Կառավարությունը առաջարկում է Պետական պահպանության ծառայությունը առանձնացնել ԱԱԾ մարմինների համակարգից․ ԱԺ-ն քննարկեց նախագիծը
12:50 - 09 դեկտեմբերի, 2022

Կառավարությունը առաջարկում է Պետական պահպանության ծառայությունը առանձնացնել ԱԱԾ մարմինների համակարգից․ ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Կառավարությունը առաջարկում է Պետական պահպանության ծառայությունը (ՊՊԾ) առանձնացնել Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից։

 «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը այսօր՝ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա նշեց՝ այս փոփոխության հրապարակային հանձնառությունը ՀՀ կառավարությունը վերցրել է 2021-2026 թթ․ գործունեության միջոցառումների ծրագրերով․ «Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ՊՊԾ-ն առանձնացնել ԱԱԾ մարմինների համակարգից՝ այն նախատեսելով որպես վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին։ Ընդհանուր առմամբ, կառավարությունը անվտանգության համակարգի լայնածավալ բարեփոխումների գործընթաց սկսել է 2018 թ․-ից, բայց դրա անհրաժեշտությունը ավելի է սրվել 2020 թ․-ի 44-օրյա պատերազմից, և հիմնական խնդիրը այն է, որ բարձրացնենք մեր անվտանգության մարմինների արդյունավետությունը»։

Գրիգորյանն ընդգծեց՝ որոշ դեպքերում որոշել են տարանջատել կառույցների գործառույթները, որոշ դեպքերում՝ միավորել․ «Օրինակ, ԱԻՆ-ը և Ոստիկանությունը միացվել են և ձևավորովում է Ներքին գործերի նախարարությունը․ գնացել ենք այն տրամաբանությամբ, որ անվտանգության մարմինները միավորում ենք և մեկ կառույցի մեջ ենք փորձում տեղավորել համակարգը։ Կան դեպքեր, երբ առնանձնացնում ենք համակարգի մաս կազմող այդ մարմինները, որպեսզի բարձրացնենք նրանց արդյունավետությունը և  նրանց անվտանգության ապահովման կարողությունները»։

Առանձնացման դեպքերին անդրադառնալով՝ Գրիգորյանը խոսեց ՊՊԾ-ի և Արտաքին հետախուզական ծառայության ստեղծման մասին․ «Ինչու ենք պետական պահպանության ծառայությունը և արտաքին հետախուզական ծառայությունը առանձնացնում ԱԱԾ-ից, բազմաթիվ պատճառներ կան, նույնիսկ արտաքին հետախուզության դեպքում կարգավիճակի հարց կա, բայց ԱԱԾ-ին հնարավորություն ենք տալիս, որ վերջինս կենտրոնանա երեք ուղղությամբ աշխատանքի վրա, դա հակահետախուզությունն է, հակաահաբեկչությունը և սահմանադրական կարգը»։

Հիշեցնենք, որ երեկ՝ Կառավարության նիստի ընթացքում գործադիրը հավանություն է տվել օրենքների նախագծերի, որով առաջարկվում է ՀՀ-ում ստեղծել արտաքին հետախուզական ծառայություն։

Գրիգորյանը տեղեկացրեց նաև, որ այս բարեփոխումների շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվում ատեստավորման ճանապարհով անվտանգության մարմինների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու հարցին: ԱԽ քարտուղարկի խոսքով՝ 2018 թ. սկսած համակարգում աշխատավարձերը համընդհանուր բարձրացվել են, սակայն ատեստավորման միջոցով բարձրացումը կարևորվում է, որովհետև դրա հիմքում դրված է  անհատական ջանքի ներդրումը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել