Եթե եռակողմ հայտարարության երկու կարևոր կետերը չկատարվեն, մենք այլ ելք չենք ունենա, քան համարժեք գործել․ Իլհամ Ալիև
16:22 - 14 հոկտեմբերի, 2022

Եթե եռակողմ հայտարարության երկու կարևոր կետերը չկատարվեն, մենք այլ ելք չենք ունենա, քան համարժեք գործել․ Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում անդրադարձել է Արցախի հայ բնակչության խնդրին։

«Պրահայում կայացած հանդիպմանը մենք նաև մտքեր փոխանակեցինք այս հարցի շուրջ։ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի Սահմանադրության համաձայն։

Մենք չենք պատրաստվում մեր ներքին հարցերը քննարկել կողմերից ոչ մեկի հետ։ Եվ որքան ես հասկացա Պրահայի հանդիպման արդյունքներից, այս թեման քառակողմ հանդիպման մասնակիցների միջև հակասություններ չի առաջացրել»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 

Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, թե Ադրբեջանը կատարում է 2020 թվականի եռակողմ հայտարարությունով սահմանված պարտավորությունները, այն է ՝ «Հայաստանից դեպի Ղարաբաղ անարգել մուտքի ապահովումը»։ 

Միևնույն ժամանակ նա նշել է, թե Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները՝ Ադրբեջանից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն անարգել մուտքի ապահավումը, ինչպես նաև «Ղարաբաղի տարածքից հայկական զինված ուժերի դուրսբերման» պարտավորությունը։

«Մենք դեռ համբերատար ենք, բայց համբերությունը նույնպես անսահմանափակ չէ։ Եթե ​​2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության այս երկու կարևոր կետերը չկատարվեն, մենք այլ ելք չենք ունենա, քան համարժեք գործել»,- ասել է Ալիևը։ 

Ալիևը անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին իրականացրած սադրանքին ու ընդգծել, որ հրադադար հաստատվել է ռուսական կողմի միջնորդությամբ։ 

«Ռուսական կողմի միջնորդական գործունեության արդյունքում, սա շեշտում եմ` հենց ռուսական կողմն է հանդես եկել հրադադարի առաջարկով, որը ոմանք վերագրում են այլ երկրների, ինչը բոլորովին անհիմն է։ Զինված բախումները, ինչպես արդեն ասացի, դադարեցվել են ռուսական կողմի միջնորդությամբ»,- նշել է Ալիևը։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել