Կարմիր Խաչը ներկայումս ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով կամ այլ ուղիներով, ներառյալ Աղդամը․ ԿԽՄԿ գրասենյակ
14:33 - 25 հուլիսի, 2023

Կարմիր Խաչը ներկայումս ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով կամ այլ ուղիներով, ներառյալ Աղդամը․ ԿԽՄԿ գրասենյակ

Չնայած համառ ջանքերին՝ Կարմիր Խաչը ներկայումս ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով կամ այլ ուղիներով, ներառյալ Աղդամը: Կազմակերպությունը կոչ է անում համապատասխան որոշումներ կայացնողներին թույլ տալ ԿԽՄԿ-ին վերսկսել իր էական մարդասիրական գործողությունները տարածքում: Այս մասին հայտարարություն է տարածել ԿԽՄԿ գրասենյակը։ 

Տասնյակ հազարավոր մարդիկ ապավինում են այս ուղիներով իրենց հասնող մարդասիրական օգնությանը։ Վերջին անգամ ԿԽՄԿ-ին թույլատրվել է բժշկական պարագաներ և առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ բերել տարածք մի քանի շաբաթ առաջ: Մեր մարդասիրական օգնության ավտոշարասյունները փրկօղակ են այս տարածքի բնակչության համար: Այս ավտոշարասյունների արգելափակման պայմաններում մեր մտահոգությունն այն է, որ հումանիտար իրավիճակն էլ ավելի կվատթարանա։

Որպեսզի մենք գործենք այստեղ, մեզ անհրաժեշտ է, որ կողմերը հասնեն մարդասիրական կոնսենսուսի։ Սա կյանքեր փրկող աշխատանք է, և պետք է թույլ տալ, որ այն շարունակվի»,- ասել է ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Արիանե Բաուերը:

Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ 2023 թվականի ապրիլի 28-ին նրանք հայտարարեցին ճանապարհը բացելու մասին,  քանի որ ապրիլի 23-ին Լաչինի ճանապարհին արդեն անցակետ էին տեղադրել՝ սահմանելով այնտեղ վերահսկողություն։ 

Հունիսի 15-ին, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ, ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ կատարեցին, հայկական կողմը այն կանխեց, ինչից հետո Ադրբեջանի կողմից արգելվեցին Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար փոխադրումները՝ այդ թվում՝ ռուս խաղաղապահների ու ԿԽՄԿ միջնորդությամբ հումանիտար օգնության փոխադրումը։ Այդպիսով Արցախը ամբողջական շրջափակման մեջ հայտնվեց, ինչի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամը օր օրի սրվում է։

Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Ակնայով (Աղդամ) Արցախին օգնություն ցուցաբերելու մասին հայտարարեց՝  նշելով, թե «Բաքուն չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով օգնություն ցուցաբերելու հնարավորությունը Ղարաբաղի հայերի կարիքները բավարարելու համար»:

Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումից հետո ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը նույնպես խոսեց «Ադրբեջանի պատրաստակամության մասին՝ հումանիտար աջակցություն տրամադրելու Աղդամի ուղղությամբ»։ Այնուհետև ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարեց, որ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի, իսկ Աղդամով (Ակնա) անցնող ճանապարհը պետք է Լաչինի միջանցքի լրացումը լինի։

Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը արձագանքեց Բաքվի առաջ քաշած առաջարկին՝ նշելով, որ խոշոր հաշվով դա մեծագույն վտանգ է Արցախի համար, որը կլինի եւ հումանիտար, եւ քաղաքական, եւ անվտանգային առումներով։

Իսկ հուլիսի 18-ին արցախցիները բետոնե արգելապատնեշներով փակեցին Ասկերան-Ակնա (Աղդամ) ճանապարհը՝ ցույց տալու, որ Արցախում կտրականապես դեմ են ադրբեջանական մթերքների ներմուծմանը՝ լինի դա «հումանիտար օգնություն, թե շատ էժան գնով ապրանք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել