ՀՀ-ն առանց ԼՂ ժողովրդի իրավունքների հասցեագրման իրատեսական չի համարում տարածաշրջանում երկարատև խաղաղությունը

 |factor.am|
19:04 - 12 ապրիլի, 2023

ՀՀ-ն առանց ԼՂ ժողովրդի իրավունքների հասցեագրման իրատեսական չի համարում տարածաշրջանում երկարատև խաղաղությունը |factor.am|

factor.am: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատեց հայկական կողմի դիրքորոշումը, այն է՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակներում պետք է լուծում գտնեն, կարգավորվեն ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, դրանց առնչվող հարցերը։

«Անշուշտ, այս խնդիրների խումբը Հայաստան-Ադրբեջան կարգավորման մեծ գործընթացի մաս է, մենք այս մասին առաջին անգամ չէ, որ ասում ենք, վերջնական կարգավորումը տարածաշրջանում, երկարատև խաղաղության ու կայունության հաստատումը առանց ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման մենք իրատեսական չենք համարում»,- ասաց Միրզոյանը:

«Տարածաշրջանում կայունությամբ և խաղաղությամբ հետաքրքրված գործընկերների կողմից  մշտապես եղել են առաջարկներ՝ կազմակերպելու հայկական և ադրբեջանական կողմերի հանդիպումներ, այժմ էլ կան այդպիսի առաջարկներ, առաջիկայում տեղի կունենան հանդիպումներ»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը՝  անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի դիտարկմանը, որ Ջեյհուն Բայրամովն ասել է, թե իբր միջազգային գործընկերները ճնշում են գործում հայկական կողմի վրա՝ վերադառնալու բանակցություններին:

«Մենք հետաձգել ենք մեր նախատեսված վերջին հանդիպումը, որը պետք է տեղի ունենար Մոսկվայում անցած տարեվերջին: Եվ դա պայմանավորված է եղել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակով: Առանցքային է հետաձգել բառը: Եվ մենք այժմ պատրաստ ենք վերսկսել հանդիպումները, քննարկումները»,- նշեց Միրզոյանը:





Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել