Վարչապետը բազմաթիվ անգամ ընդդիմությանը առաջարկել է հանդիպել՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ բոլոր հարցերը ներկայացնելու համար․ Գրիգորյան
14:22 - 09 դեկտեմբերի, 2022

Վարչապետը բազմաթիվ անգամ ընդդիմությանը առաջարկել է հանդիպել՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ բոլոր հարցերը ներկայացնելու համար․ Գրիգորյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, անդրադառնալով քննարկվող օրինագծին, ըստ որի՝ նախատեսվում է Պետական պահպանության ծառայությունը առանձնացնել Ազգային անվտանգության ծառայությունից, հարց ուղղեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին։ 

«Որքան հիշում եմ, դուք ևս միշտ հանդես եք եկել սուպերվարչապետության դեմ, ի՞նչ պատահեց, որ եկել ներկայացնում եք մի փոփոխություն, որը այդ սուպերվարչապետությունը մեղմ ասած չի կազմաքանդում»,- հետաքրքվեց Գեղամ Նազարյանը։

«Ես դեմ եմ եղել սուպերվարչապետության համակարգին մի կոմպոնենտի բացակայության դեպքում, ազատ արդար ընտրությունների բացակայության դեպքում։ Երբ կան ազատ արդար ընտրություններ և համակարգը ժողովրդավարական է, ես այդպիսի խնդիրներ չեմ տեսնում, որովհետև կառավարությունը պատասխանատու է հանրության առջև, կա ընդդիմություն, ով հնարավորություն ունի հարցեր բարձրացնելու և այս առումով, կարծում եմ, որ ինձ համար չկա տարբերություն՝ սուպերվարչապետություն է, թե վարչապետություն, կարևորը, որ լինեն ազատ արդար ընտրություններ»։ 

Գեղամ Նազարյանը նաև հետաքրքրվեց՝ ինչու խաղաղության պայմանագրի տեքստը չի քննարկվում ընդդիմադիր պատգամավորների հետ․ «Դուք անընդհատ շեշտում եք խորհրդարանական հանրապետություն, խորհրդարանական կառավարում։ Որքանով գիտեմ՝ ՔՊ պատգամավորների հետ որոշակի քննարկում լինում է այդ պայմանագրի կետերի, տեքստերի վերաբերյալ։ Ի՞նչն է խանգարում, որ դուք մեզ՝ որպես խորհրդարանական պետության պատգամավորների, մի օր բերեք ասեք՝ սա է տեքստը, կարո՞ղ է շատ վատ բան ենք անում»։ 

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ ասաց՝ վարչապետը բազմաթիվ անգամ առաջարկել է ընդդիմությանը, որպեսզի հանդիպեն և վարչապետը ներկայացնի արտաքին քաղաքականության հետ կապված բոլոր հարցերը․ «Միակ պայմանը, եթե չեմ սխալվում, այդ հանդիպման փակ լինելն էր։ Եթե այս առումով դուք հրապարակային առաջարկություն եք հնչեցնում, կարող եք ավելի կոնկրետացնել առաջարկը և հրապարակային քննարկում ունենալ»։ 

Անդրադառնալով Գեղամ Նազարյանի մյուս հարցին, թե ինչ խնդիր է լուծվում, ինչով է ԱԱԾ-ն կաշկանդված, երբ ՊՊԾ-ն գտնվում է այդ կառույցի ներսում, Գրիգորյանն ասաց, որ ԱԱԾ-ն կաշկանդված չի եղել, պարզապես ֆունկցիաներն են շատ եղել, դա ոչ թե կաշկանդել է, այլ հնարավորություն չի տվել կառույցին արդյունավետ աշխատել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել