Կարմիր խաչի միջազգային կոմիտեն - ԿԽՄԿ

Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ) մարդասիրական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1863թ․ հունիսի 24-ին Ժնեւում։ 1949թ․ Ժնեւյան չորս կոնվենցիաների եւ 1977 ու 2005 թվականների դրանց լրացուցիչ արձանագրությունների անդամ երկրները ԿԽՄԿ-ին տվել են միջազգային եւ ներքին զինված հակամարտությունների տուժածների պաշտպանության մանդատ։ Այդ տուժածների թվին են պատկանում պատերազմի արդյունքում վիրավորվածները, բանտարկյալները (ռազմագերիներ), տեղահանվածները, քաղաքացիական անձինք եւ այլ ոչ կոմբատանտներ։
 
ԿԽՄԿ-ն Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի եւ 189 ազգային միությունների հետ միասին հանդիսանում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժման մի մասը։ Կազմակերպությունը երեք անգամ՝ 1917, 1944 եւ 1963 թվականներին, արժանացել է Նոբելյան մրցանակի։
 
Կոմիտեի առանցքային խնդիրները, որոնք բխում են Ժնեւյան կոնվենցիաներից եւ նրա սեփական կանոններից, հետեւյալն են․
 
Դիտարկել պատերազմող կողմերի գործողությունների համապատասխանությունը Ժնեւյան կոնվենցիաների դրույթներին,
Կազմակերպել ռազմադաշտում վիրավորվածների բժշկական օգնությունը եւ խնամքը,
Ղեկավարել պատերազմի ռազմագերիների բուժումը եւ պահող կողմի հետ վարել կոնֆիդենցիալ բանակցություններ,
Աջակցել զինված հակամարտության արդյունքում անհետ կորած անձանց փնտրման աշխատանքներին,
Կազմակերպել քաղաքացիական հասարակության պաշտպանություն եւ խնամք,
Պատերազմող կողմերի միջեւ հանդես գալ որպես չեզոք միջնորդ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1992 թվականից՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։
Ադրբեջանը հայտնել է 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին կալանավորելու մասին

Ադրբեջանը հայտնել է 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին կալանավորելու մասին

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է Վագիֆ Խաչատրյանին կալանավորելու մասին։ Նշվում է, որ Խաչատրյանը «ցեղասպանության գործով» միջազգային հետախուզման մեջ էր գտնվում։ Դատախազությունը հայտնում է, թե, իբր, Խաչատրյանը մեղադրվում է հանցավոր խմբավորման հետ գործելու մեջ, որը 1991 թ․ դեկտեմբերի 22-ին կազմակերպել և Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի ադրբեջանցիների դեմ իրականացրել է հանցագործություններ, ինչպես նաև, ոչնչացնելով գյուղացիներին պատկանող գույքը, պետությանը խոշոր չափի վնաս է հասցրել։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը արգելանքի է վերցրել այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին:  Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին մեկնաբանել է Ադրբեջանի կողմից արցախցի բուժառուին արգելանքի տակ վերցնելու լուրը՝ նշելով, որ նման գործողությունների պարագայում, երբ մարդկանց տեղափոխում պետք է իրականացվի, իրենք նախապես համաձայնություն են ստանում, որպեսզի հնարավոր լինի ընթացքն ապահով կազմակերպել։ Այսօրվա գործողությունն այդ առումով բացառություն չի եղել և նույն կերպ է կատարվել։ Մինչ օրս նման նախադեպ չի եղել։ 
17:07 - 29 հուլիսի, 2023
ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ադրբեջանի կողմից արցախցի բուժառուին արգելանքի տակ վերցնելու լուրը
 |armeniasputnik.am|

ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ադրբեջանի կողմից արցախցի բուժառուին արգելանքի տակ վերցնելու լուրը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի կողմից արցախցի բուժառուին արգելանքի տակ վերցնելու լուրը։ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ադրբեջանն այսօր արգելանքի է վերցրել Կարմիր խաչի միջոցով բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող քաղաքացիներից մեկին և անցակետից տեղափոխվել այլ վայր։ Նա նշել էր, որ ԿԽՄԿ ներկայացուցիչը գտնվում է քաղաքացու մոտ, սակայն բանակցությունները դեռևս որևէ արդյունք չեն տվել։ Ամատունին ասաց, որ նման գործողությունների պարագայում, երբ մարդկանց տեղափոխում պետք է իրականացվի, իրենք նախապես համաձայնություն են ստանում, որպեսզի հնարավոր լինի ընթացքն ապահով կազմակերպել։ «Սա ներառում է նաև տեղափոխվող մարդկանց մասին տեղեկությունների փոխանցում։ Այսօրվա գործողությունն այդ առումով բացառություն չէր և նույն կերպ է կատարվել։ Գործողություններ իրականացնելիս այս հանգամանքը միշտ պահպանել ենք, որպեսզի հստակ տվյալներ ներկայացնելով` կարողանանք վստահ լինել, որ ամեն ինչ համաձայնեցված է։ Մինչ օրս նման նախադեպ չենք ունեցել»,– նշեց Ամատունին։ Նա նաև շեշտեց, որ ցանկացած խնդրի դեպքում կոնֆիդենցիալ երկխոսության միջոցով համապատասխան իշխանությունների հետ իրենք մշտապես կապի մեջ են։ ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավարը նշեց, որ իրենք չեն կարող տվյալ պահին ավելի մանրամասն խոսել, թե ինչպես և ինչ է տեղի ունենում։
16:50 - 29 հուլիսի, 2023
Արցախից ՀՀ տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի ճակատագիրն այս պահին անհայտ է․ Արցախի ՄԻՊ

Արցախից ՀՀ տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի ճակատագիրն այս պահին անհայտ է․ Արցախի ՄԻՊ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։  ՄԻՊ-ը նշում է՝ հարազատներից, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկը առևանգված բուժառուի մոտ չէ։ Այս պահին ճակատագիրը անհայտ է։ Դեպքի վերաբերյալ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից շարունակվում է փաստերի հավաքագրումը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը արգելանքի է վերցրել այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու և անցակետից տեղափոխել այլ վայր։  
14:46 - 29 հուլիսի, 2023
Ադրբեջանը արգելանքի է վերցրել ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու և անցակետից տեղափոխվել այլ վայր․ Գուրգեն Ներսիսյան

Ադրբեջանը արգելանքի է վերցրել ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու և անցակետից տեղափոխվել այլ վայր․ Գուրգեն Ներսիսյան

Ադրբեջանը արգելանքի է վերցրել այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու և անցակետից տեղափոխվել այլ վայր։ Այս մասին հայտնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ «Երբ Ադրբեջանին իբրև թե կոչ է արվում հարգել գոնե Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելությանը, այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ տեղափոխվող հիվանդներից Ադրբեջանի կողմից արգելանքի է վերցվել ԱՀ 68-ամյա մի քաղաքացի և անցակետից տեղափոխվել այլ վայր։ Այս պահին ԿԽՄԿ ներկայացուցիչը գտնվում է մեր քաղաքացու մոտ, սակայն բանակցությունները դեռևս որևէ արդյունք չեն տվել, սպասում ենք նոր տեղեկությունների։ Նույն երթով ՀՀ տեղափոխվող մեր քաղաքացիները Գորիս քաղաքից ներկայացած ԿԽՄԿ ներկայացուցչի ուղեկցությամբ տեղափոխվել են Գորիսի բուժհաստատություն, իսկ ՀՀ-ում բուժված մեր քաղաքացիներին Արցախ վերադարձնելու երթը չեղարկվել է։ Հատկանշական է, որ Ադրբեջանը մշտապես ամեն կերպ փորձում էր խոչընդոտել նույնիսկ ԿԽՄԿ միջոցով հիվանդներին ՀՀ տեղափոխելու գործընթացին և ամեն անգամ նոր պայմաններ էր ներկայացնում ԿԽՄԿ-ին, իսկ սա հերթական քայլն էր՝ մարդկանց մոտ ձևավորելու նույնիսկ բուժման նպատակով Լաչինի միջանցքով անցնելու մտավախություն։ Ահա սա է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և Արցախը Ադրբեջան կոչելու ՀՀ իշխանությունների, Արցախի ժողովրդի նկատմամբ արդեն ամիսներ տևող հանցագործությունները անբավարար չափով դատապարտելու և գրեթե անգործություն ցուցաբերող միջազգային հանրության վարքագծի օր օրի ահագնացող հետևանքները, որոնք ցանկացած գնով պետք է կանխվեն։ Հայ ժողովուրդ, նորից ու նորից գոչում եմ, արթնացեք, դեմ կանգնեք այս ամենին»,- նշված է Ներսիսյանի հայտարարության մեջ։ 
13:46 - 29 հուլիսի, 2023
Հայտնի է, թե որ երկրները ներկայացնող դիվանագետներն են այցելել Լաչինի միջանցքի սկզբնամաս
 |armenpress.am|

Հայտնի է, թե որ երկրները ներկայացնող դիվանագետներն են այցելել Լաչինի միջանցքի սկզբնամաս |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարության հրավերով Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել էին Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր, որտեղ կանգնած են Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար օգնությամբ բենռված բեռնատարները։ Ադրբեջանն արգելում է բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարելով, թե Հայաստանը սադրանքի է դիմում։ Դիվանագետները շրջել են տեղանքում, ծանոթացել ստեղծված իրավիճակին։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նրանց մանրամասներ է ներկայացրել իրավիճակի վերաբերյալ։  Դիվանագիտական պատվիրակության կազմում Կոռնիձոր են այցելել հետևյալ երկրների և միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանում հավատարմագրված ներկայացուցչությունների անդամները․   Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բելառուս Բուլղարիա Իսպանիա Իտալիա Իրան Իրաք Լեհաստան Լիտվա Հնդկաստան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն Շվեյցարիա Ռումինիա Ռուսաստանի Դաշնություն Սերբիա Ուկրաինա Ֆրանսիա ԿԽՄԿ ՄԱԿ։
11:36 - 29 հուլիսի, 2023
11 բուժառու ուղեկցողների հետ Արցախից Հայաստան է տեղափոխվել

11 բուժառու ուղեկցողների հետ Արցախից Հայաստան է տեղափոխվել

Այսօր՝ հուլիսի 27-ին, Արցախի Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառու ուղեկցողների հետ, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից: Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 13 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։ Ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է Կարմիր խաչի մեքենաներով խիստ անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագանների մատակարարումը Արցախ։ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 երեխա, 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 82 հիվանդ, 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։  
14:03 - 27 հուլիսի, 2023
ԵՄ-ն լրջորեն է վերաբերվում Կարմիր խաչի զգուշացումներին ԼՂ-ի հետ կապված․ Տոյվո Կլաար

 |factor.am|

ԵՄ-ն լրջորեն է վերաբերվում Կարմիր խաչի զգուշացումներին ԼՂ-ի հետ կապված․ Տոյվո Կլաար |factor.am|

factor.am: Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ահազանգին Արցախում վատթարացող հումանիտար իրավիճակի հետ կապված։ «ԿԽՄԿ-ն հսկայական աշխատանք է կատարում շատ դժվար պայմաններում: Կարևոր է, որ նրանք կարողանան ազատ գործել։ ԵՄ-ն լրջորեն է վերաբերվում նրանց զգուշացումներին»,- ասվում է Կլաարի թվիթերյան գրառման մեջ։ Հիշեցնենք՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հայտարարություն էր տարածել Արցախում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի մասին։ «Չնայած համառ ջանքերին՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ներկայում ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով կամ այլ ուղիներով, ներառյալ՝ Աղդամը: Կազմակերպությունը կոչ է անում համապատասխան որոշում կայացնողներին թույլ տալ ԿԽՄԿ-ին՝ վերսկսել իր էական մարդասիրական գործողությունները տարածքում»,- ասվում է հայտարարության մեջ։
12:48 - 26 հուլիսի, 2023
Freedom House-ը Ադրբեջանին կոչ է անում թույլ տալ Կարմիր խաչին ԼՂ-ին տրամադրել կենսական մարդասիրական օգնություն

Freedom House-ը Ադրբեջանին կոչ է անում թույլ տալ Կարմիր խաչին ԼՂ-ին տրամադրել կենսական մարդասիրական օգնություն

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ Կարմիր խաչին Լեռնային Ղարաբաղին տրամադրել կենսական մարդասիրական օգնություն։ Կազմակերպությունը կոչ է անում նաև անհապաղ աշխատել ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ՝ բացելով Լաչինի միջանցքը՝ երաշխավորելով անհատների, տրանսպորտային միջոցների և բեռների անսահմանափակ տեղաշարժը։ «Տարածաշրջանում վատթարացող մարդասիրական իրավիճակը քաղաքացիական բնակչությանը զրկել է փրկարար դեղամիջոցներից և առաջին անհրաժեշտության ապրանքներից: Կոչ ենք անում ժողովրդավարական կառավարություններին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ կոչ անելով վերջ տալ անմեղ քաղաքացիների կանխամտածված սովամահությանը», - նշված է կազմակերպության թվիթերյան էջում: Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ 2023 թվականի ապրիլի 28-ին նրանք հայտարարեցին ճանապարհը բացելու մասին,  քանի որ ապրիլի 23-ին Լաչինի ճանապարհին արդեն անցակետ էին տեղադրել՝ սահմանելով այնտեղ վերահսկողություն։  Հունիսի 15-ին, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ, ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ կատարեցին, հայկական կողմը այն կանխեց, ինչից հետո Ադրբեջանի կողմից արգելվեցին Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար փոխադրումները՝ այդ թվում՝ ռուս խաղաղապահների ու ԿԽՄԿ միջնորդությամբ հումանիտար օգնության փոխադրումը։ Այդպիսով Արցախը ամբողջական շրջափակման մեջ հայտնվեց, ինչի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամը օր օրի սրվում է։
11:20 - 26 հուլիսի, 2023
Հորդորում ենք ԿԽՄԿ-ին հավատարիմ մնալ և հարգել Արցախի ժողովրդի մարդկային արժանապատվության իրավունքը․ Արցախի Մի պաշտպան

Հորդորում ենք ԿԽՄԿ-ին հավատարիմ մնալ և հարգել Արցախի ժողովրդի մարդկային արժանապատվության իրավունքը․ Արցախի Մի պաշտպան

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայտարարությանն առ այն, որ ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը Լաչինի միջանցքով կամ որևէ այլ երթուղով։ «Մենք ողջունում ենք ԿԽՄԿ-ի հնչեցրած ահազանգն Արցախում արագորեն սրվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։  Միևնույն ժամանակ, հորդորում ենք ԿԽՄԿ-ին հավատարիմ մնալ և հարգել Արցախի ժողովրդի մարդկային արժանապատվության իրավունքը, որն ամրագրված է տարբեր միջազգային կոնվենցիաներով, և դադարեցնել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդին Ակնայով (Աղդամով) մարդասիրական օգնության տրամադրման ադրբեջանական անհիմն առաջարկները լեգիտիմացնելու փորձերը։ Բացի այդ, տվյալ համատեքստում ԿԽՄԿ-ի պաշտոնական հայտարարության մեջ Արցախ/Լեռնային Ղարաբաղ անվանումը օգտագործելուց միտումնավոր խուսափելը վիրավորում է արցախցիների զգացմունքներն ու արժանապատվությունը»,- գրել է Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում։
21:56 - 25 հուլիսի, 2023
Կարմիր Խաչը ներկայումս ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով կամ այլ ուղիներով, ներառյալ Աղդամը․ ԿԽՄԿ գրասենյակ

Կարմիր Խաչը ներկայումս ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով կամ այլ ուղիներով, ներառյալ Աղդամը․ ԿԽՄԿ գրասենյակ

Չնայած համառ ջանքերին՝ Կարմիր Խաչը ներկայումս ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով կամ այլ ուղիներով, ներառյալ Աղդամը: Կազմակերպությունը կոչ է անում համապատասխան որոշումներ կայացնողներին թույլ տալ ԿԽՄԿ-ին վերսկսել իր էական մարդասիրական գործողությունները տարածքում: Այս մասին հայտարարություն է տարածել ԿԽՄԿ գրասենյակը։  Տասնյակ հազարավոր մարդիկ ապավինում են այս ուղիներով իրենց հասնող մարդասիրական օգնությանը։ Վերջին անգամ ԿԽՄԿ-ին թույլատրվել է բժշկական պարագաներ և առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ բերել տարածք մի քանի շաբաթ առաջ: Մեր մարդասիրական օգնության ավտոշարասյունները փրկօղակ են այս տարածքի բնակչության համար: Այս ավտոշարասյունների արգելափակման պայմաններում մեր մտահոգությունն այն է, որ հումանիտար իրավիճակն էլ ավելի կվատթարանա։ Որպեսզի մենք գործենք այստեղ, մեզ անհրաժեշտ է, որ կողմերը հասնեն մարդասիրական կոնսենսուսի։ Սա կյանքեր փրկող աշխատանք է, և պետք է թույլ տալ, որ այն շարունակվի»,- ասել է ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Արիանե Բաուերը: Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ 2023 թվականի ապրիլի 28-ին նրանք հայտարարեցին ճանապարհը բացելու մասին,  քանի որ ապրիլի 23-ին Լաչինի ճանապարհին արդեն անցակետ էին տեղադրել՝ սահմանելով այնտեղ վերահսկողություն։  Հունիսի 15-ին, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ, ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ կատարեցին, հայկական կողմը այն կանխեց, ինչից հետո Ադրբեջանի կողմից արգելվեցին Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար փոխադրումները՝ այդ թվում՝ ռուս խաղաղապահների ու ԿԽՄԿ միջնորդությամբ հումանիտար օգնության փոխադրումը։ Այդպիսով Արցախը ամբողջական շրջափակման մեջ հայտնվեց, ինչի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամը օր օրի սրվում է։ Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Ակնայով (Աղդամ) Արցախին օգնություն ցուցաբերելու մասին հայտարարեց՝  նշելով, թե «Բաքուն չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով օգնություն ցուցաբերելու հնարավորությունը Ղարաբաղի հայերի կարիքները բավարարելու համար»: Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումից հետո ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը նույնպես խոսեց «Ադրբեջանի պատրաստակամության մասին՝ հումանիտար աջակցություն տրամադրելու Աղդամի ուղղությամբ»։ Այնուհետև ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարեց, որ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի, իսկ Աղդամով (Ակնա) անցնող ճանապարհը պետք է Լաչինի միջանցքի լրացումը լինի։ Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը արձագանքեց Բաքվի առաջ քաշած առաջարկին՝ նշելով, որ խոշոր հաշվով դա մեծագույն վտանգ է Արցախի համար, որը կլինի եւ հումանիտար, եւ քաղաքական, եւ անվտանգային առումներով։ Իսկ հուլիսի 18-ին արցախցիները բետոնե արգելապատնեշներով փակեցին Ասկերան-Ակնա (Աղդամ) ճանապարհը՝ ցույց տալու, որ Արցախում կտրականապես դեմ են ադրբեջանական մթերքների ներմուծմանը՝ լինի դա «հումանիտար օգնություն, թե շատ էժան գնով ապրանք։
14:33 - 25 հուլիսի, 2023
Մի կերպ է ԿԽՄԿ-ին հաջողվել ադրբեջանցիներին համոզել, որ ՀՀ տեղափոխվող արցախցիների բուժզննումը չկազմակերպեն տեսախցիկների առջեւ․ Գուրգեն Ներսիսյան

Մի կերպ է ԿԽՄԿ-ին հաջողվել ադրբեջանցիներին համոզել, որ ՀՀ տեղափոխվող արցախցիների բուժզննումը չկազմակերպեն տեսախցիկների առջեւ․ Գուրգեն Ներսիսյան

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը «Ազատության» հետ զրույցում հայտնել է՝ ադրբեջանցիները անցակետում բերել են հավելյալ բժիշկներ եւ հիվանդներին, որոնք պետք է տեղափոխվեն Հայաստան՝ պատշաճ բուժօգնություն ստանալու, բուժհետազոտության են ենթարկում: Նրա խոսքով, վերջին անգամ, երբ 13 բուժառու էր տեղափոխվում, մի կերպ է Կարմիր խաչի ներկայացուցիչներին հաջողվել ադրբեջանցիներին համոզել, որ այդ բուժհետազոտությունը չկազմակերպեն տեսախցիկների առջեւ:  «Պատկերացնում եք մեր հիվանդներին, որոնք անմարդկային պայմաններում... նույնիսկ ծանր վիճակում հիվանդ կա, որին Կարմիր Խաչը Հայաստան է տեղափոխում նստած վիճակում, նրանց իջեցնում են, եւ ադրբեջանցիներն ասում են՝ պետք է բուժհետազոտության ենթարկենք,  ընդհուպ, եթե անհրաժեշտ լինի, այդ հետազոտությունը պետք է զուգորդվի նաեւ անձի մերկացմամբ: Կարմիր Խաչին մի կերպ հաջողվել է համոզել, որ այդ գործընթացը տեսախցիկների առջեւ չկատարվի»,-ասել է Արցախի պետնախարարը:
11:31 - 24 հուլիսի, 2023
13 բուժառու  «Կարմիր խաչի» ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ

13 բուժառու «Կարմիր խաչի» ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ

Այսօր՝ հուլիսի 22-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 13 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։ Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 13 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։ Ավելի քան 200 բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետության մասնագիտական բժշկական կենտրոններ՝ անհապաղ բուժօգնություն ստանալու համար:  Չնայած իրականացված ջանքերին՝ Կարմիր խաչը տևական ժամանակ չի կարողանում ապահովել խիստ անհրաժեշտ դեղորայքի մատակարարում Հայաստանից, քանի որ ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է նույնիսկ դեղորայքի մատակարարումը:  «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 երեխա, 7-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:  «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 73 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։
15:00 - 22 հուլիսի, 2023
Հասանք մի կետի, երբ Ադրբեջանն ադրբեջանցի բժիշկներ ներգրավեց և պայմաններ դրեց Կարմիր խաչի առջև. Գուրգեն Ներսիսյան
 |artsakhpress.am|

Հասանք մի կետի, երբ Ադրբեջանն ադրբեջանցի բժիշկներ ներգրավեց և պայմաններ դրեց Կարմիր խաչի առջև. Գուրգեն Ներսիսյան |artsakhpress.am|

artsakhpress.am: Արցախում գյուղատնտեսական բերքահավաքի հետ կապված աշխատանքների մոտ 70 տոկոսն անակատար է, և այլևս հնարավոր չէ շարունակել: Այս մասին Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին։   «Մասնավոր ոլորտում աշխատատեղերի համատարած կրճատումներ են, գործազուրկների մեծ բանակ կա, որը ֆինանսական, առումով մեծ ծանաբեռնավծություն է պետության համար»,- ասել է Ներսիսյանը։   «Ստեփանակերտում հանրային տրանսպորտը չի աշխատում։ Եվ նվազագույն չափով ուղղակի շրջանների կապն ենք փորձում ապահովել Ստեփանակերտի հետ։ Եվ սա կրկնում եմ, նվազագույն չափով»,- ասել է պաշտոնյան։   Ըստ նրա՝ խնդիր կա նաև աղբահանության հետ կապված, որը կարող է առաջացնել համաճարակային ու սանիտարական լրջագույն խնդիրներ։   Ներսիսյանը նաև խոսեց, եթե ինչ քայլերի է դիմում ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում տեղադրված անցակետում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից բուժառուների տեղափոխման ժամանակ՝ այնտեղ ներգրավելով բժիշկների։   «Ադրբեջանի հնարամտությունը սահմաններ չունի։ Ի վերջո, մենք հասանք մի կետի, երբ Ադրբեջանն ադրբեջանցի բժիշկներ ներգրավեց և պայմաններ դրեց «Կարմիր խաչի» առջև, որ Հայաստան մեկնող հիվանդները պետք է լրացուցիչ բուժզննության ենթարկվեն անցակետում»,- ասել է պետնախարարը։   «Սրանք պայմաններ են, որոնք ուղղված են մեր քաղաքացիների արժանապատվության դեմ, նրանց անհարմար դրության մեջ դնելուն։ Եվ ինչպե՞ս եք պատկերացնում այս պայմաններում մեր քաղաքացիներն ադրբեջանցիների կողմից բուժզննության ենթարկվեն։ Ես չեմ բացառում, ավելին, համոզված եմ, որ այդ գործընթացը նույնիսկ տեսախցիկների տեսադաշտում է լինելու»,- ընդգծել է Գուրգեն Ներսիսյանը։
10:52 - 21 հուլիսի, 2023
Միացյալ Թագավորությունը կոչ է անում զերծ մնալ Հարավային Կովկասում ԿԽՄԿ մարդասիրական աջակցության քաղաքականացումից

Միացյալ Թագավորությունը կոչ է անում զերծ մնալ Հարավային Կովկասում ԿԽՄԿ մարդասիրական աջակցության քաղաքականացումից

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել Հարավային Կովկասում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության մասին: Հայտարարության մեջ ասված է. «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տարիներ շարունակ չափազանց կարևոր աշխատանք է իրականացրել Հարավային Կովկասում՝ ներառյալ Լաչինի միջանցքում, որտեղ նրանց գործունեությունն աջակցում է տեղացի բնակչությանը՝ ունենալ հասանելիություն առաջին անհրաժեշտության ապրանքներին և ծառայություններին՝ ներառյալ կյանք փրկող դեղամիջոցներն ու առողջապահական ծառայությունները։ Միացյալ Թագավորության կառավարությունը հաստատակամորեն սատարում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը և շարունակական աշխատանքը։ Միացյալ Թագավորությունը կոչ է անում բոլոր կողմերին՝ զերծ մնալ մարդասիրական աջակցության քաղաքականացումից»։
11:59 - 15 հուլիսի, 2023
11 բուժառու ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ

11 բուժառու ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ

Այսօր՝ հուլիսի 14-ին, ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հաղորդում է  Արցախի ԱՆ-ն։   8 բուժառուներ, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ ԿԽՄԿ մեքենաներով վերադարձել են Արցախ։   «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 41 երեխա, 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:   «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 99 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։
20:00 - 14 հուլիսի, 2023