armeniasputnik.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը ներկայումս սառեցված է, սակայն այն կարող է համապատասխան հանգամանքներում կիրառվել։ Այս մասին այսօր հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն աջակցում է Մինսկի խմբին։ Կազմակերպությունը տեղյակ է իր աշխատանքի վերաբերյալ որոշ կողմերի տարբեր տեսակետներին, ինչպես նաև փոփոխված աշխարհաքաղաքական հանգամանքներին, համանախագահների միջև հարաբերությունների դինամիկային և համատեղ աշխատանքի բացակայությանը։
«Մինսկի խմբի աշխատանքն այս պահին սառեցված է: Բայց ես չեմ կարող հերքել, որ Մինսկի խմբի ձևաչափը կարող է անհրաժեշտ լինել, համապատասխան պայմանների առկայության դեպքում: ԵԱՀԿ-ն միայն Մինսկի խումբը չէ, կազմակերպությունն ունի բազմաթիվ այլ գործիքներ և մեխանիզմներ, որոնք կարող են օգտագործվել հայերի և ադրբեջանցիների միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար»,- ասել է Օսմանին։
Նրա խոսքով՝ ինքը տարածաշրջան է ժամանել հենց այդ գործընթացին նպաստելու, կայուն կարգավորման հասնելու համար։
Ավելի վաղ ԵԱՀԿ նախագահ Բույար Օսմանին այցելել էր Ադրբեջան, որտեղ հանդիպումներ էր ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության հետ։
comment.count (0)