկզբունքային անհամաձայնությունն են հայտնում  3 համալսարանները միավորելու ՀՀ կառավարության որոշման նախագծին։ «ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երեք համալսարանները միավորելու նախագիծը պատրաստվել է առանց համալսարանի ուսանողության, պրոֆեսորադասախոսական կազմի և մյուս աշխատողների հետ քննարկման։ Նախագիծը նախապես չի տրամադրվել համալսարանին՝ դիտողություններ ներկայացնելու նպատակով։Համալսարանը դրա մասին տեղեկացել է պատահաբար, հոկտեմբերի 13-ին Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ։ Նախագիծը շրջանառվել է համալսարանից գաղտնի կերպով։Նախագիծը համալսարանին տրամադրվել է մեր կողմից հարցը բարձրաձայնելուց հետո՝  հոկտեմբերի 14-ին»։

Հայտարարության մեջ նշվում էր նաև, որ անընդունելի է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի պնդումը, որ նա օգոստոսին միավորման մասին տեղեկացրել է ռեկտորներին։ «Մի բան է ընդհանուր մտադրությունների մասին խոսելը, մեկ այլ բան՝ գործընթաց սկսելը»։

Ընդգծվում էր նաև, որ խնդրո առարկայի վերաբերյալ ոչ պրոֆեսորադասախոսական կազմի, ոչ ուսանողության հետ հանդիպում չի եղել և նախարարությունը այս գործողությամբ խախտել է պատշաճ վարչարարություն իրականացնելու սահմանադրական պահանջը, քանի որ չի ապահովվել շահառուների լսված լինելու իրավունքը, ինչի արդյունքում ընդունվելիք որոշումը չի կարող համարվել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ։ 

«Մենք մեզ իրավունք ենք վերապահում այս գործընթացի շարունակման դեպքում օգտագործելու հնարավոր միջոցները՝ բուհը վերահաս կործանումից փրկելու համար»,-նշված էր հայտարարության վերջում։

Նշենք, որ նիստը ընթացավ լարված մթնոլորտում․ կողմերի միջև պարբերաբար բանավեճ էր սկսվում։ 

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը երեկ՝ Կառավարության նիստից հետո հաստատել էր տեղեկությունը, ըստ որի 3 համալսարանները միավորվելու են։ Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները դեմ են որոշմանը ու 3-րդ օրն է՝ դասադուլներ են անցկացնում՝ ընդդեմ այս որոշման։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել