ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով:

2020 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Աբազյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Արցախի քաղաքացու՝ Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ հայտնվելու ադրբեջանական թեզը կեղծ է. Արցախի ԱԱԾ

Արցախի քաղաքացու՝ Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ հայտնվելու ադրբեջանական թեզը կեղծ է. Արցախի ԱԱԾ

Արցախի ԱԱԾ-ից հայընում են, որ 2023 թ. հունվարի 1-ին Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Թորոս Ղազարյանը, որը զբաղվում է անասնապահությամբ, արոտավայրից տուն չէր վերադարձել, որի կապակցությամբ նախաձեռնվել են որոնողական աշխատանքներ:   «Քանի որ մեծ էր հավանականությունը, որ ունենալով առողջական խնդիրներ, վերջինս կարող էր մոլորվելու հետևանքով անցնել Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածք, այդ մասին հաղորդվել էր նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը՝ ադրբեջանական կողմից տեղեկություն ստանալու նպատակով: Հունվարի մեկից առ այսօր ադրբեջանական կողմը ոչ միայն չէր հաստատել, այլև հերքել էր Թ. Ղազարյանի՝ իրենց տիրապետության տակ գտնվելը: Մեր քաղաքացու կյանքն ու առողջությունը վտանգի չենթարկելու համար առանց հանրայնացման շարունակել ենք խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները, որի արդյունքում Ադրբեջանն այսօր հաստատել է Թ. Ղազարյանի՝ իրենց մոտ գտնվելու հանգամանքը և Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի արգելափակված հատվածում փոխանցել ռուս խաղաղապահներին՝ քաղաքական ու քարոզչական նկատառումներով դրան հաղորդելով այլ երանգներ և տալով ցանկալի մեկնաբանություններ ու գնահատականներ:   Արցախյան կողմին փոխանցված Թ. Ղազարյանը արդեն հետազոտվել է, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Արցախի իրավապահ մարմինների կողմից նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռնարկվելու են բոլոր միջոցները քաղաքացի Թ. Ղազարյանի կողմից Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնվելու դեպքի հանգամանքները լրիվությամբ պարզելու ուղղությամբ:   Ադրբեջանական կողմի այսօրվա բեմականացումը մեկ անգամ ևս փաստում է, որ վերջիններիս նպատակը ոչ թե իրականության հետ առերեսվելն ու այն ընդունելն է, այլ միջազգային հանրությանն ու ներքին լսարանին կեղծ թեզերով ու քարոզչական նյութերով մոլորեցնելը»,- նշված է հաղորդագրության մեջ:
21:01 - 08 հունվարի, 2023
ԱԱԾ տնօրենը ներկայացրել է անհետ կորած, գերեվարված անձանց հարազատներից ստացված դիմումների ուսումնասիրման ընթացքը

ԱԱԾ տնօրենը ներկայացրել է անհետ կորած, գերեվարված անձանց հարազատներից ստացված դիմումների ուսումնասիրման ընթացքը

2022 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական՝ 2022 թվականի վերջին նիստը, որին բացի հանձնաժողովի անդամներից ներկա էր նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչ Նիկոլ Նասեն: Նիստի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Ա. Աբազյանը ներկայացրել է անհայտ կորած, գերեվարված անձանց ծնողներից ու հարազատներից ստացված դիմումների ուսումնասիրման ընթացքը, առանձնացրել այն խնդիրները, որոնք պահանջում են հրատապ լուծումներ:   Նիստի ընթացքում քննարկվել են անհայտ կորած, գերեվարված անձանց ընտանիքների սոցիալական կարիքներին վերաբերող հարցերը, ԴՆԹ տվյալներով անձանց նույնականացման, անձանց անհետացման հանգամանքների քննությանը վերաբերող խնդիրները և դրանց լուծման հնարավոր եղանակները: Միաժամանակ հանձնաժողովի նախագահ Ա. Աբազյանը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 30-ին հանդիպելու է հանձնաժողովին դիմումներ ներկայացրած անհայտ կորած, գերեվարված անձանց ընտանիքի անդամների հետ: Նիստն ավարտվել է հանձնաժողովի անդամներին տրված հստակ հանձնարարականներով՝ հանձնաժողովի հաջորդ նիստին դրանց կատարման արդյունքներն ամփոփելու պայմանով:
17:35 - 30 դեկտեմբերի, 2022
ԱԱԾ-ում պարտադիր ատեստավորման համակարգ ներդնելու նախագիծը դրվել է հանրային քննարկման

 |factor.am|

ԱԱԾ-ում պարտադիր ատեստավորման համակարգ ներդնելու նախագիծը դրվել է հանրային քննարկման |factor.am|

factor.am: Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է պարտադիր ատեստավորման համակարգ ներդնել կառույցում։ Նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ ԱԱԾ-ն հիմնավորում է, որ ատեստավորումն անցած ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար, ինչը կխթանի ԱԱԾ-ում ծառայության անցնելու գրավչությունը և կկանխի կադրերի արտահոսքը։ «Հաշվի առնելով ներկայիս անվտանգային լուրջ մարտահրավերները, այդ թվում՝ այն հանգամանքը, որ ԱԱԾ սահմանապահ զորքերը փուլային տարբերակով պաշտպանության նախարարությունից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը՝ հրամայական է Ազգային անվտանգության ծառայությունը համալրել որակյալ և բանիմաց կադրերով՝ գրավիչ դարձնելով ծառայությունն ազգային անվտանգության մարմիններում ընդհանրապես»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։ Նախագծի՝ օրենքի ուժ ստանալու դեպքում ատեստավորումն իրականացվելու է պարտադիրության սկզբունքով։ «Այն ծառայողներին, որոնց համար ատեստավորման արդյունք­նե­րով հաշվարկ­վել է հավ­ե­լա­վճար, այն կվճարվի 3 տարի ժամկետով, իսկ հավելավճարի վճարումը շա­րու­նակ­վելու հա­մար՝ ծառայողը ստիպված կլինի անցնել նոր ատեստավորում»,- նշված է նախագծում։ Շարունակությունը՝ factor.am-ում
15:09 - 28 դեկտեմբերի, 2022
ԱԱԾ-ն նոր վտանգներ է արձանագրել ՀՀ ազգային անվտանգության արտաքին սպառնալիքների տիրույթում. Արմեն Աբազյան

ԱԱԾ-ն նոր վտանգներ է արձանագրել ՀՀ ազգային անվտանգության արտաքին սպառնալիքների տիրույթում. Արմեն Աբազյան

Դեկտեմբերի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ Հայաստանի անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, որին մասնակցեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բացման խոսքով հանդես եկավ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանը, ով շնորհավորեց ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ և ներկայացրեց 2022 թվականի ընթացքում կատարած աշխատանքի առավել նշանակալի արդյունքները։ «Աշխարհաքաղաքական ներկայիս դիմակայության և մեր տարածաշրջանում ծավալվող զարգացումների ընդհանուր խորապատկերում Ազգային անվտանգության ծառայության կողմից իր առջև դրված խնդիրների իրագործման շրջանակներում արձանագրվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության արտաքին սպառնալիքների տիրույթում նոր զարգացումներ, վտանգներ և դրանց տարատեսակ դրսևորումներ, որոնց ժամանակին բացահայտման, գնահատման, հակազդման և չեզոքացման ուղղությամբ Ծառայության կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր», - ասաց Ա․ Աբազյանը: ԱԱԾ տնօրենը իր ելույթում նշեց, որ հատուկ ուշադրության կենտրոնում են պահվում 2022 թվականի ընթացքում «Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով» միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների համակարգումը, որը փոխանցվել է Ազգային անվտանգության ծառայությանը, ինչի շրջանակներում ձևավորվել է նոր հանձնաժողով և դրան կից աշխատանքային խումբ: «Հանձնաժողովն արդեն հրավիրել է նիստեր և ձեռնամուխ է եղել այս ոլորտում տարբեր գերատեսչությունների աշխատանքների համակարգմանը: Կազմակերպվել են մի շարք հանդիպումներ գերեվարված և անհայտ կորած անձանց ծնողների հետ, որի ընթացքում քննարկվել են վերջիններիս կողմից բարձրացված հարցերը և հանձնաժողովի անդամներին տրվել են կոնկրետ հանձնարարականներ», - ասաց Արմեն Աբազյանը: Ամփոփելով 2022թ․ ընթացքում Ազգային անվտանգության մարմինների հիմնական ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքները՝ Ա․ Աբազյանը փաստեց, որ դեռևս առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնց ուղղությամբ ԱԱԾ-ի կողմից իրականացվում են ամենօրյա հետևողական աշխատանքներ՝ դրանք վերացնելու ուղղությամբ: «Հավաստիացնում եմ, որ Ազգային անվտանգության ծառայությունը տիրապետում է երկրում տիրող օպերատիվ իրավիճակին և հետևողական շարունակելու է ապահովել անձի, հասարակության և պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, ինչպես նաև չեզոքացնելու է պետության ներքին և արտաքին անվտանգության սպառնալիքները»,- ասաց ՀՀ ԱԱԾ տնօրենը: Մասնագիտական տոնի կապակցությամբ անվտանգության մարմինների աշխատակիցներին շնորհավորեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով բարձր գնահատելով Ազգային անվտանգության ծառայության աշխատանքն ու նվիրվածությունը, նշեց․ «Ազգային անվտանգության ծառայությունն այն մարմինն է, որի աշխատանքի ծավալը և արդյունավետությունը ոչ բոլորին է տեսանելի և տեղեկատվությունը հասանելի, դա Ծառայության առանձնահատկություններից է և սա ես ընդգծում եմ նրա համար, որ գնահատում եմ ԱԱԾ-ի նվիրված աշխատանքը։ Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության կարևորագույն հիմնասյուներից է՝ մի մարմին, պետական կառավարման մի համակարգ, որը պարտավոր է լինել ամենապետականամետը և մյուս կողմից, մի մարմին, որը տիրապետում է երկրում և նրա շուրջ առկա բոլոր խնդիրների մասին ամբողջական տեղեկատվությանը։ Քանի դեռ մեր երկրի անվտանգության բոլոր մարտահրավերները հասցեագրված չեն՝ դա նշանակում է, որ մեր բոլորի աշխատանքը բավարար չափով արդյունավետ չեմ կարող համարել, որովհետև մենք առնչվում ենք ոչ սովորական մարտահրավերների»: Մասնագիտական տոնի առթիվ ՀՀ վարչապետի կողմից ԱԱԾ մի շարք աշխատակիցներ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար արժանացան պետական պարգևների, շնորհակալագրերի և հուշամեդալների: Օրվա խորհրդին համահունչ՝ ՀՀ ԱԱԾ տնօրենը, տեղակալները, դեպարտամենտի ղեկավարները և ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարը հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելիս զոհված և հերոսացած սահմանապահների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթողներին:
19:34 - 20 դեկտեմբերի, 2022
Բացահայտվել և կանխվել է մաքսային ոլորտում կազմակերպված ու շարունակական բնույթ կրող չարաշահումների մեխանիզմ

Բացահայտվել և կանխվել է մաքսային ոլորտում կազմակերպված ու շարունակական բնույթ կրող չարաշահումների մեխանիզմ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ծառայողների ձեռնարկած ծավալուն և համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է արտաքին տնտեսական գործունեության ընթացքում տնտեսվարող կազմակերպության կողմից իրականությանը չհամապատասխանող հայտարարագրերի հիման վրա, առանց պատշաճ մաքսային հսկողության մեծածավալ ապրանքների ՀՀ ներկրման կազմակերպված և տևական ժամանակ կիրառվող հանցավոր մեխանիզմ, ինչի արդյունքում տնտեսվարողը չարամտորեն խուսափել է ՀՀ պետբյուջե առանձնապես խոշոր չափերի հարկերի և տուրքերի վճարումից։ Մասնավորապես, մի քանի ընկերություններ փաստացի ղեկավարող եղբայրներ Ռ.Կ-ն, Հ.Կ-ն և Կ.Կ-ն նախնական համաձայնություն են ձեռք բերել ՀՀ-ում գործող առևտրային կենտրոններում չինական և թուրքական արտադրության ապրանքների վաճառքով զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ, վերջիններիս կողմից առևտրային նպատակներով Թուրքիայից ձեռք բերված խոշոր խմբաքանակներով չինական և թուրքական արտադրության հագուստեղենն առանց պատշաճ ձևակերպման և մաքսային վճարումների ՀՀ ներկրելու վերաբերյալ: Յուրաքանչյուր մեկ կիլոգրամ ապրանքի մաքսանենգ ՀՀ ներկրման համար տնտեսվարողները եղբայրներին վճարել են միջինը 4 ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Գործող հանցավոր մեխանիզմի համաձայն՝ Ռ.Կ-ն, Հ.Կ-ն և Կ.Կ-ն պարբերաբար Վրաստանից ՀՀ են ներկրել միաժամանակ երկու բեռնատարների մեջ բարձված ապրանքներ, որոնցից առաջինը բեռնված է եղել միրգ-բաջարեղենով, ինչը պատշաճ ձևակերպված է եղել մաքսային փաստաթղթերում, իսկ երկրորդը բեռնված է եղել չինական և թուրքական արտադրության հագուստով և այլ ապրանքներով, սակայն մաքսային փաստաթղթերում ձևակերպված է եղել, որպես միրգ-բանջարեղեն: Օրինական բեռով բեռնատարը սահմանային անցակետում նախնական ձևակերպումներն իրականացնելուց հետո անմիջապես ուղևորվել է Երևանում գործող մաքսային պահեստ՝ մաքսազերծում իրականացնելու նպատակով, իսկ ապօրինի բեռով բեռնված բեռնատարը սահմանային անցակետում որպես միրգ-բանջարեղեն նախնական ձևակերպում իրականացնելուց հետո անմիջապես ուղևորվել է Ռ.Կ-ի, Հ.Կ-ի և Կ.Կ-ի կողմից ՀՀ Արարագածոտնի մարզում վարձակալված պահեստ, որտեղ հանցավոր մեխանիզմում ներգրավված այլ անձանց օժանդակությամբ, վերջիններիս կողմից, առանց մաքսային կետում կնքված կապարակնիքի տեղաշարժման և հեռացման բեռնաթափվել են ապօրինի ներկրված հագուստները և անմիջապես առաքվել տնտեսվարող սուբյեկտներին պատկանող առևտրային կետեր, որից հետո օրինական եղանակով ներկրված և  մաքսազերծված հիշյալ առաջին բեռնատարը տեղափոխվել է նույն պահեստ, որտեղ մաքսազերծված միրգ-բանջարեղենը բեռնվել է ապօրինի հագուստի փոխարեն և ուղևորվել մաքսային տերմինալ՝ մաքսազերծման համար։ Դեպքի առթիվ 2022 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը քննչական ենթակայության կանոններին համապատասխան ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային վարչություն։ Հանցավոր գործունեության կանխման նպատակով իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական և վարութային գործողությունների արդյունքում, 2022 թվականի դեկտեմբերի 17-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից կանխվել է վերը նկարագրված հանցավոր եղանակով հագուստեղենի ներկրման հերթական դեպքը, որի արդյունքում Ռ.Կ-ի, Հ.Կ-ի և Կ.Կ-ի կողմից ՀՀ Արարագածոտի մարզում վարձակալված պահեստում հայտնաբերվել է վրացական հաշվառման համարանիշի բեռնատար ավտոմեքենան, որում փաստացի գտնվել է ավելի քան 9.5 տոննա հագուստեղեն, որը, սակայն բեռնատար ավտոմեքենայի տարանցիկ մաքսային փաստաթղթերում նշված է եղել որպես մանդարին։ Քրեական վարույթի շրջանակներում 4 անձ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել են և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները և հանցավոր մեխանիզմում պաշտոնատար անձանց հնարավոր ներգրավվածությունը պարզելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար։
10:26 - 20 դեկտեմբերի, 2022
Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

2022 թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն գեներալ-մայոր Ա.Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել են գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներ և հարազատներ, ինչպես նաև հանձնաժողովին կից գործող աշխատանքային խմբի անդամները: Նիստի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ գեներալ-մայոր Ա.Աբազյանի կողմից նշվել են այն առաջնահերթությունները, որոնք ի հայտ էին եկել հանձնաժողովի նախորդ նիստից հետո կատարված աշխատանքների ամփոփման և վերլուծության   արդյունքում: Հատկապես կարևորվել են գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց վերաբերյալ հարցերի իրավական կարգավորման անհրաժեշտությունը և որոշվել է կոնկրետ քայլեր ձեռնարկել ՀՀ արդարադատության նախարարության համակարգմամբ համապատասխան օրենքի հայեցակարգի նախագծի մշակման ուղղությամբ: Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարազատների հետ մշտական կապ ապահովելու նպատակով հստակ հանձնարարություններ են տրվել: Մասնավորապես՝ ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան աշխատակիցների միջոցով կապահովվի ծնողների ու հարազատների դիմումների և առաջարկությունների ստացման և արձանագրման գործընթացը՝ աշխատանքային խմբին փոխանցելու նպատակով: Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են կատարված աշխատանքները, նախորդ նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահի կողմից տրված հանձնարարականների իրականացման ընթացքը, ինչպես նաև պատասխանել են նիստին ներկա գտնվող ծնողների ու հարազատների կողմից հնչեցված հարցերին: Նիստն ամփոփվել է հանձնաժողովի անդամներին տրված հստակ հանձնարարականներով:
21:10 - 19 դեկտեմբերի, 2022
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ազատ կարձակվի․ դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ազատ կարձակվի․ դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ, այսօր մերժեց փաստաբան էրիկ Ալեքսանյանի կալանավորումը երկարաձգելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջով հայտնել է Ալեքսանյանի պաշտպան Գայանե Պապոյանը։ Ալեքսանյանն ազատ կարձակվի վաղը՝ դեկտեմբերի 17-ին։  Նա, հիշեցնենք, հոկտեմբերի 17-ին ձերբակալվել էր, որից 2 օր անց՝ հոկտեմբերի 19-ին, դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել։ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ մինչդատական վարույթում կալանքը կարող է կիրառվել կամ դրա ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր դեպքում երկու ամսից ոչ ավելի ժամկետով։ Այժմ, երբ մոտենում է երկամսյա ժամկետի ավարտը, ԱԱԾ-ն միջնորդել էր կալանավորումը եւս երկու ամսով երկարաձգել։ Փաստաբանը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու հարցում դատավոր Արուսյակ Ալեքսանյանին օժանդակելու մեջ։ Առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ըստ ԱԱԾ-ի՝ դատավորը, տեղեկացված լինելով ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով մեղադրյալ, իր եղբոր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման առկայության մասին, խմբային շահերից ելնելով, պատրաստակամություն է հայտնել վերջինի օգտին կատարել ապօրինի գործողություններ, այն է՝ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու միջոցով նրան ազատել կալանքից։ Այդ անձն էլ հենց փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանյալն է։ Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը եւս այս պահին կալանավորված է։  
13:51 - 16 դեկտեմբերի, 2022
Քննիչը հանցավոր արարք կատարած անձից պահանջել և կաշառք է ստացել նրան չձերբակալելու դիմաց

Քննիչը հանցավոր արարք կատարած անձից պահանջել և կաշառք է ստացել նրան չձերբակալելու դիմաց

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձ Ա.Լ-ն, իր լիազորությունների սահմաններում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված կարգով նախաձեռնելով քրեական վարույթ և ձեռնամուխ լինելով նախաքննությանը, նույն քրեական վարույթով առերևույթ հանցավոր արարք կատարած անձի օգտին, իր լիազորությունների սահմաններում գործողություններ չկատարելու, այն է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով նրան չձերբակալելու և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն չներկայացնելու համար քաղաքացուց 2022 թվականի նոյեմբերի 1-ին պահանջել է 5.000.000 ՀՀ դրամ կաշառք: Վերջինիս մայրը, չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ, իր ծանոթներից պարտքով վերցնելով 1.000.000 ՀՀ դրամ գումար, 2022 թվականի նոյեմբերի 4-ին, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 29 հասցեում գործող «KFC» արագ սննդի կետի հետնամասում գտնվող այգում այն անձամբ փոխանցել է քննիչին, այնուհետև 2022 թվականի նոյեմբերի 11-ին, որպես վարկային միջոց, ստանալով 1.000.000 ՀՀ դրամ գումար, նույն օրը Երևան քաղաքի վերոնշյալ վայրում, այն անձամբ կրկին տվել է հիշյալ քննիչին՝ որդու օգտին, իր լիազորությունների սահմաններում գործողություններ չկատարելու համար, իսկ պահանջված կաշառքի մնացած 3.000.000 ՀՀ դրամը պայմանավորվել են փոխանցել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 16-ը: Դեպքի առթիվ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ: 2022 թվականի դեկտեմբերի 13-ին, գաղտնի քննչական գործողություն կատարելու արդյունքում, նախապես քիմիական համապատասխան միջոցներով մշակված 2.000.000 ՀՀ դրամ գումարը, որպես պահանջված կաշառքի մաս, Երևան քաղաքի կրկին նույն վայրում, քաղաքացին անձամբ փոխանցել է քննիչին, որից հետո վերջինս ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել է և ներկայացրել ստացված 2.000.000 ՀՀ դրամ կաշառք գումարը: Ա.Լ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
10:23 - 15 դեկտեմբերի, 2022
ՊՊԾ-ն կառանձնացվի Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը

ՊՊԾ-ն կառանձնացվի Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը

Պետական պահպանության ծառայությունը կառանձնացվի Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից։ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։  Անվտանգության խորհդրի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում ասել էր, որ այս փոփոխության հրապարակային հանձնառությունը ՀՀ կառավարությունը վերցրել է 2021-2026 թթ․ գործունեության միջոցառումների ծրագրերով․ «Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ՊՊԾ-ն առանձնացնել ԱԱԾ մարմինների համակարգից՝ այն նախատեսելով որպես վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին։ Ընդհանուր առմամբ, կառավարությունը անվտանգության համակարգի լայնածավալ բարեփոխումների գործընթաց սկսել է 2018 թ․-ից, բայց դրա անհրաժեշտությունը ավելի է սրվել 2020 թ․-ի 44-օրյա պատերազմից, և հիմնական խնդիրը այն է, որ բարձրացնենք մեր անվտանգության մարմինների արդյունավետությունը»։ Գրիգորյանը տեղեկացրել էր նաև, որ այս բարեփոխումների շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվում ատեստավորման ճանապարհով անվտանգության մարմինների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու հարցին: ԱԽ քարտուղարկի խոսքով՝ 2018 թ. սկսած համակարգում աշխատավարձերը համընդհանուր բարձրացվել են, սակայն ատեստավորման միջոցով բարձրացումը կարևորվում է, որովհետև դրա հիմքում դրված է  անհատական ջանքի ներդրումը:
17:55 - 09 դեկտեմբերի, 2022
Վարչապետը բազմաթիվ անգամ ընդդիմությանը առաջարկել է հանդիպել՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ բոլոր հարցերը ներկայացնելու համար․ Գրիգորյան

Վարչապետը բազմաթիվ անգամ ընդդիմությանը առաջարկել է հանդիպել՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ բոլոր հարցերը ներկայացնելու համար․ Գրիգորյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, անդրադառնալով քննարկվող օրինագծին, ըստ որի՝ նախատեսվում է Պետական պահպանության ծառայությունը առանձնացնել Ազգային անվտանգության ծառայությունից, հարց ուղղեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին։  «Որքան հիշում եմ, դուք ևս միշտ հանդես եք եկել սուպերվարչապետության դեմ, ի՞նչ պատահեց, որ եկել ներկայացնում եք մի փոփոխություն, որը այդ սուպերվարչապետությունը մեղմ ասած չի կազմաքանդում»,- հետաքրքվեց Գեղամ Նազարյանը։ «Ես դեմ եմ եղել սուպերվարչապետության համակարգին մի կոմպոնենտի բացակայության դեպքում, ազատ արդար ընտրությունների բացակայության դեպքում։ Երբ կան ազատ արդար ընտրություններ և համակարգը ժողովրդավարական է, ես այդպիսի խնդիրներ չեմ տեսնում, որովհետև կառավարությունը պատասխանատու է հանրության առջև, կա ընդդիմություն, ով հնարավորություն ունի հարցեր բարձրացնելու և այս առումով, կարծում եմ, որ ինձ համար չկա տարբերություն՝ սուպերվարչապետություն է, թե վարչապետություն, կարևորը, որ լինեն ազատ արդար ընտրություններ»։  Գեղամ Նազարյանը նաև հետաքրքրվեց՝ ինչու խաղաղության պայմանագրի տեքստը չի քննարկվում ընդդիմադիր պատգամավորների հետ․ «Դուք անընդհատ շեշտում եք խորհրդարանական հանրապետություն, խորհրդարանական կառավարում։ Որքանով գիտեմ՝ ՔՊ պատգամավորների հետ որոշակի քննարկում լինում է այդ պայմանագրի կետերի, տեքստերի վերաբերյալ։ Ի՞նչն է խանգարում, որ դուք մեզ՝ որպես խորհրդարանական պետության պատգամավորների, մի օր բերեք ասեք՝ սա է տեքստը, կարո՞ղ է շատ վատ բան ենք անում»։  ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ ասաց՝ վարչապետը բազմաթիվ անգամ առաջարկել է ընդդիմությանը, որպեսզի հանդիպեն և վարչապետը ներկայացնի արտաքին քաղաքականության հետ կապված բոլոր հարցերը․ «Միակ պայմանը, եթե չեմ սխալվում, այդ հանդիպման փակ լինելն էր։ Եթե այս առումով դուք հրապարակային առաջարկություն եք հնչեցնում, կարող եք ավելի կոնկրետացնել առաջարկը և հրապարակային քննարկում ունենալ»։  Անդրադառնալով Գեղամ Նազարյանի մյուս հարցին, թե ինչ խնդիր է լուծվում, ինչով է ԱԱԾ-ն կաշկանդված, երբ ՊՊԾ-ն գտնվում է այդ կառույցի ներսում, Գրիգորյանն ասաց, որ ԱԱԾ-ն կաշկանդված չի եղել, պարզապես ֆունկցիաներն են շատ եղել, դա ոչ թե կաշկանդել է, այլ հնարավորություն չի տվել կառույցին արդյունավետ աշխատել։
14:22 - 09 դեկտեմբերի, 2022
Կառավարությունը առաջարկում է Պետական պահպանության ծառայությունը առանձնացնել ԱԱԾ մարմինների համակարգից․ ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Կառավարությունը առաջարկում է Պետական պահպանության ծառայությունը առանձնացնել ԱԱԾ մարմինների համակարգից․ ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Կառավարությունը առաջարկում է Պետական պահպանության ծառայությունը (ՊՊԾ) առանձնացնել Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից։  «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը այսօր՝ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա նշեց՝ այս փոփոխության հրապարակային հանձնառությունը ՀՀ կառավարությունը վերցրել է 2021-2026 թթ․ գործունեության միջոցառումների ծրագրերով․ «Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ՊՊԾ-ն առանձնացնել ԱԱԾ մարմինների համակարգից՝ այն նախատեսելով որպես վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին։ Ընդհանուր առմամբ, կառավարությունը անվտանգության համակարգի լայնածավալ բարեփոխումների գործընթաց սկսել է 2018 թ․-ից, բայց դրա անհրաժեշտությունը ավելի է սրվել 2020 թ․-ի 44-օրյա պատերազմից, և հիմնական խնդիրը այն է, որ բարձրացնենք մեր անվտանգության մարմինների արդյունավետությունը»։ Գրիգորյանն ընդգծեց՝ որոշ դեպքերում որոշել են տարանջատել կառույցների գործառույթները, որոշ դեպքերում՝ միավորել․ «Օրինակ, ԱԻՆ-ը և Ոստիկանությունը միացվել են և ձևավորովում է Ներքին գործերի նախարարությունը․ գնացել ենք այն տրամաբանությամբ, որ անվտանգության մարմինները միավորում ենք և մեկ կառույցի մեջ ենք փորձում տեղավորել համակարգը։ Կան դեպքեր, երբ առնանձնացնում ենք համակարգի մաս կազմող այդ մարմինները, որպեսզի բարձրացնենք նրանց արդյունավետությունը և  նրանց անվտանգության ապահովման կարողությունները»։ Առանձնացման դեպքերին անդրադառնալով՝ Գրիգորյանը խոսեց ՊՊԾ-ի և Արտաքին հետախուզական ծառայության ստեղծման մասին․ «Ինչու ենք պետական պահպանության ծառայությունը և արտաքին հետախուզական ծառայությունը առանձնացնում ԱԱԾ-ից, բազմաթիվ պատճառներ կան, նույնիսկ արտաքին հետախուզության դեպքում կարգավիճակի հարց կա, բայց ԱԱԾ-ին հնարավորություն ենք տալիս, որ վերջինս կենտրոնանա երեք ուղղությամբ աշխատանքի վրա, դա հակահետախուզությունն է, հակաահաբեկչությունը և սահմանադրական կարգը»։ Հիշեցնենք, որ երեկ՝ Կառավարության նիստի ընթացքում գործադիրը հավանություն է տվել օրենքների նախագծերի, որով առաջարկվում է ՀՀ-ում ստեղծել արտաքին հետախուզական ծառայություն։ Գրիգորյանը տեղեկացրեց նաև, որ այս բարեփոխումների շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվում ատեստավորման ճանապարհով անվտանգության մարմինների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու հարցին: ԱԽ քարտուղարկի խոսքով՝ 2018 թ. սկսած համակարգում աշխատավարձերը համընդհանուր բարձրացվել են, սակայն ատեստավորման միջոցով բարձրացումը կարևորվում է, որովհետև դրա հիմքում դրված է  անհատական ջանքի ներդրումը: 
12:50 - 09 դեկտեմբերի, 2022
ՊՊԾ-ն կառանձնացվի ԱԱԾ-ից. ԱԺ նախագահի ընտանիքի անդամներին ևս պետական պահպանություն կտրամադրվի

 |armenpress.am|

ՊՊԾ-ն կառանձնացվի ԱԱԾ-ից. ԱԺ նախագահի ընտանիքի անդամներին ևս պետական պահպանություն կտրամադրվի |armenpress.am|

armenpress.am: Պետական պահպանության ծառայությունը կառանձնացվի Ազգային անվտանգության ծառայության մարմիններից և կդառնա առանձին մարմին՝ վարչապետին ենթակա մարմին, իսկ  պաշտոնաթող վարչապետերի և նախագահների համար պետական պահպանությունը գործող ցմահի փոխարեն կտրամադրվի համապատասխանաբար 7 և 10 տարի ժամկետով, որից հետո՝ հնարավորությունը կնախատեսվի վարչապետի որոշմամբ, բացի այդ՝ ԱԺ նախագահի ընտանիքի անդամներին ևս պետական պահպանություն կտրամադրվի: «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Առաջարկվում է պետական պահպանության ծառայությունը ԱԱԾ-ի մարմիններից առանձնացնել ու դարձնել առանձին մարմին: Նախատեսվում է նաև խմբագրել պաշտոնաթող նախագահներին և վարչապետերին տրամադրվող անձնական ցմահ պետական պահպանության տրամադրման վերաբերյալ գործող դրույթները: Այս դրույթները վերաբերելու են գործող և ապագա վարչապետերին ու նախագահներին: «Ըստ դրույթների՝ Հանրապետության պաշտոնաթող նախագահների դեպքում սահմանվում է 7 տարվա, իսկ պաշտոնաթող վարչապետերի դեպքում 10 տարվա ժամկետ, որից հետո վերջիններիս համար պետական պահպանություն տրամադրելու հնարավորությունը նախատեսվում է վարչապետի որոշմամբ»,-նշեց Գրիգորյանը: Միաժամանակ առաջարկվում է լրամշակել ԱԺ նախագահին տրամադրվող պետական պահպանության դրույթն այնպես, որ պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվի նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին: Այս դրույթը գործելու է օրենքն ընդունելու պահից սկսած: Նախագծով ծառայության պետի և վերջինիս տեղակալի համար նախատեսվել են ոչ զինվորական, վարչական պաշտոններ: Ծառայությունում նախատեսվում են ծառայության պետի տեղակալի՝ ինչպես զինվորական ծառայության պաշտոններ, այնպես էլ  ոչ զինվորական ծառայության պաշտոններ: Պարզեցվել են վերջիններիս պաշտոնի նշանակման ներկայացվող պահանջները, որի արդյունքում վերոնշյալ պաշտոնները կարող են համալրվել նաև քաղաքացիական անձանց կողմից: Հանրապետության նախագահի, վարչապետի և նրանց ընտանիքի անդամների համար գործող  կարգավորումներով ամրագրված անձնական բժիշկ ունենալու փոխարեն առաջարկվում է սահմանել, որ վերջիններիս համար ապահովվելու է ՀՀ-ում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Նույն կարգավորումն  է նախատեսվում նաև ԱԺ նախագահի և նրա ընտանիքի անդամների համար: Թե ինչո՞ւ են որոշել ՊՊԾ-ն առանձնացնել ԱԱԾ-ից՝ ԱԽ քարտուղարը հայտնեց. «Այս պահին կա քաղաքական որոշում, որ ԱԱԾ-ին պետք է թողնվի 3 գլխավոր գործառույթ՝ հակահետախուզություն, սահմանադրական կարգի պահպանում, ահաբեկչության դեմ պայքար: Այս երեք գործառույթներն են դրվում ԱԱԾ-ի վրա»: Գրիգորյանը հայտնեց, որ այս պահին աշխատում են ՊՊԾ-ի համար աշխատավարձերը մինչև 100 տոկոս բարձրացնելու ուղղությամբ: Նախագծերի փաթեթը քվեարկությամբ ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ նիստում:  
15:33 - 08 դեկտեմբերի, 2022
Բացահայտվել և կանխվել է մի շարք անձանց 3400-7000 ԱՄՆ դոլարի դիմաց անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք․ ԱԱԾ

Բացահայտվել և կանխվել է մի շարք անձանց 3400-7000 ԱՄՆ դոլարի դիմաց անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք․ ԱԱԾ

«ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններով վարչության և քննչական դեպարտամենտի ծառայողների համատեղ նախապատրաստած և տակտիկապես իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Բ-ն, հանդիսանալով ՀՀ-ում գործող «Մուայ Թայ» ֆեդերացիայի նախագահը, 2022 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսների  ընթացքում, շահադիտական նպատակով, երկու և ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելու դիտավորությամբ, նախնական համաձայնության է եկել վարույթով դեռևս չպարզված անձանց հետ, որից հետո, պայմանավորվածության համաձայն, խմբի անդամներով, փոխլրացնելով միմյանց գործողությունները, նախապես կատարելով դերերի բաշխում, Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիներից 3400-7000 ԱՄՆ դոլար գումարներ ստանալու դիմաց կազմակերպել են հիշյալ անձանց ՀՀ-ից ելքի, օտարերկրյա համապատասխան պետություններ մուտքի, իսկ այնուհետև նաև այդ պետություններում գտնվելու գործընթացը։ Մասնավորապես, վերջիններս՝ «Շենգենյան համաձայնության երկրների» մուտքի պատշաճ թույլտվություն ստանալու նպատակով վերը նշված անձանց վերաբերյալ ՀՀ-ում գտնվող իրավասու մարմիններ ներկայացնելով իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող և իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր՝ «Մուայ Թայ» ֆեդերացիայի մարզիկ կամ մարզիչ հանդիսանալու, աշխատավայրի, աշխատավարձի չափի, բանկային հաշիվների, եկամուտների, ինչպես նաև բովանդակությամբ ակնհայտ կեղծ՝ իրականությանը չհամապատասխանող այլ տեղեկություններ պարունակող տեղեկանքներ՝ այդ կերպ խմբի կազմում նախնական համաձայնությամբ կազմակերպել են մի շարք անձանց անօրինական միգրացիան:     Նախաքննության ընթացքում քրեական վարույթի շրջանակներում անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամի բնակարանում, ավտոմեքենայում, ինչպես նաև «Մուայ Թայ» ֆեդերացիայի գրասենյակում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են բազմաթիվ կեղծված փաստաթղթեր, փաստաթղթերի դատարկ ձևանմուշներ, ինչպես նաև քրեական վարույթի համար նշանակություն ունեցող այլ տվյալներ։ Նախաքննության ընթացքում հանցավոր խմբի անդամներից մեկն անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել է և քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ խմբի կազմում անօրինական միգրացիայի կազմակերպման համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,-նշված է հաղորդագրության մեջ: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր արարքներում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
11:12 - 06 դեկտեմբերի, 2022
ԱԱԾ-ն բացահայտել է պետական դավաճանության նոր դեպք

ԱԱԾ-ն բացահայտել է պետական դավաճանության նոր դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների մշակած և ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N զորամասի կոչումով մայոր սպան 2021 թվականի հուլիսին հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, հավաքագրվել նրանց կողմից, նրանց հետ համագործակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրել։ Այնուհետև, ծառայության նշանակվելով ՀՀ ՊՆ մեկ այլ զորամասում՝ որպես զորամասի ծառայություններից մեկի պետ, ծառայության ընթացքում օտարերկրյա հատուկ ծառայություններից հաղորդագրությունների միջոցով ստանալով համագործակցությունը շարունակելու վերաբերյալ առաջարկություն և ընդունելով այն, պարտավորվել է վարձատրության դիմաց հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայություններին հանձնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար ռազմական բնագավառի պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, որպիսի պայմաններում իր հանցավոր գործունեությունն իրագործելով՝ 2022 թվականի փետրվարից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում հավաքել և իր կողմից օգտագործվող տարբեր բջջային հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող ռազմական բնագավառի տեղեկություններ, մասնավորապես՝ գաղտնի դրոշմով տարբեր բովանդակության փաստաթղթեր, իր ծառայության վայրի, ստորաբաժանումների ուղղվածության, տեսակի և քանակի, ինչպես նաև նշված ստորաբաժանումների կողմից ՀՀ արևելյան և հարավային ուղղություններում ծառայություն իրականացնելու վերաբերյալ տվյալները, որոնց դիմաց որպես վարձատրություն՝ օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչից տարբեր օրերի ընդհանուր ստացել է 19.700 ԱՄՆ դոլար գումար՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության: ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հիշյալ սպային ներկայացվել է մեղադրանք, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է ՀՀ բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ զինծառայողներին՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու կամ համագործակցության առաջարկ ստանալու մասին անհապաղ տեղեկացնել իրավասու մարմիններին՝ ՀՀ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցերը նրանց հետ քննարկելը և տեղեկությունների փոխանցումը բացառելու, ինչպես նաև համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:  Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:28 - 29 նոյեմբերի, 2022