ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

Արտակարգ դրության ընթացքում ոստիկանի պահանջին չենթարկվելու 5 դեպքով հարուցվել են քրեական գործեր, տուժել է 6 ոստիկան |armtimes.com|

Արտակարգ դրության ընթացքում ոստիկանի պահանջին չենթարկվելու 5 դեպքով հարուցվել են քրեական գործեր, տուժել է 6 ոստիկան |armtimes.com|

armtimes.com: 2020 թվականի մարտի 16-ից մինչ ապրիլի 14-ը ՀՀ-ում գրանցվել է տեղաշարժման սահմանափակումների վերաբերյալ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու 17 դեպք: Այս մասին գրավոր հարցմանն ի պատասխան՝ երեկ տեղեկացրին Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից: 17 դեպքերից 4-ով կազմվել են վարչական արձանագրություններ, 13-ով նախապատրաստվել են նյութեր: Նշենք, որ նախապատրաստված նյութերից 7-ը գտնվում են ընթացքի մեջ (1-ը ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն), 1-ով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում, իսկ 5-ով հարուցվել են քրեական գործեր մի խումբ անձանց կողմից խուլիգանության, անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար (ՀՀ ՔՕ-ի  258-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին, 4-րդ, 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով): Նշված 5 քրեական գործերն էլ, որոնց արդյունքում տուժել է 6 ոստիկան, գտնվում են Քննչական կոմիտեի վարույթում. դրանցից 2-ը քննվում են Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի բաժնում, 1-ական գործեր էլ՝ Սիսիանի, Մաշտոցի, եւ Վաղարշապատի քննչական բաժիններում: Մալաթիայի բաժնում քննվող երկու քրեական գործերն էլ հարուցվել են ՔՕ-ի 316-րդ հոդվածի 2-րդ կետով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ):  Գործով անցնող քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածով, եւ դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ միաժամանակ թույլատրելով գրավի կիրառումը: Նրանցից մեկն ազատ է արձակվել 5 միլիոն դրամի դիմաց, իսկ մյուս քաղաքացին, որի գրավը դատարանի որոշմամբ սահմանվել էր 1.5 միլիոն դրամ, դեռեւս անազատության մեջ է  գումարը վճարել չկարողանալու պատճառով: Սիսիանի բաժնում քննվող քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից խուլիգանության) եւ 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը): Սա այն աղմկոտ միջադեպն է, որ տեղի է ունեցել ապրիլի 7-ին Սիսիանի ավագանու անդամ Մարտին Հարությունյանի եւ Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատարի մասնակցությամբ։ Հարությունյանը, ըստ Քննչական կոմիտեի, իր հորեղբոր որդու` Արմեն Հարությունյանի հետ խախտել է ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում հաստատված կարգը եւ չի ենթարկվել ոստիկանության ծառայողների՝ անձը հաստատող փաստաթղթերն ու տեղաշարժման թերթիկը ներկայացնելու օրինական պահանջներին։ Դրա համար եղբայրները հրավիրվել են ոստիկանության Սիսիանի բաժին, ինչի մասին իմանալով` այնտեղ են հավաքվել նրանց մտերիմները. «Վերջիններս, հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, տեւական ժամանակ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որը զուգորդվել է ոստիկանության ծառայողների նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ քաշքշելով եւ մարմնի տարբեր հատվածներին հարվածներ հասցնելով, հայհոյելով, երթեւեկությունը խոչընդոտելով»,- ասված է հաղորդագրության մեջ:Ավագանու անդամ Մարտին Հարությունյանի շահերի ներկայացուցիչ Ներսես Խաչատրյանը հերքել էր ՔԿ-ի հաղորդագրությունը՝ պնդելով, որ Հարությունյանները ունեցել են տեղաշարժման թերթիկ եւ ոստիկանների նկատմամբ անօրինական գործողություն չեն իրականացրել: Նրա խոսքով՝ տեղի է ունեցել ճիշտ հակառակը. Հարությունյանների նկատմամբ բռնություն է գործադրվել ոստիկանների, այդ թվում՝ Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի կողմից: Մուրադյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը, սակայն, երեկ հայտարարեց՝ այդ պաշտոնին նշանակվելուց հետո ոստիկանապետի պաշտոնակատարը անհաշտ ու խիստ պայքար է մղել հանցավորության դեմ, բացահայտել մի շարք աղմկահարույց դեպքեր, խոշոր չափերի հասնող հափշտակություններ, եւ ըստ էության, իր այս սկզբունքային կեցվածքով անհաճո անձ է դարձել որոշ շրջանակների համար: Նրա խոսքով՝ ենթադրյալ բռնության մասին տեղեկություններ տարածողները ստեղծել են տպավորություն, թե Մուրադյանը սադիստ, մոլագար անձնավորություն է, որը, նստած իր աշխատասենյակում, սպասում է, թե ով պետք է գա բաժնի շենք, որպեսզի նրա նկատմամբ բռնություններ կիրառի: Վահան Հովհաննիսյանի պնդմամբ՝ Արմեն եւ Մարտին Հարությունյանները չեն ունեցել տեղաշարժման թերթիկ, եւ երբ ոստիկանը նրանց տեղեկացրել է, որ պետք է իրականացվի վարչական վարույթ եւ կազմվի արձանագրություն, Հարությունյանները, չենթարկվելով ոստիկանի օրինական պահանջներին, հեռացել են. «Կարճ ժամանակ անց նույն ավտոմեքենան կրկին վերադարձել է հենակետի մոտ, եւ այն ժամանակ, երբ ոստիկանը կանգնեցրել է ավտոմեքենան եւ հայտնել վարչական վարույթ իրականացնելու անհրաժեշտության մասին, Մարտին Հարությունյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ողջ ոստիկանության՝ ի մասնավորի՝ նաեւ այդ ոստիկանի հասցեին եւ հայտարարել, որ շարունակելու դեպքում կիջնի եւ կապտակի նրան, որից հետո դարձյալ ավտոմեքենայով հեռացել են»: Շարունակությունը՝ armtimes.com-ում
16:33 - 15 ապրիլի, 2020
Գյումրիում ոստիկանության ծառայողների դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ

Գյումրիում ոստիկանության ծառայողների դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ

Գյումրիում ոստիկանության ծառայողների դանակահարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Երկու անձ ձերբակալվել է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ «2020 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի «Հայուհու» հրապարակում ծառայություն իրականացնող երկու ոստիկան տեղափոխվել է «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲԸ. ոստիկաններից մեկի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, իսկ մյուսի մոտ՝ ձախ ազդրի միջին երրորդականի դրսային մակերեսի կտրած-ծակած վերքեր: ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապահապարեկային ծառայության տեսուչը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 08:00-ից, Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները ծառայություն են իրականացրել Գյումրի քաղաքի «Հայուհու» հրապարակում: Ժամը 14:30-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի և ուղևորի անվտանգության գոտիներն ամրակապված չլինելու հանգամանքով պայմանավորված, իրավախախտումն արձանագրելու նպատակով, ոստիկանի կողմից կանգնեցվել է հիշյալ ավտոմեքենան: Ոստիկաններն օրենքով սահմանված կարգով վարորդին պարզաբանել են, որ նա երթևեկել է առանց ամրագոտիներն ամրակապելու՝ պահանջելով ներկայացնել վարորդական իրավունքի վկայականը, ավտոմեքենայի հաշվառման վկայագիրը՝ վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու համար: Ի պատասխան՝ նշված ավտոմեքենայի ուղևորն սկսել է հայհոյել ոստիկաններին, դուրս է եկել ավտոմեքենայից և ձեռքին եղած դանակով հարվածներ հասցրել ոստիկանության երկու ծառայողներին, ապա սկսել է դանակը թափահարել ներկա մյուս ոստիկանների ուղղությամբ՝ առերևույթ նրանց նկատմամբ գործադրելով բռնություն, որից հետո վարորդի հետ փորձել են փախուստի դիմել դեպքի վայրից, սակայն բերման են ենթարկվել Ոստիկանության բաժին և ձերբակալվել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
21:22 - 14 ապրիլի, 2020
Գյումրիում տեղաշարժման թերթիկ պահանջած երկու ոստիկանի են դանակահարել 

 |armenpress.am|

Գյումրիում տեղաշարժման թերթիկ պահանջած երկու ոստիկանի են դանակահարել |armenpress.am|

armenpress.am: Գյումրիում ծառայություն կատարելու ժամանակ ապրիլի 14-ին վիրավորվել է երկու ոստիկան: Անկախության հրապարակում ոստիկանության ծառայողները փորձել են պարզել քաղաքացիների ինքնությունը: Կագնեցրել են մեքենան և խնդրել ցույց տալ արտակարգ դրության համար նախատեսված տեղաշարժի թերթիկը, սակայն նրանք վիճաբանել են ոստիկանության ծառայողների հետ, որի ժամանակ նրանցից մեկը դանակահարել է ճանապարհային ոստիկանության մեկ աշխատակցի և ոստիկանության մեկ ծառայողի։  Ոստիկանների օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել վնասազերծել դանակով զինված քաղաքացուն, որը բերման է ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության «Կումայրի» բաժնից, կատարվում է քննություն: «Գյումրի» ԲԿ-ից տեղեկացրին, որ ոստիկաններն այս պահին հետազոտվում են: Նրանցից մեկի մոտ առկա է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածք, մյուսն ունի ձախ ազդրի կտրած-ծակած վերք։  
19:47 - 14 ապրիլի, 2020
Ապրիլի 6-ից 12-ը Երեւանում պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել 23 մեքենա. Ոստիկանություն

Ապրիլի 6-ից 12-ը Երեւանում պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել 23 մեքենա. Ոստիկանություն

Ապրիլի 6-ից 12-ը մայրաքաղաքում ուժեղացված ծառայություն իրականացրած ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխելով 23 մեքենա, որոնցից 9-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունը։ Հայտնաբերվել է նաեւ թաղանթապատված դիմապակիով 22 մեքենա։ Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն իրականացրած ճանապարհային ոստիկանները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 56 մեքենա։ 39 վարորդ եղել է ոչ սթափ վիճակում։ Բացի այդ հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 16, թաղանթապատված դիմապակիով` 20, առանց համարանիշերի՝ 2 տրանսպաորտային միջոց։
19:30 - 13 ապրիլի, 2020
Վարկերի ձևակերպման ժամանակ առաջացող կոռուպցիոն դրսևորումներ․ ոստիկանությունը զգուշացնում է

Վարկերի ձևակերպման ժամանակ առաջացող կոռուպցիոն դրսևորումներ․ ոստիկանությունը զգուշացնում է

ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն` 2018 թվականի հուլիսից ոստիկանությունում գործում է վարկերի ձևակերպման ժամանակ առաջացող կոռուպցիոն դրսևորումների, ապօրինի վճարումների և վաշխառության դեպքերի կանխարգելման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծված օպերատիվ աշխատանքային խումբ, որում ներառված են քրեական ոստիկանության գլխավոր վարչության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Օպերատիվ աշխատանքային խմբի և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում վերջին 6 ամիսների ընթացքում մի շարք վարկային կազմակերպությունների աշխատակիցների կողմից ցածր տոկոսադրույքով վարկ տրամադրելու, սև ցուցակից հանելու, առանց երաշխավորի և առանց գրանցված աշխատող լինելու արագ գումար տրամադրելու պատրվակով և այլ գայթակղիչ հայտարարություններով, վստահությունը չարաշահելու եղանակով և խաբեությամբ քաղաքացիների անունով ապառիկ գնված ապրանքները չտրամադրելու և վարկի գումարները չմարելու կամ քաղաքացու անձնակգրային տվյալները և դիմանկարն օգտագործելով օնլայն վարկ ձևակերպելու և ստացված գումարների միայն մի մասը քաղաքացուն տրամադրելու կամ ընդհանրապես չտրամադրելու դեպքերի առթիվ ոստիկանությունում նախապատրաստվել են շուրջ 6 տասնյակ նյութեր, որոնցով խարդախության և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակության առերևույթ դեպքերի` ՀՀ քրեական օրենսգրքի 178 և 181 հոդվածների տարբեր մասերով և կետերով հարուցվել են քրեական գործեր և այս պահին կատարվում է նախաքննություն: Հիմնականում քաղաքացիները ոստիկանությունում հաղորդում են տվել հետևյալ իրավիճակներից ելնելով։ Օրինակ՝ վարկային մի կազմակերպության աշխատակիցը կամ այդպիսին ներկայացած անձը խաբեությամբ, վարկ տրամադրելու պատրվակով քաղաքացուց վերցրել է նրա անունով ապառիկ եղանակով գնված հեռախոսը և չի տրամադրել խոստացված գումարը, մեկ այլ վարկային կազմակերպության աշխատակից վերցրել է քաղաքացու անունով ապառիկ եղանակով գնված շինարարական ապրանքները և չի տրամադրել խոստացված գումարը, վարկային միջնորդ կազմակերպության աշխատակից ներկայացած անձը խաբեությամբ, քաղաքացուն իբրև օրինական հիմունքներով տրամադրված վարկի միջնորդավճար, հափշտակել է 230.000 դրամ, տուրիստական գործակալություններից մեկի տնօրենը և աշխատակիցները քաղաքացու անունով վարկ տրամադրելու պատրվակով տեխնիկայի վաճառքի խանութում կնքել են ապառիկի պայմանագրեր խարդախությամբ տիրացել երեք հեռախոսներին՝ չտրամադրելով մոտ 800.000 դրամը։ Մեկ այլ դեպքում քաղաքացին սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է մի անձի հետ, որի առաջարկով 500-ից 1.000 դոլարի դիմաց իր անվամբ անվանափոխել է նրա ավտոմեքենան և գրավադրել։ Դրա դիմաց անձը ստացել է 2.496.000 դրամ վարկ, խաբեությամբ հափշտակել մեքենան՝ չկատարելով խոստումները։ Այս դեպքերը երկար կարելի է թվել։ Հանցագործության այս տեսակի վերաբերյալ ոստիկանությունում ստացված գրեթե բոլոր հաղորդումների բովանդակություններն ունեն նմանություններ։ Ինչ-որ անձինք ներկայանալով ինչ-որ վարկային կազմակերպության կամ միջնորդ վարկային կազմակերպության աշխատակիցներ՝ գումար ստանալու նպատակով քաղաքացիներին առաջարկում են գնալ տարբեր խանութներ, որտեղ քաղաքացու անունով ձևակերպում են ապառիկ վաճառք։ Որոշ դեպքերում վճարում են ապրանքի 30 կամ 50 տոկոսը, որոշ դեպքերում ընդանրապես չեն վճարում` խոստանալով վճարել մոտ ապագայում` ապառիկ եղանակով գնված իրը պահելով իրենց մոտ։ Այսինքն՝ քաղաքացին չի ստանում ապառիկ եղանակով իր գնած ապրանքը, սակայն սկսում է վճարել դրա համար։ Եղել են նաև դեպքեր, երբ, օրինակ, վարկային միջնորդ կազմակերպության աշխատակիցը կամ տնօրենը, իրեն սոց.կայքով դիմած քաղաքացուց, տեղեկանալով, թե որքան վարկի գումար է ցանկանում ստանալ, վերջինից պահանջում է իր անձնագրի պատճենը և լուսանկարը, որից հետո քաղաքացու անունից առցանց եղանակով դիմում է վարկ տրամադրող որևէ կազմակերպություն կամ բանկ։ Եթե բանկը քաղաքացուն տրամադրում է օրինակ՝ 1․000․000 դրամ վարկ, այդ անձը քաղաքացուն հայտնում է, որ նրան կարող է տրամադրվել օրինակ՝ 500․000 դրամ։ Դրանից հետո առցանց եղանակով բանկից վերցնում է 1․000․000 դրամ վարկը, քաղաքացուն տալիս 500․000-ը կամ ընդհանրապես չի տալիս։ Եվ քաղաքացին ստիպված է լինում մարել 1․000․000 դրամ վարկը։ Հարգելի՛ քաղաքացիներ, վարկային գործարքներ կատարեք միայն վստահելի, ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզավորված բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ, անծանոթ անձանց սոցիալական կայքերի միջոցով մի՛ ուղարկեք Ձեր անձնագրային տվյաները և դիմանկարները, մի՛ ընդունեք վարկային կազմակերպությունների կամ բանկերի անուններից հանդես եկող անծանոթ անձանց գայթակղիչ և կասկածելի առաջարկները` նրանց պատրաստած ծուղակը չընկնելու և ֆինանսական ծանր կացության մեջ չհայտնվելու համար։Իսկ եթե արդեն տուժել եք նման գործողություններից, դիմեք ոստիկանություն։
15:39 - 13 ապրիլի, 2020
Փողոցային առևտուրն արգելված է օրենքով․ ոստիկանության միջոցառումը

Փողոցային առևտուրն արգելված է օրենքով․ ոստիկանության միջոցառումը

Ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում պարբերաբար իրականացնում է փողոցային առևտրի դեմ ուղղված միջոցառումներ։Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն ու Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցները ապրիլի 11-ին մայրաքաղաքում իրականացրին հերթական միջոցառումը։Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի, տարածքային բաժինների ծառայողները և վարչական շրջանների աշխատակիցները մայրաքաղաքում հայտնաբերեցին փողոցներում ապօրինի առևտրով զբաղվող անձանց, որոնք դադարեցրին փողոցային առևտուրը։Փողոցային առևտրով զբաղվելն արգելված է օրենքով։ Հատկապես այս օրերին, բոլորիս առողջության պահպանման անհրաժեշտությունից ելնելով, պետք է զերծ մնալ նման գործողություն ծավալելուց։ Օրինախախտները կենթարկվեն պատասխանատվության։
14:52 - 11 ապրիլի, 2020
ՀՀ ոստիկանությունը երկու նախագիծ է դրել հանրային քննարկման

ՀՀ ոստիկանությունը երկու նախագիծ է դրել հանրային քննարկման

Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում և e-draft.am կայքում տեղադրվել է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող բժշկական հավատարմագրման պահանջագրի ձևերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի ապրիլի 10-ից մինչև ապրիլի 25-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում: Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում և e-draft.am կայքում տեղադրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի ապրիլի 10-ից մինչև ապրիլի 25-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում»- ասվում է հաղորդագրության մեջ: ՀՀ ոստիկանությունը երկու նախագծերի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումների համար առաջարկում է դիմել ոստիկանության իրավաբանական վարչություն` 010-59-68-39 հեռախոսահամարով:
19:43 - 10 ապրիլի, 2020
Ոստիկանությունը հրաժարվում է «գաղտնազերծել» խուճապ առաջացնող հրապարակումները գնահատող մասնագետների անունները |hetq.am|

Ոստիկանությունը հրաժարվում է «գաղտնազերծել» խուճապ առաջացնող հրապարակումները գնահատող մասնագետների անունները |hetq.am|

hetq.am: Ոստիկանությունը հրաժարվում է հրապարակել այն մասնագետների անունները, ովքեր արտակարգ դրություն հայտարարելուց հետո ուսումնասիրել են լրատվամիջոցների, ինչպես նաև սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից կատարված հրապարակումների բովանդակությունը: «Հրապարակված նյութի բովանդակությունը ուսումնասիրվում է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության վարչությունում իրավաբանական կրթություն ունեցող մասնագետներից բաղկացած աշխատանքային խմբի կողմից, և հաշվի առնելով, որ մասնագետները օպերատիվ ծառայողներ են, ուստի նրանց անձնական տվյալները ենթակա չեն տրամադրման»,-պատասխանել են ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ Կառավարության մամուլի սրահում մարտի 23-ին ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանի ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչի հիման վրա է ոստիկանությունը նյութերը հեռացնելու կամ խմբագրելու պահանջ ներկայացնում լրատվամիջոցներին, սոցիալական ցանցերի օգտատերերին և ինչպես է գնահատվում «խուճապ առաջացնող» է տեղեկատվությունը, թե ոչ, պատասխանել էր. «Մենք ունենք համապատասխան մասնագետներ, ովքեր այդ տեղեկատվությունը մանրակրկիտ ուսումնասիրում են և խուճապ առաջացնող տեղեկատվություն պարունակելու դեպքում անմիջապես արձագանքում են՝ հենվելով պարետի ցուցումի վրա»: Ոստիկանությունից միաժամանակ տեղեկացնում են, որ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո, մարտի 20-ի դրությամբ, 11 լրատվամիջոցի՝ Hraparak.am, Mamul.am, Iravunq.am, 168.am, Hayeli.am, News.am, Yerkir.am, Tert.am, Lurer.com, Infocom.am, Pastinfo.am ներկայացվել է նյութերի հեռացման  17 պահանջ, որոնցից հեռացվել է 7-ը։ Սոցիալական կայքերից գրառումներ հեռացնելու պահանջ է ներկայացվել 22 քաղաքացիների, ինչի արդյունքում բոլոր հրապարակումները հեռացվել են նրանց կողմից։
17:31 - 10 ապրիլի, 2020
Վարորդական իրավունքի վկայական տրամադրելու գործընթացում կատարվել են փոփոխություններ

Վարորդական իրավունքի վկայական տրամադրելու գործընթացում կատարվել են փոփոխություններ

Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է որ «Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացնելու ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագիրը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N1158-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կատարվել են մի շարք փոփոխություններ։Նախատեսվել է տեսական քննությունների անցկացումը, բացի հայերեն լեզվից, հնարավոր դարձնել նաև անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով։Ավելացվել է գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը. 10 հարցի փոխարեն սահմանելով 20 հարց, իսկ քննության 15 րոպե տևողության փոխարեն սահմանվել է  30 րոպե։Գործնական վարման հմտության ստուգման համար նախատեսված տրանսպորտային միջոցները պետք է կահավորվեն տեսաձայնագրող և տեսանյութի արխիվացման համար նախատեսված համապատասխան սարքավորումներով։Նախատեսվում է տրամադրել «AM» վարորդական իրավունքի վկայական՝ մոպեդ վարելու համար։Նախատեսվել է գործնական քննությունների ընդունումը՝«A» կարգի, «AM», «A1» և «B1» ենթակարգերի դեպքում ընդունել միայն ավտոդրոմներում կամ ավտոհրապարակներում, իսկ դրանց բացակայության դեպքում մինչև 2027 թվականը՝ իրական պայմաններում, այսինքն՝ հանրապետության ավտոճանապարհներին կամ փողոցներում։«B» կարգի դեպքում` միայն իրական պայմաններում։«C», «D», «BE», «CE» և «DE» կարգերի ու «C1», «D1», «C1E» և «D1E» ենթակարգերի դեպքում՝ իրականացնել և´ ավտոդրոմներում ու ավտոհրապարակներում, և´ երթևեկության իրական պայմաններում, իսկ մինչև 2027 թվականը ավտոդրոմ կամ ավտոհրապարակ չունեցող քննական մարմիններում՝ միայն իրական պայմաններում։Որակավորման գործնական քննություններ ընդունող քննական մարմնի աշխատակիցները երկու տարին մեկ անգամ՝ 4 օր, և հինգ տարին մեկ անգամ՝ 5 օր տևողությամբ կանցնեն համապատասխան վերապատրաստումներ։ Նշված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 6 ամիս անց:
17:54 - 09 ապրիլի, 2020
Սիսիանի ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու մասին հրապարակումները ուղարկվել են ՀՔԾ

Սիսիանի ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու մասին հրապարակումները ուղարկվել են ՀՔԾ

ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկել մշտադիտարման արդյունքում արձանագրված ԶԼՄ-ների հրապարակումները, դրանցում ներկայացվող տեսանյութերը ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում քաղաքացու նկատմամբ բռնությունների հնարավոր գործադրման վերաբերյալ, ինչպես նաև դեպքի կապակցությամբ քաղաքացուց ստացված հաղորդումը և կից փաստաթղթերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ բացի այդ, մի քանի քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել նաև Ոստիկանության Սիսիանի բաժին բերման ենթարկելու և ոստիկանության բաժնում գտնվելու ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից իրենց նկատմամբ բռնություններ գործադրելու վերաբերյալ: Այդ մասին հրապարակումներ են եղել նաև մի քանի լրատվամիջոցներում: Դրանք ևս ուղարկվել են ՀՀ ՀՔԾ՝ նյութերի նախապատրաստման շրջանակներում ստուգելու և ընթացքը լուծելու նպատակով: Ապրիլի 6-ին եւ 7-ին Սիսիանում միջադեպեր են տեղի ունեցել, որոնց մասնակից քաղաքացիների խոսքով՝ ոստիկանության աշխատակիցները, այդ թվում՝ Սիսիանի ոստիկանության ժամանակավոր պաշտոնակատարը բռնություն է գործադրել իրենց նկատմամբ: Միաժամանակ Քննչական կոմիտեն է հայտնել, որ դեպքերից մեկի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետով և 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով: Դեպքի հանգամանքները պարզելու համար Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն:
16:13 - 09 ապրիլի, 2020
Սիսիանում ոստիկանության ծառայողների ու քաղաքացիների միջև միջադեպ է գրանցվել, կան վնասվածքներ ստացած քաղաքացիներ. Էդգար Ջանոյան
 |tert.am|

Սիսիանում ոստիկանության ծառայողների ու քաղաքացիների միջև միջադեպ է գրանցվել, կան վնասվածքներ ստացած քաղաքացիներ. Էդգար Ջանոյան |tert.am|

tert.am: Սիսիանում ոստիկանության ծառայողների ու քաղաքացիների միջև միջադեպ է գրանցվել, կան վնասվածքներ ստացած քաղաքացիներ։ Միջադեպի վերաբերյալ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը պարզաբանեց․ «ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն»։Հիշեցնենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, թե Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը բռնություն է կիրառել քաղաքացիների նկատմամբ։ Նա, մասնավորապես, գրել էր. «Հատուկ նոր ոստիկանապետի համար։ Սիսիանում միլպետի ժամանակավոր պաշտոնակատարը բռնություն է կիրառել քաղաքացիների նկատմամբ։ 3 քաղաքացու է ծեծել, նրանցից մեկը Սիսիանի ավագանու անդամ, մյուսը 1952 թ. ծնված քաղաքացի է։ Ծեծվածները հոսպիտալում են։ Այս օրերին տարբեր զանգեր եմ ստացել, որ նա օգտվել է հայտարարված արտակարգ դրությունից։ Սիսիանում մարդիկ ժամեր շարունակ դուրս են եկել փողոց։ Զբաղվեք այս խնդրով։ Սիրելի քաղաքացիներ, ոչ ոք իրավունք չունի ձեռք բարձրացնի ձեզ վրա։ Ափսոս՝ Սիսիանում չեմ... Հիմա նաեւ պաշտոնական գրություն կուղարկեմ»։
21:20 - 07 ապրիլի, 2020
Ժամը 15-ի դրությամբ 131 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն. ոստիկանություն (տեսանյութ)

Ժամը 15-ի դրությամբ 131 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն. ոստիկանություն (տեսանյութ)

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Ապրիլի 7-ին, ժամը 9-ից 15-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 131 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև ապրիլի 7-ի ժամը 15-ը՝ 6982 անձի նկատմամբ, 2759-ը՝ մայրաքաղաքում, 4223-ը՝ մարզերում։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները ծառայություն են իրականացնում նաև բանկերի, սուպերմարկետների և այլ հաստատությունների հարակից տարածքներում, որտեղ հնարավոր են մարդկանց կուտակումներ։ Հերթի մեջ գտնվող քաղաքացիներին ոստիկանները հորդորում են միմյանց միջև պահպանել տարածություն։ Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։
18:50 - 07 ապրիլի, 2020
Ստուգման արդյունքները ապրիլի 7-ի ժամը 9-ից 15-ի դրությամբ

Ստուգման արդյունքները ապրիլի 7-ի ժամը 9-ից 15-ի դրությամբ

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։Ապրիլի 7-ին, ժամը 9-ից 15-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 131 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև ապրիլի 7-ի ժամը 15-ը՝ 6982 անձի նկատմամբ, 2759-ը՝ մայրաքաղաքում, 4223-ը՝ մարզերում։Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները ծառայություն են իրականացնում նաև բանկերի, սուպերմարկետների և այլ հաստատությունների հարակից տարածքներում, որտեղ հնարավոր են մարդկանց կուտակումներ։ Հերթի մեջ գտնվող քաղաքացիներին ոստիկանները հորդորում են միմյանց միջև պահպանել տարածություն։ Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։
17:49 - 07 ապրիլի, 2020