Մենք պատրաստ ենք ՀՀ-Ադրբեջան 1991-ի սահմանային գծի ողջ երկայնքով զորքերը հետ քաշել ապահով հեռավորության վրա. Փաշինյան
 |news.am|
12:03 - 13 ապրիլի, 2023

Մենք պատրաստ ենք ՀՀ-Ադրբեջան 1991-ի սահմանային գծի ողջ երկայնքով զորքերը հետ քաշել ապահով հեռավորության վրա. Փաշինյան |news.am|

news.am: Սահմանային իրավիճակի քաղաքական գնահատականի առումով կարծում եմ՝  կարեւոր է նախորդ օրը ԵՄ-ի կողմից տարածված հաղորդագրությունը, որտեղ ընդգծվում է 1991 թվականի սահմանագիծը: Խոսքը Հայկական ԽՍՀ եւ Ադրբեջանական ԽՍՀ միջեւ գոյություն ունեցած վարչական սահմանագծի մասին է, որը 1991-ի դեկտեմբերի 21-ին Ալմաթիի հռչակագրով վերածվել է պետական սահմանի: Այդ սահմանագիծը պետք է հարգվի, նշված է ԵՄ հայտարարության մեջ: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դրանում ընդգծվում է այդ սահմանագծից երկու կողմերի զինված ուժերի հետ քաշումը ապահով հեռավորության վրա որպես  իրադրության կայունության հուսալի երաշխիք:

Հայաստանը պատրաստ է գնալ նման միջոցի՝ Հայաստան-Ադրբեջան 1991-ի սահմանային գծի ողջ երկայնքով: Մենք այս մասով մեր պատրաստակամությունը հայտնում ենք 2021-ից եւ նման գործողությունը բխում է Պրահայի քառակողմ եւ Սոչիի եռակողմ  պայմանավովածությունների տրամաբանությունից»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ նման լուծմանը խոչընդոտում է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը: Ադրբեջանը սիստեմատիկ կերպով ի ցույց է դնում միջազգային հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու իր գործելակերպը: Այդպես է  գերիների ազատ արձակման հարցում, այդպես է հրադադարի ռեժիմի պահպանման եւ ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառման հարցում, որի շուրջ գրավոր համաձայնությունը ձեռք է բերվել 2022-ի հոկտեմբերի 31-ին Սոչիում, այդպես է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հարցում, որն Ադրբեջանի կողմից շարունակվում է ի հեճուկս նաեւ միջազգային բարձրագույն դատական ատյանի՝ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման:

Բայց դատարանի որոշումը չկատարելու պարագայում կան միջազգային նախանշված մեխանիզմներ եւ մեր ջանքերը պետք է կենտրոնանան այդ մեխանիզմների գործարկման վրա»,-ընդգծեց վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել