Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ազատ կարձակվի․ դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը
13:51 - 16 դեկտեմբերի, 2022

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ազատ կարձակվի․ դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ, այսօր մերժեց փաստաբան էրիկ Ալեքսանյանի կալանավորումը երկարաձգելու մասին քննիչի միջնորդությունը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջով հայտնել է Ալեքսանյանի պաշտպան Գայանե Պապոյանը։

Ալեքսանյանն ազատ կարձակվի վաղը՝ դեկտեմբերի 17-ին։ 

Նա, հիշեցնենք, հոկտեմբերի 17-ին ձերբակալվել էր, որից 2 օր անց՝ հոկտեմբերի 19-ին, դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել։ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ մինչդատական վարույթում կալանքը կարող է կիրառվել կամ դրա ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր դեպքում երկու ամսից ոչ ավելի ժամկետով։ Այժմ, երբ մոտենում է երկամսյա ժամկետի ավարտը, ԱԱԾ-ն միջնորդել էր կալանավորումը եւս երկու ամսով երկարաձգել։

Փաստաբանը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու հարցում դատավոր Արուսյակ Ալեքսանյանին օժանդակելու մեջ։ Առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Ըստ ԱԱԾ-ի՝ դատավորը, տեղեկացված լինելով ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով մեղադրյալ, իր եղբոր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման առկայության մասին, խմբային շահերից ելնելով, պատրաստակամություն է հայտնել վերջինի օգտին կատարել ապօրինի գործողություններ, այն է՝ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու միջոցով նրան ազատել կալանքից։ Այդ անձն էլ հենց փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանյալն է։

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը եւս այս պահին կալանավորված է։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել